ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՓՈՓՈԽՈԻԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Սուրեն Մանուկյան2010թ. վերջին եւ 2011թ. սկզբին արաբական պետությունների ներքին կայունության երկարատեւ շրջանը խաթարվեց: Սոցիալական վերջին հուզումները բարձրացրին արաբական աշխարհի քաղաքական վերնախավերի անխուսափելի փոփոխման հրամայականը:
Տարածաշրջանի քաղաքական էլիտան ձեւավորվել է մի քանի տասնամյակ առաջ` անցնելով անկախության համար պայքարի եւ ռազմական հեղաշրջումների ճանապարհով: Թունիսի արդեն նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին երկիրը ղեկավարում էր 24 տարի (1987-ից): Եգիպտոսի հեռացած նախագահ Հոսնի Մուբարաքն այդ պաշտոնը զբաղեցնում էր 30 տարի (1981-ից): Հաջորդ ղեկավարը, ով խոստացել է այլեւս չերկարաձգել սեփական իշխանությունը, 33 տարի (1978-ից) իշխանության գագաթին գտնվող Եմենի նախագահ Ալի Աբդալահ Սալեհն է: Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին իշխանության գլուխ է 42 տարի (1969-ից), Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը` 18 տարի (1993-ից), իսկ Սիրիայում իշխանությունը 41 տարի (1970-ից) գտնվում է ալ-Ասադների ընտանիքի ձեռքում:
Արաբական փողոցը
«Արաբական փողոց» հասկացությունը բնորոշում է մի երեւույթ, որը դժվարությամբ է ընկալվում Արեւմուտքում: Նրա միջոցով է արտահայտվում բնակչության հավաքական կարծիքը տարբեր իրադարձությունների վերաբերյալ: Նույնիսկ ծայրահեղ բռնապետական իշխանությունները չեն կարող անտեսել արաբական փողոցի դիրքորոշումը: Ազատ ընտրությունների բացակայության պայմաններում հենց արաբական փողոցի դրական վերաբերմունքն է լեգիտիմություն հաղորդում արաբական առաջնորդներին: Պատահական չէ, որ վերջինները միշտ էլ փորձել են բավարարել փողոցի հիմնական պահանջներն ու սիրաշահել նրան:
Ժողովրդական ելույթները, որոնք բռնկվեցին մի շարք արաբական երկրներում 2010-ի վերջին եւ 2011-ի սկզբին, ցույց տվեցին, որ իշխանությունները կարծես մոռացել են այդ ճշմարտությունը եւ անտեսել արաբական փողոցի նշանակությունը: Թերեւս, քչերն էին հավատում, որ անտարբերության (թվացյալ) մեջ գտնվող փողոցը կդառնա այնքան զորեղ, որ մի ամսում պաշտոնանկ կանի Բեն Ալիին ու Մուբարաքին, ինչպես նաեւ կսպառնա Ալժիրի, Եմենի, Սիրիայի ու Հորդանանի իշխանություններին:
Արաբական աշխարհում «փողոցային» քաղաքականությունը երկար պատմություն ունի: Սիրիայում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում եւ Եգիպտոսում 1950-ականներին այն կառավարություններ էր փոխում եւ էականորեն ազդում արտաքին քաղաքական կուրսի ընտրության վրա: Հետագայում արաբական փողոցի ներուժը նվազեց, սակայն նույնիսկ ամենաավտորիտար իշխանությունների ժամանակ աշխատավորների, կանանց եւ ուսանողների սոցիալական բողոքները, դասադուլներն ու հանրահավաքներն էական գործոն էին մնում:
Առաջին պաղեստինյան ինթիֆադայից ի վեր (1987-1993) արաբական փողոցի հիմնական կարգախոսները դարձան հակաիսրայելական եւ հակաարեւմտյան: Պաղեստինի ազատագրման խնդիրը, Աֆղանստան եւ Իրաք ամերիկյան ներխուժումն արժանացան փողոցի զայրույթին:
Սակայն փողոցն արդեն այլ էր` նոր հայացքներով, գործելաոճով: Աղքատացած միջին խավի ներկայացուցիչներից, ուսանողներից, ուսուցիչներից, իրավաբաններից ու լրագրողներից բաղկացած շարժումները հետզհետե կենտրոնացան ներքին խնդիրների վրա: 2004թ. «Կիֆայա» (Բա՛վ է) շարժումը Եգիպտոսում պահանջեց վերացնել Արտակարգ դրությունը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերջ դնել բռնություններին: 2005թ. Մայրիների հեղափոխության արդյունքում սիրիական ուժերը դուրս բերվեցին Լիբանանից: 2009թ. իրանական հետընտրական ելույթներն, իրենց հերթին, ցույց տվեցին, թե ինչպես կարելի է կազմակերպել այս գործընթացները ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Փողոցը սկսեց ավելի ակտիվ կերպով օգտագործել տեղեկատվական դարաշրջանի նվաճումները (էլեկտրոնային փոստը, Facebook-ը, YouTube-ը, Twitter-ը եւ արբանյակային հեռուստատեսությունը, հատկապես` ալ-Ջազիրան):
Փոխվել էր նաեւ բողոքի սոցիալական կառուցվածքը. կրթության լայն տարածումը, քաղաքային բնակչության ավելացումը մեծացնում են ակտիվ քաղաքացիական կեցվածք ունեցող մարդկանց թիվը: Համալսարանների «արտադրած» հարյուր հազարավոր շրջանավարտները, որոնք ի հեճուկս իրենց բարձր կրթական մակարդակի, դատապարտված են գործազրկության, Մերձավոր Արեւելքի համար դառնում են նոր պրոլետարիատ` հումք հեղափոխությունների համար: Վերջին ելույթների ընթացքում նրանք հրկիզում էին ոստիկանական մեքենաները, իշխող կուսակցության գրասենյակները, բարիկադներ կառուցում: Սկզբնական շրջանում ելույթները սոցիալական էին: Հազարավոր գործազուրկ երիտասարդներ ու արհմիությունների անդամներ վանկարկում էին. «Աշխատանքը` մեր իրավունքն է» եւ պահանջում իջեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Հետագայում սոցիալական այս կարգախոսները փոխարինվեցին կառավարության հրաժարականի պահանջներով եւ վերաճեցին քաղաքական պայքարի: Իսկ այս պայքարը պետք է գլխավորեր քաղաքական ընդդիմությունը:
Ընդդիմությունը
Ընդդիմադիր կուսակցություններն արաբական երկրներում չափազանց թույլ են: Նրանք վատ կազմակերպված են, չունեն լուրջ ֆինանսական ներուժ եւ սեփական սոցիալական բազան ընդլայնելու հնարավորություններ: Այս առումով չափազանց դժվար է նշել այն ուժերը, որոնք կարող են գլխավորել հակակառավարական ելույթները եւ ներկա էլիտայի հեռացման հնարավորության դեպքում` իշխանության գալ: Ավելի խիստ ասած, նույն Եգիպտոսում քաղաքական ընդդիմություն` որպես այդպիսին, այսօր չկա: Կա զանգվածային շարժում` առանց հստակ քաղաքական ծրագրի եւ ընդգծված առաջնորդի: Հիմնական նախաձեռնող համարվում է մի քանի երիտասարդներից կազմված խումբը, որը ձեւավորվել է Facebook սոցիալական ցանցի միջոցով եւ ինքնանվանվել «Ապրիլի 6-ի շարժում»: Հետաքրքիր է, որ այդ շարժումն իր ստեղծման պահից մի քանի անգամ փորձել էր կազմակերպել Եգիպտոսում համընդհանուր գործադուլ, սակայն անհաջողության մատնվել: Բայց հունվարի 25-ին ոգեւորվելով թունիսյան օրինակով` նրանք կարողացան Եգիպտոսում նոր ընդվզումների խթան դառնալ: Շարժման պտուղներն անմիջապես փորձեցին քաղել այլ քաղաքական ուժեր:
Ավանդական կուսակցություններից մի քանիսն արդեն հայտարարել են շարժմանը միանալու մասին, սակայն խոսել գործընթացների վրա նրանց էական ազդեցության մասին` չի կարելի: Չափազանց ակտիվ է Նոբելյան մրցանակակիր Մոհամեդ ալ-Բարադեյը, որին հարգում են երկրում, սակայն չեն ընկալում իբրեւ առաջնորդ, քանի որ նա երկար տարիներ հեռու է գտնվել եգիպտական իրականությունից եւ ունի Արեւմուտքի մարդու համբավ, ինչը բացասաբար է ընդունվում: Իսկ ահա 2005թ. նախագահական ընտրություններին Մուբարաքի հակառակորդ Այման Նուրը միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից` հենց եգիպտական քաղաքականության մեջ վաղուց ներգրավված, հետեւաբար` վարկաբեկված լինելու պատճառով:
Սակայն կա եւս մեկ պայքար, որն ավելի քողարկված է, բայց առանց որի արաբական ընդվզումները կարող էին չհասնել նման թեժության: Իշխանությունները Թունիսում, Եգիպտոսում, Եմենում անտեսել էին ոչ միայն փողոցի պահանջները, այլ նաեւ չէին բավարարել որոշ քաղաքական եւ տնտեսական էլիտաների հավակնությունները: Արեւելքում տնտեսական բարիքների վերաբաշխումը որոշակի տրամաբանության է ենթարկվում: Տարբեր ազդեցության խմբեր, քաղաքական ուժեր, կլաններ եւ էթնոդավանական խմբեր ստանում են պետական համակարգում որոշակի մասնաբաժին` պաշտոնների եւ տնտեսական լծակների վերահսկողության փոխանցման միջոցով: Ներկա փուլում ընթացող գործընթացները նաեւ այլընտրանքային էլիտաների պահանջ են` կիսվել իշխանությամբ եւ տնտեսական բարիքներով: Սրա մասին են վկայում նաեւ բողոքի գործողությունների մասնակիցների կարգախոսները: Բողոքը հիմնականում ուղղված է անձանց դեմ, որոնք խախտել են խաղի կանոնները եւ կորցրել կապն իրականության հետ: Այս առումով կարելի է սպասել, որ արաբական երկրներում տեղի կունենան որոշակի «ժողովրդավարական» զիջումներ, որոնք կընդլայնեն որոշումներ կայացնելու գործընթացին մասնակցողների շրջանակը:
Այս պայմաններում միակ ուժը, որ կարող է այլընտրանքային քաղաքական վերնախավ կոչվել, իսլամականներն են: Առաջին օրերին «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը չէր մասնակցում Եգիպտոսում բողոքի ցույցերին, սակայն հետագայում միանալով դրանց` սկսեց զգույշ, բայց հետեւողական աշխատանքը: Երբ իշխանությունները կասեցրին ինտերնետի աշխատանքը երկրում, տեղեկատվության հիմնական տարածման աղբյուր դարձան մզկիթները: Այդ օրերին Եգիպտոս վերադարձավ ազդեցիկ իսլամական քարոզիչ Ամր Խալեդը (իմիջիայլոց, նմանապես Թունիս վերադարձավ թունիսյան արմատական իսլամի գլխավոր գաղափարախոս Ռաշիդ Ղանուշին): Հետզհետե իսլամական կարգախոսները սկսեցին ավելի բարձր հնչել, իսկ փողոցը սկսեց ստանալ իսլամիստական, հակաամերիկյան եւ հակաիսրայելական բնույթ. «Ոչ՛ Մուբարաքին, ոչ՛ Սուլեյմանին, մենք կուշտ ենք ամերիկացիներից»:
2005թ., երբ Մուբարաքը մասնակի ազատ ընտրություններ անցկացրեց, «Մուսուլման եղբայրների» կողմից աջակցություն վայելող թեկնածուները ստացան բոլոր մրցակցային տեղերը խորհրդարանում, իսկ ավանդական կուսակցությունները, որոնք հսկայական միջոցներ էին ծախսել ընտրարշավի վրա` ձախողվեցին: Այսօր էլ ժողովրդական ցանկացած ազատ կամարտահայտություն անխուսափելիորեն իշխանության է բերելու հենց «Մուսուլման եղբայրներին»: Գաղտնիքը Մերձավոր Արեւելքի համար շատ սովորական մի իրողության մեջ է. այստեղ մարդիկ ավելի մոտ են հավատին: Այստեղ իսլամը ոչ միայն կրոն է, այլ նաեւ աշխարհն ընկալելու միջոց` արժեհամակարգ: Հասարակ եգիպտացին, իսկ այդպիսին է բնակչության ճնշող մեծամասնությունը, բոլոր հարցերի պատասխանները փնտրում է հենց իսլամում: Այս պայմաններում իսլամականները, որոնք առաջարկում են իսլամի վրա հիմնված լուծումներ, չեն կարող չհաղթել: Առավել եւս, որ լինելով փորձառու քաղաքական գործիչներ, նրանք հստակ հասկանում են որտեղ եւ ինչպես պետք է խոսել եւ գործել: «Մուսուլման եղբայրներն» արտոնեցին Մոհամեդ ալ-Բարադեյին հանդես գալ իրենց անունից` շատ լավ հասկանալով, որ կարիք ունեն փոխել շարժման ընկալումն Արեւմուտքի աչքում. նրանք առաջինը հայտարարեցին, որ նախագահական ընտրություններին չեն մասնակցելու` ցույց տալով, որ չեն ձգտում իշխանության. եւ վերջապես նրանք առաջինը գնացին իշխանությունների հետ բանակցությունների, երբ զգացին, որ նժարը հակառակ կողմն է թեքվում:
Իսլամականները հիմա չեն շտապում գլխավորել բողոքի գործողությունները` հասկանալով, թե ինչ խնդիրների հետ են բախվելու նոր իշխանությունները, սակայն այս փուլում ամրապնդվելով լեգալ ընդդիմության դերում` հաջորդ նման հնարավորությունը բաց չեն թողնի:
Բանակը
Խոսել Եգիպտոսում ժողովրդավարության հնարավոր հաղթանակի մասին, թերեւս, միամտություն է: «Ժողովրդավարություն» բառն այսօր շատ տարածված է արաբ քաղաքական գործիչների բառապաշարում, կուսակցական փաստաթղթերում, սահմանադրություններում, սակայն իրականության մեջ այն գոյություն չունեցող երեւույթ է: Արաբական աշխարհի ոչ մի երկիր քիչ թե շատ տեւական շրջան չի ապրել ժողովրդավարության պայմաններում (բացառությամբ Լիբանանի, որը յուրահատուկ արաբական պետություն է, որի ժողովրդավարությունն էլ յուրահատուկ է` էթնոդավանական): Ժողովրդավարություն կառուցելու բոլոր փորձերն ավարտվել են անկայունությամբ եւ հեղաշրջումներով, որոնք, ի վերջո, իշխանության են բերել հերթական «ուժեղ մարդուն»:
1950–1960-ականների հեղաշրջումների շղթան հանգուցալուծվեց արաբական հասարակություններում ամենակազմակերպված եւ հարգանք ներշնչող կառույցի` բանակի իշխանության գալով: Այն տեւական ժամանակ արդյունավետ կերպով վերահսկում էր իշխանական գործառույթները` ունենալով բավական լայն սոցիալական հենարան, դառնալով կայունության երաշխավորն ու քաղաքական գործընթացների գլխավոր դատավորը:
Այսօր էլ արաբական երկրներում գրեթե բոլոր առանցքային պաշտոնները զբաղեցնում են նախկին զինվորականները: Սակայն տասնամյակներ շարունակ իշխանության գլուխ կանգնած էլիտան հետզհետե կարծրանում է եւ չի կարողանում համարժեք լուծումներ տալ առկա մարտահրավերներին:
Սոցիալական ընդվզման պայմաններում բանակը գնաց քայլերի, որոնք թեեւ կարող են տարբեր թվալ, սակայն տեղավորվում են նույն տրամաբանության մեջ` պահել իշխանությունը: Թունիսում ցամաքային զորքերի շտաբի պետ Ռաշիդ Ամարը, չցանկանալով ուժ կիրառել ցուցարարների դեմ, հրաժարական տվեց: Այս քայլը մեծ թվով հետեւորդներ գտավ, եւ բանակի օժանդակությունից զրկված նախագահ Բեն Ալին ստիպված էր թողնել իշխանությունը եւ հեռանալ երկրից: Եգիպտոսում բանակն առերես չեզոքություն պահպանեց, սակայն ոչ մի բարձրաստիճան զինվորական չդավաճանեց Մուբարաքին: Սա ցույց տվեց, որ բանակը չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: Ավելին, նրա համար շատ կարեւոր է մի կողմից` թույլ չտալ Մուբարաքի ստեղծած համակարգի փլուզումը, իսկ մյուս կողմից` պահպանել փողոցի համակրանքը:
Այս պարագայում հենց բանակի թեկնածուն է ամենայն հավանականությամբ լինելու Եգիպտոսի հաջորդ նախագահը (Եգիպտոսի բոլոր նախկին նախագահները գեներալներ են եղել` Նագիբը, Նասերը, Սադաթը եւ Մուբարաքը): Ամենահավանական թեկնածուներն են գեներալ Օմար Սուլեյմանը, պաշտպանության նախարար եւ Բարձրագույն ռազմական խորհրդի ղեկավար Մոհամեդ Հուսեյն Տանթաուին եւ Գլխավոր շտաբի պետ Սամի Անանը:
Այս տարբերակն արժանանում է նաեւ ԱՄՆ եւ Արեւմուտքի հավանությանը: Իսկ դա երկրորդական գործոն չէ. Եգիպտոսի բյուջեի յուրաքանչյուր երրորդ դոլարն ամերիկյան է (ստացվում է օգնության կամ վարկի միջոցով): Բանակն ամեն տարի ԱՄՆ-ից ստանում է 2 մլրդ դոլարի օժանդակություն: Այս օգնության դադարեցումը բավարար է, որպեսզի երկրում տնտեսական ճգնաժամ սկսվի:
Նույնիսկ զինվորական էլիտայի իշխանության պահպանման պայմաններում, նոր իշխանությունները պարտավորված կլինեն արմատական բարեփոփումներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն գոնե մասնակիորեն լուծելու ամենակարեւոր խնդիրը` հսկայական գործազրկությունը եւ խթանելու փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, որն արաբական փողոցի կենսագործունեության հիմքն է: Առանց բարեփոխումների` տնտեսական, ժողովրդագրական վատթարացող իրավիճակը կավելացնի սոցիալական լարվածությունը եւ կհանգեցնի նոր ապստամբությունների, որոնք այս անգամ, միանշանակ, իսլամի կանաչ դրոշների ներքո կլինեն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՊԱՅՔԱՐ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՄԱՐ[27.07.2010]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [21.04.2009]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ [25.02.2009]
- «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ–2025» [06.02.2009]
- «ՀՈԼՈԴՈՄՈՐ»-Ը ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ[15.01.2009]
- ՆՈՐԱԴԱՐՁ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐ[08.12.2008]
- ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆԸ. ՀԱԿԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ ԵՎ ԱԼՏԵՐԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐ[19.05.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ [21.04.2008]
- ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱՖՈԲԻԱՅԻ ՄԱՍԻՆ[10.04.2008]
- ՊԱԿԻՍՏԱՆ. ԱՆՈՐՈՇ ՀԵՌԱՆԿԱՐ[18.02.2008]