ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Թուրքիայում միջուկային էներգիայի թեման օրակարգ մտավ 1956թ., ստեղծվեց Ատոմային էներգիայի թուրքական խորհուրդը (ԱԷԹԽ): Երկրում ատոմակայան կառուցելու առաջին փորձերը սկսվել են դեռևս 1960-ականների սկզբին: Նախատեսվում էր մինչև 1977թ. շահագործման հանձնել 300-400 մեգավատ (մվտ) հզորությամբ առաջին ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): Սակայն 1971թ. մարտին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը խափանեց այդ պլանները:
1973թ. Թուրքական էներգետիկ միությունը (ԹԷՄ) 80 մվտ հզորությամբ ԱԷԿ-ի բլոկի կառուցման մասին որոշում ընդունեց: Նախագիծը փակվեց Թուրքիայի հարավում 600 մվտ հզորությամբ ԱԷԿ կառուցելու համար: 1976թ. ԱԷԿ-ի կառուցման վայր ընտրվեց Աքքույուն (Մերսինի շրջանում), իսկ 1977թ. միջազգային տենդեր հայտարարվեց: Պայմանագրային բանակցությունները շարունակվեցին մինչև 1980թ. և դադարեցվեցին 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո:
Հետագա բանակցություններն անհաջող ելք ունեցան 1983 և 1996թթ.: 1983թ. նոր մրցույթ հայտարարվեց, ինչի արդյունքում 1985թ. Թուրքիան ու Կանադան ստորագրեցին Միջուկային համագործակցության պայմանագիր: Չնայած դրան` 1986թ. ծրագիրը տապալվեց առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով:
1996թ. դեկտեմբերին նույնպես մրցույթ անցկացվեց, որին մասնակցեցին կանադական AECL, ամերիկյան Westinghouse և ֆրանս-գերմանական Framatome/Siemens կոնսորցիումները: Հաջորդ 3 տարիների ընթացքում մրցույթի վերջնական արդյունքների հայտարարումն անընդհատ ձգձգվում էր երկրի ներքաղաքական անկայուն վիճակի պատճառով. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության նախագծի ընդունմամբ թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն Գերմանիայի դեմ լինելով պայմանավորված` թուրք-գերմանական ոչ միանշանակ հարաբերությունների, 1999թ. օգոստոսյան երկրաշարժի (որը 18.000 մարդկանց մահվան պատճառ հանդիսացավ) հետ կապված: Այս ամենը հանգեցրեց նրան, որ 2000թ. հուլիսին թուրքական կառավարության նիստում Աքքույուի ԱԷԿ-ի կառուցումը հետաձգելու որոշում ընդունվեց:
Հիմնականում մի շարք ֆինանսատնտեսական, ինչպես նաև տեխնիկական ու կազմակերպչական խնդիրների պատճառով ատոմակայաններ կառուցելու Թուրքիայի փորձերը մինչ այժմ անհաջողության են մատնվել:
Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) իշխանության ընթացքում ձեռք բերված տնտեսական հաջողությունները հնարավորություն ընձեռեցին կրկին անդրադառնալ այս խնդրին` էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման ու էներգետիկ անկախության (արտասահմանից հումքի ներմուծման) բարելավման նպատակով:
2006թ. Թուրքիայի կառավարությունը երկրում ԱԷԿ-ի կառուցման մասին որոշում ընդունեց: Առաջին ԱԷԿ-ը, որը նախատեսվում է կառուցել մինչև 2012թ.1, արժենալու է 2.5 մլրդ դոլար: Ի դեպ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վիճակագրության համաձայն՝ մեկ ԱԷԿ-ի կառուցումը միջինը տևում է մոտ 10 տարի: Նախագծով առանձնապես հետաքրքրված էին 8 երկիր` Ռուսաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Կանադա2, Ֆրանսիա, Չինաստան և Մեծ Բրիտանիա:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն Ատոմային էներգիայի ազգային ինստիտուտի առաջարկած 9 (այլ տվյալներով` 8) թեկնածու քաղաքներից ընտրել էր սևծովյան Սինոպ քաղաքը, որն Անկարայից 435 կմ (270 մղոն) հեռավորության վրա է գտնվում: Ընտրության հիմքում ընկած էին 43 չափանիշ` ներառյալ կլիմայական պայմանները:
Սինոպի ընտրությունից հետո քաղաքի և ընդհանրապես սևծովյան ծովափնյա բնակչությունը սկսեց բողոքել: Միջին տարիքի կանայք ստորագրահավաք կազմակերպեցին և իրենց կազմակերպությունն անվանեցին «Մայրերն ընդդեմ ատոմային էներգիայի»: Ձկնորսները նույնպես բողոքում էին ԱԷԿ-ի կառուցման դեմ` գտնելով, որ նախ` դա կսահմանափակի ձկնորսությունը և երկրորդ` ո՞վ կցանկանա միջուկային ռեակտորի շրջակայքում բռնված ձուկ ուտել:
Թուրքիայում միջուկային էներգիայի դեմ ընդդիմանալու ևս մեկ ծանրակշիռ փաստ գոյություն ունի: Ծովափնյա բնակչությունն իրեն համարում է 22 տարի առաջ տեղի ունեցած Չեռնոբիլյան3 աղետի ուղղակի զոհը: Ուկրաինայից դեպի Թուրքիա քամու բերած ռադիոկատիվ ամպերի պատճառով ներկայումս երկրի արևելյան-սևծովյան շրջաններում անցկացված բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ մահացածների 48 տոկոսը տառապում է ուռուցքային հիվանդություններով:
Իրենց հերթին` ռուս բնապահպաններին անհանգստացնում է ևս մեկ հանգամանք. թուրքական կառավարությունը որտեղի՞ց է պլանավորել ջուր վերցնել ԱԷԿ-ի ռեակտորների հովացման համար, ինչպե՞ս է վարվելու օգտագործված ջրի հետ: Մի՞թե նրանք ցանկանում են այդ նպատակներով օգտագործել Սև ծովը:
Մինչև 2016թ. Թուրքիայում առաջին փուլով պլանավորված էր կառուցել 3 ԱԷԿ` Սինոպում, Աքքույուում և Մուղլայում: Փորձագետների հաշվարկներով` դրանց կառուցումը կարժենա 6 մլրդ ամերիկյան դոլար: Թուրքական ատոմակայանների ընդհանուր հզորությունը կազմելու էր 4500-5000 մվտ, նախատեսված էր դրանցում կիրառել ծանր ջրով աշխատող «PWR» տիպի ռեակտորներ:
2007թ. նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն (ԹԱՄԺ) ընդունեց N5710` «Ատոմակայանների կառուցման ու շահագործման և էլեկտրաէներգիայի վաճառքի մասին» օրենքը: Այն հաստատվեց երկրի նախագահ Աբդուլահ Գյուլի կողմից և ուժի մեջ մտավ 2007թ. նոյեմբերի 21-ին` պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո: Օրենքը կոչված էր նպաստելու ԱԷԿ-ի կառուցման շուրջ բանակցությունների ու գործարքների իրականացմանը:
2008թ. փետրվարի 21-ին Թուրքիան երկրում առաջին ԱԷԿ-ի կառուցման տենդեր անցկացրեց: Նախապատրաստական միջոցառումների ավարտից հետո` 2008թ. մարտի 24-ին, հայտարարվեց միջազգային մրցույթ` մինչև սեպտեմբերի 24-ը առաջարկով հանդես գալու վերջնաժամկետով: Առաջին թուրքական ԱԷԿ-ի կառուցման վայրը նորից, ինչպես 1975թ., ընտրվեց Աքքույուն: Այն շահագործման է հանձնվելու 2020-ից ոչ ուշ:
Շրջակա միջավայրի պաշտպաններն ընդդիմանում են Թուրքիայի միջերկրածովյան ծովափում ԱԷԿ-ի կառուցմանը: Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ այդ շրջանը պատկանում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածքների թվին: Թուրքիան մտադիր էր Աքքույուում ԱԷԿ կառուցել դեռևս 2000թ., սակայն հրաժարվեց իր պլաններից ֆինանսավորման դժվարությունների ու Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի պաշտպանների բողոքների արդյունքում: Նրանց խոսքերով` ԱԷԿ-ը կառուցվելու է սեյսմիկ վտանգավոր գոտուց ընդամենը 25 կմ (15 մղոն) հեռավորության վրա: Ժամանակին ԱԷԿ-ի կառուցման վայրից 180 կմ հեռավորության վրա 6.2 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել: Մյուս կողմից էլ Աքքույուի` ծովափին մոտ գտնվելու հանգամանքը հեշտացնում է ծանր մեքենաշինական արտադրանքը շինարարության շրջան հասցնելը:
Պարզություն է մտցվել նախագծի իրագործման սխեմայի հարցում. եթե ցայժմ դիտարկվում էին մի քանի տարբերակներ, այդ թվում պետական սեկտորի և մասնավոր ընկերությունների մասնակցությունը, ապա մրցութային փաստաթղթերից ու պաշտոնական անձանց արտահայտություններից պարզ դարձավ, որ նախագիծը թուրքական կառավարության մտադրությամբ պետք է ամբողջությամբ իրագործվի մասնավոր սեկտորի կողմից:
Նախագծի բյուջեն պետության կողմից գնահատվում է 8 մլրդ ամերիկյան դոլար: Տենդերային փաստաթղթում նշված է, որ մրցույթի հաղթողը կորոշվի 1 կվտ էլեկտրաէներգիայի համար առաջարկված լավագույն գնի հիման վրա: Եթե մի քանի ընկերություն առաջարկեն միևնույն գինը, ապա նախապատվությունը կտրվի այն ընկերությանը, ով կառաջարկի տարեկան արտադրման ամենամեծ ծավալը:
2008թ. մարտի 31-ի դրությամբ տենդերային մասնագրեր էին ձեռք բերել 3 ընկերություն` Ciner Group (Park Enerji, Թուրքիա), ERG Inşaat ve Sanayi4 (Թուրքիա) և AECL5 (Կանադա): Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև ֆրանս-բելգիական Suez–Tractebel6 խումբը, ճապոնական Itochu7 հոլդինգը, ֆրանսիական Vinci Group-ը8: Բացի վերոնշյալ ընկերություններից, նախագծի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Unit group (Բելգիա) և Mistui (Ճապոնիա), Haci Omer Sabancı group, Entek Elektrik (Koc Group), Ialık group, Dogus group, Alarko holding, Akenerji group, Enka Holding9, Gama Holding և Karadeniz Holding թուրքական խոշոր հոլդինգները: Բացառված չէ, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեն ամերիկյան ընկերությունները (Westinghouse, GE):
Բնականաբար, այս ցուցակը վերջնական չէ. այն կարող է համալրվել նորանոր հետաքրքրասերներով: Այս փուլում հազիվ թե գտնվի մեկը, ով կկարողանա կանխորոշել մրցույթի ելքը. մի կողմից` սեփական արտադրողներին տարբեր երկրների աջակցությունը (ԱՄՆ-ի ավանդական ուժեղ ազդեցությունը, որոշակիորեն իրենց դինամիկան կորցրած ռուս-թուրքական հարաբերությունները, ոչ միանշանակ հարաբերությունները Ֆրանսիայի հետ)10, մյուս կողմից` մասնակիցներից յուրաքանչյուրի թե՛ տեխնիկական (նախկինում Թուրքիայում անցկացված մրցույթներին մասնակցելու փորձ), թե՛ ֆինանսական հնարավորությունները ստեղծում են բարդ և հակասող գործոններ: Բացի այդ, նման մասշտաբի շատ նախագծերում որոշում ընդունելու ձգձգման կամ մրցույթի չեղյալ հայտարարման (ինչպես դա մի քանի անգամ արդեն եղել է ԱԷԿ-ի հետ կապված թուրքական մրցույթներում) ռիսկի գործոն գոյություն ունի: Դրան կարող է նպաստել այն հանգամանքը, որ 2008թ. մարտին Թուրքիայի Սահմանադրական դատարանը ԱԶԿ-ի գործունեությունը դադարեցնելու գործ է հարուցել, ինչն առաջացնումէ հնարավոր ներդրողների անհանգստությունը:
Հաղթող ընկերությունն ԱԷԿ-ի կառուցումը պետք է սկսի այս տարի: Բացի այդ, թուրքական կառավարությունը 3 մլրդ թուրքական լիրա (մոտ 2.5 մլրդ դոլար) է հատկացրել Սինոպում միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման համար, որը պետք է զբաղվի արդյունաբերության տարբեր սեկտորներում միջուկային տեխնոլոգիաների ներդրմամբ:
Հաղթող երկիրը կստանա ոչ միայն ֆինանսատնտեսական օգուտներ, այլև նախագիծը կդառնա տվյալ երկրի ու Թուրքիայի հետագա հարաբերությունների առանցքը: ԱԷԿ-ը եվրոպացիների համար շատ եկամտաբեր ձեռնարկ է համարվում: Ուստի, դժվար է ակնկալել, որ նրանք հեշտությամբ դրա կառուցման իրավունքը կզիջեն ուրիշներին, մանավանդ Ռուսաստանին: Այդ օբյեկտը շատ հեռանկարային է, ինչի պատճառով էլ, հազիվ թե, բաժին ընկնի մեկ երկրի: Ամենայն հավանականությամբ, հաղթողի գործընկերը կդառնա ԱՄՆ-ը: Ներկայումս Անկարան ցանկանում է ջերմացնել հարաբերություններն Իրանի ու Սիրիայի հետ, ինչը, բնականաբար, դուր չի գալիս ԱՄՆ-ին:
ԱՄՆ Էներգետիկ նախարարության տվյալներով` 2008թ. սկզբին Թուրքիայի նավթի պաշարները11 կազմում են 300 մլն բարել, օրական արդյունահանվում է 43.000 բարել: Միաժամանակ, նավթի օրական պահանջարկը գերազանցում է այդ թվաքանակը` կազմելով մոտ 620.000 բարել: Նույն աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի գազային պաշարները գնահատվում են 8.5 մլրդ մ3: Թուրքիայում գազի տարեկան պահանջարկը կազմում է 27 մլրդ մ3, մինչդեռ երկրում գազի տարեկան արդյունահանումը կազմում է ընդամենը 0.9 մլրդ մ3: Թուրքիայի ածխի պաշարները կազմում են 4.2 մլրդ տոննա: Արժեքավոր տեսակները (անտրացիտ) շատ քիչ են` մոտ 280 մլն տոննա: Ամերիկյան տվյալներով` ածխի արդյունահանումը գնահատվում է 60 մլն տոննա, իսկ պահանջարկը` 80 մլն տոննա: Երկրում հիդրոէներգետիկան վատ չի զարգացած: ՀԷԿ-երի հզորությունը կազմում է 12.6 մլն կվտ: Երկրում կա 100-ից ավելի ՀԷԿ: Չնայած դրան` նախատեսված է երկրում կառուցել ևս 22 ամբարտակ ու 19 ՀԷԿ` հիմնականում Անատոլիայի հարավ-արևելքում: Թուրքական կառավարությունը ներկայումս լրջորեն մտածում է նաև արևային էներգիայի օգտագործման մասին:
Ձմռանը Թուրքիայում էներգետիկայի դեֆիցիտ զգացվեց Իրանից ու Ադրբեջանից գազի մատակարարումների կրճատման պատճառով: Այժմ Թուրքիայում էներգիայի պահանջարկի 50 տոկոսը բավարարում են գազով աշխատող ՋԷԿ-երը, 25 տոկոսը` ածխով աշխատող ՋԷԿ-երը և 25 տոկոսը` ՀԷԿ-երը: Երկրի էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 28.3 մվտ, որի 16.6 մվտ-ը արտադրվում է ՋԷԿ-երում, իսկ 11.7 մվտ-ը` ՀԷԿ-երում:
Ձմռան ցրտերի պատճառով Թուրքմենստանը նվազեցրել էր Իրանին հատկացվող գազի առաքումները, ինչի պատճառով էլ վերջինս իր հերթին նվազեցրել էր Թուրքիային հատկացվող գազի առաքումները: Թուրքիան ու Հունաստանը փրկելու նպատակով «Գազպրոմը» ստիպված է եղել մեծացնել առաքումները: Փաստորեն, ձմռանը Թուրքիային անխափան գազ մատակարարել է միայն Ռուսաստանը: Իրանական գազի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով թուրքական շատ ձեռնարկություններ ստիպված են եղել կրճատել կամ էլ ընդհանրապես դադարեցնել արտադրությունը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Թուրքիան կորցրեց վստահությունը թուրքմենական գազային առաքումների նկատմամբ, իսկ ԵՄ-ը` հանձինս Հունաստանի, Թուրքիայի տարանցիկ պարտականությունների վերաբերյալ:
Թուրքիայի Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Գյուլերի խոսքերով` ապագայում ԱԷԿ-ներին պետք է բաժին ընկնի երկրի էլեկտրաէներգիայի արտադրման նվազագույնը 20 տոկոսը: Դա երկրին հնարավորություն կտա ավելի քիչ կախված լինել ներկրվող գազից:
Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման մասին նախագիծն առաջին անգամ թուրքական խորհրդարանն ընդունեց 2007թ. մայիսի 8-ին, սակայն մայիսի 24-ին դրա վրա վետո դրեց այդ ժամանակվա նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը: Հուլիսին կայացած խորհրդարանական ընտրություններում12 հաղթանակ տանելուց հետո իշխող ԱԶԿ-ն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ սույն օրենսդրական ակտը երկրորդ անգամ ուղարկեց խորհրդարան: Այս անգամ այն ընդունվեց ձայների մեծամասնությամբ` չնայած ընդդիմության ու բնապահպանական կազմակերպությունների` Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման պլաններից հրաժարվելու պահանջներին:
Ընդունված օրինագիծը ենթադրում է, որ ԱԷԿ-ի կառուցումը պետք է իրականացվի տենդերների հիման վրա: Կառուցմանը կարող են մասնակցել խառնակազմ ընկերություններ, որոնք ներկայացնում են պետական ու մասնավոր սեկտորները:
ԱԷԿ-ի կառուցման գծով ընկերության ընտրության հարցում վերջնական խոսքը պատկանում է Թուրքիայի կառավարությանը:
Ըստ օրինագծի` Թուրքիայում ատոմային էլեկտրակայաններ կառուցող ընկերությունները 1960թ. Փարիզյան համաձայնագրի և այլ միջազգային իրավական ակտերի հիման վրա պետք է պատասխանատվություն կրեն ռադիոակտիվ նյութերի ու մնացուկների փոխադրման, ինչպես նաև ԱԷԿ-ներում հնարավոր վթարների համար, եթե դրանք պատահեն նրանց մեղավորությամբ:
Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ թուրքական ատոմային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, նրա հիմքում պետք է ընկած լինեն պարզությունը, թափանցիկությունը և ԱԷՄԳ-ի հետ փոխգործակցությունը: Թուրքիան Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ է, դրա համար էլ նրա միջուկային գործունեությունը պետք է վերահսկվի ԱԷՄԳ-ի կողմից:
Սեփական ատոմային էներգետիկան զգալիորեն կամրապնդի Թուրքիայի հարաբերություններն Իսրայելի ու եվրոպական երկրների հետ: Միևնույն ժամանակ, հավանական է, որ Անկարայի խաղաղ նախաձեռնությունները վերածվեն Պակիստանում առաջին ԱԷԿ-ի կառուցման պատմության, որն ավարտվեց միջուկային ռումբի փորձարկմամբ:
Թուրքական ԱԷԿ-ի կառուցումը մի շարք լրացուցիչ հնարավորություններ կընձեռի Եվրոպային: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը: Հենց արևմտյան ներդրումները վճռորոշ դեր կխաղան ատոմակայանի կառուցման ժամանակ:
Միջուկային մնացուկները Թուրքիան պատրաստվում է օգտագործել արտասահմանում: Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է գնել միջուկային մնացուկները: Բոլոր երկրները չէ, որ վճարում են կուտակված մնացուկներից ազատվելու համար: Այս իրավիճակը կրկնվել է Իրանի պարագայում: Իրանի իշխանություները վստահ էին, որ Ռուսաստանը պետք է վճարի այնպիսի «արժեքավոր հումքի» համար, ինչպիսին միջուկային մնացուկներն են: Սակայն հետագայում պարզվեց, որ դրանց համար պետք է վճարի ոչ թե Ռուսաստանը, այլ Իրանը: Դրա համար էլ կարելի է կարծել, որ միջուկային մնացուկներից ձերբազատվելու համար Թուրքիան ստիպված կլինի վճարել և ոչ թե եկամուտներ ստանալ: Թուրքիան չունի միջուկային մնացուկների պահեստարաններ, իսկ դրանց կառուցումը չափազանց թանկ հաճույք է:
Պետք է նշել, որ վերջին ժամանակներս, կապված ածխաջրածնային վառելիքի գների աճի հետ, շատ երկրներ ավելի ակտիվորեն դիմեցին ատոմային էներգիայի զարգացմանը: Միջազգային էներգետիկ գործակալության հաշվարկներով` մինչև 2030թ. աշխարհի երկրներն ատոմային էներգիայի զարգացման համար կծախսեն 200 մլրդ դոլար, իսկ ԱԷՄԳ-ն վստահ է, որ 2020թ. ատոմին բաժին կընկնի աշխարհում արտադրվող էներգիայի 17 տոկոսը: ԱԷՄԳ-ի կանխորոշմամբ` մինչև 2020թ. ի հայտ կգա ևս 60 միջուկային էլեկտրակայան, իսկ ատոմակայաններում արտադրվող էներգիան կավելանա 65 տոկոսով:
Վերջին տարիներին ատոմային էներգիայի բուռն զարգացումը կապված է հետևյալ հանգամանքների հետ.
- մարդկության պահանջը էներգիայի նկատմամբ տարեկան աճում է 2 տոկոսով, իսկ Ամերիկյան նավթի ինստիտուտի տվյալներով` աշխարհում հասանելի նավթային աղբյուրների 95 տոկոսը կսպառվի մոտակա 54, իսկ մնացած 5 տոկոսը` 86 տարիների ընթացքում: Փաստորեն, մարդկությանը տրված է նվազագույնը 30-50 տարի, որպեսզի նավթին փոխարինող գտնի:
- Մեծ նշանակություն ունի ածխաջրածնային վառելիքի գների զգալի աճը, միևնույն ժամանակ ԱԷԿ-ի հումքի ինքնարժեքը մեծ չէ, պաշարներն էլ զգալի են: Բացի այդ, ԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ավելի ցածր է, քան այլ տիպի էլեկտրակայաններում արտադրվողինը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներով` ատոմային վառելիքից 1 մվտ էլեկտրաէներգիայի արտադրությունը միջինը նստում է 21-31, ածխից` 25-50 և գազից` 37-60 դոլար:
Անհրաժեշտ է հաշվի առնել գլոբալ տաքացման գործընթացը: Այս առումով ԱԷԿ-ը կարող է համարվել «էկոլոգիապես մաքուր»` հատկապես ածխով աշխատող էլեկտրակայանների համեմատ: 2003թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ածխաթթվի արտանետվածքի, որը համարվում է գլոբալ տաքացման հիմնական աղբյուրներից մեկը, 90 տոկոսի համար պատասխանատվություն են կրում ածխային էլեկտրակայանները: ԱԷԿ-ի աշխատանքի ժամանակ մթնոլորտն աղտոտող նյութեր չեն արտանետվում, որոնք բացասաբար չեն ազդում մարդկային առողջության վրա, մառախուղի պատճառ չեն դառնում, որը կործանարար ազդեցություն ունի օզոնային շերտի վրա և նպաստում է գլոբալ տաքացմանը:
ԱԷԿ-ի նորմալ աշխատանքի ընթացքում առաջացած միջուկային մնացուկների ծավալը բավական աննշան է: «Public Broadcasting Service» ընկերության տվյալներով` 4 անձից բաղկացած ընտանիքը, որը 20 տարվա ընթացքում օգտագործում է ԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան, պատճառ է դառնում այնպիսի քանակությամբ ռադիոակտիվ մնացուկների առաջացմանը, որոնք կտեղավորվեն սովորական գազային կրակայրիչի կաղապարում:
Ջերմամիջուկային էներգիան ֆիզիկոսների երազանքն է, քանի որ առավել անվտանգ է ատոմայինից: Այն չի պարունակում պայթյունի կամ ռադիոակտիվ արտահոսքի վտանգ, քանի որ իրագործվում է ոչ թե քայքայման, այլ շղթայական ռեակցիա չառաջացնող տարրերի սինթեզի հիման վրա:
Ջերմամիջուկային ռեակտորի վառելիքի պաշարներն (ջրածնի իզոտոպները) անսպառ են: Միևնույն ժամանակ, ջերմամիջուկային վառելիքի միավորի չափվ 10 միլիոն անգամ ավելի էներգիա է արտադրվում, քան օրգանական վառելիքի այրման պարագայում և 100 անգամ ավելի շատ էներգիա, քան ԱԷԿ-ի ռեակտորներում ուրանի միջուկի ճեղքման ժամանակ:
Ներկայումս «ամենամիջուկային» երկիրը Լիտվան է, որի էներգիայի 80 տոկոսն ապահովվում է ատոմի ճեղքման շնորհիվ: Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, որի էներգիայի 78 տոկոսն արտադրվում է ԱԷԿ-ներում, համարվում է ատոմային էներգիայի խոշորագույն արտահանողը:
ԱՄՆ-ը լիովին աջակցում է թուրքական ազգային միջուկային էներգիայի զարգացման նախագծին, ինչից էլ ենթադրվում է, որ Թեհրանը կարող է ուրան գնել Անկարայից: ԱՄՆ-ը հետագայում ցանկանում է Թուրքիան դարձնել միջուկային էներգետիկ կենտրոն, որպեսզի այդ կերպ խափանի Ռուսաստանի այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են ԱԷՄԳ-ի շրջանակներում Անգարսկ քաղաքում ուրանի հարստացման կենտրոնի ստեղծմանը: Պաշտոնական Վաշինգտոնը դեռևս չի հայտարարել Թուրքիայում ուրանի հարստացման կենտրոնի ստեղծման պլանի մասին, մինչդեռ թուրքական մամուլում այդ մասին խոսվում է որպես տեղի ունեցած փաստի: Այդպիսով, ԱՄՆ-ը, վերահսկելով թուրքական միջուկային լծակը, փորձում է դա օգտագործել որպես ոչ միայն Իրանի վրա ճնշում գործադրելու գործիք, որն ինքն է ցանկանում ուրան հարստացնել, այլև` Մերձավոր ու Միջին Արևելքում սեփական քաղաքական, տնտեսական ու ռազմական պլաններ իրագործելու համար:
Մյուս կողմից էլ` Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացի ձգձգումը կարող է նրան դուրս մղել եվրաատլանտյան ազդեցության գոտու շրջանակներից: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկեց հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղադրել, ինչն Անկարայում ոչ միանշանակ ռեակցիա առաջացրեց: Մի կողմից` իրավիճակի նման զարգացումը կնպաստի Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության երկարատև վեկտորի առաջացմանը, մյուս կողմից էլ` ՀՀՊ այդ համակարգն ուղղված է Ռուսաստանի ու Իրանի դեմ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Թուրքիան հրաժարվել է «Երկնագույն հոսք 2» գազամուղի կառուցման ռուսական առաջարկից: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան նախապատվությունը տալիս է Nabucco գազատարին, որը Թուրքիայի տարածքով Եվրոպա պետք է փոխադրվի ադրբեջանական ու միջինասիական, հնարավոր է` նաև իրանական գազը:
Այսպիսով, կեսդարյա փորձերից հետո վերջապես Թուրքիային կհաջողվի կյանքի կոչել իր միջուկային ծրագրերը և երկրում ատոմակայաններ կառուցել: Առայժմ այդ ծրագրերը խաղաղ բնույթ են կրում, և Անկարան չի գնում Իսլամաբադի հետքերով: Այնուամենայնիվ, բացառված չէ, որ դա տեղի ունենա հետագայում` մասնավորապես հաշվի առնելով միջուկային ռումբ ունենալու ու միջուկային երկրների թվին դասվելու գայթակղությունը: Դրանով Թուրքիան տարածաշրջանում միջուկային ռումբի մենաշնորհից կզրկի Իսրայելին:
1Դրանից 2 տարի առաջ (2010թ.) Պակիստանում բացվելու է արդեն 2-րդ ԱԷԿ-ը: Իսլամաբադն էներգիայի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքը սկսել է դեռևս 30 տարի առաջ: Այդ ժամանակ արևմտյան երկրները դադարեցրին համագործակցությունը Պակիստանի հետ` վախենալով, որ Իսլամաբադի նախաձեռնությունը նրան ատոմային ռումբ ստեղծելու հնարավորություն կընձեռի: Արդյունքում` ԱԷԿ-ի կառուցման հարցում Պակիստանին օգնեց Չինաստանը: Ինչպես պարզվեց, զուր չէր, որ Եվրոպան անհանգստանում էր այդ առթիվ: Պակիստանն ատոմային մշակումներով զբաղվում էր ոչ միայն խաղաղ նպատակների համար. 1998թ. Պակիստանը փորձարկեց իր միջուկային ռումբը:
22006թ. պաշտոնական Օտտավայի կողմից 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Կանադային արգելեց մասնակցել ԱԷԿ-ի կառուցման մրցույթին: Ապրիլի 24-ի նախօրեին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հանդես էր եկել մի հայտարարությամբ, որում ճանաչել էր Հայոց ցեղասպանության պատմական փաստը:
32006թ. ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցում ասվում էր, որ Չեռնոբիլյան աղետի հետևանքները չափազանցված են և որ աղետի արդյունքում մահացածների թվաքանակը չէր կարող գերազանցել 4000-ի սահմանագիծը: Սակայն շատ բնապահպաններ ու կազմակերպություններ չեն ընդունում դա:
4Թուրքական այս ընկերությունը հայտարարել է տենդերին մասնակցելու ցանկության մասին, 2007թ. մայիսին գործընկերության մասին պայմանագիր է կնքել ռուսական Ատոմստրոյէքսպորտի հետ: Ներկայումս թուրքական ընկերությունը միջազգային կոնսորցիումի կազմում, որի մեջ մտնում է նաև ռուսական Տեխնոստրոյէքսպորտ ընկերությունը, Վրաստանի սահմանի մոտ գտնվող Արդվին նահանգի Ճորոխ գետի վրա կառուցում է 247 մ բարձրությամբ ամբարտակ ու 670 մվտ հզորություն ունեցող «Դերիներ» ՀԷԿ-ը:
5Կանադական AECL ընկերությունը արդեն 30 տարուց ավելի է, ինչ պայքարում է նախագծի համար և մասնակցել է Թուրքիայում հայտարարված բոլոր մրցույթներին:
6Ֆրանս-բելգիական այս խումբը հայտարարում է, որ պատրաստ է հանդես գալ ներդրողի դերում և նշում է տվյալ ոլորտում իր ունեցած փորձը. 5800 մվտ ընդհանուր հզորությամբ ԱԷԿ-ների կառուցումը Բելգիայում և 1200 մվտ հզորությամբ Աէկ-ի կառուցումը Ֆրանսիայում: Հնարավոր է, որ այս խմբին միանա բելգիական Unit Corp-ը:
7Ճապոնական այս ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում ճապոնական Hitachi, Toshiba և Mitsubishi ընկերությունների, ինչպես նաև Թուրքիայում պոտենցիալ գործընկերների հետ:
8Այս խումբը Ֆրանսիայում ԱԷԿ-ների կառուցման մեծ փորձ ունի:
9Թուրքական Enka հոլդինգը 2008թ. սկզբին կորեական KEPCO ընկերության հետ Թուրքիայում ատոմային էներգետիկայի օգտագործման ոլորտում համատեղ աշխատանքի մասին համաձայնագիր ստորագրեց:
10Թուրքիային զգալիորեն անհանգստացնում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ակտիվ ջանքերը, որոնք ուղղված են Միջերկրածովյան միության ստեղծմանը, որտեղ Թուրքիային երկրորդական դեր է հատկացված:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]