• am
  • ru
  • en
Версия для печати
06.11.2008

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ (նախագահական ընտրությունների շրջանում)

EnglishРуский

   

Արաքս Փաշայան

islamic factor (medium)Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում մեծամասնությամբ հաղթանակ տարավ «Ենի Ազըրբայջան» իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածու, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը՝ ստանալով քվեների մոտ 89 տոկոսը: Հատկանշական է, որ Ադրբեջանի գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել էին ընտրությունները, որին մասնակցող և ընդդիմադիր կեցվածք ունեցող թեկնածուներից ոչ մեկն ազդեցիկ գործիչ չէր։

Ադրբեջանում նախընտրական գործընթացն ընթացավ հիմնականում առանց ցնցումների: Այս առումով, թերևս, բացառություն է օգոստոսի 17-ին, երեկոյան աղոթքի ժամանակ, Բաքվի Աբու Բաքր սուննիական մզկիթում տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ։ Վիրավորվեց նաև մզկիթի իմամը` իր համայնքում մեծ հեղինակություն ունեցող Հաջի Համեթ Սուլեյմանովը: Միջադեպն աննախադեպ էր և մեծ հնչեղություն ստացավ: Պատահական չէ, որ գործի հետաքննության հսկողությունն անձամբ ստանձնեց Իլհամ Ալիևը, ով հետագայում, արդեն Ռամադանին հաջորդած տոնի առիթով, շնորհավորելով Ադրբեջանի իսլամ բնակչությանը, որոշ պոպուլիստական հայտարարություններ արեց այն մասին, որ Ադրբեջանում, որը կրոնական և էթնիկ հանդուրժողականության օրինակ է, կրոնական հակասություններ չկան և չեն եղել։

Որոշակի վահաբական ուղղվածություն ունեցող մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Ադրբեջանում մի քանի տեսակետներ հնչեցին: Պաշտոնական վարկածի համաձայն` պայթյունը նպատակ ուներ նախագահական ընտրություններից առաջ ապակայունացնել սոցիալ-քաղաքական իրավիճակը երկրում: Նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Այդին Միրզազադեն: Իսկ Ադրբեջանի նախագահին կից գործադիր մարմնի ղեկավար Ռամիզ Մեհտիևի բացատրության մեջ պարզ ակնարկ կար այն մասին, որ իսլամական կրոնաքաղաքական հոսանքների արմատականացում պետությունը չի հանդուրժելու. «Մենք չենք պատրաստվում արգելել վահաբականությունը երկրում, սակայն եթե այս կամ այն դավանանքի առանձին ներկայացուցիչներ… գործեն արմատական ձևով, նրանց գործունեությունը կվերցվի օրենքի շրջանակի մեջ»։

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, շեյխուլիսլամ Հաջի Ալլահշյուքյուր Փաշազադեի կարծիքով` պայթյունը երկու խմբավորումների միջև առկա հակասությունների արդյունք է: Նմանատիպ մեկ այլ վարկածի համաձայն` ահաբեկչությունը կարող էին կազմակերպած լինել արմատական իսլամի կողմնակիցները, որոնք, չնայած իրենց չափազանց քիչ թվաքանակին, պայքարում են Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծելու համար: Իսկ Համեթ Սուլեյմանովը հայտնի է արմատական խմբավորումների դեմ իր բացասական կեցվածքով, ուստի ահաբեկչությունը կարող էր նաև անձնավորված լինել:

Չի բացառվում, որ Ադրբեջանում իսլամի տարբեր ուղղությունների միջև ծայր առնող հակասությունները ոչ պակաս շահեկան են հենց պետության համար, որը, որպես կանոն, հարմար առիթի է սպասում` կասեցնելու նրանց գործունեությունը։ Հայտնի է, որ իսլամի տարբեր ուղղությունների (այդ թվում` վահաբականների) դեմ պարբերաբար իրականացվում են ճնշումներ ու ձերբակալություններ: Պետությունը խստորեն վերահսկում է կրոնական համայնքների, կազմակերպությունների և կրոնաքաղաքական ուժերի գործունեությունը` միաժամանակ ամեն գնով կասեցնելով երկրում իսլամի քաղաքական մշակույթի ձևավորումը:

Մարդու իրավունքների պաշտպան, Բաքվի շիական Ջումա մզկիթի նախկին իմամ Իլղար Իբրահիմօղլու կարծիքով` ադրբեջանական հասարակությունը պետք է դիտարկի միջադեպը որպես հարված Ադրբեջանի հոգևոր և բարոյական անվտանգությանը: Ըստ այդմ` այն արդյունք է Ադրբեջանում իսլամի ոչ ճիշտ լուսաբանման և վտանգում է պետականությունը:

Իսլամագետ Էլմիր Կուլիևի ենթադրությամբ՝ Աբու Բաքր մզկիթում տեղի ունեցած պայթյունը տագնապալից ազդանշան է, որը ստիպում է վերանայել Ադրբեջանում կրոնական մշակույթի նկատմամբ վերաբերմունքը։ Ըստ նրա՝ կրոնական արմատական և կրոնաքաղաքական գաղափարներին պետք է հակադրել բարոյաէթիկական արժեքներ և հնարավորինս շուտ մշակել հայեցակարգ պետության և էթնոդավանական ու կրոնադավանական հարաբերությունների վերաբերյալ, նաև` հիմք դնել կրոնական կրթության բազմաշերտ համակարգի։

Տեսակետ հնչեց նաև արտաքին ուժերի միջամտության մասին. նման կարծիք հայտնեց Ադրբեջանի իսլամական կուսակցությունը, որը իշխանությունների կողմից փակվել է 1995-ին` Իրանից ֆինանսավորվելու և ղեկավարվելու հիմնավորմամբ, սակայն ներկայումս գործում է կիսալեգիտիմ ձևով:

Չնայած Ադրբեջանի, հատկապես Բաքվի բնակչությունն, ընդհանուր առմամբ, աշխարհիկ ավանդույթների կրող է, սակայն շրջանները որոշակիորեն կրոնականացված են։ Պատահական չէ, որ նախագահի առանձին թեկնածուներ նպատակ ունեին շահել հենց այդ շրջանակների համակրանքը։

«Մեծ արարման կուսակցության» առաջնորդ Ֆազիլ Ղասանֆարօղլուն առաջարկեց վերացնել խիստ ցավոտ հարց համարվող՝ համալսարաններում իսլամական գլխաշոր կրելու արգելքը և իսլամ ուսանողուհիների համար ստեղծել համազգեստ, որն ազատ կլինի իրանական, թուրքական կամ սաուդական տարրերից։ Նրա կարծիքով՝ պետությունն առավել հանդուրժողական պետք է լինի հավատացյալների նկատմամբ՝ թույլ տա, որպեսզի վերջիններս աղոթեն մզկիթից դուրս կամ որպեսզի ազանի ձայնը հնչի մզկիթի սահմաններից դուրս։ Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ղուլամհուսեյն Ալիբեյլին, տարօրինակ համարեց նախագահական ընտրություններում որպես գործոն իսլամի բացակայությունը։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարվում են, որի ապացույցն, օրինակ, ոստիկանների կողմից մարդկանց սափրվել ստիպելն է կամ ազատորեն աղոթքն արգելելը։

Մինչդեռ Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, «Իսլամն Ադրբեջանում» մենագրության հեղինակ Արիֆ Յունուսովը հավատացած է, որ ադրբեջանական հասարակության և երկրի քաղաքական կյանքում իսլամական գործոնի դերը գնալով աճում է։ Նրա կարծիքով՝ իրականում երկրում պայքար կա երկու գաղափարախոսությունների՝ հեյդարիզմի և իսլամիզմի միջև, որն այլընտրանքային է։ Մինչդեռ կառավարությունը կրոնի նկատմամբ որևէ քաղաքականություն չունի, այլ միայն օգտագործում է խորհրդային շրջանին բնորոշ բռնության մեթոդաբանությունը։

Եզրակացություններ

  • Ադրբեջանի իշխանությունները մշտապես ձգտում են թուլացնել կրոնի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ հստակ գիտակցելով, որ իսլամը կարող է դառնալ անվերահսկելի քաղաքական գործոն ներքաղաքական կյանքում, հատկապես ընտրությունների շեմին: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Աբու Բաքր մզկիթում տեղի ունեցած պայթյունը ոչ պակաս ձեռնտու էր պետությանը, և պատահական չէ, որ նախընտրական ողջ գործընթացի շրջանում մզկիթը, փաստորեն, փակված մնաց:
  • Պատահական չէ, որ պայթյունից օրեր անց Աբու Բաքր մզկիթի շրջակայքի բնակիչները դիմել են Բաքվի քաղաքային իշխանություններին՝ պահանջելով անվտանգության շարժառիթներով փակել մզկիթը։
  • Չնայած մեկ անգամ չէ, որ իշխանությունները հայտարարել են, թե ձգտում են, որպեսզի Ադրբեջանում ձևավորվի առողջ և կառուցողական ընդդիմություն, իրականում հազիվ թե դժգոհ լինեն, որ երկրում կենսունակ քաղաքական ուժեր (այդ թվում՝ քաղաքական իսլամին հարող գործիչներից) չկան։
  • Հատկանշական է, որ 2005թ. նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին նույնպես իշխանությունները վահաբականության շուրջ հասարակական դիսկուրս սկսեցին: Այդ շրջանում ավելի ու ավելի շատ էր խոսվում այն մասին, որ վահաբականությունը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի քաղաքական կայունությանը։ Ընտրությունների նախօրեին իշխանությունները կրոնական գործիչներին արգելեցին քաղաքականությամբ զբաղվել:
  • Մզկիթում իրականացված պայթյունը կարող է ստեղծել որոշակի նախադեպ նմանատիպ ահաբեկչությունների համար, որին կարող են դիմել ոչ միայն ներքին ուժերը, այլև արտաքին դերակատարները, որոնց համար Ադրբեջանի ներքաղաքական կյանքի անկայունացման համար, որպես խաղաթուղթ, կարող է օգտագործվել իսլամական գործոնը:
  • Ներկայումս ադրբեջանցի հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ իշխանություններին կոչ են անում ընդլայնել երկրում կրոնական դիսկուրսը, մշակել հասարակական կյանքում իսլամի դերին առնչվող հայեցակարգեր, առավել ճկուն դարձնել պետության և կրոնական շրջանակների միջև հարաբերությունները, կրոնական արմատականացմանը հակադրել էթիկական և բարոյական այլ արժեքներ, ձևավորել կրոնական կրթության զարգացած համակարգ, ինչը հնարավորություն կտա խուսափել իսլամական գործոնի հետ կապված վտանգներից։
  • Ադրբեջանում առկա քաղաքական վակուումը, ընդդիմադիր գործիչների անգործությունը, նաև` սոցիալական խնդիրները, Ադրբեջանում ունեն իսլամի քաղաքականացման լուրջ հեռանկար։ Իսլամը զգալի ներուժ ունի` դառնալու գաղափարախոսական հենք սոցիալ-քաղաքական շարժումների համար:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր