• am
  • ru
  • en
Версия для печати
18.04.2011

«ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

   

Հայկ Գաբրիելյան

Ակնհայտ է, որ արաբական աշխարհում գրանցված վերջին զարգացումները մեծապես ոգեւորել են Թուրքիայի, ինչպես նաեւ Սիրիայի, Իրաքի ու Իրանի քրդերին: Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլա Օջալանը փետրվարի սկզբին իր փաստաբանների միջոցով Թուրքիայի քրդերին կոչ արեց Դիարբեքիրը վերածել Կահիրեի Թահրիր հրապարակի. «Եթե քրդերը Դիարբեքիրում փողոց դուրս գան եւ օրերով տուն չվերադառնան, ապա իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)` հանձին վարչապետ Էրդողանի, այլ ելք չի ունենա, քան նորանոր առաջարկներով հանդես գալը: Հենց այդ ժամանակ էլ կգա խաղաղությունը»:

Օջալանի կոչը լայն արձագանք գտավ քրդերի շրջանում, որոնք անմիջապես գործի անցան: Դիարբեքիրում մի շարք բախումներ տեղի ունեցան, ձերբակալվեցին հարյուրավոր քուրդ ցուցարարներ: Նույն պատկերը գրանցվեց երկրի հարավարեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում, ուր տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորվեցին ու ձերբակալվեցին բազմաթիվ քրդեր: Ստամբուլում քրդերը մի շարք պայթյուններ իրականացրին` «մոլոտովյան կոկտեյլներ» ու ձայնային ռումբեր նետելով ԱԶԿ-ի գրասենյակների վրա: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում այրվեց 250 ավտոմեքենա:

Հարկ է նշել, որ այս ընթացքում Էրդողանին անհանգստացնում էր նաեւ այն, որ թուրք զինվորականները նույնպես կարող են ոգեւորվել արաբական աշխարհի զարգացումներով եւ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկել: Դրա համար էլ պատահական չէր, որ փետրվարի 11-ին Ստամբուլի 10-րդ ծանր հանցավորությունների դատարանը վճռեց ձերբակալել «Բալյոզ» («Կռան») ռազմական հեղաշրջման գործով 196 կասկածյալներից 163 զինվորականի, այդ թվում նաեւ ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեքին, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Իբրահիմ Ֆըրթընային եւ Ստամբուլում տեղակայված 1-ին դաշտային բանակի նախկին հրամանատար, գեներալ Չեթին Դողանին: Ընդ որում, նրանցից 133-ը ձերբակալվեցին հենց դատարանի դահլիճում, իսկ դատական նիստին չմասնակցած մնացած 30-ը` ավելի ուշ:

Փետրվարի 15-ին լրացավ Օջալանի ձերբակալման 12-րդ տարին: Դեռեւս 2010 թվականի նոյեմբերին Օջալանը հայտարարել էր, որ ինչպես ապրիլի 24-ն է հայերի համար, այնպես էլ փետրվարի 15-ը պետք է լինի քրդերի համար: Սակայն դա ասելով` Օջալանը նկատի է ունեցել ոչ թե 1999 թվականի փետրվարի 15-ին իր ձերբակալությունը, այլ` 1925 թվականի փետրվարի 15-ին քրդական ապստամբության ղեկավար, շեյխ Սայիդի ձերբակալությունը, ինչից հետո սկսվեց քուրդ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործընթացը. «Ինձ ձերբակալեցին փետրվարի 15-ին, ինչպես որ այն ժամանակ շեյխ Սայիդին: Հետաքրքիր է, որ ինձ մահվան դատապարտեցին հունիսի 29-ին1, այսինքն` հենց այն օրը, երբ մահապատժի ենթարկեցին շեյխ Սայիդին»:

Մարտի վերջին Օջալանը հայտարարեց, որ Թուրքիան 30 տարի շարունակ իր միլիոնանոց բանակով ցեղասպանության է ենթարկում քուրդ ժողովրդին. «Հենց դրա համար էլ ես պարտիզանական պատերազմ ձեռնարկեցի, ինչը խիստ անհրաժեշտ էր, քանի որ մինչ այդ օրական սպանվում էր 1500 մարդ2»:

Ս.թ. փետրվարի վերջին PKK-ն հայտարարեց նախորդ տարվա օգոստոսի 13-ին կնքված եւ նոյեմբերի 1-ին երկարաձգված զինադադարի միակողմանի խախտման մասին, ինչը պատճառաբանվեց թուրքական կառավարության վարած քաղաքականությամբ. «Զինադադարի կնքմամբ մենք աշխատեցինք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ԱԶԿ-ն քրդերի հետ երկխոսությունից անցում կատարի գործուն քայլերի, սակայն Էրդողանի կառավարությունն ավելի քան 6.5 ամիսների ընթացքում քրդական հարցի կարգավորման ուղղությամբ որեւէ լուրջ քայլ չձեռնարկեց»:

Թուրքական մի շարք փորձագետներ անմիջապես հայտարարեցին, որ զինադադարի խախտմամբ PKK-ն ձգտում է հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ապակայունացնել իրավիճակը եւ դրանով իսկ սասանել ԱԶԿ-ի դիրքերը: Թուրքական հատուկ ծառայություններն էլ իրենց հերթին հայտարարեցին, որ ձեռք են գցել այդ մասին վկայող մի շարք փաստաթղթեր: Չպետք է մոռանալ, որ ներկայումս Էրդողանի գերխնդիրն է համարվում երկիրը, առանց լուրջ ցնցումների, դեպի խորհրդարանական ընտրություններ առաջնորդելը, քանի որ հակառակ դեպքում նրա եւ ԱԶԿ-ի վարկանիշն անկում կապրի:

Զինադադարի խախտումից հետո PKK-ն անցավ գործի. մարտի 25-ին Դիարբեքիրի նահանգի Հանի շրջանում քուրդ զինյալները նախ նռնականետերով հրետակոծեցին միմյանց մոտ գտնվող Անվտանգության ծառայության ու Ժանդարմերիայի շենքերը, ապա ինքնաձիգներով գնդակոծեցին դրանք: Ապրիլի 1-ին Թուրքիայի հարավարեւելյան հատվածում գտնվող Հաթայի նահանգի Հաասսա շրջանում միմյանց բախվեցին Ժանդարմերիայի ստորաբաժանումն ու Սիրիայից ներթափանցած քուրդ զինյալների ջոկատը: Բախման արդյունքում զոհվեց 7 քուրդ զինյալ: PKK-ի պատասխանը չուշացավ. Օջալանի ծննդյան 62-րդ տարեդարձի օրը` ապրիլի 4-ին, հարավարեւելյան Հաքքարի ու Շըրնաք նահանգներում ականապատ ճանապարհի վրա պայթեցին թուրքական զինվորական ավտոշարասյուները, ինչի արդյունքում վիրավորվեց 7 թուրք զինվոր ու սպա: Նույն օրը Թունջելիում (Դերսիմ) հեռահար զենքերից գնդակոծվեց Ժանդարմերիայի պարեկություն կատարող խումբը:

Պետք է նշել, որ բախումները չէին ավարտվում միայն քրդաբնակ շրջաններով: Օրինակ, ապրիլի 6-ին սեւծովյան Սինոպ նահանգի Բոյաբաթ շրջանում անհայտ անձինք կրակահերթ արձակեցին ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվեց 3 ոստիկան: Այս հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեց PKK-ն` նշելով, որ սա մարտի 17-ին Բինգյոլում 4 քուրդ զինյալների սպանության իրենց պատասխան քայլն էր:

Ապրիլի 7-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը մոտ 3 ամիս ժամկետով (մինչեւ հուլիսի 1-ը) «ժամանակավոր անվտանգության գոտի» հռչակեց երկրի արեւելյան ու հարավարեւելյան 15 շրջանները, որոնց մեծ մասը բաժին էր ընկնում սահմանամերձ Շըրնաք եւ Հաքքարի նահանգներին: Դրանով արգելվեց քաղաքացիական անձանց մուտքն այդ շրջաններ:

Մարտի 21-ին քրդաբնակ շրջաններում Նովրուզի տոնակատարությունները վերածվեցին հակաթուրքական ցույցերի ու բախումների պատճառ հանդիսացան: Վանում 400.000 քրդեր, «զինված լինելով» Օջալանի ու PKK-ի վիթխարի պաստառներով, առաջ քաշեցին իրենց քաղաքական պահանջները: Բաթմանում ու Մարդինում տեղի ունեցած ցույցերին, որոնք հետագայում վերածվեցին նստացույցերի, մասնակցեց համապատասխանաբար 20.000 եւ 30.000 մարդ:

Նույն օրը Շանլըուրֆայում Նովրուզի տոնակատարության ժամանակ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարեց, որ «Քրդական հարցը» պետք է լուծվի այս տարի եւ չպետք է սպասել 2012 թվականին: Դրանից 10 օր անց Դեմիրթաշը քրդական բոլոր նահանգային ու շրջանային կառույցներին կոչ արեց բոյկոտել դպրոցներում պարտադրվող աշակերտական երդումը. «Մենք պարտավոր չենք ընդունել 1934 թվականին մի թուրք ռասիստի կողմից գրված «զուլում» երդումը: Դրան չմասնակցելու համար որեւէ պատիժ նախատեսված չէ: Պետք է վերջ դնել այդ զուլումին: Սա վերաբերում է նաեւ թուրք երեխաներին»:

Հիշեցնենք, որ ամեն առավոտ թուրքական դպրոցներում պարտադրվող այդ երդումը սկսվում է «Ես թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ, սկզբունքային եմ…» արտահայտությամբ եւ վերջանում աթաթուրքյան «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» արտահայտությամբ:

Թուրքական իշխանությունների համար եւս մեկ գլխացավանք է այն, որ ավելի քան մեկ տարի է, ինչ քրդական Դեմոկրատական հասարակություն կոնգրեսը (ԴՀԿ) քրդական բոլոր քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնել է ստորագրահավաք` երկրի արեւելյան ու հարավարեւելյան քրդաբնակ շրջանների դպրոցական համակարգում քրդերենի ներառման համար: Արդեն հավաքվել է 1.5 միլիոն ստորագրություն: Այդ փաստաթուղթը պետք է ներկայացվի թուրքական խորհրդարան ու կրթության նախարարություն: Դրանում նաեւ պահանջվում է քրդերենը հռչակել Թուրքիայի 2-րդ պաշտոնական լեզու:

Այս ամենին գումարվեցին վերջին զարգացումները Սիրիայում: Մարտի վերջին Քրդստանի համայնքների միության (KCK) գործադիր կոմիտեի նախագահ Մուրաթ Քարայըլանը սիրիաբնակ քրդերի անունից սիրիական իշխանություններին սպառնաց քրդական ապստամբության բարձրացմամբ. «Սիրիայի քրդաբնակ հյուսիս-արեւմուտքում դեռեւս հարաբերական անդորր է տիրում, սակայն բացառված չէ, որ հուզումների ալիքը տարածվի ողջ երկրով մեկ: Սիրիայի կառավարությունը պետք է հնարավորինս շուտ բանակցությունների մեջ մտնի քրդերի հետ: Եթե քրդերն ապստամբություն բարձրացնեն, ապա դա Սիրիայի համար կարող է առավել լուրջ հետեւանքներ ունենալ, քան արաբների խռովությունը: Սիրիան պետք է ճանաչի քրդերի ազգային ինքնությունը եւ բավարարի քուրդ ժողովրդի քաղաքական, մշակութային ու հասարակական պահանջները»:

Սա անմիջապես առաջացրեց Էրդողանի խոր մտահոգությունը: Նա անմիջապես զանգահարեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` վերջինիս խորհուրդ տալով բարեփոխումներ անցկացնել եւ ոչ մի գնով հրաժարական չտալ. «Սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են ունենում հարեւան Թուրքիայի վրա: Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը: Եթե Դուք հեռանաք, ապա այդ 1.4 միլիոն քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն քրդերի, Իրանում բնակվող 7 միլիոն քրդերի ու Հյուսիսային Իրաքում բնակվող 6 միլիոն քրդերի հետ միասին ոտքի կկանգնեն ու առաջ կքաշեն միացյալ անկախ պետության ստեղծման պահանջը»:

Մարտի վերջին թուրքական Hurriyet թերթի սյունակագիր Յուսուֆ Քանլին իր «Նոր Սայքս-Պիկոյի համաձայնությո՞ւն» խորագրով հոդվածում նշում էր, որ Թուրքիան խորապես անհանգստացած է նրանից, որ Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման մասին այդ համաձայնագրի կնքումից (1915) շուրջ 100 տարի անց Արեւելքը դարձյալ բոցերի մեջ է, եւ նախորդ հարյուրամյակի նման դարձյալ գլխավոր դերերում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը (նախկին Անտանտ): Թուրք լրագրողն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը հետագայում հանդիսացավ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի պայմանագրի հիմքը, ըստ որի` Թուրքիայի արեւելքում պետք է ստեղծվեր հայկական պետություն, իսկ հարավ-արեւելքում` քրդական պետություն:

Այս հարցում Յուսուֆ Քանլիի հետ համակարծիք է «Turksam» միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Իբրահիմ Չեւիքը, որը նույնպես հիշել էր 1919-1920 թվականների Փարիզի հաշտության կոնֆերանսը, 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսը եւ վերջապես Սեւրի պայմանագիրը:

Քրդերի ակտիվացումը թուրքական իշխանություններին հարկադրեց երկրում խաղաղություն հաստատելու համար նորից դիմել Օջալանի օգնությանը: Վերջինիս միջնորդությամբ PKK-ն մինչեւ հունիսի 15-ը երկարաձգեց զինադադարը: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնցից շատ բան է կախված:

Օջալանը հերթական անգամ հայտարարեց, որ սա թուրքական կառավարության վերջին հնարավորությունն է. «Անհրաժեշտ է թուրքական իշխանություններին եւս մեկ հնարավորություն ընձեռել «Քրդական հարցի» սահմանադրական-ժողովրդավարական լուծման համար, որովհետեւ սա նրանց վերջին հնարավորությունը կլինի: Եթե «Քրդական հարցը» չլուծվի այդ ճանապարհով, ապա կսկսվի պատերազմական ժամանակաշրջանը: Մենք մի քանի ամիս ժամանակ ենք տալիս թուրքական կառավարությանը, անկախ նրանից` խորհրդարանական ընտրություններից հետո այս կառավարությունը կմնա, թե նրան կփոխարինի մեկ այլ կառավարություն»:

Անշուշտ, Օջալանը քաջ գիտակցում է, որ անդորրության պայմաններում ոչինչ կասկածի տակ չի դնում խորհրդարանական ընտրություններում Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի հաղթանակը: Բնականաբար, Օջալանին ձեռնտու չէ Թուրքիայում իր եւ քրդերի հանդեպ առավել խիստ հայացքներ ունեցող քեմալականների (Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, ԺՀԿ), առավել եւս ազգայնականների (Ազգայնական շարժում կուսակցություն, ԱՇԿ) իշխանության գալը:

Այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ երբ նախորդ տարի քրդական ԴՀԿ-ն ներկայացրեց «Դեմոկրատական ինքնակառավարում» նախագիծը, այն հարուցեց Օջալանի խոր դժգոհությունը. «Այդ նախագիծն, օգուտի փոխարեն, կարող է վնաս պատճառել` ընդհարումների տեղիք տալով: Հայտնի չէ, թե ինչ կլինի վաղը: Լիովին հնարավոր է, որ այդ ամենը շրջվի վարչապետի դեմ: Ես դա իմ փորձից եմ ասում: Հենց նմանատիպ քաղաքական ժամանակաշրջանում` 1993 թվականի ապրիլի 17-ին, սպանվեց նախագահ Թուրգութ Օզալը: Վաղը կարող է սպանվել նաեւ Էրդողանը եւ երկրում իրականացվի հեղաշրջում»:

Օջալանի մտավախությունը տեղին է. նա գիտակցում է, որ իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարի դեպքում իրեն լավ օրեր չեն սպասվի: Ներկայումս անգամ ազատազրկման մեջ նա գտնվում է հատուկ պայմաններում. թուրքական իշխանությունները նրան չեն հեռացրել քաղաքականությունից եւ ժամանակ առ ժամանակ հնարավորություն են ընձեռում հայտարարություններ հնչեցնել թուրքական լրատվամիջոցներում:

Ներկայումս անգամ նշվում է, որ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի կանխատեսվող հաղթանակից հետո Օջալանին կարող է ներում շնորհվել: Սակայն դա մեծ ռիսկի հետ է կապված, քանի որ ազատության մեջ Օջալանը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերադառնալ Թուրքիայի տարածքում քրդական առանձին պետության ստեղծման գաղափարին:

Ինչ վերաբերում է զինադադարին, ապա այն խիստ անհրաժեշտ էր Էրդողանին ու նրա կուսակցությանը: Սակայն, ինչպես ցույց է տալիս նախկին զինադադարների փորձը, դրանք միշտ էլ փխրուն են եղել:

12010 թվականի ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար (1999–2002) Հիքմեթ Սամի Թուրքը հայտարարեց, որ այն ժամանակ իրենք Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին եւս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիեւ հրաժարվեցին այդ գաղափարից:

2Մարտի 9-ին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին թուրքական TRT Turk հեռուստաալիքով հեռարձակվող «Մեր աշխարհի մանրամասները» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց. «Արդեն երեք շաբաթ է, ինչ Լիբիայում մարտեր են ընթանում, ինչի համար մեր նկատմամբ ավիապատժամիջոցներ են սահմանվել: Սակայն ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ը համարժեք ուշադրություն չեն դարձնում Թուրքիայի վրա, ուր քրդերն իրավունք են պահանջում եւ ցանկանում են ստեղծել իրենց առանձին պետությունը: Թուրքական բանակն արդեն բազում տարիներ պատերազմում է քրդերի դեմ: Ինչո՞ւ Արեւմուտքը նույնպիսի պատժամիջոցներ չի սահմանում Թուրքիայի նկատմամբ»:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր