• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2012

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Руский

   

Սերգեյ Գրինյաև
Տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն, Մոսկվա, ՌԴ

Կրիտիկական ենթակառուցվածքի անվտանգության ապահովման եղանակների ու մեթոդների ուսումնասիրությունն Իսրայելում օգտագործվող մոտեցումների օրինակով այսօր կարող է նմուշ ծառայել կամ «ժանրի կլասիկա» հանդիսանալ։ Դիմակայության տարիները Մերձավոր Արևելքում անվտանգության հանդեպ իսրայելյան մոտեցումները դարձրել են ամենաարդյունավետներից մեկը։ Հայտնի է, որ Իսրայելում մշակված օդանավակայանների (կրիտիկական ենթակառուցվածքի ամենախոցելի օղակներից մեկի) անվտանգության ապահովման համակարգն այսօր ամենաարդյունավետն է համաշխարհային անալոգների համեմատությամբ։

Այս ֆոնին մեծ հետաքրքրություն է առաջացնում այն, որ վերջին ամիսները բնութագրվում են կրիտիկական ենթակառուցվածքի անվտանգության ապահովման բնագավառի իսրայելյան փորձագիտական հանրության աճող ակտիվությամբ։ Եվ դա հասկանալի է. հենց վերջին ամիսներին է իրավիճակը տարածաշրջանում կանգ առել «թեժ» կոնֆլիկտի եզրին։ Այս անգամ հետազոտություններում հիմնական շեշտադրումն արվում է անվտանգության համակարգի տարրերի կատարելագործման անհրաժեշտության վրա, որոնք կապված են տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների հետ, ինչն արտացոլվել է Իսրայելի պետության կառավարության համապատասխան փաստաթղթերում։

Այսպես, իսրայելցի փորձագետները ենթակառուցվածքը կրիտիկական են սահմանում, եթե դրա գործառնության խախտումը կարող է հանգեցնել զգալի սոցիալ-տնտեսական ցնցումների, որոնք ի վիճակի են խափանել հասարակության կայունությունն ու դրանով իսկ բերել երկրի ազգային անվտանգության սպառնալիքների իրագործման։ Ընդգծվում է, որ ենթակառուցվածքն այն համակարգն է, որը միավորում է տարբեր օբյեկտներ, կապերը դրանց միջև և ապահովում է մարդու գործունեության որոշակի տեսակներ։

Իսրայելյան մոտեցման համաձայն՝ առանձնացվում են երեք դասակարգող հատկանիշներ, որոնք միանշանակ որոշում են այս կամ այն ենթակառուցվածքի կրիտիկական բնույթը։

Առաջին հատկանիշը ենթակառուցվածքի խորհրդանշական նշանակությունն է։ Մշակութային ժառանգության օբյեկտները (թանգարաններ, պահոցներ, պաշտամունքային շինություններ և այլ հուշարձաններ) պատկանում են այն օբյեկտների թվին, որոնք պետք է պաշտպանված լինեն առաջին հերթին։ Խորհրդանշական բարձր նշանակություն ունեցող օբյեկտների թվին իսրայելցի մասնագետները դասում են նաև այն օբյեկտները, որոնք կապված են պետության՝ իրավիճակի զարգացումը վերահսկելու կարողության հետ։ Եթե, օրինակ, հակառակորդին հաջողվում է վնաս հասցնել միանշանակորեն պետության հետ կապված ենթակառուցվածքին (կենտրոնական լրատվամիջոցներ, նախարարությունների և գերատեսչությունների կայքեր և այլն), դա վնաս է հասցնում պետության իմիջին, անգամ եթե ենթակառուցվածքի հարձակման ենթարկված տարրերը կարողանում են շարունակել իրենց աշխատանքը։ Բացի այդ, նման գործողություններն այնպիսի էֆեկտ են ունենում, որը հանգեցնում է բնակչության վստահության նվազմանը գործող վարչակազմի, երկրում իրավիճակը վերահսկելու նրա կարողության հանդեպ։

Երկրորդ հատկանիշը հասարակության կենսապահովման կարևոր գործընթացների անմիջական կախումն է այս կամ այն ենթակառուցվածքից։ Այս կարգին են պատկանում էլեկտրացանցերը, ջրամատակարարման ցանցերը, կոյուղին, ընդհանուր հեռահաղորդակցային ցանցերը, որոնց հետ են կապված այլ ենթակառուցվածքների կառավարման գործընթացները։

Երրորդ հատկանիշը ներառում է ենթակառուցվածքների բարդ փոխկապակցություններն ու փոխազդեցությունները։ Մասնագետները նշում են, որ հասարակության բուռն զարգացումը և տարբեր բնույթի ենթակառուցվածքների բարդ և փոխադարձ միահյուսումը հանգեցնում են դրանց փոխադարձ ազդեցությանը, երբ մի ենթակառուցվածքի կարծես թե աննշան վնասվածքը կարող է խափանումների հորձանք առաջացնել այլ ենթակառուցվածքներում։ Հատկապես ընդգծվում է, որ տարբեր ենթակառուցվածքների փոխհարաբերությունները մինչև վերջ ուսումնասիրված չեն, և մեկ բաղադրիչի խափանումը կարող է առաջ բերել դժվարկանխատեսելի վնասվածքների մի ամբողջություն։

Հնարավոր կիբերհարձակումների համատեքստում հիմնախնդիրն ըմբռնելու համար իսրայելցի մասնագետներն առաջարկում են դիտարկել խափանումների հետևյալ տեսակները.

  1. Սովորական (տիպային) արտակարգ դրություն։ Իրադրություն, երբ մի ինչ-որ արտակարգ իրավիճակի ծագման դեպքում առաջին հերթին տուժում են աշխարհագրականորեն մոտ օբյեկտները։ Իսրայելցի փորձագետների կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է կիբերհարձակումների դեպքում։
  2. Բազմամակարդակ կասկադային խափանումներ և արտակարգ իրավիճակներ։ Այսպես, կառավարման համակարգի խափանումը մի ենթակառուցվածքում (օրինակ, ջրհեռացման ենթակառուցվածքում) խափանումներ է առաջացնում երկրորդ ենթակառուցվածքում (օրինակ՝ տրանսպորտում), իսկ հետո նաև երրորդում (օրինակ՝ սննդամթերքի և այլ ապրանքների մատակարարման շղթաները) և այլն, անգամ եթե նշված ենթակառուցվածքների վրա ուղղակի ազդեցություն տեղի չի ունենում։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է արտացոլել այն իրավիճակը, որը կարող է հետևել հաջող իրականացված կիբերհարձակմանը։
  3. Աճող (խորացող) խափանումներ։ Մի ենթակառուցվածքի աշխատանքի խափանումը (օրինակ՝ կապի ցանցինը) վնասում է այլ ենթակառուցվածքների վթարների հետևանքները վերացնելուն և վերականգնելուն (կապի գծերի խափանումը այլ վթարի վերացման ընթացքում, օրինակ՝ ջրանցքում)։

Այս դասակարգման կիրառումը իսրայելցի մասնագետներին թույլ է տալիս առաջարկել պետական գերատեսչությունների՝ ծագած հիմնախնդիրների հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքի տրամաբանական ալգորիթմ, ինչպես նաև աջակցել իսրայելական հասարակության ընդհանուր անվտանգության բարելավմանը։

Իսրայելցի մասնագետների՝ կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների անվտանգության ապահովման հիմնախնդրի վերլուծությանը նվիրված մի շարք ուսումնասիրություններում նշվում է, որ այսօր չափազանց կարևոր է հաշվի առնել այն փոփոխությունները, որոնք առաջ են գալիս անվտանգության ապահովման ոլորտում. ենթակառուցվածքների մեծ մասն այսօր համալրվում է տեղեկատվական բաղադրիչով, ինչը պահանջում է մի շարք դեպքերում վերանայել անվտանգության ապահովման առկա մոտեցումները։ Փորձագետները նշում են, որ կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանության իսրայելյան քաղաքականությունն առաջին անգամ ձևավորվել է տասը տարի առաջ և այսօր կատարելագործման կարիք ունի։ 2011թ. կառավարությունն ազգային նախաձեռնություն սկսեց կիբերանվտանգության հարցերով կառավարությանը խորհրդատվություն մատուցելու ուղղությամբ։ Ազգային կիբերնետիկական փորձագիտական հանձնաժողովը, որի կազմում էին առաջատար գիտնականներ, որոնք աշխատում էին Իսրայելի գիտության և տեխնոլոգիաների նախարարության հետազոտությունների և մշակումների Ազգային խորհրդի հովանու ներքո, ձևակերպեց կիբերանվտանգության նոր ազգային ռազմավարության կառուցման հիմնական կողմնորոշիչները։

2011թ. օգոստոսի 7-ին Իսրայելի կառավարությունը որոշում ընդունեց տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ, որում, ի թիվս այլ կետերի, նշված էին նաև հետևյալ կարևոր պահերը. ցուցում էր տրված ստեղծել կիբերանվտանգության հարցերով ազգային կենտրոնատեղի՝ երկրի վարչապետի իրավասության ներքո, կարգավորել Իսրայել պետության կիբերտարածության կառավարման կազմակերպումն ու պատասխանատվությունը, խնդիր դրվեց նպաստել կիբերտարածության պաշտպանության զարգացմանն Իսրայելում և օժանդակել գիտական հետազոտությունների ու մշակումների անցկացմանը տեղեկատվական համակարգերի անվտանգության և գերհամակարգիչների ոլորտներում։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր