• am
  • ru
  • en
Версия для печати
01.03.2010

ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան

Նոյեմբերի 11-ին Վառնայում, Բուլղարիայի ազգային հեռուստատեսության մուտքի մոտ, ինքնահրկիզման դիմեց Բուլղարիայի տղամարդկանց կուսակցության ղեկավար Ռոզեն Մարկովը` պահանջելով դադարեցնել նշված հեռուստաալիքով թուրքերեն լուրերի հեռարձակումները: Մարկովի արարքը միջազգային մամուլի, տարբեր լրատվական գործակալությունների, թերթերի, հեռուստաալիքների (այդ թվում նաև հայկական հեռուստաեթերի) ուշադրությանն արժանացավ: Այս գործողությունը ևս մեկ անգամ օրակարգ բերեց բուլղարաթուրքերի հիմնախնդիրը. համայնք, որը եզակի և աննախադեպ հաջողությունների հասավ և խորհրդային դարաշրջանում որոշակիորեն մեկուսացված լինելով` «պերեստրոյկայի» ժամանակահատվածում արագ ակտիվացավ, իսկ սկսած 1990թ.՝ ամուր և հաստատուն տեղ զբաղեցրեց Բուլղարիայի քաղաքական կառավարման համակարգում: Այս ընթացքում, 2002-2009թթ., բուլղարաթուրքերի հիմնած Իրավունքների և ազատությունների շարժում (ԻԱՇ) կուսակցությունը 7 տարի շարունակ տեղ զբաղեցրեց երկրի կոալիցիոն կառավարության կազմում: Բուլղարաթուրքերի թիվը մոտ 8 միլիոն բնակչությամբ Բուլղարիայում շուրջ 800 հազարի չափ է: Չնայած 10 տոկոսանոց ցուցանիշին` բուլղարաթուրքերի կուսակցությունը 240 աթոռ ունեցող բուլղարական խորհրդարանում զբաղեցնում է միջինը 30-38 տեղ` կախված ընտրությունների արդյունքից: Այսինքն՝ համամասնորեն օրենսդիր պալատում թուրքական ներկայությունն ավելի մեծ է, քան երկրի տարածքում: Թուրքական կողմի այս աննախադեպ հաջողությունն ունի երկու հիմնական պատճառ. նախ՝ երկրի թուրք բնակչության ձայները մեկտեղվում են մեկ կուսակցության ուղղությամբ, մինչդեռ բուն բուլղարացիների կամ մյուս էթնիկ խմբերի քվե-ները կիսվում են երկրում առկա տասնյակ այլ կուսակցությունների միջև, ինչի արդյունքում թուրքական կուսակցության համար ապահովվում է համեմատաբար բարձր ցուցանիշ: Երկրորդ պատճառը թուրքական պետության կուլիսային հովանավորչությունն է: Մասնավորապես, 2005-ի հուլիսին խորհրդարանական ընտրությունների ընթացքում ավտոբուսներով Թուրքիայից Բուլղարիա են փոխադրվել երկքաղաքացիություն ունեցող թուրքեր, որոնք իրենց տեղամասերում մասնակցել են ընտրություններին` այդպիսով սեփական ընտրատարածքներով ձգտելով ապահովել ԻԱՇ թեկնածուի հաղթանակը: Անկարան նման փորձի դիմեց նաև 2009-ի հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, սակայն երբ Թուրքիայից դեպի Բուլղարիա մեկնող ավտոբուսների շարասյունը մոտեցավ «Կապիտան Անդրեևո» սահմանադռանը, նրանց դիմավորեցին շուրջ 200-ի չափ բուլղարացի ցուցարարներ: Բուլղարիայի ազգայնական «Ատակա» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում հանրահավաքի մասնակիցները բողոքի ձայն էին բարձրացնում բուլղարական խորհրդարանական ընտրություններին Անկարայի արդեն «ավանդույթ» դարձող միջամտությունների առիթով: Ցուցարարները կրում էին «Թուրքեր, վերադարձեք Անատոլիա», «Թուրքեր, դուրս», «Մեզ ենիչերիներ պետք չեն» և այլ կարգախոսներ: Երբ «Ատակայի» ակտիվիստները փորձել են շշեր և այլ պարագաներ նետել «թուրքական դեսանտի» ուղությամբ, միջամտել են իրավապահները, և տեղի է ունեցել բախում: «Ատակայի» ղեկավար Վոլեն Սիդերովը հայտարարեց, որ «թուրքական պետությունը հովանավորում է Բուլղարիայի քաղաքացի թուրքերի առաքումը Թուրքիայից Բուլղարիա»: Այս միջադեպերի օրինակներով կարելի է հանրագումարի բերել Բուլղարիայում թուրքական համայնքի հետ կապված վերջին տարիների զարգացումները. մինչ թուրքական կողմի հասարակական-քաղաքական ակտիվությունը շարունակվում է, աստիճանաբար ավելի որոշակի է դառնում ներքին դիմադրությունը: Հակընդդեմ շարժման քաղաքականապես ամենաակտիվ ուժը վերը նշված «Ատական» է: Կուսակցության անվանումը, որ բուլղարերենում, ինչպես նաև ռուսերենում արտահայտում է միևնույն իմաստը` «գրոհ», ունի ընդգծված հակաթուրքական ուղղվածություն, կուսակցության անվան խորհուրդն է «գրոհ թուրքական էքսպանսիայի դեմ»: Խորհրդարանական ընտրություններում «Ատական» միջինը երկու տասնյակի չափ աթոռներ է շահում` ընթանալով 3-րդ կամ 4-րդ հորիզոնականում: Խորհրդարանական ընտրություններին «Ատական» մասնակցեց մի շարք սուր արտահայտված հակաթուրքական կարգախոսներով, որոնցից մեկն էր «Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի» կարգախոսը: «Եթե մենք պարզապես նստենք և չգործենք այնպես, ինչպես վայել է բուլղարացի հայրենասերներին, ապա մի օր նրանք, անկասկած, կգրավեն մեր երկիրը»,- ընտրությունների ընթացքում հայտարարել է Վոլեն Սիդերովը:

Բուլղարաթուրքերի ակտիվության և երկրի ներսում ձևավորվող դիմադրության վկայություն է նաև հետևյալ ցուցանիշը. Ռոյթըրզ գործակալության տեղեկացմամբ, վերջին 19 տարիներին Բուլղարիայում կառուցվել է 323 մզկիթ, որոնց մի մասի համար միջոցները գոյացել են թուրք անհատներից կամ տարբեր կառույցներից ստացված նվիրատվությունների հաշվին: Ընդհանուր առմամբ, Բուլղարիայում մզկիթների թիվը մոտենում է 2000-ին: Միաժամանակ, վերջին տարիներին հաճախացել են հարձակումները մզկիթների վրա. վերջին 3 տարիներին Բուլղարիայի թուրքական մզկիթների դեմ հարյուրի չափ հարձակումներ են եղել: 2008թ. արգելվել էր երկրի բուհերում մահմեդական գլխաշոր կապել: Ռոյթըրզ գործակալությունը մեջբերում է թուրք հասարակական գործիչ Մուսթաֆա Յումերի խոսքն այն մասին, թե «երկրի թուրքական համայնքի շրջանակներում աճում է անհանգստությունը», իր բնորոշմամբ, «ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների գործունեության վերաբերյալ»:

Նշենք, որ Բուլղարիայում թուրքական կուսակցության գործունեությունը և դիմադրության շարժումը որոշակի աղերսներ ունի նաև Հայոց ցեղասպանությունը Բուլղարիայում ճանաչելու հիմնախնդրի հետ: Բուլղարական օրենսդիրն արդեն երկու անգամ առաջադրել և քվեարկությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում` 2006թ. մայիսին և 2008թ. հունվարին: Սա, ըստ էության, բացառիկ դեպք է, երբ Հայկական օրինագիծը մերժվում է: Վերջին շուրջ 10 տարիների ընթացքում չի եղել դեպք, որ Մեծ եղեռնը դատապարտող փաստաթուղթն առաջադրվի օրակարգում և տապալվի քվեարկության արդյունքներով: Մեծ եղեռնի խորհրդարանական ճանաչման նախաձեռնողը «Ատակա» կուսակցությունն է: Միաժամանակ, երբ 2007թ. ապրիլի 25-ին Բուլղարիայի «Սիմեոն Երկրորդ ազգային շարժում» կուսակցությունից խորհրդարան անցած Ռուբեն Քրիքորյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, թուրքական կուսակցության բոլոր անդամները ցուցադրաբար լքեցին խորհրդարանի դահլիճը: Ի դեպ, այդ տարիներին, թուրքական կուսակցությունը նաև քաղաքական կոալիցիայի կազմում էր Սոցիալիստական կուսակցության և «Սիմեոն Երկրորդ ազգային շարժման» հետ միասին: Կատարվածի առիթով «Ատակայի» ղեկավար Վոլեն Սիդերովը հայտարարեց. «Իշխող մեծամասնության մեջ կա կուսակցություն, որը պաշտպանում է Թուրքիայի շահերը: Այդ կուսակցության ներկայացուցիչները չեն հարգում մեկուկես միլիոն հայերի հիշատակը»: Իսկ Բուլղարիայի ազգային միություն կուսակցությունից պատգամավոր Բոյկո Վատևը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի Բուլղարիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ցեղասպանություն որակի 1903թ. բուլղարական Իլինդեն բնակավայրում և շրջակայքում օսմանյան բանակի կողմից իրականացված բուլղարացիների զանգվածային ջարդերը:

Ամփոփելով Բուլղարիայում թուրքական քաղաքական ակտիվության թեման` կարելի է եզրակացնել, որ երկրում կշարունակվեն հասարակական-քաղաքական տարբեր միջոցառումները, որոնց նպատակը կլինի սաստել թուրքական կուսակցության ակտիվությունը և չափավորել Անկարայից` բուլղարաթուրքերին հեռակառավարելու փորձերը, ինչն, անշուշտ կընթանա թուրքական կողմի աճող տագնապների և բողոքների պայմաններում: Չի բացառվում նաև, որ թուրքական համայնքի ակտիվիստները դիմեն Եվրախորհրդարան կամ միջազգային դատական ատյաններ` սեփական շահերի պաշտպանության հայցերով: Այս գործընթացում իր տեղը կունենա նաև Հայկական հարցը: Բուլղարիայի հայ համայնքի և սատարող կուսակցությունների, հատկապես «Ատակայի» համատեղ ջանքերով վերջին 3 տարիներին սկսվել է տեղական մակարդակներով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Արդեն իսկ Մեծ եղեռնը ճանաչվել է 10-ի չափ բուլղարական քաղաքների կողմից` Վառնա, Ստարա Զագորա, Ռուսե, Բատակ, Սիլիստրա, Վիդին, Պրովդիվ և այլն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր