• am
  • ru
  • en
Версия для печати
11.10.2011

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

   

Հայկ Գաբրիելյան

Վերջին երկու ամիսներին Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը նշանավորվեց քաղաքացիական իշխանություն – զինվորական հրամանատարություն առճակատման եւ Քրդական հարցի սրացմամբ, ինչն իր հերթին հանգեցրեց Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության ընթացքում մի շարք աննախադեպ իրադարձությունների:

Քաղաքացիական իշխանություն – զինվորական հրամանատարություն առճակատում

2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո շարունակվեց քաղաքացիական իշխանությունների ու զինվորական հրամանատարության միջեւ պայքարը, որն աստիճանաբար նոր թափ հավաքեց: Պատճառը «Էրգենեքոն» եւ «Բալյոզ» գործերի շրջանակներում թուրք բարձրաստիճան զինվորականների շարունակական ձերբակալություններն էին, որոնք մեղադրվում էին ահաբեկչական գործունեություն ծավալելու եւ գործող կառավարությունը տապալելու փորձ ձեռնարկելու մեջ:

Օգոստոսի 1-ին մեկնարկած Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (ԲՌԽ) նիստից առաջ` հուլիսին, Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈՒ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները մի շարք դռնփակ հանդիպումներ ունեցավ վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որոնցում արծարծեց բանտում գտնվող 41 թուրք գեներալների հարցը: Բարձրագույն զինվորական հրամանատարությունը (ԲԶՀ) պնդում էր, որ քանի դեռ դատավճիռը չի կայացվել ու հետեւաբար` չի կարելի խոսել գեներալների մեղավորության մասին, նրանք պետք է մասնակցեն ԲՌԽ-ի նիստին: Մինչդեռ քաղաքացիական իշխանությունն իր հերթին պնդում էր, թե ճաղերի հետեւում գտնվելը եւ հետաքննությունն արդեն իսկ բացառում են ԲՌԽ-ի առաջիկա նիստին նրանց մասնակցելը:

Զինվորական հրամանատարությանը բավական զայրացրեց այն, որ երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Դիարբեքիրի նահանգում սպանեցին մեկ տասնյակից ավելի զինծառայողների, Էրդողանը հրահանգեց ստեղծել Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնաժողով` այդ միջադեպի հետաքննման համար: Այստեղ ուշագրավն այն է, որ նախկինում բանակում գրանցված նմանատիպ ծանր դեպքերը սովորաբար հետաքննում էր միայն ռազմական դատախազությունը: Իսկ ահա դրանում քաղաքացիական հետաքննիչ մարմինների ներգրավումը մի շարք փորձագետների կողմից որակվեց որպես զինվորականների հետաքննության հանդեպ ցուցաբերած անվստահության նշան:

Չնայած Սիլվանի դեպքերի վերաբերյալ ռազմական ու քաղաքացիական հանձնաժողովների պաշտոնական հետաքննության արդյունքների համընկնմանը` դա նստվածք թողեց ԲԶՀ-ում: Հուլիսի 28-ին Էրդողանը հայտարարեց, որ ԲՌԽ-ի առաջիկա նիստում բոլոր որոշումներն ընդունվելու են օրենքով սահմանված կարգով, իսկ դրա հաջորդ օրը Գյուլը հայտարարեց, որ «փակ աչքերով» չի ստորագրելու որեւէ նշանակում: Դրանով իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) հասկացրեց, որ «կանաչ լույս» չի վառելու «Բալյոզ»-ի գործում շրջանառվող բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումների առջեւ: Բացի այդ, հուլիսի 29-ին Ստամբուլի դատախազությունը ձեռնամուխ եղավ ԲԶՀ-ի հրահանգով հակակառավարական կայքերի ստեղծման գործի քննմանը, որի շրջանակներում շրջանառվում են 22 բարձրաստիճան սպաների (այդ թվում նաեւ մի շարք գեներալների) անուններ: Դրանց թվում է նաեւ Ռազմական ակադեմիաների պետ, գեներալ Բիլգին Բալանլըն, որը «Բալյոզ»-ի գործի շրջանակներում ձերբակալվել է դեռեւս մայիսի վերջին, եւ որը պետք է դառնար ռազմաօդային ուժերի հրամանատար: Ի դեպ, նա «Բալյոզ»-ի գործով ձերբակալված ամենաբարձրաստիճան գործող սպան է:

Տեսնելով զիջումների չգնալու ԱԶԿ-ի ցանկությունը` ԲԶՀ-ն գնաց աննախադեպ քայլի. հուլիսի 29-ին հրաժարական տվեցին ԳՇ պետ Ըշըք Քոշաները, ցամաքային զորքերի հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայը եւ ռազմածովային ուժերի հրամանատար Էշրեֆ Ուղուր Յիղիթը: ԲԶՀ-ից հրաժարական չտվեց միայն Ժանդարմերիայի հրամանատար, գեներալ Նեջդեթ Օզելը, որն անմիջապես ստանձնեց ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի դերը` նշանակվելով ԳՇ պետի տեղակալ: Ի դեպ, նա հայտնի է «Քիմիական Նեջդեթ» մականվամբ, քանի որ 1999 թվականին քիմիական զենք է կիրառել քրդերի նկատմամբ:

ԲԶՀ-ի հրաժարականի հետ կապված` Գյուլը հայտարարեց. «Երկրում տեղի են ունեցել արտակարգ իրադարձություններ, սակայն ճգնաժամ գոյություն չունի: Երկրում իրադարձությունները զարգանում են իրենց հունով։ Մենք հարգանքով են ընդունում ԳՇ պետի որոշումը, թեեւ ցանկանում ենք, որ նա շարունակի իր զինծառայությունը»:

Հրաժարականից հետո Քոշաներն իր քայլը հիմնավորեց վերջին տարիներին զինվորականների դեմ մղվող կամպանիային հակազդելու սեփական անզորությամբ. «Ներկայումս ձերբակալված զինվորականների թիվը կազմում է 250, որոնցից 77-ը պաշտոնաթող են։ Այլեւս անհնար էր հաշտվել այդ ապօրինությունների հետ։ Մամուլում ամեն տիպի կեղծիքների ու ստերի տարածման միջոցով հասարակական կարծիք են ձեւավորում` զինված ուժերի ղեկավարությունը ներկայացնելով որպես հանցախումբ: Ինձ համար անհնար էր դարձել այս բարձր պոստում գտնվելը (դեռ 2 տարի կար), քանի որ ես` որպես ԳՇ պետ, ի վիճակի չեմ պաշտպանել իմ ենթակաների իրավունքները»:

Թուրքական ընդդիմությունը կտրուկ արձագանքեց ԲԶՀ-ի հրաժարականին: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարեց, որ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ն շարունակում է անտեսել իրավունքն ու գործող օրենսդրությունը, իսկ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին այդ իրադարձությունները որակեց որպես «պետական լուրջ ճգնաժամ»:

ԲԶՀ-ի հրաժարականից հետո թուրքական ԶԼՄ-ները վերհիշեցին Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ ունեցող «Թարաֆ»-ի մեկնաբան Էմրե Ուսլուի` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակած սկանդալային հոդվածը, որում նա վստահեցնում էր, թե խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում ԳՇ պետ Ըշըք Քոշաները հրաժարական է տալու:

Սակայն ամերիկյան EurasiaNet-ը գրեց, որ ԲԶՀ-ի հուլիսի 29-ի դեմարշը չհասավ իր նպատակին. «Սկզբնական շրջանում ԶԼՄ-ները թուրքական գեներալիտետի ներկայացուցիչների հրաժարականների շարքը որակեցին որպես «երկրաշարժ» եւ «իսկական ռումբ»։ Սակայն երկար ժամանակ Թուրքիայի քաղաքական կյանքում զգալի դեր խաղացած թուրք գեներալներին չհաջողվեց հեռանալիս իրենց հետեւից շրխկացնել դուռը։ Արդեն օգոստոսի 1-ին երկիրը հաղթահարեց զինվորական շրջանակների մանեւրը եւ սկսեց հանգիստ ընթանալ իր ճանապարհով, ֆինանսական շուկաները պահպանեցին կայուն իրավիճակ, իշխող ԱԶԿ-ի գլխավորած կառավարությունը չցնցվեց»։

ԲԶՀ-ի հրաժարականի հետ կապված` Փենսիլվանիայի Լիհայի համալսարանի փորձագետ Հենրի Բարկին նշեց. «Դա ոչ թե ճգնաժամ է, այլ բեկումնային պահ։ Հետ նայելով մարդիկ կասեն, որ դա հենց այն պահն է, երբ թուրքական բանակը վերջնականապես անցավ քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Ստամբուլի Բիլգի համալսարանի քաղաքագետ Սոլի Օզելը հայտարարեց, որ տվյալ միջադեպը վերջակետ դրեց քաղաքականությունում զինվորականների ունեցած ազդեցության վերաբերյալ դեբատներին։ Ստամբուլաբնակ լրագրող Դորիան Ջոնսի կարծիքով` Թուրքիայի բնակիչներից միայն քչերը չեն համաձայնի այն բանի հետ, որ ԲԶՀ-ի հրաժարականը վարչապետ Էրդողանին վճռական հաղթանակ բերեց զինվորականների նկատմամբ։

Օգոստոսի 1-4-ը տեղի ունեցավ ԲՌԽ-ի նիստը, որին ԹՀ պատմության ընթացքում առաջին անգամ չէր մասնակցում ԲԶՀ-ն` ԳՇ պետը եւ ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները: Նիստին ավանդական 14 գեներալներից մասնակցում էր միայն 9-ը, քանի որ նրանցից 4-ը նիստից առաջ հրաժարական էր տվել, իսկ գեներալ Բալանլըն ձերբակալված էր: ԲՌԽ-ի նիստի արդյունքներն օգոստոսի 4-ին հաստատվեցին նախագահ Գյուլի կողմից։ ԳՇ պետ նշանակվեց Նեջդեթ Օզելը, ցամաքային զորքերի հրամանատար` Հայրի Քըվրըքօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար` Էմին Մուրաթ Բիլգելը, ռազմաօդային ուժերի հրամանատար` Մեհմեթ Էրթելը, իսկ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար` Բեքիր Քալյոնջուն։ Բացի այդ, ԲՌԽ-ի նիստում բարձրացվեց 36 գեներալի ու ծովակալի կոչում, իսկ 49 գնդապետի շնորհվեց գեներալի ու ծովակալի կոչում։ ԲՌԽ-ի նիստում որոշվեց մեկ տարով հետաձգել «Բալյոզ»-ի գործում ներառված 14 գեներալներին թոշակի ուղարկելու հարցը: Դա ԱԶԿ-ի զիջումն էր` ուղղված նորանշանակ ԳՇ պետի դիրքերի ամրագրմանը:

ԲՌԽ-ի նիստի հետ կապված` թուրքական ԶԼՄ-ներն ու մի շարք փորձագետներ նշեցին, որ այն ի ցույց դրեց գեներալիտետի նկատմամբ Էրդողանի տարած լիակատար հաղթանակը: Մասնավորապես, թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ նիստում Էրդողանը միայնակ էր նստած սեղանի վերնամասում` նիստի նախագահողի աթոռին: Նրանք հիշեցնում էին 2010 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ԲՌԽ-ի նիստը, որի ժամանակ սեղանի վերնամասում, Էրդողանից բացի, նստած էր նաեւ ԳՇ պետ Քոշաները: Փոխվարչապետ Բյուլենթ Արընչն այս կապակցությամբ նշեց. «Այդպես էլ պետք է լիներ, մեկ գյուղում երկու գյուղապետ չի լինում»:

Ուշագրավն այն է, որ առաջին անգամ բոլոր նորանշանակ զորահրամանատարները ներկայացնում են թուրքական ռազմական ակադեմիաները: Նախկինում այդ պաշտոնները զբաղեցնում էին ամերիկյան ու եվրոպական ռազմական բուհերի շրջանավարտները: Նրանք լիովին չեզոք են տրամադրված ներկայիս իշխանությունների հանդեպ, ինչը վարչապետի ու նախագահի կողմից նրանց նշանակման համար վճռորոշ է եղել։ Փաստորեն, ԹՀ պատմության մեջ աննախադեպ էր այն, որ քաղաքացիական իշխանությանը հաջողվեց իր թեկնածուներին դնել զինվորական ղեկավար պոստերում:

Աննախադեպ իրադարձություն գրանցվեց նաեւ օգոստոսի 30-ին` Հաղթանակի (միաժամանակ նաեւ ԹԶՈՒ) տոնի ժամանակ: Առաջին անգամ այն ընդունեց ոչ թե ԳՇ պետը, այլ` երկրի նախագահը։ Հատկանշական է, որ նախկինում այդ տոնը նշվել է ԳՇ-ի՝ հյուրերի համար նախատեսված դահլիճում, եւ այն ավանդաբար ընդունել է «տանտերը»՝ ԳՇ պետը։ Մինչդեռ այս դեպքում ԹՀ պատմության մեջ առաջին անգամ դա ընդունեց երկրի նախագահ Աբդուլա Գյուլը՝ որպես «գերագույն գլխավոր հրամանատար»։ Հենց նա կանգնեց Թուրքիայի երկու դրոշների մեջտեղում` ընդունելով Հաղթանակի տոնին առնչվող նախարարների եւ բարձրաստիճան զինվորականների շնորհավորանքները: Դրանով Աբդուլա Գյուլը դարձավ Թուրքիայի պատմության մեջ առաջին «գերագույն գլխավոր հրամանատարը»: Ի դեպ, Հաղթանակի տոնից առաջ ԳՇ պետ Նեջդեթ Օզելը Գյուլին առաջարկել էր համատեղ ընդունել այն, սակայն Գյուլը մերժել էր նրան:

Զինվորականների դեմ Էրդողանի տարած հաղթանակի մասին է վկայում նաեւ այն, որ սեպտեմբերի սկզբին Բարձրագույն ուսումնական խորհուրդն (ԲՈՒԽ) ընդունեց երկրի միջին ու բարձրագույն կրթական հաստատություններում գործող մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքի վերացման մասին որոշում։ Էրդողանը բուհերում գլխաշորի արգելքի վերացման հարցի շուրջ առաջին անգամ պաշտոնապես խոսել է 2007 թվականի սեպտեմբերին` դա դիտարկելով որպես հասարակության ժողովրդավարացմանն ուղղված քայլ եւ ընդգծելով, որ թուրք կանանց 2/3-ը գլխաշոր է կրում, սակայն շատ թուրք կանայք բարձրագույն կրթություն չեն ստանում համալսարաններում գործող այդ արգելքի պատճառով։ Մինչդեռ երկրի աշխարհիկ ընտրանին՝ ներառյալ գեներալները, դատավորներն ու համալսարանների ռեկտորները, կարծում են, որ ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքը չափազանց կարեւոր է՝ կրոնից պետության անջատման պահպանման համար։

Հարկ է նշել, որ 2002 թվականի նոյեմբերին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Էրդողանն ամեն գնով պայքարում է ԹՀ հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կանխորոշած երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պահապաններ հանդիսացող զինվորականների ազդեցության նվազեցման ուղղությամբ եւ փայլուն հաջողություններ է արձանագրել այստեղ՝ այդ նպատակին ծառայեցնելով նաեւ ԵՄ-ի կողմից պահանջվող բարեփոխումները։ Դա հանգեցրեց նրան, որ վերջին շրջանում Էրդողանը սկսեց հաջողությամբ ձերբակալել տալ գործող ու պաշտոնաթող գեներալների, ինչի մասին ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէին կարող անգամ երազել։

Քրդական հարց

Այն պայմանավորված է PKK-ի զգալի ակտիվացմամբ եւ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) նորընտիր պատգամավորների խորհրդարանական բոյկոտի շարունակմամբ: Վերջին 2 ամիսներին զգալիորեն ակտիվացնելով իր գործունեությունը` PKK-ն նոր մարտավարություն է որդեգրել` կենտրոնանալով զուտ Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչներին (զինվորական ու ոստիկան) կորուստներ պատճառելու վրա: PKK-ն շարունակում է սպանել, վիրավորել ու առեւանգել նրանց, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց: Մի շարք դեպքերում PKK-ի տեղադրած ականների վրա պայթեցին թուրքական զինվորական ավտոշարասյուներն ու զինծառայողներին տեղափոխող քաղաքացիական փոխադրամիջոցները: PKK-ն նաեւ տնտեսական լուրջ վնասներ պատճառեց թուրքական պետությանը` Էլյազըղում ու Մուշում պայթեցնելով բեռնատար գնացքներ եւ հատկապես Թավրիզ–Էրզրում գազատարն ու Քիրքուք–Յումուրթալըք նավթամուղը:

Այս խողովակաշարերի պաշտպանության համար Թուրքիայի էներգետիկայի ու ներքին գործերի նախարարությունները ստիպված եղան հատուկ պլան մշակել։ Առաջնայինը համարվում են միջազգային նշանակություն ունեցող խողովակաշարերը. Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան) նավթամուղները եւ Բաքու–Թբիլիսի-Էրզրում, Թավրիզ-Էրզրում (Անկարա), ,Երկնագույն հոսքե գազամուղները։ Ուշագրավ է, որ նախորդ տարի էլ քուրդ զինյալների կողմից խողովակաշարերի նկատմամբ իրականացված խափանարար գործողություններից հետո Թուրքիայում վճռվել էր այդուհետ խողովակաշարերի պաշտպանությունը դնել իսրայելական արտադրության ,Հերոնե անօդաչու հետախուզական ինքնաթիռների վրա, ինչը փաստորեն չարդարացրեց իրեն:

Թուրքական բանակն ամենամեծ կորուստները կրեց հուլիսի 14-ին եւ օգոստոսի 17-ին: Հուլիսի 14-ին Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանում տեղի ունեցած բախման ժամանակ PKK-ի զինյալները սպանեցին 13 եւ վիրավորեցին 7 թուրք զինծառայողների: Բախման հետեւանքով զոհվեց նաեւ 7 PKK-ական: Իսկ օգոստոսի 17-ին Հաքքարի– Չուքուրջա ճանապարհով անցնող զինվորական ավտոշարասյունը պայթեց PKK-ի տեղադրած 4 ականների վրա, ինչից հետո ենթարկվեց PKK-ականների հրթիռակոծմանը: Այս անգամ զոհվեց 8 եւ վիրավորվեց 9 զինծառայող:

Սիլվանի բախման օրը` հուլիսի 14-ին, Դիարբեքիրում տեղի ունեցավ քրդական Դեմոկրատական հասարակության կոնգրեսի (ԴՀԿ) արտակարգ համագումարը, որը տեւեց 6 ժամ: Դրանում հայտարարվեց Թուրքիայի կազմում քրդական ,ժողովրդավարական ինքնավարությանե ստեղծման մասին: ԴՀԿ համանախագահ Այսել Թուղլուքը համագումարից հետո հայտարարեց. ,Քուրդ ժողովուրդը հռչակել է իր ինքնավարությունը` հավատարիմ մնալով Թուրքիայի ազգային միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Քրդական հարցը կարելի է լուծել միայն քուրդ ժողովրդին առանձին ու իրավահավասար խումբ ճանաչելովե:

Հարկ է նշել, որ քրդական ինքնավարության հռչակման նախագիծն առաջին անգամ ներկայացվել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ Դիարբեքիրի կոնֆերանսում: Թուրքական կողմը մտահոգ է, որ ինքնավարության հռչակմանը կարող են հաջորդել քրդերենն ազգային լեզու հռչակելը եւ մի շարք պետական ատրիբուտների, օրինակ՝ դրոշի ի հայտ գալը: Այդ ամենն ի վերջո կարող է հանգեցնել քրդական անկախ պետության ստեղծմանը եւ թուրքական պետության մասնատմանը: Թուրքական դատարանն արդեն ձեռնամուխ է եղել ,ժողովրդավարական ինքնավարությանե գործի քննմանը:

Սիլվանի բախումից հետո Էրդողանը հայտարարեց. ,Ահաբեկչական-անջատողական խմբավորումների նկատմամբ համբերատարություն դրսեւորվում է միայն սուրբ ամիսներին։ Դանակն արդեն հասել է ոսկորին, Ռամադանից հետո մենք կդիմենք կոշտ միջոցներիե:

Սիլվանից հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական հիմնական ուժերը` ԱԶԿ-ն, ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ն, ընդհանուր փաստաթուղթ ստորագրեցին՝ ընդդեմ ահաբեկչության։ Փաստաթղթում նշված է. ,Ոչ մի ուժ չի կարող ցնցել թուրքական պետության ամբողջականությունը։ Մենք ԹԱՄԺ-ում կկանգնենք կողք կողքի՝ ահաբեկչության ու անջատողական ուժերի դեմ պայքարի եւ թուրքական պետության ազգային անվտանգության ապահովման համար։ Ահաբեկչության դեմ թուրքական պետության պայքարը կրում է ժողովրդավարական, օրինական ու իրավական բնույթե։

Իսկ Չուքուրջայի միջադեպի հաջորդ օրը տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մոտ 5 ժամանոց նիստ: Դրանում հայտարարվեց, որ PKK-ի դեմ պայքարի համար մշակվելու է նոր մարտավարություն, ինչպես նաեւ ժողովրդավարական ու իրավական պետությանը հավատարիմ հասարակության բոլոր շերտերին կոչ արվեց դատապարտել PKK-ի գործունեությունը: Աբդուլա Գյուլը նիստում հանդես եկավ 2 նախաձեռնությամբ. դրանցից մեկի համաձայն` ԱԱԽ-ի նիստերում բարձրաստիճան զինվորականներն ու կառավարության անդամները պետք է խառը նստեն, իսկ մյուսի համաձայն` այսուհետ ԱԱԽ-ի ընդունած որոշումների մասին երկրի նախագահը պետք է իրազեկի ԹԱՄԺ-ի խոսնակին (Ջեմիլ Չիչեք) ու հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարին (Քեմալ Քըլըչդարօղլու):

ԱԱԽ-ի նիստում ԽԺԿ-ին ակնարկեցին հեռավորություն պահպանել PKK-ից: Բացի այդ, Էրդողանը հրաժարվեց հանդիպել ԽԺԿ-ի ներկայացուցիչների հետ, եւ դա այն դեպքում, երբ ավանդաբար իշխող կուսակցության ներկայացուցիչը Ռամադանի ժամանակ հանդիպում է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԶԿ-ն հասկանալ է տվել, որ երկխոսություն սկսելու համար ԽԺԿ-ն պետք է խորհրդարանում երդում տա եւ միանշանակ դատապարտի PKK-ի գործողությունները:

PKK-ի արյունալի գործողություններն աստիճանաբար այնպիսի թափ հավաքեցին, որ Թուրքիայի ռազմական ու քաղաքական ղեկավարությունը ստիպված եղավ հրաժարվել Ռամադանի ժամանակ PKK-ի դեմ ուժային գործողություններ չիրականացնելու մոտեցումից: Էրդողանը հայտարարեց, որ Ռամադանի հետ կապված իրենց համբերությունը հատել է եւ գործելու ժամանակն է, իսկ Գյուլն իր հերթին նշեց, որ բոլորը պետք է իմանան, որ չկան պետությունից զորեղ ուժեր, եւ ահաբեկիչները կտեսնեն պետության ուժը։

Չուքուրջայի բախման օրը` օգոստոսի 17-ին, թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց Հյուսիսային Իրաքի սահմանային շրջաններում գտնվող PKK-ի դիրքերին, ինչը շարունակվեց նաեւ հետագայում: Նույն օրը Ստամբուլի դատարանը ,PKK-ին աջակցելուե համար Օջալանին 1 տարի ժամկետով արգելեց հանդիպումներ ունենալ իր փաստաբանների հետ1։

Օգոստոսի վերջին տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիայի վրա նստել է 1 տրիլիոն դոլար2։

Այսպիսով, ,Քրդական հարցիե կարգավորումը շարունակում է մնալ մշուշոտ, իսկ թուրքական կառավարությունը չունի դրա լուծման հստակ պլան:

1 Հուլիսի 20-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, PKK հիմնադիր Աբդուլա Օջալանն իր փաստաբանների միջոցով հայտարարություն տարածեց, թե ինքը միակ մարդն է, ով կարող է վերջ դնել Թուրքիայի ու PKK-ի միջեւ երեսնամյա պայքարին. ,Մենք ցանկանում ենք վայր դնել մեր զենքերը: Ինձանից բացի ոչ ոք չի կարող PKK-ին ստիպել զենքը վայր դնել: Սիլվանի դեպքերից օրեր անց ինձ մոտ եկան իշխանության ներկայացուցիչները, ես նրանց պատասխանեցի, որ անհրաժեշտ են գործնական միջոցներ, եւ կապ չունի՝ ես այստեղ եմ, թե դրսում։ Եթե իմ ձեռքում չկան այդ գործնական միջոցները, ապա ինչպե՞ս կարող եմ ես հարցը լուծել։ Եթե իշխանությունները ցանկանում են, որ ես դերակատարություն ունենամ այս խնդրի լուծման մեջ, ապա անհրաժեշտ է դրա համար պայմաններ ապահովել։ Մենք հավատում ենք, որ այս հարցը չի կարող լուծվել զենքի միջոցով, այն պետք է լուծվի ժողովրդավարական, սահմանադրական մեթոդներով։ Ես պետք է ելույթ ունենամ Թուրքիայի խորհրդարանում: Եթե թուրքական կողմն ասում է, որ ցանկանում է այս հարցը լուծել ժողովրդավարական ու սահմանադրական ճանապարհով, ապա մենք կօ•նենք նրան դա անելու մեկ շաբաթվա ընթացքումե:

2 Ամերիկյան Associated Press գործակալությունը սեպտեմբերի 11-ին ընդառաջ 66 երկրներում (որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության 70 տոկոսը) ահաբեկիչների քանակի վերաբերյալ անցկացրած հետազոտության արդյունքներով հայտարարեց, որ վերջին 10 ամսում դատապարտած ահաբեկիչների թվով Թուրքիան աշխարհի բացարձակ առաջատարն է։ Ըստ այդ հետազոտության` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ցայժմ համայն աշխարհում ձերբակալվել է 119.044 ահաբեկիչ, իսկ 35.117 մարդ դատապարտվել է որպես ահաբեկիչ, որոնց 1/3-ը (12.897 մարդ) բաժին է ընկել Թուրքիային։ Ամերիկյան գործակալությունը նշել էր, որ Թուրքիայում որպես ահաբեկիչ դատապարտված անձանց հարցում կարծիքները կիսվում են. մի մասը նրանց (քրդերին) դիտարկում է որպես ահաբեկիչներ, իսկ մյուսները՝ ազատության համար պայքարի մարտիկներ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր