• am
  • ru
  • en
Версия для печати
10.09.2007

ԱԴՐԲԵՋԱՆ՝ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՎԵԿՏՈՐ

Руский

   

Արաքս Փաշայան

Իսլամական ուղղության նշանակությունը և 2006թ. Բաքվի իսլամական օրակարգը

1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանի իշխանությունների առջև ծառացած էր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հարցը։ Պանթուրքիստական գաղափարախոսության ջատագով Ա.Էլչիբեյին հաջորդած Հ.Ալիևն առաջ քաշեց հավա-սարակշռված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության հարցը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքական հայեցակարգում աստիճանաբար կարևորվեց իսլամական ուղղությունը` նաև որպես իսլամական աշխարհի ներուժը Հայաստանի դեմ օգտագործելու կարևոր հնարավորություն։ Համագործակցության առաջին քայլերը շոշափելի էին։ Աֆղանստանի իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ղարաբաղյան պատերազմին մասնակցեցին աֆղան մոջահիդները:

Ի թիվս այլ կռվանների՝ իսլամական համերաշխության գաղափարը կարող էր լավագույնս օգտագործվել իսլամական պետությունների աջակցությունը ձեռք բերելու համար: 1990-ականների սկզբներին Ադրբեջանը (ոչ առանց Թուրքիայի աջակցության) անդամակցեց իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնին` Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը (ԻԿԿ)։ Հայ-ադրբեջանական հակամարտության հարցը շուտով դարձավ իսլամական օրակարգի հարց` Շուշիի և Լաչինի ազատագրումից հետո ձեռք բերելով կոշտ շեշտադրումներ:

Մեկ անգամ չէ, որ իսլամական շրջանակները Հայաստանը դատապարտել են իբրև «ագրեսոր», Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող երկիր, Հայաստանից պահանջել անմիջապես և առանց նախապայմանների դուրս բերել զորքերը «գրավյալ» տարածքներից:

Ադրբեջանն այսօր ակտիվորեն համագործակցում է իսլամական բարձրագույն քաղաքական մարմնի հետ։ Միայն 2006թ. այստեղ տեղի ունեցան ԻԿԿ երկու կարևոր հանդիպումներ: Առաջինը հունիսի 19-21-ը արտաքին գործերի նախարարների XXXIII կոնֆերանսն էր, որի արդյունքում ստորագրվեցին եզրափակիչ փաստաթուղթն ու Բաքվի հռչակագիրը, և մոտ երեք ամիս անց, սեպտեմբերի 9-12-ը, Բաքվում տեղի ունեցած իսլամական պետությունների տուրիզմի նախարարների V կոնֆերանսը։ Երկու կոնֆերանսներում էլ Հայաստանը դատապարտվեց։

2006թ. սեպտեմբերի 3-ին Ստամբուլում պաշտոնապես բացվեց Երկխոսության և համագործակցության Իսլամական կոնֆերանսի երիտասարդական ֆորումի գրասենյակը, որն, ի դեպ, ստեղծվել էր Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների ազգային ասամբլեայի առաջարկով և ծրագրով: Ֆորումի առաջին նախաձեռնություններից մեկն ադրբեջանական քարոզչության ոգով գրված «Ղարաբաղ. փաստեր և հետևանքներ» գիրքն է՝ ԻԿԿ նոր նախագծի՝ «Հակամարտություններ և հումանիտար աղետներ ԻԿԿ երկրներում» շարքի առաջին հրատարակությունը, որը բաժանվեց հունիսին Բաքվում տեղի ունեցած իսլամական պետությունների արտգործնախարարների հանդիպման մասնակիցներին: Ֆորումի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի ներկայացուցիչ Էլշադ Իսքանդերովն է։

Հայ-ադրբեջանական թեման 1992-ից ի վեր ոչ միայն տեղ է գտնում իսլամական աշխարհի արտգործնախարարների և պետությունների ղեկավարների գագաթաժողովներում, այլև` ԻԿԿ ամենատարբեր ձևաչափերում։ Ասվածի ապացույցն է 2006թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ԻԿԿ անդամ պետությունների արտգործնախարարների կոորդինացիոն հանդիպումը, որտեղ ընդունված վերջնական փաստաթղթի 74 և 75 կետերը նվիրված էին Ադրբեջանի դեմ Հայաստանի «ագրեսիային»1։

Իսլամական կոնֆերանս կազմակերպության հետ Ադրբեջանի 2007թ. համագործակցությունը և դրա հեռանկարը

Հատկանշական է, որ Ադրբեջանը կարողանում է իսլամական ֆորումները լավագույնս օգտագործել սեփական քարոզչության և Ղարաբաղյան խնդրին հնչեղություն տալու իմաստով։ Այս համատեքստում, որպես կանոն, Ադրբեջանը տեղեկատվական շրջանառության մեջ է դնում սխալ և միակողմանի տեղեկատվություն։ Խոսելով իսլամական ինքնության և իսլամական աշխարհին հուզող խնդիրների մասին` Բաքուն մշտապես ընդգծում է իր որոշակի տեղն ու նշանակությունն իսլամական աշխարհում։

2007թ. փետրվարի 22-ին Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) ելույթ ունենալով ԻԿԿ գործադիր հանձնաժողովի նիստում, որը հրավիրվել էր քննարկելու Երուսաղեմի իսլամական տարածքներում իսրայելական էքսկավացիայի հարցը, Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը (նա հանգուցային դեր ուներ` որպես ԻԿԿ նախագահող երկրի ներկայացուցիչ) կրկին օգտագործեց առիթը` խոսելու հայ-ադրբեջանական խնդիրների մասին։ Վերջինս զուգահեռներ անցկացրեց անկախության ուղին բռնած ադրբեջանցիների և պաղեստինցիների միջև, որոնք երկուսն էլ «տառապում» են։ Նա նշեց, որ Ադրբեջանը պատրաստվում է ՄԱԿ քննարկմանը ներկայացնել բանաձևի մի նախագիծ և հույս ունի, որ ԻԿԿ անդամ պետությունները կաջակցեն բանաձևի ընդունմանը2։

2007թ. ապրիլի 26-28-ը Բաքվում Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում տեղի ունեցավ «Լրատվամիջոցների դերը հանդուրժողականության և փոխըմբռնման զարգացման հարցում» կոնֆերանսը, որի իրականացման գաղափարն առաջ էր քաշել հենց Ադրբեջանը։

Բացման ելույթում Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովն Ադրբեջանը ներկայացրեց որպես հանդուրժողական երկիր, որտեղ խաչվում են տարբեր մշակույթներ։ Ի վերջո, կապակցելով կոնֆերանսի թեման հայ-ադրբեջանական հակամարտության և ադրբեջանական «գրավյալ» տարածքների խնդրի հետ՝ նա ասաց, որ հազարավոր ադրբեջանցիներ էթնիկ զտումների արդյունքում քշվել են Հայաստանի իրենց «պատմական հողերից»։

Արտգործնախարարի տվյալներով` ներկայումս ոչ մի ադրբեջանցի Հայաստանում չի ապրում, մինչդեռ Բաքվում «առնվազն 30.000 հայ կա, որոնք խտրականության չեն ենթարկվում»։ Հատկանշական է, որ Ադրբեջանի արտգործնախարարը իսլամաֆոբիայի և ընդհանրապես ահաբեկչության թեման կրկին փորձեց կապել Հայաստանի հետ։ Նա իսլամական աշխարհին փորձեց ապացուցել, որ Ադրբեջանը բազմաթիվ ահաբեկչական գործողությունների զոհն է։ Ըստ նրա տվյալների` «…հայկական ահաբեկչական կազմակերպություններն ավելի քան 30 ահաբեկչական գործողություն են իրականացրել Ադրբեջանի դեմ, ինչի արդյունքում զոհվել է 2.000 մարդ»3։

Հայ-ադրբեջանական հակամարտության թեման զերծ չմնաց նաև ԻԿԿ գլխավոր քարտուղար Է.Իհսանօղլուի (Թուրքիայի ներկայացուցիչ) զեկույցից։ Վերջինս զգալիորեն նպաստում է իսլամական աշխարհում ադրբեջանական PR-ին։ Խոսելով միջմշակութային, միջկրոնական երկխոսության, հանդուրժողականության և փոխհամաձայնության անհրաժեշտության մասին՝ գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Իսլամական կոնֆերանսը կշարունակի համերաշխ գործել ադրբեջանական խնդիրների հարցում` հանուն նրա տարածքային ամբողջականության` հաղթահարելու համար այդ երկրի դեմ ուղղված «ագրեսիան», որը դեմ է միջազգային իրավունքին4։

Հատկանշական է, որ արաբական երկրներից ժամանած երկու բանախոսները` Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Աբդուլ Ազիզ բեն Սալամեն և եգիպտական «Ալ-ահրամ» թերթի փոխխմբագիր Մուհամմադ Իբրահիմ Ալ-Դեսյուկին, հիշյալ խնդրին չանդրադարձան։

2007թ. մայիսի 15-16-ը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցավ ԻԿԿ արտգործնախարարների XXXIV կոնֆերանսը, որտեղ Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան դատապարտող հատուկ բանաձև ընդունվեց5։ Հիշյալ թեմայի մասին առանձին ելույթ ունեցավ ԻԿԿ գլխավոր քարտուղար Է.Իհսանօղլուն (ինչը հաճախ չէ, որ պատահում է)6։ Բնականաբար, խնդրին անդրադարձավ նաև Մամեդյարովը, որը, բացի հայ-ադրբեջանական հիմնահարցից, անդրադարձավ նաև ԻԿԿ հետ Ադրբեջանի համագործակցությանն ու իսլամական թեմաներին7։

Առաջիկայում Ադրբեջանի իսլամական օրակարգում այլ ծրագրեր կան: Բաքվում պատրաստվում են կազմակերպել ԻԿԿ միջազգային գիտական կոնֆերանս՝ «Տուրիզմի դերը ԻԿԿ պետությունների տնտեսության մեջ» խորագրով։ Հատկանշական է, որ իսլամական օրակարգի հարցերով զբաղվում է նաև Ադրբեջանի առաջին տիկինը: Մեհրիբան Ալիևայի հովանավորությամբ կրկին ԻԿԿ շրջանակներում 2008-ին Ադրբեջանը ծրագրում է հրավիրել ֆորում՝ «Գրականությունն իսլամական աշխարհում գլոբալ և համակողմանի հեռանկարի տեսանկյունից» վերնագրով։ Բացի այդ, 2008-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատրաստվում է հրավիրել ԻԿԿ կրթության և գիտության նախարարների IV-րդ կոնֆերանսը։

Ադրբեջանում վերջին շրջանում և առաջիկայում ԻԿԿ հանդիպումների կտրվածքով այսպիսի հագեցած օրակարգը հազվադեպ երևույթ է Իսլամական կոնֆերանս կազմակերպության ցանկացած անդամ պետության համար։ Նման ակտիվություն ԻԿԿ-ում ցուցաբերում են բացառիկ պետություններ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը մշտապես ընդգծում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության աջակցությունն Ադրբեջանին, ինչը, ըստ նրա, կօգնի միջազգային ասպարեզում իր երկրին հուզող հարցերն առաջ քաշելու համար: Նշենք, որ ԻԿԿ շրջանակներում Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագրեր, որոնցից կարևոր է ԻԿԿ պետությունների միջև տնտեսական, տեխնիկական և առևտրային համագործակցության մասին պայմանագիրը։ Ադրբեջանը համագործակցում է Զարգացման իսլամական բանկի, ինչպես նաև իսլամական մի շարք բարեգործական հիմնադրամների և կազմակերպությունների հետ, որոնցից շատերը գործում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում: Իսլամական աշխարհի բարեգործական հաստատություններից շատերը Ադրբեջանում արդեն մի շարք ծրագրեր են իրականացրել` ներառյալ ծրագրերը փախստականների շրջանում:

Միջազգային իսլամական ֆորումներում Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի ելույթներում հստակ է իսլամական հռետորականությունը: Որպես կանոն, Ղարաբաղյան խնդրին անդրադարձ արվում է հենց իսլամական համերաշխության համատեքստում։

Համագործակցություն արաբական/իսլամական աշխարհի հետ

Բաքուն ծրագրում է սերտորեն համագործակցել Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ բոլոր պետությունների հետ: Վերջին շրջանում Ադրբեջանը զգալի քայլեր է անում՝ բարելավելու հարաբերությունները նաև իսլամական աշխարհի կարևորագույն բաղադրիչ համարվող արաբական աշխարհի հետ, որտեղ շատ դեպքերում հայկական գործոնը որոշակի դերակատարություն ունի։ Չնայած 2005թ. Արաբական պետությունների լիգայի հետ Ադրբեջանը ստորագրել է Փոխհամաձայնության հուշագիր, իսկ Լիգայի` 2005թ. հոկտեմբերի 16-ին Կահիրեում տեղի ունեցած հանդիպմանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Է.Մամեդյարովը խոսել է Ադրբեջանը և արաբական աշխարհը միավորող «պատմական, կրոնական և մշակութային կապերի» մասին՝ հարաբերություններն արաբական աշխարհի հետ այնքան էլ ընդլայնված չեն8։ Ադրբեջանի պաշտոնատարները մեկ անգամ չէ, որ բացասաբար են արտահայտվել արաբ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան այցելությունների մասին, որոնք շրջանցում են Բաքուն՝ նկատի ունենալով նաև արաբական մի շարք երկրների (մասնավորապես՝ Լիբանանի և Սիրիայի) Երևանում դեսպանություն ունենալու, իսկ Բաքվում՝ չունենալու փաստը:

Ներկայումս Ադրբեջանը արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակով դիվանագիտական հարաբերություններ ունի հետևյալ արաբական երկրների հետ՝ Եգիպտոս, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, իսկ Լիբիայի հետ` գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Ոչ արաբական իսլամական երկրներից Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Պակիստանի հետ։

Իսլամական կոնֆերանսի շրջանակներում Ադրբեջանին աջակցող արաբական հիմնական պետություններից է Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, որը Ադրբեջանին աջակցում է որպես իսլամի հայրենիք և իսլամական համերաշխության գաղափարի առաջատար երկիր: Սաուդյան Արաբիան Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ինչը բացառապես պայմանավորված է Ղարաբաղյան հակամարտության հարցում նրա կոշտ դիրքորոշմամբ: Իսլամական այն երկրները (բացի Սաուդյան Արաբիայից և Պակիստանից), որոնք դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն Բաքվում, Հայաստանի հետ նույնպես ունեն դիվանագիտական կապեր: Նշենք, մասնավորապես, արաբական աշխարհում առաջատար դերակատարություն ունեցող Եգիպտոսը, որի հետ Հայաստանը կնքել է երկկողմ համագործակցության բազմակողմ պայմանագրեր գիտության, մշակույթի, կրթության և առևտրի ոլորտներում:

Այսպիսով՝ Ադրբեջանը, որի հեղինակությունն իսլամական աշխարհում որոշակիորեն աճել է, արտաքին քաղաքականության իսլամական ուղղությունը հիմնականում օգտագործում է Հայաստանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու, Ղարաբաղյան հարցում աջակցություն գտնելու, ինչպես նաև իսլամական աշխարհի տնտեսական/ֆինանսական ներուժն օգտագործելու նպատակով: Իսլամական ուղղությունն առաջին հերթին արտահայտվում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ: Իսլամական աշխարհի աջակցությունն Ադրբեջանին առաջին հերթին արտահայտվում է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող բանաձևերը հօգուտ Ադրբեջանի քվեարկելու հանգամանքով:

1 Final Communiqué of the Annual Coordination Meeting of Ministers of Foreign Affairs of Member States of the Organization of the Islamic Conference- New-York, 25 September, 2006.

2 Statement by H.E. Dr. Elmar Mammadyarov…, www.mfa.gov.az/eng/spee/29.shtml.

3 OIC Conference on the Role of Media in the Development of Tolerance and Mutual Understanding will be held in Baku on April 26-28, 2007, www.bakumedia2007.gov.az/minister.pdf.

4 Speech of Prof. Ekmeleddin Ihsanoglu at the International Conference on the Role of Media in the Development of Tolerance and Mutual Understanding will be held in Baku on April 26-28, 2007, www.bakumedia2007.gov.az/secretary_general.pdf.

5 Draft Resolution No.7/34.P on the Aggression of the Republic of Armenia Against the Republic of Azerbaijan, http://www.mfa.gov.az/eng/international/organizations/oic/aggression.pdf.

6 Secretary Generals Report on the Aggression of the Republic of Armenia against the Republic of Azerbaijan, http://www.mfa.gov.az/eng/international/organizations/oic/secretary_general.pdf.

7 Statement by H.E. Dr. Elmar Mammadyarov, Minister of Foreign Affairs of the Republic of Azerbaijan http://www.mfa.gov.az/eng/spee/31.shtml.

8 http://www.mfa.gov.az/eng/spee/21.shtml.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր