21-ՐԴ ԴԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ DARPA ԿԵՆՏՐՈՆԸ

DARPA (Defense Advanced Research Projects Agency) – պաշտպանության ոլորտի գիտական հետազոտությունների հեռանկարային պլանավորման կենտրոն։
Ս.թ. փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը հանձնարարեց կարճ ժամանակում ստեղծել մարտունակ ստորաբաժանում` ԱՄՆ-ի դեմ հաքերային և տեղեկատվական պատերազմ վարող խմբերի հետ պայքարելու համար։ Հատկանշական է, որ այդ հանձնարարականը կյանքի կոչելու արդյունքում հիմնական թիրախներ են հանդիսացել պաշտպանական ենթակառուցվածքների տարրերը՝ կառավարման և հրթիռային կետերը, օդանավակայանները և նավահանգիստները, պետական և մասնավոր կապի համակարգերը։ Այս հանձնարարականը հիմք հանդիսացավ սպառազինության նոր տեսակների և տեխնոլոգիական նոր մոտեցումների մշակման համար։ Հոդվածում ներկայացված են սպառազինության ոլորտին վերաբերող նորամուծությունները, այդ գործընթացում ընդգրկված կազմակերպությունները և կենտրոնները։ Հիմնական նպատակն է պատկերացում կազմել տեխնոլոգիական նոր մոտեցումների և վտանգների վերաբերյալ, որը սկզբունքորեն տարբերվում է մեր ունեցած մոտեցումներից 21-րդ դարում հնարավոր պատերազմների ժամանակ։
Ակնհայտ է, որ հանձնարարականը, որն այլ վտանգների շարքում առաջնային դարձրեց ԱՄՆ անվտանգության սպառնալիք հանդիսացող տեղեկատվական պատերազմը, միանգամայն հիմնավորված է։ ԱՄՆ Կոնգրեսի ռազմական գործերով կոմիտեի նախագահ Կուրտ Վելդոնը նշում է, որ եթե 1998թ. գրանցվել էր տեղական համակարգչային ցանցերը1 կոտրելու և խափանելու 547 դեպք, 2005թ. դրանց թիվը հասել էր 1824-ի, իսկ անցյալ տարի այն հատել է 3000-ի սահմանագիծը։ Նման գրոհների բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի ուժային գերատեսչությունների դեմ՝ «ջարդելով» միջուկային կենտրոնների և անվտանգության ծառայությունների տեղեկատվական ցանցերը, ոչնչացնելով մի շարք տվյալների բազաներ2։
Ստեղծված իրավիճակում ԱՄՆ ռազմաքաղաքական գերատեսչությունն արդեն իսկ 90-ականներին վերսկսեց տեղեկատվական պատերազմների հետ կապված խնդիրների ուսումնասիրությունները, որի արդյունքում մշակվեցին տեղեկատվական հակամարտության հիմնական հայեցակարգը և սկզբունքները։ Դրա հիման վրա գործում է տեղեկատվական պատերազմի նախապատրաստման միջոցառումների երկարաժամկետ ծրագիրը, որը ներառում է կարևոր համակարգչային կառույցների պաշտպանության միջոցների և բազմափուլ համակարգերի, ինչպես նաև վիրտուալ հարձակողական սպառազինությունների ստեղծումը։ Այդ ծրագրի իրականացման համար ներգրավվել են այնպիսի կազմակերպություններ և համալսարաններ, ինչպիսիք են Կալիֆորնիայի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, «Բոինգ»-ը, DARPA-ն, որոնցից յուրաքանչյուրի հետ կնքվել են ավելի քան 50 միլիոն դոլար արժողության պայմանագրեր։ Արդյունքում՝ արդեն 2008թ. սկզբին կատարվել են 25 պայմանագրերով նախատեսված պատվերներ, իսկ նորաստեղծ համակարգերը, փորձաքննություն անցնելուց հետո, ընդգրկվել են ԱՄՆ զինուժի մասնագիտացված ստորաբաժանումներում։ Նման համակարգերի շարքին է դասվում հակառակորդի տեղեկատվության հավաքման կենտրոնների արգելափակման, կապի միջոցների, համակարգչային ցանցերի և ռադիոլոկացիոն կայանների խափանման համար նախատեսված էլեկտրամագնիսական զենքը։ Վերջին տարիներին ամերիկյան սպառազինության տեսակները համալրվեցին թշնամու տեղեկատվական ենթակառուցվածքների վրա ազդեցության նոր միջոցներով։ Դրանց թվին են դասվում էլեկտրամագնիսական իմպուլսի շարժական գեներատորները, որոնք կարող են շարքից հանել ոչ միայն կապի համակարգերը, այլև ոչնչացնել այն սպասարկող անձնակազմը։ Հենց այդպիսի սպառազինությունն է այսօր համալրում «Ցանցային ռազմական գործողությունների միավորված հրամանատարությունը»3, որը ստեղծվել է ի կատարումն ԱՄՆ նախագահի վերոհիշյալ հանձնարարականի։
Ըստ ամերիկյան ռազմական վերլուծաբանների, այս հրամանատարությունը ԱՄՆ ռազմական ուժերի ամենագաղտնի զորամիավորումն է, որի գործունեության վերաբերյալ դժվար թե հնարավոր լինի տեղեկություններ հայթայթել։ Սակայն այդ զորամիավորման վիրտուալ սպառազինության վերաբերյալ, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ գոյություն ունեն։ Կիբեռնետիկ զենքին անրադարձել է քվանտային ֆիզիկայի տեսաբան և այդ զենքի հեղինակ Լոուրենս Վուդը։ Ըստ մասնագետի, այդ զինատեսակը ներառում է յուրաքանչյուր համակարգչի համար կործանարար էլեկտրոնային վիրուս։ Նա նկարագրում է այդ զինատեսակը որպես քվանտային ֆիզիկայի և քաոսի տեսության վրա հիմնված ալգորիթմների հավաքածու, որը ներխուժելով նույնիսկ անջատված համակարգիչ՝ ամբողջովին խափանում է այն4։
Վիրտուալ զինատեսակներից է նաև այսպես կոչված «Նոուբոթ»-ը5, որը տեղեկատվական ցանցում մեկ համակարգչից մյուսը տեղափոխվելու և բազմանալու հնարավորություն ունի։ Այն հնարավոր չէ հայտնաբերել, քանի որ նախատեսված է նաև ինքնատեղափոխման կամ ինքնավերացման գործառույթը6։
Այնուամենայնիվ, անրադառնանք նաև մեկ այլ կազմակերպության, որը հայտնի է ռազմական, վերլուծական, տեխնոլոգիական նորամուծություններով։ Խոսքը DARPA պաշտպանության ոլորտի գիտական հետազոտությունների հեռանկարային պլանավորման կենտրոնի մասին է։ Այս կենտրոնը ստեղծվել է 1958թ. փետրվարին, Խորհրդային Միության կողմից «Սպուտնիկ» արհեստական արբանյակի արձակումից անմիջապես հետո, երբ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը հրավիրեց հատուկ նիստ Խորհրդային Միության արբանյակային առաջընթացը վերլուծելու և ամերիկյան ձախողումը բացատրելու նպատակով։ ԱՄՆ-ը, ունենալով տեխնիկական բոլոր հնարավորությունները, այնուամենայնիվ, պետք է հետևողական լիներ այդ ծրագրի իրականացման գործում7։
Կենտրոնի հիմնական խնդիրներից են ռազմական նոր տեխնոլոգիաների մշակումը, հեռանկարային ծրագրերում ֆինանսական հոսքերի բաշխումը և ղեկավարումը։ Ստեղծման օրվանից կենտրոնի նորամուծությունների շարքում են ինտերնետը, համակարգչի աշխատանքի համար նախատեսված մկնիկը և այլն, ինչպես նաև հակաօդային պաշտպանության մի շարք ռադարներ։ Նման նորամուծությունների և աշխատանքների արդյունավետության արդյունքն են կենտրոնի 2 մլրդ-անոց բյուջեն8, տարբեր ոլորտների լավագույն մասնագետների ընդգրկվածությունը։ DARPA-ի հիմնական առաքելությունն է՝ աջակցել ԱՄՆ զինված ուժերի տեխնոլոգիական բարձր որակի ապահովմանը և կանխել այն տեխնոլոգիական հետևանքները, որոնք կարող են վնաս հասցնել ԱՄՆ ազգային անվտանգությանը։
Ըստ փորձագիտական աղբյուրների, 2009թ. փետրվարից կգործի կենտրոնի զարգացման նորացված ռազմավարությունը, որը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող ռազմական և հետախուզական հետևյալ ուղղությունները.
- տիեզերական և միջտիեզերական համակարգերի ընդլայնում, փոքր արբանյակների օգտագործում (1 – 100 կգ),
- կապի ցանցերը 100 Գբիտ/վրկ հնարավորությամբ, նոր սերնդի թվային համակարգերը, ռադարների հիբրիդային համակարգերը,
- տեղեկատվական առավելությունը (կիբեռգրոհների դեմ ավտոմատ պաշտպանվածություն, հաշվարկների պաշտպանության ապարատային միջոցներ, միջցանցային էկրաններ),
- աջակցություն փոքր զորամիավորումների գործողություններին, GPS համակարգից դուրս նավիգացիոն միջոցներ քաղաքներում և շենքերում, էժան GPS ընդունիչներ և այլ։
2008թ. մարտին DARPA տնօրեն Թոնի Թեզերն իր հաշվետվությունը ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի ռազմական գործերով կոմիտեին՝ մանրամասն քննարկելով իր կազմակերպության տեխնոլոգիական հեռանկարային ծրագրերը։ Ըստ Թեզերի, հիմնարար գործունեության ուղություններից են ցանցերի (առաջին հերթին ոչ լարային) ստեղծման աշխատանքները, որոնք կմիավորեն մարտավարական և ռազմավարական համակարգերը` միաժամանակ հնարավորություն ունենալով ավտոմատ կերպով ձևավորել սեփական համակարգը, ինքնուրույն ապահովելով անվտանգությունն արտաքին և ներքին ներխուժումներից։
DARPA կենտրոնը մտադիր է մշակել մոդուլային արբանյակների նոր տիեզերական հայեցակարգ, որն արդեն ստացել է «Ֆ6»9 պայմանական անվանումը: Ծրագիրը նախատեսում է ուղեծրում «ֆրակցիոն մոդուլների» նոր խմբավորումներ ծավալել, որոնք սկզբունքորեն կտարբերվեն «ամբողջը մեկի մեջ» սկզբունքով պատրաստված առկա արբանյակներից։ Այլ խոսքով՝ կենտրոնը մշակում է վիրտուալ արբանյակների կոնցեպցիա։ Ըստ կենտրոնի տեղեկագրության, Ֆ6-ն ընդգրկելու է լավագույն տեխնոլոգիական նորամուծությունները10։
DARPA կենտրոնի հետ սերտորեն համագործակցում է նաև Պենտագոնը, որը հանձնարարական է ստացել տեղեկատվական ցանցերում հարձակողական և պաշտպանողական գործողություններ վարելու նոր միջոցների և ձևերի մշակման վերաբերյալ։ Ըստ «Strategy page» ռազմական նորությունների կենտրոնի, այս գաղտնի ծրագիրը ստացել է «Մանհեթեն»11 անվանումը՝ ամերիկյան միջուկային զենքի ծրագրի համանման անվանումով։ Ծրագրի մշակումը կրկին վստահված է DARPA-ին։ Դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել փակ համակարգչային ցանց, որն իր հիմնական առանձնահատկությամբ նման է համաշխարհային ցանցին:
Նորամուծությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս տեղեկատվական ենթակառուցվածքների դերն ու կարևորությունը և սկզբունքորեն փոխում մեր պատկերացումները կիրառվող սպառազինությունների տեսակների վերաբերյալ 21-րդ դարում հնարավոր պատերազմների ժամանակ։ ԱՄՆ-ը, լինելով տեխնոլոգիական նորամուծությունների կենտրոն, ջանք չի խնայում պահպանելու ռազմական գերակայությունն ամբողջ աշխարհում։ Մեծածավալ ներդրումներ են կատարվել և պետական հավանության են արժանացել բազմաթիվ ծրագրեր, որոնց հիմնական դերակատարությունը վստահված է պաշտպանության ոլորտի գիտական հետազոտությունների հեռանկարային պլանավորման DARPA կենտրոնին։
1Խոսքը ԱՄՆ տեղական, ներքին ցանցերի մասին է։
2Юлия Левашова, “В Вооруженных силах США появился нoвый вид оружия – кибервирусы”, 01.05. 2008, Центр Исследования Компьютерной Преступности/ http://www.crime-research.ru/news/01.05.2008/4464/
3Անգլերեն անվանումը՝ Joint Functional Compromen for Network Warfare, JFCCNW.
4Technology Industry, http://findarticles.com/p/articles/mi_qa5438/is_199805/ai_n21426272
5Անգլերեն անվանումը՝ Knowbot - Knowledge Robot.
6Информационное оружие, как средство ведения информационного противоборства, http://www.vrazvedka.ru/main/analytical/lekt-03.shtml
7Paul Chappel, “DARPA and the Future of Army Air and Missile Defence”, Air Defence Artillery, http://www.airdefenseartillery.com/online/Extracts/DARPA.pdf
8Пентагон увеличил финансирование агенства DARPA, http://science.compulenta.ru/347527/
9Անգլերեն անվանումը F6 (Future, Fast, Flexible, Fractionated, Free-flying Spacecraft United by Information Exchange).
10DARPA разрабатывает новую концепцию орбитальных спутников.
11Անգլերեն անվանումը՝ Manhattan Project.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԼՈԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ[11.12.2008]
- ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ[14.07.2008]