• am
  • ru
  • en
Версия для печати
20.10.2008

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ԵԿԵՂԵՑԻ–ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

   

Գագիկ Տերտերյան

Church-State (original) Ինչպես հայտնի է, ազգային անվտանգության առաջնակարգ խնդիրն ազգային արժեհամակարգի եւ առաջին հերթին` նրա հոգեւոր բաղադրիչի պահպանումն է։ Միաժամանակ, իրական հոգեւոր արժեքներն ունիվերսալ են եւ ըստ այդմ` վերազգային, հետեւաբար հոգեւորի պահպանումը գլոբալ անվտանգության խնդիր է։ Հարցն այս տեսանկյունից դիտարկելով` պետք է ընդունել, որ Հայության հոգեւոր անվտանգությունը զուտ «հայկական» մոտիվներով չէ միայն պայմանավորված։ Մեր հոգեւոր արժեքների մի զգալի հատվածը համամարդկային բնույթ ունի եւ այդպիսով համաշխարհային քաղաքակրթական համակարգի մասն է կազմում։ Դա իր հերթին նշանակում է, որ Հայության հոգեւոր արժեքները գլոբալ անվտանգության սուբյեկտ են հանդիսանում։ Այդ հանգամանքը աշխարհայացքային առումով խիստ կարեւոր է, բայց եւ` մեր արժեհամակարգի անվտանգության երաշխիք չէ։

Հոգեւոր ոլորտն այսօր առավել, քան նախկինում, քաղաքականացված է։ Մրցակից ազգի արժեքային համակարգի խարխլումը եւ կազմալուծումը դարձել է քաղաքակրթական հակամարտությունների համատեքստում ընթացող ժամանակակից տեղեկատվական պատերազմների գլխավոր նպատակներից մեկը։ Արդի զարգացումների միտումները վկայում են, որ համամարդկային եւ հատկապես` քրիստոնեական հոգեւոր արժեհամակարգին նետված են լուրջ մարտահրավերներ։ Այստեղից, մասնավորապես, հետեւում է, որ ընդհանրական հոգեւոր համակարգի պաշտպանության խնդրում Հայությունն ունի պարտականությունների եւ իրավունքների իր մասնաբաժինը։

Մարդկության հոգեւոր անվտանգությանն ուղղված սպառնալիքների լրջության մասին է վկայում այն, որ որոշ վերլուծաբաններ արդեն իսկ ժամանակակից քաղաքական զարգացումները դիտարկում են նաեւ հետպատմական` այսպես կոչված էսխատոլոգիական (վախճանաբանական) տեսանկյունից։ Նման տեսանկյունը մեթոդաբանական նշանակություն ունի, քանի որ այդպիսով փորձ է արվում քաղաքական ոլորտում միավորել նյութականն ու հոգեւորը, եւ, թեկուզ առայժմ տեսականորեն, ձերբազատվել այն պնդումից, թե քաղաքականությունն ու բարոյականությունը անհամատեղելի են։ Այս առիթով նկատենք, որ դեռեւս ռազմավարության որոշ դասականների կարծիքով` «մեծ ռազմավարությունը» անպայմանորեն պետք է պարունակի «բարոյականություն», այլապես չի կարող արդյունավետ լինել։

Մեզանում հոգեւոր անվտանգության իրականացումը պահանջում է Եկեղեցու, Պետության եւ Հասարակության ողջ ներուժի օգտագործում։ Մինչդեռ հայտնի է, որ այսօր այդ սուբյեկտների բովանդակային հարաբերությունները (առանց ծանրանալու առանձին օրինակների վրա) դեռեւս բավարար մակարդակի վրա չեն։

Նախկինում hայտնի են դեպքեր, երբ Պետությունը եւ Եկեղեցին կնքում էին համաձայնություն` կոնկորդատ, որը կոչված էր կարգավորել հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների միջեւ հարաբերությունները եւ ձեւավորել ներդաշնակություն։ Սակայն ներկայում միայն այդ երկուսի միջեւ ձեռք բերված համաձայնությունը բավարար չէ. այսօր առանց հասարակության, նրանում տիրող տրամադրությունների եւ մտայնությունների` դժվար է պատկերացնել ներդաշնակ հանրություն։ Մինչդեռ, արդի հայ հասարակությունում հոգեւոր եւ աշխարհիկ պատկերացումները (հատկապես ազգային ընդհանրական գաղափարախոսության բացակայության պարագայում) բազմազան են եւ հաճախ էլ` հակասական, ինչն ավելի է բարդացնում համաձայնության մթնոլորտի ձեւավորումը։

Ի լրումն այդ ամենի, հանրություն են ներմուծվում գաղափարախոսական դրույթներ, որոնք չեն նպաստում հոգեւորի եւ աշխարհիկի միջեւ ներդաշնակության ձեւավորմանը։ Մասնավորապես, նման դրույթներից է «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը։ Ողջունելով նման հասարակությանը վերագրվող քաղաքացիական ակտիվության, ինքնակազմակերպման եւ նախաձեռնության արտահայտումները` կիսում ենք մի շարք մտածողների մտահոգությունը այն մասին, որ հասարակության կազմակերպման նման ձեւը եւ բովանդակությունը ենթադրում են հանրության որոշակի ատոմիզացիա, նրա տարբեր հատվածների միջեւ հակասությունների խորացում: Ըստ մեզ, «քաղաքացիական» հասարակության որոշ դրույթներ պարունակում են նաեւ տոտալիտար գաղափարախոսության տարրեր, քանի որ փորձում են մարդկանց գիտակցությունում ամրագրել հասարակություն–իշխանություն հարաբերությունների անխուսափելի անտագոնիզմը, ինչով եւ հիշեցնում են բոլշեւիկյան դասակարգային մոտեցումները։ Որոշակի խնդիրներ են առաջանում նաեւ մարդու իրավունքների հասկացողության բացարձակացումից, ինչը նույնպես երբեմն ծայրահեղական, ֆորմալիզացված մեկնությունների առիթ է տալիս։

Սակայն ակնհայտ է, որ արտաքին մարտահրավերներին դիմակայելը եւ այդ մարտահրավերներից բխող հնարավորությունների օգտագործումը հնարավոր է միայն բավարար ներքին հոգեւոր ռեսուրսներ ունենալու պարագայում, ինչի սակավությունն այսօր ակնհայտ է։ Բավական է ասել, որ մեր տեղեկատվական դաշտում «հոգեւոր իշխանություն» բառակապակցությունը գրեթե չի կիրառվում։ Դա մասամբ պայմանավորված է հանրությանը հուզող հարցերի հանդեպ Հայ Եկեղեցու պասիվ դիրքորոշումներով։ Միեւնույն ժամանակ, հոգեւոր ոլորտում իր կարեւորագույն դերակատարումն ունի նաեւ Հայոց Պետությունը, եւ այս առիթով տեղին է հիշել աստվածաբանական «կատեխոն» հասկացությունը, որը մեկնաբանվում է իբրեւ ամենաթողության զսպում, ինչը համարվում է Պետության սրբազան պարտականությունը։ Այսօր պետք է վերականգնել աշխարհիկ իշխանության այդ դերակատարումը. պետությունը իր վրա պետք է վերցնի հոգեւոր անվտանգության ապահովման աշխարհիկ գործառույթների ողջ համալիրը։

Պետք է ասել, որ Հայ Եկեղեցին, Հայոց Պետությունը եւ Հայությունն ընդհանրապես, տիրապետում են այն հատկանիշներին, որոնք անհրաժեշտ են հանրության հոգեւոր առանցքի ձեւավորման եւ պահպանման համար։

Մասնավորապես, Հայ Եկեղեցին այն եզակի եկեղեցիներից է, որի էությանը խորթ են թե՛ արեւմտյան (հատկապես բողոքական) եկեղեցիներին բնորոշ սեկուլյարիզացիան (աշխարհականացումը), թե՛ արեւելյան եկեղեցիներին հատուկ օրթոդոքս, խիստ պահպանողական մոտեցումները։ Այսինքն` դարերի խորքից եկող մեր հոգեւոր-եկեղեցական մշակույթն ավելի քան համարժեք է արդի գլոբալացման մարտահրավերներին։ Իբրեւ հայկական ուրույն քաղաքակրթության վառ դեմք, մեր Եկեղեցին կարեւորագույն դերակատարում պետք է ունենա ապագա բազմաքաղաքակրթական աշխարհակարգում, եւ նրա առաքելությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի ու Հայության սահմաններում։ Այսպիսով, դարերով Հայության կազմակերպման խնդիրներն իրագործող Հայ Եկեղեցին, արդի եզրաբանության համաձայն, մրցունակ է ու ըստ այդմ` պարտավոր է ստանձնել հոգեւոր առաջատարի դերը մեր հանրությունում։

Հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների առաքելությունը հասարակությանը ծառայելն է։ Իր հերթին, հասարակության հոգեւոր եւ մտավոր բովանդակությունն արժեզրկվում է, եթե չի հետեւում իր ազգային-հոգեւոր էությանը եւ չի ծառայում իր պետությանը։ Հայ Եկեղեցու եւ Հայոց Պետության խնդիրն է` ծրագրել եւ իրագործել նախագծեր, որոնք կստեղծեն հանրությունում հոգեւոր մթնոլորտ եւ կապահովեն գաղափարական ներդաշնակություն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր