ՍԻՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
Հայկ ԳաբրիելյանԵրբ այս տարվա մարտի կեսերին Սիրիայում սկսվեցին ժողովրդական հուզումները, Թուրքիան սկզբում լռություն պահպանեց` հետեւելով իրադարձությունների ընթացքին: Սակայն արդեն մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը, գիտակցելով իրավիճակի պայթյունավտանգ լինելը, հեռախոսազրույց ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ հայտնեց իր լիակատար աջակցության մասին` չմոռանալով անհապաղ բարեփոխումներ իրականացնելու եւ ցուցարարների պահանջները բավարարելու կոչեր հնչեցնել:
Մարտի 30-ին PKK առաջնորդներից Մուրաթ Քարայըլանը սիրիացի քրդերի անունից սպառնաց ապստամբություն բարձրացնել. «Սիրիայի քրդաբնակ հյուսիս-արեւելքում դեռեւս հարաբերական անդորր է տիրում: Սակայն բացառված չէ, որ հուզումների ալիքը տարածվի ողջ երկրով մեկ: Եթե քրդերն ապստամբություն բարձրացնեն, ապա դա Սիրիայի համար կարող է առավել լուրջ հետեւանքներ ունենալ, քան արաբների խռովության դեպքում է: Սիրիան պետք է ճանաչի քրդերի ազգային ինքնությունը եւ բավարարի քուրդ ժողովրդի քաղաքական, մշակութային ու հասարակական պահանջները»:
Սա առաջացրեց Էրդողանի խոր մտահոգությունը, որը մարտի 31-ին զանգահարեց Ասադին. «Սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են ունենում հարեւան Թուրքիայի վրա: Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը: Եթե Դուք հրաժարական տաք, ապա 1.4 միլիոն սիրիական քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն, Իրանում բնակվող 7 միլիոն եւ Հյուսիսային Իրաքում բնակվող 6 միլիոն քրդերի հետ միասին ոտքի կկանգնեն եւ միացյալ անկախ պետության պահանջ կդնեն»:
Արդեն ապրիլի 7-ին Սիրիայի քրդերի սպառնալիքն իր ազդեցությունն ունեցավ. Ասադը քաղաքացիություն շնորհեց երկրի հյուսիսում բնակվող 300.000 քրդերի: 1962 թվականի մարդահամարի ժամանակ 120.000 քրդեր դուրս էին մնացել Սիրիայի քաղաքացիների ցանկից եւ գրեթե կես դար համարվել օտարերկրացի, քանի որ Սիրիա էին ներթափանցել հարեւան Թուրքիայից:
Ապրիլի 26-ին Էրդողանն արդեն հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի1 հետ` քննարկելով արաբական աշխարհի վերջին զարգացումները: Օբաման ու Էրդողանն անհանգստություն հայտնեցին, որ սիրիական կառավարությունն ուժ է կիրառում սեփական քաղաքացիների նկատմամբ, եւ նրան կոչ արեցին վերջ դնել այդ ամենին ու անհապաղ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:
Դրա հաջորդ օրն իսկ Էրդողանն ազդանշան ուղարկեց Ասադին` Ստամբուլում արտոնելով սիրիացի ընդդիմադիրների հավաքը: Վերջիններս նշեցին, որ արդեն 50 տարի է, ինչ Սիրիայում շարունակվում է զուլումի դարաշրջանը, եւ այդ ընթացքում ոչ մի բարեփոխում չի իրականացվել` ընդգծելով, որ իրենց ուզածը միայն ազատությունն է:
Ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորությամբ կայացավ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որին մասնակցեցին նաեւ վարչապետ Էրդողանն ու փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը: 6.5 ժամ տեւած այդ նիստը նվիրված էր սիրիական ու լիբիական, ինչպես նաեւ Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին: ԱԱԽ-ն սիրիական իշխանություններին կոչ արեց անհապաղ բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն սիրիական ժողովրդի քաղաքական, սոցիալական ու տնտեսական օրինական պահանջների ապահովմանը:
Նույն օրը թուրքական լրատվամիջոցների համար անսպասելիորեն Էրդողանի հատուկ բանագնացի կարգավիճակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հայտնվեց Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, որին ուղեկցում էր Պետական պլանավորման կազմակերպության ղեկավար (DPT) Քեմալ Մադենօղլուն: Նրանք հանդիպումներ ունեցան նախագահ Ասադի ու վարչապետ Ադիլ Սեֆերի հետ` համոզելով նրանց արագացնել բարեփոխումների անցկացման գործընթացը եւ այդ պլանում օգտվել Թուրքիայի ունեցած փորձից: Ֆիդանը հանդիպեց նաեւ իր սիրիացի գործընկերների հետ:
Ապրիլի 29-ին Սիրիայում տեղի ունեցավ «Ցասման օր» ակցիան, որի ժամանակ զոհվեց մի քանի տասնյակ մարդ: Նույն օրը երեկոյան Հաթայ նահանգում (նախկին Ալեքսանդրեթի սանջակ) թուրք-սիրիական սահմանը հատեցին Սիրիայի 234 քաղաքացիներ: Այդ պատճառով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ստիպված եղավ Քոնիայից անհապաղ վերադառնալ Անկարա եւ հրատապ գումարել «սիրիական» նիստ: Ժամեր տեւած այդ նիստին, որը նախագահում էր հենց Դավութօղլուն, մասնակցել են նաեւ ներքին գործերի նախարար Օսման Գյունեշը, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Ասլան Գյուները, MIT նախագահ Հաքան Ֆիդանը, վարչապետի տեղակալ էֆքան Ալան եւ արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Նիստում քննարկվեցին սիրիական վերջին զարգացումները եւ կարեւորություն տրվեց սիրիական գաղթականների մեծ ներհոսքի դեմն առնելուն ուղղված միջոցառումներին:
Մայիսի սկզբին Թուրքիայի տոնը փոխվեց. մայիսի 2-ին Էրդողանը սպառնաց սիրիական իշխանություններին` վերջիններիս գործադրած դաժանությունների համար. «Համայի սպանդը2 Սիրիայում այլեւս չպետք է կրկնվի: Եթե դա կրկնվի, ապա Սիրիայի համար դժվար կլինի վերացնել դրա հետեւանքները, իսկ միջազգային հանրությունն անպայմանորեն կասի իր հստակ խոսքը: Մենք չենք ցանկանում, որ Սիրիան պառակտվի ու մասնատվի, քանի որ դա կվնասի նաեւ Թուրքիային»: Էրդողանի այդ խոսքերը բավական զայրացրին սիրիական կողմին. Սիրիայում Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը կանչվեց արտգործնախարարություն` պարզաբանումներ տալու:
Մայիսի 14-ին էրդողանը Ռիզեում հայտարարեց, որ Սիրիան Լիբիա չէ, Սիրիան Թուրքիայի հետ ունի 800-900 կիլոմետրանոց սահման, Սիրիայի հարցը գործնականում վերածվել է Թուրքիայի ներքաղաքական խնդրի, ինչի համար էլ ցանկանում է, որ Սիրիան հնարավորինս արագ դուրս գա այդ խնդրահարույց իրավիճակից: Բացի այդ, նա նշեց, որ Ասադի հեռանալը վաղաժամ է համարում` հույս հայտնելով, որ, չնայած ուշացմանը, Ասադը կիրագործի անհրաժեշտ բարեփոխումները, հակառակ դեպքում Սիրիայում ներքաղաքական իրավիճակն առավել կսրվի, կսկսվեն միջկրոնական բախումներ, իսկ երկիրը կպառակտվի:
Մայիսի 25-ին թուրքական «Միլլիյեթ» թերթը, վկայակոչելով Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած «Դեբկա» հետախուզական կայքը, գրեց. «Վերջին օրերին Թուրքիան կտրուկ փոխել է դիրքորոշումն Ասադի ռեժիմի հանդեպ եւ սկսել է երես թեքել Սիրիայի հետ համագործակցությունից: Ասադն արագորեն կորցնում է Էրդողանի ու մուսուլմանական աշխարհի աջակցությունն ու համբերությունը: Թուրքիան մուսուլմանական ժողովրդավար երկիր է, եւ չի կարող աջակցել բռնապետերին, ովքեր դաժանորեն սպանում են իրենց քաղաքացիներին: Էրդողանը կառավարության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպման ժամանակ նույնիսկ հրահանգել է կարճ ժամանակահատվածում խզել Դամասկոսի հետ հարաբերությունները»:
Հունիսի 1-ին Անթալիայում հավաքվեցին սիրիացի ընդդիմադիրները` քննարկելու իրենց երկրում տիրող իրավիճակը։ «Սիրիայում փոփոխությունների օգտին» խորագրով կոնֆերանսում սիրիացի ընդդիմադիրները հայտարարեցին, որ երկիրը կարիք ունի ռեժիմի փոփոխման եւ ոչ թե համաներման3, ինչի համար էլ Ասադը պետք է հեռանա եւ կանգնի դատարանի առջեւ։ Դա լինելու է իրենց պայքարի առաջին փուլը։ Բացի այդ, սիրիացի ընդդիմադիրները համաձայնության եկան հետագա երեք կետերի շուրջ. երկրի ներսում ուժի ու բռնության կիրառման վերացում, օտար միջամտության դեմ պայքար, քաղաքացիական (ժողովրդավարական) Սիրիայի ստեղծում։
Սակայն մանեւրելու տեղ ունենալու համար Թուրքիան, Ասադի հակառակորդների այդ հավաքին զուգահեռ, նույն Անթալիայում (Facebook-ով հրավերներ առաքելու միջոցով) նախաձեռնեց նաեւ Ասադի կողմնակիցների հավաքը, որոնք ժամանեցին Սիրիայից ու Անթաքիայից եւ իրենց դժգոհությունը հայտնեցին Անթալիայում սիրիացի ընդդիմադիրների հավաքվելու կապակցությամբ։ Սրա համար պաշտոնական Անկարան մեղադրվեց երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ, ինչին արդեն իսկ ականատես ենք եղել Լիբիայի պարագայում:
Այն բանից հետո, երբ մայիսի 27-ին Դովիլում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովում ընդունված ամփոփիչ փաստաթղթում նշվեց, որ Քադաֆին պետք է հեռանա, իսկ Ասադը՝ ոչ (նրան ընդամենը կոչ արեցին բարեփոխումներ անցկացնել եւ ոչ թե հեռանալ), Թուրքիան անմիջապես փոխեց իր դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ: Արդեն դրա հաջորդ օրը` մայիսի 28-ին, Հաթայ նահանգում Էրդողանը հայտարարեց. «Սիրիացի եղբայրների ցավը մեր ցավն է, եւ որպեսզի այդ ցավն անտանելի չդառնա, անհրաժեշտ է, որ Սիրիայում իշխեն խաղաղությունն ու կայունությունը»: Իսկ հունիսի 3-ին Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան Դամասկոսին միայնակ չի թողնի:
Այդ ամենի արդյունքում, մեկ-երկու օրում թուրքական սահմանը հատեց ավելի քան հազար սիրիացի փախստական, որով եւ Հաթայում ստեղծված «վրանային քաղաքում» նրանց թիվը հասավ մոտ 1650-ի: Եվ եթե ապրիլի վերջին Դավութօղլուն սիրիացի փախստականների կողմից թուրքական սահմանի հատման համար կիսատ էր թողնում իր գործերը եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հրատապ նիստ գումարում, ապա այս դեպքում Էրդողանը հայտարարեց, որ իրենք իրենց դռները չեն փակի սիրիացի փախստականների առջեւ:
Մայիսի 30-ին բրիտանական The Independent պարբերականի` Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ռոբերտ Ֆիսկը գրեց. «Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելու դեպքում, գաղթականների մեծ ներհոսքը կանխելու համար՝ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա եւ ստեղծել անվտանգության գոտի: Թուրքիան զայրացած է Ասադի վրա, քանի որ նա երկու անգամ խոստացել է բարեփոխումներ իրականացնել, սակայն դրժել է խոստումը։
Այժմ թուրքական կառավարությունը Սիրիա ներխուժելու եւ անվտանգության գոտի ձեւավորելու գաղտնի պլան է մշակել, ինչում մեծ դեր է խաղում քրդական գործոնը։ 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Թուրքիա էին գաղթել մեծ թվով իրաքյան քրդեր։ Այժմ այդ իրավիճակը կարող է կրկնվել Սիրիայի պարագայում։ Դա կանխելու համար Թուրքիան պատրաստ է մի քանի գումարտակ ուղարկել Սիրիա եւ անվտանգության գոտի ձեւավորել»:
Հունիսի 11-ին այդ մասին արդեն գրեց թուրքական «Ռադիկալ» թերթը. «Թուրքական իշխանությունները սիրիացի փախստականների աճող հոսքի դեմն առնելու համար պատրաստվող «Ճանապարհային քարտեզի» շրջանակներում դիտարկում են հարեւան երկրի տարածքում բուֆերային գոտու ստեղծման տարբերակը։ Սակայն դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե սիրիացի փախստականների թվաքանակը գերազանցի 10.000-ը։ Ներկայումս Հաթայում ստեղծված «վրանային քաղաքներում» գտնվում է ավելի քան 4000 մարդ։
Եթե փախստականների թվաքանակը գերազանցի 10.000-ը, ապա Թուրքիան միայնակ չի կարող կրել այդ ծանր բեռը եւ ստիպված կլինի դիմել միջազգային կառույցների օգնությանն ու համագործակցությանը։ Խոսքն առաջին հերթին ՄԱԿ-ի ու ԵՄ-ի մասին է։ Եթե սիրիացի փախստականների ներհոսքը հիշեցնի տարիներ առաջ տեղի ունեցած իրաքյան համանման դեպքերը, ապա թուրքական իշխանությունների օրակարգում կհայտնվի հարեւան երկրի տարածքում բուֆերային գոտի ձեւավորելու հարցը»։
Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունները խորապես անհանգստացած են Ասադի ռեժիմի կողմից սիրիական քրդերի հանդեպ ցուցաբերված կոշտ միջոցներից, ինչը կարող է հանգեցնել քրդական ապստամբությանը, որն էլ կարող է բացասականորեն ազդել «թուրքական Քրդստանի» վրա: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել էր, որ Անկարայում ուշադիր հետեւում են հարեւան երկրում տիրող իրավիճակին եւ պատրաստ են իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարին։
Գյուլը, սակայն, չի մանրամասնել, թե Թուրքիայի համար որն է սիրիական զարգացումների վատթարագույն սցենարը: Կարելի է կարծել, որ դա մարտի վերջին Էրդողանի հայտնած մտավախությունն է, որ եթե Ասադը հեռանա, ապա Սիրիայի քրդերը, Թուրքիայի, Իրանի ու Հյուսիսային Իրաքի քրդերի հետ միասին, ոտքի կկանգնեն եւ միացյալ անկախ պետության պահանջ կդնեն: Այս պլանում թուրքական իշխանությունների համար խիստ անհրաժեշտ է դառնում հարեւան երկրում բուֆերային գոտու ստեղծումը, որը սեպի դեր է խաղալու առաջին հերթին Սիրիայի, ինչպես նաեւ Հյուսիսային Իրաքի ու Թուրքիայի քրդերի միջեւ: Դրա համար էլ պատահական չէ, որ բուֆերային գոտու տեղանքի վայր է ընտրվել Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Քամիշլի քաղաքը:
Ինչպես վերը նշվեց, եթե թուրքական սահմանը հատած սիրիացի փախստականների թիվը գերազանցի 10.000-ը, ապա Թուրքիան պատրաստ է ռազմական միջամտության արդյունքում Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծել բուֆերային գոտի: Իսկ ի՞նչ անել, եթե 3 ամիս Սիրիայում ընթացող ժողովրդական հուզումների արդյունքում թուրքական սահմանը հատած սիրիացի փախստականների թվաքանակը հազիվ հասնում է մի քանի հարյուրի:
Ամենայն հավանականությամբ, այս հարցի պատասխանը հունիսի 9-ին տվեց թուրքական «Այդընլըք» թերթը` հայտնելով, որ հունիսի 6-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում (Թուրքիայի սահմանի մոտ) ընկած Ջիսր Ալ-Շուղուր գյուղաքաղաքում լավ սպառազինված ու վարժեցված մի քանի տասնյակ զինյալների կողմից Սիրիայի ուժային կառույցների 120 աշխատակիցների սպանությունը ղեկավարել է MIT գործակալ Սուրի Ռըդվան Համուդին: Ի դեպ, շատերն այդ միջադեպը շրջադարձային են համարում սիրիական ավելի քան 11-շաբաթյա հակամարտության ընթացքում, քանի որ դա հանդիսանում է այդ ժամանակահատվածում գրանցված ամենաարյունալի բախումը: Իսկ հունիսի 12-ին սիրիական «Սանա» պետական գործակալությունը հայտնեց, որ Ջիսր Ալ-Շուղուրում ձերբակալվել են Թուրքիայից Սիրիա ներթափանցած գրոհայինների երկու խմբեր, որոնց մոտ հայտնաբերվել են թուրքական հեռախոսաքարտեր, կապի միջոցներ, գումար: (Այս առումով, զարմանալի չէր, որ հունիսի 13-ին Ասադի մոտ 2000 կողմնակիցներ հարձակում գործեցին Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան վրա):
Դա անմիջապես հանգեցրեց նրան, որ սիրիական բանակը, ինչպես եւ սպասվում էր, սկսեց պատասխան պատժիչ գործողություններ կիրառել` հայտնվելով թուրքական սահմանին, ինչը թուրքական լրատվամիջոցները որակեցին որպես «շոկային»: Արդյունքում՝ արդեն հունիսի 11-ի դրությամբ Հաթայի «վրանային քաղաքներում» կար 3893 սիրիացի փախստական, որոնք գտնվում են թուրքական անվտանգության ուժերի խիստ վերահսկողության ներքո, քանի որ մտավախություն կա, որ փախստականների հետ միասին Թուրքիա կարող են ներթափանցած լինել նաեւ զինված անձինք եւ մասնավորապես PKK զինյալները:
Թերեւս, նաեւ այդ պատճառով էր, որ Էրդողանն ու Դավութօղլուն սկսեցին պատրաստակամություն հայտնել սիրիացի փախստականներին ընդունելու համար` բոլորին ի ցույց դնելով իրենց «մարդասիրությունը»: Ուշագրավ է նաեւ Հաթայում եւս 5000 սիրիացի փախստականի համար երրորդ «վրանային քաղաքի» ստեղծումը:
Պետք է նշել, որ թուրքական իշխանություններն առավել են հակվում այն տարբերակին, որ Ասադի հեռանալու հնարավորությունները մեծանում են, եւ որ այդ դեպքում քրդերը կարող են բավական ակտիվանալ, ինչի համար էլ պահանջվում է արագացնել բուֆերային գոտու ձեւավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործընթացը: Բացի այդ, թուրքական իշխանությունները հասկանում են, որ լիբիական առաջնորդ Քադաֆիի «ոդիսականը» մոտենում է ավարտին, եւ Արեւմուտքի (ԱՄՆ) ուշադրությունը դրանից հետո բեւեռվելու է Ասադի վրա:
Սակայն, ի տարբերություն Լիբիայի, Սիրիայում արեւմտյան ռազմական միջամտությանը կտրականապես դեմ են հանդես գալիս Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը: Հունիսի 9-ին Դավութօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց. «Սիրիայում դեռեւս պայմաններ չեն ստեղծվել օտար ռազմական միջամտության համար: Եթե Սիրիան արագացնի բարեփոխումների գործընթացը եւ վերահսկի իրավիճակը, ապա դրա կարիքն ընդհանրապես չի զգացվի: Oտար ռազմական միջամտությունը բացասաբար կանդրադառնա Սիրիային սահմանակից երկրների վրա»: Սիրիան արաբական աշխարհում Ռուսաստանի գրեթե միակ դաշնակիցն է: Իրանն իր հերթին քաջ գիտակցում է, որ Սիրիայում օտար ռազմական միջամտության արդյունքում կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ` Աֆղանստանից մինչեւ Իրաք ընկած տարածքում: Պաղեստինցի քաղաքագետ Թահսի Հալյաբիի կարծիքով` Սիրիան Մերձավոր Արեւելքի այն բացառիկ երկիրն է, առանց որի հետ դաշինքի՝ Թուրքիան, Իրանը կամ Եգիպտոսը չեն կարող հանդիսանալ տարածաշրջանային երկրներ:
Հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ համոզիչ հաղթանակը կարող է Էրդողանին մղել առավել գործուն քայլերի: Մինչեւ ընտրություններն Էրդողանի համար ցանկալի չէր համարվում ռիսկային գործընթացներում ներգրավվելը կամ համապատասխան հայտարարություններ հնչեցնելը, ինչը կարող էր բացասականորեն ազդել նրա վարկանիշի վրա: Մինչդեռ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակն արտաքին քաղաքական դաշտում նրան ավելի վստահ է դարձնում:
1 Մարտի վերջին հնգօրյա «հույժ գաղտնի» այցով Թուրքիա ժամանեց Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Լեոն Պանետան, որն Անկարայում հանդիպումներ ունեցավ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի, ինչպես նաեւ կառավարության ու Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ: Դրանց ընթացքում նշվել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը մոտեցել է ճգնաժամային սահմանագծին, իսկ այդ երկրում առկա ժողովրդական շարժումը կրում է սուննի բնույթ: Թուրքական կողմը Սիրիայի վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկներ (այսպես կոչված` «Գաղտնի կոդ»), որոնք առնչվում էին նաեւ Սիրիայում իշխանափոխությանը եւ այդ դեպքում Բաշար Ասադի ընտանիքի անվտանգության երաշխիքներին:
2 1982 թվականին իշխանությունները հողին հավասարեցրին «Մուսուլման եղբայրների» հենակետ դարձած Համա քաղաքը` արմատախիլ անելով կրոնաքաղաքական ընդդիմությունը:
3 Մայիսի 31-ին Ասադը ստորագրեց համաներման հրամանը, իսկ հունիսի 2-ին Էրդողանը հայտարարեց, թե համաներումից երկու օր առաջ զանգահարել է Ասադին եւ, ինչպես եղբայրը եղբորը, խորհուրդ տվել համաներում արձակել:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]