ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱ
Հայկ Գաբրիելյան2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցում էին երկրի 15 կուսակցությունները ներկայացնող 7492 թեկնածուներ եւ 203 անկախ թեկնածուներ: Հիմնական պայքարն ընթացավ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ), գլխավոր ընդդիմադիր ուժ, քեմալական ուղղությունը ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ), ինչպես նաեւ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) միջեւ: Վերջինս ընտրությունների ժամանակ հանդես եկավ անկախ թեկնածուների տեսքով` հետագայում խորհրդարանական խմբակցություն ձեւավորելու հեռանկարով: Դրա պատճառն այն էր, որ ԽԺԿ-ն չէր կարող հաղթահարել խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 10%-անոց նախընտրական շեմը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ԵԽ-ի անդամ 47 երկրներում:
Ընտրությունների արդյունքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) 550 մանդատներից 327-ը բաժին ընկավ ԱԶԿ-ին, 135-ը`
ԺՀԿ-ին, 53-ը` ԱՇԿ-ին, իսկ 35-ը` անկախ թեկնածուներին: 2007 թվականի հուլիսի 22-ի վաղաժամ ընտրությունների համեմատ` այս անգամ ԱԶԿ-ն հավաքեց 3.17%-ով ավելի քվե, սակայն նրա խորհրդարանական մանդատների քանակը նվազեց 14-ով, ԺՀԿ-ի քվեներն աճեցին
5.13%-ով եւ 23 մանդատով, ԱՇԿ-ն 1.23%-ի եւ 18 մանդատի անկում ունեցավ, իսկ անկախ թեկնածուները 1.33%-ի եւ 9 մանդատի աճ արձանագրեցին:
Հատկանշական է, որ ԱԶԿ-ն հաղթել է 81 նահանգներից 66-ում, այդ թվում նաեւ Ստամբուլում ու Անկարայում: Ընդ որում, ԱԶԿ-ին հաջողվել է 12 նահանգներում 100%-ով ստանալ բոլոր պատգամավորական մանդատները: Այս անգամ որոշակիորեն նվազել է քրդաբնակ շրջաններում ԱԶԿ-ի ստացած աջակցությունը, ինչի պատճառը վերջին շրջանում քրդերի հանդեպ ԱԶԿ-ի վարած կոշտ քաղաքականությունն է: Սակայն արեւելյան շրջանների կորուստները փոխհատուցվել են արեւմտյան շրջաններում գրանցած աճով: ԱԶԿ-ին չի հաջողվել որեւէ պատգամավորական մանդատ ստանալ քրդաբնակ Հաքքարի եւ Թունջելի (նախկին Դերսիմ), ինչպես նաեւ ադրբեջանաբնակ Իգդիրի նահանգներում: Վերջին դեպքը շատ է զայրացրել Էրդողանին:
ԺՀԿ-ին հաջողվել է հաղթել միայն 8 նահանգներում: Խոսքը Թուրքիայի եվրոպական հատվածի եւ Էգեյան ծովին հարակից 7 նահանգների (Իզմիր) մասին է, ուր ԺՀԿ-ն ավանդաբար ուժեղ դիրքեր ունի: Բացի այդ, ԺՀԿ-ն հաղթել է արեւելյան Թունջելի նահանգում, ինչը պայմանավորված է նրանով, որ այնտեղից է սերում ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: ԱՇԿ-ին հաջողվել է հաղթել միայն Հայաստանին սահմանակից եւ ադրբեջանական մեծ բնակչություն ունեցող Իգդիրում, ուր գերիշխում են հակահայկական տրամադրությունները: Անկախ թեկնածուները հաղթել են հարավարեւելյան քրդաբնակ 7 նահանգներում:
Աչքի է զարնում այն, որ ԹԱՄԺ-ն այս անգամ ավելի երիտասարդ կազմ ունի. առաջին անգամ խորհրդարան անցնելու հնարավորություն են ստացել 25 տարին բոլորած անձինք (նախկինում որպես պատգամավորական նվազագույն տարիք էր սահմանված 30-ը): Բացի այդ, ԹԱՄԺ-ում հայտնվել են 349 նոր պատգամավորներ:
Այսպիսով, ԱԶԿ-ին հաջողվեց 3-րդ անգամ անընդմեջ (03.11.2002 – 34.28% եւ 363 մանդատ, 22.07.2007–46.66% եւ 341 մանդատ, 12.06.2011– 49.83% եւ 327 մանդատ) հաղթել խորհրդարանական ընտրություններում, ինչը բրիտանական The Economist պարբերականն անվանեց «հեթ-տրիկ»: Ուշագրավ է, որ ԱԶԿ-ն, ամեն անգամ տոկոսային առումով բարելավելով իր ցուցանիշը, մանդատների քանակի աստիճանական կորուստ է կրել: Դա պայմանավորված է նրանով, թե տվյալ դեպքում ընտրողները որչափ են իրենց քվեն տվել այն կուսակցություններին, որոնք չեն կարողացել հաղթահարել նախընտրական 10%-անոց շեմը. 2007 թվականին «կորել» էր ընտրողների քվեների միայն 13%-ը, մինչդեռ 2002 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 43%:
ԱԶԿ-ի ներկայիս հաղթանակը նշանակում է, որ այն առնվազն եւս 4 տարի պետք է ղեկավարի Թուրքիան, ինչը 1946 թվականին բազմակուսակցական համակարգի ներդրումից հետո կհանդիսանա ռեկորդային ցուցանիշ: Դրան կարող է խանգարել միայն հնարավոր ռազմական հեղաշրջումը, սակայն դրա հավանականությունն օրեցօր ավելի է նվազում` հաշվի առնելով այն, որ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից կանխորոշված երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պահապաններ հանդիսացող զինվորականներն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը:
Ընթացիկ ընտրություններում ԺՀԿ-ի որոշակի հաջողությունը վկայում է նախորդ տարվա մայիսին սեռական սկանդալի պատճառով հրաժարական տված ԺՀԿ նախկին նախագահ Դենիզ Բայքալին փոխարինած Քեմալ Քըլըչդարօղլուի վարած ճիշտ քաղաքականության մասին: Վերջինս իրականացրել է մի շարք ներկուսակցական բարեփոխումներ` ընտրություններին ներկայանալով նոր գաղափարներով ու նոր թիմով: Նման տեմպի պահպանման դեպքում ժՀԿ-ն հետագա ընտրություններում կարող է լուրջ մրցակից հանդիսանալ ԱԶԿ-ի համար:
Ինչ վերաբերում է ԱՇԿ-ին, ապա թեեւ ընտրություններից առաջ նրա վերնախավն «ինչ-որ մեկի» (ըստ ԱՇԿ նախագահ Դեւլեթ Բահչելիի` Էրդողանի) թեթեւ ձեռքով հայտնվել էր սեռական սկանդալների կիզակետում, այնուամենայնիվ, դա նրա համար կործանարար չեղավ, սակայն բացասական հետեւանքներ ունեցավ: ԱՇԿ-ին հաջողվեց հաղթահարել նախընտրական 10%-անոց շեմը եւ պահպանել սեփական ներկայությունը ԹԱՄԺ-ում, սակայն 18 մանդատի կորստյան գնով: Դա խոսում է այն մասին, որ թուրք ազգայնական ընտրազանգվածը, անկախ ամեն ինչից, հավատարիմ մնաց կուսակցությանը եւ տապալեց ԹԱՄԺ-ից ԱՇԿ-ին հեռացնելու շահագրգիռ կողմերի (առաջին հերթին ԱԶԿ-ի) պլանը:
Ընտրություններից առաջ խորհրդարանում 8 ներկայացուցիչ ունեցող ԽԺԿ-ն այս անգամ կարողացավ հասնել առավել նշանակալից հաջողության եւ ԹԱՄԺ-ում մեծացնել իր ներկայությունը: Դա նրան հնարավորություն է ընձեռում առավել մեծ կշիռ ունենալ տարբեր օրինագծերի առաջքաշման ու հաստատման ժամանակ: Ինչպես եւ սպասվում էր, քուրդ անկախ թեկնածուները ԹԱՄԺ-ում ձեւավորեցին 3-րդ ընդդիմադիր խմբակցությունը` ԽԺԿ:
Ընտրություններից հետո թուրքական լրատվամիջոցները հայտարարեցին, որ 9 նորընտիր պատգամավորների համար բանտից խորհրդարան տանող ճանապարհն անցնելու է դատարանի միջոցով: Նրանցից 6-ը ներկայացնում են ԽԺԿ-ն, 2-ը` ԺՀԿ-ն, 1-ը` ԱՇԿ-ն: Նորաթուխ քուրդ պատգամավորները բանտում են հայտնվել քուրդ ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով։ Խոսքը Գյուլսերեն Յըլդըրըմի (Մարդին), Սելմա Ըրմաքի ու Ֆայսալ Սարըյըլդըզի (Շըրնաք), Հաթիփ Դիջլեի (Դիարբեքիր), Իբրահիմ Այհանի (Շանլըուրֆա) եւ Քեմալ Աքթաշի (Վան) մասին է։ ԺՀԿ-ի դեպքում նրա ներկայացուցիչները` լրագրող Մուսթաֆա Բալբայը (Իզմիր) եւ գիտնական ու հասարակական գործիչ Մեհմեթ Հաբերալը (Զոնգուլդակ), բանտում են հայտնվել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործի շրջանակներում, իսկ ԱՇԿ-ի միակ ներկայացուցիչը «Բալյոզ»-ի գործով ձերբակալված պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանն է (Ստամբուլ)։
Հունիսի 23-ին Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) վետո դրեց Հաթիփ Դիջլեի պատգամավորական լիազորությունների վրա` իր որոշումը պատճառաբանելով նրանով, որ Դիջլեն ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու համար դատապարտվել է 1 տարի 8 ամիս ժամկետով: YSK-ն գտնում է, որ Դիջլեն պատգամավոր կարող է դառնալ 2014 թվականից ոչ շուտ:
Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում, որոնք քաոսային իրավիճակ առաջացրին Թուրքիայի տարբեր շրջաններում, այդ թվում նաեւ Ստամբուլում: Մյուս քուրդ նորընտիր պատգամավորներն իրենց հերթին սպառնացին բոյկոտել խորհրդարանի աշխատանքները: ԺՀԿ-ն նույնպես սպառնաց վարվել նման կերպ` բանտից Բալբայի ու Հաբերալի չազատման դեպքում:
Հունիսի 28-ին ԹԱՄԺ-ը նորընտիր կազմով հավաքվեց առաջին անգամ, տեղի ունեցավ 361 նորընտիր պատգամավորների երդման արարողությունը: ԹԱՄԺ-ի պատմության ընթացքում առաջին անգամ երդման արարողությունն ուղեկցվեց առանց 189 պատգամավորի մասնակցության: Փաստորեն, դրան մասնակցել են միայն ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն: Չնայած ընդհանուր առմամբ ԺՀԿ-ն չմասնակցեց դրան, այնուամենայնիվ, չխախտեց ավանդույթը, եւ ԺՀԿ ներկայացուցիչ Օքթայ Էքշին, ով ԹԱՄԺ ամենատարեց պատգամավորն է, երդում տվեց եւ խորհրդարանի կանոնադրության համաձայն` ժամանակավորապես ստանձնեց ԹԱՄԺ խոսնակի պաշտոնը` մինչեւ վերջինիս ընտրությունը:
Պետք է նշել, որ ԺՀԿ-ի ու ԽԺԿ-ի խորհրդարանական բոյկոտը չկարողացավ խանգարել ԹԱՄԺ-ի գործունեությանը: ԹԱՄԺ-ի աշխատանքներին մասնակցող ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի մանդատների քանակը (ընդհանուր` 380 մանդատ) թույլ էր տալիս ոչ միայն պարզապես գործել, այլեւ օրենքներ ընդունել, ինչի համար պահանջվում է սահմանադրական մեծամասնություն (367 քվե): Փաստորեն, դրա համար ԱԶԿ-ն պարտական է ԱՇԿ-ին, ինչն էլ հարուցել էր ԺՀԿ-ի զայրույթը: ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ն սկսեցին միմյանց մեղադրել դավաճանության մեջ: ԱՇԿ նախագահ Դեւլեթ Բահչելիին հասցեագրած իր խոսքում Քըլըչդարօղլուն նշել է. «Ես կարող եմ ասել միայն մեկ բան։ Մենք չենք դավաճանում մեր ընկերներին»։ Սրանով նա ակնարկեց այն, որ ԱՇԿ-ն պարտավոր էր աջակցել ընդդիմության բոյկոտի որոշումը` ելնելով նրանից, որ այդ կուսակցության պատգամավոր Էնգին Ալանը դեռեւս ապօրինաբար պահվում է բանտում: Ի դեպ, վերջինս 1999 թվականին Քենիայում ղեկավարել է թուրքական հատուկջոկատայինների խումբը` ձերբակալելով քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանին եւ նրան հասցնելով Թուրքիա:
Սակայն ԱՇԿ-ի վերնախավն անպատասխան չթողեց Քըլըչդարօղլուի այդ մեղադրանքը։ ԱՇԿ փոխնախագահ Ֆարուք Բալը հայտարարեց. «Այդ արտահայտությունը չի մեծացնում նրա համբավը։ Մենք նույնպես համաձայն չենք դատարանի որոշման հետ։ Սակայն նման պահվածքով ԺՀԿ-ն դավաճանում է իր 11 միլիոն ընտրողներին»։ Իսկ ԱՇԿ վերնախավի մեկ այլ ներկայացուցիչ` Օքթայ Վուրալը, իր հերթին նշեց. «Մենք երբեք չենք դավաճանի ո՛չ մեր ընկերներին, ո՛չ էլ ժողովրդի կամքին։ Մենք գիտենք, թե ինչպես է անհրաժեշտ ներկայացնել ժողովրդի կամքը»։
Հուլիսի 4-ին տեղի ունեցավ ԹԱՄԺ խոսնակի ընտրությունը: Միայն երրորդ փուլում ԱԶԿ ներկայացուցիչ Ջեմիլ Չիչեքը, հաղթահարելով պահանջվող քվեի շեմը, դարձավ ԹԱՄԺ-ի 25-րդ նախագահ:
Չիչեքն անմիջապես ձեռնամուխ եղավ ընդդիմադիրների բոյկոտի արդյունքում առաջացած խորհրդարանական ճգնաժամի հարթմանը: Հուլիսի 7-ին նա հանդիպումներ ունեցավ Քեմալ Քըլըչդարօղլուի եւ քուրդ պատգամավորներ Սըրրը Սաքըքի եւ Հասիփ Քափլանի, իսկ հաջորդ օրը` Սելահաթթին Դեմիրթաշի ու Գյուլթան Քըշանաքի հետ: Չիչեքից առաջ էլ խնդրի հարթմամբ ստիպված էր եղել անձամբ զբաղվել Գյուլը, որը հունիսի 30-ին հանդիպել էր Քըլըչդարօղլուի, իսկ հաջորդ օրը` քրդերի ներկայացուցիչներ Շերաֆեդդին Էլչիի եւ Ահմեթ Թյուրքի հետ։
Հուլիսի 6-ին թուրքական «Զաման» թերթը գրեց. «Նորընտիր պատգամավորների երդման արարողության վերջնաժամկետը սպառվում է հուլիսի 15-ին։ Սահմանադրության 84-րդ հոդվածի եւ ԹԱՄԺ-ի ներքին կանոնակարգի 138-րդ հոդվածի համաձայն` մեկ ամսվա ընթացքում, առանց հարգելի պատճառի, 5 նստաշրջանից բացակայած պատգամավորները զրկվում են իրենց պատգամավորական լիազորություններից։
Դա նշանակում էր, որ երդման արարողությունը եւ ԹԱՄԺ-ի առաջին երկու նիստերը բոյկոտած ԺՀԿ-ի եւ ԽԺԿ-ի նորընտիր պատգամավորները պետք է կողմնորոշվեն մինչեւ հուլիսի 15-ը, քանի որ մինչ այդ տեղի են ունենալու ԹԱՄԺ-ի հաջորդ երեք նիստերը։ Եթե պատգամավորական լիազորություններից զրկվածների թիվը գերազանցում է ԹԱՄԺ-ի կազմի 5%-ը (28 մանդատ), ապա երեք ամսվա ընթացքում անցկացվում են միջանկյալ ընտրություններ։ Այդ դեպքում ԱԶԿ-ին կհաջողվի ստանալ խորհրդարանական մեծամասնություն` 367 քվե (2/3-ը)»։ Դրա համար էլ պատահական չէր, որ Օջալանը, որը սկզբնական շրջանում ողջունել էր քուրդ պատգամավորների բոյկոտը, հուլիսի 8-ին նրանց կոչ արեց երդում տալ խորհրդարանում:
Հուլիսի 8-ին Չիչեքի հետ ունեցած մոտ 40 րոպեանոց հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, որ խորհրդարանական ճգնաժամը մոտ է ավարտին։ Դժվար է կարծել, թե ԺՀԿ-ն ու ԽԺԿ-ն պատրաստ են զրկվել խորհրդարանում ներկայացված լինելուց եւ միջանկյալ ընտրությունների միջոցով ԱԶԿ-ին սեփական ուժերով ցանկացած օրինագիծ հաստատելու հնարավորություն ընձեռել:
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա հունիսի 14-ին վերջին անգամ հավաքվեց Էրդողանի գլխավորած թուրքական 60-րդ կառավարությունը: Նույնը օրը Չանքայա նախագահական նստավայրում Աբդուլա Գյուլն Էրդողանից ընդունեց 60-րդ կառավարության հրաժարականը` հանձնարարելով ձեւավորել նոր կառավարություն: Վերջինս (61-րդ կառավարությունը) ներկայացվեց հուլիսի 6-ին: Այն շատ չէր տարբերվում նախորդ կազմից. դրանում հայտնվել էին 6 նոր անուններ, իսկ 3 նախարարներ էլ փոխատեղում էին կատարել: Փոխվարչապետեր դարձան Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Բեշիր Աթալայը եւ Բեքիր Բոզդաղը:
Հուլիսի սկզբին Էրդողանը խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերին եւ երկրի հասարակական կազմակերպություններին կոչ արեց համատեղ աշխատել նոր Սահմանադրության մշակման վրա. «Եթե մենք գանք կոնսենսուսի, ԱՇԿ-ի հետ հանգենք միացյալ կարծիքի, ապա կիրականացնենք նոր Սահմանադրության մշակմանն առնչվող մեր բոլոր պարտականությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում ամենախոշոր ընդդիմադիր ուժը ԺՀԿ-ն է` մենք շատ ենք ցանկանում, որ այդ կուսակցությունն էլ ներգրավվի այս գործընթացում։ Դա շատ կարեւոր է ժողովրդավարական խորհրդարանական համակարգի զարգացման տեսանկյունից»։
Ի դեպ, ընտրություններից առաջ բազմիցս խոսվել է, թե Էրդողանն ընտրություններից հետո փոխելու է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ պատմության ընթացքում ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում` 1982 թվականի նոյեմբերի 7-ին, ընդունված Սահմանադրությունը, Թուրքիան անցում է կատարելու ամերիկյան կամ ֆրանսիական օրինակով նախագահական համակարգին (երբ նախագահն առավել մեծ լիազորություններ կունենա), իսկ Էրդողանը դառնալու է նախագահ:
Սակայն խորհրդարանական ընտրություններից օրեր անց թուրք պատմաբան Թարհան Էրգենը հայտարարեց, որ Էրդողանը չի փորձելու նախագահ դառնալ. «2012 թվականին (գարուն) կայանալիք նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը մեկ տարի։ Դա շատ սեղմ ժամկետ է` Սահմանադրությունում նախագահական համակարգի մասին ուղղումներ մտցնելու համար։ Միեւնույն ժամանակ, 2015 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար Էրդողանը չի կարող առաջադրել սեփական թեկնածությունը, քանի որ ԱԶԿ կանոնադրությունն արգելում է երեք անգամից ավելի դառնալ պատգամավոր։ Էրդողանին պետք չէ նախագահությունը, նա ցանկանում է պատմության մեջ մտնել որպես «Քրդական հարցը» լուծած քաղաքական գործիչ, ինչից հետո կավարտի իր պատմական առաքելությունը»։
Թարհանի հետ համակարծիք է բրիտանական The Economist պարբերականը. «Էրդողանը կարող է կանգնել Քեմալ Աթաթուրքի կողքին։ Էրդողանը պետք է հրաժարվի ֆրանսիականի նման նախագահական համակարգին անցում կատարելուց։ Առավել կենտրոնացված ուժեղ նախագահական համակարգը վատ գաղափար է Թուրքիայի եւ հնարավոր է` անընդունելի մնացյալ բոլոր կուսակցությունների համար։ Էրդողանը պետք է լուծի ամենակարեւոր խնդիրը` «Քրդական հարցը», որը 15 միլիոն քրդական բնակչություն ունեցող Թուրքիայի ամենալուրջ հարցն է: Էրդողանը 4-րդ անգամ չի կարող առաջադրվել որպես պատգամավորական թեկնածու, դրա համար էլ նշում են, թե նրա հայացքը գամվել է նախագահության վրա։ Սակայն Էրդողանը հիմնականում մտածում է պատմության մեջ հետք թողնելու մասին։ Եթե նրան հաջողվի ընդունել ազատական Սահմանադրություն եւ լուծել «Քրդական հարցը», ապա նա կարող է տեղ զբաղեցնել Աթաթուրքի եւ այլ նշանավոր թուրքերի կողքին»:
Այսպիսով, խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանը պետք է լուծի երկու հիմնական խնդիր` նոր Սահմանադրության ընդունումն ու «Քրդական հարցի» ժողովրդավարական կարգավորումը: Եթե Էրդողանին հաջողվի նախագահական համակարգին անցում կատարելու հարցում ստանալ ընդդիմադիր կուսակցությունների եւ հենց իր կուսակիցների համաձայնությունը, ապա հաջորդ տարի նա կարող է հնգամյա ժամկետով ընտրվել նախագահ` նույն ժամկետով եւս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ: Հակառակ դեպքում Էրդողանը ստիպված կլինի 2015 թվականին լքել քաղաքական ասպարեզը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]