
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս։
2015թ. նոյեմբերի 11-ին՝ Լեհաստանի Անկախության օրը, վերջերս ընտրված նախագահ Անջեյ Դուդան մի քանի հայրենասիրական երգ է երգել երիտասարդների հետ արևելյան Բյալա Պոլյասկա քաղաքում, որտեղ լեհերից բացի նաև ուկրաինացիներ և բելառուսներ (կամ այսպես կոչված «պոլիշչուկներ») են ապրում։ Եվ հասկանալ է տվել, որ առաջնությունը տալիս է կաթոլիկությանը՝ ուղղափառությանը տալով երկրորդական դեր պետությունում։ Եվ դրա կրողները փոքրամասնություն են, ու նրանցից ոչինչ կախված չէ։ Նա նաև շնորհավորանքներ է ուղարկել Վարշավայի կենտրոնում քայլարշավի դուրս եկած լեհ երիտասարդ նացիոնալիստներին։ Այս տարի ոստիկանության և նրանց միջև բախումները սակավաթիվ են եղել, թեև հակահրեական, հակառուսական, հակաեվրոպական կարգախոսները, նախկինի պես, շարունակում են հնչել։ Նացիոնալիստները պղծել էին Արևելյան Պրուսիայում հաղթանակից ոչ շատ առաջ ողբերգականորեն զոհված՝ բանակի գեներալ Իվան Չեռնյախովսկու հուշարձանը։ Հեղինակը 70-ամյա մի ցուցարար էր։ Բայց չէ՞ որ նա պետք է, ի տարբերություն երիտասարդների, իմանար, որ առանց գեներալ Չեռնյախովսկու և նրա զորքի սխրանքի այսօրվա Լեհաստանին չէր պատկանի Վարմիան, ինչպես նաև Պոմոժեն և Շլյոնսկը։
Ոստիկանությունը ձերբակալեց 70-ամյա աջ արմատականին։ Ընթանում է նրա դատավարությունը։ Ընդհանուր ազգայնական-հայրենասիրական ալիքի ֆոնին նրան ոչինչ չի սպառնում։ Վատագույն դեպքում նրան կտուգանեն։ Նա, ի դեպ, արդեն հերոս է երիտասարդ աջ արմատականների աչքում։
Լեհաստանի նոր Սեյմը (խորհրդարանը) սկսել է իր աշխատանքը։ Սեյմի նախագահն է Մարեկ Կուխչինսկին։ Նա խորհրդարանական ընտրություններում հաղթանակած աջ պահպանողական Իրավունք և արդարություն կուսակցությունից է, ունենալու է հինգ տեղակալ, որոնց թվում՝ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկան (Սեյմի նախկին նախագահը Քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունից, որը տեղը զիջեց նշված քաղաքական ուժին և անցավ ընդդիմության շարքերը)։ Խորհրդարանական մյուս կուսակցությունները պետական կառավարման վրա ազդեցություն ունենալ չեն կարող։
Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին թե՛ համախոհներին, թե՛ ընդդիմադիրներին զարմացրել է իր նախարարներով։ Նա հնարավորություն չտվեց նոր վարչապետ Բեատա Շիդլոյին կառավարություն ձևավորել իր տեսլականին համապատասխան։ Նոր կառավարության ձևավորման հարցում իրականացան Իրավունք և արդարություն կուսակցության հակառակորդների ամենավատ կանխատեսումները այսպես կոչված «Սմոլենսկյան աղանդի» հետ կապված։ Նոր կառավարողների առաջին գործը եղավ Սմոլենսկյան ողբերգության խաչ-հուշարձանի վերադարձը նախագահի նստավայրի դիմաց. դա ռևանշիզմի դրսևորում էր հետխորհրդային Ռուսաստանի հանդեպ և նոր Սառը պատերազմի գրավական Վարշավայի և Մոսկվայի միջև։ Բուլղարացի ռազմական պատմաբան Միրոսլավ Յովինսկու խոսքերով՝ «Եթե չլիներ ռուս-լեհական դարավոր հակամարտությունը, իսլամը էկզոտիկ աղանդ կլիներ Արաբական թերակղզում»։ Այս ճշմարտացի պնդումը հրատապ դարձավ 2015թ. նոյեմբերի 11-ից հետո։ Լեհաստանի Անկախության օրն աջ արմատական մոլի ֆուտբոլասերները, հակառուսական կարգախոսներից բացի, առաջ քաշեցին նաև հակաեվրոպական և հակաիսլամական կարգախոսներ, որոնք խիստ հրատապ են փարիզյան ահաբեկչություններից հետո։
Իզուր չէ, որ Քաղաքացիական պլատֆորմ պարտված կուսակցության լիբերալները կարծում են, թե երկիրը չի կարող ընդունել ոչ մի ներգաղթյալի Ասիայից և Աֆրիկայից, որովհետև սպասվում է փախստականների մեծ հոսք Ուկրաինայից։ Եվ պետք է ասել, որ երկիրը դրան լիովին պատրաստ է. Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում, Վարշավայի համալսարանի դիմաց գտնվում է «ուկրաինական կենտրոնը»։ Այստեղ Ուկրաինայի Հարավ-արևելքից եկածները ջերմ ընդունելություն են գտնում, նրանց աշխատանք են առաջարկում, նրանց համար բարեգործական ներկայացումներ և համերգներ են կազմակերպվում։ Միջոցները փոխանցվում են նոր եկածներին կամ ուղարկվում են քաղաքացիական պատերազմում ընդգրկված հարավարևելյան գոտի։ Առանձին օգնություն է ցուցաբերվում Ուկրաինայում ապրող էթնիկ լեհերին։ Նրանց մեծ մասն արդեն վերաբնակվել է Լեհաստանում։ Լեհերից առաջին հերթին մաքրում են Նովոռոսիան, Գալիչինան, Վոլինը, Դոնեցկը և Կիևը։
Նախկին կառավարության (Քաղաքացիական պլատֆորմի ձևավորած) խոսնակ Ցեզարի Տոմչիկը նախարարների նոր կաբինետի կազմն անվանել է «ամենամեծ քաղաքական սուտը վերջին 25 տարիների ընթացքում»։ Նա ասել է. «Մենք պետք է թարմ կառավարություն ունենանք՝ նոր գաղափարներով, իսկ մեզ մոտ ովքե՞ր են՝ Անտոնի Մաչերևիչը, Զբիգնև Ժոբրոն, Մարիուշ Կամինսկին։ Մի՞թե Անտոնի Մաչերևիչն է լինելու աշխարհի 18-րդ բանակի հրամանատարը։ Թե՞ Զբիգնև Ժոբրոն, որը ժամանակին պետք է կանգներ դատարանի առջև։ Թե՞ Մարիուշ Կամինսկին, որի դեմ քրեական դատավճիռ է կասեցվել»։ Ց.Տոմչիկը հիշեցրել է, որ նոր վարչապետ Բեատա Շիդլոն վերջին շաբաթների ընթացքում զբաղվել է հնարավոր ամեն ինչով (հանդիպել է լրագրողների հետ, կինո է գնացել), բացի նախարարական պաշտոնների մասին քաղաքական խորհրդակցություններից։
Նա ակնարկել է, որ նոր վարչապետը չի որոշել, թե ով է լինելու իր կաբինետում, այլ Իրավունք և արդարություն կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին։ Ամենավիճելի պաշտոնյան հանրային կարծիքի համար պաշտպանության նախարար, ռուսատյաց և հակակոմունիստ, ռևանշիստ Անտոնի Մաչերևիչն է՝ Կաչինսկու կառավարության նախկին փոխնախարար, զինվորական հակահետախուզության նախկին պետ։ Նա է մեղավոր լեհական զինվորական հետախուզության և հակահետախուզության աշխատակիցների դոսյեի հրապարակման մեջ, որոնք, ի դեպ, վճռական դեր են խաղացել Իրաքում ամերիկյան հետախույզներին փրկելու գործում՝ մինչև Պարսից ծոցում առաջին պատերազմն սկսվելը։ Այն ժամանակ Սադամ Հուսեյնը նրանց որպես պատանդ էր պահում։ Նրանց Իրաքից դուրս բերեցին կեղծ լեհական անձնագրերով։ Գործողության ղեկավարը գեներալ Գրոմոսլավ Չեմպինսկին էր՝ երկրի իսկական ազգային հերոսը։ Նրա հրամանատարությամբ հաջող գործողության արդյունքում ԱՄՆ-ը, ԵՄ-ը, ԱՄՀ-ն և ՎԶԵԲ-ը ներեցին լեհական պարտքերի 50%-ը, իսկ 2 տարվա ընթացքում՝ մնացած 50%-ը։
Այս պաշտոնին հավակնում էր Յարոսլավ Գովինը, բայց նա որոշեց, որ չի կարող «գլուխ հանել» աշխարհի 18-րդ բանակից և դարձավ առաջին փոխվարչապետ, գիտության ու բարձրագույն կրթության նախարար։ Անտոնի Մաչերևիչը «Սմոլենսկյան աղանդի» ամենաակտիվ անդամն է։ Նա եղել է խորհրդարանական այն հանձնաժողովի նախագահը, որը հետաքննում էր Սմոլենսկի երկնքում վթարված ինքնաթիռի գործը, երբ զոհվեց լեհական ընտրանու մի մասը։ Նա բոլոր կասկածներն ուղղում է Կրեմլի և Պուտինի հասցեին։
Կասկածներ է հնչեցրել նաև նոր արտգործնախարարը՝ Վիտոլդ Վաշչիկովսկին, լեհական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա հայտարարել է, թե շարունակելու է պնդել, որ իրականացվի միջադեպի միջազգային հետաքննություն՝ անկախ փորձագետների մասնակցությամբ, չնայած հետաքննությունը վարվում է երկկողմանի, և դրան մասնակցում են երրորդ երկրների փորձագետներ։ Եվ նրանք միանշանակ ապացուցել են, որ խոսքը դժբախտ պատահարի մասին է. օդաչուների աշխատանքին միջամտել են նախագահ Լեխ Կաչինսկին և ավիացիայի հրամանատար, գեներալ Անջեյ Բլասիկը։ Պարզվել են նաև ինքնաթիռի տեխնիկական խնդիրները, շտուրմանների և անձնակազմի սխալները։ Համոզիչ չի հնչում այն փաստարկը, որ լեհ օդաչու Արկադիուշ Պրոտասյուկը չի հասկացել ռուսերեն հրահանգները. նրա ազգանունը հուշում է, որ ուկրաինական ծագում ունի... Լեհական կողմը համառորեն ժխտում է իր ֆունկցիոներների մեղքը։ Սակայն բաց չի թողնում Մոսկվայի հասցեին մեղադրանքներ տեղալու հարմար առիթը։ Դա պետք է Վիտոլդ Վաշչիկովսկուն, որպեսզի պնդի. «Ռուսաստանի Դաշնությունը Արևմուտքի գլխավոր աշխարհաքաղաքական թշնամին է»։ Այս նախարարների ներկայությունը կառավարությունում հիմք է տալիս ՌԵԳՆՈՒՄ լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկուն (էթնիկ լեհ է) կանխատեսել, որ այս կաբինետը երկար չի գոյատևի։
Վիտոլդ Վաշչիկովսկին, այնուամենայնիվ, հայտարարել է, թե կփորձի բնականոն հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, քանի որ երկու երկրներից և ոչ մեկը չի փոխի իր աշխարհագրական դիրքը։ Բացի այդ, լեհ-ռուսական առևտրային փոխանակությունը մեծ է, հակառակ պատմաքաղաքական թշնամանքին, պատժամիջոցներին և հակապատժամիջոցներին։ Դա պարզ գիտակցում է նոր «բանիմաց» արտգործնախարարը։
Նույն դիրքերից է հանդես գալիս նաև եվրոպական հարցերի նոր նախարար Կոնրադ Շիմանսկին։ Նա փորձելու է համոզել ԵՄ գործընկերներին, որ «Լեհաստանը դեպի Արևմուտք տանող նախակամուրջն է» և հարկավոր է օգնել նրան։ Խնդրահարույց նախարարներ են ներքգործնախարար Մարիուշ Բլաշչակը և հատուկ ծառայությունների համակարգող Մարիուշ Կամինսկին (նրանց քրեական անցյալի վերաբերյալ կասկածներ կան)։
Խնդրահարույց է նաև կոալիցիոն գործընկերոջ՝ արդարադատության նախարար Զբիգնև Ժոբրոյի պարագան։ Նա ժամանակին անհաշտ էր Կաչինսկի եղբայրների հետ և թողել էր պաշտոնը։ Հետո, հակառակ բոլոր սկանդալների, նորից դարձավ նրանց դաշնակիցը, ինչը ասեկոսեների տեղիք է տալիս։
Առողջապահության նախարար է դարձել տոհմիկ արիստոկրատ Կոնստանտին Ռաջիվիլը։ Առանց նրա էլ երկրում առողջապահությունը բավական ամուր հիմքերի վրա էր, թեև դժգոհությունները ոլորտից քիչ չեն։
Մյուս պաշտոններում նույնպես պրոֆեսիոնալներ են նշանակվել, որոնք Յարոսլավ Կաչինսկու հավատարիմներն են։ Սեյմի հետ կապի նախարար է նշանակվել Ադամ Լիպինսկին։ Նա խորհրդարանական գործունեության մեծ փորձ ունի։ Նոր իրավիճակում նրա համար ավելի հեշտ է լինելու. Սեյմում ընդամենը 4 կուսակցություն կա։
Զարգացման նախարար է նշանակվել Մատեուշ Մորավեցկին։ Նա նույնպես հմուտ է իր գործում և հաջողության մեծ հնարավորություններ ունի։
Էներգետիկայի նախարար է նշանակվել Քշիշտոֆ Տխոժևսկին։ Նրա համար դժվար կլինի դիմակայել ռուս-գերմանական տանդեմին՝ «Հյուսիսային հոսքի» հետ կապված։ Այս ոլորտում սուր առճակատում է սպասվում։
Լավ տպավորություն է գործում ժողովրդական կրթության նախարար Աննա Զալևսկան։ Նա բավական դրական առաջարկություններ է արել՝ հանգստացնելով լեհ ծնողներին։ Թեև ամեն բան կախված է ֆինանսներից։
Իսկ ֆինանսների նոր նախարար է նշանակվել Պավել Շալամախին։ Նա բավական պահպանողական ֆինանսիստ է։ Եվ դժվար կլինի «փող պոկել» նրանից ոչ միայն կրթության համար։
Առաջին փոխվարչապետ և մշակույթի նախարար է նշանակվել Պետր Գլինսկին՝ բավական զարգացած և չափավոր մի անձնավորություն, որը կարող է հանդարտեցնել կառավարության արմատական անդամներին, հատկապես հակառուսական, ինչպես նաև հակաեվրոպական տրամադրվածության ուղղությամբ։
Պետական գանձապետարանի նախարար է նշանակվել Դավիդ Յացկևիչը, շրջակա միջավայրի նախարար՝ Յան Շիշկոն, թվայնացման նախարար՝ Աննա Ստրեժինսկան։ Գյուղատնտեսության նոր նախարարի՝ Քշիշտոֆ Յուրգելի խնդիրն է լինելու ապահովել Լեհաստանի բավական մեծաթիվ գյուղական բնակչության պահանջները, հատկապես ռուսական հակապատժամիջոցների համատեքստում (երբ Վ.Պուտինը մտցրեց հակապատժամիջոցները, լեհական հասարակությունում անգամ կոչեր հնչեցին ուտել «5-ական կգ խնձոր», որոնք Ռուսաստանն այլևս չէր ներկրում)։
Այս հիմնախնդրով զբաղվելու է նաև նոր սոցապնախարար Էլժբյետա Ռաֆալսկան։ Ենթակառուցվածքի և շինարարության նախարար Անջեյ Ադամչիկի առջև այնքան էլ մեծ խնդիրներ չեն դրված. նա տնօրինելու է բավական հարուստ եվրաֆոնդերի՝ նոր ճանապարհների կառուցման համար։ Նույնը կարելի է ասել նաև ծովային տնտեսության և նավարկության նոր նախարար Մարեկ Գրաբարչիկի մասին. նա կարող է հույսը դնել բալթյան հարուստ հյուսիսային և արևմտյան հարևանների վրա։
Ընդհանուր առմամբ, այս դրական տվյալների ֆոնին փոխվարչապետ և զարգացման նախարար Եժի Կվյեչինսկին էական խնդիրներ չի ունենալու։ Թերահավատություն կա սպորտի և տուրիզմի նախարար, 30-ամյա թեթևատլետ Վիտոլդ Բանկայի նշանակման հետ կապված, քանզի կարծիք կա, թե նա չի կարողանա կառավարել նախարարությունը։
Վարչապետ Բեատա Շիդլոն կարողացել է կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկուց նախարարական երկու աթոռ պոկել. նրան աջակցելու են վարչապետի աշխատակազմի ղեկավար Բեատա Կեմպան և նրա քաղաքական ղեկավար Ելժբյետա Վիտեկը։ Սրանք նրա ընկերուհիներն են և իրենց գործի պորֆեսիոնալներ են։
1989 թվականից հետո առաջին անգամ Լեհաստանի կառավարման պատասխանատվությունը կրելու է մեկ կուսակցություն։ Նրա անդամները և հետևորդները կարծում են, որ ընտրողները քաղաքականապես հասունացել են և հասկացել, որ կոալիցիոն կառավարությունը չի կարող արդյունավետ լինել։ Յարոսլավ Կաչինսկու հակառակորդները, սակայն, վստահ են, որ ընտրությունների արդյունքը և ուժերի հարաբերակցությունը լեհական Սեյմում հեռու է պետությունում տիրող իրական տրամադրություններն արտահայտելուց։ Նրանք կարծում են, որ լեհ քաղաքացիները հակաեվրոպական գաղափարներ չեն դավանում և անգամ սկսել են մոռանալ հին խնդիրները երկու մեծ հարևանների՝ Ռուսաստանի և Գերմանիայի հետ։ Մյուս կողմից՝ Լեհաստանում չկա լուրջ քաղաքական ուժ, որն ուղղված չլինի Ռուսաստանի դեմ և չժխտի Պուտինի և առհասարակ Կրեմլի քաղաքականությունը։ Ուստի, իրատես փորձագետները կարծում են, որ Մոսկվայի համար այս փուլում լավ տարբերակ չկա. Վարշավայում իշխելու է արմատական հակառուսական և միաժամանակ հակաեվրոպական կուսակցությունը, որը կգժտեցնի նրան Բրյուսելի հետ։ Դա նշանակում է, որ ռուսաստանյան և լեհական շահերը, ի վերջո, կհամընկնեն։ Հենց այս թեզն է զարգացնում տեղեկատվա-վերլուծաբանական պորտալը (www.kresy.pl)՝ կապված Ուկրաինայի փլուզման մեծ հեռանկարների և արտաքսված լեհերի ու զոհվածների ընտանիքների փոխհատուցման հետ։
Իրավունք և արդարություն կուսակցությունը բազմաթիվ խնդիրներ ունի. վարչական և հանրային սեկտորներն արդյունավետ չեն և բյուրոկրատացված են, դրանք վերակառուցման կարիք ունեն։ Իրավիճակն աշխատաշուկայում այնպիսին է, որ տեղի է ունենում աշխատուժի տեղաշարժ պետականից դեպի մասնավոր սեկտոր (աշխատավարձերը գրեթե նույնն են, իսկ աշխատապայմանների և արդյունավետության տարբերությունը հսկայական է)։ Բյուջեն, ֆինանսները, հարկերը ոչ թե տրանսֆորմացիայի, այլ հեղափոխության անհրաժեշտություն ունեն. ըստ ֆինանսների վերջին երկու նախարարների՝ ֆինանսական կարգապահությունը, հարկային համակարգը, հարկահավաքման արդյունավետությունը քննադատության չեն դիմանում։ Նրանք կարծում են, որ որքան արագ կարգուկանոն հաստատվի պետական ֆինանսների ոլորտում, այնքան ավելի շատ փող կիրացվի քաղաքական նպատակներով, և այնքան քիչ կլինեն ֆինանսական շահարկումները։ Թեև Լեհաստանը, թերևս, ամենաբարվոքն է եվրոպական երկրների մեջ ծնելիության ցուցանիշով, բայց ժողովրդագրական խնդիրն աստիճանաբար ավելի լուրջ բնույթ է ստանում. 2020թ. հետո ամեն տարի Լեհաստանում «կկորչի» միջին մեծությամբ մի քաղաք։ Մի պարզ դեղատոմս կա՝ ավելի շատ ֆինանսավորում երիտասարդ ընտանիքների և փոքր երեխաների համար, Արևելքում՝ նախկին խորհրդային հանրապետություններում ապրող լեհերի վերադարձ սեփական երկիր։
Քաղաքացիական պլատֆորմը դարձել է ընդդիմություն և, հավանաբար, երկար ժամանակ կառավարումից հեռու կմնա։ Ձախ կուսակցությունները դանդաղ, բայց միանշանակ հեռանում են լեհական քաղաքական բեմահարթակից։ Դա սպասելի էր. 1917-ից հետո լեհերը սոցիալիստական և կոմունիստական գաղափարները կապում են իրենց համար ատելի Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի հետ։ Հիմա պրոպագանդան լեհական լրատվամիջոցներում, դպրոցներում, բուհերում լիովին կենտրոնացած է հակախորհրդային, հակառուսական քարոզչության վրա (1920թ. Վարշավայի ճակատամարտ, 20-րդ դ. 30-ական թթ. ԽՍՀՄ-ում ապրող լեհերի բռնաճնշումներ, «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտ և 1939թ. սեպտեմբերի 17-ին սկսված կարմիր բանակի «Արշավ դեպի Արևմուտք», Կատին, 1944թ. օգոստոս-սեպտեմբերի Վարշավյան ապստամբություն)։
Սոցիալական թեմատիկան Լեհաստանում դարեր շարունակ եղել է կաթոլիկ քահանաների և վանքերի մոնոպոլիան։ Ուստի, զարմանալի չէ, որ ձախերը պարտություն կրեցին, իսկ սոցիալ-դեմոկրատները (նախկին կոմունիստները) 1989-ից հետո առաջին անգամ Սեյմ չանցան։
Լեհաստանում, երկրի արևելյան մարզերում, քիչ չեն ուղղափառ ուկրաինացիները և բելառուսները։ Կան նաև Արևմտյան Ուկրաինայից և Արևմտյան Բելառուսից վերաբնակներ, որոնք Հայրենական մեծ պատերազմից հետո լեհերի հայրենադարձության ժամանակ նույնպես ներկայացել էին որպես լեհեր և եկել էին գերմանացիներից ազատված վայրեր։ Նրանք կենտրոնացած են Պոմերանիայում (Պոմոժե) և Սիլեզիայում (Շլյոնսկ)։ Այստեղ, ի դեպ, ապրում են նաև «Վիսլա» գործողությունից հետո ողջ մնացած ռուսինները, երբ լեհական բանակը և հատուկ ծառայությունները ցրեցին նրանց խորհրդային և չեխոսլովակյան հարևանների թողտվությամբ։ Լեհաստանում ապրում են նաև սպիտակգվարդիականների և խորհրդային դասալիքների սերունդներ (նրանցից մեկն էր պաշտպանության նախկին փոխնախարար, հայտնի Ռոմուալդ Շերեմետևը)։ Նրանք բոլորն էլ երկյուղներ ունեն, որ Իրավունք և արդարություն կուսակցությունը կխախտի իրենց տարրական մարդկային իրավունքները։ Սա նկատի ունենալով՝ իր գիրքը բավական խոսուն է վերնագրել լեհական ծագում ունեցող ռազմական պատմաբան Ալեքսանդր Շիրոկոռադը. «Լեհաստան. անհաշտ հարևանություն»։ Սկսած 1912թ. նոյեմբերի 4-7-ից՝ այդ հարևանությունն իսկապես անհաշտ է։ «Однако»-ի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը նույնիսկ կասկածի տակ է առնում Ռուսական կայսրության ստեղծման հեռանկարը, եթե Կրեմլում այն ժամանակ ամրանային լեհերը։ Նա գտնում է, որ արևելասլավոնական հողերը կլինեին Ռեչ Պոսպոլիտայի գաղութներ, եթե հաղթեին Կեղծ Դմիտրիին պաշտպանող զինվորները։ Նրա խոսքերին կարելի է հավելել միայն, որ Լեհաստանը նույնպես անհետացման եզրին էր՝ ռուսիֆիկացման և գերմանացման գործընթացների արդյունքում, Լեհաստանի երեք բաժանումներից հետո։
Ինչևէ, ժամանակն է, որ սլավոնացի երկու մեծ հարևանները հաշտվեն։
Հավելված
2015թ. նոյեմբերի 5-ին տողերիս հեղինակը Վարշավայում էր, որտեղ 90 տարեկան հասակում վախճանվել էր Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, զինվորական հակահետախուզության նախկին պետ, գեներալ-գնդապետ Չեսլավ Կիշչակը։ Նրան հողին հանձնեցին Վարշավայի ուղղափառ գերեզմանոցում։ Նրանից հարցազրույց էի վերցրել 1998թ. օգոստոսին Վառնայում (Բուլղարիա), «Սուրբ Կոնստանտին և Ելենա» ամառանոցում՝ Հանգստի լեհական տանը, որտեղ հանգստանում էին երկրի բարձրագույն կառավարական պաշտոնյաները։ Պայմանավորվել էինք, որ հարցազրույցը հրապարակվելու է միայն իր մահից հետո, քանի որ այն ժամանակ նրա դեմ հերթական դատավարությունն էր ընթանում։ Այդ պահն, ահա, եկել է։ Սա կարևոր վկայություն է լեհական հակաֆաշիստական դիմադրության և Լեհաստանի հետպատերազմյան կյանքի մասին։
- Պատմեք մանրամասներ Ձեր կյանքից։
- Ծնողներս բանվորներ էին, ես նույնպես՝ երիտասարդ տարիներիս։ Նրանք կոմունիստներ էին և ինձ են փոխանցել իրենց գաղափարները։ Պատերազմի ժամանակ նրանց տարել են աշխատանքային ճամբար, հետագայում՝ ինձ նույնպես։ Ես կարողացա փախչել աշխատանքային ճամբարից, բայց շուտով, էսէսական հետապնդումների ժամանակ, ինձ նորից բռնեցին և ուղարկեցին հարկադիր աշխատանքի (երկաթուղի գցելու) Վիեննա։ Այդտեղ էլ դիմավորեցի պատերազմի ավարտը։ Իսկ մինչ այդ այնտեղ հասցրել էի կապվել ավստրիացի կոմունիստների հետ։ Խորհրդային բանակի գալուն պես մենք բոլորս միացանք տեղի ապստամբներին։ Անձամբ ես դարձա հեղափոխական բանվորական միլիցիայի առաջին կազմակերպիչն Ավստրիայի մայրաքաղաքում։ Մենք վճռական օգնություն էինք ցուցաբերում խորհրդային բանակի հատուկ ծառայություններին՝ վերմախտին, էսէսի զորամասերին, նացիստական կուսակցության անդամներին, «Վերֆոլֆին» դիմադրություն ցույց տալու գործում։ Առանց մեր մասնակցության խորհրդային հրամանատարությունը գուցե և չկարողանար փրկել Վիեննան մասշտաբային ավերածություններից։ Գրեթե 6 տարվա աշխատանքային ճամբարներից հետո ես արդեն կորցնելու բան չունեի։ Այդ ժամանակվանից ի վեր մահից չեմ վախենում։
- Իսկ ինչպե՞ս ընթացավ Ձեր հետագա կյանքը Լեհաստան վերադառնալուց հետո։
- Ինձ անմիջապես ուղարկեցին կուսակցական դպրոց, այն ավարտելուց հետո՝ կուսակցական աշխատանքի Լեհաստանի ժողովրդական բանակում։ Սակայն այնտեղ որոշեցին, որ ես չափից ավելի երիտասարդ եմ և անփորձ (այս մեկն, իհարկե, ճշմարտությունից շատ հեռու է), և չթողեցին, որ զբաղվեմ կուսակցական աշխատանքով։ Ուղարկեցին ռազմական հակահետախուզություն։ Աշխատանքը ծանր էր և վտանգավոր։ Մարտնչում էինք ինչպես Կրայովայի բանակի դեմ, որին աջակցում էր Լոնդոնում տարագրության մեջ գտնվող կառավարությունը, այնպես էլ ընդդեմ ուկրաինացի նացիոնալիստների։ Նրանք Լեհաստանի Հարավ-արևելքում դիակիզարանների էին վերածում գյուղերը։ Կարող եմ օրինակ բերել, որ մորթեցին իմ լավ բարեկամի՝ լեհ առաջին տիեզերագնաց Միրոսլավ Խերմաշևսկու ողջ ընտանիքը։ Կրայովայի բանակում կռվում էին միայն համերկրացիները։ Նրանց հետ կարելի էր փոխզիջման գալ, ինչն էլ արեցի, երբ աշխատանքի նշանակվեցի Լոնդոնի լեհական զինվորական առաքելությունում 1946-47թթ. և սկսեցի շփվել լեհ տարագիրների՝ պատերազմի վետերանների հետ։
Բանդերականների հետ կյանքի-մահու կռիվ էինք մղում։ Կյանքիս այդ հատվածը երբեք չեմ մոռանա, մինչև մահ։ Ողջ մնացածները նույն ոգով էին դաստիարակում իրենց երեխաներին։
Ուստի, կարծում եմ, որ արդեն անկախ Ուկրաինայում նրանց հետ խնդիրները նոր-նոր են սկսվում։ Աշխարհը դեռ կտեսնի, թե ինչ է նշանակում, երբ զենքը հայտնվում է այն մարդկանց ձեռքին, ովքեր մահացու ատում են բոլոր հարևան ժողովուրդներին։ Նրանք ի վիճակի են քանդել ոչ միայն Ուկրաինայի պետականությունը, այլև նույնն անել ամբողջ Արևելյան Եվրոպայում։ Կամ, ծայրահեղ դեպքում, մեծ տարածաշրջանային հրդեհ վառել, մինչև համաշխարհային մակարդակի։
- Ինչպե՞ս զարգացավ Ձեր զինվորական կարիերան հետագայում։
- Հիմնականում ծառայեցի զինվորական հետախուզությունում և հակահետախուզությունում։ Ի վերջո, գլխավորեցի վերջինը։ Հետո հասա մինչև Լեհաստանի ժողովրդական բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին։ Այնուհետև դարձա ներքին գործերի նախարար և փոխվարչապետ։ Այդ բոլոր տարիներին եղել եմ իմ մերձավոր բարեկամ՝ բանակի գեներալ Վոյցեխ Յարուզելսկու հրամանատարության ներքո։
- Ի՞նչ կապեր ունեիք ԽՍՀՄ-ի հետ։
- Ավարտել եմ խորհրդային զինվորական ակադեմիան, պարգևատրվել Հայրենական պատերազմի առաջին աստիճանի մեդալով՝ «Խորհրդային և լեհական բանակների միջև կապերի ամրապնդման համար»։ Ուզում եմ ասել հետևյալը. ես տոհմիկ կոմունիստ եմ, բայց երբեք չեմ ընդունել խորհրդային համակարգի թերությունները։ Շատ ժամանակ եմ անցկացրել ԽՍՀՄ-ում, պտտել եմ երկրով մեկ և շատ բաներ եմ տեսել, որոնք ինձ դուր չեն եկել, որովհետև դրանք հակասում էին իմ ձախ համոզմունքներին։ Իհարկե, միշտ փորձել եմ ակնարկել իմ խորհրդային ընկերներին, թե ինչը և որտեղ պետք է շտկել։ Ոմանք լսում էին, ոմանք՝ ոչ։
- Ինչո՞ւ էին հենց Ձեզ նշանակել ներքին գործերի նախարարի կարևոր պաշտոնին Լեհաստանի նորագույն պատմության ամենաբուռն շրջանում։ Այն ժամանակ ուսադիրներ կրելը վտանգներ էր պարունակում կյանքի համար։ Բանակի և ՆԳՆ բոլոր սպաներին շատ լեհեր համարում էին ժողովրդի թշնամիներ...
- Իհարկե, հեշտ ժամանակներ չէին։ Բայց մենք գեներալ Վոյցեխ Յարուզելսկու, պաշտպանության նախարարի պաշտոնում նրա հաջորդի՝ գեներալ-գնդապետ Ֆլորիան Շիվիցկու (նա Վոլինի Լուցկից էր, նույնպես կորցրել է իր ընտանիքի շատ անդամների, որոնց մահապատժի էին ենթարկել բանդերականները) և ուրիշ հին գործընկերների հետ չէինք կարող թողնել երկիրը քաոսի մեջ և թույլ տալ, որ անարխիստները, հակապետական տարրերն անկարգություններ սերմանեն և սպառնան միլիոնավոր լեհերի կյանքին ու առողջությանը։ Ես չէի կարող չմիանալ Վոյցեխին, Ֆլորիանին և մյուսներին՝ Լեհաստանը քաղաքացիական պատերազմից փրկելու գործում։ Իհարկե, երկիրը հանդարտեցնելու համար երբեմն ստիպված զենքի էինք դիմում։ Ինչպես, օրինակ, «Վույակ» (Քեռի) հանքավայրում, երբ հանքափորները սառը զենքերով հարձակվել էին միլիցիայի աշխատակիցների վրա, շրջապատել նրանց և սպառնացել մորթել։ Միլիցիոներները կրակ էին բացել, որպեսզի փրկեն սեփական կյանքը։ Զոհվել էր 9 հանքափոր, որոնք չէին հասկանում, որ ապակառուցողական ուժերն օգտագործել էին իրենց որպես թնդանոթի միս։ Հետո նրանց դարձրին դեմոկրատիայի նահատակներ։
- Հին ընկեր-գեներալների հետ շփվո՞ւմ եք։
- Հազվադեպ։ Փորձում եմ խուսափել ընդհանուր հանդիպումներից՝ ցանկացած պատրվակով։ Տխրում եմ, երբ տեսնում եմ նրանց ծերացած։ Հիշում եմ, թե ինչ տղամարդիկ էին ու ինչ են դարձել հիմա։
- Ձեր խիղճը տանջո՞ւմ է մարդկային այն զոհերի համար, որոնք եղել են ձեր՝ ՆԳՆ-ն ղեկավարած ժամանակ։
- Միշտ էլ վատ է, երբ մարդիկ են զոհվում, մանավանդ հայրենակիցներ։ Չէ՞ որ նրանք կին ունեն, երեխաներ... Բայց իմ խիղճը մաքուր է Լեհաստանի առջև. մենք այն ժամանակ փրկում էինք մեր երկիրը մեծ ողբերգությունից։ Փառք Աստծո, դա չպատահեց։ Բանը քաղաքացիական պատերազմի չհասավ, գործն ավարտվեց միայն ռազմական դրությամբ։ Այն ժամանակ հիանալի աշխատեցինք. մինչև վերջին վայրկյանը կարողացանք պահել գաղտնիությունը և հանկարծակիի բերեցինք ընդդիմադիր քաղաքական ուժերին ու արհմիություններին։ Նրանց ուղարկեցինք ճամբարներ և այդպիսով փրկեցինք նաև նրանց կյանքը։ Նրանք, իհարկե, ոչ մի կերպ չեն ընդունում դա և չեն հասկանում։
- Շարունակո՞ւմ եք հետևել երկրի քաղաքական կյանքին և աշխարհում ընթացող զինված հակամարտություններին։
- Իհարկե։ Թեև արդեն մի կողմ քաշված։ Հիմա ինձ մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ։ Ուստի, իմ կարծիքը չեմ հայտնում հրատապ ոչ մի թեմայի վերաբերյալ, որովհետև դատավորներն ու դատախազները կարող են ամեն բան շրջել իմ դեմ։
- Որքա՞ն են Ձեզ հետապնդելու ռևանշիստները լեհական հասարակությունում։ Մինչև Ձեր կյանքի վե՞րջը։
- Հավանաբար, այդպես էլ կլինի։ Բայց ես սովոր եմ։ Ինձ վաղ երիտասարդ տարիքից հետապնդել են նացիստները, հետո՝ Կրայովայի բանակը և բանդերականները։ Իսկ հիմա՝ քաղաքական գործիչներն ու իրավաբանները, ռևանշիստները։
- Բուլղարիան հավանո՞ւմ եք։
- Շատ։ Առաջին անգամ չէ, որ այստեղ եմ։ Բազմիցս եղել եմ թե՛ պաշտոնական պատվիրակությունների կազմում, թե՛ հանգստյան նպատակով, ինչպես այժմ։ Դուք ներդաշնակ հասարակություն ունեք, որովհետև դրա ճնշող մեծամասնությունը նախկինում կիսում էր Բուլղարական կոմունիստական կուսակցության ղեկավարության գաղափարները, իսկ հիմա, ինչպես տեսնում եմ, հեռացել է քաղաքականությունից և զբաղված է ամենօրյա հոգսերով։ Ոչ թե այնպես, ինչպես մեզ մոտ է՝ Լեհաստանում, որտեղ շատերը պատրաստ են մեռնել իրենց գաղափարների պաշտպանության համար՝ չմտածելով իրենց մերձավորների, երեխաների մասին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ» ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԸ[08.12.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[03.10.2017]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[10.07.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ[24.01.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ[04.11.2015]
- ՍՈՖԻԱՅԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ[01.10.2015]
- ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ[02.09.2015]
- ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[11.06.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ[03.04.2015]
- ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ[27.03.2015]