Ռուսաստան. խնդիրներ Արևմուտքում և հեռանկարներ Արևելքում

Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումները որակական փոփոխություններ են կրել։ Մասնավորապես ԱՄՆ-ի հետ այդ տերության հարաբերություններն ավելի ու ավելի են հիշեցնում սառը պատերազմի տարիները. տեղեկատվական դաշտում արդեն իսկ հայտնվել են այդ տերությունների հարվածային միջուկային հնարավորությունների համեմատությունները, արծարծվում է Ռուսաստանին «Մեծ ութնյակի» ձևաչափից վտարելու խնդիրը, խոչընդոտվում է այդ երկրի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամագրումը և այլն։ Անշուշտ, համեմատությունը սառը պատերազմի տարիների հետ գուցե և այնքան էլ տեղին չէ, քանի որ ժամանակակից Ռուսաստանը, թեև պահպանել է իր միջուկային գերտերության կարգավիճակը, դեռևս չունի ԽՍՀՄ քաղաքական ազդեցությունը և տնտեսական հզորությունը։ Սակայն առկա են այլ իրողություններ, որոնցից ամենահիմնականը ռուս-չինական ռազմավարական սերտաճման միտումն է։
Ռուս-ամերիկյան հարաբերություններ
Տարվա սկզբին ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի (ԱՀԽ) ղեկավար Ռիչարդ Հաասը հանդես եկավ հայտարարությամբ, թե սառը պատերազմի ավարտից անցել է ավելի քան 15 տարի և եկել է Ռուսաստանի հանդեպ ունեցած քաղաքականության փոփոխման ժամանակը։ Նկատենք, որ ԱՀԽ-ն ոչ պետական կազմակերպություն է, սակայն մեծ, իսկ հաճախ` որոշիչ դերակատարում ունի ԱՄՆ գլոբալ ռազմավարության մշակման խնդիրներում։ Որպես Հաասի հայտարարության շարունակություն` մարտի առաջին օրերին ԱՀԽ-ի կողմից ձևավորված «Անկախ աշխատանքային խումբը» ներկայացրեց «Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը» խորագրով զեկուցագիրը։ Խմբի ղեկավարն իր հակառուսական տրամադրություններով հայտնի, նախկինում ԱՄՆ հատուկ հանձնարարություններով դեսպան և պետքարտուղարի` հետխորհրդային պետությունների գծով հատուկ խորհրդական Սթիվեն Սեստանովիչն է։ Աշխատանքային խմբի զեկուցագրի հիմնական դրույթները, դատելով հրապարակումներից, հետևյալն են.
- Ռուսաստանն աստիճանաբար հեռանում է ժողովրդավարության սկզբունքներից և այսօր այնտեղ հաստատվել է «փափուկ» ավտորիտար համակարգ։ Այս առումով ԱՄՆ-ը պետք է հատուկ ուշադրություն դարձնի 2008թ. ընտրություններում Պուտինի հետնորդի ընտրման գործընթացում ժողովրդավարական նորմերի և լեգիտիմության սկզբունքի պահպանմանը։ Մատնանշվում է, որ Ռուսաստանը փորձում է տարածել իրեն բնորոշ հակաժողովրդավարական միտումները հարևան երկրներում (այս համատեքստում առաջին հերթին դիտարկվում են Ուկրաինան և Վրաստանը):
- Մտահոգություն է հայտնվում, որ Ռուսաստանն աստիճանաբար հետ է կանգնում 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված հակաահաբեկչական կոալիցիայի մշակած սկզբունքներից. այդ կապակցությամբ նշվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին առնչվող` Ռուսաստանի հայտնի դիրքորոշումը:
- Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ Ռուսաստանի ունեցած դիրքորոշմանը։ Համարվում է, որ այդ դիրքորոշման էությունն է հանդիսանում այն ցուցանիշը, համաձայն որի պետք է կառուցվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։
- Ընդհանուր առմամբ, աշխատանքային խումբը եկել է այն համոզման, որ Ռուսաստանն ակնհայտորեն դուրս է եկել ամերիկյան-արևմտյան քաղաքականության ուղեծրից և փորձում է վերականգնել նախկին դիրքերն աշխարհում։
- Վերոհիշյալ փաստարկները, ըստ աշխատանքային խմբի, վկայում են այն մասին, որ ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ պետք է փոխվի։
Հայտնի է, որ վերջին տարիներին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն արդեն իսկ բարվոք չէին։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ԱՀԽ դերակատարումը ամերիկյան քաղաքականությունում, կարելի է փաստել, որ արդեն պաշտոնական մակարդակով ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունները թևակոխել են մի նոր փուլ, որը բնութագրվում է լարվածության և հակասությունների բավական բարձր աստիճանով։ Դրա վկայությունն է այն, որ «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարություն-2006» հայեցակարգում տեղ գտած ձևակերպումները Ռուսաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ, փաստորեն, կրկնում են ԱՀԽ եզրակացությունները։
ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների դիվանագիտական բաղադրիչի արտացոլումն են Վաշինգտոնում կայացած արտգործնախարար Լավրովի բանակցությունները Ջորջ Բուշի և Քոնդոլիզա Ռայսի հետ։ Լրատվական դաշտում հայտնված արձագանքներից և այցից հետո Լավրովի տված հարցազրույցից հետևում է, որ մասնավորապես ամերիկյան ճնշումների հետևանքով է, որ առայժմ սառեցվել է Իրանի հետ ուրանի հարստացման համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը։
ԱՄՆ կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ հատկապես դրսևորվում է Մերձդնեստրի տնտեսական շրջափակման խնդրում։ Հայտնի է, որ Մերձդնեստրի խնդիրը սկզբունքորեն տարբերվում է օսական, աբխազական կամ, առավել ևս, Ղարաբաղյան խնդիրներից։ Միջէթնիկական հարցերն այդ երկրամասում բավական թույլ են արտահայտված (բնակչության մոտ 40%-ը մոլդովացիներ են, 30%-ը` ուկրաինացիներ և 30%-ը` ռուսներ), իսկ անջատողական տրամադրությունները գերիշխող չեն. բավական է հիշել այդ շրջանի պաշտոնական անվանումը` Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն։ Խնդիրները հիմնականում կրում են տնտեսական (Մերձդնեստրում է կենտրոնացած Մոլդովայի արդյունաբերական համալիրը) և քաղաքական (Մոլդովան, որի բնակչության կեսից ավելին Ռումինիայի քաղաքացի է, ձգտում է միավորվել այդ երկրի հետ) բնույթ։ Մերձդնեստրի ղեկավարությունը և բնակչությունը համաձայն են լինել Մոլդովայի կազմում` ինքնավար հանրապետության կարգավիճակով, և դեռ 2004թ. այդ խնդիրը («Կոզակի պլանի» շրջանակներում) գրեթե լուծվել էր։ Սակայն Արևմուտքը (այս հարցում ԱՄՆ-ը և ԵՄ-ը համերաշխ են) ստիպեց Մոլդովայի ղեկավարությանը մերժել այդ պլանը: Կասկած չի հարուցում, որ Ուկրաինա ներմուծվող մերձդնեստրյան ապրանքների նկատմամբ վերջերս մաքսային նոր կանոնների ընդունումը (դրանք, ըստ նոր կարգի, պետք է ձևակերպվեն Քիշնևի մաքսային ծառայությունների կողմից), ինչը վնաս է նաև Ուկրաինային (սակայն որին փոխհատուցեցին, այսպես կոչված, Ջեքսոն-Վենիկի օրենքի լրացման վերացմամբ և ԱՀԿ ընդունելով), նույնպես հրահրված է Արևմուտքի կողմից։ Ակնհայտորեն, այս ամենը գլխավորապես ուղղված է Մերձդնեստրում ռուսական խաղաղապահների ներկայության դեմ։ Բնորոշ է, որ նման բնույթի և ուղղվածության գործողություններ այսօր իրագործվում են նաև Հարավային Օսիայում։
Վերոհիշյալ միտումներն արտահայտվում են նաև ԼՂՀ խնդրում։ Ամերիկյան աճող ակտիվությունն այս հարցում ուղղված է արդեն ոչ միայն Իրանի, այլև ՀՀ-ում և Ադրբեջանում աճող ռուսական ազդեցության դեմ։ Այս համատեքստում ԱՄՆ-ը փորձում է վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում, և, թերևս, դրա արտահայտություններից է ՀՀ-ում նոր ԱԷԿ կառուցելու մտադրությունը։ Այս կապակցությամբ նկատենք, որ ԱԷԿ-ների կառուցումը հանդիսանում է ԱՄՆ նոր էներգետիկ ռազմավարության հենքը. նախատեսվում է ԱԷԿ-ների մի մեծ համախմբի կառուցում ե՛ւ ամերիկյան մայրցամաքում, ե՛ւ Եվրասիայում, մասնավորապես Թուրքիայում` մոտ 10 հատ։ Այդ նախագծի նպատակներից է նաև ռուսաստանյան գազանավթային նախաձեռնություններին հավասարակշռումը։
Ռուս-չինական համագործակցություն
Այսօր կարելի է ամրագրել, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև հետևողականորեն ձևավորվում է ռազմավարական բնույթի համագործակցություն գրեթե բոլոր ոլորտներում. բավական է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում այդ երկրների ղեկավարները հանդիպել են հինգ անգամ։ Հատկապես արագ տեմպերով է զարգանում տնտեսական համագործակցությունը։ 2001-ի հուլիսի 16-ին կնքած պայմանագրից հետո կողմերի ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 3 անգամ և հասել $30 մլրդ-ի։ 2010-ին այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել $80 մլրդ-ի, որն արդեն համեմատելի է Չինաստան–ԱՄՆ առևտրի ծավալների հետ (ներկայումս` ավելի քան $100 մլրդ)։ Կա նաև մտադրություն ռուս-չինական սահմանամերձ շրջաններում ձևավորել հատուկ տնտեսական գոտիներ։
Երկու տերությունների տնտեսական հարաբերություններում հատկապես պետք է կարևորել էներգետիկայի բնագավառում ձեռք բերված համաձայնությունները։ Սահմանափակ էներգետիկ ռեսուրսների տիրապետող և միաժամանակ տարեկան մինչև 10-12% աճ ունեցող Չինաստանի տնտեսության համար այդ ոլորտի խնդիրներն ամենահրատապն են։ Արդեն 2006թ. Ռուսաստանից կստացվի մոտ 15 մլն տ նավթ, որը կազմում է Չինաստանի տարեկան ներկրման պահանջարկի մոտ 10%-ը: Ներկայումս ընթանում են բանակցություններ սիբիրյան Անգարսկից մինչև չինական Դացին հասնող $11.5 մլրդ արժողությամբ նավթամուղի կառուցման շուրջ։ Կողմերը ձեռնամուխ են եղել նաև խոշոր գազային ծրագրի («Ալթայ») իրացմանը, որը ենթադրում է դեպի Չինաստան երկու գազամուղի կառուցում. դրանցից ամեն մեկը կարող է մինչև 30-40 մլրդ խմ գազ տեղափոխել։ Նախատեսվում է մեծացնել նաև էլեկտրաէներգիայի առաքումը. այսօրվա տարեկան մոտ 1 մլրդ կվտ/ժամից մինչև 18 մլրդ կվտ/ժամ` 2010թ.։ Ընթանում են բանակցություններ նաև միջուկային էներգետիկայի ոլորտում։
Անշուշտ, ռուս-չինական տնտեսական համագործակցության զարգացումը զգալի չափով պայմանավորված է այդ եվրասիական տերությունների քաղաքական կողմնորոշումներով։ Պեկին կատարած վերջին այցի ընթացքում Վ. Պուտինը և Խու-Ցզինտաոն ստորագրեցին համատեղ հռչակագիր, որտեղ փաստորեն ևս մեկ անգամ հաստատվեցին այն թեզերը, որոնք ամրագրվել էին 2005թ. հուլիսին Աստանայում ստորագրված հռչակագրում։ Հիշենք, որ այդ վերջին փաստաթղթում ներկայացված էին կողմերի սկզբունքային մոտեցումները 21-րդ դարի աշխարհակարգի վերաբերյալ, մասնավորապես մտադրությունը` ձևավորել գլոբալ անվտանգության նոր կառուցվածք, հենվելով քաղաքակրթական բազմազանության վրա։ Այսօր ռուս-չինական համագործակցությունը քաղաքական ռեալ հարթությունում, մասնավորապես, արտահայտվում է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ կողմերի ունեցած դիրքորոշումով. ինչպես հայտնի է, այդ երկրների համաձայնեցված դիվանագիտական քայլերի շնորհիվ է, որ առ այսօր Իրանի դեմ ՄԱԿ մակարդակով չեն ընդունվել պատժամիջոցներ։
Սակայն ռուս-չինական ռազմավարական համագործակցության քաղաքական ամենավառ արտահայտությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ձևավորումն ու կայացումն է։ Այդ կազմակերպությունում ներգրավված երկրների (Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, դիտորդի կարգավիճակում` Հնդկաստան, Պակիստան, Իրան) ընդհանուր ներուժի մասին են վկայում հետևյալ ցուցանիշները։ Համաձայն ԱՄՆ ԿՀՎ փորձագիտական հաշվարկների` մոտ 2.8 մլրդ բնակչություն, 35.8 մլն քառ. կմ տարածություն ունեցող ՇՀԿ (դիտորդ երկրների հետ միասին) ՀՆԱ-ն 2005թ. կազմում էր մոտ $14.5 տրիլիոն։ Այսինքն` այդ ցուցանիշով ՇՀԿ-ն արդեն իսկ առանձին-առանձին գերազանցում է ԱՄՆ և ԵՄ տնտեսություններին, որոնց ՀՆԱ ծավալները գրեթե հավասար են (ամեն մեկինը` $12 տրիլիոնի շրջակայքում)։
ՇՀԿ կայացման համատեքստում պետք է հաշվի առնել նաև այն քաղաքական-տնտեսական միտումները, որոնք այսօր գոյություն ունեն Հարավարևելյան Ասիայում։ Այդ տարածաշրջանի երկրները, որոնք միավորվել են ՀԱԱԱ` Հարավարևելյան ասիական ազգերի ասոցիացիայի ձևաչափում (ներառում է Մալայզիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, Սինգապուրը, Լաոսը, Թաիլանդը, Կամբոջան, Բրունեյը, Մյանման), այսօր ակնհայտորեն ձգտում են դեպի Չինաստան և ինչ-որ չափով (հաշվի առնելով սպառազինության ոլորտում առևտրական համագործակցությունը) նաև Ռուսաստան։ Որոշ փորձագետներ այդ գործընթացում անգամ տեսնում են ապագա մեծ եվրասիական համագործակցության ուրվագծերը։ Նկատենք, որ նման ձևաչափը կարող է իրոք մրցակցել միացյալ Արևմուտքի հետ։ Օրինակ, ԱՄՆ և ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ն 2005թ. կազմել է մոտ $24.5 տրիլիոն, իսկ ՇՀԿ և ՀԱԱԱ համատեղ ՀՆԱ-ն` $17 տրիլիոն, այսինքն` միացյալ Արևմուտքի և Արևելքի տնտեսական ցուցանիշներն արդեն իսկ համեմատելի են։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ»[24.07.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ[12.10.2015]
- ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[28.04.2011]
- PAX AMERICANA-2, ԹԵ՞ GOOD BYE, AMERICA[17.12.2009]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ԵԿԵՂԵՑԻ–ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ[20.10.2008]
- ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻ ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ[04.10.2007]
- Հոգևոր-կրոնական գործոնի դերը քաղաքական դաշտում[19.02.2007]
- ԱՄՆ -ի և Իրանի ռազմավարությունների նոր երանգները Հարավային Կովկասում[06.11.2006]
- Պատերազմի տեղեկատվական ենթատեքստը[25.09.2006]
- Աշխարհատնտեսական մրցակցություն[31.07.2006]
- Միացյալ Նահանգներ. նոր հիմնախնդիրներ[22.06.2006]