• am
  • ru
  • en
Версия для печати
18.11.2010

ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

   

Արաքս Փաշայան

Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի ամենաիսլամականացված շրջաններից է, որն աչքի է ընկնում բազմէթնիկ եւ բազմադավան խճանկարով, ավանդական հասարակություններով, որտեղ բնակվում է Ռուսաստանի իսլամադավան բնակչության մոտ քառասուն տոկոսը: Հատկանշական է, որ Հյուսիսային Կովկասում հասարակության բարոյական, սոցիալական եւ էթիկական կողմերը, նաեւ` առանձին իրավական ասպեկտներ, կանոնակարգվում են տեղական կովկասյան ավանդույթների (ադաթ) եւ իսլամի միջոցով:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար Հյուսիսային Կովկասը դարձավ թերեւս ամենախնդրահարույց, դժվարամարս եւ պայթյունավտանգ շրջաններից մեկը: Այդպես է եղել թե՛ Ռուսական կայսրության եւ թե՛ խորհրդային տարիներին: Ռուս-չեչենական վերջին պատերազմից ավելի քան տասը տարի է անցել, սակայն իրավիճակը Հյուսիսային Կովկասում չի կայունացել:

Անկայունությունը հյուսիսկովկասյան հանրապետություններում (հիմնականում Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեթիայում, ավելի քիչ` Կարաչաեւո-Չերքեզիայում, Կաբարդինո-Բալկարիայում) կապվում է իսլամիստական շարժումների հետ, որն իր անդրադարձներն է գտնում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ` Մոսկվայում, առհասարակ` Ռուսաստանի տարբեր, այդ թվում` մուսուլմանական շրջաններում:

Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող խորքային գործընթացների մեջ հանգուցային նշանակություն միշտ ունեցել է եւ ունի իսլամը, որը տեղական ինքնության եւ աշխարհընկալման ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է: Իսլամական լանդշաֆտն այստեղ երեք հիմնական բաղկացուցիչ ունի` սուննիզմ, սուֆիզմ եւ սալաֆիզմ (կամ` վահաբիզմ), որոնցից յուրաքանչյուրն ունի իր ճյուղավորումները, էթնիկ եւ սոցիալական թիրախային խմբերը:

Բացի իշխանությունների եւ իսլամիստների միջեւ ներկայիս առճակատումից, որն առանձին հետազոտողների կարծիքով վերաճել է լատենտ քաղաքացիական պատերազմի, խորքային հակասություններ կան նաեւ ներիսլամական դաշտում` միջդավանական հարաբերություններում: Իսլամական տարբեր ուղղությունների, հիմնականում` հյուսիսկովկասյան իսլամի եւ վահաբիզմի միջեւ սկիզբ առած հակամարտությունը երբեմն սուր շեշտադրումներ է ձեռք բերում: Կողմերը միմյանց մեղադրում են հերետիկոսության եւ հավատքից նահանջելու մեջ: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջնահերթություն ձեռք բերել ազդեցության տարբեր ոլորտներում, այդ թվում` կովկասյան լեռնականների ինքնությունը վերաձեւելու հարցում: Վահաբականների դեմ հատկապես անզիջում պայքար են մղում սուֆիական շեյխերը: Վերջիններիս մեջ հանգուցային նշանակություն ունի Ացաեւ Սեյիդ-էֆենդի Ալ-Չիրքավին (Չերկեւսկի), որը մեծ թվով համախոհներ ունի Դաղստանի կառավարության եւ իրավապահ մարմինների շրջանում: Վահաբիզմի դեմ բացահայտ պատերազմ է հայտարարել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որի հռետորականության մեջ զգալի սուֆիական շեշտադրումներ կան:

Իսլամական ինքնարտահայտման վերոնշյալ ձեւերն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն քաղաքական գործընթացի հետ եւ նպաստում են հասարակական տրամադրությունների ձեւավորմանը եւ քաղաքական ուղենիշների բյուրեղացմանը: Եթե իսլամի նշված առաջին երկու ուղղությունները (սուննիական եւ սուֆիական) Հյուսիսային Կովկասի համար ավանդական են, ապա սալաֆիական իսլամը տարածաշրջանի համար նոր իրողություն է:

Այն Հյուսիսային Կովկաս է ներթափանցել 1990-ականների սկզբներին, հիմնականում արտաքին միջամտության եւ ֆինանսավորման շնորհիվ` մասնավորապես Չեչնիայում դառնալով հակառուսական պայքարի եւ ազգային-անկախական շարժման գաղափարախոսական հենքը: Ժամանակի ընթացքում սալաֆիականությանը հաջողվեց ամրապնդել դիրքերը հասարակության մեջ` վերաճելով քաղաքական եւ կրոնական ընդդիմադիր լուրջ շարժման, որը ցանկացած պահի կարող է փոխել խաղի կանոնները: Եթե ռուս-չեչենական պատերազմների շրջանում իսլամիզը Հյուսիսային Կովկասում ասոցիացվում էր աֆղանական եւ արաբական միսիոներության եւ միջազգային ջիհադական շարժումների հետ, ապա այսօր այն վերաճել է տեղական իրողության, որը դրսից աջակցության բացակայության պայմաններում էլ կարող է շարունակել գործել նույն եռանդով:

Հյուսիսային Կովկասն իսլամիստների համար «Կովկասի էմիրություն» է` իր «վիլայեթներով», որն իսլամական աշխարհի եւ ումմայի բաղկացուցիչն է: Այս վիրտուալ պետության առաջնորդը իսլամիստական շարժման ամենահայտնի դեմքերից մեկն է` Դոքու Ումարովը, որն իրեն հռչակել է Կովկասի մոջահիդների էմիր:

Իսլամիստներն ամենակոշտ մեթոդներով պայքարում են հասարակության մեջ իսլամական սկզբունքների բացարձակացման եւ շարիաթական պետության ստեղծման համար: Նրանք պահանջում են խստորեն հետեւել կրոնական ծիսակարգին` հատկապես օրական հինգ անգամ կատարվող աղոթքին, սննդային արգելքներին, իսլամական բարոյականության չափորոշիչներին: Իսլամիստների թիրախ են դառնում ալկոհոլային խմիչք վաճառողները, կրոնական ատրիբուտիկային չհետեւող կանայք, այդ թվում նրանք, ովքեր լողազգեստով հայտնվում են հասարակական լողափերում, բախտագուշակները եւ այլն: Որոշակի «հաջողությունների» նրանք հասել են Ինգուշեթիայում, որտեղ ալկոհոլային խմիչք այլեւս չի վաճառվում, իսկ կանայք եւ աղջիկները հիմնականում հիջաբ են կրում: Վերջին շրջանում Մախաչկալայում իսլամիստների կողմից պայթեցվել են ալկոհոլ վաճառող մոտ երկու տասնյակ խանութներ եւ սրճարաններ: Արդյունքում` խանութների սեփականատերերի մոտ կեսը հրաժարվել է ալկոհոլ վաճառել:

Բացի այդ, սովորական են դարձել հարձակումներն իմամների վրա: Այդ գործընթացը խթանվեց 2006-ից ի վեր, երբ «Կաբարդինո-Բալկարիա վիլայեթի» էմիր Անզոր Աստեմիրովը (Էմիր Սեյֆուլլահ) սպառնաց, որ եթե պաշտոնական իմամները չընդունեն սալաֆիականություն, կոչնչացվեն: Դրանից հետո իմամների դեմ ահաբեկչությունները սաստկացան: Առանձին տվյալների համաձայն` վերջին մի քանի տարիների ընթացքում Հյուսիսային Կովկասում վահաբականների կողմից սպանվել են 60 հոգեւորականներ եւ նրանց ընտանիքի անդամներ1: Հատկանշական է, որ մահացած իմամներից շատերին որեւէ մեկը չի համարձակվում փոխարինել` չցանկանալով վտանգել սեփական կյանքը:

Առանձին հետազոտողների կարծիքով` այն, որ Հյուսիսային Կովկասում իրավիճակն անկայուն է եւ պայթյունավտանգ, կապված է ոչ միայն իսլամիզմի հետ. կան նաեւ այլ պատճառներ` պայմանավորված սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներով, նաեւ` մեծ չափերի հասնող գործազրկությամբ: Պատահական չէ, որ իսլամիստական շարժմանն անդամակցում են մեծ թվով երիտասարդներ: Մարդիկ հիսասթափված են իշխանություններից, նրանց անգործությունից, կոշտ մեթոդներից, որոնք հիմնականում հակառակ ազդեցությունն են ունենում: Միեւնույն ժամանակ, հասարակության մեջ կան նաեւ զգալի շերտեր, որոնք դեմ են իսլամական պետության ստեղծմանը կամ Մոսկվայի հետ հարաբերությունների վատացմանը` հաշվի առնելով չեչենական ձախողված փորձը եւ հնարավոր քաոսի ստեղծումը:

Իսլամի գծով հեղինակավոր մասնագետ Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով` Մոսկվան չի կարողանում մշակել արդյունավետ ռազմավարություն` Հյուսիսային Կովկասը դուրս բերելու ճգնաժամից, եւ քանի դեռ Հյուսիսային Կովկասը չի մոդեռնիզացվել, առաջիկայում փոփոխության մասին խոսք լինել չի կարող:

Ավելին, ռուսաստանյան դաշնային օրենքները Հյուսիսային Կովկասում առանձին դեպքերում չեն գործում, այլ կերպ ասած` գործում են մասնակի, եւ մարդիկ շատ դեպքերում ստիպված են օգտագործել միակ պահպանված եւ կենսունակ համակարգը` շարիաթը, որի հեղինակությունն աստիճանաբար աճում է: Տարեցտարի ավելանում են մզկիթները, որոնք հասարակական-քաղաքական յուրօրինակ ակումբների նշանակություն ունեն, ընդլայնվում է կրոնական գործառույթը, մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ձեռք բերել ուխտավորի (հաջջի) պատվավոր տիտղոսը` մեկնելով Մեքքա եւ իսլամական այլ սրբատեղիներ:

Հատկանշական է, որ առանձին ոլորտներում շարիաթով առաջնորդվելու (օրինակ` խմիչքի վաճառքն արգելելու, սննդային արգելքներ ներդնելու եւ այլն) օգտին այսօր հանդես են գալիս ոչ միայն պաշտոնական իսլամի ներկայացուցիչները, այլեւ` Մոսկվային լոյալ տեղական էլիտաները: Շատ դեպքերում իշխանությունները դիմում են իսլամական հռետորականությանը: Ասվածի ապացույցն է Չեչնիայի նախագահ Ռ.Կադիրովի դիտարկումն այն մասին, որ մզկիթը քաղաքական կյանքի կենտրոն է:

Եթե նախկինում հօգուտ շարիաթի ներդրման հանդես եկող իսլամիստներին Մոսկվան փշերով էր ընդունում, այժմ կա այն գիտակցությունը, որ առանց շարիաթի կամ առանց իսլամի Հյուսիսային Կովկասը կառավարել հնարավոր չէ: Այսօր Հյուսիսային Կովկասում կան բազմաթիվ բնակավայրեր, որտեղ մարդիկ, առանց ավելորդ աղմուկի, ապրում են շարիաթի նորմերով, դրա օրենքներով են կարգավորում ընտանեկան, համայնքային, քաղաքացիական վեճերը: Շարիաթականացման միտումը ներկայումս հստակ է Դաղստանում եւ Չեչնիայում, իսկ բազմակնությունն այլեւս իրողություն է:

Հատկանշական է, որ Հյուսիսային Կովկասի բոլոր հանրապետություններում գործում է իսլամական կրթական համակարգ: Մասնավորապես, Դաղստանում այն առավել զարգացած է: Դեռեւս 2000թ. վերջերին այս հանրապետությունում գործում էին 13 իսլամական համալսարաններ (որոնցից վեցը` պետական լիցենզավորմամբ), միջազգային իսլամական բուհերի 33 մասնաճյուղեր, 136 մեդրեսե (միջնակարգ կրոնական դպրոց) եւ այլն։ Մախաչկալայում է գտնվում Հյուսիսային Կովկասի ամենամեծ` Իմամ Շաֆիի իսլամական համալսարանը։ Բացի այդ, ամեն տարի Հյուսիսային Կովկասից բազմաթիվ ուսանողներ մեկնում են Միջին Արեւելքի տարբեր կենտրոններ` իսլամական կրթություն ստանալու նպատակով: Հետագայում նրանք վերադառնում են հայրենիք` ավելի արմատական տրամադրություններով:

Նշենք, որ Հյուսիսային Կովկասում իրավիճակի կայունացման հարցը թե՛ ռուսաստանյան քաղաքական շրջանակների, թե՛ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Այս կապակցությամբ հետաքրքիր է Ա.Մալաշենկոյի դիտարկումը: Նրա կարծիքով` առանց իսլամիստների հետ երկխոսության Հյուսիսային Կովկասում խաղաղության հասնել հնարավոր չէ: Միեւնույն ժամանակ, կրոնական հենքի վրա նույնպես անհրաժեշտ է հասնել կոնսենսուսի` հավասարապես բաժանելով ազդեցության ոլորտները: Սխալ է բոլոր սալաֆիականներին վարկաբեկել, մարգինալացնել, ահաբեկիչ կամ բանդիտ անվանել: Բազմադարյան փորձը ցույց է տալիս, որ ահաբեկչությունը քաղաքական պայքարի մի մասն է, որը բնորոշ է տարածաշրջանին: Քանի դեռ տեղական ոստիկանությունները եւ Անվտանգության դաշնային ծառայությունը հետապնդում են վահաբականներին, որոնց շարքերում շատ են խորքային հավատացյալները, պատերազմը չի դադարելու:

Փաստորեն, Հյուսիսային Կովկասում ներկայումս սկիզբ է առել իսլամականացման նոր ալիք: Եթե իսլամի առաջին ալիքն ավելի շատ վերաբերում էր իսլամական արժեքների եւ մշակույթի զարթոնքին, ապա իսլամականացման նոր ալիքն այլեւս կապված է իսլամի քաղաքականացման հետ: Իսկ շարիաթականացման միտումն այդ ուղղությամբ կատարվող առաջին քայլն է:

1Ամենաաղմկահարույցը 2009-ին հակավահաբական տրամադրություններով հայտնի երկու հեղինակավոր եւ բարձրաստիճան աստվածաբանների` Դաղստանի փոխմուֆտի Ահմադ Թաղաեւի եւ Կարաչաեւո-Չերքեզիայի փոխմուֆտի Իսմայիլ Բոստանովի սպանություններն էին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր