• am
  • ru
  • en
Версия для печати
15.10.2010

ԹՈՒՐՔ–ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԸ

Руский

   

Հայկ Գաբրիելյան

Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլին անդրադառնալուց առաջ հարկ է վերհիշել 2002 թվականին Թուրքիայում իշխանության եկած Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) մի շարք քայլերը, որոնք առնչվում են ամերիկյան շահերին: Թուրքիան 2003 թվականին հրաժարվեց մասնակցել Իրաքի օկուպացիային, 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ փաստացիորեն աջակցեց Ռուսաստանին, իսկ այժմ ջերմ հարաբերություններ է հաստատել Իրանի հետ, եւ փոխարենը` կտրուկ սրվել են թուրք-իսրայելական հարաբերությունները:

Չպետք է մոռանալ, որ այս տարի Թուրքիան` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, դեմ քվեարկեց Իրանի հանդեպ ՄԱԿ-ի պատժամիջոցներին, ինչի համար ԱՄՆ-ը մեղադրեց Եվրոպային, քանի որ վերջինս Թուրքիային չի ցանկանում տեսնել իր շարքերում եւ դրանով իսկ նրան մղում է դեպի արեւելք:

2010 թվականի սեպտեմբերի 23-ը Թուրքիայի համար դարձավ պատմական օր. Թուրքիայի եւ ՄԱԿ-ի պատմության ընթացքում առաջին անգամ Թուրքիայի ղեկավարն էր նախագահում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Օրակարգում էր խաղաղություն հաստատելու գործում ջանքերի ներդրման խնդիրը: Բնականաբար, այստեղ եւս Գյուլը բաց չթողեց Իսրայելից պաշտոնական ներողություն պահանջելու հարմար պահը:

Սեպտեմբերի 24-ին Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Գյուլն ու Օբաման Նյու Յորքում «ոտքի» վրա հանդիպում անցկացրին: Նույն օրը «Նյու Յորք թայմսն» իր հոդվածներից մեկը նվիրեց թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլին: Դրանում նշված էր հետեւյալը. «ԱՄՆ-ին անհանգստացնում են թուրք-իրանական եւ թուրք-իսրայելական հարաբերությունները, Վաշինգտոնին սկսում են խանգարել Անկարայի ակտիվ արտաքին քաղաքական քայլերը: Իրանի միջուկային ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է թուրքական բանկերի միջոցով: Դա, Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման հետ մեկտեղ, վնասում է Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերին»:

Հոդվածում ուշադրություն էր հրավիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարությունների վրա. «Եթե այսօր դուք նայեք համաշխարհային խնդիրներին, ապա կտեսնեք, որ դրանք Թուրքիան դրել են առավել շահեկան վիճակում: Ժամանակին Թուրքիան Եվրոպայի հիվանդ մարդն էր, մինչդեռ այսօր նա Եվրոպայի միակ առողջ մարդն է: Թուրքիան, Բրազիլիայի հետ համատեղ, հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծման օգտին, եւ ՄԱԿ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն թուրք-իրանական ջերմ տնտեսական հարաբերությունների վրա: Եթե ցանկանում են, որ մենք Իրանի հետ ընդհանրապես առեւտուր չանենք եւ ոչ մի տնտեսական հարաբերություն չունենանք, ապա դա Թուրքիայի հանդեպ անարդարացի մոտեցում է»:

Այս առումով Թուրքիայի նախագահ Գյուլն ավելի առաջ գնաց եւ հոկտեմբերի 5-ին, հանդես գալով Տրապիզոնի առեւտրաարդյունաբերական պալատում, թուրք գործարարներին կոչ արեց ընդլայնել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը. «Նրանք, ովքեր տեղյակ չեն, կարող են զայրանալ Իրանի հետ մեր առեւտրական կապերից, սակայն թուրք-իրանական առեւտուրը կարեւոր նշանակություն ունի մեզ համար»:

Հիշեցնենք, որ ներկայումս Իրանն էներգետիկ ոլորտում Թուրքիայի երկրորդ խոշոր գործընկերն է (Ռուսաստանից հետո), երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 11 միլիարդ դոլար, ծրագրվում է այն հասցնել մինչեւ 20-30 միլիարդի, ինչպես նաեւ միմյանց միջեւ առեւտուրն իրականացնել ազգային արժույթներով ու թուրք-իրանական սահմանին ստեղծել ազատ առեւտրային գոտի:

Չնայած այդ ամենին` սեպտեմբերի 26-ին Գյուլը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայտարարեց, որ Թուրքիան մշտապես կհանդիսանա ԱՄՆ հուսալի դաշնակիցը: Սա շատերն սկսեցին որակել որպես հավատարմության երդում ԱՄՆ-ին, սակայն շատ շուտով հասկացան, որ դա բնավ այդպես չէ:

Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել` ձգտելով ձերբազատվել ԱՄՆ «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակից, ինչը բնորոշ է եղել նրան «Սառը պատերազմի» ողջ ընթացքում: Թուրք-ամերիկյան (ինչպես նաեւ թուրք-իրանական, թուրք-իսրայելական, թուրք-ռուսական) հարաբերությունների ներկայիս իրավիճակի հանդեպ իր դժգոհությունն արտահայտելու եւ Թուրքիային զսպելու համար ԱՄՆ-ը դիմում է տարբեր միջոցների: Մասնավորապես, վերջին շրջանում ԱՄՆ-ը միջազգային տարբեր ատյաններում մշտապես քվեարկում է Թուրքիային շահեկան բանաձեւերի դեմ, ինչպես նաեւ սեփական երկրում ընդունում հակաթուրքական բանաձեւեր:

Սեպտեմբերի 29-ին էլ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 30 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Գազա ուղեւորվող «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի գործած հարձակումը դատապարտող բանաձեւը: Քվեարկության արդյունքներից պարզ դարձավ, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ 57 երկրների կողմից առաջադրված այս բանաձեւի դեմ քվեարկել է միայն ԱՄՆ-ը: Թուրքական մամուլը չխորշեց այս մասին նյութերը վերնագրել հետեւյալ կերպ. «Միայն ԱՄՆ-ը քվեարկեց Թուրքիայի դեմ»:

Փաստորեն, նման կերպ ԱՄՆ-ը Իսրայելին պաշտպանում է միջազգային հանրության հարձակումներից եւ սահմանափակում Թուրքիայի հնարավորությունները` «Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար:

Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի կողմից կիրառվող զսպիչ միջոցներ են հանդիսանում նաեւ քրդական, կիպրական ու հայկական գործոնները: Մատնանշվում է, որ երբ լարվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ-ում ամեն անգամ հիշում են այս խնդիրները:

Այս առումով Թուրքիան ԱՄՆ-ից հերթական «ապտակն» ստացավ սեպտեմբերի 30-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց թիվ 1631 օրինագիծը, որով թուրքերին կոչ էր արվում չոչնչացնել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական արժեքները:

«Հարգանք ցուցաբերել Հյուսիսային Կիպրոսում թուրքական օկուպացիայի տակ գտնվող կրոնական արժեքների եւ կրոնական ազատությունների նկատմամբ» անվանմամբ նախագծում նշված էր հետեւյալը. «Կիպրոսի թուրքական հատվածում 80 եկեղեցիներ վերածվել են մզկիթի, 28-ը թուրքական բանակի կողմից վերածվել են պահեստների ու բարաքների, եւ միայն 6 եկեղեցի է վերածվել թանգարանի»:

Դրանից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարությունը կտրուկ հակազդեց այդ բանաձեւին` նշելով, որ այն կողմնակալ է եւ վնասում է կիպրական խնդրի լուծմանը: Սակայն այս դեպքում Թուրքիան ռիսկի չդիմեց` ԱՄՆ-ից հետ կանչելու սեփական դեսպանին, ինչպես որ տեղի ունեցավ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո:

2011 թվականին սկսվելու է Իրաքի տարածքից ամերիկյան զորքերի ու սպառազինության դուրսբերման գործընթացը, ինչի կապակցությամբ վերջերս Թուրքիան հայտարարեց, որ այդ նպատակով պատրաստ է տրամադրել իր տարածքը (ինչը, ի դեպ, նա չարեց 2003 թվականին, երբ ԱՄՆ-ը պատրաստվում էր ներխուժել Իրաք): Սակայն Վաշինգտոնը հայտարարեց, որ մտադիր չէ այդ նպատակով օգտագործել Թուրքիայի տարածքը:

Ի դեպ, ամերիկյան կիսապաշտոնական կայքերն ու ամսագրերն անընդհատ տպագրում են «Մեծ Քուրդիստանի» քարտեզը եւ որպես նրա մայրաքաղաք նշում Դիարբեքիրը, ինչը խիստ զայրացնում է թուրքերին:

Ներկայումս միմյանցից դժգոհ են նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունները: Մասնավորապես, ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) թուրքական հատուկ ծառայություններից պահանջում է առավել սերտորեն համագործակցել «Ալ-Քաիդա», «Հիզբալլահ» եւ «Համաս» խմբավորումների դեմ իր պայքարում: Սակայն այդ պահանջը հազիվ թե բավարարվի, քանի որ Թուրքիան ջերմ հարաբերությունների մեջ է վերջին երկու կազմակերպությունների հետ:

Թուրքական կողմն էլ իր հերթին պահանջում է նույնն անել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների դեմ պայքարում եւ մասնակցություն ցուցաբերել Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ բազաները վերացնելու ուղղությամբ: Սեպտեմբերի վերջին Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարեց, որ ՔԲԿ զինյալների գործունեության չեզոքացման հարցում իրենք ԱՄՆ-ից ակնկալում են առավել լուրջ քայլեր:

Հոկտեմբերի սկզբին թուրքական հետախուզության (MIT) հրապարակած հաշվետվության մեջ նշված է, որ քուրդ զինյալներից խլված զենքի մեծամասնությունը մատակարարվել է Ռուսաստանից: Մասնավորապես, խլված ինքնաձիգների 70 տոկոսը եղել են «Կալաշնիկով» տիպի ռուսական ինքնաձիգեր, իսկ խլված հակատանկային ականների նվազագույնը 85 տոկոսը ՔԲԿ-ին մատակարարել են զենքի առեւտրով զբաղվող ռուս վաճառականները: Այս մասին Թուրքիային տեղյակ են պահել ԱՄՆ հատուկ ծառայությունները: Դրանով ԱՄՆ-ը ձգտում է միմյանց բախեցնել Թուրքիային ու Ռուսաստանին եւ որոշակիորեն սառեցնել նրանց միջեւ առկա ջերմ հարաբերությունները:

ԱՄՆ-ից ստացվող հետախուզական տվյալներից ունեցած սեփական կախվածությունը նվազեցնելու համար Թուրքիան ներկայումս աշխատանքներ է տանում դեպի տիեզերք սեփական արբանյակ արձակելու ուղղությամբ: Պլանավորված է, որ 2012 թվականին «Գյոքթուրք» անվանմամբ հետախուզական արբանյակը կարձակվի տիեզերք եւ իր գործունեությունը կծավալի շուրջ 6 տարի: Նախագծի արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար: 650 կիլոմետր վեր բարձրանալու ունակություն ունեցող այդ արբանյակն ի վիճակի կլինի տիեզերքից հետեւելու 60 սանտիմետրից ավելի մեծություն ունեցող օբյեկտների շարժմանը: Բնականաբար, այն կհետեւի ՔԲԿ զինյալների շարժմանը:

Նույն նպատակով Թուրքիան սկսել է կառուցել իր «Մալե» եւ «Բայրաքթար» առաջին անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ, հետախուզական ինքնաթիռ), որոնց շնորհիվ կնվազի նաեւ ԱԹՍ-երի ներկրման հարցում Իսրայելից ունեցած Թուրքիայի մեծ կախվածությունը:

Վերոնշյալից հետեւում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն ապրում են իրենց ամենավատ ժամանակաշրջանը: Ներկայումս Թուրքիան դասվում է բնակչության շրջանում բարձր մակարդակի հակաամերիկանիզմ (շուրջ 70%) ունեցող երկրների շարքին: Թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո ԱՄՆ-ը ստիպված էր ընտրություն կատարել այդ երկու երկրների միջեւ: Եվ չնայած Թուրքիան ՆԱՏՕ անդամ միակ մահմեդական երկիրն է, ԱՄՆ-ը նախապատվությունը տվեց Իսրայելին:

Մյուս կողմից, պետք է նկատել, որ ԱՄՆ-ի համար բավական կարեւոր է Թուրքիայի հետ համագործակցությունն Աֆղանստանում: Թուրքական խաղաղապահ զորքերն առաջատար դիրք են զբաղեցնում աֆղան զինվորների ու ոստիկանների նախապատրաստության հարցում: Այս կապակցությամբ հոկտեմբերի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհակալություն հայտնեց Էրդողանին: Ի դեպ, հոկտեմբերի սկզբին, երկարամյա ընդմիջումից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ է դարձել թուրք դիվանագետը` Թուրքիայի նախագահի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական (արդեն նախկին) Հյուսեին Դիրիյոզը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր