ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՍԼԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) վերջերս հրապարակեց «Ադրբեջան. անկախ իսլամը և պետությունը» խորագրով զեկույցը. Azerbaijan: Indepensent Islam and the State, Europe Report No. 191-25, 25 March, 2008, www.crisisgroup.org/library/ documents/europe/caucasus/
191_azerbaijan_independent_islam_and_the_state.pdf/: Զեկույցը կազմված է չորս գլուխներից, Եզրակացությունից և Հավելվածից։
Առաջին բաժնում կամ Ներածության մեջ, որն ունի երկու ենթաբաժին՝ «Աշխարհիկ ավանդույթը» և «Ահաբեկչության դատապարտում», ընդհանուր գծերով քննարկվում է Ադրբեջանում իսլամի առաջացման և հետագա տարածման հարցը։ Շիա իսլամը տիրապետող դարձավ ներկայիս Ադրբեջանի տարածքում 16-րդ դարից ի վեր, մինչդեռ հյուսիսային Ադրբեջանում, որտեղ պարսկական ազդեցությունը թույլ էր, մնաց սուննի իսլամը։ Ադրբեջանում և Իրանում ապրող ադրբեջանցիներն անջատվեցին իրարից 1828թ. Ռուսական և Պարսկական կայսրությունների կողմից Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Արդյունքում՝ Ադրբեջանի տարածքում ուժեղացավ ցարական ազդեցությունը, խթանվեց ռուսացումը և իսլամը մարգինալացավ։ Իսկ հետագայում խորհրդային ժամանակահատվածում տեղի ունեցավ հասարակության հետագա աշխարհիկացում։ Մզկիթների մեծ մասը փակվեց, կրոնական գործիչները բռնությունների ենթարկվեցին։ Այդ առումով կրոնական գիտակցությունը հնարավոր չեղավ վերականգնել անգամ 1991թ. Ադրբեջանի անկախացումից հետո։ Այսօր Ադրբեջանն աշխարհիկ երկիր է, որի բնակչության միայն մի փոքր մասն է հետևում իսլամի հիմնարար դրույթներին։ 2006թ. անցկացված հարցախույզի տվյալներով՝ բնակչության 7,2 տոկոսն է խորքային հավատացյալ, 49.7 տոկոսը հավատում է Աստծուն, սակայն գործնականում չի իրականացնում իսլամի սկզբունքները։ Իսլամական ինքնությունն առավելապես հիմնված է մշակույթի և էթնիկության, քան կրոնի վրա։ Բնակչության 2/3-ը շիա է, 1/3-ը՝ սուննի։ Կրոնական խմբերի հիմնական մասը համագործակցում է կառավարության հետ և ճանաչում պետության կողմից հովանավորվող Կովկասի մահմեդականների վարչության հոգևոր իշխանությունը։ Միայն առանձին կրոնական խմբեր իրենց համարում են անկախ, չեն ենթարկվում վարչությանը։ Երկրի հյուսիսային և հարավային շրջանների բնակիչներն ավելի հավատացյալ են։ Որոշակիորեն կրոնականացված է Բաքվի հյուսիսային Նարդարան շրջանը։
Չնայած Ադրբեջանն աշխարհիկ երկիր է, սակայն լինելով հարևան Իրանին, Թուրքիային և Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանին, նաև գտնվելով Մերձավոր Արևելքի հարևանության մեջ, թիրախ է արտաքին իսլամական ազդեցության համար։ 1990-ականներից սկսած Ադրբեջանում սկսեցին հիմնավորվել արմատական իսլամիստական շարժումներ։ Ադրբեջանում գործող միջազգային առաջին արմատական կազմակերպությունը «Ալ-կաիդայի» հետ կապեր ունեցող «Ալ-ջիհադն» էր։ Նմանօրինակ կազմակերպությունների շարքում էին «Ջեյշուլլահը», «Հիզբ ութ-թահրիրը», «Կովկասի իսլամական բանակը», «Ջամաաթ ալ-մուվահիդդունը», որոնք տարբեր ժամանակներում իշխանությունների կողմից հիմնականում չեզոքացվել են։ Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում փաստորեն առկա էին արմատական իսլամի առաջացման մարտահրավերներ։ Սակայն իշխանություններին հաջողվեց բռնությունների միջոցով կանխել այն սպառնալիքները, որ ներկայացվում էին որպես արտաքին ուժերի կողմից թելադրված։
Երկրորդ բաժինը, որ վերնագրված է «Արտաքին ազդեցություններ», ունի չորս ենթաբաժին՝ «Մերձավոր Արևելք», «Դաղստան ու Չեչնիա», «Իրան» և «Թուրքիա»։ Երիտասարդ ադրբեջանցիները, ովքեր 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին ուսանելու էին գնացել Սաուդյան Արաբիա, Քուվեյթ կամ Եգիպտոս, ինչպես նաև ուխտավորներն իրենց հետ Ադրբեջան բերեցին սալաֆի իսլամը, որ Ադրբեջանում ասոցացվում է վահաբականություն եզրի հետ։ Սալաֆի իսլամը, որը փաստորեն ներմուծվեց Մերձավոր Արևելքից, փորձեց լցնել այն հոգևոր վակուումը, որ օբյեկտիվորեն կար անկախացումից հետո, և որին առաջին հերթին ընդառաջ գնացին երիտասարդները։ Սալաֆի հետևորդների թիվը երկրում հաշվվում է շուրջ 10.000։ Երկրում գործել են սալաֆիական մի շարք կառույցներ՝ «Իսլամական ժառանգության վերածննդի կազմակերպությունը» (որ վերանորոգել է 62 մզկիթ, որոնցից չորսը՝ Բաքվում, ֆինանսավորել է Բաքվի Աբու Բաքր մզկիթի շինարարությունը), սաուդական «Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության» մասնաճյուղը և այլն։
Արաբական և Միջին Արևելքի այլ երկրներից Չեչնիայում կռվող մոջահիդները (որ անցնում էին նաև Ադրբեջանի և Դաղստանի տարածքով) նույնպես զգալի դեր են խաղացել սալաֆիականության տարածման համար։ Իսկ Ադրբեջանի հյուսիսում ապրող փոքրամասնությունները՝ լեզգիներ, ավարներ և ծախուրներ, էթնիկ սերտ կապեր ունեն Դաղստանում։ Բացի այդ, 2000-2001թթ. Ադրբեջանում հաստատված շուրջ 10.000 չեչեն փախստականներ սալաֆիական գաղափարների կրողներ էին։ Որոշ ադրբեջանցիներ միացել են դաղստանյան ջամաաթներին (ռազմական խմբավորումներին) կամ չեչեն ապստամբներին։ Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 300 ադրբեջանցիներ մարզվել են Չեչնիայի և Դաղստանի մարզական ճամբարներում։ Նման միտումներ ներկայումս էլ կան։
Ադրբեջանի անկախացումից հետո աստիճանաբար սկսեց ուժեղանալ իրանական ազդեցությունը։ «Իմամ Խոմեյնիի բարեգործական հիմնադրամն» օգնում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, երկիր էր ներմուծվում մեծաքանակ իրանական կրոնական գրականություն։ 1991թ. ստեղծվեց «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը», սակայն իշխանությունները մտավախություն ունեին, որ Իրանը կօգտագործի այդ կառույցը՝ ապակայունացնելու աշխարհիկությունը, և 1995-ին կուսակցությունն արգելվեց։ Ադրբեջանում գործել է իրանամետ «Հիզբալլահի» մասնաճյուղ, որին իշխանությունները 2000-ին մեղադրեցին 1997թ. ադրբեջանցի գիտնական Զիա Բունիաթովի սպանության մեջ։ 2001-ին իշխանությունները փակեցին իրանական բոլոր 22 մեդրեսեները՝ կրոնական դպրոցները։
Չնայած Ադրբեջանը շիական պետություն է, սակայն կրոնական ինստիտուցիոնալիզմի տեսակետից նման չէ Իրանին։ Այստեղ չկա շիա հոգևոր հիերարխիա, չկա մարջա ալ-թակլիդ՝ կրոնական սկզբնաղբյուր, որին հավատացյալները պետք է հղում անեն, Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամը դոգմաների և սուրբ օրենքների բացարձակ մեկնող չի համարվում։ Այս «բացերով» է պայմանավորված այն հանգամանքը, որ իրանցի միսիոներները կարող էին ազդեցություն ձեռք բերել որոշ շիա շրջանակներում։ Արդյունքում՝ մինչև 2000թ. իրանցի միսիոներները երկրից հեռացվեցին։
Այսօր Իրանի կրոնական ազդեցությունը շատ թույլ է, սակայն շարունակում են գործել «Իրանական մշակութային կենտրոնը» և «Իմամ Խոմեյնիի բարեգործական հիմնադրամը»։ Ամենայն հավանականությամբ Իրանը կապեր է հաստատում Ադրբեջանի հարավում ապրող թալիշական փոքրամասնության հետ։ Իրանական «Սոհար» հեռուստաալիքը, որ հեռարձակվում է նաև Ադրբեջանի հարավում, պարբերաբար խոսում է թալիշական փոքրամասնությունների իրավունքների մասին, քննադատում Բաքվի իշխանություններին։
Ադրբեջանի անկախությունից հետո առավել արմատավորվել է թուրքական սուննի իսլամը, քանի որ այն իշխանությունների կողմից ընդունելի ուղղություն է, համարժեք Ադրբեջանի աշխարհիկ պետության մոդելին։ Ադրբեջանի իշխանությունները կրոնական հարցերում Թուրքիայի հետ ակտիվորեն համագործակցում են։ Թուրքիան ֆինանսավորել է որոշ մզկիթների վերանորոգումը, մի շարք հոգևորականներ վերապատրաստվել են Թուրքիայում, Ադրբեջանից բազմաթիվ ուսանողներ են մեկնել Թուրքիա՝ սովորելու տեղի բարձրագույն իսլամական դպրոցներում։ Բաքվի համար ընդունելի է թուրքական իսլամի մուտքը կառավարական խողովակներով, սակայն Ադրբեջանում գործում են նաև թուրքական պաշտոնականից դուրս շրջանակներ, որոնցից է Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, մասնավորապես՝ Նուրսու խմբերը, որոնք 2007-ին Ալլահ Շյուքյուր Փաշազադեի կողմից հայտարարվել են «ոչ ցանկալի»։
Երրորդ բաժինը վերնագրված է «Անկախ իսլամական խմբեր», որում ներառված ա. «Սալաֆի խմբեր» ենթաբաժնում խոսվում է Բաքվի, Հյուսիսային Ադրբեջանի, սալաֆիների, խավարիջների մասին։ Այստեղ թերևս ամենակարևորը Բաքվում գործող Աբու Բաքր մզկիթի համայնքն է և նրա խարիզմատիկ առաջնորդը՝ Սաուդյան Արաբիայում կրթություն ստացած երիտասարդ Համեթ Սուլեյմանովը։
Երրոդ բաժնի հաջորդ՝ բ.ենթաբաժինը կոչվում է «Անկախ շիաներ»։ Դրանում հիմնականում շեշտադրված է Ջումա մզկիթի համայնքը, ներկայացված են այլ անկախ ուղղություններ, նաև՝ 2002 և 2006թթ. Նարդարանի դեպքերը։
Չորրորդ բաժինը, որ վերնագրված է «Պետության արձագանքը», բաժանված է հետևյալ ենթաբաժինների՝ ա. «Կրոնի պետական վերահսկում» (դրանում ներկայացված են «Օրենսդրական շրջանակ», «Կրոնական կազմակերպությունների գծով պետական հանձնաժողովը», «Կովկասի մահմեդականների վարչության բարեփոխումը» թեմաները) և բ.«Պետական ռեպրեսիաներ»։
Չորրորդ բաժնում ընդհանուր գծերով ներկայացվում են կրոնական ազատությունների և ինստիտուտների մասին օրենքում ամրագրված դրույթները, քննարկվում է իսլամի ու պետության փոխհարաբերությունների հարցը։
Եզրակացության մեջ արված են հետևյալ հետևությունները. անկախ կրոնական համայնքները, որոնք գործում են Կովկասի մահմեդականների վարչության վերահսկողությունից դուրս, իշխանության կամ էլ երկրի աշխարհիկ կենսակերպին վտանգ չեն ներկայացնում։ Միևնույն ժամանակ, չկա որևէ խումբ, որին կարելի է համարել ջիհադական։ Մի քանի խմբեր, որոնք հրապարակավ խոսում են իսլամական պետության ստեղծման մասին, իրենց ծրագրերն իրականացնելու համար բավարար ռազմավարական հայեցակարգերի և գործադրման մեխանիզմների չեն տիրապետում։ Իշխանությունները, սակայն, չափազանցում են իսլամիզմից եկող սպառնալիքները՝ հիմնավորելու ռեպրեսիաները և վերահսկելու կրոնական կյանքը, որը միտումներ ունի քաղաքականացվելու և արմատականանալու մասնավորապես կրոնականացված այն շրջանակներում, ովքեր բռնությունների են ենթարկվել ոստիկանության կողմից։
Նշվում է, որ կառավարությունը սկսել է ավելի մեծ տեղ տալ չափավորներին։ Ասենք, մեծ ջանքեր պետք է գործադրվեն միջին տարիքի քաղաքացիների կրոնական կրթության կազմակերպման հարցում, հոգևորականները պետք է քաջալերվեն։ Իսլամի և իսլամական ինստիտուտների վերաբերյալ պետք է հասարակական դիսկուրսներ կազմակերպվեն, որոնցում պետք է ներգրավվեն անկախ և պաշտոնական հոգևորականներ, գիտնականներ, ՀԿ ներկայացուցիչներ։ Իրենց հերթին, անկախ կրոնական համայնքները, մասնավորապես սալաֆիական խմբերը, իրենց անդամներին պետք է նախազգուշացնեն ահաբեկչության և մարտնչող իսլամի հնարավորության մասին և պետք է երկխոսության մեջ լինեն պաշտոնական իսլամի և իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Հավելվածում զետեղված է Ադրբեջանի քարտեզը, ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբի գործունեության, նպատակների և աշխարհագրության մասին տեղեկություններ։
Միջազգային ճգնաժամային խմբի «Ադրբեջան. անկախ իսլամը և պետությունը» խորագրով զեկույցը մեզանում ունի գիտական, աղբյուրագիտական և գործնական կարևոր նշանակություն և օգնում է բացահայտել Ադրբեջանում իսլամական գործոնին վերաբերող մի շարք իրողություններ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]