
ՍՈՖԻԱՅԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս։
Ս.թ. օգոստոսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ Բուլղարիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, որում ասել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում ՆԱՏՕ-ին Բուլղարիայի անդամակցությանը, քանի որ դա բուլղար ժողովրդի ընտրությունն է, և որ միևնույն է՝ Բուլղարիան համարում է մերձավոր երկիր։ ՌԴ նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ Մոսկվայի և Սոֆիայի միջև դժվարություններ են ծագում տնտեսական համագործակցության ոլորտում, այդ թվում և էներգետիկ նախագծերում՝ սկսած «Հարավային հոսքից»։ Նրա կարծիքով՝ այդ նախագիծը շահավետ էր բուլղարական կողմին, բայց, ցավոք, բուլղարական կողմը հրաժարվեց դրանից։ Իհարկե, հայտարարության մեջ թափանցիկ ակնարկ կա այն մասին, որ նախագիծը կարող է վերսկսվել երկուստեք ցանկության դեպքում։ Ինչին անմիջապես հաջորդեց բուլղարական կողմի պատասխանը. էներգետիկայի նախարար Տեմենուժկա Պետկովան ասաց, որ Բուլղարիան երբեք չի հրաժարվել նախագծից, բայց ճշտում է մտցրել, որ այն կարող է իրագործվել միայն ԵՄ կանոններով։ Գործարարների և գործատուների ֆեդերացիայի նախագահ Կիրիլ Դոմուսչիևը հավելել է, որ «Հարավային հոսքի» խողովակներն այդպես էլ ընկած են Բուրգասի պահեստում և պետք է օգտագործվեն, եթե այդ նախագծի համար էլ չէ, ապա գոնե «Թուրքական հոսքի» համար։
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը չի վախենում ՆԱՏՕ-ին Բուլղարիայի անդամակցությունից, բայց հարց է տվել՝ արդյո՞ք իրեն՝ Բուլղարիային, դա դուր է գալիս՝ Ռուսաստանի հակառակորդը լինելու իմաստով։ Ոչ, իհարկե։
Սկսենք այն բանից, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը բուլղար ժողովրդի ընտրությունը չէ, այլ Ռեյգանի և Գորբաչովի (Մալթա)։ Այն ժամանակ բուլղարների մեծ մասը կապված էր ԽՍՀՄ-ի և սոցիալիզմի հետ։ Բայց ավագ սերունդն այլևս չկա, իսկ նրա փոխարեն նոր սերունդ է աճել, որը դպրոցում ռուսերեն չի սովորել, չի կարդացել ռուսական գրքեր, ոչ էլ ֆիլմեր է նայել։ Եվ Ռուսաստանն ընկալում է որպես հեռավոր, անհասկանալի, էկզոտիկ մի երկիր։ Եվ բնականաբար, այդ սերունդն արևմտամետ է։ Պուտինի հայտարարությունը պատահականորեն չի արվել։ Նա դրանով պատասխանել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի երկու հայտարարություններին։ Վերջինը ներողություն էր խնդրել ստեղծված անախորժությունների համար, հիշեցրել ռուս զինվորի վճռորոշ դերն օսմանյան ստրկությունից Բուլղարիայի ազատագրման գործում, ընդգծել հոգևոր մերձավորությունն ու պատմական կապերը երկու երկրների և ժողովուրդների միջև։ Նա մեջբերել է Ռուսաստանի նախագահի քննադատական խոսքերը Բուլղարիայի վերաբերյալ՝ կապված էներգետիկ նախագծերի իրագործման անհաջողությունների հետ և հասկանալ է տվել, որ նեղացած չէ։ Բոյկո Բորիսովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Բուլղարիայի անդամակցությունը չպետք է վնասի երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին։
Բուլղարիայի վարչապետն այսպիսով, կարելի է ասել, առաջինն է հաշտեցման ազդանշան տվել մի իրավիճակում, երբ ակտիվացել է ահաբեկչությունը բուլղարական երկրորդ պետությունում՝ Մակեդոնիայում։ Պարզ է, որ նման իրավիճակում «Թուրքական հոսքի» կառուցումը վտանգավոր նախաձեռնություն է թվում։ Դրա համար էլ էներգետիկայի ոլորտի բուլղարացի փորձագետները վարչապետին խորհուրդ են տվել Մոսկվայի հետ Սոֆիային հաշտեցնելու քայլեր ձեռնարկել։ Եվ նա, ընդունելով նրանց խորհուրդը, անակնկալ է մատուցել լրագրողներին և հանրային կարծիքին։ Եվ հասկացրել է, որ ձեռք է մեկնում Ռուսաստանի նախագահին։
Եվ պարզած ձեռքն օդում չմնաց. Պուտինը դա արեց օգոստոսի 17-ին։ Ի տարբերություն Բոյկո Բորիսովի՝ նա հիշատակեց հենց «Հարավային հոսքը»։ Եվ ակնարկեց, որ ոչ թե ռուսական, այլ բուլղարական կողմն է հրաժարվել Բուլղարիայի պետական բյուջեի համար շահավետ այդ նախագծից։ Բուլղարիայում նրա խոսքերն ընկալվեցին որպես նախագծի վերսկսման ցանկություն, որն այլընտրանք չունի։
Հանուն արդարության պետք է նշել, որ նախագիծը սառեցվել էր երկրի նախկին վարչապետ և նախկին ֆինանսների նախարար Պլամեն Օրեշարսկու կողմից։ Վերջինը քաղաքական գործիչ չէր և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հլու կամակատարն էր։
Նոր խորհրդարան մտած և կոալիցիոն կառավարություն ձևավորած քաղաքական ուժերից մի քանիսը (Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման, Հայրենասիրական ճակատ, Այլընտրանք բուլղարական վերածննդի համար և այլն) կողմ են Ռուսաստանի հետ համագործակցությանը, պատգամավորներից շատերն ուսում են ստացել ԽՍՀՄ-ում։ Նրանք, ըստ էության, չեն կարող դեմ լինել «Հարավային հոսքին», որը զարգանալու հսկայական հնարավորություններ է տալիս արդյունաբերությանը և Հյուսիսային Բուլղարիայի ճանապարհային ենթակառուցվածքներին։ Կոալիցիայի գլխավոր գործընկերներից մեկը՝ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպությունը նույնպես կողմ է նախագծին։
Ցավոք, Բոյկո Բորիսովը չկարողացավ դիմակայել եվրոպացի գործընկերների ճնշմանը և քաղաքական պաշտոններ տվեց նախագիծը չպաշտպանող Բարեփոխիչների բլոկի ներկայացուցիչներին. արտգործնախարար նշանակվեց այդ բլոկի ներկայացուցիչ Դանիել Միտովը, պաշտպանության նախարար՝ Նիկոլայ Նենչևը, ռազմական հետախուզության պետ՝ Յորդան Բակալովը։ Նրանք բոլորն էլ Ռուսաստանն ատելու դրդապատճառներ ունեն։
Ահա, սրանց պատճառով ԶԼՄ-ում և հանրային կարծիքում տպավորություն է ստեղծվել, թե բուլղարական կառավարությունը հակառուսական տրամադրվածություն ունի և հանդես է գալիս որպես «ՆԱՏՕ-ական կոմսոմոլի առաջավոր ջոկատ»։
Նրանց պատճառով է, որ ռուսաստանցի շատ վերլուծաբաններ սկսել են պնդել, որ «բուլղարները նորից սխալվեցին իրենց նախընտրություններում» կամ՝ «բուլղարները չեն մեծացել քաղաքական առումով և նորից քվեարկել են ոչ նրանց օգտին, ում պետք էր»։ Փորձենք պատասխանել նրանց՝ դիտարկելով, թե ռուսամետ համարվող ինչ կուսակցություններ են մտել խորհրդարան, և որոնք են, որ մնացել են իբրև ընդդիմություն։ Դրանք են Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը (ԲՍԿ) և «Ատական»։ Թուրքամետ Իրավունքների և ազատությունների շարժումը, բնականաբար, ռուսամետ լինել չի կարող, իսկ Բուլղարիայի դեմոկրատական կենտրոնը դարձել է մարգինալ կուսակցություն։ ԲՍԿ-ն նախկին դիրքերին վերադառնալու որևէ շանս չունի։ «Ատական» խորհրդարան է մտցրել ծառայողական վարչապետ Գեորգի Բլիզնաշկին, որը 12%-ով թանկացրեց էլեկտրականությունը և կոմունալ մյուս սպասարկումները՝ «Ատակա»-ին հնարավորություն տալով գլխավորել դժգոհությունները։
Այս կուսակցություններից մեկը ձախ սոցիալիստական է, մյուսը՝ աջ նացիոնալիստական։ Բայց 2013թ. մայիսին կառավարություն ձևավորելու համար, Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման կուսակցությանը մեկուսացնելու նպատակով, նրանք կասկածելիորեն միահամուռ դարձան։ Վարչապետ Պլամեն Օրեշարսկին, օրինակ, մոլորության մեջ գցեց լրագրողներին, վերլուծաբաններին, դիվանագետներին, թե ինքը ռուսամետ է։ Եվ հրաժարումը «Հարավային հոսքից» ասես ամպրոպ լիներ անամպ երկնքում։ Մինչդեռ ռուսական բավական լուրջ ինստիտուտներ ներդրումներ էին կատարել այս կուսակցություններում, և մեծ սխալ էին գործել։ Ռուսաստանի իսկական բարեկամ, պրոֆեսոր Անդրեյ Պանտևն ասել է, որ Բուլղարիայում «ռուսասեր» ասելով հասկանում են այն բուլղարներին, որոնք բիզնեսով են զբաղվում ռուսների հետ։ Նա նրանց անվանում է «ռուսոխարդախներ»։ Սա լիովին վերաբերում է երկու կուսակցությունների ղեկավարներին։
Ռուսաստանյան այդ ինստիտուտներն են կրում պատասխանատվությունն այն բանի, որ Մոսկվայում քաղաքական մարմինները, զանգվածային լրատվամիջոցները և հանրային կարծիքը Մոսկվայում մոլորության մեջ են ընկել այն հարցում, թե ԲՍԿ-ն և «Ատական» ցանկություն և հնարավորություն ունեն պաշտպանելու Ռուսաստանի շահերը, այդ թվում էներգետիկայի ոլորտում, կոնկրետ՝ «Հարավային հոսք» նախագծի մասով։ Ե՛վ ԲՍԿ-ն, և՛ «Ատական» կորցրել են իրենց ազդեցությունը և աստիճանաբար մարում են։ Դրանցում ներդրված ռուսական միջոցներն ապարդյուն են եղել։ Եվ սա էլ ավելի է բարդացրել Մոսկվայի և Սոֆիայի հարաբերությունները Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններից և «Հարավային հոսքը» դադարեցնելուց հետո։
Հարկ է նկատի ունենալ նաև, որ կոալիցիոն Բարեփոխիչների բլոկում մրցակցում են ամերիկամետ և եվրոպամետ միտումները։ Իսկ եթե Վաշինգտոնը հետևողականորեն դիմակայում է Մոսկվային, ապա Բրյուսելի մասին նույնն ասել չի կարելի։
ՌԴ նախագահ Պուտինը հասկացել է, որ գործ պետք է ունենա բուլղար ժողովրդի ներկայացուցիչների, այլ ոչ թե ինքնակոչների հետ, որոնք իրենց մեծամասնության կողմնակից են հռչակում (ռուսական ԶԼՄ-ում տեղեկություններ կան, օրինակ, որ «Единые за Болгарию» մի ինչ-որ կազմակերպություն, որի մասին Բուլղարիայում ոչ ոք չի լսել, շրջում է Ռուսաստանում՝ փորձելով ներկայանալ որպես ռուսասերներ)։
Ռուսաստանի ղեկավարությունն այլընտրանք չունի՝ Բուլղարիայում կառավարողների հետ շփվելուց բացի։ Բուլղարիայի ղեկավարությունը նույնպես, Պուտինի, Մեդվեդևի, Իվանովի և մյուս ղեկավարների հետ շփվելուց բացի, ուրիշ ընտրություն չունի։ Բուլղարիայի կառավարության և խորհրդարանի մեծամասնությունը պատրաստ է վերականգնել «Հարավային հոսք» նախագիծը։ Այն առանցքային նշանակություն ունի բուլղարական տնտեսության զարգացման համար, թեև գալիք տարի Սև ծովի բուլղարական շելֆում և ցամաքում սկսվելու են նավթի և գազի ծավալուն հետազոտաորոնողական աշխատանքներ։
Եվ այնուամենայնիվ, «Հարավային հոսքն» անհրաժեշտ է թե՛ Բուլղարիային, թե՛ Ռուսաստանին։ Բուլղարական կողմը պետք է մեղմի պատժամիջոցները՝ հակառակ Վաշինգտոնի և Բրյուսելի կամքի։ Ինչպես նշել է Բոյկո Բորիսովը, դրանցից տուժում են բուլղար գործարարները, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը։ Վարչապետը պետք է արգելի Բարեփոխիչների բլոկի նախարարներին հակառուսական արտահայտություններ անել։ Ռուսական կողմը նույնպես պետք է մեղմի հակապատժամիջոցների ռեժիմը. դրանից Բուլղարիայում տուժում են Ռուսաստանի բարեկամները։ ՌԴ նախագահը պետք է սաստի նաև ռուս այն վերլուծաբաններին և լրագրողներին, ովքեր ռուսաստանյան հանրային կարծիքում բացասական ֆոն են ստեղծում Բուլղարիայի և բուլղարացիների վերաբերյալ (օրինակ, Դարյա Ասլամովայի զրպարտչական հրապարակումը, որտեղ փորձ է արվում ինտրիգ ստեղծել բուլղարական երկու պետությունների՝ Բուլղարիայի և Մակեդոնիայի միջև)։
ՌԴ նախագահ Վ.Պուտինի հայտարարությունն, ինչպես երևում է, լրջորեն է անհանգստացրել Վաշինգտոնին։ ԱՄՆ-ի համար տհաճ անակնկալ էր եղբայրական երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման հեռանկարը։ Սոֆիայում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ռոդերիկ Մուրը փորձել է հիշեցնել իր մասին։ Նա, ինչպես և ցանկացած այլ ամերիկյան դեսպան Բուլղարիայի մայրաքաղաքում, 1989թ. հետո իրեն նահանգապետ է զգում և դա հասկանալ է տալիս։ Ռոդերիկ Մուրը «զայրացել» է, թե ինչու են Բուլղարիայում քննարկում երկրի տարածքում ամերիկյան ռազմատեխնիկայի տեղակայման հարցը, եթե, նախ, Վաշինգտոնը և Սոֆիան դաշնակիցներ են, երկրորդ՝ դա տեղի է ունենում բուլղարական կառավարության թույլտվությամբ։ Նա նշել է նաև, որ վերջին 15 տարիներին երկրում ոչ մի քաղաքական գործիչ չի դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով։ Նա նկատի է ունեցել հակահետախուզության նախկին պետ, խոշոր գործարար Ալեքսեյ Պետրովին, որը պաշտոնից հեռացվել և ձերբակալվել էր այն բանից հետո, երբ հետևողական պայքար էր մղում «Մուսուլման եղբայրների» և «Ալ-Քաիդայի» էմիսարների դեմ և սահմանափակում էր իսլամական արմատականության տարածումը մուսուլման բուլղարների շրջանում։ Նրան ձերբակալելուց հետո ԱՄՆ դեսպանը հայտնել էր իր խորին գոհունակությունը և տագնապ էր հնչեցրել, երբ նրան ազատել էին բանտարկությունից։
Դեսպան Մուրը փորձել է հիշեցնել նախագահ Պուտինին Մալթայի մասին, որտեղ լեհ մարշալ Պիլսուդսկու «Պրոմեթևս» պլանում ներառված պետությունները հանձնվեցին Վաշինգտոնի «հոշոտմանը»։ Եվ Մոսկվայի՝ հարաբերությունները վերականգնելու ջանքերը յանկիներն ընդունում են սվիններով։
Բուլղարիայի պարագան սկզբունքային տարբերություններ չունի Ղրիմի և Դոնբասի իրավիճակից։ Այստեղ ապրում է գերազանցապես սլավոնական բնակչություն։ Բուլղարիան լրջորեն անվանում էին «16-րդ հանրապետություն», և Մոսկվան իզուր չէ, որ Սոֆիային համարում էր իր մերձավորագույն և անխնդրահարույց դաշնակիցը։ Իհարկե, երիտասարդ սերնդի մասին նույնը չես ասի։ Ռոդերիկ Մուրը չէր կարող չիմանալ, որ դժգոհությունը Բուլղարիայում հեշտորեն բացահայտվում է ոչ միայն ընդդիմության, այլև իշխող կոալիցիայի մյուս երեք (բացի Բարեփոխիչների բլոկից) անդամների շարքերում (Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման, Հայրենասիրական ճակատ և Այլընտրանք բուլղարական վերածննդի համար)։ Ուստի նախազգուշացնում է նրանց, որ Սոֆիայի և Վաշինգտոնի դաշինքը հաստատուն մեծություն է բուլղարական հետսոցիալիստական քաղաքական կյանքի համար։
Եթե, այնուամենայնիվ, «Հարավային հոսք» նախագիծը վերականգնվի, երկրում կարող է առաջընթաց գրանցվել մարդկային զարգացման առումով։ Հենց այս միտումն է, որ ձեռնտու չէ Վաշինգտոնին, որի համար շահավետ է նախկին սոցիալիստական երկրներին պահել կախվածության մեջ և մանիպուլացնել նրանց քաղաքական գործիչներին՝ առավելագույն օգուտ կորզելու նպատակով։ Սա ամեն տեղ չէ, որ նրան հաջողվում է. օրինակ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը թույլ չի տալիս միջամտել իր երկրի ներքին գործերին և հստակ պաշտպանում է իր երկրի ազգային շահերը։ Ռոդերիկ Մուրը գիտե, որ Բուլղարիան ԱՄՆ-ի համար հուսալի դաշնակից չէ։ Եվ բուլղարներն ակնկալում են Ռուսաստանի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության վերականգնում, համապատասխանաբար՝ կենսամակարդակի բարձրացում։ Եթե բուլղար շինարարներն աշխատեն «Հարավային հոսքում», իսկ գյուղատնտեսները՝ ռուսաստանցի սպառողների համար, նրանք այլևս ԵՄ չեն մեկնի։
Վլադիմիր Պուտինի օգոստոսի 17-ի հայտարարությունը ՆԱՏՕ անդամ որոշ երկրներում իսկական հիստերիա է բարձրացրել։ Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաքում բացվեց ՆԱՏՕ հրամանատարա-շտաբային կետ՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյմս Ափաթուրայի մասնակցությամբ։ Այդ օրը «Ատակա» ընդդիմադիր կուսակցությունը Սոֆիայի կենտրոնում հզոր հականատօական ցույց կազմակերպեց, որին միացան ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները, այլև խորհրդարանական և կառավարական մեծամասնության ներկայացուցիչները։ «Ատակա»-ի առաջնորդ Վոլեն Սիդերովը պահանջում էր փակել հրամանատարական կետը, և որ Բուլղարիան դուրս գա ՆԱՏՕ-ից։ Նրա հետ համաձայն էին բոլոր ներկաները, չնայած նրանց միջև առկա լուրջ ներքաղաքական հակասություններին։ Երկրի՝ ՆԱՏՕ-ից և Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայության դաշտից դուրս գալը վերածվել է ազգային նպատակի։
Այնուհետև հաջորդեց պայմանավորվածության ձեռքբերումը Մոսկվայի և Սոֆիայի միջև՝ Ռուսաստանի Դաշնություն բուլղարական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման լիակատար դադարեցման մասին, կեղծ բուլղարական սերտիֆիկատների պատճառով։ Սեպտեմբերի 2-ին, Սամարա կատարած այցելության ժամանակ, Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հրապարակային հայտարարություն է արել որքան հնարավոր է շուտ Արևմուտքի պատժամիջոցները հանելու մասին, որոնք ոչ ոքի հարկավոր չեն։ Նա հաստատել է հայտնի փաստը, որ ամբողջ ԵՄ-ն է տառապում դրանցից, առաջին հերթին՝ Բուլղարիան. նրա գյուղարտադրողները և տուրօպերատորները կործանման եզրին են հայտնվել ռուս գործընկերների հետ հարաբերությունների խզման պատճառով։ Դեսպան Բոյկո Կոցովը փորձառու դիվանագետ է։ Եղել է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործերի փոխնախարար։ Երկիրը ներկայացրել է ՆԱՏՕ շատ պետություններում։ Նշենք, որ Սամարայում հատկապես են գնահատում Բուլղարիայի հետ բարեկամությունը։ 1877թ. սամարացիները բուլղարացի աշխարհազորայիններին դրոշ էին նվիրել, որը դարձել է բուլղարների և ռուսների արիության և եղբայրության խորհրդանիշը։ Այն մարտական մկրտություն է ստացել Ստարա Զագորա քաղաքի մոտ թուրքերի դեմ դաժան մարտում, երբ դրոշակակիրներն ընկնում էին մեկը մյուսի հետևից, բայց դրոշը փրկեցին։ Սամարայի գլխավոր փողոցներից մեկը կոչվում է Ստարա Զագորա։
Դժվար չէ կռահել, թե ինչպես ընդունեցին սամարացիները բուլղար դեսպանին։ Նա էլ, իր հերթին, պաշտպանեց պատժամիջոցները (և, իհարկե, հակապատժամիջոցները) հանելու գաղափարը՝ առաջ բերելով Բուլղարիայի ԱԳՆ ցասումը։ Արտգործնախարար Դանիել Միտովը մամուլի ասուլիսում լրագրողներին խոստացավ պարզել, թե ինչպես կարող է Բուլղարիայի դեսպանը նման բաներ ասել։ Եվ հաջորդ օրը եղավ Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության հռչակագիրը, որը մեղադրում էր մոսկովյան լրատվական գործակալություններին այն բանի համար, որ նրանք փոխել են դեսպանի խոսքի համատեքստը, նրան ճիշտ չեն հասկացել և մանիպուլացնում են հանրային կարծիքը։
Հռչակագրում ասվում է, որ Բուլղարիան լոյալ է արևմտյան գործընկերների հանդեպ և հետևողականորեն հետևում է պատժամիջոցներին՝ ԵՄ միասնական քաղաքականության համաձայն։ Վստահություն է հայտնվում, որ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի Հարավ-արևելքում խնդիրների լուծման համար։ Եթե հռչակագրի տակ դեսպանի ստորագրությունը չլիներ, նրան աշխատանքից հեռացրած կլինեին։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ» ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԸ[08.12.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[03.10.2017]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[10.07.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ[24.01.2017]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ[08.12.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ[04.11.2015]
- ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ[02.09.2015]
- ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[11.06.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ[03.04.2015]
- ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ[27.03.2015]