• am
  • ru
  • en
Версия для печати
28.12.2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

   

Արաքս Փաշայան

2002թ. Թուրքիայում իշխանության եկած իսլամամետ Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը վերանայեց երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Արդյունքում` Թուրքիայի միջինարեւելյան, մասնավորապես` արաբական ուղղությունը ձեռք բերեց գերակա նշանակություն: Թուրքիան այն երկիրն է, որ շուրջ չորս հարյուր տարի, Օսմանյան կայսրության ժամանակ, Միջին Արեւելքի ամենաազդեցիկ դերակատարներից էր:

ԱԶԿ իշխանության գալուց ի վեր Թուրքիան նոր թափով սկսեց քայլեր ձեռնարկել` նվազեցնելու կամ չեզոքացնելու իր անվտանգությանը սպառնացող այն ռիսկերը, որ ձեւավորվել էին միջինարեւելյան տարածաշրջանում: Բացի այդ, Թուրքիան ձգտում է ակտիվ դերակատարություն ունենալ ոչ միայն մերձավորարեւելյան հակամարտությունների եւ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման հարցերում, այլեւ` արաբական իսլամական առանձին ուժային կենտրոնների եւ Արեւմուտքի միջեւ բարդ ու փխրուն հարաբերություններում: Այլեւս ակնհայտ է, որ Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանի հանգուցային պետությունը, որի համար նա, ըստ էության, ունի բավարար ռեսուրսներ:

Ներկայումս Թուրքիան սերտ կապեր ունի Սիրիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Իրաքի, Լիբանանի, Լիբիայի եւ արաբական այլ երկրների, այդ թվում` Պաղեստինյան ինքնավարության երկու հիմնական ուժերի` «Ֆաթհի» եւ «Համասի» հետ: Արաբական երկրների եւ Թուրքիայի հարաբերություններում օրակարգային են հատկապես տարածաշրջանային անվտանգության, առեւտրա-տնտեսական եւ էներգետիկ համագործակցության խնդիրները: Արաբական մի շարք երկրների հետ Թուրքիան պայմանագրեր ունի մուտքի արտոնագրային ընթացակարգի վերացման եւ ազատ առեւտրի կազմակերպման մասին։ Մեծ չափերի են հասնում արաբական երկրների հետ Թուրքիայի ապրանքաշրջանառության ծավալները: Արաբական աշխարհում Թուրքիայի հարաճուն ներգրավվածության ապացույցը Անկարայում ներկայացուցչություն ունենալու Արաբական պետությունների լիգայի ցանկությունն է։

Թուրքիան հստակորեն գիտակցում է, որ արաբական աշխարհում լեգիտիմանալու համար նախեւառաջ անհրաժեշտ է որոշակիորեն վերանայել հարաբերություններն իր ամենասերտ դաշնակիցներից մեկի` Իսրայելի հետ: Թուրքիան վերջին շրջանում սկսել է ակտիվորեն քննադատել այդ երկրի գործողությունները Ղազայում` նկատի ունենալով 2006թ. պառլամենտական ընտրություններում «Համասի» հաղթանակից հետո Ղազայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, 2007-ի հունիսից` ամբողջական շրջափակումը, իսկ 2008-ի դեկտեմբերից` լայնածավալ օդային, ապա` ցամաքային ռազմական գործողությունների իրականացումը: 2008-ի պատերազմի ընթացքում Անկարան քննադատեց ԱՄՆ-ին` Իսրայելին աջակցելու, եւ միջազգային քառյակին` բանակցային գործընթացից «Համասին» դուրս մղելու համար, որը, Թուրքիայի կարծիքով, պետք է ճանաչի Իսրայելի գոյությունը եւ այդպիսով մասնակից դառնա Միջին Արեւելքում խաղաղության հաստատմանը։ Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում Անկարան փորձեց կապեր հաստատել հակամարտող կողմերի հետ։ Թուրքիան աջակցություն հայտնեց Իսրայելի եւ «Համասի» միջեւ ռազմական գործողությունների դադարեցման Եգիպտոսի ծրագրին` որոշակիորեն նպաստելով 2009թ. հունվարի 18-ին զինադադարի հաստատմանը: Նախագահ Գյուլը հունվարի 19-ին մասնակցեց Շարմ ալ-Շեյխում Ղազայի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գագաթաժողովին։ Անկարան պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր զորքերն ուղարկել տարածաշրջան` միջազգային խաղաղապահ ուժերի կազմում։

Թուրք-իսրայելական հարաբերություններում առկա լարվածությունը գագաթնակետին հասավ 2009թ. հունվարի վերջին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Իսրայելի նախագահ Շ.Պերեսի եւ Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի միջեւ հայտնի բանավեճի ժամանակ: Դրանից հետո Իսրայելը հայտարարեց, որ Թուրքիան չի կարող անկողմնակալ միջնորդ լինել Իսրայելի եւ Սիրիայի միջեւ բանակցություններում, որոնք երկար ընդմիջումից հետո վերսկսվել էին 2008-ին` Թուրքիայի միջնորդությամբ: Սակայն կողմերին ի վերջո հաջողվեց հաղթահարել լարվածությունը, իսկ սույն թվականի նոյեմբերին Իսրայելը պատրաստակամություն հայտնեց վերսկսել Թուրքիայի միջնորդությամբ բանակցությունները։

Թուրքիան, ըստ ամենայնի, ցանկություն ունի ստանձնել «Ֆաթհի» եւ «Համասի» հակասությունները հարթելու առաքելությունը, ինչը դեռեւս չի հաջողվել որեւէ արաբական պետության:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա վերջինիս հետ Թուրքիան բավական լարված հարաբերություններ ուներ 1980–1990-ականներին, ինչը պայմանավորված էր քրդական շարժմանը Սիրիայի աջակցության հանգամանքով: Դրանով Դամասկոսը փորձում էր հակազդել Եփրատի եւ Տիգրիսի ջրային հոսքերն ամբողջովին վերահսկող Անկարային, որը Սիրիայի նկատմամբ ջրային սահմանափակումներ էր կիրառում։ 1998-ին երկու երկրների միջեւ նույնիսկ առաջացավ պատերազմի վտանգ, ինչը սակայն հնարավոր եղավ կանխել: Արդյունքում` Սիրիան դադարեց աջակցել քրդական շարժմանը, իսկ Թուրքիան Սիրիային հատկացրեց ջրի գոհացուցիչ չափաբաժին: Բացի այդ, Սիրիան դադարեց շեշտադրել Թուրքիայի հետ ունեցած տարածքային վեճը, որը կապված էր 1939թ. Ֆրանսիայի կողմից Սիրիայի կազմում գտնվող Ալեքսանդրեթի սանջակը Թուրքիային հանձնելու փաստի հետ: Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ միջպետական հարաբերություններն աննախադեպ զարգացան արդեն ԱԶԿ իշխանության գալուց հետո, Բաշար ալ-Ասադի կառավարման շրջանում` ներառելով համագործակցության գրեթե բոլոր ոլորտները: Վերջին շրջանում երկու երկրների համագործակցությունը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել, որի ապացույցը 2009թ. սեպտեմբերին Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին պայմանագրի ստորագրումն է:

Սիրիայի համար Թուրքիայի հետ համագործակցությունը շահեկան է, որի միջոցով Դամասկոսը ձգտում է հաղթահարել միջազգային մեկուսացումը: Իր հերթին, Թուրքիայի համար Սիրիայի հետ կապերը նույնպես կարեւոր են, քանի որ վերջինս արաբ-իսրայելական հակամարտության, ընդհանրապես տարածաշրջանային, այդ թվում` ներլիբանանյան զարգացումների ամենաառանցքային դերակատարներից է, որը Իրանի1 հետ միասին ծանրակշիռ ազդեցություն ունի «Հիզբալլահի» եւ «Համասի» նկատմամբ:

Ռազմավարական նշանակություն են ձեռք բերել Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունները, որոնք համագործակցում են գրեթե բոլոր ոլորտներում։ 2009թ. հոկտեմբերին Թուրքիան եւ Իրաքը ռազմավարական համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին պայմանագիր ստորագրեցին։ Իրաքի համար Թուրքիայի հետ հարաբերություններում առանցքային է ջրի խնդիրը, ինչպես նաեւ համագործակցությունն անվտանգության ոլորտում, իսկ Իրաքի համար Թուրքիայի հետ հարաբերություններում` էներգետիկ համագործակցությունը եւ քրդական հարցը, ինչը երկու երկրների միջեւ լարվածություն էր առաջացրել 2003-ից ի վեր։ Անկարայի եւ Բաղդադի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ բացվեցին անցյալ տարի, երբ Իրաք այցելեց Թուրքիայի վարչապետը: 2009թ. հունվարին Թուրքիան, Իրաքը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվածություն ձեռք բերեցին Քրդական աշխատավորական կուսակցության դեմ համատեղ պայքարի վերաբերյալ: Ներկայումս դրական շրջադարձ է նկատվում ոչ միայն Բաղդադի եւ Անկարայի, այլեւ Իրաքի քրդական վարչակարգի եւ Թուրքիայի հարաբերություններում, որը ուրվագծվեց Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուի` 2009թ. հոկտեմբերին Էրբիլ կատարած այցելությամբ։

Հատկանշական է, որ վերջին շրջանում Թուրքիան փորձում է հարթել հակասությունները Իրաքի եւ Սիրիայի միջեւ, ինչը կապված էր այս տարվա օգոստոսի 19-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետ, ինչի համար Իրաքի իշխանությունները մեղադրում էին Դամասկոսին։ Արդյունքում` երկու երկրները խզել էին դիվանագիտական հարաբերությունները:

Միջինարեւելյան զարգացումների համատեքստում բավական հաջողված էր Թուրքիայի ակտիվ դերակատարությունը լիբանանյան ճգնաժամի ընթացքում` 2006-ին, երբ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց «Հիզբալլահի» դեմ եւ ներխուժեց Լիբանանի հարավային շրջաններ: Թուրքիան դատապարտեց Իսրայելին` մեղադրելով նրան ոչ թե ռազմական ագրեսիա կազմակերպելու, այլ «Հիզբալլահի» դեմ ոչ համաչափ ուժ կիրառելու մեջ: ԱԶԿ կառավարությունը, չանսալով երկրի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների, այդ թվում` երկրի նախագահի քննադատությանը, ներգրավվեց ՄԱԿ հովանու ներքո Լիբանանի հարավում տեղակայվելիք միջազգային խաղաղապահ զինված ուժերի կազմում: Թուրքիան այդպիսով ի ցույց դրեց, որ տարածաշրջանի արաբական երկրների հետ համընդհանուր շահեր ունի։ Հատկանշական է, որ Թուրքիան գաղտնի աջակցեց հակամարտող երկու կողմերին. «Հիզբալլահին» տրամադրեց իր տարածքը` զենք փոխադրելու համար, իսկ Իսրայելին փոխանցեց «Հիզբալլահի» մասին թուրքական հետախուզության տվյալները։

Վերջին շրջանում զարգացման նոր փուլ են թեւակոխել նաեւ թուրք-հորդանանյան հարաբերությունները, որի ապացույցը սույն թվականի դեկտեմբերի սկզբին նախագահ Գյուլի` Աման կատարած այցելությունն էր: Հորդանանը կարեւորագույն դերակատարություն ունի Միջին Արեւելքի անվտանգության ու կայունության հաստատման գործում եւ աչքի է ընկնում իր հավասարակշռված քաղաքականությամբ: Հորդանանը տարածաշրջանում ԱՄՆ ամենասերտ դաշնակիցներից է, արաբական այն պետություններից մեկը, որն Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրել:

Թուրքիան սերտորեն համագործակցում է նաեւ արաբական իսլամական աշխարհի ամենահանգուցային պետություններից մեկի` Սաուդյան Արաբիայի հետ, ինչը նշանավորվեց նախագահ Գյուլին շնորհավորելու համար Աբդալլահ թագավորի` 2006թ. օգոստոսին Թուրքիա կատարած այցով: Սաուդական թագավորի այցին հետեւեցին թուրքական այցելությունները, ինչը մի նոր որակ ստեղծեց երկկողմ հարաբերություններում։ Սերտ են Թուրքիայի հարաբերությունները նաեւ արաբական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի` Եգիպտոսի հետ, որի հետ համագործակցությունը հիմնականում առնչվում է էներգետիկ ոլորտին եւ տարածաշրջանային անվտանգությանը։ Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ ջերմ հարաբերությունները մատնանշում են այն ճանապարհը, որով Թուրքիան փորձում է մերձենալ Միջին Արեւելքի սուննի արաբական պետություններին։

Թուրքիայի միջինարեւելյան, այդ թվում` արաբական քաղաքականության աննախադեպ ակտիվացումը տարաբնույթ վերլուծությունների առիթ է դարձել: Որոշ տեսակետների համաձայն` միջինարեւելյան քաղաքականությունը Անկարան օգտագործում է որպես այլընտրանք Եվրամիության անդամակցությանը, որի արդյունքում Թուրքիայի եւ Արեւմուտքի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում այլեւս սառնություն է առաջացել: Այդ տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում The Wall Street Journal-ում Միջին Արեւելքի քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի արաբական ծրագրի ղեկավար Դ.Շենկերի «ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի» խորագիրը կրող հոդվածը: Հեղինակի կարծիքով` վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ կյանքի բոլոր կողմերի իսլամացումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն: Շենկերի համոզմամբ` Անկարայի արտաքին քաղաքական ուղեգիծը հակասում է ՆԱՏՕ կանոնադրությանը: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան դաշինքում մնալու դեպքում անգամ կդադարի լինել հուսալի գործընկեր: Արեւմտյան վերլուծաբանները Միջին Արեւելքում Թուրքիայի հարաճուն ներգրավվածությունը գնահատում են որպես Անկարայի նահանջ հավասարակշռված քաղաքականությունից:

Իրականում տպավորությունն այնպիսին է, որ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր երկրի անվտանգության մեխանիզմները, իրականացնում է բազմակողմ արտաքին քաղաքականություն, որի կարեւոր բաղադրիչներից մեկն արաբական ուղղությունն է: Միեւնույն ժամանակ, արաբական իսլամական աշխարհում Թուրքիայի նկատմամբ ձեւավորված վստահության պատճառներից մեկը պայմանավորված է այդ երկրի հասարակական կյանքում իսլամի դիրքերի ամրապնդմանն ուղղված ԱԶԿ ջանքերով։

Հարկ է նշել, որ Միջին Արեւելքում Թուրքիայի գործողությունները, շատ դեպքերում, համաձայնեցված են ԱՄՆ-ի հետ, որը ձգտում է Թուրքիայի աջակցությամբ թուլացնել լարվածությունը տարածաշրջանում։ Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների որոշակի ելեւէջներին եւ տարածաշրջանային առանձին խնդիրներում Թուրքիայի անկախ գործողություններին, դրանք որոշակիորեն փոխշահավետ են։ Ասվածի ապացույցը 2009թ. դեկտեմբերի 7-ին Էրդողանի` ԱՄՆ կատարած այցելությունն է եւ ակտիվ համագործակցության հեռանկարի մասին կողմերի հավաստիացումները։

Պետք է նշել, որ արաբական աշխարհում Թուրքիայի ինտեգրումը բավական հաջող է ընթանում, հատկապես եթե համեմատելու լինենք արաբական գործերին միջամտելու Իրանի փորձի հետ: Մերձավորարեւելյան խնդիրներն Իրանը, որպես կանոն, ձգտում է օգտագործել իբրեւ գործիք Արեւմուտքի հետ իր հարաբերություններում, ի վնաս արաբական միասնության: Բացի այդ, արաբական պետությունները հիմնականում չեն վստահում Իրանին, քանի որ վերջինս փորձում է շահարկել շիական գործոնը` ապակայունացնելով իրավիճակը շիա բնակչություն ունեցող առանձին արաբական երկրներում, ինչպես, օրինակ, Լիբանանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Մարոկոյում եւ այլն: Այդ համատեքստում թուրքական դիվանագիտությունն ամեն կերպ ձգտում է ի ցույց դնել, որ հանդես է գալիս որպես Միջին Արեւելքում «խաղաղության եւ կայունության» հաստատման երաշխավոր, որն արաբական երկրներին կոչ է անում միավորել ջանքերը։

1Միջինարեւելյան քաղաքականության համատեքստում Թուրքիան ջերմացրել է կապերը Իրանի հետ, որի հետ հարաբերությունները` պայմանավորված քրդական •ործոնով, նախկինում նույնպես լարված էին, իսկ ներկայումս Թուրքիայի համար դրանք շահեկան են` նախեւառաջ էներ•ետիկ համա•ործակցության տեսանկյունից: Թուրքիան արդի փուլում պատրաստ է աջակցել Իրանի միջուկային ծրա•րի խաղաղ լուծման ջանքերին, որի հարցում Թեհրանն Անկարային համարում է վստահելի •ործընկեր, ի տարբերություն Մոսկվայի, որի հետ որոշակի տարաձայնություններ են ի հայտ եկել։
Նշենք նաեւ, որ ներկայումս Թուրքիան հանդես է •ալիս Իրանի եւ Պակիստանի միջեւ միջնորդությամբ, ինչպես նաեւ փորձում է, ԱՄՆ աջակցությամբ, ներդրում ունենալ կայունության հաստատմանը Աֆղանստանում, որտեղ ներկայումս •տնվում են 1750 թուրք զինվորներ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր