ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
2001թ. ամռանը Անկարայում հիմնվել է Հայկական հետազոտությունների ինստիտուտ կազմակերպությունը: Այն գործում է Թուրքիայի «Եվրասիա» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնին կից: Վերջինս Թուրքիայում ռազմավարական ուսումնասիրություններ իրականացնող խոշոր կենտրոններից մեկն է: Ըստ առկա տեղեկությունների, կառույցը հովանավորվում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության կողմից:
Հայկական հետազոտությունների ինստիտուտի կայքէջն է` http://www.eraren.org, «Եվրասիա» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի կայքում` www.avsam.com.tr, տեղադրված է Հայկական ինստիտուտի լինքը: Կառույցը 2001թ. հրատարակում է «Հայկական հետազոտությունների հանդես» թուրքերեն հանդեսը, որը լույս է տեսնում տարին 4 անգամ: 2002թ. հրատարակվում է նաև հանդեսի անգլերեն տարբերակը` «Review of Armenian Studies»:
Կառույցը գործում է Կոնրադ Ադենաուեր 61 550 հասցեում, Անկարայի Չանկայա թաղամասում: Նույն թաղամասում է նաև Թուրքիայի նախագահի աշխատավայրը: Բավական զավեշտալի է, որ մերժողականություն տարածող կազմակերպությունը տեղակայված է Կոնրադ Ադենաուերի անունը կրող պողոտայում, որն, ինչպես հայտնի է, հետպատերազմյան Գերմանիայում դրեց ֆաշիստական ոճիրներն «առերեսելու» և «ապաշխարանքի» քաղաքականության հիմքը:
2002 և 2004թթ. կառույցը կազմակերպել է Հայկական հետազոտությունների կոնգրես: Կառույցում գործում է հայկական հարցի թեմայով աշխատանքային գրադարան, որն ունի ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հայերեն և թուրքերեն գրականություն: Կառույցը նաև թեմատիկ վիդեո-արխիվ ունի: Ամառային ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է թուրք ուսանողների աշխատանքային պրակտիկան:
Կառույցի ներկայիս ղեկավարն է պաշտոնաթող դիվանագետ Օմեր Էնգին Լյութեմը:
Թեև կառույցը կոչվում է Հայկական հետազոտությունների ինտիտուտ, սակայն գործառույթներով լիովին չի համապատասխանում անվանմանը: Հայկական քաղաքակրթության, մշակույթի, պատմության թեմաներով օբյեկտիվ ուսումնասիրությունների մասին խոսք լինել չի կարող: Կառույցն իրականացնում է գերազանցապես մերժողական բնույթի աշխատանքներ Մեծ եղեռնի հարցում, զբաղվում է հայկական սփյուռքի քարոզչական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսական կարողությունների ուսումնասիրությամբ: «Ինստիտուտի նպատակն է, աչքի առաջ ունենալով Հայկական հարցի պատմական, հոգեբանական, իրավական և միջազգային բաղադրիչները, ուսումնասիրել հարցը լայն ընդգրկումով»,- նշված է կազմակերպության կայքում:
2007թ. կառույցը հրատարակել է «Հայկական հարց. հիմնական տվյալներ և փաստաթղթեր» աշխատությունը, որում ներկայացված են Մեծ եղեռնի խնդրի վերաբերյալ թուրք և ամերիկացի «պատմաբանների» մերժողական բնույթի հոդվածներ: Մասնավորապես, Ջասթին Մըքքարթին ներկայացրել է «Հայկական ապստամբությունները և օսմանցիները» և «Թող վճիռը տան պատմաբանները» հոդվածները: Կա նաև ԼՂ հակամարտության թեմայով ենթաբաժին, որում զետեղված է Օմեր Էնգին Լյութեմի «Ղարաբաղյան հարց» աշխատությունը:
Ուշագրավ է, որ կառույցի գործունեության ընթացքում եղել է մի կարճ ժամանակահատված, երբ փորձ է արվել հրաժարվել «արմատական մերժողական» կեցվածքից և հայկական թեմաներով ուսումնասիրությունները չսահմանափակել զուտ մերժողականությամբ: 2003-2004թթ. կազմակերպության ղեկավար նշանակվեց Հասան Օքթայը, որն, ըստ առկա տվյալների, փորձ արեց շտկումներ մտցնել այս ծայրահեղական մոտեցումների մեջ: 2004թ. օգոստոսին Օքթայն այցելեց Երևան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հանդիպումների ընացքում արտահայտվում էր Թուրքիայում որոշակի ազատականացման օգտին: Օքթայի ղեկավարման ընթացքում Հայկական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպեց Հայկական հետազոտությունների 2-րդ կոնգրեսը, որի ընթացքում զուտ մերժողական բնույթի աշխատանքների կողքին հնչել են նաև Հայոց պատմության այլ ժամանակահատվածներին, մասնավորապես՝ վաղ միջնադարյան շրջանին առնչվող ելույթներ:
Ըստ առկա տեղեկությունների, Օքթայի լիբերալ մոտեցումները սուր դժգոհություններ առաջացրին թուրքական ծայրահեղական շրջանակներում, որոշակիորեն լարվեցին Հայկական հետազոտությունների ինստիտուտի և Թուրքիայի պատմության ինստիտուտի հարաբերությունները: Հայաստանից վերադառնալուց մոտ 3 ամիս անց` 2004թ. տարեվերջին, Հասան Օքթայը հեռացվեց աշխատանքից:
Հասան Օքթայի անունը չի կարող դրվել ազատական հայացքներ ունեցող թուրք մտավորականների և իրավապաշտպանների կողքին` Հալիլ Բերքթայ, Ելդա Օզջան, Օրհան Փամուք և այլն: Օքթայը պարզապես առավել չափավոր մոտեցումներ ուներ և ձգտում էր, չհայտնվելով ընդդիմադիրների շրջանակում, աշխատել պետական շրջանակների հետ` Հայկական հարցում պետական քաղաքականության մեջ որոշակի լիբերալիզմ ապահովելու ուղղությամբ: Օքթայի ջանքերը տապալվեցին` պետական շրջանակներում կոշտ և ծայրահեղական հայացքներով գործիչների հետ առաջացած սուր հակասությունների պատճառով:
Ուշագրավ է նաև ինստիտուտի կայքէջի այն բաժինը, որում զետեղված է տեղեկատվություն հայկական թեմատիկայի վերաբերյալ՝ թուրքական այլ հրատարակություններում: Մասնավորապես, ներկայացված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հրատարակած «Թուրքական փաստարկներն ընդդեմ հայկական պնդումների» ուսումնասիրությունը, որը հրատարակության է պատրաստել Թուրքիայի պատմաբանների միության Հայկական ուսումնասիրությունների բաժանմունքի ղեկավար, «պատմաբան» Հիքմեթ Օզդեմիրը: Պետական արխիվների գլխավոր վարչությունը հրատարակել է «Օսմանյան փաստաթղթերում հայ-ամերիկյան հարաբերությունները» երկհատորյակը, Բիթլիսի նահանգապետերանը` Բիթլիսում հայերի կողմից իբր թե ընդդեմ թուրքերի իրականացված «ջարդերի» մասին հատորյակը, Էրդալ Իլթերի` «Մեծ դավաճանություն. հայկական եկեղեցին և ահաբեկությունը» գիրքը: Սա իրականում Իլթերի 1997թ. տպագրած «Հայկական եկեղեցին և ահաբեկությունը» գրքի վերահրատարակությունն է: Իլթերը հայտնի է իր ծայրահեղականությամբ: Ըստ Իլթերի վերը նշված աշխատության, հայկական կողմը սպանդի է ենթարկել 2,5 միլիոն թուրքերի: Իլթերը չի մանրամասնում, թե ինչպես կարող էին սահմանափակ տարածաշրջանում գործող սահմանափակ թվով հայկական ջոկատները նման ահասարսուռ ջարդ կազմակերպել, եթե, մի կողմ թողնելով հարցի պատմագիտական կողմը, զուտ տեխնիկապես դա իրականացնել պարզապես հնարավոր չէր: Կայքում ներկայացված է նաև տեղեկատվություն Թուրքիայում և ԱՄՆ-ում լույս տեսած անգլերեն հրատարակությունների վերաբերյալ, ինչպես, օրինակ, ԱՄՆ Յուտայի նահանգի համալսարանի կողմից հրատարակված «Հայկական ապստամբությունը Վանում» աշխատությունը, որի հեղինակներն են թուրքական մերժողականության «ամերիկյան ներկայացուցիչ» Ջասթին Մըքքարթին և մի խումբ թուրք հեղինակներ` Էսաթ Արսլանը, Ջեմալեթին Թաշքըրան, Օմեր Թուրան: Կայքում ներկայացված է նաև մեկ այլ ամերիկացի «մերժողական» Գյունթեր Լևիի «Օսմանյան Թուրքիայում հայերի իրականացրած ջարդարարությունները» աշխատությունը:
Հատուկ ուշադրության է արժանի 2007թ. Անկարայում հրատարակված «Սովորում եմ հայերեն» խորագրով հայոց լեզվի ինքնուսույցը: Ըստ կայքի, այն Թուրքիայում արևելահայերենի առաջին ինքնուսույցն է, հեղինակն է Բիրսեն Քարաջան: Բաղկացած է 160 էջից, 18 առանձին դասերից: Ուշադրության է արժանի նաև նույն Բիրսեն Քարաջայի հրատարակած «Արևելահայերեն-թուրքերեն» բառարանը: Բաղկացած է 372 էջից:
Հատկանշական է, որ հայկական կողմն առայսօր որոշակի առավելություն ունի Թուրքիայի հանդեպ, քանի որ անցնող տասնամյակների ընթացքում Հայաստանում զարգացել է թուրքագիտությունը, և ներկայումս որոշակի թվով մասնագետներ կան նշված ուղղությամբ աշխատելու համար: Սակայն Թուրքիայում հայագիտությունը չի զարգացել: Նշված գրքերի հրատարակությունը, արևելահայերենի հանդեպ աճող ուշադրությունը և հայոց լեզուն թուրքական բուհական համակարգ ներմուծելու աշխատանքն ու ինստիտուտի գործունեությունն ընդհանրապես վկայում են, որ Անկարան ձգտում է լրացնել բացը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ[14.02.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ[22.09.2011]
- «ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ[18.11.2010]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[09.04.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]