• am
  • ru
  • en
Версия для печати
07.11.2013

ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Руский

   

Էդուարդ Լ.Դանիելյան
«Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.


Զեկուցում՝ կարդացված «Արցախի ազգային-ազատագրական պայքարը. Գյուլիստանից մինչև մեր օրերը» Միջազգային գիտաժողովում, Ստեփանակերտ, ԼՂՀ, 3-6.10.2013

Հայոց հիմնարար պատմագիտական և մշակութային ժառանգությունը հզոր վահան է ազգային արժեքների պաշտպանության գործում, հատկապես ընդդեմ թուրք-ադրբեջանական կեղծարարության: Արցախյան հաղթանակի գաղափարական իմաստավորումն ազգային անվտանգության անկյունաքարն է: Գանձասարի Ս.Յովհաննես Մկրտիչ եկեղեցին վերահաստատեց ազատագրական պայքարի հոգևոր կենտրոն լինելու իր առաքելությունը, որը վառ կերպով արտահայտվել էր իր հիմնադրման (1216-1238թթ.) և, հատկապես, XVIII դարի ազգային-ազատագրական զինված պայքարի և ծրագրերի մշակման ժամանակներում:

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի կազմակերպման գործի նոր փուլում կարևորվել էր հայ հոգևորականության ու հատկապես Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ Իսրայել Օրու համագործակցությունը: Նրա տեղեկությունների վրա հիմնվելով` Րաֆֆին ազատագրական պայքարի համար պատրաստ` Գանձասարի կաթողիկոսության Կուրի աջափնա և ձախափնյա թեմերում հայության զորական ուժի մասին գրել է. «…Իրենց Հայրենիքի փրկության գործը առաջ տանելու համար… հայերը արդեն պատրաստած ունեն Շամախու կողմերում 17 հազար զինվոր, Արցախում 60 հազար, իսկ Հայաստանի պարսկական 17 նահանգներից կարելի է հավաքել ավելի քան 100 հազար հոգի…»1:

Եսայի կաթողիկոսը 1702թ. Ռուսաստանում ապրող հայերին օրհնության խոսք հղեց: Այնուհետև նա մեկնեց Սպահան, որտեղ պարսից շահից հրովարտակ ստացավ, որով Գանձասարի կաթողիկոսության ենթակայության տակ էին ճանաչվում Արցախի, Գանձակի, Քաշաթաղի և Շամախիի թեմերը2:

Սյունիքում և Արցախում Հայոց ապստամբության նախաշեմին Եսայի հայրապետը, գլխավորելով Հայոց Արևելից կողմանց հոգևորականությանը և մելիքներին, հայության և եկեղեցու առջև ծառացած խնդիրներով մտահոգված, 1714թ. Գանձասարում գաղտնի ժողով գումարեց, որտեղ մշակվեցին կանոններ՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետությունում Գանձասարի կաթողիկոսության դիրքին և Հայրենիքի պաշտպանությանը: Նշենք դրանցից մի քանիսը. Գանձասարի կաթողիկոսը կընտրվի ժողովրդի ազատ իրավունքով և կհաստատվի Ս.Էջմիածնի կաթողիկոսի կոնդակով, հայության միության կապը պահպանելու համար։ …Որդիաբար հնազանդվել Գանձասարի կաթողիկոսին և սիրով ընդունել նրա հոգևոր կարգադրությունները։ …Յուրաքանչյուր մելիք պարտավոր է գահերեց ճանաչել Ջալալյան մելիքներին և թե՛ հայտնի և թե՛ գաղտնի ժողովատեղի ընդունել Գանձասարի վանքը: …Ամեն զորավար հնազանդելու է իր մելիքի հրամանին, ամեն գնդապետ՝ յուր զորավարին և ամեն զորական՝ իր գնդապետին: …Յուրաքանչյուր մելիք պարտավորված կլինի պահել 3000 կանոնավոր զորք, փորձառու զորավար, հավատարիմ սուրհանդակներ։ …Յուրաքանչյուր մելիք պարտավոր է արթուն հսկել իր սահմանները, և եթե վտանգ նշմարե թշնամիների կողմից, անմիջապես պետք է հաղորդի մյուսներին: …Ամեն մելիք պարտավոր է ամրապնդած պահպանել ներքին սիրո և միաբանության կապը, միաձույլ զորությամբ արտաքնոց դեմ կռվելու: …Հայրենյաց և կրոնի դեմ դավաճանություն և ծանր հանցանք գործողը, թե՛ մելիք լինի, թե՛ զինվորական և թե՛ ժողովրդական, կպատժվի կրոնական և մելիքական խառն ժողովի որոշած պատժով: …Ո՛չ այլազգի իշխանավորաց հետ խնամություն հաստատել և ո՛չ երկպառակությամբ նրանց հարել: …Եթե օժանդակության համար զորեղ տերության դիմելու հարկը զգալի լինի, կրոնական և աշխարհական խառն ժողովով որոշելու է առաջարկելի պայմանները և պահանջները… Յուրաքանչյուր մելիք պարտավոր է Հայրենյաց ընդհանուր շահերը իր գավառի շահերից վեր դասել և իր գավառի շահերը՝ իր անձնական շահերից և օգուտներից3:

1719 և 1721թթ. Եսայի կաթողիկոսի երկու այցերը Ս. Էջմիածին բխում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարում Գանձասարի կաթողիկոսության կարևորությունից: Ամենայն Հայոց կաթողիկոս Աստվածատուր Համադանցին հնարավորինս օգնում էր Գանձասարի կաթողիկոսության ամրապնդմանը:

Հայկական զորագնդերը Հայրենիք վերադարձած Դավիթ Բեկի գլխավորությամբ հաղթականորեն կռվում էին Սյունիքում, իսկ Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ն ու Գանձասարի Եսայի կաթողիկոսը գործում էին Գանձակի ուղղությամբ՝ սպասելով ռուսական բանակի արշավանքին: Եսայի կաթողիկոսը հավաստիացնում էր ռուսական հրամանատարությանը, որ հայերը պատրաստ 40 հազար զինվոր ունեն, իսկ առաջիկայում, երբ տեսնեն Ռուսաստանի կայսեր ողորմածությունը և հուսադրումը, ապա ևս 40.000 կհավաքվի: Գանձասարի կաթողիկոսի հետ էին Արցախի «զհայազուն զօրսն որ գումարեալ կային անտ ի ձեռն մելիքներաց և Դ գլխաւոր եղեալ երիտասարդացն որոց անուանք էին Աւան, Շրուան, Շահնի, եւ Սարուխան. Եւ ամրացեալ յամուր վայրսն Արցախու. եւ այսպէս բազում արիութիւնս ցուցեալ յերկրիս մերում…»: Եսայի կաթողիկոսը Արցախից Գանձակի մերձակայք էր առաջնորդել «զտասն հազար արս ընտիրս եւ սպառազէնս. ընդ որոց եւ զդասս քահանայից», որի մոտ բանակել էր նաև Վախթանգի գլխավորած զորքը4:

Սակայն Պետրոս I-ի այդքան սպասված «Կասպիական արշավանքը» չշարունակվեց: Երկու ամիս անց հայ զորականները դարձան իրենց տեղերը և ամրացան դժվարմատչելի լեռներում:

1724թ. հունվարի 1-ի դրությամբ Գանձասարի Եսայի կաթողիկոսի հետ 12.000 զորք կար հարյուրապետների հետ միասին, իսկ փետրվարին, երբ Պետրոս I-ից հուսադրող հրամանագիրը ստացվեց, Արցախ նահանգից մինչև 40.000 զորք հավաքվեց, որից 30.000 հեծյալ և 10.000 հետևակ, Եսայի կաթողիկոսի և Ավան ու Միրզա հարյուրապետների գլխավորությամբ5, որոնք պարբերաբար զինական մասնակցություն էին ունենում Դավիթ Բեկի գլխավորած պայքարին Սյունիքում:

Հասան-Ջալալյանների գործունեության շնորհիվ Գանձասարը դարձել էր Խամսայի` հինգ մելիքությունների հոգևոր ու ռազմաքաղաքական կենտրոնը: Ելնելով այն փաստից, որ Պետրոս I-ի հետ նամակագրությունը հիմնականում վարում էր Եսայի կաթողիկոսը, կարելի է ասել, որ Ս. Էջմիածինն, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, ազատագրական պայքարում արտաքին հարաբերություններ վարելու գործը վստահել էր Գանձասարի կաթողիկոսությանն իր կենտրոնական՝ Արցախի թեմով: Արցախի մեծ նշանակությունը պայմանավորված էր երկու հիմնական հանգամանքով.

ա) Արցախը պահպանել էր ռազմական որոշակի հնարավորություններով օժտված իր իշխանական տները,

բ) Արցախը՝ Գանձասարի հոգևոր կենտրոնով, արդեն բազմադարյա մեծ փորձ ուներ Հայաստանի արտաքին կապերի հաստատման գործում:

1725թ. փետրվարի վերջին Արցախ ներխուժած թուրքական հրոսակներին հայերը ջախջախեցին Վարանդա գավառում: Թուրք երկու փաշաները սպանվեցին, իսկ երրորդը գերի ընկավ: Գերի թուրք փաշայի հարցաքննությունից երևում է, որ արդեն իսկ այն ժամանակ օսմանյան կառավարողները, թուրք զավթիչները, համակված պանթուրքիզմի մարդատյաց գաղափարախոսությամբ, ձգտելով հասնել Կասպից ծովի ափերը և ավելի արևելք, ծրագրել էին զավթել ամբողջ Հայաստանը և բնաջնջել նրա բնիկ՝ հայ բնակչությանը: Հայոց Արևելից կողմերում՝ Արցախում, թուրքական հրոսակների ջախջախումը6 հաղթանակած հայերի պատասխանն էր թշնամուն:

Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի օրոք Արցախի Գետաշեն է գալիս Հովսեփ Էմինը, որը 1766թ. Գյուլիստանի մելիք Հովսեփի հետ կռվում է խանական հարձակումների դեմ: Հաջորդ տարի նա մեկնում է Գանձասարի վանք, որտեղ նրան սիրալիր ընդունում և իր խոհերը Հայաստանի ազատագրման մասին ներկայացնում է Հովհաննես կաթողիկոսը, սակայն պահը նպաստավոր չի համարում7:

1780թ. Պետերբուրգում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ գեներալ-ֆելդմարշալ, իշխան Գեորգի Պոտյոմկինին ներկայացվում է հին Հայաստանի քարտեզը և արծարծվում Մեծ Հայքի պետության վերականգնման հարցը: Հովհաննես Լազարյանի՝ Ալեքսանդր Սուվորովին հանձնած տեղեկագրի համաձայն, Հայաստանի ազատագրումը կարելի էր իրականացնել հայերից մեկի ղեկավարությամբ: Նա ռուսական ուժերի օգնությամբ ազատագրելու էր Շամախին և Գանձակը, ապա Արցախից նրան կմիանային շատ հայեր: Այդ միացյալ ուժերով նա կազատագրեր Երևանը և մյուս քաղաքները: Արևելյան և Արևմտյան Հայաստանը, ազատագրվելով պարսկական և թուրքական տիրապետությունից, մտնելու էին ռուսական գերիշխանության տակ: Հայերն ի վիճակի կլինեին իրենց միջոցներով պահել 15.000-20.000, իսկ պատերազմի ժամանակ՝ 60.000 զորք, որը, անհրաժեշտության դեպքում, կարելի էր ուղղել թուրքերի կամ այլ թշնամիների դեմ8։ Տեղեկագիրը Եկատերինա II-ին ներկայացնելուց հետո Սուվորովը մեկնեց Աստրախան, ուր ձեռնամուխ եղավ արշավանքի նախապատրաստմանը9՝ կապեր հաստատելով Արցախի մելիքների հետ, սակայն արշավանքը հետաձգվեց:

Գանձասարի Հովհաննես կաթողիկոսը 1783թ. հունվարի 22-ին Եկատերինա II-ին ուղղված գրությունում «Արցախի և Խամսայի հայերի» անունից խնդրում էր Ռուսաստանի հովանավորության տակ վերցնել անհավատների ձեռքից տառապող բազում քրիստոնյաներին և հատկապես հայությանը: 1783թ. մարտի 4-ին գեներալ-անշեֆ, կոմս Պ.Ս. Պոտյոմկինին հասցեագրված նամակներում Արցախի մելիքները հայտնում էին, որ իրենց ուժերը Զանգեզուրի, Շամախիի և Շամքորի հետ միասին պատրաստ կլինեն օգ¬նել ռուսական զօրքերին, երբ նրանք ժամանեն այստեղ: Պ.Պոտյոմկինի հուսադրող պատասխան նամակն ուրախությամբ ընդունել էր Գանձասարի Հովհաննես կաթողիկոսը10: Հովհաննես կաթողիկոսը և Արցախի մելիքները Պ.Պոտյոմկինին ուղղված պատասխան նամակում գ¬րել են. «… Մենք՝ հինգ մելիքներս, մեր հոգևոր հովվապետ կաթուղիկոսով, եպիսկոպոսներով իշխաններով… տանուտերներով, զորապետներով և զորքերով ու հասարակ ժողովրդովք. մինչև ԻՌ (20.000) կամ ԼՌ (30.000) սպառազեն այրեր և զորք…»11։

1783թ. ապրիլի 6-ին Գ.Ա. Պոտյոմկինը գ¬րել է Պ.Ս. Պոտյոմկինին. «…Շուշիի Իբրահիմ խանին անհրաժեշտ է տապալել, որից հետո Ղարաբաղը կը կազմի, բացի Ռուսաստանից, բոլորից անկախ մարզ: Դուք ամեն ջանք գործադրեք, որպեսզի այն նոր մարզը ժողովրդի համար լավագույն կերպ կարգավորվի: Այդ միջոցով նաև մյուս հայկական նահանգ¬ները կհետևեն դրա օրինակին, կամ մեծ թվով (հայեր - հեղ.) կգան Ղարաբաղ…»12։ Այստեղ հետաքրքրական է, որ հարց էր բարձրացվում Հայաստանի այլ շրջաններից տեղափոխվող հայերին ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանի Արցախ նահանգում բնակեցնելու մասին: Սա վկայում է այն նշանակության մասին, որ Հայոց պետության վերականգնման գործում տրվում էր Արցախին:

Գ.Ա. Պոտյոմկինի` Եկատերինա II-ին ուղղված 1783թ. մայիսի 19-ի զեկուցագրից հետևում է, որ ռուսաց կայսրուհին, ի պատասխան Արցախի մելիքների խնդրանքի, նրանց խոստացել էր «հարմար պարագայում» Արցախի մարզը, «որը կազմված է հայերից, հանձնել ազգային կառավարման և այդ միջոցով Ասիայում վերականգ¬նել քրիստոնեական պետությունը»13։ Սակայն այս անգամ ևս գործնական քայլեր չձեռնարկվեցին:

Այսպիսով, XVIII դարում Արցախը, որպես Գանձասարի կաթողիկոսության կենտրոնական նահանգ՝ իր թեմով, կարևոր նշանակություն է ունեցել հայ ազգային-ազատագրական պայքարի գործում, որը երկարատև մաքառումներից հետո իր հոգևոր ու գաղափարական զարթոնքն է վերապրում XXդ. վերջին տասնամյակներից՝ պսակված Արցախյան հաղթանակով և Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության հաղթարշավով:

1 Րաֆֆի, Խամսայի մելիքութիւնները, Երկերի ժողովածու, հ. 9, Երևան, 1987, էջ 430-431:

2 Մատենադարան, Կաթողիկոսական դիւան, թղթ. 2բ, վաւ. 141:

3 Բէկնազարեանց Ապրես, «Գաղտնիք Ղարաբաղի», Ս. Պետերբուրգ, 1886, էջ 210-214:

4 Պատմութիւն կամ յիշատակ ինչ ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից, համառօտագ¬րեալ ի սրբազնակատար կաթուղիկոսէն Աղուանից ի տէր Եսայեայ Հասան-Ջալալեանց. ի թուականին Հայոց ՌՃԿ, իսկ ի թուականի Տեառն մերոյ Փրկչին Յիսուսի 1711, Շուշի, 1839, էջ 57-60։

5 Армяно-русские отношения в первой трети XVIII века, т. II, ч. II, под редакцией Ашота Иоаннисяна, Ереван, 1967, с. 204.

6 Эзов Г.А., Сношения Петра Великого с армянским народом, СПб, 1898, с. 422, N 276.

7 Иоаннисян А.Р., Иосиф Эмин, Ереван, 1945, с. 216.

8 Օրմանեան Մաղաքիա արքեպիսկոպոս, Ազգապատում. Հայ Ուղղափառ Եկեղեցւոյ անցքերը սկզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով պատմուած, Ա-Դ հատոր: Վերահրատարակութիւն ի Հայաստան քրիստոնէութեան պետական կրօն հռչակման 1700 ամեակին, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2001, էջ 3702, А.Р. Иоаннисян, Россия и армянское освободительное движение в 80-х годах XVIII столетия, Ереван, 1947, с. 23-24.

9 Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, Երևան, 1972, էջ 220:

10 Армяно-русские отношения в XVIII веке, 1760-1800, Сборник документов, т. IV, с. 222-224.

11 Նույն տեղում, с. 225-227.

12 Նույն տեղում, с. 228-231, 235-236, 239.

13Там же, с. 241.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր