• am
  • ru
  • en
Версия для печати
15.02.2011

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

   

Հայկ Գաբրիելյան

Սույն թվականի հունվարի 31-ին տեղի ունեցավ Թուրքիայի Նախարարների խորհրդի նիստ` վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, որը նվիրված էր արտաքին քաղաքականության խնդիրներին եւ, մասնավորապես, արաբական աշխարհի վերջին զարգացումներին: Նիստում փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց. «Մենք անհանգստացած ենք Թունիսում ու Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների համար: Եգիպտոսի ժողովուրդը ցանկանում է այնպիսի ժողովրդավարություն, ինչպիսին որ Թուրքիայում է: Եթե արաբական երկրներում ողջ իշխանությունը կենտրոնացված է միայն մեկ անձի ձեռքում, ապա Թուրքիայում տիրում է հստակ ժողովրդավարական համակարգ, որը բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքի գործընթացներին: Թուրքիայում անցկացվող ընտրությունները խնդիրներ չեն հարուցում ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ երկրից դուրս»:

Իսկ փետրվարի 1-ին նախագահ Գյուլը հայտարարեց. «Թուրքիան պատմական կապեր ունի իսլամական երկրների հետ: Մենք ուշադիր հետեւում ենք Եգիպտոսում ընթացող իրադարձություններին: Կարծում եմ, որ պետք է հաշվի առնվեն եգիպտական ժողովրդի պահանջները եւ հնարավորության դեպքում շուտ վերջ տրվի այդ քաոսային իրավիճակին: Եգիպտոսն այդ իրավիճակից պետք է դուրս գա առավել ուժեղ, քան դրանից առաջ էր»:

Նույն օրը Էրդողանն իր գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության ժողովում Եգիպտոսի նախագահ Մուբարաքին կոչ արեց կատարել ցուցարարների պահանջները. «Ոչ մի պետություն չի կարող գոյատեւել հակառակ իր ժողովրդի կամքի: Մենք բոլորս մահկանացուներ ենք, բոլորս էլ մահանալու ենք, եւ մեզ պետք է դատեն ըստ մեր թողած ժառանգության»:

Իսկ փետրվարի 2-ին Էրդողանն արդեն Ղրղզստանում հայտարարեց. «Աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ Մուբարաքը պարտավորվել է այլեւս չառաջադրել իր թեկնածությունը, սակայն այդ հայտարարությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ նա այլ քայլեր ձեռնարկի: Այս վարչակազմը վստահություն չի ներշնչում, անհրաժեշտ է ներկայացնել «ճանապարհային քարտեզ»: Ժողովուրդը Մուբարաքից ավելին է սպասում»:

Անշուշտ, թուրքական կողմի հայտարարությունները պայմանավորված են եգիպտա-իսրայելական ջերմ հարաբերություններով, ինչպես նաեւ նրանով, որ Եգիպտոսը Թուրքիան դիտարկում է որպես մրցակից իսլամական աշխարհում:

Գյուլի ու Էրդողանի խոսքերն անարձագանք չմնացին եգիպտական կողմից: Արդեն փետրվարի 3-ին Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Հյուսամ Զեքին անընդունելի համարեց իշխանափոխության մասին միջազգային հանրության հղած կոչերը` ընդգծելով, որ դրանք բորբոքում են երկրում առկա լարված իրավիճակը. «Տխուր է տեսնել, թե ինչպես են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ անգամ Թուրքիան փորձում միջամտել Եգիպտոսի ներքին խնդիրներին: Դրա փոխարեն` նրանք թող զբաղվեն իրենց ներքին խնդիրներով»:

Փետրվարի սկզբին ֆրանսիական «AFP» լրատվական գործակալությունը նշեց, որ Թուրքիան ձգտում է Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները ծառայեցնել իր տարածաշրջանային դերի ամրագրմանը, իսկ հունական «Imerisia» թերթը գրեց, թե արաբական աշխարհի ճգնաժամը շատ հարմար պահ է Էրդողանի համար. «Արաբական աշխարհի զարգացումներն Էրդողանին մեծ հնարավորություններ են ընձեռում նոր միջնորդական առաքելությամբ հանդես գալու համար: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկար հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ եւ կարեւորել արաբական աշխարհում ստեղծված իրավիճակի քննարկումը հենց Թուրքիայի հետ: Թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրումից հետո սա առաջին դեպքն է, որ Մերձավոր Արեւելքում համընկնում են Անկարայի ու Վաշինգտոնի մոտեցումները: Օբաման Էրդողանին հայտնել է, թե խոչընդոտներ չի հարուցի, եթե վերջինս արաբական աշխարհում առաջացած ճգնաժամի հարթման համար առաջարկի իր միջնորդական առաքելությունը»:

Ի դեպ, փետրվարի 2-ին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն, իր հերթին, հեռախոսազրույց ունեցավ Ահմեթ Դավութօղլուի հետ` նույնպես քննարկելով արաբական աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Դրա հաջորդ օրը Դավութօղլուն հատուկ առաքելության շրջանակներում մեկնեց Կատար` քննարկելու Եգիպտոսում ու Լիբանանում տիրող իրավիճակը:

«Turksam» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերդար Էրդուրմազի կարծիքով` վերջին շրջանում Եգիպտոսում տեղի ունեցած զարգացումները դրականորեն են ազդում Թուրքիայի վրա, քանի որ Իսրայելը` ի դեմս Եգիպտոսի, կարող է կորցնել իր միակ տարածաշրջանային դաշնակցին. «Բացի այդ, Թուրքիան աշխարհիկ ու դեմոկրատական ռեժիմ ունեցող երկիր է, որը սերտ կապեր ունի նաեւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ, ինչն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աչքում էլ ավելի է կարեւորում նրա դերը: Այստեղ փոքր դեր չի խաղում նաեւ Իսրայելի մեկուսացված վիճակը տարածաշրջանում: Այս ամենը նշանակում է, որ Արեւմուտքի աչքում Թուրքիայի ռազմավարական կարեւորությունն այժմ ավելի մեծ է, քան Սառը պատերազմի ժամանակ էր»:

«Turksam»-ի մեկ այլ փորձագետ` Ջելալեթթին Յավուզը կարծում է, որ արաբական աշխարհի վերջին զարգացումները Թուրքիայի վրա բացասական ազդեցություն, հիմնականում, չեն ունենա. «Բացառություն կարող է լինել նավթի ու բնական գազի գնի հնարավոր բարձրացումը, ինչպես նաեւ` Թուրքիայի հետ վիզային ռեժիմ չունեցող արաբական երկրներից վտարանդիների ներհոսքը Թուրքիա, ինչն իր հերթին կարող է վերածվել ներքին սպառնալիքի»:

Ներկայումս անգամ նշվում է, որ եթե Եգիպտոսի անկայուն իրավիճակը ձգձգվի, ապա դա կարող է դրականորեն ազդել Թուրքիայի զբոսաշրջության վրա: Դա հատկապես վերաբերում է ռուս զբոսաշրջիկներին, որոնք նախընտրում են այցելել այնպիսի երկրներ, որոնց հետ չի գործում վիզային ռեժիմը (ինչպիսիք են նաեւ Եգիպտոսն ու Թուրքիան):

Հունվարի կեսերին ամերիկյան «The New York Times» թերթը գրեց, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում աճում է Թուրքիայի միջնորդական դերը. «Մինչ ԱՄՆ-ը անհույս հետեւում է մերձավորարեւելյան զարգացումներին, Թուրքիան հարցեր է լուծում: Թուրքիան բանակցային գործընթացում վերածվել է ամենադինամիկ երկրի: Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան չկարողացան ազդեցություն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգավորման վրա, իսկ ահա Թուրքիան, Իրանը եւ Կատարը վերջին տարիների ընթացքում վերածվել են «աճող ուժի»: ԱՄՆ-ը տարիներ ի վեր խնդիրների լուծումը փնտրել է իր թշնամիներին տարածաշրջանում մեկուսացնելու մեջ: Մինչդեռ տվյալ գործընթացում Թուրքիայի հաջողության բանալիներից մեկը հանդիսանում է ամերիկյան այդ մեթոդի քննադատությունը: Քանի դեռ հակառակը չի ապացուցվել, Թուրքիան շարունակելու է տարածաշրջանում կարգուկանոնի հաստատման գործում հանդիսանալ անփոխարինելի երկիր»:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, մասնավորապես, իր միջնորդությունն է առաջարկել Իսրայելին ու Սիրիային, Սիրիային ու Իրաքին, Իրանին ու Արեւմուտքին, Իրանին ու Պակիստանին, Աֆղանստանին ու Պակիստանին, Պաղեստինին ու Իսրայելին, պաղեստինյան «Ֆաթհ» եւ «Համաս» կազմակերպություններին:

Քրոունի մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի եւ գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոլքերը «Foreign Policy» ամսագրում գրում է. «Թուրքիան աստիճանաբար վերածվում է մերձավորարեւելյան առանցքային դերակատարի եւ միջազգային խաղացողի: Թուրքիան Մերձավոր Արեւելքում ունի ամենամեծ եւ ամենաարագ զարգացող տնտեսությունը: Արաբական աշխարհի վերջին զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ նոր ձեւավորվող կառավարությունների համար Թուրքիայի ներկայիս մոդելն օրինակելի դառնա: Թուրքիան օսմանյան ժամանակաշրջանից սկսած դիվանագիտական, տնտեսական ու քաղաքական առումով երբեք այսքան ակտիվ չի եղել արաբական աշխարհում եւ այսքան ազդեցություն չի ունեցել նրա վրա»:

Դեռեւս 2010 թվականի սեպտեմբերին Թուրքիայի տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) հարցախույզ անցկացրեց մերձավորարեւելյան 8 (Եգիպտոս, Հորդանան, Լիբանան, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Իրաք, Իրան) երկրներում: Մասնակիցների մոտ 66%-ի կարծիքով` Թուրքիան ողջ տարածաշրջանի համար կարող է ծառայել որպես մոդել երկիր, քանի որ այն ժողովրդավարության ու իսլամի հաջող խառնուրդ ներկայացնող երկիր է: Սա վկայում է, որ Թուրքիայի հեղինակությունն արագորեն աճում է արաբական աշխարհում. դրանից մեկ տարի առաջ անցկացված հարցախույզի մասնակիցների 61%-ն էր Թուրքիան դիտարկել որպես մոդել երկիր:

Հարցախույզը վկայում է, որ արաբական աշխարհում զգալիորեն ավելացել է Թուրքիայի համակիրների թվաքանակը: Դա նշանակում է, որ արաբական աշխարհը նաեւ հավանության է արժանացնում Թուրքիայի միջնորդական առաքելությունը: Հարցախույզի մասնակիցների 75%-ը նշել է, թե Թուրքիան դրականորեն է ազդում մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի վրա:

Անկարայի Մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մելիհա Ալթունըշըքն անհնարին է համարում այն, որ արաբական երկրները կարող են կրկնօրինակել թուրքական մոդելը, փոխարենը` նրանք կարող են օգուտ քաղել Թուրքիայի քաղաքական ու տնտեսական փորձից:

Այսպիսով, արաբական աշխարհի վերջին զարգացումները նոր հնարավորություններ են բացում Թուրքիայի առջեւ` տարածաշրջանային իր դերի կարեւորման եւ միջազգային վարկի բարձրացման համար: Միեւնույն ժամանակ, այդ զարգացումները, հազիվ թե, կարողանան ազդել Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր