• am
  • ru
  • en
Версия для печати
27.03.2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՒՐԱՔՈՒՄ

   

Հայկ Գաբրիելյան

picture (original) 1970թ. իրաքյան քրդերը Սադամ Հուսեյնի վարչակարգից «նվաճեցին» Քրդստանի ինքնավարության ճանաչմանը, սակայն Սադամի բռնած դիրքորոշման պատճառով այդ համաձայնագիրը կյանքի չկոչվեց, քանի որ Հուսեյնն անձամբ երբեք համակրանք չէր տածում քրդերի նկատմամբ: Դրան հաջորդող ժամանակահատվածում նա «Ալ-Ան‎ֆալ» (ռազմավար) գործողության շրջանակներում գործնականում ցեղասպանության ենթարկեց քուրդ ժողովրդին: Տասնյակ հազարավոր քրդեր ‎ֆիզիկապես ոչնչացվեցին, իսկ Քրդստանն «արաբականացվեց»: Իրադրությունը փոխվեց ԱՄՆ ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիոն ուժերով իրաքյան զորքերը Քուվեյթից վտարելուց մեկ տարի անց` 1992թ.: Բաղդադը կորցրեց վերահսկողությունը երկրի հյուսիսի նկատմամբ, արգելվեցին իրաքյան ռազմական ավիացիայի թռիչքները երկրի հյուսիսային շրջաններում: Ստեղծված «անվտանգության գոտու» շրջանակներում, փաստորեն, ամրապնդվեց Իրաքյան Քրդստանի ինքնավար կարգավիճակը, ինչը Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո նոր թափ հավաքեց: Իրականում այդ ինքնավարությունը ձեռք էր բերել անկախություն բոլոր հատկանիշներով՝ բացառությամբ դե-յուրե ճանաչվելուց: 2005թ. հունվարին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեով քրդերի 98%-ը կողմ քվեարկեց լիակատար անկախությանը: Սակայն Իրաքյան Քրդստանի իշխանությունները զգուշացան հանրաքվեի արդյունքները կենսագործելուց` երկյուղելով տարածաշրջանային աղետներից: Սկսած 1992-ից՝ քրդական ինքնավարության պետհիմնարկներում արգելվել է Իրաքի պետական դրոշը: 2004թ. գարնանը Իրաքյան Քրդստան բերվեցին Շվեյցարիայում տպագրված քրդական դինարները, սակայն ԱՄՆ-ը արգելեց քրդական նոր արժույթի կիրառումը1: Բացի այդ, քրդերը երկրի «Իրաքի Հանրապետություն» անվանումը փոխարինել են «Իրաքի Դաշնային Հանրապետություն» անվամբ, ինչն էլ արտացոլվել է քրդերի կողմից վերահսկվող տարածքների պաշտոնական փաստաթղթերում: Քրդերն ունեն նաև սեփական օրենսդիր և գործադիր իշխանություններ, պետական օրհներգ, բանակ: Այս ամենը նշանակում է, որ այսօր քրդերն իրենց չեն համարում միացյալ արաբական պետության` Իրաքի մի մասը:

Սադամ Հուսեյնի օրոք Բաղդադի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ թուրքական ստորաբաժանումները կարող էին Իրաքի տարածքում «տաք հետքերով» հետապնդել քուրդ զինյալներին: Ընդ որում՝ իրաքցի զինվորականները հաճախ մոռանում էին այդ համաձայնության մասին` խանդավառությամբ չընդունելով սեփական տարածքում թուրք գործընկերների նմանօրինակ քայլերը:

Սադամ Հուսեյնը հարաբերական հաջողությամբ վերահսկում էր երկրի հյուսիսը և դաժանորեն ճնշում քրդերի ապստամբությունները: Սակայն նրա տապալումից հետո իրաքյան նոր խամաճիկային կառավարությունը փաստացիորեն կորցրեց վերահսկողությունը Քիրքուքի և Մոսուլի շրջանների նկատմամբ: Քրդերին հնարավորություն ընձեռվեց ստեղծել յուրահատուկ «պարտիզանական արգելավայր», որը դարձավ Թուրքիայի տարածքում գործող քրդերի հենակետը:

2003թ. իրենց դաշնակիցների հետ Իրաք մտան ամերիկացիները, և քրդական խնդիրը որոշակի տարաձայնություններ առաջացրեց ՆԱՏՕ-ի միակ մահմեդական անդամ Թուրքիայի ու նրա մի շարք դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի միջև: Թուրքական պետականությունը հիմնված է Քեմալ Աթաթուրքի գաղափարների վրա: Դրանց միջուկը կազմում է ազգային միասնությունը: Քեմալական գաղափարների պաշտպանության և ազգային պետության միասնության պահպանման համար թուրքերը պատրաստ են գնալ ամեն ինչի` ընդհուպ մինչև իրենց ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման: Դրա համար էլ իրաքյան պատերազմի ժամանակ Թուրքիան ամերիկացիներին չհատկացրեց իր տարածքը` լավ հասկանալով, թե այդ քայլն ինչ ազդեցություն կունենար քրդերի շրջանում:

Վաշինգտոնը, առանց լուրջ ջանքեր գործադրելու, ստացավ Իրաքը, սակայն շուտով հասկացավ, որ զավթելը քիչ է, անհրաժեշտ է զավթածը պահել: ԱՄՆ դաշնակիցները սկսեցին հեռանալ Իրաքից: Փորձագետները գտնում են, որ ներկայումս ԱՄՆ-ը ավելի շատ է կախված Թուրքիայից, քան Թուրքիան՝ ԱՄՆ-ից:

Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ը շեշտը դնում է քրդական համայնքի վրա, որը համարվում է իրաքյան սուննիների «բնական թշնամին»: Բացի այդ, քրդական համայնքը բարեկամական զգացումներ չի տածում նաև Իրաքի շիաների նկատմամբ:

Թուրքիան չէր կարող պարզապես դիտել, թե հարևան երկրում ինչպես է ծաղկում վաղեմի հակառակորդը, թե ինչպես են քրդական երկու գլխավոր կուսակցությունների` Քրդստանի Դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) և Քրդստանի Հայրենասիրական միության (ՔՀՄ) առաջնորդներ Մասուդ Բարզանին և Ջելալ Թալաբանին Իրաքում դարձել նախագահներ և ձևականորեն ղեկավարում են Իրաքի ողջ տարածքը, թե ինչպես է փոփոխվում Քիրքուքի ժողովրդագրական պատկերը2: Թուրքիան փակեց իր օդային տարածքը Եվրոպայից Իրաք թռչող ինքնաթիռների համար: Ողջ 2007թ. ընթացքում այդ երկիրը փորձում էր իր շահերին ծառայեցնել ամերիկյան` «Իրաքի Հանրապետության ազգային դեմոկրատական կառավարություն» անունը կրող ծրագիրը: Անկարան երկարատև բանակցություններ սկսեց Բաղդադի հետ. Բաղդադից պահանջվում էր իրեն տրամադրել Իրաքի տարածքում առանց սահմանափակումների իր հակառակորդներին հետապնդելու իրավունքը։ Բաղդադն ընդդիմանում էր դրան: Ի վերջո, 2007թ. օգոստոսին Անկարայի ու Բաղդադի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ Թուրքիան ու Իրաքը պայմանավորվում են ահաբեկչության և մասնավորապես քուրդ ապստամբների դեմ համատեղ պայքարել: Հիմնական կետերից մեկն այն էր, որ թուրքական բանակին թույլատրվում էր իրաքյան տարածքում հետապնդել 1974թ. ստեղծված Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբներին, սակայն դա պետք է լիներ յուրաքանչյուր կոնկրետ պարագայում Բաղդադի պաշտոնական թույլտվությունից հետո: Համաձայնագիրը նաև նախատեսում էր, որ ՔԲԿ ղեկավարները, որոնց հենակետերը գտնվում են Քրդստանի իրաքյան հատվածում, կա՛մ փոխանցվեն Թուրքիային, կա՛մ Իրաքն ապահովի նրանց նկատմամբ դատական գործընթացը: Իրաքը նաև պարտավորվում էր փակել ՔԲԿ ‎ֆինանսավորման աղբյուրները:

Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Թուրքիային կոչ արեց չներխուժել Իրաք` նշելով, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրաքի համար: Սպիտակ տունը համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև 2007թ. մայիսին, երբ Թուրքիան Իրաքի սահմաններում կենտրոնացրել էր մեխանիզացված ու տանկային ստորաբաժանումներ:

Ներկայումս քրդերի թվաքանակն Իրաքում հասնում է 7 մլն մարդու, որը կազմում է երկրի բնակչության 20%-ը, Թուրքիայում` համապատասխանաբար 16 մլն մարդ (40%), Իրանում` 11 մլն (23%), Սիրիայում` 1.5 մլն (4.5%):

Թուրքիայում քրդերի պայքարի3 հիմնական եղանակը հետևյալն է. խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչություն, ռազմական գործողություններ բանակի ու կարգուկանոն հաստատող ուժերի դեմ, սեփական դավաճանների վերացում, զբոսաշրջության գոտիներում ահաբեկչական գործողություններ: Վերջիններից ամենահայտնին իրանա-թուրքական գազամուղի պայթեցումն էր: Քրդերի այդ քայլը միաժամանակ հարված հասցրեց և՛ Թուրքիային, և՛ Իրանին: Դա հանգեցրեց նրան, որ Թուրքիան սկսեց բարելավել հարաբերություններն ավանդական հակառակորդի` Իրանի հետ, ինչի նկատմամբ ԱՄՆ արձագանքը միանշանակ չէր:

2007թ. հոկտեմբերի 12-ին թուրք-իրաքյան սահմանի մոտ ՔԲԿ զինյալները հարձակվեցին ու ոչնչացրին 12 թուրք զինվորների: Տասն օր անց` հոկտեմբերի 22-ին, հետևեց նոր հարձակում, ինչի արդյունքում սպանվեց 17 թուրք զինվոր ու անհետ կորավ 10-ը: Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է: Կարելի է կարծել, թե իր այս քայլերով ՔԲԿ-ը ինքն է թուրքական իշխանություններին հատուկ ներխուժման մղում:

2007թ. հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանում հակաքրդական բանաձևի ընդունումից (507 կողմ, 19 դեմ) անմիջապես հետո Իրաքյան Քրդստանի «նախագահ» Մասուդ Բարզանին հայտարարեց, որ իրաքյան քրդերը չեն ցանկանում մասնակցել Թուրքիայի ու ՔԲԿ-ի միջև կոն‎ֆլիկտին, և եթե թուրքերը որևիցե պատրվակով ներխուժեն Իրաքյան Քրդստան, ապա արժանի դիմադրության կհանդիպեն:

Ուշագրավ է, որ վերջին 3 տարում թուրք-ամերիկյան հարաբերություններն ամենավատ վիճակում են: Դրանց բարելավման նպատակով 2008թ. հունվարի 6-11-ը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն այցելեց ԱՄՆ, ուր հանդիպումներ ունեցավ ու բանակցություններ վարեց ամերիկյան բարձրագույն ղեկավարության հետ, այդ թվում նաև նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի, փոխնախագահ Չեյնիի, պետքարտուղար Ռայսի, պաշտպանության նախարար Գեյթսի հետ: Անկարայի ու Վաշինգտոնի ձեռնարկած նախկին բոլոր միջոցառումները, որոնք ուղղված էին թուրքական հասարակությունում հակաամերիկյան տրամադրությունների նվազմանը, ոչ մի արդյունք չէին տվել4: Գյուլի այցելության արդյունքում ամերիկյան դիրքորոշումը կտրուկ փոխվեց: Ամենայն հավանականությամբ, Գյուլը նշել է քուրդ ահաբեկիչների անվերջ ահաբեկությունների մասին, իսկ Բուշը, մանրամասնությունների մեջ չընկնելով, «կանաչ լույս» է վառել թուրքական ներխուժման համար: Սակայն կարելի է փաստել, որ Բուշի հետագա գործողությունները ցույց տվեցին, որ դրա հետևանքով նա «կրակն է ընկել»: Իրականում ԱՄՆ-ը շահագրգռված է տարածաշրջանում կայունության և նավթարդյունահանման ու նավթափոխադրման անվտանգության պահպանմամբ5:

2007թ. դեկտեմբերին թուրքական ռազմաօդային ուժերի մի շարք օդային հարձակումներից հետո, 2008թ. փետրվարի 21-ի գիշերը, թուրքական զինված ուժերը ՔԲԿ զինյալների դեմ ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկեցին: Ենթադրվում էր, որ Իրաքի տարածքում գտնվող ՔԲԿ զինյալների թվաքանակը հասնում է 3000-5000 մարդու: Գլխավոր շտաբի հաղորդման համաձայն՝ գործողությունը կարելի է հաջողված համարել, քանի որ ՔԲԿ-ին պատկանող քարանձավները, ապաստարանները, թեթև զենքերը և զենիթային հրետանին, ինչպես նաև փոխադրման ու ծառայության միջոցներն ամբողջությամբ ոչնչացվել են: Ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 237 ահաբեկիչ: Թուրքական կողմը կորցրել է 27 զինծառայող: Մինչդեռ քրդական աղբյուրները նշում են, որ գործողությունն անհաջողության է մատնվել, և որ քրդերի կորուստները կազմում են 9 պարտիզան, իսկ թուրքերինը` 108 զինծառայող, ինչպես նաև «Կոբրա» տիպի 1 ուղղաթիռ: Թուրքական զորքերն Իրաքի տարածքում առաջ էին շարժվել 25կմ (այլ տվյալներով` 5-10կմ), իսկ թուրքական ավիացիան քրդերի տարբեր օբյեկտների հարվածներ էր հասցնում մինչև 40կմ խորությամբ: Կարելի է փաստել, որ այս վերջին գործողությունն առավել հաջող էր, քան 1990-ական թթ. Թուրքիայի ձեռնարկածները:

Ռազմական գործողության որոշակի հաջողությունը հնարավոր դարձավ միայն 2007թ. նոյեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բուշի հանդիպման շնորհիվ, որի հետևանքով թուրքական զինված ուժերն սկսեցին հետախուզական տվյալներ ստանալ ԿՀՎ իրենց գործընկերներից:

Ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Եվրամիությունը և նրա ինստիտուտներն այլ երկրների հետ ընդունեցին, որ Թուրքիան տարածքային ամբողջականության պահպանման համար օգտվում է իր օրինական իրավունքից: Միաժամանակ ռազմական գործողությունը որոշակի դաս հանդիսացավ Իրաքի կառավարության և քրդական ինքնավարության վարչակազմի համար` ցույց տալով, որ ՔԲԿ զինյալները չեն կարող ազատ գործել այդ տարածքում: Այսպիսով Անկարան ցանկանում է Իրաքի և հենց իր` Թուրքիայի քրդերին ցույց տալ թուրքական զենքի հզորությունը, որպեսզի նրանք ընդհանրապես չմտածեն անկախության մասին:

Թուրքական զինվորականներն իրաքյան կառավարությանը վստահեցրին, որ 1. իրենց զորամասերն անմիջապես կլքեն Իրաքի տարածքն այն ժամանակ, երբ կկատարեն իրենց առջև դրված առաջադրանքները, 2. իրենց նպատակը միայն ՔԲԿ ահաբեկիչներն են: Թուրքական զորամասերը սեփական երկրի սահմաններից դուրս չգտնվեցին երկար ժամանակով, ստորաբաժանումները չծավալվեցին մինչև Ղանդիլի լեռնաշղթան6, կամ սահմանների երկայնքով չստեղծվեց բու‎ֆերային գոտի:

Սակայն և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ը լրջորեն անհանգստացած էին, որ ռազմական գործողությունը երկարատև չլինի և բախումներ տեղի չունենան թուրքական բանակի ստորաբաժանումների ու քրդական «Փեշմերգա»7 (մահապարտ) զինված զորամիավորումների միջև, քանի որ, ի տարբերություն ՔԲԿ-ի, «Փեշմերգայի» փորձառու, լավ զինված մարտիկների թիվը հասնում է մոտ 80.000-ի8:

Այսուհետև ՔԲԿ գործունեությունը մեծ մասամբ կախված կլինի իրաքյան կառավարության դիրքորոշումից և դե-‎ֆակտո Իրաքի հյուսիսում գտնվող քրդական վարչակազմի գործունեությունից: Եթե ուշադրության չարժանանա այն, որ Իրաքի հյուսիսում գտնվող քրդական վարչակազմը և նրա ղեկավար Մասուդ Բարզանին ԱՄՆ աչքում կորցնում են վստահությունը, Թուրքիան ստիպված կլինի ուշադիր լինել դրա նկատմամբ: Այստեղ արդեն կարևոր չէ, թե Թուրքիան որքանով է դժգոհ Բարզանիի գործունեությունից, քանի որ եթե ցանկանում է Իրաքի տարածքում չեզոքացնել ՔԲԿ գործունեությունը, ապա ստիպված կլինի հաշվի նստել նրա հետ:

Հյուսիսային Իրաքից ՔԲԿ «վտարումը» Թուրքիայի միակ նպատակը չէ: Իրականում թուրքական նոր ներխուժման պատճառն այն է, որ քրդերը դեմ չեն օգտվել Կոսովոյի օրինակից` իրենց դարավոր երազանքներն իրականացնելու համար: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է ՔԲԿ ահաբեկչական բնույթի վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը:

Հատկանշական է, որ քուրդ ժողովրդի սեփական անկախության համար մղվող պայքարը, ըստ էության, սկսվել է դեռևս 19-րդ դարում և շարունակվում է ներկայումս: Պայքարի գլխավոր օջախներն ավանդաբար գտնվել են Թուրքիայում և Իրաքում: Թուրքիայում կոն‎ֆլիկտը սրվեց 1984թ.: 23 տարվա զինված պայքարի արդյունքում երկու կողմից զոհվել է 37.000 մարդ: Խնդրի կարգավորմանը խանգարում է այն հանգամանքը, որ Անկարան որդեգրել է այնպիսի դիրքորոշում, որ բացառում է ՔԲԿ-ի հետ երկխոսությունը: Միաժամանակ, քրդական հարցի կարգավորումը համարվում է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների քննարկման պայմաններից մեկը: Թուրքիան պետք է ապահովի քրդերի իրավունքներն ու ճանաչի քրդերեն լեզուն, այդ լեզվով բացի ռադիո և հեռուստատեսություն:

Իրաքի կառավարությունը բավական կոշտ արձագանքեց թուրքական ներխուժմանը: Ի պատասխան նրա հնչեցրած բողոքների` թուրք նախարարները հայտարարեցին, որ անցկացնում են հակաահաբեկչական գործողություն: Իրաքի արտաքին գործերի նախարար Ալ-Հաջեմ Մահմուդը հայտարարել է, որ թուրքական ներխուժումը երկրին մեծ վնաս է հասցրել, և որ թուրքական կողմը կիրառել է զրահատեխնիկա, ավիացիա և նույնիսկ տակտիկական հրթիռներ: Փորձագետ-տնտեսագետների տվյալներով՝ թուրքական ագրեսիայի հետևանքով ապակայունացվել են ‎ֆինանսական շուկաները: Դա զարմանալի չէ, քանի որ ռազմական գործողություններն ընթանում էին անմիջապես նավթահանքերի ու նավթամուղների հարևանությամբ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռ.Գեյթսի Անկարա այցից 1 օր հետո` փետրվարի 28-ին, Թուրքիայի Գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարեց Իրաքից իր զորքերի դուրսբերման մասին: Սկզբնական շրջանում ԱՄՆ-ը Իրաքի տարածքում թուրքական գործողության համար ճանապարհ հարթեց, սակայն հետագայում ԱՄՆ-ում որոշեցին, որ այն ձգձգվում է և կարող է վնասել սեփական շահերին: Ռ.Գեյթսը փետրվարի 26-ին հայտարարեց, որ թուրքական զինված ուժերի ռազմական գործողությունը պետք է տևի 2-3 շաբաթից ոչ ավելի, ոչ թե ամիսներ: Բացի այդ, նա նշեց, որ ՔԲԿ խնդիրը չի կարող լուծվել միայն ռազմական ճանապարհով. անհրաժեշտ են նաև տնտեսական ու քաղաքական նախաձեռնություններ: Այս մասին Գեյթսը հայտարարեց նաև փետրվարի 28-ին բարձրաստիճան թուրք զինվորականների հետ բանակցությունների ժամանակ: Սակայն սխալ կլինի կարծել, թե Անկարա ժամանելիս Գեյթսը պատկերացում ուներ այն մասին, որ Իրաքի հյուսիսում թուրքական զինված ուժերի ձեռնարկած ռազմական գործողությունը որքան կձգձգվի:

ԱՄՆ նախագահ Բուշը հաստատեց պաշտպանության նախարարի խոսքերը` հավելելով, որ թուրքերը պետք է արագ գործեն, հասնեն իրենց նպատակներին ու հեռանան Իրաքից: Ամերիկյան ճնշման արդյունքում թուրք քաղաքական գործիչները տեղի տվեցին և դադարեցրին ռազմական գործողությունը: Դրանից առաջ, սակայն, նրանք հայտարարում էին, որ դրա համար որոշակի ժամկետ գոյություն չունի, իրենց զորքերն Իրաքի հյուսիսային շրջաններից չեն հեռանա, քանի դեռ չի վերացվել քուրդ զինյալների վտանգի սպառնալիքը:

Հարկ է նշել, որ աշխարհի և ոչ մի երկիր հստակ կերպով չէր կարող հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ճշգրիտ ժամկետներ նշել: Դրա պատճառն այն է, որ իրավիճակն անկանխատեսելիորեն է զարգանում. այսօր զինյալների բազաները գտնվում են մի վայրում, իսկ վաղը` մեկ այլ վայրում, զոհված զինյալներին փոխարինում են տասնյակ նոր մարտիկներ: Դրա համար էլ կարելի է անվերջ պատերազմել: Սեփական տարածքում ՔԲԿ զորամիավորումների վերացման ուղղությամբ Թուրքիայի պայքարը շարունակվում է արդեն 24 տարի, ընդ որում՝ որոշ ռազմական գործողությունների մասնակցել է մինչև 50.000 զինծառայող: Երաշխիք չկա, որ Անկարայի գործերը տվյալ ուղղությամբ օտար տարածքում առավել հաջող կընթանան: Այնուամենայնիվ, թուրքական զորքերի դուրսբերման որոշումը կայացվեց փետրվարի 29-ին, և 10 գեներալների գլխավորությամբ գործող թուրքական 10.000-անոց էքսպեդիցիոն կորպուսը հեռացավ Իրաքի տարածքից: Կասկածից վեր է, որ Իրաքից թուրքական զորքերի հեռացումը քրդերը դիտում են որպես իրենց հաղթանակ:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ռազմական գործողության մասին որոշումներն Անկարան կայացրել է ինքնուրույն կերպ: Փաստորեն, այդ հայտարարությամբ Էրդողանը հերքեց այն ենթադրությունը, ըստ որի՝ Անկարայի վճիռներում հիմնական դերը խաղացել են Վաշինգտոնի տված ցուցումները: Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Բույուքանըթը նշել է, որ Իրաքի տարածքից թուրքական զորքերի դուրսբերումը կապված է այն բանի հետ, որ գործողությունը հասել է իր առջև դրված նպատակների իրագործմանը: Սակայն դա իրականում այդպես չէ, և նշված գործընթացները փոխկապակցված են: Ակնհայտ է, որ Թուրքիան չէր կարող երկար ժամանակ անտեսել Վաշինգտոնի համառ խորհուրդները: Ռազմական գործողությունը կարող էր շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ չէր սկսել հակասել տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին:

Հետաքրքիր է, որ Անկարան մի կողմից՝ ընդունում և աջակցում է կոսովյան անջատողականներին, մյուս կողմից՝ Թուրքիայի հարավում և Իրաքի հյուսիսում կատաղի պայքար է մղում քուրդ անջատողականների դեմ: Դրանով Անկարան, փաստորեն, երկակի ստանդարտներ է կիրառում: Թուրքիան հիանալի կերպով օգտվում է Կոսովոյի շուրջ առաջացած աղմուկից, քանի որ գերտերությունների համար Կոսովոյի խնդիրն առավել հրատապ է, քան քրդական հարցը: Դա ևս մեկ անգամ հաստատում է Քոնդոլիզա Ռայսի այն հայտարարությունը, թե Կոսովոյի պարագայում համաշխարհային հասարակությունն ուղղեց 6 դար առաջ թույլ տրված անարդարությունը:

Օբյեկտիվորեն Թուրքիային կարելի է հասկանալ: Կասկածից վեր է, որ յուրաքանչյուր ահաբեկչական սպառնալիքի ու անջատողականության դեմ անհրաժեշտ է պայքարել: Եվ եթե Իրաքի կառավարությունը չի կարողանում վերահսկել իր հյուսիսային տարածքները, ինչն Իրաքի նախագահ Թալաբանին անձամբ ընդունում է, հարկ է լինում որոնել պայքարի նոր միջոցներ: Սակայն պայքարի թույլատրելի միջոցների մեջ էլ գոյություն ունի չափի սահման: Ռազմական գործողություն ձեռնարկելու փոխարեն Թուրքիան կարող էր փակել զինյալների ‎ֆինանսավորման աղբյուրները, օգնություն ցուցաբերել Իրաքի օրինական կառավարությանը` երկրի հյուսիսային տարածքների վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար, ուժեղացնել միջազգային վերահսկողությունը տարածաշրջանի իրավիճակի վրա: Սուվերեն պետության տարածք ներխուժելը միայն վերացնում է փոխըմբռնումը թուրքական ու իրաքյան կառավարությունների միջև, առաջացնում միջազգային հանրության անըմբռնողությունը և քրդական ժողովրդի զայրույթը: Այս ամենը մոտ հեռանկարում կարող է նպաստել տարածաշրջանում ահաբեկչական վտանգի աճին ու ապակայունացմանը:

Չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտի ցուցակում ՔԲԿ-ն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների շարքում` ներկայումս քրդերն Իրաքում համարվում են ԱՄՆ միակ դաշնակիցը: Ժամանակին քրդերն աջակցություն ցուցաբերեցին ԱՄՆ-ին, որպեսզի տապալվի Սադամ Հուսեյնի վարչակարգը: Բացի այդ, քրդերն ապահովեցին ամերիկյան զորքերի անվտանգությունը Քրդստանում: 4 տարի շարունակվող պատերազմի պայմաններում Իրաքյան Քրդ‎ստանում չի զոհվել և ոչ մի ամերիկյան զինծառայող: Մինչդեռ Իրաքի կենտրոնական ու հարավային հատվածներում ամերիկյան զորքերը9 մեծ դժվարություններ են կրում ահաբեկչական «Ալ-Կաիդա» խմբավորման իրաքյան մասնաճյուղի կողմից: Վերջինս ներկայումս անկում է ապրում. 2007թ. հունիսի դրությամբ նրա անդամների թիվը 12.000 է, մինչդեռ ներկայումս այդ թիվը 3500 է: Պատճառն այն է, որ «Ալ-Կաիդա» խմբավորման իրաքյան մասնաճյուղը խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ ահաբեկչություններ է իրականացրել, ինչի պատճառով էլ խաղաղ բնակչությունը մեծաթիվ զոհեր է տվել: Այժմ ահաբեկիչները փոխել են իրենց մարտավարությունը և իրենց ուժերը կենտրոնացրել ամերիկյան զինծառայողների վրա10:

ՔԲԿ ջախջախումն ակնհայտորեն ձեռնտու չէ ԱՄՆ-ին, քանի որ քրդերը զսպում են «Ալ-Կաիդային» մոտ կանգնած իսլամական ահաբեկչական խմբավորումներին: Դրա համար էլ Իրաքյան Քրդստանը Իրաքի ամենահանգիստ հատվածն է: Բացի այդ, քրդերն ԱՄՆ-ի համար կարող են ծառայել որպես հարևան երկրների ներքաղաքական իրավիճակն ապակայունացնող գործիք: Խոսքը մասնավորապես, վերաբերում է Իրանին ու Սիրիային: ԱՄՆ-ը մտահոգված էր իրաքյան նավթի փոխադրմամբ, քանի որ ռազմական գործողությունները կարող էին խափանումներ առաջացնել: Մասնավորապես, դա վերաբերում է Քիրքուքի ու Ջեյհանի խողովակաշարերին11:

Ներկայումս Վաշինգտոնը քրդերի նկատմամբ երկակի քաղաքականություն է վարում. մի կողմից՝ աջակցում է Իրաքյան Քրդստանի անկախության գործընթացին, մյուս կողմից՝ չի շտապում ըստ էության լուծում տալ այդ խնդրին: Քրդստանի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայի առջև «կանաչ լույս» վառելու համար: Դրանով ԱՄՆ-ը, թերևս, ցանկանում է ստանալ Թուրքիայի աջակցությունն Իրանի հետ հետագա հակամարտության ժամանակ (Արևմուտքում թուրք-իրանական բախումը կանխատեսվում է 2010-ից ոչ ուշ):

Ամերիկացիներին մտահոգում են իրաքյան կառավարության այն փորձերը, որոնք ուղղված են տարածաշրջանային պետությունների, առաջին հերթին՝ Իրանի հետ կապերի ընդլայնմանը: Որպեսզի Իրաքին հետ պահեն այդպիսի «վտանգավոր կապերից», ինչպես նաև թուրքական քրդերին նախազգուշացնեն ակտիվություն չցուցաբերել Օջալանին ազատելու հարցում, ծրագրվեց նոր «դեմարշ»` թուրքական զորքերի ներխուժումը Իրաք: Հետաքրքիր է, որ փետրվարյան թուրքական ներխուժմանը մասնակցել են նաև իսրայելցիները, որոնց համար Իրանը չարագործ է:

Իրաքյան Քրդստանում` Էրբիլում և Սուլեյմանիայում, արդեն բացվել են Իրանի գլխավոր հյուպատոսարանները: 2008թ. մարտի 2-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցն Իրաք շատերն արդեն որակել են որպես պատմական, քանի որ 1979-ից ի վեր Իրանի նախագահը չէր այցելել հարևան երկիր: Իրան-Իրաք հարաբերությունների ջերմացման ‎համատեքստում թուրքական «դեմարշը» դեպի Թուրքիայի, Իրաքի ու Իրանի սահմանների հանգուցակետ լիովին կարելի է դիտարկել որպես Թեհրանին ուղղված նախազգուշացում: Դա համապատասխանել է ամերիկյան շահերին: Նախագահական ընտրությունների նախաշեմին Բուշը ցանկանում է ԱՄՆ-ում այդ կերպ բարձրացնել Հանրապետական կուսակցության հեղինակությունը:

Ինչ վերաբերում է թուրքական հասարակության վերաբերմունքին, ապա անհրաժեշտ է նշել, որ չնայած քաղաքական առումով շատ ցույցեր են տեղի ունենում Ստամբուլում, սակայն ռազմական գործողության դեմ բողոքները Թուրքիայում հազվադեպ երևույթ են: Դրա պատճառը իշխանությունների կողմից կիրառվելիք հնարավոր բռնությունների վախը չէ12: Հակառազմական զանգվածային ելույթների բացակայության13 գլխավոր պատճառը թուրքական հասարակությունում բանակի ունեցած համբավն է:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` թուրքերի մեծամասնությունը պաշտպանում է քրդերի դեմ ռազմական գործողության գաղափարը: Այս պարագայում կարելի է հավատալ պաշտոնական վիճակագրությանը: Միևնույն ժամանակ, թուրքական հասարակական կարծիքը վստահ է, որ բոլոր քրդերը, այդ թվում նաև քուրդ խորհրդարանականները, ինչ էլ որ ասեն, իրականում դեմ են պատերազմին: Քրդական քաղաքական գործիչները քննադատության չեն ենթարկել ռազմական օպերացիան, սակայն շարքային թուրքը կարծում է, որ իրականում նրանք թաքցնում են իրենց տեսակետը:

Միակ քաղաքական ուժը, որն ակնհայտորեն հանդես եկավ Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն ձեռնարկելու դեմ, Թուրքիայում քրդական միակ լեգալ` Դեմոկրատական հասարակություն կուսակցությունն էր (ԴՀԿ): Սակայն պարզ է, որ ռազմական գործողության դադարեցումն ամենևին էլ կապված չէր ԴՀԿ-ի բողոքների հետ:

Թուրքիայում իրավիճակը փոխվեց ռազմական գործողությունը դադարեցնելուց հետո: Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Դենիզ Բայքալը քննադատության է ենթարկել երկրի իշխանություններին այն դադարեցնելու համար: Նա հայտարարել է, որ չի հավատում իշխանությունների պաշտոնական տեղեկատվությանը, թե թուրքական բանակն այլևս ի վիճակի չի եղել շարունակել գործողությունը: Բայքալը նաև նշել է, որ բանակը չի կատարել իր առջև դրված խնդիրները և Իրաքից դուրս է բերվել ԱՄՆ հրամանով: Նույն կերպ է վարվել ծայրահեղական Ազգային շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին:

Թուրքական մամուլով մի շարք հարցեր ուղղվեցին Գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթին. «Ո՞ւր է Ղանդիլը», «Ո՞ւր է ՔԲԿ խոստացված ոչնչացումը», «Ո՞ւր են Հայաստան փախչող ՔԲԿ անդամները», «Ո՞ւմ հետ ենք պատերազմել», «Ինչպե՞ս են զոհվել մեր զինվորները»: Թուրքական մամուլը քննադատության է ենթարկել նաև ԱՄՆ-ին. «Նախ նա ասում է մտեք, մենք մտնում ենք, ասում է դուրս եկեք, դուրս ենք գալիս»: Դա նշանակում է, որ Թուրքիայում նորից ձախողվեցին այն փորձերը, որոնք ուղղված էին ազգաբնակչության շրջանում հակաամերիկյան տրամադրությունների մեղմմանը:

Այսպիսով, չպետք է հուսալ, որ թուրքական զորքերի ուժային գործողությունների հետևանքով քուրդ ժողովուրդը զենքը վայր կդնի ու կհանձնվի թուրքերի ողորմածությանը: Վերջին 15 տարիների ընթացքում թուրքերը մեկ անգամ չէ, որ փորձել են ծնկի բերել Իրաքում գտնվող քրդերին: Ամեն անգամ արդյունքը եղել է նույնը. թուրքական բանակը հպարտ կեցվածքով հեռացել է Իրաքից, իսկ ՔԲԿ զինյալները կարծես հրաշքով գոյատևել են: Թուրքական ներխուժումն ավելի է համախմբում քրդերին:

Հարկ է նշել, որ թուրքական հարվածն ուղղված է եղել Քրդական ինքնավար շրջանի գոյությանը, որն ավելի է մոտենում անկախությանը: Ակնհայտ է, որ Իրաքյան Քրդստանի անկախացումը զգալիորեն կսրի իրավիճակը Թուրքական Քրդստանում, ուր տեղակայված է թուրքական բոլոր զինված ուժերի 80%-ը: Մինչ օրս թուրքերը կարողացել են վերահսկել նրա միայն աննշան մասը:

Չպետք է բացառել այն, որ թուրքերը հետագայում կարող են զավթել ամբողջ Հյուսիսային Իրաքը: Այս տարբերակը բավական մեծ հավանականություն ունի, քանի որ ամերիկացիների հեռանալուց հետո քրդերի անկախության հարցը նոր ընթացք կստանա, և քրդերը ոգևորված կշարունակեն իրենց պայքարը: Բացի այդ, Թուրքիան դրանովվերահսկողություն կսահմանի Քիրքուքի ու Մոսուլի շրջաններում գտնվող նավթահանքերի նկատմամբ, որոնց կարիքը սուր զգում է:

Քրդստանի խնդիրն այսօր համարվում է երկրագնդի «ամենատաք կետերից» մեկը: Սա պատմական նախադեպ է, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ աշխարհի տարբեր անկյուններում քաղաքական գործիչների կողմից վճռվող ազգային-էթնիկական ինքնորոշման խնդիրների վրա: Քրդերը աշխարհի ամենախոշոր էթնոսն են, որին ցայժմ չի հաջողվել ստեղծել սեփական պետություն: Ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ քրդերը կստեղծեն իրենց անկախ պետությունը:

1Հետաքրքիր է, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես ունի սեփական արժույթ, սակայն այնտեղ կիրառվում է միայն հայկական դրամը:

2Քրդական քաղաք համարվող Քիրքուքը Սադամ Հուսեյնի կառավարման ժամանակ «արաբականացվեց», իսկ Իրաքյան Քրդստանի վարչական սահմանները հեռացվեցին: Այժմ քրդերը հետ են պահանջում այդ քաղաքը, սակայն քաղաքի արաբական բնակչությունն ընդդիմանում է դրան: 2007թ. դեկտեմբերին քաղաքի ճակատագիրը որոշելու համար այնտեղ պետք է հանրաքվե անցկացվեր, սակայն քաղաքական նկատառումներով այն հետաձգվեց 2008թ. հունիսին:

3ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանը տասնամյա հետապնդումից հետո` 1999թ., թուրքական իշխանությունների կողմից Քոնիայում ձերբակալվեց ու դատապարտվեց ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի: Մինչ այդ քրդերը Թուրքիայում պայքարում էին անկախություն ձեռք բերելու համար, սակայն դրանից հետո հիմնականում պայքարում են իրենց մշակութային կարգավիճակի ճանաչման համար:

4Թուրքիայի բնակչության համարյա 80%-ը կարծում է, թե ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքն ԱՄՆ-ն է: Ամերիկյան մամուլում հայտնված՝ ԱՄՆ-ի կողմից նախատեսվող նոր Մերձավոր Արևելքի քարտեզի վրա նշված էր Ազատ Քրդստան անունը կրող պետության մասին, որին պետք է անցնեն Թուրքիայի արևելյան 20 վիլայեթները:

5Միջին ու Մերձավոր Արևելքում է գտնվում ածխաջրածինների համաշխարհային պաշարների 2/3-ը: Հորմուզի նեղուցով է փոխադրվում նավթի համաշխարհային փոխադրման 20%-ը: ԱՄՆ-ը իր նավթային կարիքների կեսից ավելին բավարարում է ներկրման միջոցով:

6Լեռնաշղթան Թուրքիայի տարածքից Իրաքյան Քրդստանի միջով ձգվում է դեպի Իրան:

72005թ. հունիսին «Նյու Յորքերի» լրագրող Սեյմուր Հերշը հաղորդեց, որ Իսրայելի հատուկ ծառայությունները գաղտնի մարտական նախապատրաստություն են անցկացնում «Փեշմերգայի» ջոկատների շրջանում: Իսրայելը ցանկանում է ստեղծել քրդական ռազմական ուժ, որը կարող է դիմակայել Իրաքում շիական կազմավորումների աճող հզորությանը: Քրդերի հետ համագործակցության միջոցով Իսրայելն «աչքեր ու ականջներ» է ստանում` Իրանի, Իրաքի ու Սիրիայի նկատմամբ հսկողություն սահմանելու համար:

8Եթե «Փեշմերգան» մտցվի իրաքյան բանակի կազմի մեջ, ապա կշարունակի պահպանել անվանումը և կկազմի իրաքյան բանակի 33%-ը:

92008թ. մարտի 1-ի դրությամբ ԱՄՆ-ը Իրաքում ունի 19 բրիգադ` մոտ 158.000 մարդ

102003թ. մարտից մինչև 2008թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ զինված ուժերն Իրաքում տվել են 4224 սպանված և մոտ 29.350 վիրավոր: 4 ամերիկացի զինծառայող համարվում է անհետ կորած:

11Իրաքը նավթի ու գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը: Դրանց 40%-ը գտնվում է Քրդստանում:

12Ի վերջո, թուրք կոմունիստներն ամեն տարի մայիսի 1-ին հավաքվում են գլխավոր հրապարակներում ու խաղաղության մասին կոչեր հնչեցնում` քաջ գիտակցելով, որ ոստիկանները 100%-ով իրենց դեմ արցունքաբեր գազ են կիրառելու:

13Միայն քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցավ բազմահազարանոց ակցիա, որի ժամանակ քրդական երիտասարդությանը կոչ արվեց չծառայել թուրքական բանակում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր