• am
  • ru
  • en
Версия для печати
28.07.2008

POST-KOSOVO. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՎՐՈՊԱ

   

Ալեքսեյ Տերեշչենկո

kosovo (medium) Կոսովոյի նախադեպը չէր կարող աննկատ մնալ Հարավային Եվրոպայի երկրներում:

Անգամ ներկայիս դինամիկայի պահպանման պարագայում անջատողական շարժումները Եվրոպայի հարավում տարեցտարի ավելի են աշխուժանում: Ճիշտ է, վերջին տարիներին նրանք հիմնականում հրաժարվել են զինված պայքարից, բայց դա, թերեւս, կապված է նաեւ խաղաղ ճանապարհով անկախություն ստանալու հույսերի հետ:

Իտալիայում կան բազմաթիվ տարածաշրջանային շարժումներ, սակայն այսօր սոսկ դրանցից երկուսը լուրջ հենք ունեն:

Առաջինը Հյուսիսային լիգայի շարժումն է: Նրա հիմնական հենակայաններն են Լոմբարդիան, Վենետոն եւ Պյեմոնտը` Հյուսիսային Իտալիայի խոշոր շրջանները: Դրանցից յուրաքանչյուրում առաջացել են իրենց սեփական ինքնավարական շարժումները: Առաջինը` Վենետոյում, որը Իտալիայի կազմի մեջ է մտել 1866թ.: Այնտեղ երբեք չեն դադարել պնդումները, թե Վենետիկը միանգամայն ինքնուրույն քաղաքակրթություն է եւ Իտալիայի կարիքը չունի: Այս շարժումը կրում է վենետիզմ անվանումը:

1980-ական թվականներին Հյուսիսային Իտալիայի մի քանի անջատ տարածաշրջանային շարժումները, Ումբերտո Բոսիի գլխավորությամբ, միավորվեցին Հյուսիսային լիգայի մեջ: Լիգան հանդես է գալիս Պադանիայի ինքնավարության կամ լիակատար անկախության օգտին:

Թեեւ «Պադանիա» բառը նշանակում է Պո գետի հովիտ, այդ անվան տակ հասկացվում է Հյուսիսային եւ Միջին Իտալիան (ընդհուպ մինչեւ Տոսկանա եւ Ումբրիա), որը հակադրվում է Հարավին (Հռոմի հետ միասին)` որպես կոռուպցիայի, մաֆիայի եւ անբանների թագավորության: Հյուսիսում, արդեն դարի առաջին կեսին, չէին սիրում նեապոլցիներին ու սիցիլիացիներին, իսկ այժմ նաեւ վախենում են արտասահմանցի ներգաղթյալներից (առաջին հերթին` արաբական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից): Լիգայի առաջին հաջողությունը 90-ական թվականների կոռուպցիոն սկանդալներից հետո էր, ուր ներքաշված էր Հռոմի կառավարությունը: 1996թ. Լիգան հավաքեց քվեների 10,1 տոկոսը (իսկ Վենետոյում` 30 տոկոսը): Դրանից հետո Մանթուայում անգամ հիմնվեց այլընտրանքային խորհրդարան, եւ անցկացվեցին ընտրություններ:

Ճիշտ է, հետո իտալացիների մեծ մասը հիասթափվեց Լիգայից: Քչերն էին ցանկանում Հռոմի հետ լիովին խզել կապերը. նրանց միանգամայն բավարարում էր ֆեդերալիզմը, այսինքն` սեփական հարկերն իրենց մոտ ծախսելու լայն հնարավորությունը եւ տեղական մարզային կառավարության մեծ անկախությունը:

Այդ իսկ պատճառով 2000թ. Լիգան նույնիսկ դաշինք կնքեց Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» կառավարող կուսակցության հետ: Սակայն Լիգայում ձեւավորված է բավական կոշտ ու հետեւողական գաղափարախոսություն: Նա հրաժարվում է մյուս իտալացիների հետ որեւէ ազգակցությունից` իր նախնիներ համարելով ցիզալպինյան գալերին. ահա այսպես է Իտալիայում աշխատում կելտական առասպելը:

Լիգայի մյուս խորհրդանիշը առասպելական զինվորն է, որը մարտնչում է Ֆրիդրիխ Բարբարոսայի դեմ:

Լիգայի օրհներգը «VaPensiero»-ն է` Ջուզեպե Վերդիի «Նաբուգոդոնոսոր» օպերայից. հրեա տարագիրների երգչախումբ, որը ողբում է հայրենի երկրի համար:

Հյուսիսային լիգան, որը հասարակական առումով` պահպանողական եւ տնտեսական հարցերում, ազատական կուսակցություն է, նախեւառաջ նախատեսված է միջին խավի համար: 2006թ. վերջին ընտրություններին այն հավաքեց 4,6 տոկոս, ինչն ամենեւին էլ փոքր չէ` հաշվի առնելով, որ այդ տվյալը վերաբերում է ողջ Իտալիային: Պո գետից հյուսիս բնակվող իտալացիների կեսից ավելին Հարավային Իտալիայից անջատումը համարում է օգտավետ, իսկ 20 տոկոսը` ցանկալի:

Լիգան ունի արտահայտիչ կարգախոսներ եւ ցուցապաստառներ: Հատկապես տպավորիչ է այն ցուցապաստառը, որին պատկերված է հյուսիսամերիկյան հնդկացի եւ կողքին մակագրություն. «Նրանք (այսինքն` հնդկացիները–խմբ.) չկարողացան սահմանափակել ներգաղթը եւ այժմ ապրում են ռեզերվացիաներում»:

Բացառությամբ Լիգայի, Իտալիայում միակ իսկական հզոր անջատողական շարժումը գտնվում է Տրենտինո-Ալտո Ադիջեում (Հարավային Թիրոլում)` տարածք, որը 1920թ. բռնի կերպով անջատվել է Ավստրիայից եւ միացվել Իտալիային: Բնակչության մեծամասնությունը գերմանացի է:

Ներկայումս ընթանում է երկրամասից իտալացիների աստիճանական դուրսմղում, քանզի ամբողջը տնօրինում է գերմանացի մեծամասնությունը` փաստացիորեն վերածվելով արտոնյալ դասի: Շատ է դժվարացել իտալացիների ներգաղթը Հարավային Թիրոլ, որովհետեւ այնտեղ չափազանց բարձր են հարկերը, իսկ պետական նպաստները շուտ չեն տրվում: Բայց անգամ այն իտալացիները, որոնք այնտեղ ապրում են, կամաց-կամաց հեռանում են:

Միեւնույն ժամանակ, Հարավային Թիրոլի իշխող կուսակցությունը փորձում է Ավստրիային համոզել օրինագիծ մտցնելու Հարավային Թիրոլի ինքնորոշման անհրաժեշտության մասին` այն Հյուսիսայինին վերամիավորելու նպատակով: Ներկայումս ծայրահեղական գործունեությունը մարել է, սակայն 50–80-ական թվականների ընթացքում իրականացվել է 300-ից ավելի ահաբեկչական գործողություն:

Մնացած Իտալիայում շարունակվում է գերիշխել Ռիսորջիմենտոյի` 19-րդ դարում իտալական հողերի միավորման մասին պաշտոնական առասպելը, որտեղ իտալական միասնությունը մատուցվում է որպես գերագույն արժեք ու երկրի բարգավաճման միակ նախապայման: Սակայն գրեթե յուրաքանչյուր տարածաշրջան ունի սեփական անջատողական կուսակցությունը:

Վենետիզմի մասին վերն արդեն խոսվեց: Լիգուրական ինքնավարական շարժումը պահանջում է Լիգուրիայի ինքնորոշում, որը 700 տարվա անկախությունից հետո անօրինական կերպով միացվել է Պյեմոնտին: Ի տարբերություն Հյուսիսային Իտալիայի մյուս շարժումների, լիգուրականը գովերգում է աշխարհաքաղաքացիությունը` Ջենովայի Հանրապետության փառավոր ժառանգությունը:

Անջատողական շարժումներ կան Սարդինիայում եւ Սիցիլիայում, բայց նրանք տեղական ընտրողների ձայների 2-3 տոկոսից ավելին չեն հավաքում:

Տարածաշրջանային շարժումներ կան նաեւ Վալ դ’Աոստում, ուր մեծամասնությունը խոսում է ֆրանկո-պրովանսերեն (արպիտաներեն) լեզվով, եւ Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիայում, որտեղ մի քանի սահմանամերձ գյուղեր խոսում են սլովեներենով:

Ի վերջո, չնայած Երկրորդ աշխարհամարտում կրած պարտությանը, դեռ ապրում է իտալական իռեդենտիզմը` Իտալիային բոլոր այն հողերի վերամիավորման ձգտումը, որոնք այսպես թե այնպես կապված են իտալական պատմությանն ու մշակույթին: Իտալիայի խոշոր պետական պաշտոնյաների եւ կուսակցական առաջնորդների ելույթներում հաճախ են սպրդում ակնարկներ, թե Իստրիան, ինչպես նաեւ Դալմացիան եւ Կորսիկան բնիկ իտալական հողեր են:

* * *

Իսպանիայում բասկերի շարժումն իր թափով գերազանցում է Իտալիայի ցանկացած անջատողական գործունեությանը: Բասկյան անջատողականության սպեկտրը շատ լայն է, որը միավորում է ծայրահեղ աջից մինչեւ ծայրահեղ ձախ քաղաքական ուժերը: Այն կապված է պատմության հետ:

19-րդ դարում Իսպանիայում պայքար էր գնում կառլականների (աբսոլյուտիստների) եւ ազատականների միջեւ: Քանի որ ազատականները ձգտում էին երկրի ունիֆորմացման, տարօրինակ կերպով այնպես ստացվեց, որ հենց աբսոլյուտիստները պաշտպանեցին բասկերի, Կատալոնիայի եւ Իսպանիայի այլ երկրամասերի հինավուրց արտոնությունները: Ուստի բասկերը պաշտպանեցին կառլականներին, ու երբ կառլիզմն անհետացավ (դա տեղի ունեցավ միայն 20-րդ դարում), բասկյան ազգային շարժման աջ թեւը նրանից ժառանգեց կաթոլիկ հոգեւորականության հետ սերտ կապերը: Բասկյան քաղաքական սպեկտրի ձախ թեւն առաջացավ այն քաղաքներում, որոնք 20-րդ դարի սկզբին դարձան արդյունաբերական կենտրոններ (առաջին հերթին` Բիլբաոյում): Հենց իրենց ձախ թեւի շնորհիվ բասկ ազգայնականները Քաղաքացիական պատերազմում հանդես եկան Հանրապետության կողմից: Իսկ 50-ական թվականներին ստեղծվեց բասկյան ԷՏԱ ահաբեկչական կազմակերպությունը, որի գործունեության արդյունքում զոհվել է 800-ից ավելի մարդ:

Բասկերի երկիրն ինքնավարություն ստացավ սոսկ 1978թ., Ֆրանկոյի մահից հետո: Այդ ինքնավարությունը շատ լայն է. օրինակ` Բասկերի երկիրն ունի սեփական ոստիկանական ուժեր: Սակայն նրանց մեջ այնքան մեծ է ահաբեկիչներին համակրողների տոկոսը, որ Իսպանիայի ՆԳ նախարարությունը նրանց Ինտերպոլի տվյալների բազային մոտ չի թողնում: Ներկայումս ԷՏԱ-ն, ինչպես եւ մյուս անօրինական կազմակերպությունները, շարունակում են գործել: Բասկ ազգայնականների այցեքարտը քաղաքային անկարգություններն են` ցուցափեղկերի փշրմամբ, մեքենաների հրկիզմամբ եւ ոստիկանների վրա հարձակմամբ: Գոյություն ունեն նաեւ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք պահպանում են հավասարակշռությունն օրինականության եւ անօրինականության սահմանագծին: Նրանց մի մասը (օրինակ` «Բատասունա»-ն) արգելվել է, քանզի ընկալվում է որպես ԷՏԱ-ի լեգալ թեւ:

Իսպանիայում, որտեղ «արյան մաքրությունը» շատ կարեւոր հասկացություն է, բասկերը, որ համարվում են Եվրոպայի մինչհնդեվրոպական բնակչության հետնորդներ, ինքնաբերաբար ստացվում են «ամենազտարյունները»:

Բասկերի երկրից բացի, նրանք հավակնում են նաեւ Նավարային ու ֆրանսիական երկու դեպարտամենտներին: Սակայն Նավարայում նրանք կազմում են բնակչության մեկ երրորդից ոչ ավելին, իսկ բասկյան կուսակցությունը մարզում հավաքել է 23 տոկոս:

Բասկ անջատողականները տարբեր կերպ ընկալեցին կոսովյան անկախությունը: Եթե աջերը ցնծությամբ պաշտպանեցին կոսովցիներին, ապա ձախերը Կոսովոյի ճանաչումը խարանեցին որպես կեղծ եւ ֆաշիստական:

Կատալոնիայում այս հարցում առավել համերաշխություն էր տիրում: Կատալոնյան կառավարությունը միահամուռ պաշտպանեց Կոսովոյի անկախությունը եւ Իսպանիայից պահանջեց ճանաչել այն:

Ներկայումս Կատալոնիան Իսպանիայի ամենազարգացած երկրամասն է, ինչը լրացուցիչ կերպով ազդում է անկախության գաղափարի ժողովրդականության վրա, որը կիսում է բնակչության շուրջ մեկ երրորդը: Կատալոներեն լեզուն իսպաներենը հետզհետե մղում է հետին պլան: Սակայն կատալոնյան շարժումն անհամեմատ ավելի խաղաղ է, քան բասկյանը. կատալոնյան ահաբեկչական կազմակերպություններ այսօր չկան:

Կատալոնյան շարժումն իր արմատներով ձգվում է մինչեւ միջնադար: Ներկայումս փոխվում են գիտական ուսմունքները` գրվում են նոր ծանրակշիռ աշխատություններ, որտեղ ամբողջովին վերանայվում է Պիրենեյան թերակղզու պատմությունը: Կատալոնյան քաղաքակրթությունը դիտվում է որպես իրավահավասար կաստիլյանին, բայց կեղեքված բռնակալ հարեւանների կողմից: Մենագրություններում խոսքը Վալենսիայից մինչեւ Սիցիլիա կատալոնյան աղեղի մասին է: Սակայն կատալոնցի ազգայնականները չեն հավակնում այդ բոլոր հողերին: Նրանց պահանջները տարածվում են «Կատալոնյան երկրների»` բուն Կատալոնիայի հողերի, Վալենսիայի, Արագոնի որոշ սահմանային շրջանների, որտեղ խոսում են կատալոներեն, Հյուսիսային Կատալոնիայի (այսինքն` Ֆրանսիական Ռուսիլյոնի), ինչպես նաեւ Բալեարյան կղզիների եւ Սարդինիայի Ալգեր քաղաքի վրա, ուր մինչ այժմ խոսում են կատալոնյան բարբառով:

«Կատալոնյան երկրներում» այս գաղափարները տարբեր կերպ են ընկալվում: Եթե Բալեարյան կղզիներում դրանք, հիմնականում, ընդունվում են (թեեւ 70-ական թվականներին գոյություն ուներ շարժում, որը Բալեարյան կղզիների անկախության կոչ էր անում), ապա Վալենսիայում կատալոնյան նկրտումները վրդովմունք են առաջացնում:

Իսպանիայում այլ լուրջ անջատողական շարժումներ չկան, իսկ ահա ինքնավարականներ գործնականում կան յուրաքանչյուր տարածաշրջանում:

Դրանցից ամենաէականն, անշուշտ, գալիսիականն է: Այն նրանով է հետաքրքիր, որ հավակնում է կելտական աշխարհի հետ ծագումնաբանական ազգակցությանը` առավել հետեւողականորեն, քան Պադանիան: Չնայած նրան, որ գալիսիացիները խոսում են ռոմաներենով, նրանք մասնակցում են կելտական մշակույթին նվիրված բոլոր ցույցերին: Ակտիվորեն զարգանում են գալիսերեն լեզուն ու գալիսիական ինքնագիտակցությունը: Շատերը հանգում են այն եզրակացության, որ հյուսիսային պորտուգալացիներն իրենց ավելի մոտ են, քան իսպանացիները: Իրոք, Հյուսիսային Պորտուգալիայի, ինչպես եւ գալիսիական մշակույթը համահունչ են կելտական աշխարհին: Միաժամանակ, Իսպանիայից անջատման օգտին հանդես է գալիս գալիսիացիների մեկ տոկոսից ոչ ավելին:

Տարածաշրջանային շարժումներն Արագոնում եւ Աստուրիայում հանգում են կրկին իրենց բարբառներով խոսելու եւ մշակութային առումով սեփական առանձնահատկությունը գիտակցելու փորձերին: Կաստիլյան հինգ շրջաններում (Կանտաբրիա, Կաստիլիա եւ Լեոն, Մադրիդ, Լա Ռիոհա եւ Կաստիլիա լա Մանչա) աճում է Մեծ Կաստիլիայի մեջ նրանց միավորման շարժումը, որը կարող է կազմել Իսպանիայի միատարր կորիզը: Լեոնում նույնիսկ առկա են անջատողական շարժումներ, որոնք միջնադարյան Լեոնի Թագավորության հողերի միավորման (Լեոնի մարզին Սամորայի, Սալամանկայի եւ անգամ պորտուգալական Բրագանցայի նահանգի միացման) կոչ են անում: Սակայն Աստուրիային լեոնական անջատողականները չեն հավակնում, թեեւ այն նույնպես մտել է Լեոնի Թագավորության մեջ, քանզի նախընտրում են չգժտվել աստուրիացիների հետ:

Հզոր ինքնավարական շարժում կա Անդալուսիայում, որտեղ Բասկերի երկրի ու Կատալոնիայի ինքնավարության ճանաչումը զանգվածային փողոցային բողոքներ եւ ցույցեր առաջացրեց, որոնք, վերջիվերջո, հանգեցրին Անդալուսիայի ինքնավարության ճանաչման: Սակայն անկախության համար լուրջ շարժում Անդալուսիայում չկա:

70-ական թվականների վերջին նկատելի անջատողական շարժում կար Կանարյան կղզիներում, որը սատարվում էր Ալժիրից եւ հիմնված էր բերբերյան միասնության գաղափարների վրա (Կանարյան կղզիների բնակչության մեծամասնությունը էթնիկ բերբերներ են): Բայց վերջին 20 տարիներին այս շարժումը տեղի բնակչության կողմից ոչ մի աջակցություն չի վայելում:

Իսպանիան հավակնում է Ջիբրալթարին, որը 18-րդ դարից պատկանում է Մեծ Բրիտանիային: Սակայն ջիբրալթարցիների մեծամասնությունը (90 տոկոսից ավելին) մերժում է ոչ միայն Ջիբրալթարի հանձնումը Իսպանիային, այլեւ նույնիսկ այդ վիճելի տարածքի վրա անգլո-իսպանական համատեղ սյուզերենությունը: Իր հերթին, Մարոկկոն հավակնում է իսպանական Սեուտա եւ Մելիլյա անկլավներին, որոնք նույնպես նախընտրում են մնալ իսպանական իշխանության ներքո: Վերջապես, գոյություն ունի չլուծված հակամարտություն Իսպանիայի ու Պորտուգալիայի միջեւ` Օլիվենս քաղաքի պատճառով, որը նապոլեոնյան պատերազմների շրջանում գրավվել էր իսպանացիների կողմից: Այնուամենայնիվ, Եվրամիություն եւ Շենգենյան տարածություն երկու պետությունների մուտք գործելու պահից ի վեր Օլիվենսի պատկանելության հարցը կորցրել է անցյալի արդիականությունը:

* * *

Ֆրանսիայում անջատողականության խնդիրն ավելի քիչ սրությամբ է դրված, քան Իտալիայում կամ Իսպանիայում:

Կոշտ ունիտար պետության երկար տարիներն իրենց գործն արեցին. Ֆրանսիայի բնակչությունն ամենատարբեր ժողովուրդների խառնակույտից վերածվեց ֆրանսիացիների, որոնց միավորում են ընդհանուր լեզուն եւ մշակույթը: Այնուամենայնիվ, վերջին 50 տարում Ֆրանսիայի շատ շրջաններում հասունացան ինքնավարական շարժումներ:

Նկատելի անջատողական շարժմամբ միակ մարզը Ֆրանսիայում Կորսիկան է: Կղզում անկախության կողմնակիցները հարգում են Պաոլիի` առաջին ժամանակակից ժողովրդավարական պետության հիմնադրի հիշատակը, իսկ ֆրանսիական իշխանությունն ընկալում են որպես գաղութային:

Սակայն բնավ ոչ բոլոր կորսիկացիներն են անկախություն ցանկանում, իսկ ովքեր այն ուզում են, ծվատվել են կոնֆլիկտներից: Կղզու բնակչության մեծ մասը պատրաստ է բավարարվել լայն ինքնավարությամբ, կորսիկերեն լեզվի առանձին իրավունքներով եւ մի շարք ազգային հարկերից ազատմամբ: Ահաբեկչական սպառնալիք կա. կորսիկացիները հարձակվում են վարչական, ռազմական ու զբոսաշրջության օբյեկտների վրա, որոնք ներկայացնում են ֆրանսիական իշխանության խորհրդանիշները: Բայց հարձակումներն ուղղված են շենքերի, այլ ոչ թե մարդկանց դեմ:

Ֆրանսիայում, ինչպես եւ Իսպանիայում, գործում են բասկյան (Բայոնա, Անգլե եւ Բիարից քաղաքների շրջանում) եւ կատալոնյան (Ռուսիլյոնում կամ Հյուսիսային Կատալոնիայում) կազմակերպություններ: Որպես կանոն, բասկերը կենտրոնացել են Իսպանիայի դեմ պատերազմի վրա` ֆրանսիական հողերն օգտագործելով որպես նահանջի հենակայաններ: Այնուամենայնիվ, 70–80-ական թվականներին Ֆրանսիայում գործում էր բասկյան ահաբեկչական կազմակերպություն: Ռուսիլյոնում կատալոնյան շարժումը գրեթե աննկատելի է. տեղի բնակչությունը գործնականում կորցրել է իր ավանդույթները եւ ուծացվել:

Ֆրանսիայի մնացած տարածաշրջանային շարժումներից ամենահզորը բրետոնյանն է: Բրետանն առավելագույնս է օգտագործում իր պատկանելությունը կելտական աշխարհին, որպեսզի ցույց տա իր տարբերությունը ֆրանսիացիներից: Բրետանում ամենապաշտելի հերոսուհին դքսուհի Աննա Բրետոնացին է, որն ամեն ինչ արել է, որպեսզի բրետոնները պահպանեն իրենց անկախությունը Ֆրանսիայից: Բրետոներեն լեզվի հետ կապված են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այն սովորեցնում են դպրոցում, այդ լեզվով երգչախմբեր են երգում:

Բրետանում անկախության կողմնակիցները բացարձակ փոքրամասնություն են: Գաղափարը, թե Բրետանը կարող է անկախանալ, թվում է այնքան անհավանական, որ բրետոն մեծամասնությանը դուր է գալիս նրա հետ «խաղալ»: Բրետոնների հիմնական պահանջը Բրետանին նրա պատմական մայրաքաղաքի` Նանտի վերամիավորումն է, որն այժմ գտնվում է Լուար Ատլանտիկի դեպարտամենտում: Նանտում բրետոնները փոքրամասնություն են, սակայն ոչ մի տեղ Բրետանում չես տեսնի այնքան անզուսպ հակաֆրանսիական կարգախոսներ, որքան այնտեղ:

Ինչպես եւ բասկերի դեպքում, լինում են ցանկացած համոզմունքի բրետոն ազգայնականներ` ծայրահեղ ձախերից (էմգանականներ. մոտ են անարխիստներին) մինչեւ ծայրահեղ աջեր (ադսավականներ. պահանջում են Եվրոպայից ներգաղթյալների վտարում): Բրետոնները վաղուց կապեր են պահպանում բասկերի հետ, եւ ժամանակին ԷՏԱ-ն օգնել է ահաբեկչական խմբի` Բրետոնական հեղափոխական բանակի կազմակերպմանը: Սակայն բրետոն ահաբեկիչների հաշվին մահափորձեր քիչ կան, զոհեր գրեթե չկան:

Ֆրանսիայի հարավում, 19-րդ դարի երկրորդ կեսին, ծնվեց օքսիտանական հզոր շարժումը` հենված պրովանսերեն լեզվի վրա, որը գրական էր դարձել դեռեւս տրուբադուրների ժամանակաշրջանում: Սակայն Օքսիտանիան, որը պոտենցիալ կերպով կարող էր դառնալ «ֆրանսիական Ուկրաինա», այդպես էլ չկայացավ: Այժմ նրանից ոչինչ չի մնացել, բացի մշակութային առանձնահատկության գիտակցումից եւ ֆրանսերեն լեզվի յուրահատուկ ակցենտից: Օքսիտանիայի միակ հատվածը, ուր գոյություն ունի անջատողական շարժում` Նիցցան է, որը Ֆրանսիայի կազմի մեջ է մտել 1860թ.` Սարդինիայի Թագավորության հետ պայմանագրի համաձայն: Անկախության կողմնակիցները պնդում են, որ Նիցցայից կարող է ստացվել երկրորդ Մոնակո եւ մատնանշում, որ պայմանագիրն, ըստ որի` Նիցցան գտնվում է Ֆրանսիայի կազմում, բազմիցս խախտվել է, իսկ 1940թ. ընդհանրապես չեղյալ է հայտարարվել:

Եվս մեկ նկատելի անջատողական շարժում գործում է Սավոյայում: «Նիցցայի անկախության շարժմանը» համանման այս շարժումն սկսվեց Սավոյան ու Նիցցան Ֆրանսիային միացնելու 100-ամյա հոբելյանի տոնակատարություններից շատ չանցած: Փոքրիկ «Սավոյայի սավոյցիների ակումբը» հետզհետե աճեց «Սավոյական լիգայի», որը «Եվրոպական ազատ դաշինքի» անդամ է:

Էլզասում, չնայած չափազանց ուժեղ տարածաշրջանային ինքնությանը, անջատողական շարժում չկա: Երկրամասի պատմությունն իր դերը խաղացել է` Ֆրանսիայից անկախության ձգտումը վերածվել է բացարձակ տաբուի: Էլզասում կա բավական խոշոր տարածաշրջանային կուսակցություն` «Ամենից առաջ Էլզասը» եւ նրան հարող «Երիտասարդ Էլզաս» երիտասարդական շարժումը, որն ունի կապեր Ֆլանդրիայի ու Պադանիայի երիտասարդական ազգայնական շարժումների հետ: Սակայն այդ կուսակցությունների գործիչները չեն էլ մտածում կասկածի ենթարկել, թե իրենք ֆրանսիացի են: Դրանք ծայրահեղ աջ շարժումներ են, որոնք կտրուկ հանդես են գալիս իրենց ինքնության (որը նրանք սահմանում են որպես երկակի` ֆրանսիական եւ էլզասական) կորստի դեմ. ինքնություն, որին, իրենց տեսանկյունից, սպառնում են Երրորդ աշխարհի երկրներից ներգաղթյալները:

Եվս մեկ տարածաշրջան, որի պատկանելությունը Ֆլանդրիայի անկախության ձեռքբերման դեպքում կարող է կասկածի ենթարկվել Հարավային Ֆլանդրիան է (Լիլ, Դուե եւ Դյունկերք քաղաքների շրջանը): Բայց մինչ ֆլամանդական անկախության նվաճումը, այդ հարցը հաստատ չի ծառանա:

www.apn.ru
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր