«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025»
2008թ. նոյեմբերին ԱՄՆ Ազգային հետախուզության խորհուրդը (ԱՀԽ) ներկայացրեց «Համաշխարհային միտումներ–2025. փոփոխված աշխարհ» (Global Trends 2025: A Transformed World) զեկույցը: Դրա մեկուկես տարի տեւած պատրաստման աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր մասնագետներ ամբողջ աշխարհից, այդ թվում` Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտից, Խաղաղության ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից, Պեկինի Ժամանակակից միջազգային հարաբերությունների ինստիտուտից, ինչպես նաեւ Բրուքինգսի ինստիտուտից, Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտից եւ ՌԵՆԴ կորպորացիայից:
ԱՀԽ նախագահ եւ զեկույցի համակարգող Թոմաս Ֆինգարը համարում է, որ զեկույցը չի կարելի դիտարկել իբրեւ կանխագուշակում: Նույնիսկ կանխատեսում տերմինը, նրա կարծիքով, այդքան էլ կոռեկտ չէ: Ավելի շուտ` դա ժամանակակից աշխարհի այն զարգացումների վերլուծությունն է, որոնք հաջորդ երկու տասնամյակում կարող են վճռորոշ դառնալ:
Ըստ Թոմաս Ֆինգարի, զեկույցի նպատակն է տալ նոր ղեկավարներին ավելի հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձություններն աշխարհում եւ ինչպիսի միտումներ են գործելու մոտ ապագայում: Այս դեպքում նրանք ավելի պատրաստ կլինեն բացասական զարգացումներին հակազդելու համար:
Ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում` Ֆինգարը նշեց. «Եթե դուք գիտեք` որն է խնդիրը, դուք կարող եք այն լուծել»:
Զեկույցին, իհարկե, պետք է մոտենալ որոշակի վերապահությամբ: Օրինակ, 2004թ. հրատարակված նմանօրինակ զեկույցը բացարձակապես անտեսել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Հետաքրքիր է, որ նոր զեկույցում այն նույնպես հաշվի չի առնվում:
Ժողովրդագրական անհամաչափություն
Ամենալուրջ տեղաշարժերի շարքում զեկույցը նշում է ժողովրդագրական փոփոխությունները: Երկրագնդի բնակչության թիվը 2025թ. կհասնի 8 մլրդ-ի` այսօրվա 6,8 մլրդ-ի դիմաց: Ամենամեծ աճը կարձանագրի Հնդկաստանը` մոտ քառորդ մլրդ, գրեթե հավասարվելով Չինաստանին, որի բնակչությունը կավելանա 100 մլն-ով, 350 մլն աճ կարձանագրի Աֆրիկան` Սահարայից հարավ, 100 մլն` Լատինական Ամերիկան, Պակիստանը և Նիգերիան` 55 մլն, Եթովպիան ու Կոնգոն` 40 մլն:
Հակառակ դրան` արագացված տեմպերով կրճատվելու է բնակչությունը Եվրոպայում, հատկապես Արեւելյան Եվրոպայում: Ռուսաստանի բնակչությունը կնվազի 10 մլն-ով եւ կկազմի 130 մլն: Ընդ որում, մահմեդական բնակչության բաժինն այս երկրում հասնելու է 19%-ի, ինչն անխուսափելիորեն կբերի սլավոնական բնակչության շրջանում ազգայնականության վերելքի: ԱՄՆ-ը եւ Կանադան թեեւ ավելացնում են բնակչությունը (40 եւ 4,5 մլն-ով), սակայն դա տեղի կունենա ներգաղթի հետեւանքով:
Պայքար ռեսուրսների համար
Զեկույցի հետաքրքիր նորույթներից կարելի է համարել այն կենտրոնական դերը, որ հատկացվում է կլիմայական փոփոխություններին եւ ռեսուրսների համար մրցակցությանը: Նախկինում դրանք դառնում էին ամերիկյան ռազմավարական հետազոտությունների ընդամենը ածանցյալ մասեր:
Ժողովրդագրական ճնշման եւ տնտեսական աճի կարեւորագույն հետեւանքներից է դառնալու գնալով ավելացող հումքային, էներգետիկ եւ պարենային պաշարների սղությունը:
Ավելացած բնակչությանն ապահովելու համար անհրաժեշտ է կիսով չափ ավելացնել պարենի այսօրվա չափը: Սակայն այս խնդիրը բախվում է հողատարածքների եւ ջրի պակասի հետ: Օրինակ, հացահատիկ արտադրողների թիվն արդեն այսօր խիստ սահմանափակ է` ԱՄՆ, Կանադա, Արգենտինա եւ Ավստրալիա, իսկ եթե այս երկրների կառավարությունները որոշեն հողերի մի մասը հատկացնել կենսավառելիքի հումքի արտադրությանը, ապա սովի խնդիրն ավելի կարդիականանա:
Բացի այդ, 2025թ. 36 երկրներում ապրող 1,4 մլրդ մարդ ունենալու են ջրամատակարարման խնդիրներ, եւ խմելու ջուրն ապագա հակամարտությունների ամենահիմնական աղբյուրներից կդառնա: Օրինակ, Չինաստանի, Պակիստանի, Բանգլադեշի եւ Հնդկաստանի գլխավոր գետերը սնուցող Հիմալայան շրջանը նման լարվածության ամենահավանական վայրն է: Նույնը կարելի է ասել Պաղեստինի մասին, որի տարածքով են անցնում Իսրայելի ջրային պաշարները: Կլիմայական փոփոխությունները դժվար թե միջպետական պատերազմի բերեն, սակայն կարող են դառնալ ավելի ու ավելի սրվող փոխադարձ միջպետական մեղադրանքների եւ հնարավոր է` ցածր ինտենսիվության զինված բախումների աղբյուր:
Ռեսուրսային սղությունը տարածվելու է նաեւ էներգակիրների վրա: Փորձագետները կանխատեսում են, որ 2025թ. հայտնաբերվելու է այլընտրանքային էներգիայի աղբյուր, հավանաբար ջրածնի հիմքի վրա, սակայն նրա կիրառումը չափազանց դանդաղ կլինի` նոր ենթակառուցվածքի ստեղծման եւ հնի փոխարինման համար ամհրաժեշտ հսկայական ծախսերի պատճառով:
Ատոմային էներգետիկան թեեւ զգալի աճ կարձանագրի, սակայն ի վիճակի չի լինի լրացնել աճող պահանջարկը: Իսկ ածխի պաշարները թեեւ կենտրոնացված են հենց ամենագլխավոր էներգասպառող երկրներում (67%-ը` ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում), սակայն մարդկությունը դեռ չի ստեղծել քարածխի այրման էկոլոգիապես ընդունելի մեթոդներ: Այսպիսով, հիմնական հույսը դեռ մնում են ածխաջրածինները, որոնց արդյունահանումը, սակայն, աճելու է ավելի դանդաղ, քան նրանց սպառումը` Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի տնտեսությունների շարունակական աճի պարագայում: Միայն վեց պետություններում է նկատվում ածխաջրածինների արդյունահանման ավելացում` Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, ԱՄԷ, Իրաք եւ Ռուսաստան: Նրանց կավելանա նաեւ Բրազիլիան, որը սկսում է նավթի արդյունահանում Սանտոս ծոցում: Գազի պաշարների 57%-ը պատկանում է Ռուսաստանին, Իրանին եւ Կատարին, որոնք էլ գերիշխելու են այս շուկայում: Այսպիսով, ըստ զեկույցի հեղինակների, նավթի եւ գազի արտադրությունը կենտրոնացված է լինելու անկայուն շրջաններում:
Ռեսուրսային սղությունը բերելու է էներգետիկ եւ այլ բնական պաշարների նկատմամբ վերահսկողության համար պայքարի: Շատ երկրներ կսկսեն պատերազմել` վառելիքի, ջրի եւ պարենի երաշխավորված մատակարարումն ապահովելու համար: Օրինակ, Հնդկաստանը եւ Չինաստանը բախվելու են հումքային պաշարների եւ անվտանգ օվկիանոսային ուղիների ապահովման համար: Նույն միտումները կլինեն Աֆրիկայում (հատկապես Սահարայի շրջանում), Պարսից ծոցում եւ Կենտրոնական Ասիայում, որտեղ կբախվեն Մոսկվայի եւ Պեկինի շահերը: Նույնիսկ ոչ ռազմական գործողությունները կունենան կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն: Օրինակ, էներգիայի պակաս ունեցող պետությունները կարող են զենք եւ ճշգրիտ տեխնոլոգիաներ փոխանցել եւ քաղաքական ու ռազմական միություն հաստատել այն երկրների հետ, որոնք վառելիքի պաշարներ ունեն:
Հետաքրքիր են այս պարագայում նաեւ գլոբալ տաքացման հետեւանքով բացվող հնարավորությունները: Ածխաջրածինների արտահանումն Արեւելյան Սիբիրում եւ Արկտիկայի ծովահատակում կհեշտացվի: Իսկ դա շատ կարեւոր է Ռուսաստանի համար, որի արտահանման 80%-ը եւ բյուջեի եկամուտների 32%-ը ապահովում է հենց նավթի եւ գազի արտահանումը: Հյուսիսային օվկիանոսի «ազատագրումը սառույցից» հսկայական հնարավորություններ է բացում: Այն ոչ միայն կհեշտացնի մուտքը դեպի օվկիանոսի հանքային ռեսուրսներ, այլ նաեւ նոր` անհամեմատ կարճ ծովային ճանապարհներ կստեղծի: Սակայն հավակնորդներն այս տարածքի համար նույնպես շատ են` ԱՄՆ, Կանադա, Դանիա, Նորվեգիա եւ Ռուսաստան:
Բազմաբեւեռություն` ԱՄՆ գերիշխանությամբ
Հետաքրքիր տեղաշարժեր է կանխագուշակում զեկույցը նաեւ աշխարհակարգի փոփոխության տեսակետից:
ԱՄՆ-ը թեեւ մնալու է ամենակարեւոր դերակատարը եւ պահպանելու է ամենահզոր զինված ուժերը, սակայն նրա հզորությունը տնտեսական եւ նույնիսկ ռազմական ոլորտում փոքրանալու է, եւ ազդեցության ամերիկյան լծակներն ավելի սահմանափակ են լինելու:
Հետագա տարիներին Վաշինգտոնն այլեւս չի կարողանալու թելադրել աշխարհին զարգացման մոդել: Ճիշտ է, դա չի կարողանալու անել նաեւ ցանկացած այլ երկիր:
Նոր բազմաբեւեռ աշխարհում ԱՄՆ-ը ստիպված կլինի ընտրություն կատարել ներքին եւ արտաքին քաղաքական առաջնայնությունների միջեւ: Ինչպես հայտարարեց Ֆինգարը, ԱՄՆ քաղաքականության նկատմամբ դժգոհությունն աշխարհում այնքան մեծ է, որ միջազգային օրակարգի ցանկացած ամերիկյան գաղափար վարկաբեկված է ի սկզբանե:
Վերոնշյալ գործընթացները բարդանում են նաեւ նրանով, որ ԱՄՆ դոլարը կորցնելու է «համաշխարհային ռեզերվային արժույթի կարգավիճակը եւ դառնալու է շուկայական արժութային զամբյուղում առաջինը հավասարների մեջ»:
Համաշխարհային թատերաբեմում առաջանում են մրցակցող ուժային կենտրոններ: Ի հայտ են գալիս միջազգային մակարդակի նոր խաղացողներ, որոնք նույնիսկ խաղի նոր կանոններ են բերում` Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան:
Ծնվում է 18-րդ դարի աշխարհակարգը հիշեցնող մի միջավայր` բազմաթիվ ուժեղ խաղացողներ, որոնք ներգրավված են սպառազինությունների մրցավազքում եւ տարածքային էքսպանսիայում: Վերը նշված պետություններից բացի, ընդգծվում է նաեւ Ինդոնեզիայի, Իրանի եւ Թուրքիայի դերի բարձրացումը:
Չինաստանը հաջորդ 20 տարիների ընթացքում աշխարհի վրա ավելի մեծ ազդեցություն է ունենալու, քան ցանկացած այլ երկիր: Ներկայիս զարգացման միտումների պահպանման պարագայում, այն 2025թ. կդառնա աշխարհի երկրորդ տնտեսությունը: ՉԺՀ-ն կլինի առաջատար ռազմական տերություն, ամենահզոր ռազմածովային ուժերով: Միաժամանակ այն կունենա պատերազմ վարելու բարձր տեխնոլոգիական եւ ասիմետրիկ միջոցներ:
Ավելին, այն շատերի համար օրինակ կդառնա: Ավելի շատ երկրներ որդեգրելու են պետական կապիտալիզմի չինական մոդելը, ինչն արդեն անում է Ռուսաստանը:
Այս պարագայում, Չինաստանի համար ամենահիմնական խնդիրներից կարող է լինել բաց տնտեսության եւ փակ կոմունիստական մենաշնորհի միջեւ զուգակշռի պահպանումը:
Սակայն Չինաստանը նաեւ բախվելու է մի շարք լուրջ խնդիրների հետ: Այն կսկսի արագորեն ծերանալ, 2015-ից նրա աշխատունակ բնակչության մասնաբաժինը անկում է ապրելու: Սա լինելու է «Մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականության հետեւանքը: Սրա պտուղներից է նաեւ երկրում տղաների չափազանց մեծ թվային գերազանցությունն աղջիկների նկատմամբ: Սրան գումարվելու են ջրի, սննդի եւ էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ:
Հնդկաստանը նույնպես արագորեն զարգացնելու է իր տնտեսությունը եւ ձգտելու է ստեղծել բազմաբեւեռ աշխարհ, որի բեւեռներից մեկը կլինի Դելին: Սակայն շուտով այն բախվելու է ոչ միայն ռեսուրսային սահմանափակումների, այլ նաեւ աճող հակասությունների հարավի զարգացած կենտրոնների (Մումբայ, Հայդարաբադ, Մադրաս) եւ երկրի հյուսիսային հետամնաց շրջանների միջեւ:
Ռուսաստանին բավական մեծ տեղ է հատկացված: Այն կարող է զարգանալ ցանկացած ուղղությամբ. դառնալ ավելի հարուստ, ուժեղ եւ ինքնավստահ (եթե ներդրումներ կատարի մարդկային կապիտալի մեջ, ընդլայնի եւ դիվերսիֆիկացնի տնտեսությունը եւ ինտեգրվի համաշխարհային շուկաներին) կամ քաոսի մեջ հայտնվել, հատկապես եթե նավթի ու գազի գները լինեն բարելի համար 50-70 դոլարի միջակայքում: ՌԴ ապագայի կանխատեսումը վերջացնելով` նշվում է, որ ինչ-որ կոնկրետ բան ասել այս երկրի մասին հնարավոր չէ, քանի որ պայքար է գնում տնտեսությունում լիբերալ եւ քաղաքականությունում ոչ լիբերալ միտումների միջեւ:
Եվրամիության ապագան շատ անմխիթար է: Ավարտվելու է համընդհանուր սոցիալական պետության դարաշրջանը: Բնակչության ծերացման պատճառով եվրոպացիները ստիպված կլինեն հրաժարվել սոցիալական շատ ծրագրերից, իսկ սա ԵՄ հիմքն է: Զուգահեռ տեղի ունեցող ներգաղթողների հոսքն իր հետ բերելու է ազգայնականության աճ: Սրա հետեւանքով եվրոպական պետությունները կկենտրոնանան ավելի շատ տեղական խնդիրների, քան ԵՄ ճակատագրի վրա: ԵՄ-ն ընդլայնվելու է Բալկանյան պետությունների եւ հնարավոր է` Թուրքիայի եւ Ուկրաինայի հաշվին: Կախվածությունը ռուսական գազից կպահպանվի Գերմանիայի եւ Իտալիայի պատճառով, որոնք Մոսկվան համարում են ապահով մատակարար: Եթե էթնիկ փոքրամասնությունների մասնաբաժինը եվրոպական պետություններում հասնի 15% կամ ավելիի, դա հասարակությունում լարվածության ուժեղացման կբերի: Եթե ԵՄ-ին հաջողվի ինտեգրել մուսուլմանական ներգաղթողներին սեփական հասարակությունում, ապա աշխատանքային ռեսուրսների հարցը լուծվելու է, եթե ոչ` նրան սպասում է երկարատեւ անկում:
Պետական կապիտալիզմի հաղթանակը արեւմտյան լիբերալիզմի նկատմամբ
Այս փոփոխություններն իրենց հետ բերում են նաեւ գաղափարական ուղենիշների վերարժեւորում:
Տեղի է ունենալու «ժամանակակից պատմության համար աննախադեպ» հարստության եւ տնտեսական հզորության տեղափոխում Արեւմուտքից Արեւելք: Դրան նպաստում է նավթի գների աճը, ինչպես նաեւ արտադրության տեղափոխումը դեպի Չինաստան եւ այլ ասիական պետություններ (էժան աշխատուժի պատճառով):
Այնպիսի խոշոր տերություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը եւ Հնդկաստանը, չեն ցանկանում հետեւել արեւմտյան լիբերալ-դեմոկրատիայի մոդելին, որն իր տեղը զիջում է պետական կապիտալիզմին:
Արեւմտյան լիբերալիզմը շատ պարզ ցուցադրել է իր անընդունակությունը եւ հեղինակազրկվել: Եվ շատ երկրներ ձգտելու են կրկնել Ռուսաստանում եւ Չինաստանում իրականացվող քաղաքական եւ տնտեսական զարգացման այլընտրանքային մոդելները, քանի որ նրանք, ովքեր Արեւմուտքի մաս չեն, հասկացել են ամերիկյան կամ եվրոպական ճանապարհի կրկնության անհնարինությունը: Իսկ չինական մոդելը նշանակում է ավտորիտարիզմ, պետական կապիտալիզմ, ուժեղ տնտեսական պլանավորում: Այս պետություններում ձեւավորվում են հսկայական պետական ֆոնդեր, որոնց ներդրումները զարգացող շուկաներ ավելի մեծ են, քան Համաշխարհային բանկինը կամ Արժույթի միջազգային հիմնադրամինը:
Պետական կապիտալիզմն արդեն իսկ որդեգրել են Սինգապուրը, Հարավային Կորեան եւ Թայվանը: Ոչ արեւմտյան աշխարհի մարդկանց մեծամասնության համար «ժողովրդավարություն» բառը կայուն կերպով նույնացվում է աղքատության եւ կոռուպցիայի հետ: Իսկ Արեւելյան Ասիայում մարդկանց ավելի շատ հետաքրքրում են պետական կառավարման որակը եւ կյանքի բարձր կենսամակարդակը, քան քաղաքացիական եւ քաղաքական ազատությունները: Նույնիսկ «հին», արեւմտյան ժողովրդավարություններում քաղաքացիներն արդեն հոգնում են իշխանությունների վատ աշխատանքից ու վերնախավային հակասություններից եւ կառավարություններից պահանջում են կոշտ գործողություններ անցումային դարաշրջանի բազմաթիվ վտանգների դեմ:
Հակամարտությունների կիզակետ
2025թ. հարուստ է լինելու անհանդուրժողականությամբ եւ հակամարտություններով, ինչպես դասային, այնպես էլ միջէթնիկ եւ միջկրոնական: Ինտերնետի եւ մուլտիմեդիայի զարգացումը իր հետ կբերի արխայիկ, ավելի փոքր եւ փակ` ցեղային եւ կլանային հասարակությունների վերածնունդ:
Բացի այդ, մեզ սպասում են նաեւ հակասություններ հասարակությունների ներսում: Քանի որ կլիմայի փոփոխությունը եւ ջրի պակասը շատ գյուղական շրջաններ կյանքի համար ոչ պիտանի կդարձնեն, հատկապես Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում, հարյուր միլիոնավոր երիտասարդ գործազուրկներ կուղղվեն զարգացող պետությունների մեգապոլիսներ եւ հանդիպելով տեղացիների թշնամական վերաբերմունքին (հաճախ այլ կրոնի կամ էթնիկական պատկանելության պատճառով), կհամալրեն հանցավոր խմբերը եւ ռազմականացված գաղափարական շարժումները: Քաղաքական եւ սոցիալական բախումները վերաճելու են բռնության բազմաթիվ դեպքերի: Իսլամը շարունակելու է առաջխաղացումը` ճնշելով քրիստոնեությանը: Այն «բազմազանությունը», որն այսօր Արեւմուտքի հրճվանքի առարկա է, իր հետ կբերի ազգայնականների, կրոնական «զելոտների» եւ նոր մարքսիստների կողմից առաջադրված մի շարք մարտահրավերներ: Եթե համաշխարհային տնտեսությունն անկում ապրեց, ապա անխուսափելի են դառնում ապստամբական շարժումները Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Աֆրիկայի ու Ասիայի հսկայական տարածքներում: Ռիսկի գործոն են դառնում մեծ քրիստոնեական համայնքներով իսլամական երկրները` Եգիպտոս, Սուդան եւ Ինդոնեզիա, ինչպես նաեւ քրիստոնեական երկրները հոծ մուսուլմանական բնակչությամբ` Ֆիլիպիններ, Ուգանդա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:
Հետաքրքիր կանխատեսումներ է պարունակում զեկույցը նաեւ պետության դերի եւ միջազգային կազմակերպությունների ապագայի մասին: Առաջանալու են նոր «չկայացած» պետություններ, որտեղ տիրում են անիշխանությունը եւ անօրինականությունը` Սոմալիի նման: Որոշ տեղերում իշխանությունը պետությունից անցնում է «ոչ պետական դերակատարներին»` կորպորացիաներին, ցեղերին, կրոնական խմբերին եւ քրեական խմբերին: Վերլուծաբանները նույնիսկ կանխատեսում են, որ կազմակերպված հանցավորությունը կարող է վերահսկողություն հաստատել Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներից մեկի վրա:
Աֆրիկայի եւ Հարավային Ասիայի առանձին շրջաններում պետական իշխանությունը մեզ հայտնի տեսքով կարող է վերանալ, քանի որ հնարավորություն չի ունենա ապահովել հասարակության հիմնական պահանջները, այդ թվում նաեւ անվտանգությունը: Պետությունները պառակտվելու են ռեսուրսների սղության պատճառով, իսկ ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ ընդունակ չեն լինելու լուծել առաջացած խնդիրները:
Հակամարտություններով հարուստ կմնան նաեւ այսօրվա թեժ գոտիները: Իրանն անխուսափելիորեն ստեղծելու է միջուկային զենք: Դա բերելու է սպառազինությունների մրցավազքի, երբ մերձավորարեւելյան մյուս պետությունների մոտ նույնպես կառաջանան միջուկային ամբիցիաներ:
Դա կարող է բերել «միջուկային հովանու տակ ահաբեկչության եւ պարտիզանական գործողությունների» առաջացման, ինչը մեծացնելու է սուր ռազմական հակամարտությունների հավանականությունը:
Հակառակ սրան` Կորեական թերակղզում հնարավոր է երկու Կորեաների միավորումը եւ թերակղզու ապառազմականացումը, այդ թվում նաեւ միջուկային:
Անդրադարձ կա նաեւ ահաբեկչության ապագային: Թեեւ Ալ-Կաիդան կդադարեցնի գործունեությունը, սակայն նրա հետնորդները կշարունակեն գործել տեղական մակարդակում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ[16.02.2011]
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]