• am
  • ru
  • en
Версия для печати
16.12.2010

ԷԳԵՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

   

Հայկ Գաբրիելյան

Այսօր Հունաստանը գտնում է, որ իր եւ Թուրքիայի միջեւ առկա կարեւորագույն խնդիրներից է Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի բաժանումը: Մինչդեռ Թուրքիան, դրա հետ մեկտեղ, առաջ է քաշում նաեւ օդային ու ծովային սահմանների խնդիրը: Համառոտ անդրադառնանք դրանց:

Տարածքային ջրեր եւ օդային սահման – Տարածքային ջրերն ափի երկայնքով, ինչպես նաեւ ներքին ծովային ջրերից դուրս ընկած ծովային գոտին են, որն անվանում են նաեւ տարածքային ծով: Տարածքային ծովի արտաքին սահմանը հանդիսանում է ափամերձ պետության ծովային պետական սահմանը: Ստացվում է, որ ափամերձ պետության ինքնիշխանությունը տարածվում է տարածքային ջրերի մակերեւույթի ու դրանց հատակի ընդերքի, ինչպես նաեւ դրանց վրայի օդային տարածքի վրա:

Պետք է նշել, որ Էգեյան ծովում Հունաստանին են պատկանում հազարից ավելի կղզիներ, որոնց մի մասը բավական մոտ է գտնվում թուրքական ափերին (3 ծովային մղոնից քիչ ավելի): 1923 թվականի Լոզանի պայմանագրով տարածքային ջրերի հեռավորությունը սահմանվեց 3 ծովային մղոն (5.6 կիլոմետր): 1936 թվականին Հունաստանը դա հասցրեց 6 ծովային մղոնի (11 կիլոմետր), ինչի արդյունքում Էգեյան ծովի հունական մասնաբաժինը կազմեց 35 տոկոս: Իսկ ահա 1947 թվականին, երբ Դոդեկանեսյան կղզիներն Իտալիայից անցան Հունաստանին, վերջինիս մասնաբաժինն արդեն հասավ 47 տոկոսի, սակայն 6 ծովային մղոնի սահմանագիծը պահպանվեց:

1981 թվականին Հունաստանի վարչապետ Անդրեաս Պապանդրեուն հայտարարեց Հունաստանի տարածքային ջրերը 12 ծովային մղոնի (22 կիլոմետր) վրա տարածելու իր մտադրության մասին: Թուրքական կողմի կարծիքով` դա նշանակում էր, որ Էգեյան ծովը վերածվելու էր հունական լճի, քանի որ այդ դեպքում արդեն հունական մասնաբաժինը կազմելու էր 72.8 տոկոս: Իսկ դա իր հերթին լրջորեն կսահմանափակեր բաց ծով դուրս գալու Թուրքիայի հնարավորությունները, քանի որ Էգեյանը կիսափակ ծով է: 12 ծովային մղոնի կիրառման դեպքում Թուրքիայի տարածքային ջրերը 16.3 տոկոսից կնվազեին մինչեւ 9.27 տոկոսի: Սակայն 1981 թվականին կողմերին հաջողվեց խուսափել միմյանց հետ պատերազմելուց:

1995 թվականի ամռանը (նաեւ 1996 թվականի սկզբին) երկու երկրները դարձյալ հայտնվեցին պատերազմի նախաշեմին, երբ Հունաստանը հայտարարեց Էգեյան ծովում իր տարածքային ջրերը մինչեւ 12 ծովային մղոն հեռավորության վրա տարածելու մասին: Թուրքական կողմը դա որակեց որպես «casus belli»` պատերազմ հայտարարելու առիթ: Ապա թուրքական մեջլիսն իր կառավարությանն օժտեց ռազմական գործողություններ վարելու լիազորություններով: Թուրքական կողմն Էգեյան եւ Մարմարա ծովերում ձեռնարկեց «Efes-95» անունը կրող լայնածավալ ծովային եւ օդային զորավարժություններ, ինչը հունական կողմը որակեց որպես սադրանք: Սակայն այս անգամ էլ գործը չհասավ պատերազմի:

2004 թվականի աշնանը կրկին սրվեցին թուրք-հունական հարաբերությունները, ինչի պատճառը դարձյալ Էգեյան ծովում երկու երկրների սահմանագիծն էր: Հունաստանը Թուրքիային մեղադրեց իր տարածքային ջրերը եւ օդային սահմանը բազմիցս խախտելու մեջ` սպառնալով խնդիրներ հարուցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Թուրքիան էլ իր հերթին Հունաստանին մեղադրեց նրանում, որ վերջինս ցանկանում է Էգեյանը դարձնել իր ներքին ծովը եւ դրանով իսկ Միջերկրական ծովից Թուրքիայի դեմ պատ կառուցել:

Օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա: Թուրքական կողմը նշում է, որ աշխարհում նմանատիպ պրակտիկա գոյություն չունի, երբ որեւէ երկրի օդային տարածքը գերազանցի նրա տարածքային ջրերը: Սակայն իրականում դա այդպես չէ. ճիշտ է` 1931 թվականին Հունաստանն իր օդային սահմանը հաստատեց կղզիներից 10 ծովային մղոն հեռավորության վրա, սակայն եթե մենք հունական 12 ծովային մղոնանոց տարածքային ջրերի հաշվարկն սկսենք ոչ թե Բալկանյան թերակղզուց, այլ Էգեյան ծովում գտնվող հունական կղզիներից (ինչպես որ ընդունված է արշիպելագ-երկրի պարագայում), ապա կստացվի, որ հունական կողմը դեռ կարող է եւս 2 ծովային մղոնով առաջ տանել իր օդային սահմանը:

Թուրքական կողմի այդ դիրքորոշման պատճառով էլ թուրք օդաչուներն իրենց իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում եւ կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում եւ մանեւրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Իսկ ահա 2006 թվականի մայիսին հունական ու թուրքական օդաչուները հունական Կարպատոս կղզու շրջանում մոտ 9 կիլոմետր բարձրության վրա նմանատիպ մանեւրների ժամանակ չեն կարողացել վերահսկել իրենց «F-16» տիպի ինքնաթիռները եւ բախվել են միմյանց:

2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական «Միլիեթ» թերթը նշեց, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո: Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունաստանն էլ նշում է, որ 2000–2009 թվականներին թուրքական ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը:

Մայրցամաքային շելֆ – 1970-ական թվականներին հայտնի դարձավ, որ Էգեյան ծովի շելֆը պարունակում է նավթագազային պաշարներ, որոնք ԵՄ-ին հնարավորություն կընձեռեն թուլացնելու Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը: Էգեյան ծովի շելֆի հարցում վիճելի է մնում այն հարցը, թե բացառապես տնտեսական գոտու1 սահմանագիծն անցկացնելիս որչափ ուշադրություն պետք է հատկացվի Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիներին, որոնց թուրքական կողմը համարում է անատոլիական ցամաքի բնական (աշխարհագրական) շարունակությունը: Թուրքիան գտնում է, որ 30 ծովային մղոնի հաշվարկը պետք է սկսվի հունական ցամաքից (Բալկանյան թերակղզուց) եւ ոչ թե Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիներից: Բնականաբար, պաշտոնական Աթենքն ընդդիմանում է դրան:

1987 թվականին Հունաստանը ձեռնամուխ եղավ Էգեյան ծովում գտնվող Թոսոս կղզու մերձակայքում նավթաորոնողական աշխատանքներին, ինչը Թուրքիան որակեց իբրեւ ոտնձգություն իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ: Թուրքական կողմն անմիջապես այդ շրջան ուղարկեց մեծաթիվ ռազմանավեր ու ինքնաթիռներ, եւ միայն վերջին պահին հաջողվեց խույս տալ պատերազմից, ինչպես որ եղավ 1974 եւ 1976 թվականներին: Դրանից հետո կողմերը բավական մեծ զգուշավորություն են ցուցաբերում, ինչը վերաբերում է նաեւ Կիպրոսի հյուսիսային հատվածի մերձակայքում առկա ածխաջրածինների շահագործմանը: Ի դեպ, այս խնդիրը խիստ արդիական է երկու երկրների համար էլ, քանի որ նրանք չեն տիրապետում ածխաջրածինների քիչ թե շատ պաշարների, որոնց կարիքը սուր են զգում նրանց տնտեսությունները:

Թուրք-հունական հարաբերությունների ջերմացում

2009 թվականի վերջից սկսած` թուրք-հունական հարաբերություններում նկատվեց որոշակի մերձեցում, ինչին նպաստեցին 2009 թվականի հոկտեմբերի 4-ին Հունաստանում կայացած վաղաժամ խորհրդարանական ընտրությունները: Դրանցում հաղթանակ տարավ ընդդիմադիր Համահունական սոցիալիստական շարժումը, որի լիդեր Գեորգիոս Պապանդրեուն դարձավ երկրի վարչապետ: Նորընտիր վարչապետն առաջին արտասահմանյան այցը կատարեց դեպի Թուրքիա եւ հանդիպում ունեցավ իր թուրք գործընկեր Էրդողանի հետ:

2010 թվականի մայիսի 14-ին Էրդողանն իր հերթին երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Հունաստան, իսկ մինչ այդ հայտարարեց, որ Էգեյան ծովը երկու երկրների համար պետք է լինի ոչ թե բաժանող, այլ` միավորող ծով: Աթենքում կողմերը կնքեցին 22 երկկողմանի համաձայնագիր, ինչի համար էլ Էրդողանն իր այցը որակեց որպես պատմական: Այդ համաձայնագրերն առնչվում էին տնտեսական, առեւտրային, ներքին գործերի, արտաքին քաղաքականության, կրթական, կապի, էներգետիկ, զբոսաշրջային եւ շրջակա միջավայրի ոլորտներին:

Չնայած դրան` որեւէ լուրջ առաջընթաց չգրանցվեց կիպրական եւ Էգեյան ծովի համալիր խնդիրների շուրջ: Աթենքում Էրդողանն առաջարկեց Էգեյան ծովի կղզիների վրա պարեկություն կատարող թուրքական ու հունական ինքնաթիռների վրայից հանել ռումբերն ու հրթիռները: Հունական կողմն էլ իր հերթին ցանկություն հայտնեց, որ թուրքական կողմը նախապես իրեն տեղեկացնի հունական կղզիների վրայով թռչող թուրքական ինքնաթիռների թռիչքների մասին: Ի դեպ, Էրդողանի աթենքյան այցից ընդամենը 2 ժամ առաջ թուրքական «F-16» տիպի 6 կործանիչներ խախտեցին հունական օդային սահմանը` թռիչքներ գործելով Էգեյան ծովի հյուսիսում գտնվող Լեմնոս եւ Լեսբոս կղզիների վրայով: Ստամբուլ վերադառնալուց հետո էլ Էրդողանը հայտարարեց մայրցամաքային շելֆի եւ օդային սահմանի խնդիրները Հաագայի միջազգային դատարանի տնօրինությանը հանձնելու իր մտադրության մասին:

2010 թվականի մայիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշեց, որ եթե Թուրքիայի ու Հունաստանի հարաբերություններում ձեւավորված նոր մթնոլորտը պահպանվի եւս 5 տարի, ապա կողմերը կսկսեն կրճատել Էգեյան ծովի տարածաշրջանում առկա իրենց սպառազինությունը եւ դրանով իսկ զգալի գումարներ կտնտեսեն: Դավութօղլուն` որպես օրինակ, նշեց Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները, երբ նախկինում երկու երկրներն էլ զորքեր էին կուտակել իրենց ընդհանուր սահմանին, մինչդեռ ներկայումս այնտեղ նման տեսարանի չես հանդիպի:

Սեպտեմբերի 9-ին Դավութօղլուն հայտարարեց. «Աթենքը պետք է դադարեցնի Էգեյան ծովի շուրջ իր պահանջները, ինչը կհանդիսանա Թուրքիայի անվտանգությանն ամենամեծ սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից Հունաստանի անունը հանելու պատասխանը: 12 ծովային մղոնի հարցում Թուրքիան միակողմանի քայլեր չի ձեռնարկի»: Հիշեցնենք, որ Թուրքիայի «գաղտնի սահմանադրություն» հանդիսացող Ազգային անվտանգության քաղաքականության նոր փաստաթղթում, որը հաստատվեց հոկտեմբերի 27-ին, նաեւ նշված է այն մասին, որ այսուհետ հունական ինքնաթիռների կողմից «վիճելի տարածքների» վրա թռչելը, ինչպես նաեւ իր տարածքային ջրերը 12 ծովային մղոնի վրա տարածելու հունական հայտարարությունները չեն կարող «casus belli»-ի առաջացման պատճառ հանդիսանալ:

Հոկտեմբերին Էրդողանն այս տարվա մեջ երկրորդ անգամ մեկնեց Հունաստան` մասնակցելու հոկտեմբերի 22-ին Աթենքում կայանալիք միջերկրածովյան երկրների կլիմայի փոփոխության գագաթաժողովին: Աթենք մեկնելուց առաջ Էրդողանը խաղաղության ուղերձ հղեց Հունաստանին, որում ցանկություն հայտնեց, որ Էգեյան ծովի երկնքում այլեւս չլինեն մարտական ինքնաթիռներ եւ որ թուրք ու հույն հասարակություններն իրենց մտքից հանեն ռազմական բախման հնարավորությունը: Էրդողանի այցից առաջ Հունաստանի վարչապետ Պապանդրեուն իր հերթին հայտարարեց, թե Էգեյան ծովը կարող է վերածվել բարեկամության ծովի, եւ որ պետք է փոխադարձաբար ինչ-որ բան զոհաբերել` հանուն եվրոպական ընտանիքում իրենց ընդհանուր ապագայի:

Բացի այդ, նախքան Աթենք մեկնելը, Էրդողանը, Իսրայելի հետ կապված, վերջնագիր ներկայացրեց Հունաստանին. «Ես չեմ գնա Աթենք, եթե գագաթաժողովին մասնակցի նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Ինչպե՞ս կարող եմ մի վայրում գտնվել այն մարդու հետ, ով հպարտանում է «Ազատության նավատորմի» դեմ ռազմական գործողություններով: Նման մարդու հետ ոչ միայն որեւէ գործ չեմ ուզում ունենալ, այլեւ չեմ ուզում խոսել: Որտեղ նա կա, ես այնտեղ չկամ»: Սակայն Էրդողանի այս վերջնագիրն անտեղի էր, քանի որ դրանից առաջ Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Նեթանյահուն չի պատրաստվում մասնակցել աթենքյան գագաթաժողովին:

Հարկ է նշել, որ թուրքական կողմը խորապես անհանգստացած է ներկայումս իսրայելա-հունական հարաբերությունների ջերմացմամբ: Հոկտեմբերի կեսերին Հունաստանի ու Իսրայելի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ անցկացրին, ինչից անմիջապես հետո էլ կողմերը ստորագրեցին քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների կողմից օդային տարածքի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը: Թուրքական կողմը նշում էր, որ Իսրայելի հետ իրենց հարաբերությունների վատթարացումից հետո Հունաստանն Իսրայելի հետ քաղաքական խաղում աստիճանաբար զբաղեցնում է Թուրքիայի տեղը:

Թուրք-հունական որոշակի մերձեցումը հանգեցրեց նրան, որ 2010 թվականի նոյեմբերի 10-ին` Քեմալ Աթաթուրքի մահվան 72-ամյա տարելիցի օրը, Աթաթուրքն առաջին անգամ հայտնվեց հունական «NET» պետական հեռուստատեսության էկրանին: «Պատմության մեջ այս օրը» հաղորդաշարի ժամանակ ներկայացվեց նրա կյանքի մասին պատմող տեսանյութ: Ռեկորդն այսքանով չսահմանափակվեց, քանի որ Սալոնիկի նորընտիր քաղաքապետ Իոանիս Բուտարիսը հայտնեց քաղաքի հրապարակներից մեկում երիտթուրքերին նվիրված հուշարձան տեղադրելու իր մտադրության մասին, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց հայ համայնքի շրջանում:

Նոյեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում հայտարարեց, թե որքան արդյունավետ է աշխատում իր կողմից առաջ քաշված «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքական կուրսը եւ այդ առումով շոշափեց նաեւ Հունաստանի անունը. «Թուրք-հունական 87-ամյա հարաբերությունների պատմության ընթացքում կողմերը կնքել էին ընդամենը 35 համաձայնագիր, մինչդեռ միայն մայիս ամսին մեկ օրում մենք Հունաստանի հետ կնքեցինք միանգամից 22 համաձայնագիր»:

Ներկայումս թուրք-հունական որոշակի մերձեցման մասին են խոսում նաեւ երկու երկրների բարձրաստիճան զինվորականների այցերը: Նոյեմբերի 22-ին Թուրքիա այցելեց Հունաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Դիմիտրիոս Էլեֆսինիոտիսը, որը հանդիպում ունեցավ իր թուրք գործընկեր, բանակային ծովակալ Ուղուր Յիղիթի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաների հետ: Իսկ ահա դեկտեմբերի 8-ին Թուրքիա այցելեց Հունաստանի Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ֆրագկուլիս Ֆրագկոսը, որը նույնպես հանդիպեց իր թուրք գործընկեր, բանակի գեներալ Էրդալ Ջեյլանօղլուի եւ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի հետ:

Նոյեմբերի 26-ին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, թե Թուրքիան ճանաչել է Հունաստանի 12 ծովային մղոնանոց գոտին, եւ որ այդ շոկային պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Սակայն Էրդողանը հայտարարեց, որ այդպիսի ոչ մի համաձայնագիր էլ չկա, եւ որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Դավութօղլուն էլ իր հերթին նշեց, թե այդ հարցում կա առաջընթաց, սակայն այս պահին մանրամասների մասին խոսելու կարիք չկա:

Էգեյան հակամարտությունն արդեն տասնամյակներ շարունակ չի կորցնում իր արդիականությունը: Նախորդ տարվանից գրանցված հույն-թուրքական մերձեցումը կողմերի մոտ որոշակի հույսեր է արթնացրել վերոնշյալ խնդիրների կարգավորման ուղղությամբ: Սակայն դրանք (գումարած նաեւ կիպրական խնդիրը) շատ խրթին բնույթ են կրում, ինչի մասին վկայում է նաեւ Էրդողանի հուսահատությունը եւ տվյալ խնդրի շուրջ Հաագայի միջազգային դատարան դիմելու մասին հայտարարությունը:

Հարցի կարգավորմանը կարող է նաեւ նպաստել այն, որ ներկայումս Հունաստանը ոչ միայն խնդիրներ չի հարուցում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, այլեւ ակտիվորեն հանդես է գալիս դրա օգտին: Նոյեմբերի 25-ին Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորիս Դելավեկուրասը հայտարարեց, որ ներկայումս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթանցն առաջ է շարժվում «կրիայի արագությամբ» եւ որ իրենց կարծիքով` 2011 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո պետք է ԵՄ-Թուրքիա գագաթաժողով գումարել, որը Թուրքիայի համար կհանդիսանա ինքնատիպ «ճանապարհային քարտեզ» եւ նոր ռիթմ կհաղորդի բանակցային գործընթացին:

11974 թվականին ծովային խոշոր երկրներն ընդունեցին բացառապես տնտեսական գոտու (ԲՏԳ) մասին կոնցեպցիան: Դրանով ԲՏԳ սահման համարվեց տարածքային ջրերից դուրս ընկած մինչեւ 200 ծովային մղոնը (370.4 կիլոմետր):


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր