ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՔԸ
Էդուարդ Լ.ԴանիելյանՀայ փիլիսոփայական միտքը հազարամյակների պատմություն ունի, որը բնորոշվում է սեփական ակունքների ճանաչողությամբ` արտաքին աշխարհի հետ ընդհանուր գիտական եզրերով: Հայ պատմագիտական և պատմափիլիսոփայական արժեքներով նշանավորված Ոսկեդարը (Vդ.) և հետագա դարերի արգասիքներն իրենց հիմքում օժտված էին հնագույն պատկերացումներով, որոնք մշակվել էին Հայաստանում և որպես հոգևոր և նյութական մշակույթի արժեքային համակարգ՝ վերակերտվել ու փոխանցվել սերնդեսերունդ: Հիմքում ունենալով հազարամյակների խորքից եկող հայ իմաստասիրական միտքը՝ վաղ միջնադարից լայն կիրառություն ստացան անտիկ փիլիսոփայության նվաճումները։
Հայ պատմագիտության հիմնադիր Մովսես Խորենացին (Vդ.), Հայոց պատմության հնագույն ժամանակների մասին պատմելիս, ըստ իրեն հասած հավաստի հին սկզբնաղբյուրների, ներկայացրել է Հայկյանների ազգաբանությունը1:
Հայկական լեռնաշխարհի բնապատմական միջավայրում Հայոց պետականության զարգացումների ընթացքը պայմանավորված է մ.թ.ա. VIII-IV հազարամյակներից էթնոհոգևոր, մշակութային ու լեզվական, հասարակական ու քաղաքական գործընթացներով` վկայված հնագիտական նյութերի հաջորդականությամբ ու բազմադարյան պատմամշակութային հուշարձաններով և սեպագիր ու անտիկ, միջնադարյան գրավոր սկզբնաղբյուրներով: Գոյաբանական աշխարհընկալմամբ՝ Հայաստանն իր բնապատմական միջավայրում արգասավորված քաղաքակրթական արժեհամակարգով հարատևող ամբողջություն է2: Հայոց պատմության արմատների մասին սրբագործվել են` հանուն Հայրենիքի ազատության ու ազգային արժանապատվության Հայկի հաղթանակով3: Հազարամյակներ անց հայ ազգի ազատատենչ և հայրենապաշտ ոգու` իր սահմանմամբ` ցեղակրոնի բացահայտմանը և իրագործմանը նվիրվելով, Գարեգին Նժդեհը հենց պատմությունն է համարել հզոր հոգևոր` պատմական հիշողությամբ հարատևող հայրենաճանաչողության ու իմաստասիրության շտեմարանը: «Վա~յ այն ժողովրդին, որի անցյալն իր համար լոկ մի գերեզման է անխոս: Չկա ավելի մեծ ծառայություն իր ժողովրդին, քան պատմագրումը, նրա անցյալ կյանքի: Նոր Խորենացիներ, Եղիշեներ թող ճակատագիրը չզլանա մեզ»,- գրել է Գարեգին Նժդեհը4:
Գարեգին Նժդեհի փիլիսոփայական հայացքների տեսական հենքի անկյունաքարն է հայրենի պատմության խորքային իմացությամբ զարգացող իմաստասիրությունը` գոյապայքարի իմաստավորմամբ: Աշխարհայացքային նշանակության նժդեհյան ուսմունքը, համադրվելով համամարդկային իրականության խճանկարի փիլիսոփայական աշխարհընկալումների հետ, իր հիմքում բացարձակապես ազգային և ազգապահպան է: Հայրենի ակունքներից եկող պատմության ճանաչողությունն է հային ամբողջական, լիարժեք ազգային կերպարի մեջ պահում, այլ պարագայում, ըստ Նժդեհի, «պակասավոր է այն հայը, ով հայրենի պատմության իմաստասիրությունը, նրա հետագա զարգացման ուղիները հասկանալու համար չի վերապրել իր ժողովրդի ողջ անցյալը»5: Հոգեպես և բարոյապես մաքրվելու խորհրդով հայրենի պատմությամբ անցյալը վերապրելու գաղափարը հնում խորհրդապաշտորեն արտացոլվել է Հայաստանում դրախտի գտնվելու մասին աստվածաշնչյան տեղեկությանը6 նվիրված Եղիշեի (Vդ.) մեկնությունում:
Դրախտի տեղադրության և Նոյի տապանի նստելու լեռան` Արարատ-Մասիսի մասին կասկածողներին և վիճարկողներին պատասխանելով, Հայոց հոգևոր ժառանգության ակունքների բարձր գնահատմամբ՝ Եղիշեն «Արարածոց մեկնութիւն» երկում գրել է. «Արարատու լեառն ոմանք զԿորդուացն ասեն, այլ ճշմարտութիւն յայտնի առնէ զնա ի Մասիս գոլ... Երկու գետով եւ տապանաւն գեր ի վերոյ եմք քան զյոլովս: Եւ թէ զի՞նչ օգուտ է,... իմաստութեան պատճառ է մեզ, անմոռաց պահելով զԱստուծոյ արարչութեան, եւ ակն ունել փոփոխմանն ի նոյնն»7: Եղիշեի գեր ի վերոյ եմք քան զյոլովս հոգիընկալմանը համահունչ է Գարեգին Նժդեհի միտքը, որ շինարարելով, ստեղծագործելով հավերժացող հայ ժողովուրդը «սիրում է աշխարհն և իրեն դիտել հավերժության բարձունքից»8:
Ի շարունակություն Եղիշեի խորհրդապաշտական մեկնության, հիշենք Գարեգին Նժդեհի խոսքը. «Պատմության նշանակությունը ոչ միայն ճանաչողական է, այլև` դաստիարակչական, վերանորոգչական»9 և, որ հայը «ունի գիտակցությունը իր առաքինության»10:
Ցեղային ոգեղեն ակունքներից սնվող` պատմության նպատակաբանական սկզբունքին հավատարիմ հայի բարոյական կերպը տեսնելով ոչ թե էվդեմոնիստական` երջանկապաշտականության, այլ սեփական կամքի իրականացման մեջ, Գարեգին Նժդեհը նրա համար նախընտրելի է համարել գերմանական փիլիսոփա Յոհան Գոթլիբ Ֆիխտեի (1762-1814) կամապաշտական իմաստասիրությունը11: Իմանուիլ Կանտի (1724-1804) անմիջական հաջորդը՝ Ֆիխտեն, փիլիսոփայական այն շարժմանն էր պատկանում, որի համար կարևոր էր ազգային սկզբունքը12:
Առանձնակի կարևորություն է ներկայացնում Գարգեին Նժդեհի ցեղակրոն հասկացության13՝ հայի հոգևոր ամբողջականությունն արտահայտող իմաստասիրական եզրի պատմական բովանդակությունը:
Հեթանոս բառը ծագում է հունարեն էթնոս բառից, որը նախաքրիստոնեական ժամանակներում ունեցել է ցեղ, ազգ իմաստը14, ուստի հնագույն իմաստով հեթանոսական նշանակել է ցեղային կամ ազգային: Գարեգին Նժդեհը գրել է. «Հայն իր Վահագնն ունէր - աստուածը քաջութեան: Քաջ են ընդհանրապէս ոգու ժողովուրդները… Հեթանոս հայու քաջութիւնը չտկարացաւ նաև քրիստոնէական Հայաստանում: Սխրագործելու իր տենչանքին զուգահեռ` դա ընդունեց արտայայտութեան մի նոր ձեւ եւս – նահատակութիւնը կամաւոր, որն իր խորքի մէջ ոչ այլ ինչ է, բայց եթէ` գիտակցական մահուամբ քաջաբար անմահանալու ձգտում»15:
Այս տողերն ընթերցելիս կարելի է տեսնել, որ մի ներքին կապ ու գաղափար միասնականացնում է հեթանոսական` ազգային և քրիստոնեական (հայի հոգևոր ու ստեղծագործ հանճարով կերտվող վերստին ազգային) ժամանակները: Դա Գարեգին Նժդեհի հոգիընկալմամբ` Հայրենիքն է, հավատամքը՝ հայրենապաշտությունը, որի գիտակցումը յուրաքանչյուր ճշմարիտ հային տրվում է անմնացորդ` մինչև արյան վերջին կաթիլը հոգևոր նվիրումով` անցյալի, ներկայի և ապագայի ոգեղեն ընկալումով. «Հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը», - գրել է Գարեգին Նժդեհը16: Հայրենիքի հարատևությամբ ամբողջական են հեթանոսական և քրիստոնեական դարաշրջանները, քանզի քրիստոնեությունը Հայաստանում ընձյուղվում է հավատի վկայության լուսեղեն ակունքներից17, այն ակունքներից, որոնք խորհրդապաշտորեն վկայվել են Հայաստանում ի դեմս Արարչական Դրախտի, Արարատի լեռների, Նոյան տապանի, Հավիտենական Ուխտի և վերակերտվել սբ. Էջմիածնով: Եվ Նժդեհը գրել է. «Լուսաբաղձ ժողովուրդ, որն ապրել, պայքարել, շինարարել է գիրքը ձեռքին»18: Հայրենիքի հոգեկերտման ու նորոգման ճանապարհին իրենց հսկայական ներդրումն ունեցան «Մեսրոպի այբուբենը, Մամիկոնյանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործությունը»19:
Դարեր շարունակ չարարող ուժը` չարը, պայքարեց արարչական սկզբունքով օժտված հայի դեմ: Չարը նյութին է հետամուտ, լուսապաշտ հայը` տիեզերական կյանքի Էությանը, չարը փարվել է խավարին, հայի համար նվիրական է լուսաշավիղ Էության իմաստը բացահայտող իմաստասիրությունը, որի նպատակն է, ըստ մեծն Դավիթ Անհաղթի, «զհոգիս մարդկան զարդարել»20:
Հայկյան և Վարդանանց սուրբ ակունքներից սերող մեծ զորավար, պետական գործիչ, Արցախյան հաղթանակի ոգեղեն խորհրդանիշ Գարեգին Նժդեհի իմաստասիրական հայացքների անկյունաքարն է հայ ազգի տեղաբնիկ ակունքներից սերող հոգևոր արժեքների վրա հիմնված հայրենասիրական գոյապայքարի տեսությունը, որի մշակման ասպարեզն է հայրենաճանաչողությունը:
1 Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 17, 20:
2 Է.Լ. Դանիելյան, Հայոց պատմական և քաղաքակրթական արժեհամակարգի պաշտպանության անհրաժեշտությունը, «Լրաբեր», ՀՀ ԳԱԱ հաս. գիտ., N 3, 2010, էջ 53-73:
3 Մովսէս Խորենացի, նշվ. աշխ., էջ 34-37:
4 Գ.Նժդեհ, Բանտային գրառումներ, Երևան, 1993, էջ 24:
5 Նույն տեղում, էջ 25։
6 Դեռևս Ք. ա. Iդ. – Iդ. առաջին կեսին Փիլոն Եբրայեցին (Աղեքսանդրացի) (Ք.ծ.ա. 20 - մ.թ. 50թթ.) մերժում էր Դրախտի մասին աստվածաշնչյան տեղեկության կապը Արարատի լեռների` Հայոց լեռների հետ, գրելով. «Ասին Դկղաթայ եւ Արածանւոյ աղբիւրքն բղխել ‘ի Հայոց լերանցն. եւ անդ դրախտ ոչ է, այլ եւ ոչ երկուք եւ այլ աղբիւրք գետոյն» (Փիլոնի Եբրայեցւոյ Մնացորդք ‘ի Հայս որ են մեկնութիւն Ծննդոց եւ Ելից. Վենետիկ, 1826, էջ 9): Այն, որ դեռևս I դարում Փիլոնը միտումնավոր կերպով մերժում էր Հայոց լեռներում դրախտի գտնվելու մասին պատկերացումը, վկայում է, որ նույնիսկ հնում բիբլիական այդ ճշմարտության դեմ գաղափարական պայքար է եղել:
7 Լ.Խաչիկյան, Եղիշեի «Արարածոց մեկնութիւն», Երևան, 1992, էջ 245:
8 Գ.Նժդեհ, նշվ. աշխ., էջ 43:
9 Նույն տեղում, էջ 25:
10 Նույն տեղում, էջ 41:
11 Նույն տեղում:
12 Bertrand Russell, A History of Western Philosophy, New York, 1966, p. 718.
13 Ցեղակրոնության հասկացությունը բավականին ուսումնասիրված է (տե՛ս Մ.Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը, Երևան, 2001, Վ.Ա. Միրզոյան, Գարեգին Նժդեհի կենսափիլիսոփայությունը, Երևան, 2002, Ա.Սարգսայն, Նժդեհի ցեղակրոնության, փիլիսոփայությունը.- Գարեգին Նժդեհ-120. Նժդեհյան իմաստաբանություն, Երևան, 2006, էջ 24-45, Գ.Հովսեփյան, Նժդեհյան ցեղակրոն գաղափարախոսության մասին, Երևան, 2008 և այլն):
14 Հ.Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. III, Երևան, էջ 74:
15 Գ.Նժդեհ, Բանտային գրառումներ, էջ 42:
16 Նույն տեղում, էջ 32:
17 Է.Դանիելյան, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները, Երևան, 1996 (երկրորդ հրատ., 1997):
18 Նույն տեղում, էջ 42։
19 Նույն տեղում, էջ 31:
20 Դաւիթ Անհաղթ, Սահմանք իմաստասիրութեան, Երևան, 1960, էջ 118:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ[28.07.2017]
- Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ[14.07.2017]
- ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՅ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ[15.09.2016]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.04.2015]
- ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ[12.01.2015]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[26.03.2014]
- ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ[07.11.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ[10.10.2013]
- ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[19.06.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ[14.06.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ[05.06.2013]