
ԷԼԻՏԱՅԻ ԴԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՊԱՀԵՐԻՆ

2011թ. հունվար-փետրվարի իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, պատմության մեջ կմտնեն որպես Արաբական մեծ հեղափոխություն։ Տասնյակ երկրներ հաշված օրերի ընթացքում հայտնվեցին սոցիալ-տնտեսական խորագույն ճգնաժամի ճիրաններում։ Եթե Եգիպտոսում «արմավի» հեղափոխության առաջին օրերը մեծամասնության կողմից ընկալվում էին որպես մի ինչ-որ սովորական բան (վերջին տասնամյակում մենք արդեն վարժվել ենք լսել «թավշյա հեղափոխությունների» մասին), ապա մի քանի շաբաթ անց, երբ անկարգությունների ալիքն ընդգրկեց Հյուսիսային Աֆրիկայի երկրների մեծամասնությունը և դուրս եկավ այդ տարածաշրջանի սահմաններից, շատերն իրենց անհարմար զգացին։ Ավելի հաճախ հնչող հիմնական հարցը դարձավ. հնարավո՞ր է արդյոք, որ նման բան կրկնվի իմ երկրում։
Անշուշտ, եգիպտական կամ լիբիական սցենարի կրկնության հնարավորությունն այս կամ այն երկրում ինքնըստինքյան շատ կարևոր է, սակայն, մեր կարծիքով, անհամեմատ ավելի կարևոր է այն հարցը, որն ընկած է մի փոքր այլ հարթությունում. ինչպե՞ս իրեն կպահի ազգային էլիտան, եթե իրադարձությունները նման կերպ ընթանան։ Ի հավելումն այս հարցի՝ տեղին է տալ ևս մեկ հարց. իսկ ինչպե՞ս պետք է իրեն պահի էլիտան իր ժողովրդի զարգացման խորագույն ճգնաժամի ժամանակ։ Արդյո՞ք էլիտան պետք է պաշտպանի այն պետությունն ու այն հասարակությունը, որտեղ ինքն էլիտա է, թե՞ պետք է հանդես գա փոխակերպման գործընթացների առաջին շարքում, գլխավորի զայրույթի ալիքն ու տապալի իշխող վարչակարգերը, որոնք իրեն իշխանության են բարձրացրել։
«Էլիտա» (լատ. electus, անգլ. ֆր. elite – ընտրյալ, լավագույն)1 հասկացության հանրագիտարանային սահմանումը հետևյալն է. ցանկացած սոցիումի անքակտելի և կարևոր մաս, որն իրականացնում է սոցիումի կառավարման, ինչպես նաև վարքագծի նոր մոդելների (ստերեոտիպերի) մշակման գործառույթներ, որոնք թույլ են տալիս սոցիումին հարմարվել փոփոխվող միջավայրին։ Այս սահմանման համաձայն՝ էլիտան շատ բանով որոշում և ձևավորում է հասարակությունը։ Այլ խոսքով՝ հասարակությունը հիմնականում կլինի այնպիսին, ինչպիսին այն կձևավորի էլիտան։ Ահա այստեղ է թաքնված հիմնական հարցը, որի պատասխանը գտնելն այսօր խիստ կարևոր է. ինչպե՞ս վարվեց այն պետությունների էլիտան, որոնք հայտնվել են սոցիալ-քաղաքական ճգնաժամի ալիքի տակ։
Հարցը, թե կար արդյոք էլիտա այդ հասարակություններում մինչև հայտնի իրադարձությունները, միանգամայն վիճելի է։ Մի կողմից, իհարկե, կար, համենայնդեպս՝ հասարակության բարձր շերտերն իրենց էլիտա էին համարում. դա անկասկած է։ Իսկ ահա մյուս կողմից՝ ամենայն հավանականությամբ չկա. չէ՞ որ այդ նույն էլիտան իր երկրում ոչ միայն հանդես չեկավ ի պաշտպանություն պետական կարգի, այլև հիմնականում նպաստեց լարվածության աճին։
Հունվարի վերջին, Եգիպտոսում հուզումներն սկսվելուց մի քանի օր հետո, ԶԼՄ-ում բավական հետաքրքիր տեղեկատվություն նշմարվեց. Դուբայ քաղաքի (ԱՄԷ) օդանավակայանում մեկը մյուսի հետևից վայրէջք կատարեցին Կահիրեից ժամանած 19 մասնավոր ինքնաթիռներ։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Դուբայ եկողները եգիպտական բիզնես-էլիտայի ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքների անդամներն էին2։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Եգիպտոսից փախածների մեջ էին նաև Նագիբ Սիվիրիսի՝ աշխարհում ամենախոշորներից մեկը համարվող Orascom հեռահաղորդակցային ընկերության ղեկավարի մերձավորները։ Տվյալներ կան, որ Դուբայ է փախել նաև Հուսեյն Սալեմը՝ հյուրանոցային խոշոր ցանցի սեփականատերն ու Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր զինակիցը։
Ինչո՞ւ այս մարդիկ, որոնք իրենց, անշուշտ, եգիպտական հասարակության էլիտա են համարել, միջոցներ չեն ձեռնարկել ոչ միայն կատարված իրադարձությունները թույլ չտալու համար, այլև թողել են ամեն ինչ և փախել, հենց որ հնարավոր սպառնալիք են զգացել իրենց ու իրենց ընտանիքների անդամների հանդեպ։
Բայց սա, այնուամենայնիվ, այսպես ասած, առանձին խումբ է՝ «բիզնես-էլիտա», և նրա համար առաջին տեղում գործի շահերն են։ Անհամեմատ ավելի տագնապալի է պետական պաշտոնյաներին ներկայացնող էլիտայի վարքագիծը. լարվածության թեժացումը Լիբիայում ուղեկցվում էր լիբիացի բարձրաստիճան դիվանագետների հայտարարությունների հերթագայությամբ, որոնք շտապում էին հրաժարվել Մ.Քադաֆիի3 վարչակարգի համամասնակիցը լինելուց։ Եվ սա՝ այն դեպքում, երբ հենց այդ վարչակարգի օրոք և հիմնականում դրա շնորհիվ են այդ մարդկանցից շատերը հասել իրենց ներկայիս սոցիալական կարգավիճակին։
Նման իրավիճակ էր նաև այլ երկրներում. բարձրաստիճան պաշտոնյաները, հասարակության մեջ լարվածության առաջին իսկ ազդանշաններից հետո, շտապեցին հրաժարվել այն մեխանիզմից, որն էլ նրանց բարձրացրել էր պետական իշխանության բարձունքներին։ Եթե նրանք համաձայն չէին վարվող քաղաքականությանը, ապա ի՞նչն էր խանգարում նրանց մինչ այդ հրաժարական տալ։
Տարօրինակ է, բայց Ս.Հուսեյնի և Ս.Միլոշևիչի փորձն այդպես էլ ոչինչ չսովորեցրեց. ծանր պայմաններում, քաղաքացիական անհնազանդության բարդ իրավիճակում հայտնված պետությունների ղեկավարները մնում են միայն մերձավոր հարազատներով շրջապատված, և ոչ մի ներբող ի վիճակի չէ ստիպել չինովնիկին՝ «կյանք դնել» նրա համար, ով իրեն իշխանության է բերել։ Կենսունակ էլիտա ձևավորելն այնքան էլ հեշտ չէ, իսկ գնել այն՝ անհնար է։
Ցավոք, ռուսաստանյան պատմական փորձը նույնքան տխուր է. 1917թ. ձմեռն ու գարունը ցույց տվեցին, թե որքան փոփոխական է ռուսական ազգային էլիտան. դեռ մի քանի ամիս առաջ այն զմայլանքով օրհներգում ու փառաբանում էր ցարին, իսկ արդեն մի քանի ամիս անց տրորեց նրան։ Եվ սա այն նույն էլիտան էր, այն ազնվականությունը, որոնք պետք է լինեին ռուսական հասարակության ողնաշարը։
Իրավիճակը կրկնվեց 1991թ.։ Կոմունիստական պետական մեխանիզմով սնված չինովնիկությունն ակնթարթորեն հրաժարվեց նրանից, հենց որ սպառնալիք զգաց իր հանդեպ՝ որպես իշխող դասակարգ։ Այսօր դեռ կարելի է հանդիպել մարդկանց (արդեն տարեց), ում կարիերան կայացել է հենց ԽՍՀՄ գոյության օրոք, և որոնք հասել են բյուրոկրատական ապարատի բարձրագույն գագաթներին՝ իրենցից ոչինչ չներկայացնելով, բայց անգամ այդ մարդիկ այսօր իրենց համար պարտադիր են համարում կշտամբել անցած տարիները, երբ իրենք «ազատության պակաս էին զգում»։
Դժվար է խոսել այն մասին, թե պատրաստ է կամ ի վիճակի է արդյոք, օրինակ, ամերիկյան էլիտան կանգնել իր պետության պաշտպանության դիրքերում. պատմությունն առայժմ մեզ իրավիճակի նման զարգացում չի տրամադրել, երբ հնարավոր կլիներ նման ստուգում իրականացնել։ Սակայն աշխարհում սոցիալ-քաղաքական իրավիճակի բուռն զարգացումը, միանգամայն հնարավոր է, որ ընձեռի մեզ նման հնարավորություն։
Որքան էլ զարմանալի է, նոր պատմության մեջ կարելի է անվանել ոչ այնքան շատ էլիտաների, որոնք բացահայտ կանգնել են այն կարգի ու այն պետության պաշտպանության դիրքերում, որոնցում իրենք էլիտա են եղել։
Էլիտայի նման պատասխանատու վարքագծի առավել վառ օրինակը 20-րդ դարի 40-ականների խորհրդային և գերմանական էլիտաներն են։ Չենք քննարկի այս երկու հասարակությունների պետականակերտման սկզբունքները, սակայն անկասկած է, որ էլիտան պատրաստ էր պաշտպանել ու պաշտպանեց այդ սկզբունքներն անգամ սեփական կյանքի գնով։
Այսօր շնորհազրկված են այդ երկու հասարակություններն էլ, բայց կարևոր է մնում այն, որ հենց այդ հասարակությունները կարողացան շոշափել պետականակերտման այն շարժիչ ուժերը, որոնք թույլ տվեցին կարճ ժամկետում ձևավորել իսկական ու գործունակ էլիտա, որը պատմության ողբերգական պահին կանգնեց այն հասարակության պաշտպանության դիրքերում, որն էլ ձևավորել էր նրան իբրև էլիտա, այլ ոչ թե իրեն նետեց ընդդիմախոսների գիրկը, որոնք անհամեմատ ավելի «քաղցր» կյանք էին առաջարկում։ Կարևոր և անվիճելի է այն փաստը, որ այս երկու հասարակություններում էլիտար հասարակական շերտի հիմքը կազմում էր սպայությունը։ Հենց սպայությունն էր շաղկապում հասարակությանը և հաղթանակի վստահություն ներշնչում անգամ ամենածանր պայմաններում։
2011թ. հեղափոխական ձմեռը ստիպեց շատ ղեկավարների խորհել իրենց երկրների ապագայի մասին, ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում։ Հարցից անմասն չմնաց նաև ռուսաստանյան ղեկավարությունը. Դ.Մեդվեդևը հայտարարեց, որ արաբական սցենարը Ռուսաստանում անհնար է4։ Շատ կուզենայինք հավատալ, որ վերափոխումների տարիներին մեր երկրում հաջողվել է ձևավորել հենց այնպիսի էլիտա, որը պատրաստ է զոհել ամեն ինչ հանուն ձևավորված հասարակության պահպանման, և որ Ռուսաստանից սահմանակից երկրներ չեն թռչի մի քանի տասնյակ ինքնաթիռներ, հենց որ սոցիալական լարվածության աստիճանը հաղթահարի քաղաքացիական անհնազանդության հոգեբանական պատնեշը։
Էլիտայի հարցն այսօր, երբ տասնյակ երկրներում ստուգման է ենթարկվում պետական կառույցի ամրությունը, հանգուցայիններից մեկն է դառնում, որը պայմանավորում է ազգային անվտանգության բուն էությունը, քանի որ այն պայմաններում, երբ էլիտան թողնում է ամեն ինչ ու փախչում կամ հապճեպ ուրանում սեփական սկզբունքները, խոսել պետության ինչ-որ կայունության մասին պարզապես անիմաստ է դառնում։
Էլի ի՞նչ երկրներ առաջիկայում կհայտնվեն սոցիալական ցունամիի տիրապետության տակ։ Ինչպե՞ս կպահեն իրենց այդ երկրների էլիտաները։ Ի վիճակի կլինե՞ն արդյոք նրանք կանգնելու այն կարգի պաշտպանության դիրքերում, որն էլ ձևավորել է նրանց իբրև էլիտա։ Այս ամենը կարող ենք իմանալ արդեն ամենամոտ ժամանակում։
1 http://ru.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%BB%D0%B8%D1%82%D0%B0
2 http://top.rbc.ru/incidents/30/01/2011/535460.shtml
3 http://www.newsru.co.il/world/22feb2011/liv8002.html
4http://top.rbc.ru/politics/22/02/2011/548188.shtml
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԽՏՀ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԵԿԵԼ Է ԱՍԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ[18.12.2014]
- ԵՎՐԱՍԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐՆ ՈՒ ՏԵՂԸ ՆԵՐԿԱՅԻՍ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ[21.03.2013]
- ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ[20.06.2012]
- ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾ. ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՀ ՔՍԱՆԱՄՅԱԿԻՆ[16.02.2012]
- ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԻԾ[07.04.2008]