
ՀԱՅԱՍՏԱՆ – ԵԳԻՊՏՈՍ. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Էդուարդ Լ.ԴանիելյանԷդուարդ Լ.Դանիելյան` Պատմագիտության դոկտոր, «Նորավանք» ԳԿՀ խորհրդական
Հայագիտությունը («հայ իրողությանը վերաբերող նյութի ուսումնասիրությունը… որպես տեսություն գիտական գիտելիքի տարբեր բնագավառներում դրսևորվող հայ իրականության բնորոշ առանձնահատկությունների մասին, որոնք հետազոտվում են համապատասխան գիտությունների կողմից` վերջիններիս ներհատուկ մեթոդներով»)1 իր ներուժով հոգևոր-մշակութային արժեքներ պահպանող, այդ արժեքները ստեղծող և նրա կրողների՝ Հայության հոգեկերտվածքը ձևավորող համակարգ է2:
Այս իմաստով խոսքը հայեցի կամ ճշմարիտ հայագիտության մասին է, որին հակառակ` տեղեկատվական պատերազմի պայմաններում որոշ, այսպես կոչված, «հետազոտական կենտրոններ» զբաղված են Հայոց պատմության կեղծմամբ ու խեղաթյուրմամբ, ինչպես նաև հակահայկական քարոզչությամբ: Օրինակ` «Հայկական հետազոտությունների ինստիտուտ» անվան տակ Թուրքիայում պետական հրահանգով հիմնվել է մի կենտրոն, որը, ժխտելով Հայոց ցեղասպանությունը և աղավաղելով ու կեղծելով Հայկական հարցը, զբաղված է Հայաստանի և Հայության դեմ թշնամական տեղեկատվության տարածումով3: Այս «ինստիտուտի» հակահայկական նպատակների մասին նշվել է. «Հայոց ցեղասպանության ժխտման արշավի կազմակերպման համար, փորձելով այն պատել օրինականության շղարշով, 2001թ. ապրիլին Անկարայում հիմնվեց «թինկ-թանկ»: Գործելով «Հայկական հետազոտությունների ինստիտուտ» (“Institute for Armenian Studies”) անվան տակ որպես Եվրոպական ուսումների կենտրոնի օժանդակ կառույց, 9 հոգուց բաղկացած անձնակազմով, այս նոր հաստատությունն այժմ ակտիվորեն զբաղվում է ցեղասպանության բոլոր ապացույցների ժխտմամբ` կոնֆերանսների, դասախոսությունների կազմակերպման և հարցազրույցների, ու առավել ևս` հրապարակումների, ներառյալ եռամսյա ամսագրերի միջոցով»4:
Հայության (Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ջավախք և Հայկական սփյուռք) հոգևոր, գիտական և գաղափարական ոլորտների պաշտպանությունը տեղեկատվական ասպարեզում իրականացվում է գիտական հիմքերի վրա` հազարամյակների փորձ կուտակած ճշմարիտ հայագիտությամբ, որից սնվում է ազգային գաղափարախոսությունը: Այս տեսակետից` տեղեկատվական-հոգեբանական անվտանգության շրջանակներում կարևորվում են արտաքին և ներքին խեղաթյուրումներից պաշտպանությունն ու «ազգային շահերի համատեքստում գաղափարական կոնցեպտների տարածումն արտաքին տեղեկատվական դաշտում»5:
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2007թ. ապրիլին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներից էր Եգիպտոսի կառավարության որոշմամբ դեկտեմբերի 13-ին Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի կազմում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրումը, որը Եգիպտոսում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ուշադրության ոլորտում է: Խորհրդանշական է Հայագիտական կենտրոնի հիմնադրումը Եգիպտոսում` Հայաստանի հետ եղած հինավուրց կապերի տեսանկյունից:
Հին Եգիպտոսի անունը լսելով պատկերացնում ես հավիտենականության կնիքը կրող վեհաշուք բուրգերը: Ժողովրդական խոսք է. «Մարդը վախենում է ժամանակից, իսկ ժամանակը`բուրգերից»: Ձեռակերտ կոթողները կարծես թե կյանք-մահ մշտնջենական պարբերականության խորհուրդն են կրում: Անանիա Շիրակացու սահմանմամբ` «Լինելութիւն սկիզբն է ապականութեան և ապականութիւնն դարձեալ` սկիզբն է լինելութեան: Զի յայսմ անվնաս հակառակութենէ` աշխարհ առցէ զտեւողութիւն»6:
«Հայաստանը քաղաքակրթության բնօրրան» գրքում Դավիդ Մ. Լանգը գրել է. «Հին երկիր Հայաստանը գտնվում է բարձր լեռներում… Միջագետքը իր Շումերի և Բաբելոնի հին քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ միասին, թեպետ սովորաբար, ժամանակակից իմաստով, դիտվում է որպես քաղաքակիրթ կյանքի գլխավոր աղբյուր, Հայաստանը նույնպես իրավունք ունի համարվելու մարդկային մշակույթի բնօրրաններից մեկը»7: Հիրավի, խորն են Հայաստանի և Եգիպտոսի միջև պատմական կապերը, այնքան խորը, որ կանգնելով մ.թ.ա. III-II հազարամյակների վեհաշուք եգիպտական քանդակների առջև՝ զգում ես քարացած լռության միջով հոսող ժամանակը, որը հյուսում է պատմության կտավը…
Քաղաքակրթությունների երկխոսությունում կարևոր է գիտամշակութային բնագավառը: Եվ դրա վառ վկայությունն է Vդ. Հայոց ոսկեդարյան ինքնուրույն և թարգմանական գրականությունը, որը մեծագույն նշանակություն է ունեցել հայ հետագա բազում սերունդների կյանքում՝ հարստացնելով նաև համաշխարհային մշակույթի գանձարանը8: Հատկանշական է, որ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը կարևորել էին հայ թարգմանիչների երիտասարդ սերնդի կրթությունը շարունակելու խնդիրը հին աշխարհի գիտական կենտրոններում:
430-ական թթ. կատարված ճանապարհորդության ընթացքում Մովսես Խորենացին իր ընկերների հետ ժամանեց Եգիպտոս:
Եգիպտոսը բնութագրելով որպես համբավատենչ, որն «աշխարհի գեղեցիկ մասում է գտնվում, բազմազան պտուղներով է լցված», Մովսես Խորենացին նշել է, որ այն «անձեռակերտ պարսպապատված է Նեղոսով, որը ոչ միայն նրան պահպանում, այլ նաև կերակրում է…»: Պատմահայրը մեծ գովեստով նկարագրել է Աղեքսանդրիան` «բարեհարմար մեծ»` կառուցված ծովի և արհեստական լճի միջև: Հեթանոսությունից քրիստոնեությանն անցած Աղեքսանդրիայի մասին մեծ տպավորություններով Մովսես Խորենացին գրել է. «Այժմ այս քաղաքի առջև չի նստում Պղոտենիոսը9 իր հինգ գագաթով, անսպառ աշխարհը պատելով, այլ Մարկոսը իր Ավետարանի10 քարոզությամբ© չկա վիշապի ցեղից դյուցազունների գերեզմանն, այլ վայելչանում են սրբերի վկայարանները©©© Այլևս չեն զոհում Սարապիսի11 չար դևին, այլ Քրիստոսի արյունը պատարագ են մատուցանում… Սովորում են պես-պես գիտություններ նոր Պղատոնից, իմ ուսուցչից, որին անարժան աշակերտ չհանդիսացա…»: Եգիպտոսից հայ երիտասարդները նավարկեցին Հռոմ, որտեղ նրանք ուխտագնացություն կատարելով դեպի Պողոս ու Պետրոս առաքյալների գերեզմանները, շարունակեցին ճանապարհը դեպի Հունաստանի մայրաքաղաք Աթենք, այնուհետև գնացին Բյուզանդիոն12: Իմանալով իրենց սիրելի ուսուցիչների` Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվան մասին, նրանք վերադարձան Հայրենիք…
Ներկայումս Եգիպտոսի գիտակրթական ոլորտներում որոշակի հետաքրքրություն է առաջացել հայագիտության նկատմամբ: Կահիրեի համալսարանի Հայագիտական կենտրոնում կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ, հայերեն լեզվի դասընթացներ, հրատարակվում է հայ-արաբական առնչություններին վերաբերող արաբերեն գրականություն: 2011թ. կկազմակերպվեն Հայոց պատմության դասընթացներ, իսկ գարնանը Կենտրոնը հրավիրելու է միջազգային գիտաժողով` «Արաբական սկզբնաղբյուրները Հայաստանի և հայերի մասին» թեմայով:
Եգիպտոսում ՀՀ դեսպանության հիմնադրման օրվանից սերտ գործնական հարաբերություններ են ստեղծվել հայ համայնքի հետ: Դրա լավագույն արտահայտություններից է այն շենքը, ուր տեղավորված է դեսպանությունը` Նեղոսի Զամալեք կղզու վրա: Այն տրամադրվել է ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի կողմից և վերականգնվել համայնքի ուժերով:
Հայագիտական կենտրոնի կողմից հրավեր ստանալով` 2010թ. նոյեմբերի վերջին տասնօրյակում դասախոսություններով հանդես եկա Կահիրեի համալսարանի ուսանողների13, ինչպես նաև Եգիպտոսի պատմագիտական ընկերակցության պատմաբանների համար` «Տիեզերագիտական պատկերացումներն անտիկ, վաղմիջնադարյան հայկական և ուշմիջնադարյան արաբական սկզբնաղբյուրներում» և «Մետաքսի ճանապարհի» Առաջավոր Ասիայի ճյուղավորումները Մեծ Հայքի թագավորության և Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակներում» թեմաներով: Դասախոսություններն անգլերեն էին, արաբերեն էր թարգմանում Կարո Թաբակյանը: Նա մի շարք թարգմանությունների հեղինակ է, իսկ վերջերս` ֆրանսերենից արաբերեն թարգմանել և հրատարակել է Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանի (1825-1899թթ.) հուշերը:
Կահիրեի համալսարանում հանդիպումներ կայացան բանասիրական ֆակուլտետի դեկան, դոկտ. Մահմուդ Աբուլ Խադրայի, դեկանի տեղակալ, ճապոնագետ, դոկտ. Իսամ Համզայի, կենտրոնի տնօրեն Զայնաբ Աբու Սիննայի հետ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի մասնակցությամբ մտքերի փոխանակում եղավ հայ-եգիպտական գիտակրթական կապերի խորացմանն ուղղված Հայագիտական կենտրոնի ծրագրերի շուրջ: Առաջարկեցինք, որպեսզի Կենտրոնը մասնակցի ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից 2011թ. նոյեմբերին կազմակերպվող միջազգային գիտաժողովին` նվիրված «Հայոց քաղաքակրթական ներդրմանը «Մետաքսի ճանապարհի» բնագավառում»:
ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի աջակցությամբ դասախոսեցի Եգիպտոսի հայ համայնքում - Կահիրեում` Պլկտանյան սրահում և Ալեքսանդրիայում` Ազգային առաջնորդարանի սրահում` «Հայաստանը հին և միջնադարյան քարտեզագրության մեջ և Հայոց քաղաքակրթական ներդրումը «Մետաքսի ճանապարհի» զարգացման բնագավառում» և «Հին Հայոց պատմության հայագիտական լուսաբանության նշանակությունը Հայոց հոգևոր-մշակութային պաշտպանության և մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում» թեմաներով:
Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդարանում (Կահիրեում) տեղի ունեցած զրույցի ժամանակ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը ներկայացրեց հայ մանուկների համար պատրաստվող Հայոց պատմության պատկերազարդ դասագրքի հրատարակության խմբագրական աշխատանքները:
Ներկայումս Եգիպտոսի հայ համայնքը թեև թվով փոքր է, սակայն առաջնորդարանի շնորհիվ շատ համախմբված է` սերտորեն կապված Հայրենիքի հետ, ամեն կերպ աշխատելով մասնակցել համահայկական միջոցառումներին: Հայ համայնքն ունի իր ներքին կյանքը և խնդիրները` վարժարանների ու մշակութային միությունների ու ակումբների, ինչպես նաև Հայոց առաջնորդարանի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի և կալվածքների պահպանում և այլն: Թվով 6000-ի հասնող առաքելական թեմն ունի երեք եկեղեցի և երկու դպրոց Կահիրեում, երկու եկեղեցի և մեկ դպրոց Ալեքսանդրիայում (աշակերտների ընդհանուր թիվը մոտ 250 է), հայ կաթոլիկների թիվը մոտ 1500 է, ունեն 2 եկեղեցի Կահիրեում և մեկ` Ալեքսանդրիայում, այնտեղ է նաև հայ ավետարանականների փոքրաթիվ համայնքը14: Հայկական ավանդական կուսակցությունները պաշտոնապես գրանցված չեն Եգիպտոսում որպես քաղաքական կազմակերպություններ և գործում են որպես մարզական, մշակութային ակումբներ: Լույս են տեսնում երկու հայկական օրաթերթ`«Արև» և «Յուսաբեր», մեկ երկշաբաթաթերթ` «Ջահակիր»15 և այլն: Եգիպտոսի ռադիոն հեռարձակում է հաղորդումներ հայերեն լեզվով:
Ալեքսանդրիայի նորակառույց գրադարանում (“The Bibliotheca Alexandrina”16), արտաքին կապերի բաժնում, ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի մասնակցությամբ զրույց կայացավ գրադարանի միջազգային կապերի պատասխանատու, դեսպան Հագար Իսլամբուլիի և անձնակազմի հետ գիտական կապերի զարգացման, գրադարանային տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև «Մետաքսի ճանապարհի» բնագավառում Հայոց քաղաքակրթական ներդրմանը նվիրված` Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովին Ալեքսանդրիայի գրադարանի մասնակցելու մասին: Գրադարանին նվիրեցինք Գանձասարի վանքի պատմության մասին իմ հեղինակած գիրքը (հայերեն, ռուսերեն, անգլերեն), որը նվիրված է Գանձասարի վանքին և նրա նշանակությանը հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր, ուսումնագիտական, մշակութային կյանքում և ազատագրական պայքարի գործում:
Հայագիտությունը կամրջում է սուրբ Արարատ-Մասիս լեռան և Եգիպտոսի բուրգերի ալեհեր բարձունքները…
1Գեորգ Բրուտյան, Հայագիտություն և մետահայագիտություն, Երևան, 2004, էջ 46:
2Գագիկ Տեր-Հարությունյան, Հայագիտությունը ազգային անվտանգության համատեքստում,http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2469&sphrase_id=3857
3Haykaram Nahapetyan, Institute for Armenian Studies in Ankara,http://www.noravank.am/eng/articles/detail.php?ELEMENT_ID=3486
4J. M. Winter, Antoine Prost, Emmanuel Sivan, preface by V.Dadrian (2003). America and the Armenian Genocide of 1915. Cambridge University Press. p. 54.
5Հարությունյան Գ., Գաղափարախոսություն և տեղեկատվական անվտանգություն, «21-րդ ԴԱՐ», N 5, 2009, էջ 8-9:
6Անանիա Շիրակունւոյ Մնացորդք բանից, ի լոյս ած Ք.Պատկանեան, Ս.Պետերբուրգ, 1877, էջ 44:
7David M. Lang, Armenia: Cradle of Civilization, London, George Allen and Unwin LTD, 1970.
8Դանիելյան Է., Հայ գրի, թարգմանական և ինքնուրույն գրականության պատմական նշանակությունը քաղաքակրթությունների երկխոսության տեսանկյունից, «21-րդ ԴԱՐ», N1, 2010, էջ 13-24:
9Օսիրիսին փոխարինած անդրաշխարհի հունական Պլուտոն աստվածությունը:
10Մարկոս Ավետարանիչը` Ղպտական եկեղեցու հիմնադիրը Եգիպտոսում:
11Եգիպտոսի Պտղոմոս I-ի (մ.թ.ա. 323–283թթ.) հրամանով ստեղծված՝ Օսիրիս աստվածության և Ապիս սրբազան ցլի կերպարները մարմնավորող աստվածություն, որը Պտղոմյանների վարած կրոնական քաղաքականությամբ պետք է ծառայեր հույներին եգիպտացիների հետ միավորելու գաղափարին: Այդ նպատակով Սարապիսին (կամ Սերապիս) նվիրված՝ Սերապեումի տաճարը կառուցվեց Ալեքսանդրիայում Պտղոմոս III-ի (մ.թ.ա. 246–222թթ.) օրոք։ Սերապեումի տաճարը քանդվեց մ.թ. IVդ. վերջին տասնամյակում։
12Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1991, էջ 344-346:
13Հաճելի անակնկալ էր Հայագիտական կենտրոնում դասախոսության ժամանակ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների ներկայությունը, որոնք մեկ տարի արաբերեն լեզու են սովորում Կահիրեի համալսարանում:
14The Armenian Church and Patriarchates http://www.armembegypt.com/main.php?page=institutions&path=ARM_EG:ARM_EGYPT:INSTITUTIONS Арман Акопян, Армянский облик Египта, Ноев Ковчег, № 05 (152), Май, 2010, Վահրամ Հովյան, Եգիպտոսի Հայ ավետարանական համայնքը,http://noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=5290
15Հայ մամուլը Եգիպտոսի մեջ, Մատենագիտական ցուցակ, կազմեց տոքթ. Ս.Ն. Պայրամեան, Գահիրէ, 2005, էջ 92, 104, 262, 346:
16I.Serageldin, A landmark building: reflections on the architecture of the Bibliotheca Alexandrina, Alexandria, 2006. Պտղոմոս II-ի (մ.թ.ա. 283–246թթ.) կամ իր հոր՝ Պտղոմոս I-ի օրոք հիմնված Ալեքսանդրիայի հին գրադարանի հրդեհից հետո (մ.թ.ա. 48թ.) որպես գրադարան շարունակեցին գործել արքունի թաղամասում՝ Մյուզեումի (Strabo, XVII, 1. 8) և քաղաքի մյուս մասում գտնվող Սերապեումի տաճարի գրադարանները։ Վերջինիս հավաքածուն կազմված էր Պերգամոնից բերված գրքերից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ[28.07.2017]
- Դ.Մ. ԼԱՆԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ[14.07.2017]
- ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՅ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ[15.09.2016]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒԺԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[29.04.2015]
- ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ[12.01.2015]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ[26.03.2014]
- ԳԱՆՁԱՍԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ XVIIIԴ. ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ[07.11.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ[10.10.2013]
- ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[19.06.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ[14.06.2013]
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՀԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ[05.06.2013]