• am
  • ru
  • en
Версия для печати
03.07.2008

POST-KOSOVO. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎՐՈՊԱ

   

Ալեքսեյ Տերեշչենկո

Հյուսիսային Եվրոպայում մոտալուտ փլուզման վտանգի առաջ կանգնած են երկու պետություն` Մեծ Բրիտանիան եւ Բելգիան: Հյուսիսի պետությունների մեծ մասում տարածաշրջանային շարժումները կրում են հիմնականում ազգագրական բնույթ: Նիդեռլանդներում, Գերմանիայում ու Շվեյցարիայում դա, ըստ ամենայնի, կապված է նախեւառաջ նրա հետ, որ առկա քաղաքական համակարգի շրջանակներում տարածաշրջաններն արդեն իսկ ունեն լայն իրավունքներ եւ ինքնավարության հետագա ընդարձակման համար պայքարի անհրաժեշտություն չեն տեսնում:

Շվեյցարիայում անջատողական հակամարտություններ չկան: Չնայած ֆրանկախոսների եւ գերմանախոսների միջեւ տարաձայնություններին, Ռոմանդիայի (ֆրանկալեզու Շվեյցարիայի) մշակութային ինքնավարությունից բացի, ոչ մի անգամ որեւէ այլ հարց չի ծագել:

Փոխարենը` մի քանի տասնամյակ տեւեց սոցիալական, կրոնական ու լեզվական հենքով հակամարտությունը Բեռնի բողոքական կանտոնում: 1979թ. կանտոնի հյուսիսարեւմտյան հատվածն անջատվեց, եւ առաջացավ Յուրա նոր կաթոլիկ կանտոնը: Սակայն պայքարը շարունակվում է, որովհետեւ կանտոնների միջեւ սահմանը կաթոլիկներին չի բավարարել: Չնայած նրան, որ հակամարտության բոլոր մասնակիցները լոյալ են եղել Շվեյցարական Համադաշնության նկատմամբ, սահմանների վերանայման փաստն առկա է:

Ավստրիայում միակ փոքրամասնությունը, որ իր մասին հայտարարում է, սլովեններն են, որոնք ապրում են Կարինտիայի հարավ-արեւելքում: Նրանց «Էնոտնա Լիստա» կուսակցությունը Ազատ եվրոպական դաշինքի մասնակից է: Սակայն Կարինտիայում սլովեն բնակչության տոկոսը չափազանց աննշան է, որպեսզի նրանք որեւէ ակնառու դեր խաղան:

Գերմանիան, չնայած իր ծանր անցյալին, բավականին միատարր երկիր է: Միակ տարածաշրջանը, որտեղ առկա է նկատելի անջատողական շարժում, Բավարիան է` Գերմանիայի ամենահարուստ երկրամասը: Սակայն Բավարական կուսակցությունը 1962 թվականից խորհրդարան չի անցնում:

Ալեմանյան անջատողականությունը Երկրորդ աշխարհամարտից հետո ճանաչված շարժում էր: Խոսքը գնում էր Գերմանիայից ալեմանների` Բադենի, Վյուրթեմբերգի ու հարեւան երկրամասերի բնակչության մի մասի անջատման եւ, ըստ ամենայնի, նույնալեզու եղբայրների` գերմանալեզու Շվեյցարիայի եւ ավստրիական Ֆորարլբերգ մարզի հետ նրանց միավորման մասին: Սակայն ներկայումս ալեմանյան շարժումից մնացել է սոսկ մշակութային բաղադրիչը:

Դանիան հավակնում է Ֆլենսբուրգ քաղաքին, որը գտնվում է Գերմանիայի տարածքում, բայց բնակեցված է դանիացիներով: Սա Շլեզվիգի այն հողերի մնացուկն է, որոնք նվաճվել էին Բիսմարկի կողմից ու Երկրորդ աշխարհամարտից հետո վերադարձվել Դանիային: Եվրամիություն ու Շենգենյան տարածություն այս երկու պետությունների մտնելուց հետո կոնֆլիկտը խաղաղվել է, բայց մնում է հրատապ:

Նիդեռլանդներում միակ տարածաշրջանային շարժումը Ֆրիսլանդիա նահանգի տարածքում է: Սակայն խոսքը միայն մշակութային ինքնավարության մասին է: Վերջերս ֆրիզները ազգային փքրամասնություն ճանաչվեցին նաեւ Գերմանիայում` Դիտմարշ մարզում, որտեղ, ինչպես եւ Ֆրիսլանդիայում, շատերը մինչ այժմ տիրապետում են ֆրիզերեն լեզվին:

Ներկա պահին Եվրոպայի ոչ մի երկրում, անջատողականության առումով, չկա այնպիսի ծանր իրավիճակ, ինչպիսին Բելգիայում է: Բելգիացիների մեծամասնությունը խիստ հավանական է համարում երկրի տրոհումը Ֆլանդրիայի ու ֆրանկալեզու Վալոնիայի: Այն, անշուշտ, առաջին հերթին, պայմանավորված է Բելգիայի բարդ պատմությամբ:

Երբ 1830թ. Բելգիան Նիդեռլանդներից անկախություն ստացավ, նիդեռլանդական ամեն ինչ ենթարկվեց բռնությունների: Ընդ որում` պետության ղեկավարներն ուշադրություն չդարձրին այն իրողությանը, որ բնակչության կեսը (այսինքն` ֆլամանդացիները) խոսում էին նիդեռլանդերենի տարատեսակով: 100 տարի ֆրանսերենը դարձավ Բելգիայի միակ պետական լեզուն: Ֆրանկալեզու բնակչությունը գրավեց գերիշխող դիրքեր ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ. Հարավային Բելգիան, իր երկաթահանքերով, դարձավ Եվրոպայի ամենազարգացած արդյունաբերական շրջանը: Արդյունքում` 19-րդ դարի վերջին էթնիկական դիմակայությանն ավելացավ սոցիալ-քաղաքականը. եթե բանվորական Վալոնիայում ընտրություններում հաղթում էին սոցիալիստները, ապա նահապետական Ֆլանդրիան միշտ դրսեւորում էր իր պահպանողականությունը: Ամենահետաքրքիրն այն է, որ նման տարանջատումը մինչ օրս պահպանվել է:

Կուտակված փոխադարձ վիրավորանքները, որոնք Երկրորդ աշխարհամարտին խորացան ֆլամանդացիների զանգվածային կոլաբորացիոնիզմով, հանգեցրին նրան, որ արդեն 40-ական թվականներին բարձրացվեց Բելգիայի ամբողջականության հարցը:

Այն ժամանակ հենց ֆլամանդացիների պահպանողականությունը թույլ տվեց Բելգիային պահպանել թագավորին` բելգիական միասնության գլխավոր երաշխավորին: Նիդեռլանդերեն լեզուն իր կարգավիճակով հավասարեցվեց ֆրանսերենին:

Սակայն շուտով քաղաքական ու տնտեսական իրադրությունը խիստ փոխվեց: Ծանր արդյունաբերության կարեւորությունն ընկավ, եւ բելգիական տնտեսությունը մեծ չափով վերակողմնորոշվեց դեպի տրանզիտը, ինչը հանգեցրեց Հարավային Բելգիայի հետամնացության եւ Ֆլանդրիայի տարածքում գտնվող նավահանգիստների ծաղկման: Ներկայումս Ֆլանդրիան զգալիորեն ավելի հարուստ է, քան Վալոնիան, եւ անջատողականների հիմնական փաստարկներից մեկը (ֆրանկախոսների կողմից հալածանքների մասին հիշողության հետ միասին) «վալոն ձրիակերներին» կերակրելու ցանկություն չունենալն է: Այն ժամանակ, երբ Վալոնիայում ընդամենը 12 տոկոսն է արտահայտվել Բելգիայի տրոհման օգտին, Ֆլանդրիայում անկախության կողմնակիցները շուրջ 40 տոկոս են:

Գոյություն ունեն մի շարք կուսակցություններ, որոնք հանդես են գալիս Ֆլանդրիայի անկախության օգտին: Առավել ազդեցիկներից է «Ֆլաամսե Բելանգ» ծայրահեղ աջ կուսակցությունը, որը Ֆլանդրիայի անկախության եւ Նիդեռլանդների ու Ֆրանսիական Ֆլանդրիայի հետ դաշնության ստեղծման կոչ է անում: Կուսակցությունն իր առջեւ դրել է նաեւ այլ նպատակներ. լիակատար եւ անվերապահ համաներում բոլոր նրանց, ում մեղադրել են Հիտլերի հետ համագործակցության մեջ, ներգաղթի սահմանափակում, հատուկ կարգավիճակից ֆրանսերեն լեզվի զրկում եւ այլն:

Վալոնիայում, իր հերթին, կան կուսակցություններ, որոնք հանդես են գալիս Բելգիայից անջատման ու Ֆրանսիայի հետ միավորման օգտին: Սակայն դրա կողմնակիցների թիվը մեծ չէ:

Ըստ երեւույթին, հիմնական գործոնները, որոնք պահում են Բելգիան քայքայումից, թագավորն է եւ Բրյուսելը: Թագավորին անվանում են` «միակ բելգիացին վալոնների ու ֆլամանդացիների երկրում», իսկ ֆրանկալեզու Բրյուսելը գտնվում է ֆլամանդական տարածքում: Միանգամայն անհասկանալի է, թե Բելգիայի փլուզման դեպքում ինչ պետք է անել Բրյուսելի հետ. ամենայն հավանականությամբ, Եվրոպայի մայրաքաղաքն այս դեպքում կվերածվի վալոնյան անկլավի կամ կլինի «ազատ քաղաք»:

Վալոն-ֆլամանդական հակասությունների խորապատկերի ներքո, սովորաբար, մոռանում են Բելգիայում եւս մեկ ազգային խմբի` գերմանալեզու բելգիացիների առկայության մասին:

1918թ., Առաջին աշխարհամարտի արդյունքում, Բելգիային միացվեց Էյփեն-Մալմեդի շրջանը, որտեղ բնակչության մեծ մասը գերմանացիներ են: Ներկայումս նրանք Բելգիայի բնակչության 5 տոկոսից ավելին չեն, բայց ցանկանում են, որպեսզի իրենց ճանաչեն որպես Բելգիայի չորրորդ իրավահավասար շրջան: Նրանք լարված հարաբերություններ ունեն ինչպես ֆլամանդացիների, այնպես էլ վալոնների հետ:

Վերջին տասնամյակներին անսպասելիորեն սրվեցին անջատողականության խնդիրները Մեծ Բրիտանիայում:

Շատ դարեր անգլոսաքսերը գերիշխել են Բրիտանական կղզիներում` ամեն կերպ հպատակեցնելով ու ճնշելով կելտերին: Այժմ կելտական մշակույթը` ժամանակակից երիտասարդության շրջանում ամենաշատ ժողովրդականություն վայելողներից մեկը, հզոր վերածնունդ է ապրում: Կելտական աշխարհի միասնության համար պայքարում է Կելտական լիգան, որը միավորում է «վեց ազգերի»` Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Բրետանը, Կոռնուոլը եւ Մեն կղզին: Նրա նպատակն է կելտերեն լեզվի զարգացումը, կելտական ժողովուրդների համագործակցության կազմակերպումն ու պայքարը նրանց քաղաքական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական ազատության համար:

Կելտական լիգայի առաջնահերթությունների թվում են Իռլանդիայի միավորումը, Լուար-Ատլանտիկ դեպարտամենտի վերադարձը Բրետանին եւ Շոտլանդիայի անկախությունը: Գործի է դրվել նաեւ Կանադայի, Պատագոնիայի եւ Ավստրալիայի կելտական սփյուռքը:

Կելտական աշխարհն այնքան հրապուրիչ է, որ Գալիսիան ու Պադանիան եւս ձգտում են կապ գտնել կելտերի հետ:

Մեծ Բրիտանիան հայտնվել է ծանր դրության մեջ, քանզի իր տարածքի բոլոր անջատողական շարժումները կելտական են:

Դրանցից ամենահինը եւ ամենաճանաչվածը Օլսթերն է: 1921թ., երբ Իռլանդիան ստացավ անկախություն, Օլսթերի ինը կոմսություններից վեցը մնացին անգլիացիների իշխանության ներքո: Օլսթերն աստիճանաբար բաժանվեց երկու անհաշտ ճամբարների` ազգայնական կաթոլիկների եւ ունիոնիստ բողոքականների («օրանժիստներ»), որոնք վերջին հաշվով վերածվել են երկու ինքնամփոփ ու միմյանց նկատմամբ թշնամական համայնքների: Անցյալ դարի 60-90-ական թվականներին Իռլանդական հանրապետական բանակն անկախության հասնելու նպատակով ահաբեկչական գործողություններ էր անցկացնում: Արդյունքում` զոհվեց շուրջ 4 հազար մարդ: Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը կնքվեց 1997թ.: Արդեն այն ժամանակ ձեռք բերված փոխզիջման համաձայն, օլսթերցիները կարող են ընտրել բրիտանական կամ իռլանդական քաղաքացիություն: 1998թ. Հյուս. Իռլանդիան ունեցավ իր Օրենսդիր ժողովը: Այնուամենայնիվ, տարածաշրջանը հեռու է խաղաղությունից, եւ շատերը շարունակում են հանդես գալ Մեծ Բրիտանիայից անջատման ու Իռլանդիայի հետ միավորման օգտին: Ընդ որում, վերջին երկու տասնամյակներին երեւան են եկել մի շարք շարժումներ, որոնք հանդես են գալիս Օլսթերի լիակատար անկախության` նրա համար «երրորդ ուղու» օգտին:

Սակայն այսօր իրավիճակն անհամեմատ ավելի լուրջ է Շոտլանդիայում:

Անջատողական Շոտլանդական ազգային կուսակցությունը շոտլանդական խորհրդարանի ընտրություններին հավաքեց ձայների 37 տոկոսը, ինչը ցույց է տալիս, թե հասարակության մեջ որքան ժողովրդականություն են վայելում անկախության գաղափարները: «Independence First» շարժումը պահանջում է հանրաքվեի անցկացում եւ շոտլանդական անկախ պետության ստեղծում: Իր դերն է խաղում նաեւ Հյուսիսային ծովում, Շոտլանդիայի ափերի մոտ գտնվող նավթային շելֆի առկայությունը:

Անջատման հակառակորդներն ընդգծում են այն դերը, որ Բրիտանական կայսրության ու Համագործակցության կայացման գործում խաղացել են շոտլանդացիները եւ այն ազդեցությունը, որ նրանք կարող են ունենալ համաշխարհային գործերում` մասնակցելով մեծ տերության կառավարմանը:

Ուելսում անկախության գաղափարն առայժմ հրապուրում է լսարանի մոտ 12 տոկոսին, բայց այն հետզհետե աճում է:

50-60-ական թվականներին Ուելսում գոյություն ունեին նույնիսկ մի քանի ահաբեկչական կազմակերպություններ, որոնք պայթեցնում էին ջրմուղներն ու էլեկտրահաղորդման գծերը: Այժմ ուելսյան շարժումը գործում է սահմանադրական շրջանակներում:

Ներկայիս Մեծ Բրիտանիայում, ըստ երեւույթին, ամենազարմանալի անջատողական շարժումը Միացյալ Թագավորությունից Անգլիայի անկախության համար շարժումն է: Այն խթան ստացավ 1998թ. հետո, երբ Շոտլանդիան, Հյուս. Իռլանդիան եւ Ուելսն ստացան իրենց Օրենսդիր ժողովները: Անգլիացիներն իրենց անարդարացիորեն շրջանցված են զգում, եւ դա հարեւաններից ազատվելու ցանկություն է ծնում, որոնք իրենց ներքին որոշումներն ինքնուրույն են ընդունում, իսկ համաբրիտանական խորհրդարանի որոշումների վրա կարողանում են ազդել:

Վերջին տարիներին մեծ թափ է հավաքում ինքնավարական շարժումը Կոռնուոլում, որտեղ կելտ բնակչությունը (որը մինչեւ վերջ չի ուծացվել) ապրում է իր մշակույթի ու լեզվի վերածնունդը: 2001թ. Կոռնուոլի բնակչության 7 տոկոսն իրեն ընդունեց ոչ թե բրիտանացի, այլ կոռնուոլցի: Կոռնուոլի անկախության մասին խոսք չի գնում, սակայն տեղի բնակչությունը պահանջում է ճանաչել իրեն որպես բրիտանական կղզիների հինգերորդ բնիկ ժողովուրդ եւ ունենալ սեփական Օրենսդիր ժողով: Գոյություն ունեն առանձին ահաբեկչական կազմակերպություններ, որոնք սպառնում են ամեն «անգլիականին», բայց առայժմ իրենց սպառնալիքները գործի չեն դրել:

Անջատողական շարժումներ կան նաեւ Մեն կղզում, որը Եվրամիության կազմում չէ ու հասել է նրան, որ կղզի մտնելու համար հարկավոր է մուտքի առանձին արտոնագիր: Կան անջատողականներ եւ Ուայթ կղզում, որոնք վիճարկում են 1293թ. անգլիական թագավորին կղզիների վաճառման սահմանադրականությունը: Սակայն նրանց ժողովրդականությունը փոքր է:

Սկանդինավյան երկրների տարածքում գոյություն ունի երկու ճանաչված անջատողական տարածաշրջան: Դրանք Ֆարերյան եւ Ալանդյան կղզիներն են:

Ի տարբերություն Իսլանդիայի, Ֆարերյան կղզիները չկարողացան Դանիայից անկախություն ստանալ: Թեեւ 1946թ. հանրաքվեին ֆարերցիների մեծամասնությունն արտահայտվեց անկախության օգտին, դանիական թագավորը դրեց իր վետոն` պատճառաբանելով, թե հանրաքվեին մասնակցել է կղզիների բնակչության սոսկ երկու երրորդը: Այնուամենայնիվ, ֆարերցիներին հաջողվեց հասնել սեփական լեզվի ու դրոշի ճանաչմանը:

Ֆարերյան կղզիները հրաժարվեցին մտնել Եվրոպական միություն` այդպիսով խուսափելով ձկան որսի քվոտաներից: Ներկայումս ֆարերցիների շրջանում անկախության կողմնակիցները կազմում են բնակչության շուրջ կեսը: Ֆարերյան կղզիներ լողացող ցանկացած նավաստի գիտի, որ պետք է խուսափել դանիական դրոշներից եւ ավելի լավ է խոսել անգլերենով:

Ալանդյան կղզիները Ֆինլանդիայի տարածք են` բնակեցված առավելապես շվեդներով: Նրանք ունեն լայն ինքնավարություն, սեփական փոստային նամականիշներ ու ոստիկանություն: «Ալանդյան կղզիների ապագա» անջատողական կուսակցության ժողովրդականությունը հետզհետե աճում է. վերջին ընտրություններին նրանք ստացան քվեների 8 տոկոսը:

Գրենլանդիայի համար, որին լիովին բավարարում է իրեն տրամադրված լայն ինքնավարությունը, անկախության հարց չկա (այն նույնպես Եվրամիության կազմում չէ):

Վերջում` տարածաշրջանային երկու շարժումների մասին, որոնք ավելի շուտ կրում են մշակութային-լուսավորչական բնույթ: Դրանցից մեկը Սկանիան է, որն իր մեջ ընդգրկում է Հալանդը, Բլեքինգեն եւ Սկոնեն` Հարավային Շվեդիայի երեք նահանգները, որոնք ընդհուպ մինչեւ 17-րդ դարը մնացել են դանիական իշխանության տակ, ինչպես նաեւ դանիական Բոռնհոլմ կղզին: Պայքարը գնում է տարածաշրջանային մշակութային ինքնության վերականգնման համար:

Մյուս շարժումը էթնիկական է: Խոսքը սաամների մասին է, որոնք բնակեցնում են Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի ու Ռուսաստանի հյուսիսային շրջանները: Անցյալ դարի 80-ական թվականներին ստեղծվեցին սաամ ժողովրդի ազգային դրոշը եւ օրհներգը, իսկ 1989թ. Նորվեգիայում ծնունդ առավ առաջին սաամական խորհրդարանը: Միաժամանակ, ներկա պահին, սաամների հնարավորությունները խիստ սահմանափակ են` նրանց չափազանց փոքրաթիվության պատճառով:

http://www.apn.ru/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր