• am
  • ru
  • en
Версия для печати
06.10.2009

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

   

Արաքս Փաշայան

Abu_Bakr (medium)Վերջին շրջանում Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում իսլամն էական նշանակություն է ձեռք բերել: Իսլամի դերի ակտիվացումն Ադրբեջանում, ըստ էության, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են` սոցիալ-տնտեսական խնդիրները, հիասթափությունն իշխանությունների եւ պաշտոնական իսլամի ներկայացուցիչների նկատմամբ, խոսքի ազատության բացակայությունը եւ այլն: Գիտակցելով աշխարհիկ ինստիտուտներին սպառնացող մարտահրավերները` Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձում են թուլացնել կրոնի դերը, ինչը դրսեւորվում է կրոնական իրողությունների նկատմամբ տարաբնույթ սահմանափակումների կիրառմամբ: Իսլամական աղոթքի հրապարակային դրսեւորումները կանխելու նպատակով 2008-ին արգելվեց մզկիթի բակում կամ հարակից տարածքում աղոթելը: Բացի այդ, Ադրբեջանում արգելված է իսլամական գլխաշորով (հիջաբ) մուտք գործել կրթական հաստատություններ, պաշտոնական փաստաթղթերի համար գլխաշորով նկարվել: Փաստացիորեն, Հեյդար Ալիեւի իշխանության գալուց ի վեր եւ մինչ օրս պաշտոնական իսլամից դուրս գործող կրոնական քարոզիչների, ինչպես նաեւ կրոնականացված տարրերի նկատմամբ իրականացվել են տարաբնույթ ճնշումներ:

Վերջին շրջանում իսլամի հարցում ադրբեջանական իշխանությունների մոտեցումներում նշմարելի են որոշակիորեն կոշտ շեշտադրումներ, ինչը փաստում է երկրում իսլամական գործոնի ակտիվացումը կանխելու իշխանությունների ձգտումը: 2009թ. հունիսի վերջին Ադրբեջանի խորհրդարանը կրոնի դավանման ազատության մասին օրենքում փոփոխություններ մտցրեց, համաձայն որի` արտերկրում աստվածաբանական կրթություն ստացած անձանց արգելվում է իսլամական կրոնական արարողություններ վարելը: Դրանք կարող են իրականացնել միայն Արդբեջանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր կրոնական կրթություն են ստացել Ադրբեջանում: Այդ գործընթացի վարումն ամբողջովին փոխանցվեց Կովկասի մուսուլմանների վարչությանը (ԿՄՎ): Այդպիսով, իշխանությունները փորձեցին օրենքի ուժով կասեցնել Ադրբեջանի համար ոչ ավանդական կրոնական ուղղությունների քարոզիչների եւ որոշակիորեն ընդդիմադիր հոգեւորականների գործունեությունը:

Հայտնի է, որ Ադրբեջանի անկախացումից ի վեր բազմաթիվ երիտասարդներ կրոնական կրթություն են ստացել իսլամական աշխարհի տարբեր, այդ թվում` սուննիական աստվածաբանական կենտրոններում, ինչը նաեւ իրականացվել է պաշտոնական խողովակներով: Նրանց մեջ կան բավական խարիզմատիկ գործիչներ, որոնցից է Բաքվի «Աբու Բաքր» մզկիթի երիտասարդ իմամ, սուննի իսլամի սալաֆիական ուղղության քարոզիչ Հաջի Համեթ Սուլեյմանովը, ով աստվածաբանական կրթություն է ստացել Սաուդյան Արաբիայում:

Վերջերս Ադրբեջանի հասարակական առանձին շրջանակներում դժգոհությունների ալիք առաջացրին մի քանի մզկիթների փակման եւ քանդելու մասին իշխանությունների որոշումները: Դրանք քննարկման առարկա դարձան սեպտեմբերի 7-ին Բաքվում «Խղճի եւ կրոնի դավանության ազատության պաշտպանության կենտրոնի» (DEVAMM) նախաձեռնությամբ «Իսլամական մշակույթի մայրաքաղաքի մզկիթների քանդումը» խորագրով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ: Բանախոսների համոզմամբ` միայն 2009 թվականին երեք մզկիթ քանդելու իրողությունն աննախադեպ է, ինչը հեղինակազրկում է Ադրբեջանն իսլամական աշխարհում, այն դեպքում, երբ 2009-ին Բաքուն Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) կողմից հայտարարվել է իսլամական մշակույթի մայրաքաղաք:

Նախ, ապրիլի 25-ին Բաքվում բարեկարգման հիմնավորմամբ փակվեց Շեհիդլար մզկիթը, որ կառուցվել էր Թուրքիայի կրոնական վարչության կողմից: Դրանից հետո քանդվեց Բաքվի Մուհամեդ մարգարեի մզկիթը` որպես «անօրինական շինություն»։ Որոշ փորձագետներ մզկիթի քանդումը կապեցին կրոնական ծայրահեղականության վտանգի եւ ապրիլին Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում կազմակերպված ահաբեկչության հետ: Մայիսի 10-ին փակվեց եւ մյուս օրը լուսադեմին քանդվեց 1940-ականների վերջերին Կասպից ծովի ափին գտնվող «Նավթային քարեր» վայրում կառուցված մզկիթը: Դեպքի կապակցությամբ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի կոմիտեի նախագահը հավաստիացրել էր, որ մզկիթը քանդվել է տեխնիկական անվտանգության շարժառիթով, քանի որ կառուցված է եղել կավային գրունտի վրա: Եվ միայն վերջերս իշխանությունները որոշում ընդունեցին քանդել Բաքվի «Ֆատիմեի-Զահրա» մզկիթը: Հատկանշական է, որ մզկիթը քանդելու մասին տնտեսական դատարանի որոշումը համընկավ Ռամադան ամսվա հետ, ինչը դիտարկվում է որպես անարգանք հավատացյալների հասցեին: «Ֆատիմեի-Զահրա» մզկիթի կրոնական համայնքի ղեկավար Հաջի Սեյիդի պարզաբանմամբ` իրենք 1996թ. գնել են հողը եւ մինչեւ 1998թ. հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա ձեռնամուխ եղել շինարարությանը, որը որոշ ժամանակ ընդհատվել է ֆինանսական դժվարությունների պատճառով: Իսկ երբ շինարարությունն այլեւս ավարտին է հասել, դատարանը որոշել է քանդել այն` որպես «անօրինական կառույց»: Շատերի կարծիքով` մզկիթը քանդելու իրական պատճառը դրա տարածքը վաճառքի հանելն է:

Գրեթե բոլոր բանախոսները միակարծիք էին այն հարցում, որ մզկիթ քանդելն Աստծու դեմ ուղղված հանցանք է, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: DEVAMM-ի նախագահ, շիա հոգեւորական, իրավապաշտպան Ի.Իբրահիմօղլին նույնիսկ վկայակոչեց ԻԿԿ պարագան` նշելով, որ միջազգային այդ կազմակերպության դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ կարող է փոխվել, մինչդեռ վերջինս միջազգային մակարդակում, որպես կանոն, ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին: Իբրահիմօղլու համոզմամբ` նույնիսկ խորհրդային ժամանակներում իշխանությունները թույլ չէին տա, որպեսզի կարճ ժամանակահատվածում միանգամից երեք մզկիթ քանդվի: Մզկիթները փակվում էին, բայց չէին քանդվում: Նրա համոզմամբ` Ադրբեջանի ապագա սերունդը մեծանում է մզկիթներ քանդող երկրի քաղաքացու բարդույթով:

«Մեշեդի Դադաշ» մզկիթի համայնքի ղեկավար Հաջի Շահին Ղասանլիի կարծիքով` երկու մզկիթների քանդումը ինչ-որ տեղ կարելի է համարել պատահականություն, սակայն երրորդի պարագայում խոսքը կրոնի դեմ նպատակաուղղված միտման մասին է: Նա մզկիթների քանդումը համարեց ոչ միայն հավատացյալների, այլեւ ողջ ադրբեջանական հասարակության խնդիրը: Հաջի Շահինի կարծիքով` Ադրբեջանում տագնապում են, որ, օրինակ, Շուշիի մզկիթը գտնվում է ողբալի վիճակում, բայց այն քանդված չէ:

Նշենք, որ 2008թ. օգոստոսին իշխանությունները փակեցին նաեւ «Աբու Բաքր» մզկիթը` պատճառաբանելով, որ նույն տարվա օգոստոսի 17-ին մզկիթի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո այն այլեւս անվտանգ չէ հավատացյալների համար: Սակայն իրականում իշխանություններին մտահոգում էր երկրում սալաֆիականության ընդլայնման փաստը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանում գաղափարախոսական բացը փորձ է արվում լրացնել առանձին մզկիթներում, որոնք խոսքի ազատության բացակայության պայմաններում դառնում են յուրօրինակ քաղաքական ակումբներ:

Հատկանշական է, որ Ադրբեջանում իսլամին առնչվող խնդիրների քննարկումների ժամանակ շատ դեպքերում քննադատության թիրախ է դառնում պաշտոնական իսլամը ներկայացնող Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, ԿՄՎ նախագահ Ալլահշյուքյուր Փաշազադեն, ով համարվում է իսլամի հարցում իշխանությունների գծի աջակիցը: Շատերը Փաշազադեին համարում են կոռումպացված գործիչ, ով առաջնային է համարում ոչ թե իսլամի, այլ` սեփական շահերը: Այդ տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում «Ֆատիմեի-Զահրա» մզկիթի փակման կապակցությամբ Փաշազադեին ուղղված Ի.Իբրահիմօղլու նամակը, որում վերջինս խիստ մտահոգություն է հայտնում Ռամադան ամսին մզկիթի փակման համար` զգուշացնելով անդրերկրային կյանքում դրա հետեւանքների մասին եւ խնդրում աջակցել: «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում շեյխուլիսլամը նշել է, որ տեղյակ է խնդրին եւ կանի ամեն ինչ, որպեսզի մզկիթը չքանդվի։

Նշենք նաեւ, որ Ադրբեջանի համար որոշակի վտանգ է ներկայացնում նաեւ իսլամական արմատականությունը, որն Ադրբեջան է ներթափանցում նաեւ Հյուսիսային Կովկասից: Ասվածի ապացույցը դաղստանյան ծագում ունեցող «Անտառային եղբայրներ» արմատական կազմակերպության գործունեությունն էր Ադրբեջանում: Վերջին շրջանում Հյուսիսային Կովկասի տարբեր շրջաններում տեղի ունեցող ահաբեկչությունները եւ իսլամական գործոնով պայմանավորված ներքաղաքական անկայունությունը տագնապի ալիք են ստեղծել նաեւ Ադրբեջանում: Կրոնական ծայրահեղականության հնարավոր տարածումն այդ երկրում մտահոգություն է ստեղծել հասարակական գրեթե բոլոր շրջանակներում, ինչը փորձում են փարատել իշխանությունները: Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Է.Գուլիեւը օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանը հյուսիսային շրջանում ամբողջովին վերահսկվում է: Իսկ օգոստոսի 19-ին Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի մամլո քարտուղարը նշել է, որ Հյուսիսային Կովկասում տեղի ունեցող դեպքերն Ադրբեջանի համար վտանգ չեն ներկայացնում ո՛չ կրոնական իրավիճակի, ո՛չ էլ կրոնական խմբերի գործունեության տեսանկյունից: Սակայն միշտ չէ, որ իշխանությունների հավաստիացումները միանշանակ են ընդունվում: Ադրբեջանցի լրագրող Ջ.Բայրամովայի կարծիքով` գաղափարախոսությունը հզոր երեւույթ է եւ կարող է հաղթահարել ցանկացած պատնեշ:

Ադրբեջանի հասարակական-քաղաքական եւ կրոնական առանձին գործիչներ համոզված են, որ կրոնական ծայրահեղականությունն Ադրբեջանում այլեւս տարածում է ստացել: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Ա.Ալիզադեի համոզմամբ` Ադրբեջանի կրոնական իրավիճակի վրա ակնհայտ է Հյուսիսային Կովկասի ազդեցությունը:

Պատահական չէ, որ Ադրբեջանում վերջին շրջանում շատ է քննարկվում կրոնական ծայրահեղականության հնարավոր ալիքը կանխելու հարցը: Հատկանշական է, որ այդ հարցում մոտեցումները տարբեր են: Կան տեսակետներ, որոնք սպասարկում են իշխանության քաղաքականությանը` փորձելով հիմնավորել կոշտ միջոցառումների անհրաժեշտությունը:

Սակայն կան նաեւ այլ տեսակետներ, որոնք դեմ են ուժային մեթոդներին եւ առաջ են քաշում այլ ուղիներ, մասնավորապես` բարեփոխումների գաղափարը: Համեթ Սուլեյմանովի համոզմամբ` իրավապահ մարմինների կողմից իսլամական արմատականության կանխումն անընդունելի է, քանի որ արդյունավետ չէ եւ հակառակ արդյունքը կունենա: Շահին Ղասանլիի կարծիքով` արգելելը ոչինչ չի տա, անհրաժեշտ է կրոնի մասին օրենքում լուրջ բարեփոխումներ մտցնել, երկրում զարգացնել կրոնական լուսավորչականությունը: Նրա համոզմամբ` փորձը ցույց է տալիս, որ կրոնական արմատականությունը մեծ թափ է ստանում կրոնի ազատության իրավունքները ոտնահարելու պարագայում, իսկ այդ դեպքում հասարակությունն ու երկիրը արմատականության տեսանկյունից ավելի խոցելի են դառնում:

Ադրբեջանցի իսլամագետ Էլմիր Կուլիեւի կարծիքով` կրոնական մշակույթը երկրում զարգացած չէ: Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի հարցում Կուլիեւն ունի սեփական տեսակետը։ Ըստ նրա` կրոնական արժեքները պետք է մեկնաբանեն ոչ թե փոքրաթիվ կրոնական խմբերն ու արտերկրից ժամանած միսիոներները, այլ հենց ադրբեջանցի մտավորականները: Նրա կարծիքով, եթե մարդիկ խորքից հասկանան իսլամը, ապա դժվար կլինի նրանց խաբել իսլամական սպառնալիքի մասին լեգենդներով, իսկ աղանդավորների քարոզներն Ադրբեջանում այլեւս պահանջարկ չեն ունենա:

Ադրբեջանում տարածում ունեցող առանձին տեսակետների համաձայն` իշխանությունները իսլամին վերաբերող հարցերում չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, իսկ կրոնական իրավիճակի ներկա կայունությունը խիստ հարաբերական է։ Այնպես որ` իսլամն Ադրբեջանում որոշակի պոտենցիալ ունի` դառնալու լուրջ գործոն հասարակական-քաղաքական զարգացումներում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր