ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Հայկ ԳաբրիելյանՀ.Գաբրիելյան` թուրքագետ
2010թ. հոկտեմբերի 13-ին թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ ներսում հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) տեղակայման համար ընտրել է Թուրքիայի տարածքը: Դա Թուրքիայում տարատեսակ քննարկումների պատճառ հանդիսացավ, քանի որ այն լուրջ թեստ էր հանդիսանում «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության համար, որը դեռ պետք է կարողանար հաջողությամբ հանձնել:
Կողմնորոշման համար Թուրքիային որպես վերջնաժամկետ սահմանված էր ՆԱՏՕ գագաթաժողովը, որը կայանալու էր Լիսաբոնում նոյեմբերի 19-20-ը: Եվ որքան լրանում էր այդ ժամկետը, այնքան մեծանում էր Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը: Փաստորեն, բոլորի ուշադրությունը բևեռվել էր միայն Թուրքիայի վրա: Հենց այդ պատճառով էլ կանխատեսվում էր, որ Թուրքիան դառնալու էր Լիսաբոնյան գագաթաժողովի «գլխավոր աստղը»:
Սկզբնական շրջանում թուրքական կողմն առաջ քաշեց 3 նախապայման. ա) եթե անգամ ՀՀՊ համակարգն Իրանի դեմ ուղղված նախագիծ է, ապա Լիսաբոնյան որոշման մեջ չպետք է գրավոր նշվի այդ մասին, բ) նախագիծը պետք է ծառայի միայն ՆԱՏՕ անդամ երկրներին. թուրքական տարածքում տեղակայվելիք ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) ստացվելիք տեղեկությունները չպետք է հաղորդվեն Իսրայելին` որպես ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրի, գ) նախագիծը պետք է պաշտպանի ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները, ներառյալ Թուրքիան:
Թուրքական այս նախապայմաններից նկատվեց, որ դրանք լրիվ ընդունելի են ԱՄՆ-ի համար, քանի որ նրանից որևէ լուրջ փոխզիջում չէին ենթադրում: Թուրքական այդ 3 նախապայմանների առաջադրումը պայմանավորված է հետևյալով.
ա) Սրանով ՆԱՏՕ միակ մահմեդական անդամ Թուրքիան նպատակ էր հետապնդում առավելագույն կերպով նվազեցնել այս հարցում սեփական հարևանների (առաջին հերթին Իրանի, նաև Սիրիայի) կողմից ակնկալվելիք քննադատությունը: Թուրքիան չի ցանկանում, որ իր հարևաններն իրեն դիտարկեն որպես սպառնալիք: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ առայժմ խոսքը ոչ թե հարձակողական (հրթիռների), այլ պաշտպանական բնույթի համակարգի (ՌՏԿ-ի) տեղակայման մասին է:
բ) Սա պայմանավորված է թուրք-իսրայելական լարված հարաբերություններով, ինչպես նաև դարձյալ Իրանի զայրույթը չհարուցելով: Այս առումով Թուրքիան մեծ հնարամտություն է ցուցաբերել և բավական հարմար հիմնավորում գտել:
գ) Սրանով Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ին ասել «ոչ», իսկ ՆԱՏՕ-ին՝ «այո»: Այսինքն՝ Թուրքիան հանդես է գալիս ՀՀՊ համակարգի ՆԱՏՕ-ական և ոչ թե ամերիկյան նախագծի օգտին և չի ցանկանում «սառը պատերազմի» ժամանակների նման վերածվել ճակատային երկրի:
Հարկ է նշել, որ մինչ Լիսաբոնյան գագաթաժողովը, արդեն հայտնի էր, որ թուրքական 3 նախապայմաններն ընդունված են: Դրա համար էլ Թուրքիային նոր ինտրիգ էր անհրաժեշտ, ինչի համար հենց գագաթաժողովի նախաշեմին Թուրքիան առաջ քաշեց նաև «4-րդ և ամենախնդրահարույց նախապայմանը». վարչապետ էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում տեղակայվելիք ՀՀՊ համակարգի կառավարումը (այսպես կոչված «կարմիր կոճակ» սեղմելու իրավունքը1) պետք է անվերապահորեն հանձնվի հենց Թուրքիային, այլապես անիմաստ կլինի այդ նախագծում Թուրքիայի մասնակցությունը: Փաստորեն, ՆԱՏՕ գագաթաժողովի նախաշեմին առաջ քաշելով «4-րդ նախապայմանը»` Թուրքիան «մեծ ռիսկի» էր դիմում` տապալելու այն: Չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, ինչը նշանակում է, որ նրա յուրաքանչյուր անդամ կարող է վետո դնել ՀՀՊ համակարգի պլանի վրա: Այսինքն՝ քվեարկության ժամանակ անհրաժեշտ էր, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները կողմ քվեարկեին ՀՀՊ նախագծին: Եթե անգամ մեկ երկիր (ասենք, Թուրքիան) դեմ քվեարկեր, ապա նախագիծը կտապալվեր: Նշվում է, որ դեպքերի զարգացման նմանատիպ սցենարի դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ էր կապերը խզել Թուրքիայի հետ:
Սակայն ՆԱՏՕ խոսնակ Ջեյմս Ապատուրայն անմիջապես հակադարձեց Էրդողանին` նշելով, որ նմանատիպ նախագծերի ու գործողությունների համար ամեն ինչ հստակ շարադրված է ՆԱՏՕ կանոնադրությունում. «ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են համատեղ, և իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում հենց ՆԱՏՕ-ն: Հետևաբար, օպերացիաների հարցում հենց ՆԱՏՕ-ն պետք է սեղմի կոճակը»: Հետաքրքիր է, որ ՆԱՏՕ խոսնակի այս հայտարարության հենց հաջորդ օրն իսկ Էրդողանը հետ կանգնեց իր որոշումից, իսկ գագաթաժողովից հետո հայտարարեց. «Բնականաբար, մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին վերահսկի ՀՀՊ համակարգը: Այդպիսին կլինի մեր դիրքորոշումը նաև հետագայում»:
Մինչ Լիսաբոնյան գագաթաժողովն ու դրանից հետո թուրքական քաղաքական ուժերն անդրադարձան ՀՀՊ տեղակայման խնդրին, նոյեմբերի 17-ին Թուրքիայի «Ժողովրդական ձայն» կուսակցության նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել. «Եթե այս հարցում Թուրքիան տա իր համաձայնությունը, ապա նա նախկինի նման Արևմուտքի համար կդառնա ճակատային երկիր, իսկ նրա հարևան երկրները խիստ բացասական դիրքորոշում կորդեգրեն նրա հանդեպ: Ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայումը հակասում է Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը: Ժողովուրդը պետք է իր կարծիքը հայտնի այս խնդրի շուրջ»:
Լիսաբոնյան գագաթաժողովի օրը՝ նոյեմբերի 19-ին, Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս «Երջանկություն» կուսակցության նախագահ Նեջմեթթին Էրբաքանը հայտարարեց. «Մենք` մուսուլմանական երկրներս, պետք է ստեղծենք մեր ՀՀՊ համակարգը: «Գյավուրի» (անհավատ) ՀՀՊ համակարգից պետք է հրաժարվել»: Փաստորեն, իր ակնհայտ իսլամիստական հայացքներով հայտնի Էրբաքանը դրանով ԱՄՆ-ին անվանեց «գյավուր»:
Նոյեմբերի 17-ին Իրանը Թուրքիային կոչ արեց զգոն լինել ՀՀՊ հարցում: Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Միհմանպարաստը հայտարարեց. «Մենք տարածաշրջանում որևէ սպառնալիք չենք ներկայացնում, ամենամեծ սպառնալիքը սիոնիստական Իսրայելն է: ՆԱՏՕ պլանը կասկածելի է, քանի որ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքիան մեր հարևանն է և բարեկամը, սակայն Թուրքիայում ՀՀՊ տարրերի տեղակայումը մտահոգություն կառաջացնի մուսուլմանական երկրների շրջանում»:
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարեց. «Այսօր հրթիռային հարձակման սպառնալիքը կարող է հասնել Եվրոպա, ինչի համար էլ ԱՄՆ-ը մեծ կարևորություն է տալիս ՀՀՊ համակարգի տեղակայմանը: ՀՀՊ պահպանման ու կառավարման հարցերում ոչ ոք չպետք է ակնկալի, թե բոլոր հարցերն իրենց լուծումը կարող են ստանալ Լիսաբոնի գագաթաժողովում: Դրանից հետո բավականաչափ տեխնիկական խնդիրներ կմնան»: Ժամանակները ցույց տվեցին, որ Գորդոնը չի սխալվել այս հարցում:
Նոյեմբերի 19-ին Լիսաբոնում մեկնարկեց ՆԱՏՕ գագաթաժողովը, ուր Թուրքիան ներկայացնում էին նախագահ Աբդուլա Գյուլը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և պաշտպանության նախարար Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը: Գագաթաժողովից առաջ Աբդուլա Գյուլը Լիսաբոնում «հանգստացրեց» Իրանին. «ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, այն որևէ սպառնալիք կամ անհանգստություն առաջացնող կազմակերպություն չէ, Իրանը չպետք է անհանգստանա: Հնարավոր է` այդ մտահոգությունները ծնունդ են առել սխալ տեղեկություններից: ՀՀՊ համակարգի քննարկումն սկսվել է 2002թ. Իրաքի գագաթաժողովից, ապա շարունակել արծարծվել հետագա բոլոր գագաթաժողովներում, այդ թվում նաև Ստամբուլում: Իսկ դա նշանակում է, որ այս խնդիրն ի հայտ չի եկել երեկ: ՆԱՏՕ-ն դա չի անում կոնկրետ երկրի դեմ: ՀՀՊ համակարգը տեղակայվելու է նրա համար, որ ՆԱՏՕ անդամ երկրներին պաշտպանի բալիստիկ հրթիռներ ունեցող երկրներից, ինչպես նաև նրանցից, որոնք դեռ չունեն բալիստիկ հրթիռներ, սակայն հետագայում կարող են դա ունենալ: Դրա համար էլ հենց սկզբից մենք նշել ենք, որ ոչ մի երկիր, այդ թվում նաև մեր հարևան Իրանը, չպետք է անհանգստանա այդ կապակցությամբ»:
Գագաթաժողովի մեկնարկի օրը ՆԱՏՕ անդամ 28 երկրներն (առավել ճշգրիտ` 27, որովհետև նրանցից մեկը Թուրքիան է) ընդունեցին Անկարայի ներկայացրած վերոնշյալ 3 նախապայմանները: Փաստաթղթում Իրանի անունը չնշվեց որպես սպառնալիք և ՀՀՊ համակարգի կոնկրետ թիրախ: Չնայած դրան՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ի համար Իրանը եթե ոչ գրավոր (թղթի վրա), ապա հաստատ բանավոր սպառնալիք է հանդիսանում: Իր հերթին Իրանը` որպես իր թշնամիներ, մեկ հարթության վրա է դնում ԱՄՆ-ին, Իսրայելին ու ՆԱՏՕ-ին:
Գագաթաժողովից հետո Գյուլը հայտարարեց. «Մենք շատ գոհ ենք, քանի որ ամեն ինչ դասավորվեց մեր ուզածով, և մենք ստացանք այն ամենը, ինչ ցանկանում էինք: Նման արդյունքի հասնել հնարավոր եղավ Թուրքիայի «սկզբունքային դիրքորոշման» շնորհիվ»:
Իրանական կողմն էլ իր գոհունակությունը հայտնեց Թուրքիային, քանի որ վերջինս ամեն գնով ընդդիմացել էր իր անունը, գրավոր, որպես սպառնալիք նշելուն և ի վերջո հասել նրան, որ ՆԱՏՕ-ն ընդունել էր թուրքական այդ նախապայմանը:
Փաստորեն, Թուրքիային առայժմ հաջողվեց գրեթե անկորուստ դուրս գալ ստեղծված բարդագույն իրավիճակից, երբ կշեռքի նժարի մի կողմում Իրանն էր (նաև իսլամական աշխարհը), որի հետ Թուրքիան ջերմ հարաբերություններ է պահպանում, մյուս կողմում` ԱՄՆ-ը, որի հետ վերջին շրջանում Թուրքիան բավական լարված հարաբերությունների մեջ է: Ինչպես ընդունված է ասել, թուրքական կողմին այս պարագայում հաջողվեց նստել երկու աթոռի արանքում` քիչ թե շատ գոհացնելով երկու կողմին էլ:
Ի դեպ, գագաթաժողովում Իրանի շուրջ «սև կատու» անցավ Աբդուլա Գյուլի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջև: Վերջինս պնդել էր, թե Իրանի անունը պետք է գրավոր նշել որպես պոտենցիալ միջուկային հարձակման գլխավոր սկզբնաղբյուր, սակայն Գյուլն ընդդիմացել էր դրան: Այդ ժամանակ էլ Սարկոզին կոչ էր արել իրերը կոչել իրենց անուններով` նշելով. «Մենք կատվին կատու ենք ասում»: Դրանից հետո Սարկոզիին պատասխանել էր Էրդողանը. «Մենք էլ ենք կատվին կատու ասում: ՆԱՏՕ-ն ստեղծում է ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական համակարգ»: Ապա «կատվային» բանավեճին միջամտել էր թուրք պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը. «Նման կերպ կատվին կատու ասելով (իրերն իրենց անուններով կոչելով)՝ ԵՄ-ը արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Թուրքիայի անդամակցության գործընթացը»: Բաղըշի այս հայտարարությունը պատահական չէր, քանի որ Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մեկտեղ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կատաղի հակառակորդներից է2:
Նոյեմբերի 22-ին Սարկոզին հայտարարեց. «Թեև ՆԱՏՕ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշված չէ կոնկրետ հակառակորդի անունը, որի դեմ ստեղծվելու է ՀՀՊ համակարգը, ես, այնուամենայնիվ, իրերը կկոչեմ իրենց անուններով. այդ հակառակորդն Իրանն է»: Ի պատասխան՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը միջազգային աճուրդի հանեց 1977թ. ֆրանսիական արտադրության իր «Peugeot 504» տիպի սպիտակ ավտոմեքենան` խոստանալով դրանից ստացված գումարը հատկացնել բարեգործությանը:
Լիսաբոնյան գագաթաժողովից հետո Թուրքիայում էլ ավելի բորբոքվեցին ՀՀՊ համակարգի տեղակայման շուրջ կրքերը: Նոյեմբերի 20-ին թուրքական «Taraf» թերթը ՀՀՊ համակարգի շուրջ նյութը վերնագրեց հետևյալ կերպ. «ՆԱՏՕ-ն սուրն է, իսկ Թուրքիան` վահանը»: Ի դեպ, դեռևս հոկտեմբերի 14-ին թուրքական մեկ այլ թերթ` «Radikal»-ը, նշել էր, թե Թուրքիան «սուսերով պար է պարում» ԱՄՆ-ի հետ:
Իր նյութում իշխող կուսակցության համակիր «Taraf» թերթը մեջբերել էր անգլիական «Janes Defence Weekly» պարբերականի խմբագիր Հյուսոնի խոսքերը. «Այս նախագիծը շատ հարմար և ձեռնտու է ամերիկյան ուժային լոբբիստական կազմակերպություններին: Հենց նրանք են կանգնած ՀՀՊ նախագծի հետևում, որով փորձում են ամերիկյան տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից: Ես չեմ հավատում, թե Իրանը հրթիռ կարձակի Եվրոպայի ուղղությամբ: Ես առավել հակված եմ նրան, որ ամերիկյան ՀՀՊ համակարգն ուղղված է ոչ թե մարդկանց պաշտպանությանը, այլ ամերիկյան զենք արտադրողներին գումարով ապահովելուն»:
Նոյեմբերի 22-ին թուրքական «Sabah» թերթը գրեց. «Լիսաբոնյան գագաթաժողովում վճռվել է Թուրքիայի տարածքում տեղակայել 2 ՌՏԿ3, որոնցից մեկը տեղակայվելու է Սև ծովի արևելյան հատվածում, իսկ երկրորդը` Հարավարևելյան Անատոլիայում: Դրանցից յուրաքանչյուրը մոնիթորինգ է անցկացնելու հազար կիլոմետր շառավղով: Այդ ՌՏԿ-ները Եվրոպան պաշտպանելու են իրանական հրթիռներից: ՌՏԿ-ների տեղակայումը վերոնշյալ վայրերում կարևորվում է նրանով, որ դրանք հնարավորինս մոտ գտնվեն թշնամական (իրանական) հրթիռների արձակման վայրերին:
Առաջին փուլում ՆԱՏՕ բյուջեի միջոցներով Թուրքիայի տարածքում հիմնվելու է «ընդհանուր պաշտպանության» համակարգ, որը Եվրոպան (ինչպես նաև Թուրքիան) կպաշտպանի իրանական հեռահար գործողության հրթիռներից: Հետագայում Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ կարող է բանակցել նրա հաշվին հավելյալ պաշտպանական համակարգ ստեղծելու հարցում, որը Թուրքիան կպաշտպանի իրանական կարճ տարածության հրթիռներից:
Այդ նպատակով էլ հնարավոր է` Անատոլիայում տեղակայվեն «Patriot PAC-3» (Patriot Advanced Capability) և «THAAD» (Terminal High Altitude Area Defense) կարճ հեռահարության ՀՀՊ համակարգեր (առաջինի հեռահարությունը կազմում է մինչև 45 կիլոմետր, իսկ երկրորդինը` 200 կիլոմետր): Այս մասին բանակցությունները կարող են սկսվել յուրաքանչյուր պահի: Բացի այդ, ամերիկյան նավերի վրա տեղակայված և առավելագույնը 500 կիլոմետր հեռահարություն ունեցող «SM-3» (Standart Missile, RIM-161) համակարգերն, իրենց հերթին, ուղղված են լինելու Իրանից արձակված և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա սլացող հեռահար հրթիռների, ինչպես նաև հետագայում դրանց կատարելագործված տեսակների դեմ:
Հրթիռային սպառնալիքների չեզոքացումը կարող է տեղի ունենալ 3 տարբեր փուլերում. «առաջին արագություն» (boost), «թռիչքի հետագիծ» (midcourse) և «վայրէջք» (terminal): Ընդհանուր առմամբ Վաշինգտոնի գլխավոր նպատակը միջուկային հրթիռները մթնոլորտից դուրս ոչնչացնելն է, այսինքն՝ դա պետք է տեղի ունենա «midcourse» փուլում, որով էլ դրա միջուկային հետևանքներից բխող ռիսկը կհասցվի նվազագույնի:
Իրանի պարագայում Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում դեպի Եվրոպա ուղղված հրթիռները վայր գցել «boost» փուլում, այսինքն՝ մեկնարկում: Դրանով Թուրքիայի տարածքը զերծ կմնա համապատասխան ռիսկերից, ինչպես նաև Թուրքիայի համար շատ կարևոր է ժամանակի քննարկման խնդիրը: Սակայն Թուրքիան չի ցանկանում տվյալ խնդրում հանդիսանալ «boost» փուլի կենտրոնը` նախընտրելով «midcourse» փուլի կենտրոնի դերը: Բալիստիկ հրթիռների գործարկումը թշնամուց պահանջում է 8 րոպե: Արձակվելուց հետո («boost» փուլում) այն սլանում է վայրկյանում 1100 մետր արագությամբ: Իսկ ահա «midcourse» փուլում (հորիզոնական դիրքով) հրթիռի արագությունն էլ ավելի է մեծանում` կազմելով վայրկյանում 3 կիլոմետր:
Դա նշանակում է, որ եթե Իրանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի դեպի ԱՄՆ4 (որը ՆԱՏՕ եվրոպական անդամների համեմատ բավական հեռու է գտնվում Իրանից), ապա այն նշանակման վայր կհասնի 30-35 րոպեում: Դրա համար էլ հրթիռային սպառնալիքին դիմագրավելու համար Իրանի անմիջական հարևան Թուրքիայից պահանջվում է նման պարագայում ակնթարթային վճիռ կայացնել»:
Նոյեմբերի 22-ին «Անկախ Թուրքիա» կուսակցության առաջնորդ Հայդար Բաշը հայտարարեց, թե Թուրքիայի տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայումը մասնակի առումով ուղղված է Իրանի դեմ, սակայն ընդհանուր առմամբ նրա թիրախում է գտնվում ողջ մուսուլմանական աշխարհը. «Այս նախագծի գաղտնի նպատակը մուսուլմաններին միմյանց դեմ հանելն է: Այն իր վերահսկողության տակ է առնում ողջ մուսուլմանական աշխարհը: ՀՀՊ համակարգի տեղակայմամբ Թուրքիան է Իրանի համար դառնում սպառնալիք: Թուրքիան վերածվում է Իսրայելի պահապանի: Մի՞թե ՆԱՏՕ-ն այդ համակարգը ցանկանում է տեղադրել Թուրքիայի վրայով անցնող ամեն տիպի սպառնալիքներին դիմագրավելու համար: Այս հարցում ՆԱՏՕ-ն անգամ Ռուսաստանի աջակցությունն է ակնկալում: Իսկ այդ դեպքում ո՞րն է Ռուսաստանին սպառնացող ուժը:
Թուրքիայում տեղակայվելիք այդ համակարգը, միևնույն ժամանակ, հանդիսանում է շատ լուրջ հարձակողական զենք: Դրանով մեծ խաղ են ցանկանում խաղալ մուսուլմանական աշխարհի գլխին: Մի պահ ընդունենք, թե Իրանը միջուկային հարված է հասցնում Իսրայելին: Ո՞վ է պաշտպանելու Իսրայելին: Թուրքիա՞ն` իր ՀՀՊ համակարգով: Եվ եթե Թուրքիան վարվի նման կերպ, ապա ակնհայտ է, որ դրանով իսկ Թուրքիան կվերածվի Իրանի թշնամու՝ հայտնվելով խաչակիրների (քրիստոնյաներ) ու հրեաների կողքին: Թուրքիայում ՀՀՊ համակարգի ստեղծմամբ խաչի խորհրդանիշով ՆԱՏՕ-ն ցանկանում է նոր խաչակրաց արշավանք ձեռնարկել իսլամական աշխարհի դեմ»:
Նոյեմբերի 23-ին թուրք լրագրող-վերլուծաբան Բանու Ավարն իր հերթին հայտարարեց. «ԱՄՆ նպատակը Թուրքիայի ու Չինաստանի միջև ընկած տարածքում գերիշխելն է, որտեղ գտնվում է աշխարհի էներգետիկ պաշարների 4/3-ը: Հենց դրա համար էլ ԱՄՆ-ը մտավ Աֆղանստան, հարվածեց Իրաքին, այժմ էլ եկել է Թուրքիայի հերթը: Ինչպե՞ս: Հակահրթիռային վահանի միջոցով: Թուրքիան կանհետանա` մտնելով այդ մագնիսական դաշտի մեջ: Ամերիկյան «Patriot PAC-3» հրթիռների հեռահարությունը կազմում է 15-45 կիլոմետր: Ինչպե՞ս պետք է դրանք կանխեն Իրանից եկող հարձակումը: Իսկ դա նշանակում է, որ «Patriot»-ները տեղակայվելու են թուրքական զինված ուժերի դեմ: 2011թ. շատ իրադարձություններ տեղի կունենան: Մեր արևմտյան սահմանին ստեղծվել է ԵՄ Զինված պահպանությունը, իսկ ահա արևելքում գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ): Փաստորեն, մենք գտնվում ենք երկու քարի արանքում»:
Նոյեմբերի 23-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ)` Թուրքիան «սառը պատերազմի» ժամանակվա նման ճակատային երկիր դարձնելու համար. «ԱԶԿ-ն ասում է, թե մենք մեր հարևան երկրներից և ոչ մեկին չենք դիտարկում սպառնալիք: Այդ դեպքում հակահրթիռային վահանն ի՞նչ գործ ունի Թուրքիայում: Այդ համակարգն ուղղված է լինելու դեպի արևելք, սակայն Իրանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան ու Չինաստանը մեր թշնամիները չեն: Բոլորը վախենում են ասել, որ այն ուղղված է կոնկրետ Իրանի դեմ, սակայն մենք դա ասում ենք: Դրա նպատակն Իրանի միջուկային համակարգի վերահսկումն է»: Քըլըչդարօղլուի կողմից այդ երկրների անունների շոշափումը պատահական չէ, քանի որ դրանք տիրապետում են միջուկային ռումբերի (Իրանի հարցում շատ քչերն են կասկածում, որ դա այդպես չէ):
Նմանատիպ կարծիքի է նաև մյուս հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին, որը նույն օրը հայտարարեց. «ՆԱՏՕ գագաթաժողովը վերջ դրեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը: ՆԱՏՕ որոշումները չեն կարող գոհացնել Թուրքիային, քանի որ այս պահից սկսած` Թուրքիան ՆԱՏՕ ներսում միացավ Իրանին ամենամեծ սպառնալիք դիտարկողների թվին: Այսուհետ ԱԶԿ-ն ինչպե՞ս է իրականացնելու «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը: Այսուհետ ԱԶԿ-ն տվյալ խնդրի շուրջ որքա՞ն անկեղծ կարող է գտնվել: Եթե ՀՀՊ համակարգն Իրանի դեմ չէ, հապա ո՞ր պոտենցիալ սպառնալիք ներկայացնող երկրի դեմ է: Թուրք ազգը խելացի է, նրա համար այս հարցի պատասխանն ակնհայտ է: Ինչ վերաբերում է ՀՀՊ համակարգի կառավարման խնդրին, եթե դրա պահը գա, ապա կարևոր չէ, թե ով կսեղմի կոճակը: Էրդողանն ինքն է ցանկանում տնօրինել այն, սակայն դա, ըստ էության, ոչինչ չի փոխում»:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անմիջապես պատասխանեց թուրք ընդդիմադիրներին. «Նրանց կեցվածքը նորույթ չէ, նրանք մշտապես հակադիր մոտեցում են ցուցաբերել: Մենք սովոր ենք դրան: Ուշադրություն դարձրեք, որ ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցում էր անգամ Ռուսաստանը: Դա նշանակում է, որ աշխարհը փոխվում է, սակայն, դժբախտաբար, մեր երկրի ներսում ոչինչ չի փոխվում»:
ԱԶԿ փոխնախագահ Հյուսեին Չելիքն իր հերթին ՆԱՏՕ գագաթաժողովը որակեց որպես Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ. «Թուրքիան նախկինում նույնպես ՆԱՏՕ անդամ էր, սակայն այն ժամանակ ՆԱՏՕ-ն վճիռ էր կայացնում ու ի կատար ածում այն, իսկ Թուրքիան մնում էր դիտորդի դերում: Եթե ներկայումս Թուրքիան չլիներ, ՆԱՏՕ-ն 10 րոպեի ընթացքում վճիռ կարձակեր, թիրախ կընտրեր և տվյալ երկրին կհայտարարեր թշնամի: ՀՀՊ համակարգը տեղակայվելու է ոչ միայն Թուրքիայում, այլև` Բուլղարիայում, Ռումինիայում և այլուր: Դրա համար էլ չպետք է անհանգստանալ, թե Թուրքիան կհայտնվի թիրախի դերում»:
Այսպիսով, թեև Թուրքիան ցայժմ կարողացել է մասնակի հաջողությամբ հանձնել այս թեստը, դեռ մնացել են բազմաթիվ տեխնիկական բնույթի խնդիրներ. ՀՀՊ ինչպիսի՞ տարրեր տեղակայել (քանի որ միայն ՌՏԿ-ն բավարար չէ հարվածին էֆեկտիվ հակահարված տալու համար), Թուրքիայի ո՞ր հատվածներում տեղակայել և այլն: Բաց է մնում նաև ՀՀՊ համակարգի հրամանատարության տեղակայման խնդիրը: Թեև Թուրքիան այդ նպատակով առաջարկում է Իզմիրը, ուր դրա համար կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ՆԱՏՕ-ն չի շտապում տալ իր համաձայնությունը, քանի որ ԱՄՆ-ը նախապատվությունը տալիս է Գերմանիային: Հիշեցնենք, որ այս տարի Թուրքիան արդեն երկու անգամ խիստ բարկացրել է ԱՄՆ-ին, երբ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դեմ է քվեարկել Իրանի հանդեպ ՄԱԿ պատժամիջոցներին և «Մավի Մարմարայի» միջադեպից հետո շարունակ անտեսել է ԱՄՆ կոչերն ու Իսրայելից շարունակ պահանջել ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Այստեղ փոքր դեր չեն խաղում նաև թուրք-իսրայելական լարված հարաբերությունները5: Նոյեմբերի կեսին Իսրայելը պլանավորել էր «Saar» հրթիռակիր նավով մասնակցել Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվելիք «Ակտիվ ջանքեր» հակաահաբեկչական գործողությանը: Սակայն Թուրքիան սպառնաց, որ եթե Իսրայելը մասնակցի այդ զորավարժությանը, ապա ինքը կհրաժարվի դրան մասնակցելուց: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն որոշեց Լիսաբոնյան գագաթաժողովի նախաշեմին չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և պարզապես հետաձգեց այդ գործողությունը:
Իսկ մինչ այդ Թուրքիան սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը Քոնիայում կայացած «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժություններում բացառեց Իսրայելի մասնակցությունը: Ի պատասխան դրա` ԱՄՆ-ը իր հերթին հրաժարվեց դրանց մասնակցելուց` որպես պատրվակ նշելով, թե այս տարի ամերիկյան զորքերն արդեն երկու անգամ թուրքական տարածքում մասնակցել են զորավարժությունների, և այժմ նրանց առջև այլ խնդիրներ են դրված: Թուրքիան էլ հետ չմնաց և հրավեր ուղարկեց Չինաստանին, որի ընդունումից հետո վերջինս իր պատմության ընթացքում առաջին անգամ համատեղ զորավարժություն անցկացրեց ՆԱՏՕ անդամ երկրի հետ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա պետք է նշել, որ այն Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ այն միակ երկիրը, որն ԱՄՆ գլխավոր հակառակորդն է բոլոր ոլորտներում: Իրանն այն երկիրն է, որը համապատասխան հնարավորություններ ու համարձակություն ունի տարածաշրջանում վարելու այն քաղաքականությունը, որն ամենևին էլ չի տեղավորվում ամերիկյան քաղաքական ուղեծրում: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Թուրքիային ամենևին էլ անհրաժեշտ չէ «միջուկային» Իրանը: Թուրքիան մոտ կեսհազարամյակ է, ինչ տարածաշրջանում և իսլամական աշխարհում գերիշխող դիրք զբաղեցնելու շուրջ կատաղի մրցակցություն է մղում իր խոշորագույն և առավել ուժեղ հարևան Իրանի հետ: Սակայն գլխավորապես տնտեսական գործոնը (միլիարդավոր դոլարների կորուստը), ինչպես նաև իսլամական աշխարհի հետ իր ջերմ հարաբերությունները չփչացնելը Թուրքիային զսպում է Իրանին ուժային հարված հասցնելու շուրջ ԱՄՆ ու Իսրայելի պլանները ողջունելուց: Ուժային հարվածի արդյունքում Իրանը տարածաշրջանում կկորցնի ազդեցիկ դերը, կվերածվի երկրորդական երկրի և տևական ժամանակ չի կարողանա տարածաշրջանում ու իսլամական աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնելու շուրջ մրցակցել Թուրքիայի հետ:
1«Wikileaks»-յան հրապարակումներում 2004թ. թվագրված փաստաթղթում նշված էր, որ Ադանա քաղաքից 10 կիլոմետր դեպի արևելք ընկած Ինջիրլիքի ռազմակայանում են պահվում ամերիկյան 98 միջուկային ռումբեր: Դեկտեմբերի 11-ին Ադանայում գտնվող երկրի նախագահ Աբդուլա Գյուլին լրագրողները հարցրել են, թե ով է կառավարում այդ ռումբերը՝ Թուրքիա՞ն, թե՞ ԱՄՆ-ը: Գյուլը նշել է, որ Թուրքիայում «գոյություն չունի» որևէ ռազմական արժեք, որը չգտնվի թուրք պաշտոնյաների վերահսկողության ներքո: Հատկանշական է, որ ապրիլի 3-ին թուրքական «Hurriyet» թերթը հայտնել էր, թե Ինջիրլիքի ռազմակայանում է պահվում 90 միջուկային ռումբ, որոնցից 40-ը գտնվում է թուրքական, իսկ 50-ը` ամերիկյան զինված ուժերի վերահսկողության ներքո:
2Թուրքական «Milliyet» թերթի հաղորդմամբ` «Wikileaks»-յան հրապարակումներում նշված է այն մասին, որ Սարկոզին «սպիտակ-կարմիր» ալերգիա ունի: Երբ Սարկոզին Փարիզի վրայով թռչելիս է եղել, նրա օդաչուները փոխել են ինքնաթիռի ուղղությունը, որպեսզի Սարկոզին չտեսնի թուրքական դրոշի գույներով լուսավորված Էյֆելյան աշտարակը, ինչն արվել էր Փարիզ այցելած Էրդողանի պատվին:
3Հոկտեմբերի 16-ին թուրքական «Աքշամ» թերթը հայտնեց, թե Թուրքիայում տեղակայվելու է «X-Band» տիպի ՌՏԿ, որն ունի 116 մետր երկարություն, 85 մետր բարձրություն, 50.000 տոննա ծանրություն, 75-85 հոգանոց անձնակազմ: 900 միլիոն դոլարանոց այս ՌՏԿ-ն ունակ է մոնիթորինգ անցկացնել մինչև 5000 կիլոմետր շառավղով:
4Փորձագետները կարծում են, թե Իրանն այդպիսի հրթիռ կստեղծի 10 տարի անց, իսկ Արևմտյան Եվրոպային իրապես կարող է սպառնալ 2014 թվականից ոչ շուտ: Ներկայումս իրանական «Շահափ 3» բալիստիկ հրթիռների հեռահարությունը կազմում է 1930 կիլոմետր, իսկ արագությունը` 5500 կիլոմետր/ժամ: Չնայած դրան` «Wikileaks»-յան հրապարակումներում 2010թ. փետրվարի 24-ին թվագրված փաստաթղթում նշված է, որ Իրանը Հյուսիսային Կորեայից ձեռք է բերել «R-27» տիպի 19 հրթիռ, որոնց հեռահարությունն Իրանին առաջին անգամ հնարավորություն է ընձեռում հարված հասցնել Մոսկվային և Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներին:
5«Miliyet» թերթի լրագրող-վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը նոյեմբերի 25-ին գրեց. «ԱՄՆ-ի համար Իսրայելը մի կողմում է, ողջ աշխարհը` մեկ այլ կողմում: Թուրք-ամերիկյան հարաբերությունները բխում են թուրք-իսրայելական հարաբերություններից: Եթե որևէ երկիր վիճում է Իսրայելի հետ, ապա դա նշանակում է, որ նա վիճում է նաև ԱՄՆ-ի հետ: Բացի այդ, Իսրայելի հետ ջերմ և թշնամական հարաբերություններ ունեցող երկրներն անմիջապես գործ են ունենում ԱՄՆ-ում հրեական լոբբիի հետ: Դրա վառ ապացույցը եղավ Իրանի հետ Թուրքիայի ջերմ հարաբերությունների հաստատումը և «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Իսրայելի հետ հարաբերությունների սրումը, ինչից հետո Թուրքիան հայտնվեց հրեական լոբբիի անցանկալի երկրների շարքում: Հրեական լոբիի ուժն ու ազդեցությունն ամենից շատ զգացվում է ԱՄՆ Կոնգրեսում: Մինչև վերջերս հրեական լոբբին աջակցում էր Թուրքիային, ինչի արդյունքում էլ Կոնգրեսում կանխվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը, Կոնգրեսը կիպրական հարցում խոչընդոտներ չէր հարուցում, քրդական հարցին չէր աջակցում, Թուրքիան ինչ զենք ցանկանում էր, ստանում էր: Մինչդեռ այժմ ԱՄՆ-ում անընդհատ հայտարարում են. «Թուրքիան դավաճանում է ԱՄՆ-ին», «Թուրքիան արդեն անվտանգ երկիր չէ, սպառնալիք է ներկայացնում», «Թուրքիան ԱՄՆ թշնամիների հետ է բարեկամանում», «Մենք պետք է վաղվա համար արդեն այսօրվանից դասեր քաղենք»: Առանց ԱՄՆ-ի, Թուրքիան չի կարող տարածաշրջանային լիդեր լինել: ԱՄՆ-ը գերուժ է, որի ձեռքում անհավանական հնարավորություններ կան: Այն մեծ ազդեցություն ունի այլ երկրների և շուկաների վրա: Թուրքիան էլ մեծապես կախված է ԱՄՆ-ից. մեր տնտեսությունը, բանակը, արտաքին քաղաքականությունը: ԱՄՆ-ը կարող է մեզ համար բազմաթիվ խնդիրներ հարուցել, որոնք Թուրքիան ոչ բոլոր դեպքերում կարող է հաղթահարել: Առանց ԱՄՆ աջակցության, ՔԲԿ-ի դեմ Թուրքիայի պայքարը կստացվի շատ բարդ և արյունալի: Առանց Վաշինգտոնի, Թուրքիան որևէ քայլ չի կարող անել ՄԱԿ-ում: ԱՄՆ-ը նաև մեծ ազդեցություն ունի ԵՄ-ի վրա և ներկայումս աջակցում է Թուրքիայի անդամակցությանը: Ի վերջո, ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիան ողջ աշխարհի կողմից կընկալվի որպես ցեղասպան երկիր: Այժմ Վաշինգտոնը սպասում է 2011թ. հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին»:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]