• am
  • ru
  • en
Версия для печати
25.01.2011

ԹՈՒՐՔԻԱՆ 2011-ԻՆ.ՀԵՌԱՆԿԱՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ

   

Հայկ Գաբրիելյան

Ներքին քաղաքականություն

2011 թվականին Թուրքիայում սպասվող իրադարձությունների մասին խոսելիս` պետք է առաջին հերթին հիշատակել հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ակնկալվում է, որ ընտրություններում դարձյալ հաղթանակ կտանի վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): Այս մասին են վկայում նաեւ 2010 թվականի դեկտեմբերին թուրքական «Metropoll» ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքները: Թուրքիայի 31 նահանգներում անցկացված հարցախույզին մասնակցել է 1504 մարդ, որոնք պատասխանել են «Եթե այժմ խորհրդարանական ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցության օգտին կտայիք ձեր քվեն» հարցին: Մասնակիցների 37,7%-ը նշել է ԱԶԿ-ն, 25,5%-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), 11,5 %-ը` Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ), 5,4%-ը` քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը (ԽԺԿ):

Քաղաքական կուսակցությունների նախապատվելի առաջնորդի հարցում մասնակիցների 40,6%-ը նշել է Էրդողանին (ԱԶԿ), 22,5%-ը` Քեմալ Քըլըչդարօղլուին (ԺՀԿ), 8,6%-ը` Դեւլեթ Բահչելիին (ԱՇԿ), իսկ ԽԺԿ ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի օգտին է արտահայտվել ընդամենը 0,9%-ը:

2011 թվականի հունվարի 12-ին Քադիր Հաս համալսարանի սոցիալ-քաղաքական հետազոտությունների կենտրոնն իր հերթին հարցախույզ անցկացրեց Թուրքիայի 26 նահանգներում, որին մասնակցեց 1000 մարդ: Նրանցից 65,2%-ի կարծիքով` ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ի վիճակի չէ ղեկավարելու երկիրը: Էլ ավելի վատ է դրությունը մյուս հիմնական ընդդիմադիր ուժի` ԱՇԿ-ի հարցում, որն, ամենայն հավանականությամբ, ընտրությունների ժամանակ թուրքական խորհրդարանում գոյատեւելու պայքար է մղելու. 85,6%-ը չի հավատում, որ նրա առաջնորդ Դեւլեթ Բահչելին ընդունակ է ղեկավարելու երկիրը:

Այս ամենը խոսում է այն մասին, որ ԱԶԿ-ն, հանձին Էրդողանի, ունի խարիզմատիկ առաջնորդ, ինչը չի կարելի ասել ԱՇԿ-ի եւ նրա առաջնորդ Բահչելիի մասին: Ինչ վերաբերում է ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուին, ապա նրան նույնպես դեռ չի հաջողվել իրեն ներկայացնել որպես համազգային առաջնորդ, քանի որ նա ցայժմ հիմնականում զբաղված էր ներկուսակցական գզվռտոցներով եւ Էրդողանին շարունակաբար քննադատելով:

Հարկ է նշել, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայում լայնորեն շահարկվելու են հայկական եւ հատկապես քրդական խաղաթղթերը: Քանի որ Թուրքիայի հայ համայնքը փոքր է, ուստիեւ Էրդողանը չի պլանավորել շահել նրա աջակցությունը: Ընդհակառակը, վերջին շրջանում հակահայկական քայլերով Էրդողանը փորձում է իր կողմը գրավել թուրքական ազգայնական ընտրազանգվածը: Դրա վառ օրինակը Կարսում գտնվող եւ հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող անավարտ հուշարձանն «անճոռնի» եւ «ապամոնտաժման ենթակա» պիտակավորելն է:

Այս ամենը ցույց է տալիս, որ Էրդողանն առաջնորդվում է ժամանակի պահանջով: 2010 թվականի նոյեմբերի 9-ին Եվրահանձնաժողովի (ԵՀ) հրապարակած ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան զեկույցի հրապարակումից առաջ Թուրքիայում գրանցվեցին մի շարք «քրիստոնեական ռեկորդներ». բազմամյա ընդմիջումներից հետո առաջին անգամ պատարագներ անցկացվեցին Տրապիզոնի Սյումելա վանքում (88-ամյա ընդմիջումից հետո, օգոստոսի 15-ին), Աղթամարի Սուրբ Խաչ (95-ամյա ընդմիջումից հետո, սեպտեմբերի 19-ին) եւ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցիներում (32-ամյա ընդմիջումից հետո, հոկտեմբերի 25-ին): Այս ամենը ԵՄ-ին ի ցույց էր դնելու թուրքական իշխանությունների հանդուրժողականությունը երկրում բնակվող քրիստոնյաների նկատմամբ եւ նպաստելու էր ԵՀ զեկույցում Թուրքիային առնչվող բարենպաստ կետերի ներառմանը:

Քրդական հարցում իրավիճակը շատ ավելի խճճված է. ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայերի, քրդերն ի վիճակի են խառնելու Էրդողանի խաղաթղթերը: Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսի ընտրություններին քրդերը հանդես եկան ոչ թե միացյալ կուսակցությամբ, ինչպես 2002 թվականին, այլ` առանձին թեկնածուներով: Դա հանգեցրեց նրան, որ Թուրքիայի արեւելյան ու հարավարեւելյան նահանգներում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան նշանակալից հաջողության. խորհրդարանում քրդերը ստացան 21 տեղ:

Այս տարի էլ քրդերը մտադիր են հանդես գալ առանձին թեկնածուներով, ընդլայնել իրենց ներկայացվածությունը խորհրդարանում եւ էական ազդեցություն ունենալ տարբեր օրինագծերի մշակման ու հաստատման գործում:

Ներկայումս Էրդողանի գերխնդիրն է համարվում երկիրն առանց լուրջ ցնցումների դեպի խորհրդարանական ընտրություններ առաջնորդելը, քանի որ հակառակ դեպքում նրա եւ ԱԶԿ-ի վարկանիշն անկում կապրի:

Մասնավորապես, Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն ունի Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK): Սակայն 2010 թվականի հոկտեմբերի 13-ին Էրդողանին հաջողվեց Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանի օգնությամբ PKK-ի հետ զինադադար հաստատել մինչեւ խորհրդարանական ընտրությունները, ինչը շատ կարեւոր էր իշխող կուսակցության համար: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանը զինադադարի հաստատման համար ընդունել է Օջալանի մի շարք պահանջները, ինչից հետո Օջալանը քուրդ զինյալներին հրահանգել է հեռանալ Հյուսիսային Իրաք:

Զինադադարի կապակցությամբ Օջալանը նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ ես շանս եմ տալիս Էրդողանի կուսակցությանը: Սա արդեն 5-րդ ընտրությունն է: Ամեն անգամ գալիս են ինձ մոտ եւ ասում. «Թող այս ընտրություններն էլ անցնեն» կամ «Սպասիր հաջորդ ընտրություններին»: Այժմ ինձ դարձյալ ասում են. «Սպասիր հաջորդ ընտրություններին»: Սա Էրդողանի վերջին հնարավորությունն է»: Փաստորեն, իր այս հայտարարությամբ Օջալանը հաստատեց, որ Էրդողանը շարունակ իր հետ բանակցություններ է վարել եւ վարում: Սակայն Էրդողանը ցայժմ պաշտոնապես չի հաստատել դա:

Ինչ վերաբերում է այս հարցում թուրքական հասարակության դիրքորոշմանը, ապա այն շարունակում է երկրի թիվ մեկ ներքին խնդրի դերում դիտարկել քրդական հարցը: «Metropoll»-ի վերոնշյալ հարցախույզի ժամանակ մասնակիցների 53%-ի կարծիքով` Թուրքիան այժմ կանգնած է մասնատման վտանգի առջեւ, 52,1%-ի կարծիքով` քրդերին կհաջողվի ի վերջո ստեղծել առանձին պետություն, 59,9%-ը երկրի անվտանգության ամենամեծ ներքին սպառնալիք է անվանել PKK-ն, 64,5%-ը դեմ է Օջալանի հետ բանակցային գործընթաց ձեռնարկելուն, 88%-ն էլ կարծում է, որ ԽԺԿ-ն կապեր է պահպանում PKK-ի հետ:

2010 թվականի դեկտեմբերի վերջին անգլիական «The Economist» պարբերականի խմբագիր Ջոն Փիթն իր վերլուծական հոդվածում կանխատեսել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանը նախաձեռնելու է նոր Սահմանադրության ընդունումը, որը կփոխարինի 1982 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված Սահմանադրությանը:

Փիթի կանխատեսմամբ` 2011 թվականին Թուրքիան առավել ազդեցիկ դեր կխաղա, քան նախկինում: Դրան նպաստելու է այն հանգամանքը, որ վերջին երկու տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունն է: Կանխատեսվում է, որ 2011 թվականին տնտեսական զարգացման աճի ցուցանիշով Թուրքիան կզիջի միայն Չինաստանին, Հնդկաստանին եւ մի շարք այլ զարգացող երկրների:

Տնտեսական ոլորտ

Թուրք արտահանողները կանխատեսում են, որ 2011 թվականն իրենց համար լինելու է «ոսկե տարի»: Սպասվում է, որ այս տարի թուրքական արտահանումը կաճի 30 տոկոսով:

2010 թվականի հոկտեմբերին Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտնեց, որ իրենց հաշվարկներով` 2011 թվականին Թուրքիա կայցելի 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնք 25 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին: Գյունայի խոսքերով` իրենք բավարարված չեն դրանով, եւ իրենց նպատակը շարունակում է մնալ 30 միլիարդ դոլարը:

2011 թվականը վճռորոշ է լինելու Nabucco գազատարի համար, որի կառուցման մեկնարկը նախատեսված է հաջորդ տարի: Գերմանական քաղաքագետ, էներգետիկ քաղաքականության գծով փորձագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով` Թուրքիան այն միակ երկիրն է, առանց որի անհնար է դառնում Ռուսաստանի տարածքը շրջանցող եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ձգվող որեւէ խողովակաշարի կառուցումը. «Թուրքիան Nabucco եւ «Հարավային հոսք» գազամուղերի միջեւ պայքարի գլխավոր հաղթողն է: Առաջիկայում Անկարան չի պատրաստվում իրեն սահմանափակել միայն տարանցիկ երկրի կարգավիճակով, ինչպես որ ներկայումս է: Օգտագործելով իր բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքը` Անկարան վերածվելու է գազը վերավաճառող երկրի: Դա բավականին կամրապնդի Եվրոպայի ու Ասիայի միջեւ Թուրքիայի ունեցած էներգետիկ կամրջի դերը: Սակայն ժամանակը ցույց կտա, թե Եվրոպան որքանով Թուրքիային կթույլատրի ձեռք բերել նմանատիպ կարգավիճակ»:

Ստացվում է, որ Թուրքիան կարող է էներգետիկ շանտաժի ենթարկել իրենից տարանցիկ մեծ կախվածության մեջ գտնվող պաշտոնական Բրյուսելին, ինչը եթե անգամ չապահովի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, ապա, թերեւս, կարագացնի այն:

Արտաքին քաղաքականություն

Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, «TRT 1» հեռուստաալիքի եթերում ամփոփելով 2010 թվականին Թուրքիայի արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները, նշել է, որ 2011 թվականին իրենք նպատակ են դրել Թուրքիան վերածել «խելացի երկրի», ուր պաշտպանված կլինեն խոսքի ու խղճի ազատությունը, մարդու իրավունքները եւ այլն:

Դեկտեմբերի սկզբին Դավութօղլուն «Washington Post» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ իր երազանքն «Օսմանյան կայսրության ազգերի միության» ստեղծումն է: Դավութօղլուն դա համեմատել է «Բրիտանական ազգերի համագործակցության» հետ, ինչն էլ հենց հիմք է հանդիսացել նրա երազանքի համար: Դավութօղլուի կարծիքով` Թուրքիայի պարագայում գործն ավելի է հեշտանում, քանի որ Օսմանյան կայսրության տարածքները գտնվում էին 3 աշխարհամասերում, մինչդեռ բրիտանական կայսրության դեպքում խոսքը բոլոր բնակելի աշխարհամասերի (կամ մայրցամաքների) մասին է:

Հունվարի կեսին գերմանական «Die Welt» թերթը, անդրադառնալով Էրդողանի արաբական շրջագայությանը, նշեց, որ Էրդողանը երազում է արաբա-թուրքական մեծ պետության մասին. «Էրդողանն արաբական երկրներին կոչ է անում մոռանալ 19-րդ եւ 20-րդ դարերում տեղի ունեցած վեճերն ու տարաձայնությունները եւ փոխարենը վերհիշել այն «պատմական ընդհանրությունը», որը միմյանց է կապում թուրքերին ու արաբներին: Էրդողանի խոսքերով` այժմ եկել է ժամանակը հիմք դնելու «հազարամյա եղբայրությանը» եւ ստեղծելու «քաղաքական, տնտեսական ու մշակութային միություն», քանի որ թուրքերն ու արաբները «պատկանում» են մեկ քաղաքակրթության եւ «ունեն» ընդհանուր պատմություն»:

2010 թվականի դեկտեմբերի 31-ին «Turksam» միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Ջելալեթթին Յավուզն իր «2010 թվականի Թուրքիայի արտաքին քաղաքականության ձեռքբերումներն ու կորուստները» հոդվածում նշում է, որ թեեւ արտաքին քաղաքականության մի շարք ոլորտներում դրական զարգացումներ են գրանցվել (Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարեւելյան քառյակ` Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Հորդանան, միություն ստեղծելու հաջող ջանքեր), այնուամենայնիվ, կան նաեւ ոլորտներ, որոնցում Թուրքիան ֆիասկոյի աստիճանի սխալներ է գործել:

Թուրք վերլուծաբանը որպես օրինակ նշում է, որ Թուրքիա– Իսրայել, Թուրքիա–Իրան, Թուրքիա–ՀԱՄԱՍ հարաբերությունները բացասականորեն են ազդել Թուրքիա–ԱՄՆ եւ Թուրքիա–ԵՄ հարաբերությունների վրա: Դա առավել ընդգծվեց, երբ Թուրքիան ամռանը ՄԱԿ ԱԽ նիստում դեմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցների սահմանմանը: Յավուզը Թուրքիայի արտաքին քաղաքականության խոցելի խնդիրների թվում նշել է նաեւ Հայկական հարցն ու Կիպրական խնդիրը, որոնք նույնպես շաղկապված են Թուրքիա–ԱՄՆ եւ Թուրքիա– ԵՄ հարաբերությունների հետ:

Այդ ամենը թուրքական հասարակությունում հանգեցրել է հակաամերիկյան տրամադրությունների զգալի աճի: «Metropoll»-ի վերոնշյալ հարցախույզի ժամանակ մասնակիցների 42,6%-ը երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիք է անվանել ԱՄՆ-ը, 23,7%-ը` Իսրայելը, 3%-ը` Իրանը, 2,3%-ը Հունաստանը, 2,1%-ը` Իրաքը, 1,7%-ը` Ռուսաստանը: Հայաստանն ստացել է ամենաքիչ քվեները (1%):

Հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք արդիական հարցերի. 63,6%-ը դեմ է արտահայտվել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, 27,9%-ը` կողմ, 8,5%-ը դժվարացել է պատասխանել: Հայաստանի սահմանի բացման հետ կապված` 50,3%-ը դեմ է արտահայտվել, 27,4%-ը` կողմ, իսկ ահա 22,3%-ը դժվարացել է պատասխանել: Իրանի կողմից միջուկային զենք արտադրելուն կողմնակից է 22,7%-ը, այն մտահոգիչ է համարել 68,6%-ը, դժվարացել է պատասխանել 8,6%-ը: ԵՄ-ին անդամակցելուն աջակցում է 53,7%-ը, դեմ է 38,7%-ը, մնացած 7,7%-ը չի կողմնորոշվել այդ հարցում:

Ներկայումս, բացի Եվրոպայի ու Ասիայի միջեւ էներգետիկ կամրջի դեր ստանձնելուց, Թուրքիան իրեն առաջարկում է նաեւ որպես երկու քաղաքակրթությունների` Արեւմուտքի ու Արեւելքի «հաշտարար»: Թուրքիան գտնում է, որ միայն ինքն է ի վիճակի հաշտեցնելու այդ երկու քաղաքակրթությունները եւ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին շարունակ թմբկահարում է այդ մասին: «Turksam»-ի նախագահ Սինան Օղանի կարծիքով` Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է հավակնել Մերձավոր եւ Միջին Արեւելքն արդիականացնողի դերին եւ ունակ է այդ տարածաշրջանը «հաշտեցնել» Արեւմուտքի հետ։

Ստացվում է, որ Թուրքիան մտադիր է, Եվրոպայի ու Ասիայի միջեւ էներգետիկ եւ քաղաքակրթական կամուրջների դեր ստանձնելով, դառնալ Եվրասիա մայրցամաքի առանցքային խաղացողը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր