ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔ – ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հայկ ԳաբրիելյանՍիրիական ճգնաժամի հարցում Թուրքիայի որդեգրած հայտնի դիրքորոշման պատճառով խախտվեց թուրք-սիրիական «ջենթլմենային համաձայնագիրը», ըստ որի` երկու երկրները փոխադարձ չեզոքություն էին պահպանում քրդական հիմնախնդրի հարցում: Սակայն Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի ղեկավարությանը ստիպեց գնալ աննախադեպ քայլի. երկրի հյուսիսային շրջաններում բնակվող սիրիացի քրդերին տրամադրել փաստացի ինքնավարություն` ռեժիմին աջակցելու դիմաց: Արդյունքում` Թուրքիային սահմանակից մի շարք բնակավայրեր հայտնվեցին քրդերի ձեռքում: Այդ տարածքների փաստացի ղեկավարումն իր վրա վերցրեց Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD), որը վերջին 30 տարիներին Թուրքիայի դեմ պատերազմ մղող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դաշնակիցն է:
Քրդերն իրենց վերահսկողության տակ վերցրին վարչական ղեկավարման կենտրոնները, ինչպես նաեւ բացեցին ազգային դպրոցներ: Դրանով իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ապահովեց ամուր թիկունք եւ իր ու իրեն թիրախավորած Թուրքիայի միջեւ զետեղեց PKK-ին: Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքների վարչական շենքերում հայտնվեցին PYD-ի ու PKK-ի դրոշները:
Սիրիայի քրդերը մեծ աջակցություն ստացան Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից, որը դիվանագիտական աջակցության հետ մեկտեղ նրանց մատակարարեց զենք եւ զինամթերք: Էրբիլը նաեւ ամեն կերպ աջակցեց դեպի թուրք-սիրիական սահման Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների փոխադրմանը` «Մեծ Քրդստանի» ստեղծման գաղափարի կյանքի կոչմանն աջակցելու եւ իրաքյան փորձը Սիրիայում կրկնելու համար:
Հուլիսի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը. «Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը Թուրքիայի համար նշանակում է PKK-ի ահաբեկչական սպառնալիքի ուժեղացում: Մենք դա չենք ճանաչի որպես քուրդ ժողովրդի պետություն, դա կլինի ահաբեկչական կազմավորում, ինչի համար էլ Անկարան դա թույլ չի տա: Անկարան ձեռքերը ծալած չի հետեւի Սիրիայի հյուսիսում ընթացող զարգացումներին եւ անպայմանորեն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի նմանատիպ կազմավորման առաջացման անթույլատրելիության ուղղությամբ: Մենք իրավասու ենք Սիրիայի տարածքում հետապնդել ահաբեկիչներին, եթե նրանք անթույլատրելի գործողություններ իրականացնեն Թուրքիայի տարածքում: Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնելու է Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարություն` ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:
Էրբիլ մեկնելուց առաջ Դավութօղլուն իր հերթին հայտարարեց. «Թուրքիան թույլ չի տա, որ ահաբեկչական կազմակերպությունները` լինի PKK-ն կամ «Ալ Քաիդան», բույն դնեն Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանին: Թուրքիան կձեռնարկի բոլոր քայլերը` Սիրիայի հետ իր սահմանին ահաբեկչության կանխման համար: Թուրքիան դեմ է PKK-ի կողմից Սիրիայի հյուսիսում պետության կամ մեկ այլ կազմավորման ստեղծմանը: Մասուդ Բարզանիի ձեռնարկած միջոցները բավական չեն ահաբեկչության խնդրի լուծման համար»:
Օգոստոսի 1-ին Դավութօղլուն այցելեց Էրբիլ եւ Բարզանիին հանձնեց Ռեջեփ Էրդողանի նամակը, որում Էրդողանն Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից պահանջում էր դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդերին: Նամակում նաեւ նշված էր, թե Թուրքիան թույլ չի տա, որ իրեն սահմանակից Սիրիայի շրջաններում ստեղծվի քրդական ինքնավարություն, հատկապես նրա համար, որ այն իր վերահսկողության տակ է առնելու PYD-ը:
Սակայն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ մերձենալու Էրդողանի փորձերը չպսակվեցին հաջողությամբ: Բարզանին կազմակերպեց Սիրիայի քրդերի կոալիցիան, որի առաջատար ուժը դարձավ PYD-ը: Մասուդ Բարզանին աջակցեց Սիրիայի քրդերի բարձրագույն խորհրդի (ՍՔԲԽ) ստեղծման ու համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը, որով եւ մեծապես բարձրացրեց էթնիկ քրդերի շրջանում իր ունեցած հեղինակությունը: Մինչդեռ, սիրիական հակամարտությունն սկսվելուց ի վեր` Թուրքիան փորձում է Բարզանիին համոզել միանալ սիրիական ընդդիմությանը եւ ընդհանրապես ստանալ նրա աջակցությունը PKK-ի դեմ պայքարում:
Իր հերթին, PKK-ն հաջողությամբ օգտագործում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընձեռած հնարավորությունները: Վերջին շաբաթներին Թուրքիայի արեւելյան ու հարավարեւելյան հատվածում կազմակերպվել են մի շարք խոշոր հարձակումներ, որոնց հետեւանքով զոհվել են տասնյակ թուրք զինծառայողներ: PKK-ն անգամ օպերացիա ձեռնարկեց` Թուրքիայի հարավարեւելյան հատվածում «ազատագրված շրջան» ստեղծելու համար, որով եւ շոկի մեջ գցեց ոչ միայն թուրք հասարակությանը, այլեւ իշխանություններին: Էրդողանը PKK-ի ակտիվացման մեջ մեղադրեց Բաշար Ասադին` ընդգծելով, որ նա դրա շնորհիվ ցանկանում է խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար:
Անկասկած է, որ PKK-ի այդ ակտիվացումը շաղկապված է նաեւ սիրիական զարգացումների հետ, քանի որ դրա նպատակներից մեկը սիրիական սահմանից թուրքական զորքերի փոխադրումն է իրաքյան սահման եւ դեպի Իրաք թուրքական նոր ներխուժում սադրելը: Այդ ամենը պետք է հանգեցնի «Սիրիայի ազատ բանակին» թուրքական աջակցության թուլացմանը: Ավելի լայն իմաստով, PKK-ն փորձում է դրանով իսկ տապալել Անկարայի ու Էրբիլի մերձեցումը:
PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանը, մեկնաբանելով Սիրիայի քրդերին հասցեագրած Էրդողանի սպառնալիքները, հայտարարեց. «Եթե Թուրքիան ներխուժի Արեւմտյան (սիրիական) Քուրդիստան, ապա ողջ քուրդ ժողովուրդը կդիմակայի Թուրքիային: Այդ ժամանակ կմոբիլիզացվեն համայն աշխարհի քրդերը»: Քարայըլանը նաեւ հայտարարեց, որ PKK-ն իր ակտիվ գործունեությունը Թուրքիայում կշարունակի ծավալել նաեւ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին:
Թուրքիայում PKK-ի այդ ակտիվությունը հանգեցրեց նրան, որ սեպտեմբերի սկզբին ֆրանսիական Le Monde թերթը գրեց, որ այս ամառը Թուրքիայի համար ամենաարյունոտ ամառներից մեկն էր 1990-ական թվականներից հետո: Իսկ թուրք լրագրող եւ վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդի խոսքերով` այս ամառը թուրքական կողմի համար վերջին 14 տարիների (երբ ձերբակալվեց PKK-ի հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլա Օջալանը) ամենավատ ամառն էր:
Թուրքական մամուլի պնդմամբ` PKK-ի զինյալները Թուրքիայի դեմ պայքարում օգտվում են Իրանում ունեցած իրենց բազայից` Հյուսիսային Իրաքից տեղափոխվելով Իրանի տարածքում գտնվող ճամբար: Ըստ թուրքական մամուլի` Իրանն աջակցում է PKK-ին` ընդդեմ Թուրքիայի, քանի որ խիստ դժգոհ է Ասադի հանդեպ Թուրքիայի իշխանությունների որդեգրած դիրքորոշումից, ինչպես նաեւ` Թուրքիայի տարածքում (Մալաթիա) ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումից:
Բացի այդ, թուրքական մամուլը գրեց, թե Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 20 իրանական լրտեսի, որոնք իրանական կողմին հանձնել են Թուրքիայի անվտանգության համար առանձնահատուկ կարեւորություն ունեցող տեղեկատվություն: Նրանց հարցաքննության ժամանակ պարզվել է, որ 2012 թվականի մարտից Իրանը Թուրքիա է ուղարկել եւս 100 լրտեսների, որոնք Թուրքիայի տարածքում հայտնվել են որպես լրագրողներ կամ դեսպանատան աշխատակիցներ: Իրանցի այդ գործակալները Թուրքիայի տարածքում կապ են հաստատել PKK-ի հետ եւ տեղեկատվություն են հավաքել թուրքական ռազմական օբյեկտների ու սիրիացի փախստականների մասին:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն սիրիական զարգացումների կապակցությամբ խստապես քննադատել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը (ԱԶԿ). «Էրդողանի ԱԶԿ-ն ոչ մի կանխիչ միջոց չձեռնարկեց քրդական հարցը չսրելու համար: Բոլորը գիտեին, որ Սիրիայում առաջանալու է քրդերի հարցը, ինչպես որ եղավ Իրաքի պարագայում: Եվ ի՞նչ արեցինք մենք: Ինչպե՞ս կարելի է գործել` առանց վերլուծության ենթարկելու արտաքին քաղաքական ոլորտում ձեռնարկվող քայլերը, առանց հետեւելու գործընթացներին: Դավութօղլուն Թուրքիայի ցայժմ ունեցած արտգործնախարարների թվում ամենավատն է: Նա ասում էր զրո խնդիր, սակայն այսօր կան բազում խնդիրներ: Ո՞ր ուղղությամբ է Դավութօղլուն հաջողություններ գրանցել: Մերձավորարեւելյան երկրների ներքին գործերին միջամտելու արտաքին քաղաքականությունը որեւէ լավ բանի չհանգեցրեց: Արտաքին քաղաքական դաշտում մենք դարձել ենք մերձավորարեւելյան ճահճուտում խրված մի երկիր: Սիրիայի հարցում Թուրքիան վերածվել է Արեւմուտքի գործիքի, ինչի հետեւանքը եղավ քրդական նոր պետության ստեղծման հնարավորությունը»:
Ներկայում Սիրիայի քրդերը վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանի վրա եւ հրաժարվում են միանալ ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհրդին` չվստահելով նրան հետասադյան շրջանում իրենց առնվազն ինքնավարություն տալու հարցում: Սիրիայի քրդերը պատրաստ են երկրի հյուսիսում կազմավորել ինքնավար շրջան, ինչպես որ այն գոյություն ունի Իրաքի հյուսիսում: Իսկ Անկարան սկսել է գիտակցել, որ իր համար ամենավատ տարբերակը` քրդական դաշնության ի հայտ գալը, դառնում է ակնհայտ:
Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքները տեղի քրդերի վերահսկողության տակ անցնելը մեծապես ոգեւորում է նաեւ Թուրքիայի քրդերին, որոնք դրանում տեսնում են «Մեծ Քուրդիստանի» կազմավորման սկիզբը, որը ներառելու է նաեւ Թուրքիայի տարածքի մի խոշոր հատված: Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի հարավարեւելյան հատվածում բնակվող քրդերը ցանկանում են ունենալ իրենց քաղաքական ու վարչական կարգավիճակը` ընդգծելով, որ Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի տարածքներում գործելու են այնպիսի ինքնավարություններ, ինչպիսին որ Հյուսիսային Իրաքում է: Իսկ ահա քուրդ պատգամավոր Ահմեթ Թուրքը հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ «Մեծ Քուրդիստանի» 4 մասերը միավորվելու են:
Ներկա փուլում Անկարան, թերեւս, հակված չէ Սիրիայի քրդերի խնդրի ռազմական լուծմանը, թեեւ շարունակ սպառնում է ներխուժել Սիրիայի հյուսիս, զորք եւ տեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաեւ շարունակաբար վարժանքներ է անցկացնում սիրիական սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսին ռազմական հարված հասցնելու համար կան բազմաթիվ զսպիչ գործոններ` քրդական արյունալի դիմակայություն, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի կոշտ հակազդեցություն եւ այդ հարցում անգամ ԱՄՆ բացասական դիրքորոշում, սիրիական ընդդիմությանն աջակցող արաբական երկրների անկանխատեսելի արձագանք եւ այլն: Թուրք փորձագետ Սոլի Օզելի կարծիքով` Թուրքիայի կողմից Սիրիայի քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելը նրա համար հավասարազոր կլինի ինքնասպանության, քանի որ այդ դեպքում Թուրքիան ստիպված կլինի պատերազմել երկու եւ անգամ երեք ճակատով (Թուրքիայի եւ Իրաքի քրդերի դեմ էլ):
Դրա հետ մեկտեղ, Թուրքիան քաջ գիտակցում է Սիրիայի քրդերի ինքնավարության ձեռքբերումից բխող հնարավոր ռիսկերը եւ ողջ հույսը դրել է սիրիացի ապստամբներին ամեն գնով աջակցելու վրա, որպեսզի Ասադի տապալումից հետո ունենա իր հանդեպ բարյացակամ տրամադրված վարչակարգ եւ կարողանա վերահսկել Սիրիայի քրդերին առնչվող իրադարձությունները:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]