
«ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) Գլխավոր շտաբը (ԳՇ) հայտարարեց Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինի շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության (Zeytin Dalı Harekâtı) մեկնարկի մասին։ Մեր կարծիքով՝ ռազմական գործողությանը նման անուն տալով՝ Թուրքիան պարզապես ցանկանում էր ցուցադրել իր «խաղաղասիրական ձգտումները», թեև ակնհայտ էր, որ այդ գործողությունը կրում էր հարձակողական բնույթ (նույնը կարելի է ասել նաև Սիրիայում Թուրքիայի իրականացրած մեկ այլ՝ «Եփրատի վահան» ռազմական գործողության անվան մասին)։ Հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով գործողության անվան մասին, հայտարարեց, թե ձիթենին շատ կարևոր է իրենց հավատքում, և բացի այդ, այն ազատության ավետիս է1։ Չնայած դրան՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը «Ձիթենու ճյուղը» որակեց օկուպացիա՝ ընդգծելով, որ Թուրքիան պատերազմ սկսելիս մշտապես օգտագործում է խաղաղության խորհրդանիշներ2։ Թուրքական Sözcü թերթն էլ գործողության անվան կապակցությամբ առաջադրեց իր վարկածը. ձիթենու ծառն Աֆրինի խորհրդանիշն է, իսկ Աֆրինը ձիթենու և ձիթենու յուղի արտադրության կարևոր կենտրոն է3։
Նկատենք, որ «Ձիթենու ճյուղի» մեկնարկին մասնակցեց միանգամից 72 մարտական ինքնաթիռ, որոնք, թուրքական կողմի պնդմամբ՝ առաջին օրն ամբողջովին ոչնչացրին թիրախների 95.57%-ը կամ 113 թիրախից 108-ը։ Թուրքական իշխանամետ մամուլը դա որակեց որպես ռեկորդային արդյունավետություն4։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու է կիրառվել միանգամից 72 ինքնաթիռ՝ հաշվի առնելով, որ այդչափ ինքնաթիռ չի կիրառվել անգամ «Եփրատի վահանի» մեկնարկին։ Անգամ 2007թ. Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության ժամանակ Թուրքիան կիրառել է 50 մարտական ինքնաթիռ։ Փաստորեն, Թուրքիան վերջին ավելի քան 10 տարում առաջին անգամ էր կիրառում միանգամից 72 մարտական ինքնաթիռ5։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիան այդպիսով հարգանքի տուրք մատուցեց «Եփրատի վահանի» իր 72 շեհիթներին (նահատակ)։ Ստացվում է, որ Թուրքիան իր հաջորդ ռազմական գործողության մեկնարկին «տրամաբանորեն» պետք է կիրառի 53 մարտական ինքնաթիռ. «Ձիթենու ճյուղի» ժամանակ նա տվել է 53 զոհ։ Ի դեպ, անվտանգության հարցերով թուրք փորձագետ Մեթե Յարարի խոսքերով՝ բավական բարդ առաջադրանք է միանգամից 72 մարտական ինքնաթիռ օդ բարձրացնելն ու դրանց գործողությունները կոորդինացնելը. «Աշխարհում միայն 5 երկիր է ի զորու անել նման բան։ Նախկինում մենք տեսել ենք, որ ռազմական գործողություններին մասնակցի 100 կամ 150 ինքնաթիռ։ Սակայն այդ դեպքում խոսքն այնպիսի մեծ ռազմաճակատի մասին էր, ինչպիսին Իրաքն է։ Փորձեք դա անել 4000 կմ2 տարածքում։ 4000 կմ2-ն մեծ տարածք է ցամաքում, սակայն օդում այն նման է ֆուտբոլային դաշտի, որում խաղացողներն արագ փոխվում են տեղերով։ 4000 կմ2-ն ոչ նորմալ, սահմանափակ գոտի է՝ օդային գործողության համար»6։
Ըստ ամենայնի՝ «Ձիթենու ճյուղի» ժամկետը նույնպես պատահական չէր ընտրված։ Նրա մեկնարկից հետո թուրքական մամուլը հիշեցրեց, որ 1920թ. հունվարի 20-ին Մարաշում մեկնարկել է «անկախության համար պայքարը», որը 1973թ. հոկտեմբերին վերանվանվել է Քահրամանմարաշ (թարգմանաբար՝ Հերոս Մարաշ), ինչը կապված էր 1920թ. Մարաշի ճակատամարտում ֆրանսիացիների դեմ տարած հաղթանակի հետ (Մարաշը ստացավ Անկախության մեդալ)։ Ապա Անկարայի կառավարության որոշմամբ թուրքական զորքը Մարաշից շարժվել է Աֆրին՝ «Անատոլիայի անվտանգությունն ապահովելու» համար։ Թուրք պատմաբան Էնես Դեմիրի խոսքերով՝ Աֆրինն այդ ժամանակ ներառվել է Ազգային ուխտի (Misak-ı Millî) մեջ և արդյունքում թուրքերի վերահսկողության տակ է գտնվել մինչև 1921թ. ավարտը, սակայն 1921թ. հոկտեմբերի 20-ին Անկարայի պայմանագրով Աֆրինը հանձնվել է Ֆրանսիային, և ապա՝ Սիրիային7։
Փաստորեն, Թուրքիան ցանկանում էր այս կերպ հիշեցնել, որ մոտ 100 տարի առաջ՝ անգամ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Աֆրինը որոշ ժամանակ պատկանել է Թուրքիային (Էնես Դեմիրի խոսքերով՝ 1918թ. Մուդրոսի զինադադարի կնքումից հետո օսմանյան զորքը կանգնած է եղել «Աֆրին-Թել Ռըֆաթ-Ազազ» գծի վրա)։ Ուշագրավ է նաև, որ թուրքական զորքը Աֆրին քաղաք մտավ մարտի 18-ին, և այդ կապակցությամբ թուրքական մամուլը գրեց, որ 1915թ. այդ օրը թուրքական կողմը հաղթել է Դարդանելի ճակատամարտի ծովային փուլում (ցամաքային փուլը սկսվել է ապրիլի 25-ին)8։ Ի դեպ, 2016թ. օգոստոսի 24-ին «Եփրատի վահանի» մեկնարկի ժամկետը նույնպես պատահական չէր ընտրված. այդ կապակցությամբ թուրքական մամուլը գրել էր, թե օսմանների թոռներն ուղիղ 500 տարի անց վերստին Ջերաբլուսում են. 1516թ. օգոստոսի 24-ին օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի բանակը Մերջիդաբըքի ճակատամարտում (Հալեպից 44 կմ հյուսիս) պարտության էր մատնել մամլուքների բանակը, ինչից հետո օսմանյան պետության կազմում ընդգրկվեցին Սիրիան, Պաղեստինը, Լիբանանը9։
Թուրքական կողմը հայտարարում էր, թե Աֆրինում «պայքարում է ահաբեկիչների դեմ»՝ նկատի ունենալով ինչպես Սիրիայի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), այնպես էլ ԻՊ-ը: Նշենք, որ ԻՊ-ը չէր գործում Աֆրինի շրջանում, և Թուրքիան այդպիսով փորձում է իսկություն հաղորդել իր այն պնդումներին, թե Աֆրինում «պայքարում է ահաբեկչության դեմ»: Թեև Թուրքիան շարունակ հայտարարում է, թե «չկան լավ և վատ ահաբեկիչներ, և որ իր համար թե՛ ԻՊ-ը, թե՛ YPG-ն ահաբեկչական կառույցներ են», իրականում Թուրքիան երկակի ստանդարտներ է կիրառել «ահաբեկչության դեմ պայքարում» և Սիրիայում երբեմն առաջնորդվել է «ահաբեկիչների հետ ընդդեմ ահաբեկիչների» ձևաչափով. Թուրքիան մե՛րթ համագործակցել է YPG-ի հետ ընդդեմ ԻՊ-ի (2015թ. - Սուլեյման Շահի աճյունի տեղափոխում), մե՛րթ (ավելի մեծ չափով)՝ ԻՊ-ի հետ ընդդեմ YPG-ի (2015թ. – YPG-ի կողմից Թել Աբյադի գրավում, Քոբանիի վրա ԻՊ նոր հարձակում)։ Թուրքիան նաև հայտարարում էր, որ «Ձիթենու ճյուղն» ուղղված է «իր սահմանների պաշտպանությանը», սակայն ակնհայտ է, որ YPG-ը չէր ծրագրել հարձակվել Թուրքիայի վրա, որը տվյալ դեպքում կվկայակոչեր ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածը։ Թուրքիայի իշխանությունները շարունակ հայտարարում էին, թե YPG-ը ծրագրել է Աֆրինից շարժվել Միջերկրական ծով՝ դեպի ծով ելք ստանալու համար, սակայն, եթե անգամ ենթադրենք էլ, թե YPG-ը ունեցել է նման պլան, ապա նա առաջին հերթին կփորձեր Միջերկրական ծով հասնել Հաթայ նահանգից հարավ ընկած ուղով և ոչ թե կարճ ճանապարհով՝ Հաթայ նահանգով (Թուրքիայի տարածքով)։
Ամփոփելով Աֆրինի գործողության արդյունքները՝ նշենք, որ Թուրքիան լուծեց իր համար կարևոր մի շարք խնդիրներ. 1) Թուրքիան վերացրեց քրդական երեք շրջանների (Աֆրին, Քոբանի, Ջիզրե) միավորման հնարավորությունը Սիրիայի հյուսիսում, ինչը կանխել էր դեռևս «Եփրատի վահանի» միջոցով, 2) Թուրքիան վերացրեց Աֆրինից Միջերկրական ծով YPG շարժվելու հնարավորությունը, 3) Թուրքիան կարևոր քայլ կատարեց ներկա փուլում իր հիմնական խնդրի՝ Սիրիայի քրդերին դեպի Եփրատ գետի արևելյան ափը մղելու պլաններում (Եփրատի արևմտյան ափին հիմնականում մնացել են Մանբիջն ու Թել Ռիֆաթը), 4) Թուրքիան մեծացրեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում, ինչը տեղավորվում է նրա նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում, որի բաղադրիչներից մեկը «ռազմակայանային» քաղաքականությունն է՝ Օսմանյան կայսրության նախկին տարածքներում ռազմական ներկայության հաստատումը (թուրքական իշխանամետ մամուլի պնդմամբ՝ թուրք զինվորականներն արդեն գտնվում են 12 երկրում, և Թուրքիան այդպիսով վերադառնում է օսմանյան տարածքներ10), 5) Թուրքիան արտաքուստ մեծացրեց «հակաահաբեկչական պայքարում» իր ներդրումը և հետպատերազմյան Սիրիայում ձայնի իրավունքը, 6) Թուրքիան վճռականություն ցույց տվեց Սիրիայի քրդերի հարցում՝ թույլ չտալու համար, որ իր հարավային սահմաններին ձևավորվի «քրդական միջանցք» (պատնեշ)։
Թուրքիայի կողմից Աֆրինն օկուպացնելուց հետո ՌԴ-ն և Իրանը, որոնց հետ համաձայնությամբ էր հնարավոր դարձել «Ձիթենու ճյուղը», սկսեցին Թուրքիային կոչ անել Աֆրինը հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Թեև այս երեք երկրները շարունակում են մնալ տարածաշրջանային մրցակիցներ, այնուամենայնիվ, ներկա փուլում նրանց հիմնականում միավորում է Սիրիայից ԱՄՆ-ին դուրս մղելու կամ նրա ազդեցությունը գոնե սահմանափակելու գործոնը։ Իրենց գործողություններով տարածաշրջանային այս երկրները փորձում են ԱՄՆ-ին ցույց տալ, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, և որ արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ) անելիք չունեն այստեղ։ Ըստ ամենայնի՝ ՌԴ-ին և հատկապես Իրանին որոշակիորեն հիասթափեցրել են «Ձիթենու ճյուղի» արդյունքները, քանի որ նրանք, «կանաչ լույս վառելով» թուրքական ռազմական գործողության առջև, թերևս հուսով էին, որ Սիրիայի քրդերը խելամտություն կցուցաբերեն և թուրքական ահագնացող վտանգի պատճառով Աֆրինը կհանձնեն Բ.Ասադին։ Դրանով կկրճատվեր ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի ազդեցության գոտին և, ընդհակառակը՝ կաճեր ՌԴ և Իրանի աջակցությունը վայելող Բ.Ասադի ազդեցության գոտին։ Սակայն դա տեղի չունեցավ, և Սիրիայի քրդերն Աֆրինն ակամա հանձնեցին Թուրքիային՝ վերջինիս համար մարտահրավերից բացի, դառնալով նաև հնարավորություն։ Ընդ որում՝ Թուրքիայի «ախորժակն ուտելիս բացվել է», և եթե Էրդողանի համար YPG-ը ահաբեկչական կառույց է, ապա, տրամաբանության համաձայն՝ նա պետք է փորձի YPG-ին դուրս մղել վերահսկած բոլոր տարածքներից («Ձիթենու ճյուղից» առաջ YPG-ը վերահսկում էր Սիրիայի տարածքի մոտ 25%-ը, Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջանների 65%-ը, թուրք-սիրիական 911 կմ սահմանի 500-550 կմ-ն, Սիրիայի էներգառեսուրսների 70%-ը, ներառյալ Դեյր էզ Զորի նավթահանքերը, որոնք ապահովում են Սիրիայի էներգակարիքների 1/3-ը)։
Ապրիլի 9-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Բ.Ասադին. «Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը երբևէ չի ասել, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինը օկուպացնել: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, մենք կարծում ենք, որ Աֆրինում իրավիճակը կարգավորելու ամենապարզ ճանապարհն այդ հողերի վերահսկողությունը Սիրիայի կառավարությանը վերադարձնելն է»: Լավրովի խոսքերով՝ ՌԴ-ն այս հարցում երբևէ այլ մոտեցում չի ունեցել11: Ուշագրավ է, որ Լավրովի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն խստապես դատապարտեց Դամասկոսի արվարձան Արևելյան Ղութայում կատարված քիմիական հարձակումը12՝ դրանով իսկ ցուցաբերելով ՌԴ-ին հակոտնյա դիրքորոշում։ Եվ թերևս դա էր պատճառը, որ ապրիլի 3-4-ին Անկարայում հանդիպած Պուտինն ու Էրդողանը օրեր անց հեռախոսազրույց ունեցան և քննարկեցին սիրիական վերջին զարգացումները13։
Հատկանշական է, որ Լավրովի կոչից առաջ էլ Աֆրինը Բ.Ասադին թողնելու կոչով Թուրքիային դիմել էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ կարևորելով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանք ցուցաբերելը14։ Սակայն Թուրքիան միանգամայն սպասելի մերժեց այդ կոչերը։ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարեց. «Մեր նպատակը Սիրիան մասնատելը չէ։ Մենք այնտեղ չենք հայտնվել որպես բռնազավթողներ և չենք պատրաստվում Աֆրինում մնալ, քանի որ հարգում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Մենք ահաբեկիչներից ազատագրել ենք Աֆրինը և Աֆրինի իշխանությունը կփոխանցենք աֆրինցիներին՝ տեղի բնակչությանը, որն ինքը կկարգավորի իր կյանքը։ Երբ ճգնաժամը քաղաքական լուծում ստանա, մենք կհեռանանք այնտեղից»15։ Էրդողանն իր հերթին հայտարարեց. «Մենք լավ գիտենք, թե Աֆրինն ում ենք հանձնելու։ Սիրիան այժմ գտնվում է նաև այլ երկրների ձեռքում, թող նրանք նախ խոսեն այդ տարածքները Սիրիային հանձնելու մասին։ Երբ ժամանակը գա, մենք Աֆրինը կհանձնենք աֆրինցիներին և ժամկետներն էլ կորոշենք մենք և ոչ թե հարգելի Լավրովը»։ Էրդողանը նաև հայտարարեց, որ Արևելյան Ղութայում զանգվածային սպանությունների մեղավորները կվճարեն թանկ գին, սակայն դրա հետ մեկտեղ զերծ մնաց «քիմիական հարձակում» արտահայտությունը գործածելուց և Դամասկոսին մեղադրելուց16։
Այս ամենը վկայում է, որ Թուրքիան ամենևին էլ չի պատրաստվում հեռանալ Աֆրինից, որ Թուրքիան Սիրիայի քրդերին դուրս է մղել Աֆրինից ոչ նրա համար, որ հետո այն հանձնի Բ.Ասադին։ Թուրքական կողմը հայտարարում է, որ երբ Սիրիայում լուծում տրվի քաղաքական ճգնաժամին, ինչի հեռանկարները տեսանելի չեն, այն ժամանակ էլ դուրս կգա Աֆրինից՝ այդպիսով անորոշ ժամկետով հետաձգելով Աֆրինից իր դուրս գալը։ Թուրքական կողմն ակնարկում է նաև, որ օտար պետություններից միակը չէ, որ վերահսկում է Սիրիայի տարածքի մի մասը, ինչի համար էլ իրեն չպետք է դիմեն Աֆրինը լքելու կոչերով։ Եվ վերջապես, նա հայտարարում է, թե Աֆրինը հանձնելու են աֆրինցիներին։ Հարց է առաջանում. իսկ ովքե՞ր են աֆրինցիները, ո՞ւմ նկատի ունի Թուրքիան։ Եթե Թուրքիայի նպատակը լիներ Սիրիայի քրդերին լոկ Աֆրինից վտարելը և դրանով իսկ դեպի Միջերկրական ծով շարժվելու և նրանց երեք շրջանների միավորման հնարավորությունն ի չիք դարձնելը, ապա նա արդեն իսկ լուծել է այդ խնդիրները։ Ինչո՞ւ է Թուրքիան համառորեն հրաժարվում հեռանալ Աֆրինի շրջանից, ինչպես նաև Ջերաբլուս-Ազեզ գոտուց («Եփրատի վահան» գոտի)։ Ահա այստեղ գործ ունենք Սիրիայի նկատմամբ Էրդողանի հեռահար նպատակների հետ։ Որո՞նք են դրանք։
2016-ից սկսած՝ ականատես ենք Սիրիայում Թուրքիայի հաղթարշավին կամ ռևանշին. Թուրքիան արդեն ռազմական ներկայություն է հաստատել Ազեզ-Ջերաբլուս գոտում, Աֆրինի շրջանում, Իդլիբի նահանգում, ինչից հետո սկսել է տեղական կառավարիչներ նշանակել այդ տարածքներում։ Ընդ որում՝ «Եփրատի վահան» գոտին գտնվում է Թուրքիայի Գազիանթեփ նահանգի, իսկ «Ձիթենու ճյուղ» գոտին՝ Քիլիս նահանգի իշխանությունների ենթակայության ներքո։ Բացի այդ, Թուրքիայի կրթության նախարարությունն ու Կրոնական գործերի վարչությունը լայն գործունեություն են իրականացնում «Եփրատի վահան» գոտում, այժմ էլ թերևս նույնը կանեն «Ձիթենու ճյուղ» գոտում։ Նկատենք, որ Թուրքիան այս ամենի հետ մեկտեղ փոխում է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, ինչում սրանից առաջ շարունակ մեղադրում էր Սիրիայի քրդերին։ Թուրքիան սկսել է սիրիացի փախստականներին (նաև թուրքմեններին) վերաբնակեցնել իր վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում։ Բնականաբար, այստեղ խոսքն այն փախստականների մասին է, որոնց հետ պետք է որ նախապես համապատասխան աշխատանքներ (ուղեղների լվացում) կատարած լինեն Թուրքիայի հատուկ ծառայությունները։ Կարելի է ասել, որ փախստականների մի զգալի մասի համար Թուրքիան օբյեկտիվորեն կարող է հանդես գալ փրկչի դերում։ Օրինակ, երբ 2014թ. ԻՊ-ը հարձակվել էր Քոբանիի շրջանի վրա, 130.000 մարդ գաղթեց Թուրքիա, որը նրանց առջև չփակեց իր դռները (այլ հարց է, թե ինչ դրդապատճառներով)։ Թուրքիան ոչ միայն ապաստան է տվել, սնել է այդ մարդկանց, այլև սկսել է նրանց մի մասին տեղավորել «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գոտիներում՝ Սիրիայի քրդերի հաշվին պայմաններ ստեղծելով նրանց վերաբնակեցման համար։
Այս ամենը նշանակում է, որ եթե թուրքական զորքը հետագայում անգամ հեռանա տվյալ տարածքներից, ապա Թուրքիան հուսալի հենարան կունենա դրանցում։ Մեր կարծիքով՝ Թուրքիան հետագայում կարող է այդ տարածքներում կազմակերպել հանրաքվե, որի մասնակիցները նախևառաջ որոշում կկայացնեն Սիրիայից անջատվելու, ապա նաև Թուրքիային միանալու մասին։ Փաստորեն, Էրդողանը կարող է հանրաքվեի միջոցով բռնակցել Սիրիայի հյուսիսային շրջանները։ Նրա հեռահար նպատակը երկրի տարածքային ամբողջականության ընդլայնումն է, ինչն անհրաժեշտ է նաև Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ հեռակա մրցակցության համար։ Էրդողանը հաճախ խուսափում է Աթաթուրք (թարգմանաբար՝ թուրքերի հայր) բառն օգտագործելուց և փոխարենն օգտագործում է «Գազի» (հաղթող, վետերան) բառը՝ լավ հասկանալով, որ նրա հետ նույն հարթության վրա կանգնելու կամ անգամ գերազանցելու համար անհրաժեշտ է գործել հետևյալ 3 ոլորտում.
1) ԹՀ-ում Մ.Ք. Աթաթուրքը համարվում է «ազգային-ազատագրական պայքարի» (քեմալական շարժման) հաղթող։ 2016թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ (ՌՀՓ), որը Էրդողանը որակել է «2-րդ ազգային-ազատագրական պայքար» և ինքնին դարձել «2-րդ ազգային-ազատագրական պայքարի հաղթող»։ Այդպիսով Էրդողանը (իր հաշվարկներով) կարող է մեկ հարթության վրա կանգնել արդեն «1-ին ազգային-ազատագրական պայքարի հաղթող» Աթաթուրքի հետ։ Ի դեպ, Էրդողանը համարում է, որ ՌՀՓ տապալմամբ «երկիրը փրկել է օկուպացումից» (Թուրքիայում համարում են, որ «մոտ մեկ դար առաջ Աթաթուրքը երկիրը փրկել է օկուպացումից»)։2) Աթաթուրքը 1923թ. հիմնադրել է Թուրքիայի Հանրապետությունը։ Էրդողանն այս հարցում էլ ցանկանում է հնարավորինս հետ չմնալ նրանից և վերջերս շարունակ հայտարարում է «Նոր Թուրքիա» ստեղծելու անհրաժեշտության մասին, որի մեկնարկը թերևս պետք է հանդիսանա 2019թ. նշանակված ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական ընտրություններում իր և իր կուսակիցների հնարավոր հաղթանակը։ Այսինքն՝ 2023թ. (ԹՀ հիմնադրման 100-ամյակ) թևակոխելու է ոչ թե Աթաթուրքի Թուրքիայի Հանրապետությունը, այլ Էրդողանի «Նոր Թուրքիան»։ Էրդողանը նաև վարում է Աթաթուրքին վարկաբեկելու (հիշեցնում է 1930-ականներին Դերսիմի սպանդի, Հիտլերի հետ նրա կապերի մասին), ներկայում նրան մոռացության մատնելու (ՌՀՓ-ից հետո Թուրքիայում թողարկված 1 լիրա արժեքով նոր մետաղադրամի վրա բացակայում է Աթաթուրքի պատկերը) քաղաքականություն։ Հատկանշական է, որ դեռևս 1993թ. Էրդողանը դատապարտել է քեմալիզմը՝ հայտարարելով, որ ԹՀ 70-ամյա պատմությունը (1923-1993թթ.) զուր տեղը վատնված ժամանակաշրջան է։ Ուշագրավ է, որ այն ժամանակ Էրդողանը ընդամենը Ստամբուլի նահանգում Refah («Բարօրություն») կուսակցության ղեկավարն էր և կուսակցության Կենտրոնական վարչական կոմիտեի (MKYK) անդամ։ Թեև Էրդողանը հետագայում դարձավ Ստամբուլի քաղաքապետ, Թուրքիայի վարչապետ ու նախագահ, նրա տվյալ դիրքորոշումը չի փոխվել ցայժմ։
3) 1930-ականներին Աթաթուրքի ջանքերի շնորհիվ ԹՀ կազմում ընդգրկվեց Ալեքսանդրետի սանջակը՝ վերածվելով Հաթայ նահանգի, որը Սիրիան ցայժմ համարում է իրենը։ Թեև ԹՀ տարածքային աճն ավելի քան 5500 կմ2-ով տեղի ունեցավ Աթաթուրքի մահվանից ամիսներ անց (29.06.1939), սակայն թուրքական բանակը Հաթայ մտել էր Աթաթուրքի կառավարման ժամանակ։ Այս կապակցությամբ նշենք, որ Էրդողանը 2016թ. աշնանից (երբ մեկնարկել էր «Եփրատի վահանը») շարունակ ահազանգում է 1923թ. Լոզանի համաձայնագրի «արդյունքների անարդարության» մասին՝ ընդգծելով, որ «օտար երկրներն օգտվել են Թուրքիայի թուլությունից և նրան պարտադրել են այդ համաձայնագիրը», որը Թուրքիայում ոմանք փորձում են ներկայացնել որպես «հաղթանակ» (այս դեպքում էլ Էրդողանը վարկաբեկում է Աթաթուրքին)։ Հայտնի է, որ Լոզանի համաձայնագիրը ֆիքսել է նաև Սիրիայի ու Իրաքի, ինչպես նաև Հունաստանի հետ Թուրքիայի ներկայիս սահմանները։ Էրդողանը թերևս հաշվարկել է, որ եթե իրեն հաջողվի Թուրքիայի տարածքը մեծացնել Սիրիայի տարածքների հաշվին, ապա այս հարցում էլ կկարողանա Աթաթուրքի հետ կանգնել մեկ հարթության վրա։ Ի դեպ, Օսմանյան կայսրության անկումից հետո քեմալական Թուրքիայում պետականորեն իշխում էր այն գաղափարը, որ երկիրը շրջապատված է թշնամի հարևաններով, որոնք փորձում են թուլացնել նրան կամ տարածքներ խլել նրանից: ՌՀՓ-ից հետո Էրդողանը շարունակ իրավիճակը ներկայացնում է այնպես, թե «իրենք շրջապատված են ներքին ու արտաքին թշնամիներով և հարկադրված է մարտնչել մի քանի ճակատով»։ Եվ պատահական չէր, որ 2018թ. հունվարի վերջերին՝ «Ձիթենու ճյուղի» մեկնարկից հետո, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքն առաջարկեց Էրդողանին շնորհել «գազի» կոչումը՝ ընդգծելով, որ «երկրի նախագահը առաջ է շարժվել մի շարք ճակատներում պատերազմելով»17։
1 Erdoğan operasyona neden 'Zeytin Dalı' denildiğini açıkladı, Türkiye, 24.01.2018.
2 HDP’de Afrin sancısı: Zeytin Dalı Harekatı’na ‘işgal’ dediler, Aydınlık, 20.01.2018.
3 Zeytin Dalı Harekatı nedir? Sözcü, 20.01.2018.
4 Tarihi operasyonda rekor isabet, Yeni Şafak, 21.08.2018.
5 Afrin’i vuran 72 uçağın sırrı, Yeniçağ, 21.01.2018.
6 Mete Yarar’dan dikkat çeken Afrin yorumu, Yeni Şafak, 21.08.2018.
7 Afrin’e 1920’de harekat düzenledik, Yeni Şafak, 21.01.2018.
8 Çanakkale Zaferi'nin yıl dönümünde Afrin'e operasyon, Takvim, 18.03.2018.
9 Cerablus operasyonu Mercidabık Savaşı ile aynı tarihte, Habertürk, 24.08.2016.
10 Türkiye Osmanlı topraklarına geri dönüyor, Yeni Şafak, 03.01.2018.
11 Турция должна будет вернуть Африн под контроль Дамаска, заявил Лавров, РИА Новости, 09.04.2018.
12 Dışişleri Bakanlığı'ndan Suriye'ye kınama, TRT Haber, 08.04.2018.
13 Erdoğan ve Putin'den kritik telefon görüşmesi, Sözcü, 09.04.2018.
14 Ruhani Erdoğan'a 'Afrin'i Esed'e bırakın' dedi, Timeturk, 05.04.2018.
15 Hükümet Sözcüsü Bekir Bozdağ: Afrin'de kalıcı değiliz, Evrensel.net, 09.04.2018.
16Erdoğan'dan Lavrov'a Afrin yanıtı, Habertürk, 10.04.2018.
17Metin Külünk: Erdoğan'a gazilik unvanı verilsin, Haber7, 23.01.2018.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]