ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ
Վերջին շրջանում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ տեղի են ունեցել բազմաթիվ կարեւոր իրադարձություններ. Բաղդադում, մոտ 30-ամյա ընդմիջումից հետո, կայացել են ամերիկա-իրանական պաշտոնական բանակցություններ` դեսպանների մակարդակով, տեղի են ունեցել Սոլանա-Լարիջանի բանակցությունները, անց են կացվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարության եւ Իրանի ներկայացուցիչների հերթական քննարկումները, Իրանի դիվանագետները եւ փորձագետները բանակցել են ռուսական կողմի հետ՝ Բուշերի ատոմակայանի վերաբերյալ, վերջապես, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը եւ ՌԴ նախագահ Վ.Պուտինն իրենց բանակցությունների ընթացքում անդրադարձել են նաեւ Իրանին առնչվող խնդիրներին։
Այսպես. հուլիսի 11-12-ին Թեհրանում կայացան ԱԷՄԳ պատվիրակության եւ իրանական բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները, որոնց արդյունքները երկուստեք դրական են գնահատվել։ Մասնավորապես, Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ջավադ Վաիդին տեղեկացրել է, որ կողմերը համաձայնության են եկել ժամանակացույցի հիմնական ձեւաչափերի շուրջ, համաձայն որի` Թեհրանը պետք է անհրաժեշտ պարզաբանումներ տա այն հարցերի վերաբերյալ, որոնք ԱԷՄԳ-ն դեռ ունի Իրանի միջուկային ծրագրի առումով։ Հարցերը վերաբերում են թե՛ նախկինում իրականացված միջուկային ծրագրերին եւ թե՛ ներկայումս ծավալվող գործունեությանը։ Նա նաեւ նշել է, որ այս բանակցությունները չեն առնչվում այն բանակցություններին, որոնք վարում են ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերագույն կոմիսար Խավիեր Սոլանան եւ Իրանի ԱԱԳԽ քարտուղար Ալի Լարիջանին։
ԱԷՄԳ պատվիրակության ղեկավար Օլի Հեյնոնենը նույնպես շատ լավատեսորեն է արտահայտվել՝ նշելով, որ դեռեւս չհստակեցված հարցերը կպարզաբանվեն։ Նա նաեւ հայտնել է, որ այդ հարցերն առնչվում են Իրանի` նախորդ ժամանակաշրջանում վարած միջուկային քաղաքականության հետ, եւ կարիք կա վերականգնելու այդ գործունեության որոշ հատվածներ։
Հուլիսի 17-ին Լոնդոնում ավարտվեցին իրանական միջուկային դոսյեի վերաբերյալ վեցնյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվում էր նոր պատժամիջոցների առաջարկություններ պարունակող ՄԱԿ ԱԽ երրորդ որոշման բրիտանա-ամերիկյան նախագիծը։ Ինչպես հայտնում է մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթը, չնայած նրան, որ այս բանակցությունների ընթացքում առաջարկված փաստաթղթի ձեւակերպումները զգալիորեն մեղմացվել են, սակայն այն դժվար թե մոտ ժամանակներս ՄԱԿ ԱԽ-ում դրվի քննարկման, քանի որ, հակադրվելով ամերիկյան եւ բրիտանական ներկայացուցիչներին, վեցնյակի մյուս անդամները բարձր են գնահատել ԱԷՄԳ-ի հետ իրանական կողմի վերջին բանակցությունների արդյունքները։
Հարկ է նշել, որ ԱԷՄԳ պատվիրակության Թեհրանում վարած բանակցությունները հաստատում են այն ենթադրությունները, թե Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ մի շարք ուղղություններով եւ տարբեր մակարդակներով տեղի են ունենում երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի քննարկումներ եւ կարծիքների փոխանակում, ինչը թույլ է տալիս ավելի չլարել առանց այդ էլ շիկացած մթնոլորտը։
Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես՝ ուրանի հարստացման եւ միջուկային զենքի արտադրման տեխնոլոգիաների ձեռքբերման առումով նոր հնչեղություն են ստանում ռուս-ամերիկյան հարաբերությունները, որոնց լարվածության մակարդակը նույնիսկ ԱՄՆ Մեյն նահանգում գտնվող Ջորջ Բուշ-ավագի ներկայությամբ տեղի ունեցած երկու նախագահների հանդիպումից հետո էլ շարունակում է մնալ բավական բարձր, իսկ որոշ հիմնահարցերի վերաբերյալ կողմերը դրսեւորում են սկզբունքային անհամաձայնություն։
Ըստ ամերիկյան քաղաքագետների եւ քաղաքական գործիչների գնահատականների` այն երեք հարցերից, որոնք, ԱՄՆ տեսանկյունից՝ համարվում են կարեւորագույն եւ որոնց վրա կառուցվում էին ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ պայքար ահաբեկչության դեմ, համագործակցություն էներգետիկ անվտանգության ոլորտում եւ միջուկային զենքի տարածման դեմ ընդհանուր դիրքորոշում, միայն վերջինը ներկայումս կարող է գնահատվել որպես սերտ համագործակցության օրինակ։ Մյուս երկու հարցերում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության շահերը, եթե նույնիսկ ուղղակիորեն չեն հակադրվում, ապա նաեւ թույլ չեն տալիս նախկինի նման փոխլրացման սկզբունքով միասնական քաղաքականություն վարել։
Սակայն նույնիսկ այս խնդրում ամերիկյան քաղաքական վերնախավի մեջ չկա համաձայնություն, քանի որ Հանրապետական կուսակցության այն թեւը, որը ներկայացնում են նախագահ Ջ.Բուշը եւ փոխնախագահ Դ.Չեյնին, շարունակում է համոզված մնալ, որ Իրանը թաքցնում է միջուկային զենք ձեռք բերելու իր իրական ծրագրերը (իսկ նույն կուսակցության մի շարք ականավոր գործիչներ եւ Դեմոկրատական կուսակցությանը պատկանող հայտնի քաղաքական դեմքեր կողմնակից են ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրելուն)։
Միացյալ Նահանգների վարչակազմի դիրքորոշումը նույնպես միանշանակ չէ: Գրեթե միաժամանակ տեղի են ունենում վերը նշված բանակցությունները, նախագահներ Վ.Պուտինը եւ Ջ.Բուշը ստորագրում են միջուկային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համատեղ հուշագիր, իսկ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարում է, որ չպետք է բացառել Իրանի դեմ ռազմական միջոցների կիրառումը, եւ այս ամենը տեղի է ունենում Իրանի ծովային սահմանի մոտակայքում ամերիկյան ռազմածովային ուժերի աննախադեպ կենտրոնացման պայմաններում։
Մյուս կողմից` ամերիկյան հեղինակավոր Միջազգային հարաբերությունների խորհուրդը հրապարակում է հայտնի դիվանագետ եւ քաղաքական վերլուծաբան Սթիվեն Սեստանովիչի ղեկավարած խմբի զեկույցը ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը, «լինելով միակ խոշոր տերությունը (ոչ թե մեծ տերությունը - Դ.Հ.), որը շարունակում է Իրանի հետ միջուկային համագործակցությունը, կարող է այդ գործունեությունը զսպող կառույցի ստեղծման գործում կենտրոնական դեր խաղալ։ Նրա` Իրանի հետ ձեռք բերած համաձայնությունը Բուշերի ռեակտորից միջուկային վառելիքը Ռուսաստան վերադարձնելու մասին, ինչպես նաեւ Ռուսաստանում իրանական ռեակտորների համար ուրանը հարստացնելու վերաբերյալ առաջարկությունը վկայում են այս հիմնահարցում կառուցողական դեր կատարելու Մոսկվայի պատրաստակամության մասին»։ Ինչպես նշվում է այդ փաստաթղթում, «Ռուսաստանը միակ պետությունն է, որը կարող է ազդեցիկ կերպով Իրանին սպառնալ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մեկուսացմամբ, եթե վերջինս շարունակի կառուցել միջուկային վառելիքային ցիկլին պատկանող գաղտնի օբյեկտներ»։
Հեղինակների կարծիքով` Միացյալ Նահանգներն այս հարցին չպետք է մոտենա որպես մի հիմնախնդրի, որը կարելի է լուծել կողմնակի գործարքների եւ պարգեւատրումների միջոցով։ Զեկույցում նշվում է, որ «եթե ռուսական եւ ամերիկյան գնահատականները համընկնեն, ապա երկու կողմի քաղաքական գործիչներն էլ հիմքեր կունենան շարունակելու այս համագործակցությունը նույնիսկ այն դեպքում, եթե այլ հարցերում լինեն տարաձայնություններ։ Իսկ եթե ռուսական եւ ամերիկյան քաղաքականությունը կառուցված չլինի նույն ռազմավարական գնահատականի հիման վրա, ապա Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ ոչ մի գործարք չի դիմանա ժամանակի փորձությանը»։
Այս միտքն առավել արդիական է հնչում Մոսկվայի՝ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի դրույթների կատարման դադարեցման մասին հայտարարությունից հետո։ Հայտարարությունն արվել է Լեհաստանի նախագահ Կաչինսկու Վաշինգտոն ժամանելու օրը, ինչը նշանակում է, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը շարունակում է կտրականապես դեմ լինել Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային համալիրներ տեղադրելու Միացյալ Նահանգների ծրագրի իրականացմանը։
ՌԴ նախագահ Պուտինի` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ օգտագործման հետ կապված դիվանագիտական նշանակություն ունեցող առաջարկը թույլ տվեց Կրեմլի ղեկավարությանն արդարացնել միջազգային հանրության աչքում սովորական սպառազինությունների պայմանագրից իր դուրս գալու որոշումը։ Սակայն այս քայլը, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ քննարկվել էր նախագահների հանդիպման ընթացքում եւ իրական լուրջ ազդեցություն երկկողմանի հարաբերությունների մակարդակի վրա դժվար թե ունենա։
Շատ ավելի կարեւոր է այն, որ համաձայն մի շարք հետազոտությունների` առաջիկայում սպասվում է նավթի գների կտրուկ բարձրացում, ինչը կապված է ոչ միայն Իրաքի պատերազմի եւ Իրանի շուրջ իրադարձությունների, այլ նաեւ այն իրողության հետ, որ նավթի պաշարները սպառվում են օրեցօր աճող արագությամբ։ Անշուշտ, նավթային պաշարներ ունեցող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար այս իրավիճակը ներկայումս բավական դրական է գնահատվում, ինչը կարող է դրդել Ռուսաստանին եւ նման շահեր ունեցող այլ պետությունների ձգձգել Իրանի հետ վարվող բանակցությունները, իսկ Միացյալ Նահանգներին, որի կախումը միջինարեւելյան նավթային պաշարներից բավական մեծ է՝ ձգտել հնարավորինս արագ լուծել նավթի գների աճի վրա ազդող խնդիրները եւ նվազեցնել նման գործոնների նշանակությունը։ Ընդ որում, այս հասկանալի ձգտումը ենթադրում է երկու գործելակերպ։ Առաջինն այն է, որի մասին արդեն բավական երկար պնդում են ԱՄՆ ներկայիս վարչակազմի ընդդիմախոսները՝ ուղիղ երկկողմանի բանակցությունների միջոցով կարգավորել ամերիկա-իրանական հարաբերությունները եւ աստիճանաբար դուրս բերել ամերիկյան զինուժն Իրաքից։
Մյուս գործելակերպը ենթադրում է ուժային գործողություններ Իրանի դեմ եւ Իրաքի մասնատում։ Նման մշակված սցենարներ վաղուց ի վեր գոյություն ունեն եւ ժամանակ առ ժամանակ քննարկվում են ամերիկյան քաղաքական ու փորձագիտական էլիտայի տարբեր շրջանակներում: Սակայն ամեն անգամ դրանց գործադրումն առաջացնում է այնպիսի լուրջ հիմնավորումներ ունեցող առարկություններ, որ ընդհանուր գնահատականները բացասական են տրվում։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում, երբ կանխորոշված է ներկայիս վարչակազմի բոլոր ազդեցիկ անդամների հեռացումը քաղաքական հարթակից, չի կարելի բացառել ուժային միջոցների այս կամ այն չափով կիրառումը։
Եվ նորից այս համատեքստում շատ մեծ կարեւորություն են ստանում ռուս-ամերիկյան հարաբերությունները. եթե հնարավոր լինի Իրանի եւ Իրաքի խնդիրների շուրջ Կրեմլի ու Սպիտակ տան միջեւ ձեւավորել փոխադարձ վստահության մթնոլորտ, ավելի սերտ եւ գործնական համագործակցություն իրականացնել ընդհանուր առմամբ միջուկային էներգիայի հիմնահարցերի եւ, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ, Միացյալ Նահանգներն էլ հրաժարվի Ռուսաստանին ուղղված իր վաղուց արդեն անիմաստ դարձած պահանջներից` դադարեցնել Իրանի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը, ապա իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը կնվազի եւ հնարավոր կլինի ընդունել արդեն իսկ գոյություն ունեցող փոխզիջումային տարբերակները։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՇԽԱՐՀ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ[10.03.2008]
- 2007-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[11.02.2008]
- ԿՈՍՈՎՈՅԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[10.01.2008]
- ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ[26.11.2007]
- ԱՄՆ–ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ[12.11.2007]
- ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ[27.09.2007]
- «ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[02.07.2007]
- ԱՄՆ միջինարևելյան քաղաքականության նոր երանգներ[31.05.2007]
- «Երեք ծովերի համակարգ» նախագծի շուրջ[26.04.2007]
- Հարավային Կովկասի ինտեգրման հեռանկարների շուրջ[22.03.2007]