ՔՐԴԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
Հայկ ԳաբրիելյանԻրաքի քրդեր
1970 թվականին Իրաքի քրդերը Սադամ Հուսեյնի վարչակարգից նվաճեցին Քրդստանի ինքնավարության ճանաչումը, սակայն Սադամի բռնած դիրքորոշման պատճառով այդ համաձայնագիրը կյանքի չկոչվեց, քանի որ Հուսեյնն անձամբ երբեք համակրանք չի տածել քրդերի նկատմամբ: Դրան հաջորդող ժամանակահատվածում նա գործնականում ցեղասպանության ենթարկեց քուրդ ժողովրդին` նրա դեմ կիրառելով քիմիական զենք (1988): Իրադրությունը փոխվեց 1991թ. գարնանից հետո, երբ ԱՄՆ ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիոն ուժերը պարտության մատնեցին իրաքյան զորքերին:
Արդյունքում` Բաղդադը կորցրեց վերահսկողությունը երկրի հյուսիսի նկատմամբ: 1991թ. ապրիլին ՄԱԿ ԱԽ որոշմամբ Իրաքի հյուսիսում ստեղծվեց «անվտանգության գոտի», ինչը միտված էր Իրաքի հյուսիսի քրդերի պաշտպանությանը Սադամ Հուսեյնի ռեժիմի բռնություններից: Փաստորեն, դրանով իսկ ամրապնդվեց Իրաքյան Քրդստանի ինքնավար կարգավիճակը, ինչը Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո նոր թափ հավաքեց:
Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումը (2003) Իրաքի քրդերին հնարավորություն ընձեռեց օրենսդրորեն ամրագրել ու ընդլայնել մինչ այդ իրենց ձեռք բերած իրավունքներն ու ազատությունները: 2005թ. Իրաքի սահմանադրությամբ ամենալայն իրավունքներ շնորհվեցին Իրաքյան Քրդստանին` ընդհուպ մինչեւ Իրաքի կազմից դուրս գալու իրավունք, եթե կենտրոնական կառավարությունը խախտի իր պարտավորությունները: Նույն թվականին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեով քրդերի 98 տոկոսը կողմ քվեարկեց լիակատար անկախությանը: Սակայն Իրաքյան Քրդստանի իշխանությունները զգուշացան հանրաքվեի արդյունքները կենսագործելուց` երկյուղելով տարածաշրջանային աղետներից: 2006թ. սեպտեմբերի 2-ին Իրաքյան Քրդստանի առաջին նախագահ Մասուդ Բարզանիի հրամանով Իրաքյան Քրդստանում արգելվեց Իրաքի դրոշը:
Ներկայումս Իրաքյան Քրդստանն ունի սեփական դրոշ, օրհներգ, սահմանադրություն, նախագահ, խորհրդարան, կառավարություն, դատական մարմիններ, զինված ուժեր, ոստիկանություն, հատուկ ծառայություններ, երկու օդանավակայան (Էրբիլում ու Սուլեյմանիայում): Իրաքյան Քրդստանում գործում են մոտ 30 օտար դիվանագիտական ներկայացուցչություններ: Այս ամենը նշանակում է, որ այսօր Իրաքի քրդերն իրենց չեն համարում միացյալ արաբական պետության` Իրաքի մի մասը:
2011թ. հոկտեմբերի 16-ին Իրաքյան Քրդստանի խորհրդարանի նախկին խոսնակ Քամալ Քերքուքին Էրբիլում հայտարարեց, որ տարածաշրջանի ղեկավարությունը կարող է հայտարարել քրդական անկախ պետության ստեղծման մասին, եթե խախտվի Իրաքի սահմանադրությունը: Այս հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ (շիա) Նուրի ալ-Մալիքին հայտարարեց սահմանադրության ու երկրի դաշնային կառուցվածքի փոփոխության վերաբերյալ իր պլանների մասին: Դեկտեմբերին Մալիքին փոխնախագահ (սուննի) Թարեք ալ-Հաշեմիին մեղադրեց ահաբեկչական կազմակերպության ստեղծման մեջ` քրդերից պահանջելով հանձնել նրան: Մալիքին սպառնաց, որ եթե Բարզանիի վարչակազմը չհանձնի Հաշեմիին կամ էլ թույլ տա նրան մեկնել արտերկիր, ապա դա կհանգեցնի կենտրոնական կառավարության ու Իրաքյան Քրդստանի կառավարության միջեւ լարվածության մեծացմանը:
Փետրվարի սկզբին իրաքյան El Nexilin լրատվական գործակալությունը հայտնեց, որ Մասուդ Բարզանին Իրաքի արտգործնախար Հոշիյար Զեբարիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մարտի 21-ին (Նովրուզ) իրենք հռչակելու են Իրաքյան Քրդստանի անկախությունը: Բարզանին վստահեցրել է, որ դա համաձայնեցված է Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի եւ Իրաքի սուննիների հետ: Ըստ Բարզանիի` եվրոպական երկրների մեծ մասը դրականորեն է վերաբերվում Իրաքյան Քրդստանի անկախությանը, Անգլիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը պարզ չէ, ԱՄՆ-ը համարում է, որ Իրաքյան Քրդստանը դեռ պատրաստ չէ այդ քայլին, իսկ Թուրքիայի հետ այդ թեմայով բանակցությունները շարունակվում են: Բարզանին Զեբարիին խնդրել է դեսպանների մակարդակով աջակցել տվյալ գործընթացին։
Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Արտաքին ճակատից բացի, Բարզանին պետք է անկախության շուրջ լրջորեն բանակցի նաեւ Իրաքի թուրքմենների հետ, որոնք պահանջում են ազդեցիկ պաշտոններ Իրաքյան Քրդստանի ապագա կառավարությունում, ինչպես նաեւ հավակնում են Քիրքուքի նավթին: Պետք է նշել, որ Իրաքյան Քրդստանն իր նավթի պաշարներով աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը` 45 միլիարդ բարել, իսկ Իրաքում արդյունահանվող նավթի 60 տոկոսը բաժին է ընկնում Իրաքյան Քրդստանին:
Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան պետք է միանշանակ դեմ լինի Իրաքյան Քրդստանի անկախությանը, սակայն իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Ջումա Իչթենը ս.թ. հունվարի 11-ին հայտարարեց, որ թեեւ իրենք աջակցում են Իրաքի տարածքային ամբողջականությանը, բայց եթե հետագայում նույնպես Իրաքում շարունակվի արյունահեղությունը, ապա պաշտոնական Անկարան ոչ միայն դեմ չի լինի Իրաքյան Քրդստանի ստեղծմանը, այլեւ, ընդհակառակը` կաջակցի դրան:
Իրաքյան հակամարտության սրումը մեծ հարված է Թուրքիայի քաղաքական ու տնտեսական շահերին: Այն բանից հետո, ինչ Սիրիան թուրքական ապրանքների տարանցման առջեւ փակեց իր սահմանները, Իրաքը դարձավ դեպի Մերձավոր Արեւելք թուրքական արտահանման միակ երթուղին։ Մինչդեռ Հարավային Իրաքով անցնող այդ երթուղին արդեն իսկ անվտանգ չէ։ Թուրք քաղաքագետ Մենսուր Աքգյունը զգուշացնում է, որ Իրաքի հարավով անցնող այդ երթուղու փակման եւ երկրի փլուզման դեպքում Թուրքիան այլ ելք չի ունենա, քան Իրաքյան Քրդստանի անկախության ճանաչումը։
Արդյո՞ք Իրաքյան Քրդստանը մարտի 21-ին կհռչակի իր անկախությունը, արդյո՞ք աշխարհի քարտեզի վրա ի հայտ կգա նոր պետություն, թե՞ ոչ` ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է, որ Իրաքի քրդերը չեն ցանկանում ներքաշվել սուննիների ու շիաների միջեւ նոր դիմակայության մեջ` ձգտելով որքան հնարավոր է հեռու մնալ նրանցից եւ մնացյալ Իրաքից անջատվել պետական սահմանով: Բացի այդ, առկա է նաեւ տնտեսական գործոնը: Անկախություն հռչակելու դեպքում Իրաքյան Քրդստանը ստիպված չի լինի նավթի վաճառքից ստացված շահույթը կիսել Իրաքի մյուս նահանգների հետ, ինչը կապահովի նրա տնտեսական զարգացումն ու կավելացնի աշխարհաքաղաքական նշանակությունը:
Չի բացառվում, սակայն, որ Բարզանին անկախության մասին հայտարարությունն արել է հարեւան երկրների եւ միջազգային հանրության արձագանքը ստուգելու համար: Պատմական փորձը (1991 եւ 2003) ցույց է տալիս, որ քրդերը կարողանում են օգտագործել բարենպաստ պատմական ժամանակաշրջանները:
Սիրիայի քրդեր
2011թ. սկիզբ առած արաբական հեղափոխությունները, ինչպես նաեւ Ասադի վարչակարգի դեմ ժողովրդական հուզումները մեծապես ոգեւորեցին Սիրիայի քրդերին: Մասնավորապես, ակտիվացան Սիրիայի քրդերի քաղաքական կառույցները, որոնցից շատերն արգելված էին: 2011թ. ապրիլի 7-ին Ասադը քաղաքացիություն շնորհեց երկրի հյուսիսում բնակվող 300.000 քրդերի: 1962թ. մարդահամարի ժամանակ 120.000 քրդեր դուրս էին մնացել Սիրիայի քաղաքացիների ցանկից, ինչը շարունակվում էր կես դար:
2012թ. հունվարի 28-29-ին Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Սիրիայի ավելի քան 10 քրդական ընդդիմադիր կուսակցությունների կոնֆերանսը, որին մասնակցում էին 25 երկրներից ժամանած սիրիական քրդերի մոտ 200 ներկայացուցիչներ: Քրդական միակ կուսակցությունը, որը բոյկոտեց այդ կոնֆերանսը, PKK-ն էր, որի 2000 զինյալներ, թուրքական կողմի պնդմամբ, մեկնել են Սիրիա` Ասադի ռեժիմին աջակցելու համար:
Կոնֆերանսում Սիրիայի բոլոր քրդերին կոչ արվեց աջակցել ընդդիմադիր Սիրիայի Ազգային խորհրդին` պայմանով, որ Սիրիայի քրդերն Ասադի ու ալավիների դեմ պետք է պայքարեն որպես ,քրդերե եւ ոչ թե որպես «սիրիացիներ»: Կոնֆերանսի բոլոր մասնակիցները ստորագրեցին մի փաստաթուղթ, ըստ որի` Ասադի ռեժիմի գահընկեցությունից հետո Սիրիայի հյուսիս-արեւելքում պետք է ստեղծվի Քրդական ինքնավարություն: Բացի այդ, սիրիացի քրդերը հայտարարեցին, որ ցանկանում են Սիրիայում հանրաքվեի մասնակցել միայն Ասադի գահընկեցությունից հետո, մինչդեռ այն նշանակված է փետրվարի 26-ին:
Սակայն Սիրիայի ազգային խորհուրդը դեռեւս պատրաստ է ընդունել միայն այն, որ Ասադների ժամանակաշրջանում ամենաշատը տուժել են հենց քրդերը, եւ նրանց շնորհել մի շարք հիմնական իրավունքներ` առանց նրանց ինքնորոշման իրավունքը ճանաչելու:
Ներկայումս Սիրիայի բնակչության 10 տոկոսը կազմող քրդերի շրջանում առկա են տարաձայնություններ իրենց հետագա անելիքների շուրջ: Սիրիայի քրդերի մեծ մասը կարծում է, որ իշխող վարչակարգի գահընկեցությունը հնարավորություն կընձեռի հաստատել նոր քաղաքական համակարգ, որը նահանգներին կշնորհի մեծ ինքնավարություն եւ որի ժամանակ կտիրի հանդուրժողականության մթնոլորտ: Նրանք գտնում են, որ սիրիական հեղափոխությունն ավարտված չի համարվի, եթե նոր սահմանադրությունը չերաշխավորի քրդերի իրավունքներն ու մշակութային ինքնավարությունը, ինչպես նաեւ փոխհատուցում չվճարվի նրանց` պատմական խտրականության ու հետապնդումների համար: Սիրիայի քրդերի մի մասն էլ կարծում է, որ քրդական հարցը կարելի է կարգավորել նաեւ ներկայիս վարչակարգի պահպանման դեպքում, եթե իրագործվեն համապատասխան բարեփոխումներ:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն շարունակ շփումների մեջ է սիրիական ընդդիմության հետ եւ ամենայն հավանականությամբ նրա հետ քննարկում է նաեւ Սիրիայի քրդերի հարցը: Թուրքիան, աչքի առջեւ ունենալով դե-ֆակտո անկախ Իրաքյան Քրդստանի օրինակը, չի ցանկանա, որ Սիրիայի քրդերն էլ ձեռք բերեն ինքնավարություն, որը հետագայում կարող է վերածվել անկախության, հնարավոր է նաեւ` Իրաքյան Քրդստանի հետ միավորման միջոցով քրդական միացյալ պետության ստեղծման: Դրա համար էլ թուրքական լրատվամիջոցները գրեթե մեկ տարի է, ինչ շարունակ լուրեր են շրջանառում, թե Թուրքիան, կախված իրավիճակից, կարող է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Ղամիշլի քաղաքի մոտ: Այն սեպի դեր կխաղա Սիրիայի, Հյուսիսային Իրաքի ու Թուրքիայի քրդերի միջեւ:
Դա ամենեւին էլ զարմանալի չէ, երբ հիշում ենք նախորդ տարվա մարտին (երբ դեռ չէին վատթարացել Ասադի հետ հարաբերությունները) Էրդողանի արած այն հայտարարությունը, թե Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը, եւ եթե Ասադը հրաժարական տա, ապա 1.4 միլիոն սիրիական քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն, Իրանում բնակվող 7 միլիոն եւ Հյուսիսային Իրաքում բնակվող 6 միլիոն քրդերի հետ միասին ոտքի կկանգնեն եւ միացյալ անկախ պետության պահանջ կդնեն:
Թուրքիայի քրդեր
Ս.թ. փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում ու շրջաններում տասնյակ հազարավոր քրդեր իրականացրին զանգվածային բողոքի ակցիաներ` կապված քուրդ առաջնորդ, PKK հիմնադիր Աբդուլա Օջալանի ձերբակալության 13-րդ տարելիցի հետ: Նրանք ընդգծում էին, որ իրենց պահանջածը խաղաղությունն է եւ ազատության շնորհումն Օջալանին: Այդ օրը ոստիկանության հետ գրանցվեցին բազմաթիվ բախումներ, ձերբակալվեց մոտ 90 մարդ: Հարկ է նշել, որ մինչեւ 1999թ. Օջալանի ձերբակալությունը, Թուրքիայի քրդերը պայքարում էին իրենց անկախության համար, իսկ նրա ձերբակալությունից հետո` ավելի շատ իրենց քաղաքացիական ազատությունների ու իրավունքների համար:
Թուրքական Zaman թերթը գրեց, որ PKK-ն պլանավորել է մինչեւ Նովրուզ մի շարք արյունալի գործողություններ իրականացնել Թուրքիայի ողջ տարածքում: Այդ նպատակով PKK-ն Թուրքիա է գործուղել իր 50 ներկայացուցչի, որոնք նախապես 3 շաբաթ շարունակ «ռմբային կրթություն» են ստացել Ղանդիլում (Հյուսիսային Իրաք): Դրա հետ կապված` Թուրքիայի անվտանգության ուժերում հայտարարվել է «կարմիր տագնապ»:
Այդ կապակցությամբ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, որը քրդերի դեմ քիմիական զենք գործածելու համար հայտնի է «քիմիական Նեջդեթ» մականունով, դժգոհեց, որ Բարզանիի վարչակազմը չի աջակցում Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Իրաքյան Քրդստանի կողմից ստեղծված PKK-ի դեմ պայքարի եռակողմ մեխանիզմին: Օզելի այս հայտարարությունը հերթական անգամ վկայեց, որ պաշտոնական Անկարան անուղղակիորեն ճանաչում է PKK հարցի լուծման մեջ Իրաքյան Քրդստանի դերը: Սակայն խնդիրն այն է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Բաղդադը չեն կարողանում (կամ ցանկանում) Բարզանիի կառավարությանը ստիպել ուժային գործողություններ իրականացնել PKK զինյալների դեմ:
Օզելը նաեւ հոխորտաց, որ այսուհետ իրենք իրենց օրակարգից ջնջելու են PKK անունը: Ի պատասխան, Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի որդին` Իրաքյան Քրդստանի վաշինգտոնյան ներկայացուցիչ Քուբադ Թալաբանին, հայտարարեց. «Ասում են, որ եթե ոչնչացվեն Ղանդիլում բազավորված 3000 PKK-ականները, ապա հարցը կլուծվի: Սակայն դա այդպես չէ. չէ՞ որ Թուրքիայի տարածքում գտնվում է 1 միլիոն PKK-ական: Ռազմական ճանապարհով չի կարելի հասնել հաջողության: Անգամ Սադամ Հուսեյնին չհաջողվեց ռազմական գործողությունների միջոցով ծնկի բերել Ղանդիլում բազավորվածներին»:
Բացի այդ, Օզելը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում Թուրքիայում քրդերեն լեզվով կրթություն ստանալը, որով հարուցեց քրդերի խիստ դժգոհությունը: Քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն Անկարայում դատի տվեց նրան` քաղաքական նպատակներ հետապնդող ելույթով հանդես գալու համար: Ընդգծելով, որ (PKK քաղաքացիական թեւ համարվող) Քրդական համայնքների միության գործի շրջանակներում 2009թ. ապրիլի 19-ից ցայժմ Թուրքիայում ձերբակալվել է 6300 մարդ, որոնցից 1069-ը` այս տարվա առաջին 43 օրերին, Դեմիրթաշը ներկայացրեց քրդական հարցի կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ. քրդական հարցի քաղաքական լուծման աջակցության նպատակով Խաղաղության հանձնաժողովի ստեղծում, Օջալանի վրայից մեկուսացման հանում (փաստաբանների հետ հանդիպման արգելքի վերացում) եւ բանակցային գործընթացին մասնակցելու հնարավորության ընձեռում, քրդերի դեմ թուրքական բանակի ռազմական գործողությունների դադարեցում եւ այլն:
Թուրքական իշխանությունները դեռ չեն պատասխանել նրան, սակայն ակնհայտ է, որ նրանք պատրաստ չեն ընդունել դրանք` առավել հակված լինելով քրդերի ձերբակալությունների ալիքն ուժգնացնելուն ու քրդերի դեմ ռազմական գործողություններ վարելուն: Սակայն վերջին քառորդ դարվա փորձը ցույց է տալիս, որ դա հաջողություն չի բերում եւ չի հանգեցնում քրդական հարցի կարգավորմանը: Այս առումով Թուրքիայի քրդերի համար մեծ նշանակություն կարող է ունենալ նոր սահմանադրությունը, որի ստեղծման աշխատանքները պետք է ավարտվեն առաջիկա ամիսներին, եւ որի համար Թուրքիան ուսումնասիրում է 60 երկրի սահմանադրություն:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]