ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՍԻՐԻԱՅԻ
Այս տարվա փետրվարի 24-ին Թունիսում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» խմբի 1-ին հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարեց. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիան վերածվի բաց երկնքի տակ բանտի: Չեմ բացառում նաեւ Թուրքիայից դեպի Սիրիա մարդասիրական միջանցքների բացումը»:
Ի պատասխան` Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարեց. «Ես չեմ հասկանում, թե ինչու է Թուրքիան նման հետաքրքրություն ցուցաբերում Սիրիայի ներքին գործերին միջամտելու հարցում: Դավութօղլուն պետք է դադարեցնի իր ժողովրդավարական դասերը: Թուրքիան ապաստան է տալիս զինված խմբավորումներին, թույլ է տալիս հատել թուրք-սիրիական սահմանը: Այդպիսի հարեւանային հարաբերություններն անընդունելի են»: Օրեր անց մարդասիրական միջանցքների բացման անհրաժեշտության մասին բարձրաձայնեց նաեւ Էրդողանը` ՄԱԿ-ին մեղադրելով Սիրիայի հարցում անգործության մեջ:
Մարտի սկզբներին Թուրքիան կասեցրեց սիրիական նավթի ներկրումը: Թուրքիան տարեկան Սիրիայից ներկրում էր միջինը 300.000 տոննա հում նավթ, ինչի համար էլ այդ երկրին վճարում էր մոտ 200 միլիոն դոլար: Բացի այդ, Թուրքիան չեղյալ հայտարարեց դեպի Սիրիա ավտոբուսային բոլոր երթերը` իր այդ քայլը պատճառաբանելով Սիրիայի ճանապարհներին անվտանգության բացակայությամբ: Մարտի 22-ին Թուրքիան փակեց Դամասկոսում իր դեսպանատունը` Սիրիայում իր դիվանագիտական շահերը պաշտպանելու առաջադրանքը դնելով Հալեպում գտնվող հյուպատոսության վրա:
Դրանից հետո Թուրքիայի մաքսային եւ առեւտրային հարցերով նախարար Հայաթի Յազըջըն հայտարարեց, որ Դամասկոսում իր երկրի դեսպանատան փակումը չի նշանակում, թե փակվելու են նաեւ թուրք-սիրիական սահմանին ընկած մաքսային անցակետերը` ընդգծելով, որ սիրիական զարգացումների պատճառով զգալիորեն նվազել է այդ անցակետերով ելումուտը: Ապրիլի 1-ին «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրեց դեպի Սիրիա թռիչքները, իսկ ապրիլի 4-ին Թուրքիայի ԱԳՆ-ն անվտանգության նկատառումներով իր քաղաքացիներին կոչ արեց չայցելել Սիրիա:
Մարտի 28-ին Բաշար Ասադն ընդունեց Սիրիայի հարցով ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի խաղաղության պլանը: Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարեց, որ չի հավատում դրան, քանի որ Ասադը նախկինում բազում խոստումներ է տվել իրեն, Դավութօղլուին ու Գյուլին, սակայն չի կատարել դրանք: Դավութօղլուն, իր հերթին, հայտարարեց, որ յուրաքանչյուր ճգնաժամային կոնֆերանսից առաջ Ասադը նմանատիպ խոստումներ է տալիս` նկատի ունենալով Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամներ» խմբի 2-րդ հանդիպումը եւ ընդգծելով, որ Անանի պլանն Ասադի ռեժիմի վերջին հնարավորությունն է:
Ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի ունեցավ «Սիրիայի բարեկամներ» խմբի 2-րդ հանդիպումը1, ինչը խիստ բացասաբար ընդունվեց հատկապես Իրանի կողմից: Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, քննադատելով ստամբուլյան հանդիպումը, զարմանք հայտնեց, որ տարածաշրջանի մի շարք երկրներ (առաջին հերթին նկատի են առնվում Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Կատարը) հանկարծ սկսել են իրենց ուշադրությունը բեւեռել Սիրիայի ժողովրդավարական խնդիրների վրա:
Իրանցի մի շարք չինովնիկներ հայտարարեցին, որ Անկարան շարունակում է ԱՄՆ եւ Իսրայելի քաղաքականությունը. «Դժբախտաբար, թուրք քաղաքական գործիչները վերածվել են արեւմտյան երկրների ձեռքի գործիքի: Էրդողանը կորցրել է իր քաղաքական դիրքորոշումը, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները: Թուրքիան պետք է ամոթ ապրի, որ իր մոտ է հավաքել Սիրիայի թշնամիներին, որոնք հանդես են գալիս «Սիրիայի բարեկամներ» խմբի անվան տակ: Այդ հանդիպման ժամանակ Էրդողանի ունեցած հակասիրիական ելույթն ու Բահրեյնի իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան իսլամական երկիր չէ»:
Հարկ է նշել, որ մարտի վերջին Իրան այցելած Էրդողանն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել էր նաեւ Սիրիայի հարցը, ինչից հետո հայտարարել էր, որ իրենք համաձայնության չեն եկել տվյալ հարցում` ընդգծելով, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ու Իրանի մոտեցումներն արմատականորեն տարբերվում են միմյանցից: Իրանական կողմը նրան հայտնել էր, որ թեեւ կողմ է Սիրիայում բարեփոխումների անցկացմանը, սակայն կտրականապես դեմ է Սիրիայի ներքին գործերին միջամտելուն:
Ստամբուլյան հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ իրենք Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչում են որպես օրինական կառույց, եւ որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է անհապաղ որոշում ընդունի Սիրիայի վերաբերյալ: Ապրիլի 5-ին Էրդողանի` արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հերքեց վերջին շրջանում թուրքական մամուլում հաճախակիացած այն լուրերը, թե Թուրքիան պատրաստվում է բուֆերային գոտի2 ստեղծել Սիրիայի սահմանին, եթե Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը գերազանցի 50.000-ը: Դրանից առաջ PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել էր, որ եթե թուրքական բանակը հարձակվի «Արեւմտյան Քրդստանի» (Սիրիայի քրդերի) վրա, ապա ողջ «Քրդստանը» կվերածվի պատերազմական դաշտի:
Ապրիլի 9-ի վաղ առավոտյան սիրիական բանակը գնդակոծեց թուրքական Քիլիս քաղաքի մոտ թուրք-սիրիական սահմանը հատած եւ թուրքական տարածքում գտնվող սիրիացի փախստականներին, ինչի հետեւանքով զոհվեց 2 եւ վիրավորվեց 4 մարդ: Այս միջադեպից հետո չինական այցի ժամանակ Էրդողանին ուղեկցող Դավութօղլուն ստիպված եղավ կիսատ թողնել այդ այցն ու վերադառնալ Թուրքիա: Իսկ Էրդողանը Պեկինում հայտարարեց, որ սիրիական բանակը կոպտորեն խախտել է Թուրքիայի սահմանը. «Եթե մեր սահմանին կրկնվեն սիրիական սադրանքները, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկել պատասխան միջոցներ` միջազգային իրավունքի սահմաններում: Ես Սիրիայի ղեկավարությանը զգուշացնում եմ, որ նմանատիպ եւս մեկ գործողությանը կտրվի շատ կոշտ պատասխան: Եթե Սիրիայի ղեկավարությունը ստուգում է մեր նյարդերը, ապա թող չանհանգստանա, դրանք բավական ամուր են: Թուրքիան այն երկիը չէ, որի հետ կարելի է խաղալ նման խաղեր: Ներկայիս դրությամբ Թուրքիայում է գտնվում 25.000 սիրիացի փախստական: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որքան կարող է այդ ցուցանիշն աճել` մինչեւ 100.000 կամ 200.000: Մենք ցանկանում ենք ստանալ այս հարցի պատասխանը: Թուրքիան չի փակի իր սահմանը` տեսնելով, թե ինչպես են իրենց տներից փախչում այդ մարդիկ: Սակայն դա չի կարող հավերժ տեւել»: Չնայած Էրդողանի այս զգուշացմանը` սիրիական բանակի կողմից թուրքական տարածքի գնդակոծումը կրկնվեց նաեւ ապրիլի 10-ի երեկոյան:
Ավելի ուշ Վալիդ Մուալեմը հայտարարեց, որ Թուրքիայի սահմանի գնդակոծումն այդ երկրի կառավարության կազմակերպած սադրանքն է. «Թուրքիան աջակցում է սիրիական ապօրինի խմբավորումներին: Թուրքիան նրանց զենք է մատակարարում, նրանց նախապատրաստման համար բազա է ստեղծում եւ թույլ է տալիս, որ իր տարածքից զինյալներն ապօրինաբար ներթափանցեն Սիրիա: Ահաբեկիչները սահմանամերձ գոտում ահաբեկում են Սիրիայի քաղաքացիներին` դրդելով փախուստի: Առաջացնելով փախստականների ճգնաժամ` Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է այժմեականացնել բուֆերային գոտու եւ հումանիտար միջանցքի ձեւավորման հարցը: Թուրքիան պետք է դատապարտվի Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար: Թուրքիայի այս բոլոր գործողությունները հակասում են Անանի` համընդհանուր հրադադարի հասնելու պլանին»:
Անշուշտ, չի բացառվում, որ թուրքական սահմանի գնդակոծման միջադեպերը կազմակերպած լինի հենց Թուրքիան` արտաքին ռազմական միջամտության օրինական հիմք ստեղծելու համար: Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիան բազմիցս զինված գրոհայինների խմբեր է գործուղել Սիրիա, որոնք էլ, ի դեպ, կարող էին գնդակոծել Թուրքիայի սահմանը, եւ որոնք իրենց գործողություններով նպաստում են սահմանամերձ շրջաններից դեպի այդ երկիր փախստականների ներհոսքը մեծացնելուն: Այն թուրքական իշխանություններին հնարավորություն է տալիս ավելի շատ ու խոսուն մեղադրանքներ հնչեցնել Սիրիայի ղեկավարության հասցեին` հայտարարություններ անելով սիրիացիների իրավունքների պաշտպանության, մարդասիրական միջանցքների, սանիտարական ու բուֆերային գոտիների ստեղծման անհրաժեշտության մասին:
Միաժամանակ, Չինաստանից վերադարձած Էրդողանը չբացառեց, որ Անկարան կարող է դիմել ՆԱՏՕ օգնությանը` նկատի ունենալով ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածը, որում նշված է, որ ՆԱՏՕ անդամ երկրներից մեկի դեմ ագրեսիան համարվում է ագրեսիա ողջ ՆԱՏՕ-ի դեմ: Դավութօղլուն իր հերթին հայտարարեց, որ սահմանի խախտման մասին իրենք իրազեկել են թե՛ ՄԱԿ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին: Սակայն Կանադայի արտգործնախարար Ջոն Բեյրդը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն Անկարային կգա օգնության միայն այն դեպքում, եթե սիրիացի զինվորները հատեն Թուրքիայի սահմանը: Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսում հայտարարեց, որ իր կարծիքով` տվյալ փուլում դժվար կլինի 5-րդ հոդվածի իրագործումը, եւ որ դրա համար անհրաժեշտ է, որ Սիրիան ուղղակի սպառնալիք ներկայացնի Թուրքիային` ընդգծելով, որ 5-րդ հոդվածն օգտագործվել է միայն մեկ դեպքում, երբ ԱՄՆ-ը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ենթարկվել էր հարձակման:
Ապրիլի 19-ին Փարիզում «Սիրիայի բարեկամներ» խմբի 3-րդ հանդիպման ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստվում է օգտվել ՆԱՏՕ կանոնադրության 4-րդ հոդվածից, ըստ որի` ՆԱՏՕ-ում խորհրդակցություն է անցկացվում, եթե սպառնալիքի տակ է հայտնվում ՆԱՏՕ անդամ որեւէ երկրի քաղաքական եւ տարածքային ամբողջականությունը կամ անվտանգությունը: Իսկ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ Թուրքիան` որպես ՆԱՏՕ անդամ, իրավունք ունի դիմել դաշինքին խորհրդակցության համար, եթե իր անվտանգությանն ուղղված սպառնալիք է տեսնում:
Այսպիսով, մենք ականատես ենք լինում, որ Թուրքիան ամեն գնով ձգտում է իշխանափոխություն իրականացնել Սիրիայում` իշխանությունից հեռացնելու համար Իրանի տարածաշրջանային դաշնակից Բաշար Ասադին: Այս մասին է վկայում նաեւ ապրիլի 12-ին Գյուլի գլխավոր խորհրդական Էրշաթ Հյուրմուզլուի այն հայտարարությունը, որ եթե անգամ Սիրիայում բռնություններն իսկապես դադարեցվեն, այնուամենայնիվ, սիրիացիները շարունակելու են պահանջել իշխող ռեժիմի հեռացումը, եւ հայտնի չէ, թե այդպիսի իրավիճակում ինչպես իրեն կդրսեւորի Սիրիայի ղեկավարությունը:
1 Հանդիպմանը մասնակցելու համար Սիրիայի «Քրդական ազգային խորհուրդը» դիմել էր թուրքական իշխանություններին, սակայն մերժում էր ստացել: Մարտի 8-ին թուրքական մամուլը գրել էր, թե Սիրիայի քրդերը հայտարարել են երկրի տարածքում Աֆրին կենտրոնով «Արեւմտյան Քրդստանի» հռչակման մասին:
2 WikiLeaks-ի կողմից հրապարակվող Stratfor-ի նամակագրության մեջ (15.11.2011) նշված է, որ Թուրքիայի ու Սիրիայի միջեւ երկկողմանի թշնամությունը համագործակցության վերածելու մասին 1998 թվականի հոկտեմբերի 20-ին Ադանայում կնքված համաձայնագրով Թուրքիան իրավունք ունի PKK զինյալներին հետապնդելիս մուտք գործել Սիրիա եւ 15 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտի ձեւավորել:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]