ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԼՈԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին ժամանակներս Թուրքիայում հաճախ են արգելափակվում ինտերնետային բլոգերը։ Բազմաթիվ ցանցեր նույնպես թուրքական պաշտոնական գերատեսչությունների թիրախ են դառնում։ Օրինակ, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի դատարանի որոշմամբ արգելափակվել են Google ընկերության մի քանի բլոգային ծառայություններ։ Հիմնական պատճառը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի հասցեին ուղղված վիրավորանքն է, ինչն այդ երկրում քրեականորեն պատժելի է։ Հարկ է նշել, որ նախկինում նույն պատճառով բազմիցս արգելափակվել էին նաև հայտնի YouTube ցանցային ռեսուրսները։
Ի՞նչ է իրականում տեղի ունենում Թուրքիայում։ Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ ինտերնետային բլոգերի դերը ժամանակակից տեղեկատվական դաշտում։
Որոշ ժամանակ առաջ ինտերնետային բլոգերը, որպես հասարակության տեղեկատվական աղբյուր, տարանջատվում էին ԶԼՄ-ից։ Հիմնական պատճառը ԶԼՄ առաջնային դերն էր հասարակության իրազեկման ոլորտում։ Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։ Տարբեր քաղաքական կուսակցություններ, կազմակերպություններ, խմբեր և անհատներ կարող են, առանց որևէ սահմանափակման, բացել իրենց ինտերնետային բլոգը՝ ներկայացնելով և քննարկման առարկա դարձնելով ցանկացած խնդիր։ Տեղեկատվական գործակալությունները հետևում են բլոգերում տարածվող տեղեկատվությանը։ Չստուգված տեղեկությունը, որը բլոգերում լայն քննարկման առարկա է դարձել, կարող է վստահելի դառնալ և հայտնվել թերթերի առաջին էջերում։ Այսինքն՝ եթե առաջ ԶԼՄ-ում տեղ գտած տեղեկությունը քննարկման առարկա էր դառնում ինտերնետային բլոգերում, ապա հիմա ինտերնետային բլոգերն են սնում ԶԼՄ տեղեկատվական դաշտը։ Այս պայմաններում լայն հնարավորություն է բացվում ընդդիմադիր կուսակցությունների, խմբերի, տարբեր տեսակի ծայրահեղականների գործունեության համար։ Ինտերնետային բլոգերի առավելությունն այն է, որ դրանք միաժամանակ հնարավորություն են ընձեռում ոչ միայն տեղեկացնել, այլև քննարկել ցանկացած տեղեկություն՝ ընդգրկելով բազմաթիվ այցելուների տարբեր երկրներից։ Ավելին, ինտերնետային բլոգերը գտնվում են հսկողությունից դուրս և միակ խափանման միջոցը դրանց արգելափակումն է։
Խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ խոսքը վերաբերում է ոչ ժողովրդավարական պետություններին։ Հայտնի է, որ ոչ ժողովրդավարական պետություններում բոլոր տեսակի լրատվամիջոցների հանդեպ հսկողություն է սահմանված։ Ցույցերի և երթերի ազատ հնարավորության, խոսքի ազատության նկատմամբ լուրջ հակազդման միջոցներ են կիրառվում։
Նման պետությունների շարքում է նաև Թուրքիան։ Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում հետապնդվող լրագրողների, հրատարակիչների և քաղաքական գործիչների թիվն ավելացել է առնվազն երկու անգամ՝ հասնելով 293-ի։ Հարկ է նշել, որ քաղաքական հետապնդումների 30%-ն առնչվում է քրեական օրենսգրքի հայտնի 301 հոդվածին1։ Այս պայմաններում բարձրանում է ինտերնետային բլոգերի դերը՝ որպես այլընտրանքային քննարկումների և տեղեկատվության տարածման միջոց։ Սակայն այստեղ նույնպես Թուրքիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արգելափակելու, այսպես կոչված, «ազատ տեղեկատվական դաշտը»։
Թուրքիայում գործում են նաև անհատ գիտնականներ, որոնք իրենց «գիտական ճշմարտությունը» պաշտպանելու, իրենց մտքերն առաջ տանելու նպատակով տարբեր միջոցներ են ձեռնարկում ինտերնետային բլոգերն արգելափակելու կամ խափանելու ուղղությամբ: Օրինակ, միայն այս տարվա ընթացքում թուրք էվոլյուցիոնիստ Ադնան Օքթարի դատարան ներկայացրած հայցի արդյունքում Թուրքիայում պաշտոնապես արգելափակվել էին «Վաթան» թերթի, կենսաբան Ռիչարդ Դոուկինսի, Google Groups-ի, ինչպես նաև Worldpress ինտերնետային կայքերը: Հարկ է նշել, որ Ադնան Օքթարը հայտնի է ծայրահեղ իսլամական խմբերի հետ կապով, հրեական ցեղասպանությունը մերժելով և պատասխանատու է մի շարք պաշտոնական կայքերի արգելափակման համար:
Google ընկերության կայքերի արգելափակմանն առաջինն արձագանքեց թուրքական «Վաթան» թերթը, որի կայքը մեկ օր անց նույնպես արգելափակվեց: Հետաքրքիրն այն է, որ մի քանի օր առաջ Ադնան Օքթարի պաշտոնական կայքը նույնպես արգելափակվել էր: Այսինքն՝ Թուրքիայում ինտերնետային բլոգերի նկատմամբ գործում է պետական հսկողություն, ինչին հավանություն է տվել թուրքական օրենսդրական մարմինն այս տարվա մարտ ամսին: Այս օրենքը թույլ է տալիս Թուրքիայի հեռահաղորդակցության խմբին արգելափակել այն կայքերը, որոնք հարցականի տակ են դնում ոչ միայն թուրքական պետության սկզբունքները, այլև թուրքական պետության միասնության խնդիրը, ինչը ուղիղ հարված է քրդական անջատողական ուժերի գործունեությանը տեղեկատվական դաշտում:
Սակայն նման գործողությունները չեն ողջունվում Եվրոպական միության կողմից, որի անդամ է ձգտում դառնալ նաև Թուրքիան: Այս պայմաններում, պարզ է դառնում Ադնան Օքթարի և այլ վայ-գիտնականների դերը Թուրքիայում բլոգային քաղաքականության իրականացման գործում: Նման դատական հայցերով փորձ է արվում կայքերի արգելափակման պատճառները պաշտոնականից տեղափոխել հասարակական հարթություն` դրանով իսկ մեղմացնելով թուրքական պետության օրենսդրական որոշումը, միևնույն ժամանակ հսկողություն սահմանելով ամբողջ ինտերնետային համակարգի վրա: Այս կերպ է Թուրքիան կարողանում հաջողությամբ իրականացնել իր բլոգային քաղաքականությունը:
1Freedom House, Countries at the Crossroads 2007 at www.freedomhouse.org
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[17.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ[14.07.2008]
- 21-ՐԴ ԴԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ DARPA ԿԵՆՏՐՈՆԸ[07.07.2008]