• am
  • ru
  • en
Версия для печати
06.04.2012

ԹՈՒՐՔԻԱ–ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԻՊՐՈՍԻ ԽՆԴԻՐԸ

   

Հայկ Գաբրիելյան

Դեռեւս 2011 թվականի հուլիսի 19-ին` թուրքական զորքերի կողմից Կիպրոսի հյուսիսային հատված ներխուժելու 37-ամյակի նախօրեին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կսառեցնի ԵՄ-ի հետ հարաբերությունները, եթե կիպրական հարցը լուծում չստանա մինչեւ 2012 թվականի հուլիսի 1-ին Կիպրոսի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը. «Թող ոչ ոք մեզանից չակնկալի, որ ԵՄ նախագահության ստանձնման դեպքում մենք (Հարավային) Կիպրոսի հետ կնստենք սեղանի շուրջ: Մենք չենք ճանաչում Կիպրոս անունով պետություն, փոխարենը ճանաչում ենք Հարավային Կիպրոսի վարչակազմ ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ): Մենք ԵՄ-ն չենք դիտարկում որպես Կիպրոսի հարցում զրուցակից, քանի որ նա փորձում է այդ խնդիրը թեքել իր կողմը: Մենք գտնում ենք, որ կիպրական հարցն ամբողջովին պետք է լուծվի ՄԱԿ հարթակում»:

2011 թվականի հոկտեմբերի 12-ին հրապարակվեց Թուրքիայի գծով ԵՄ ընդլայնման վերաբերյալ 14-րդ զեկույցը (1998 թվականից): Դրանում նշված էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ անցկացված ավելի քան 1 տարվա բանակցություններում չի գրանցվել որեւէ առաջընթաց (Կիպրոսի, ինչպես նաեւ Հայաստանի, Իսրայելի ու քրդերի հետ հարաբերությունների կարգավորում): Թուրքիայի` Եվրամիության հարցերով պետնախարար եւ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, մեկնաբանելով այդ զեկույցը, այն անվանեց անընդունելի` ընդգծելով, որ Իսրայելն ու ԵՄ մի շարք շրջանակներ Կիպրոսի հարցը գործածում են որպես «տրոյական ձի», իսկ պաշտոնական Բրյուսելը միտումնավոր դիպչում է «իր սիրելի կիպրական կոշտուկին»` Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու համար:

Հոկտեմբերի 15-ին Էրդողանը կրկնեց ԵՄ-ին ուղղված իր սպառնալիքը, իսկ նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Մեծ Բրիտանիայում խիստ քննադատության ենթարկեց Կիպրոսին. «Շուտով այդ կիսապետությունը, այդ ոչ լիարժեք պետությունը ստանձնելու է ԵՄ նախագահությունը։ Այն կլինի կիսանախագահ, որը կգլխավորի «խղճուկ միություն»։ Դա հենց այն է, ինչ ես ասել եմ ԵՄ առաջնորդներին»։ Փաստորեն, Գյուլը ԵՄ-ն անվանեց «խղճուկ միություն»։

2011 թվականի դեկտեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Եթե մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը որոշում ընդունվի, ապա դա կլինի իդեալական։ Թուրքիան ուրախ կլինի, որ ԵՄ նախագահությունը ստանձնի ողջ Կիպրոսը, եւ ոչ թե միայն կղզու հունական հատվածը։ Այդ դեպքում Թուրքիան կառուցողական երկխոսություն կվարի ԵՄ-ը նախագահող երկրի հետ»։

2012 թվականի հունվարի 11-ին Կիպրոս այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիային զգուշացրեց, որ առանց Կիպրոսի հետ հարաբերությունների կարգավորման եւ նավահանգիստների բացման, անհնար է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ նոր «բանակցային գլուխների»1 բացումը: Պետք է նշել, որ Թուրքիան երկար ժամանակ է, ինչ հրաժարվում է բացել իր նավահանգիստները Կիպրոսի (որպես ԵՄ անդամ երկրի) առջեւ` դա պատճառաբանելով նրանով, որ դրա համար պետք է վերացվի ՀԿԹՀ միջազգային շրջափակումը:

Փետրվարի 16-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կիպրոս, ուր հանդիպում ունեցավ նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ, ինչը մեծ արձագանք գտավ Թուրքիայում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին էներգետիկ (գազի հետախուզման ու արդյունահանման) ոլորտում երկու երկրների համագործակցության պոտենցիալը եւ Իսրայելից դեպի Կիպրոս գազատարի կառուցման հարցը (մարտի 12-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ Թուրքիան թույլ չի տա, որ Իսրայելի եւ Կիպրոսի համատեղ արդյունահանած գազն իր տարածքով տեղափոխվի դեպի Եվրոպա):

Սակայն թուրքական մամուլն ընդգծում էր, որ Նեթանյահուն եւ Խրիստոֆիասը ստորագրել են նաեւ ռազմական բնույթի համաձայնագիր, ըստ որի` Կիպրոսն Իսրայելի ռազմածովային ու ռազմաօդային ուժերին թույլ է տալիս օգտվել իր տարածքային ջրերից ու օդային տարածքից, ինչպես նաեւ Նեթանյահուն Կիպրոսում ռազմակայան ստեղծելու ցանկություն է հայտնել, ինչն անհրաժեշտ է վերջերս2 կղզու ափերի մոտ հայտնաբերված նավթագազային պաշարների հետախուզման աշխատանքների անվտանգության ապահովման համար: Հիշեցնենք, որ Բենիամին Նեթանյահուն Կիպրոս այցելած Իսրայելի առաջին վարչապետն է:

Ի դեպ, հունվարի սկզբին էլ Իսրայել էր այցելել Կիպրոսի պաշտպանության նախարար Դեմետրիս Էլիադեսը, եւ կողմերը կնքել էին պաշտպանական ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր, ինչն առնչվում է հատուկ ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանն ու գազային հանքավայրերի անվտանգության ապահովմանը:

Փետրվարի վերջերին Դիմիտրիս Խրիստոֆիասը դիմեց ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին, ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյին եւ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան)` բողոքելով Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արեւելյան մասում հետախուզական աշխատանքների իրականացման դեմ: Կիպրոսը նաեւ տվյալ հարցի շուրջ զգուշացրեց Թուրքիայի ԱԳՆ-ին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիան երկրորդ տենդերը հայտարարեց Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում գազի ու նավթի հետախուզման շուրջ:

Հարկ է նշել, որ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Թուրքիան եւ ՀԿԹՀ-ը Նյու Յորքում գաղտնի համաձայնագիր էին ստորագրել, որով նախատեսվում էր հորատման աշխատանքներ իրականացնել կղզու հյուսիսարեւելյան ծովափնյա հատվածում։ Դրանից հետո ՀԿԹՀ կառավարությունը հետախուզական աշխատանքների արտոնագիր էր տրամադրել թուրքական TPAO պետական նավթային ընկերությանը։ Բայց քանի որ ՀԿԹՀ-ը չի ճանաչել աշխարհի եւ ոչ մի պետություն, բացի Թուրքիայից, ուստի եւ ՀԿԹՀ-ն իրավունք չունի կղզու ցանկացած հատվածում եւ մերձակա տարածքային ջրերում բնական պաշարների հետախուզման կամ արդյունահանման վերաբերյալ ամեն տիպի արտոնագիր տրամադրել։ Այս դրույթի խախտումը նշանակում է, որ Անկարան պարզապես թալանում է Կիպրոսի Հանրապետությունը` օգտվելով նրանից, որ ապօրինաբար վերահսկում է կղզու հյուսիսային մասը։

2012 թվականի մարտի 1-ին Էգեմեն Բաղըշը Լոնդոնում հայտարարեց, որ իրենք հուսով են, թե մինչեւ հուլիս կստեղծվի միավորված Կիպրոս, «Այդ դեպքում մենք հաճույքով կհամագործակցենք նրանց հետ: Սակայն եթե դա տեղի չունենա, ապա Թուրքիան այդ կես տարում կանտեսի Կիպրոսին եւ այդ ժամանակահատվածում բանակցություններ չի վարի նրա հետ: Մենք կապեր կպահպանենք Եվրահանձաժողովի, Եվրախորհրդարանի ու ԵՄ անդամների հետ, սակայն նույնը չենք անի ԵՄ-ը նախագահողի (Կիպրոս) պարագայում»:

Իսկ մարտի 3-ին Բաղըշը ՀԿԹՀ-ում հրապարակվող «Քըբրըս» (Կիպրոս) թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե կիպրական հարցի շուրջ տարվող բանակցությունները շուտափույթ արդյունք չտան, ապա Թուրքիան չի բացառում ՀԿԹՀ բռնակցումը. «Անկարան աջակցում է կիպրական հարցի կարգավորման վերաբերյալ յուրաքանչյուր համաձայնագրի, եթե այն կայացվի ՄԱԿ հովանու ներքո միջկրոնական համայնքների ներկայացուցիչների միջեւ տարվող բանակցությունների արդյունքում: Բանակցությունները կարող են հանգեցնել կղզու վերամիավորմանը, ինչը, սակայն, կարող է տեղի ունենալ երկու առաջնորդների միջեւ պայմանավորվածության ձեռքբերման պարագայում: Պայմանավորվածության բացակայության դեպքում առաջանում է երկու իրավիճակ. ա) Կիպրոսում կստեղծվի երկու անկախ պետություն, բ) ՀԿԹՀ-ը կմիացվի Թուրքիային»: Ի դեպ, ՀԿԹՀ-ում համացանցով արված հարցումները ցույց են տվել, որ ՀԿԹՀ բնակիչների 51 տոկոսը կողմ է նրան, որ ՀԿԹՀ-ը դառնա Թուրքիայի 82-րդ նահանգը:

Ներկայումս թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ եթե Կիպրոսը ստանձնի ԵՄ նախագահությունը, ապա դա կնշանակի, որ այն նույն ժամկետով ստանձնելու է նաեւ «Եվրոպական բանակ»-ի (ԵՄ խաղաղապահ եւ ոստիկանական ուժ) հրամանատարությունը։ Այդ բանակը ներգրավված է ԵՄ ու ՆԱՏՕ տարբեր նախաձեռնություններում (օրինակ` Կոսովոյում ու Բոսնիայում), որոնց մասնակցում են նաեւ թուրք զինծառայողներն ու ոստիկանները։ Այդ պատճառով էլ Թուրքիան սպառնում է Կիպրոսի կողմից ԵՄ նախագահությունը ստանձնելու դեպքում իր զինծառայողներին ու ոստիկաններին հետ կանչել «Եվրոպական բանակ»-ից, քանի որ չի ցանկանում, որ նրանք գտնվեն Կիպրոսի հրամանատարության ներքո։

* * *

2012 թվականի մարտի 1-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն ընդունեց Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ (կողմ` 54, դեմ` 7, ձեռնպահ 2): Բանաձեւում նշված էր, որ ԵՄ-ը եւ Թուրքիան կշահեն իրենց առավել սերտ կապերից` հաշվի առնելով իրենց փոխադարձ կախվածությունը, ինչպես նաեւ Թուրքիայի տնտեսական պոտենցիալը3 եւ տարածաշրջանում նրա ռազմավարական դիրքը. Թուրքիան ԵՄ-ի համար ծառայում է կասպյան նավթի ու գազի փոխադրման էներգետիկ խոշոր միջանցք եւ մոտ է գտնվում նավթով ու գազով հարուստ Իրաքին:

Բանաձեւում Թուրքիային կոչ էր արվում լուծել Հայաստանի ու Կիպրոսի հետ առկա խնդիրները, ինչպես նաեւ քրդական հարցը: Բացի այդ, նշված էր, որ ԵՄ-ը կտրուկ աջակցում է Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունների շարունակմանը եւ Թուրքիային խնդրում է սեփական զորքերը դուրս բերել Կիպրոսից ու պահպանել ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերը: Բանաձեւում ցավալի էր որակվել ԵՄ-ի հետ հարաբերությունները սառեցնելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը: Բանաձեւում Թուրքիային կոչ էր արվում բարեփոխումներ իրագործել դատական համակարգում ու պաշտպանել քաղաքացիական ազատությունները, գտնել քրդական հարցի քաղաքական կարգավորումը, պայմաններ ստեղծել քրդերի քաղաքական, մշակութային ու սոցիալ-տնտեսական ինտեգրման համար, նվազեցնել 10 տոկոսանոց խորհրդարանական շեմը: Բանաձեւում կարեւորվում էր անցագրային ռեժիմի ազատականացման հարցը եւ թուրք գործարարների, գիտնականների, ուսանողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ԵՄ մուտք գործելը: Պետք է նշել, որ Թուրքիան ԵՄ անդամակցության միակ թեկնածու երկիրն է, որի հետ չի ազատականացվել անցագրային ռեժիմը:

Մարտի 20-ին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը4 Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան հետքայլ է կատարել բարեփոխումների իրագործման հարցում. «ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա են մեծ խնդիրներ, որոնք անհնար են դարձնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: Նախորդ տարիներին Թուրքիան ավելի մեծ ջանքեր է գործադրել ԵՄ չափորոշիչներին համապատասխանելու ուղղությամբ: Վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարման առաջին շրջանում (2002–2007) Թուրքիայում իրականացվեցին մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ: Սակայն ԱԶԿ կառավարման երկրորդ շրջանում (2007–2011) Թուրքիան հետքայլ կատարեց բարեփոխումների իրագործման գործընթացում, ինչն անհանգստացրեց մեզ: Մենք հետեւում ենք Թուրքիայում նոր Սահմանադրության մշակման ու ընդունման շուրջ ծավալված քննարկումներին եւ հուսով ենք, որ նոր Սահմանադրությունը կբարելավի իրավիճակը մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքների խախտումը, անարդար դատավճիռների կայացումը, մամուլի ազատության սահմանափակումը»:

Նույն օրը Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Բարի Մադլեները, Բրյուսելում խոսելով ԵՄ–Թուրքիա փոխհարաբերություններից, հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը պարզապես թուրքական երազ է. «Վերջերս (փետրվարի 23-24) Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիա–ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 68-րդ նիստը: Չնայած դրան` Թուրքիան դեռ ԵՄ-ի անդամ չէ: Եթե անցկացվի եւս 100 նմանատիպ նիստ, միեւնույն է՝ Թուրքիան դարձյալ չի կարողանալու անդամակցել ԵՄ-ին: Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ: Էգեմեն Բաղըշը չի խոսում Թուրքիայի իրողություններից: Թող Բաղըշը բացատրի, թե ինչու են Թուրքիայում ծաղրանկարչին ձերբակալում ծաղրանկարի համար, թե ինչու են լրագրողներին ձերբակալում իրենց մտքերի համար, թե ինչու են մարդկանց ձերբակալում գրած գրքերի համար: Մինչդեռ Բաղըշը զբաղված է շոու անելով: Միակ իրողությունն այն է, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին»: Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Մադլեները հայտարարել էր, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում եւ որ պետք է խելագար լինել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ցանկանալու համար:

Այսպիսով, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը բավական մշուշոտ է, իսկ հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ կիպրական հարցը: Ներկայումս Անկարան արհեստականորեն փորձում է արագացնել կիպրական հարցի լուծումը` այդ առումով օգտագործելով ամռանը Կիպրոսի կողմից ԵՄ նախագահության ստանձնման գործոնը, սակայն նրա սպառնալիքները չեն ներգործում ԵՄ-ի վրա: Մյուս կողմից էլ, հազիվ թե Թուրքիան ինքն էլ հավատում է, որ մոտ չորս տասնամյակ չկարգավորված այդ խնդիրը կարող է կարգավորվել մինչեւ հուլիս: Բացի այդ, վերջին շրջանում աշխարհը բավական վարժվել է թուրքական կողմի սպառնալիքներին, որոնք հիմնականում հասցեագրվել են Իսրայելին ու Կիպրոսին:

1Ներկայիս դրությամբ 35 «բանակցային գլուխների» համաձայնեցումից Թուրքիային հաջողվել է ավարտին հասցնել միայն 1-ը, 12-ի շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ 13-ը գտնվում են սառեցված վիճակում, որոնցից 8-ը բաժին է ընկնում Կիպրոսին, 5-ը` Ֆրանսիային:

22011 թվականի դեկտեմբերի վերջին ամերիկյան Noble Energy ընկերությունը, որը սեպտեմբերից հորատումներ է անցկացնում կիպրական շելֆում, հայտնաբերեց գազային խոշոր հանքավայր, որի պաշարները նախնական տվյալներով կազմում են 140-230 միլիարդ խորանարդ մետր:

32011 թվականին ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է 120 միլիարդ եվրոյի սահմանագիծը (թուրքական արտահանումը կազմել է 47.6 միլիարդ դոլար, իսկ ներկրումը` 72.7 միլիարդ դոլար):

4Փետրվարի 8-ին Մարտին Շուլցը Բրյուսելում Էգեմեն Բաղըշի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին. «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ եւ թույլ տա անցկացնել անկախ հետազոտության: Եթե այդ հետազոտության արդյունքներով պարզվի, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, ապա Թուրքիան պետք է ճանաչի այն: Առաջին հերթին դա պետք է ճանաչի հենց Թուրքիան: Որպես գերմանացի` ես ծանոթ եմ իմ երկրի պատմությանը: Ես հպարտ եմ, որ Գերմանիան արդեն մոտ 60 տարի է, ինչ ճանաչում է իր պատմությունը (Հոլոքոսթ)` դրանով իսկ հետագա սերունդներին ազատելով անցյալում տեղի ունեցածի համար պատասխանատվությունից ու մեղքի զգացումից: Սեփական անցյալի հարցում բաց լինելը լավագույն ուղին է դեպի ապագա»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր