ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Կրոնական գործընթացները հետխորհրդային իսլամադավան աշխարհիկ հանրապետություններում, այդ թվում Ադրբեջանում, ունեն որոշակի առանձնահատկություններ։ Դրանք էականորեն տարբեր են իսլամի ավանդական տարածման այլ շրջաններում ծավալվող համանման գործընթացներից, որտեղ իսլամի ինստիտուցիոնալիզմն ունի խոր պատմական արմատներ։
Խորհրդային շրջանում, զրկված լինելով հասարակական-քաղաքական դերակատարությունից, իսլամն Ադրբեջանում սահմանափակված էր կենցաղային-ավանդական գործառույթներով։ Անկախության ձեռքբերումից հետո այն վերարժեւորվեց` որպես ադրբեջանական ինքնության մի բաղադրիչ: Բացվեցին կամ վերաբացվեցին բազմաթիվ մզկիթներ եւ կրոնական դպրոցներ` մեդրեսեներ, ձեւավորվեց արտերկրի հայտնի իսլամական կենտրոններում ուսանածների մի շերտ: Վերականգնվեցին իսլամական տոները, իսլամի քարոզումը բարձրացվեց պետական մակարդակի: Պետության կողմից իսլամը դիտարկվեց որպես կարեւորագույն արժեք, ընդգծվեց ադրբեջանական իսլամի յուրահատուկ ազգային բնույթը։ Պետության եւ կրոնի հարաբերությունները կարգավորվեցին որոշակի օրենքներով, իսկ սահմանադրության մեջ ամրագրվեց հավատքի ազատության մասին դրույթը: 1994թ. նախագահ Հեյդար Ալիեւի այցելությունը Մեքքա երկրում մեծացրեց կրոնի նշանակությունը:
Այս իրողությունները, սակայն, չնպաստեցին իսլամի ինստիտուցիոնալացմանը, հասարակական կյանքում նրա դերի հստակեցմանը: Չնայած Ադրբեջանում գործում են հոգեւոր կյանքը կանոնակարգող թե՛ կրոնական (Կովկասի մահմեդականների վարչություն), թե՛ պետական (Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտե) կառույցներ, սակայն հասարակության առանձին շրջանակներ չեն վստահում ավանդական կրոնական հաստատություններին եւ աստիճանաբար ներգրավվում են ոչ ավանդական կրոնական ուղղություններում: Տարածում է գտնում նաեւ կրոնական արմատականությունը, ինչն իսլամի քաղաքականացման հնարավորություն է ստեղծում։ Մարդու իրավունքների եւ տարաբնույթ այլ միջազգային կառույցների` Ադրբեջանին վերաբերող զեկույցներում իշխանություններին խորհուրդ է տրվում իսլամի եւ իսլամական ինստիտուտների վերաբերյալ հասարակական դիսկուրսներ կազմակերպել` դրանցում ներգրավելով անկախ եւ պաշտոնական հոգեւորականների, ՀԿ ներկայացուցիչների, մտավորականների։
Ի տարբերություն քրիստոնեական եկեղեցու, որը կենտրոնացված ձեւով փորձում է կարգավորել կրոնական խնդիրները, իսլամում նման կառույց չկա: Ադրբեջանում կրոնական խմբերի հիմնական մասը համագործակցում է կառավարության հետ եւ ճանաչում պետության կողմից հովանավորվող Կովկասի մահմեդականների վարչության հոգեւոր իշխանությունը։ Սակայն կան առանձին կրոնական խմբեր, որոնք չեն ենթարկվում վարչությանը, որը հասարակության մեջ այդքան էլ հեղինակություն չի վայելում: Առանձին դեպքերում ավելի ազդեցիկ են անկախ իմամները, որոնք ներկայացնում են Ադրբեջանի համար իսլամի թե՛ ավանդական, թե՛ ոչ ավանդական ուղղությունները: Նրանցից են Աբու Բաքր մզկիթի իմամ Համեթ Սուլեյմանովը եւ Ջումա մզկիթի նախկին իմամ, իրավապաշտպան Իլղար Իբրահիմօղլուն: Նրանց հետ կրոնական էլիտան չի փորձում երկխոսել` ցավոտ ընկալելով երկրում կրոնական այլախոհության փաստը։
Չնայած Ադրբեջանը հիմնականում շիադավան պետություն է, սակայն կրոնական ինստիտուցիոնալիզմի տեսանկյունից նման չէ ամենամեծ շիական պետությանը` Իրանին։ Այստեղ չկա շիա հոգեւոր հիերարխիա, չկա մարջա’ աթ-թակլիդ` կրոնական սկզբնաղբյուր, որին հավատացյալը պետք է հետեւի։ Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամը սուրբ օրենքների եւ իսլամի դոգմաների բացարձակ մեկնող չի համարվում։
2006թ. անցկացված հարցախույզի տվյալներով` խորքային հավատացյալ է բնակչության 7,2 տոկոսը, 49.7 տոկոսը հավատում է Աստծուն, սակայն գործնականում չի իրականացնում իսլամի սկզբունքները։ Մահմեդական բնակչության 2/3-ը շիա է, 1/3-ը` սուննի։
Իր հերթին, հասարակական-քաղաքական կյանքում իսլամի ազդեցության ընդլայնումից խիստ զգուշանում է պետությունը, որը ձգտում է զսպել կրոնականացումը եւ պահպանել երկրի աշխարհիկ բնույթը։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշումներ եւ բռնություններ են իրականացրել կրոնաքաղաքական կուսակցությունների, իսլամամետ գործիչների, Ադրբեջանում հաստատված իսլամական ոչ ավանդական ուղղությունների եւ կրոնական ակտիվիստների նկատմամբ: Այս իրողություններն էապես խոչընդոտում են երկրում իսլամական դիսկուրսի ազատ ծավալմանը, հասարակական-քաղաքական կյանքում իսլամի դերի հստակեցմանը:
2006թ. սկզբից իսլամական գործոնը սկսեց ավելի կարեւոր դեր խաղալ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում, ինչը պայմանավորված էր թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոններով: 2005թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների հերթական կեղծումը մեծ հիասթափություն առաջացրեց արեւմտյան արժեքների եւ ընդհանրապես Արեւմուտքի նկատմամբ: Աստիճանաբար քաղաքական դաշտում ի հայտ եկան զարգացման իսլամական ուղու կողմնակիցներ:
Ադրբեջանական հասարակությունը սկսեց ավելի զգայուն դառնալ նաեւ աշխարհաքաղաքական գործընթացներում իսլամին առնչվող իրողությունների նկատմամբ, ինչն ի հայտ բերեց հակաամերիկյան տրամադրություններ: 2005թ. սկիզբ առած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատերազմին արձագանքեցին նաեւ Ադրբեջանում: Փետրվարի սկզբին Բաքվում, ապա Բաքվից ոչ հեռու գտնվող եւ կրոնականացված շրջան համարվող Նարդարանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ: Հրկիզվեցին ԱՄՆ-ի, Իսրայելի, Դանիայի, նաեւ` Հայաստանի եւ Շվեյցարիայի դրոշները: Փետրվարի 11-ին Ադրբեջանում ոչ շատ հայտնի «Ենի խաբար» թերթը հրատարակեց Հիսուս Քրիստոսի եւ Մարիամ Աստվածածնի ծաղրանկարները: Ապրիլին հրեական կազմակերպությունները սպառնալիքներ ստացան մինչ այդ անհայտ «Մուսուլման եղբայրներից»: 2006թ. ամռանը իսրայելա-լիբանանյան պատերազմի ժամանակ Բաքվում եւ մի քանի այլ բնակավայրերում տեղի ունեցան ոչ ստվարաթիվ հակաիսրայելական միտինգներ, ինչն աննախադեպ էր:
2006թ. գարնանը Բաքվում եւ Սումգայիթում 600 երիտասարդների շրջանում Կրոնական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցախույզի մասնակիցների 9 տոկոսը կողմ է արտահայտվել Ադրբեջանում իսլամական պետության ստեղծմանը:
Հետաքրքրական է նաեւ 2006թ. ապրիլ-մայիս ամիսներին Տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի` ողջ երկրի տարածքում 1000 հարցվածների շրջանում անցկացրած հարցախույզը: Իսլամական պետության գաղափարին այս դեպքում կողմ է եղել հարցվածների 19 տոկոսը, 30 տոկոսը կողմ է եղել մասնակիորեն: Այլ կերպ ասած` մոտ 50 տոկոսն իսլամական բարոյական արժեքների կողմնակից է: Հարցվածների 40 տոկոսը միջազգային հարաբերություններում պատրաստ է աջակցել ցանկացած իսլամական պետության, եթե վերջինս խնդիր ունի որեւէ ոչ իսլամական երկրի հետ:
Վերջին տարիներին Ադրբեջանում որոշակիորեն ավելացել են նաեւ իսլամական գլխաշոր կրողները, որոնք բախվում են բազմաթիվ սոցիալական խնդիրների հետ: 1999թ. օրենքի ուժ ստացավ պաշտոնական փաստաթղթի համար գլխաշորով նկարվելու արգելքը: 2007թ. ադրբեջանական խորհրդարանը պատրաստվում էր քննարկել «Կրթության մասին» օրենքի նախագիծը, որն արգելում էր կրթական հաստատություններում գլխաշոր կրել։ Սակայն խնդիրը հասարակական մեծ հնչեղություն ստացավ եւ դուրս բերվեց օրենսդրական դաշտից:
Ադրբեջանում այսօր կան կրոնականացված շրջանակներ, որոնք առաջ են քաշում իսլամը պետական կրոն հռչակելու, իսլամական օրենքներն իրավական դաշտ մտցնելու, իսլամի ազդեցությունը հասարակական կյանքում ընդլայնելու գաղափարներ։ Ադրբեջանում, օրինակ, հարց է բարձրացվել բազմակնության եւ ժամանակավոր ամուսնության մասին օրենք մտցնելու մասին։ Պահանջվել է, որպեսզի չարգելվի կնոջը պաշտոնական փաստաթղթի համար լուսանկարվել գլխաշորով:
Որոշակի կրոնականացվածություն նկատվում է երիտասարդության եւ մտավորականության առանձին շերտերում, այդ թվում` Բաքվում։ Բնականաբար, իսլամական քարոզչությունն առավել արդյունավետ է սոցիալապես անապահով շրջաններում, որոնք պետության անգործության ֆոնին իսլամի մեջ նեցուկ են տեսնում։ Այս առումով, իսլամը զգալի ներուժ ունի` դառնալու գաղափարախոսական հենք սոցիալական շարժումների համար։
Ադրբեջանցի առանձին ուսումնասիրողների կարծիքով` կրոնական ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, վտանգ են ներկայացնում աշխարհիկ պետության գոյությանը, ինչը հաղթահարելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան հայեցակարգ: Արաբագետ Նարիման Ղասիմօղլուի կարծիքով` նմանօրինակ խնդիրներն առաջանում են, քանի որ պետությունը չի սահմանել իսլամի տեղն ու դերը քաղաքացիական հասարակության մեջ, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ Նշվում է, որ իշխանությունները չեն կարող միայն վարչական-իրավական մեխանիզմներով լուծել կրոնական խնդիրները:
Իսլամի եւ դեմոկրատիայի ինստիտուտը, որի տնօրենը Ղասիմօղլուն է, մշակել է «Ադրբեջանական հասարակության մեջ իսլամի տեղի ու դերի սահմանման հայեցակարգը», որի կենտրոնական տարրը պետության կրոնական-լուսավորչական գործունեությունն է: Պետությունը, չնայած իր աշխարհիկ բնույթին, պետք է ուղղորդի այն։ Իսլամը պետք է լինի ոչ թե առանձին անհատների, կրոնական գործիչների կամ համայնքների, այլ` ժողովրդի մենաշնորհը։ Դպրոցներում, կրթական հաստատություններում պետք է մտցվեն Ղուրանի դասեր, իսլամական սկզբունքները, տարակարծություն չառաջացնելու համար, պետք է մեկնաբանվեն միայն Ղուրանի եւ ոչ թե իսլամական այլ սկզբնաղբյուրների տեսանկյունից։ Կրոնական ծեսերը, ծիսակարգերը, քարոզները պետք է իրականացվեն միայն ադրբեջաներենով, որպեսզի իսլամը մատչելի լինի։ Հիշյալ ուղին կարող է համախմբել հասարակությանը միասնական կրոնական- էթիկական արժեքների շուրջ, հաղթահարել կրոնական երկփեղկվածությունն ու արմատականությունը` միեւնույն ժամանակ խուսափելով աշխարհիկության դեմ ուղղված վտանգներից:
Հարկ է նշել, որ կրոնականացման աճին ըստ էության նպաստում են ադրբեջանական հասարակության մեջ առկա բեւեռացումը, բարոյական արժեքների անկումը, ժողովրդավարության պակասը, որոնք հանգեցնում են հիասթափության աշխարհիկ արժեքների եւ ավանդական կրոնական ինստիտուտների նկատմամբ:
Սակայն ներկայումս հասարակական պահանջը աշխարհիկության պահպանումն է։ Այդ են վկայում նաեւ պարբերաբար անցկացվող հարցախույզները։ Ադրբեջանում ավանդական եւ ոչ ավանդական կրոնական ուղղությունները չեն կարող առաջիկայում քաղաքական նշանակություն ձեռք բերել: Մի քանի խմբեր, որոնք հրապարակավ խոսում են իսլամական պետության ստեղծման մասին, իրենց ծրագրերն իրականացնելու համար համապատասխան ռազմավարական հայեցակարգերի եւ գործադրման մեխանիզմների չեն տիրապետում։ Իրենց հերթին, իշխանությունները չափազանցում են քաղաքական իսլամից եկող սպառնալիքները` հիմնավորելու բռնությունները եւ վերահսկելու կրոնական դաշտը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ[21.01.2011]
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ[03.12.2010]
- ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.11.2010]
- ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ[19.10.2010]
- ԻՐԱՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ[22.09.2010]
- ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ[22.07.2010]