• am
  • ru
  • en
Версия для печати
17.03.2010

21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Հայկ Գաբրիելյան

2010թ. հունվարի 20-ին թուրքական «Թարաֆ» թերթը հրապարակեց 2003թ. պլանավորված ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված: Զինվորականները դժգոհ էին մնացել 2002թ. խորհրդարանական ընտրություններից, որոնցում վստահ հաղթանակ (ընտրողների քվեների 34.3%-ը) էր տարել կրոնական ու իսլամիստական կողմնորոշմամբ հայտնի Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): «Թարաֆ» թերթի կարծիքով` ԶԼՄ-ում տվյալ խնդրի վերաբերյալ լայնամասշտաբ լուսաբանման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ շատ լրագրողներ անմիջականորեն ներառված են թուրք զինվորականների գաղտնի դավադրության մեջ:

Դավադիրների հիմնական առաջադրանքը հետևյալն էր. իշխանությունից հեռացնել ԱԶԿ կառավարությանը և թույլ չտալ քաղաքական իսլամի համակիրների միավորումը: Դրա համար անհրաժեշտ էր իշխանության բերել աշխարհիկ ռեժիմի հանդեպ լոյալ տրամադրված պաշտոնատար անձանց, ինչը հնարավորություն կընձեռեր ամրապնդելու աշխարհիկ պետականությունը:

Այդ պլանը ստացել էր «Բալյոզ» («Կռան») անվանումը և մշակվել 2002-2003թթ.: Այն հավանության է արժանացել զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև 29 գեներալների հանդիպման ժամանակ: Դրա համաձայն` նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել: Այդ նպատակով պլանավորված էին մի շարք գործողություններ, որոնց արդյունքում պետք է սպանվեին բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Դավադիրների կարծիքով` քաոսային իրավիճակի ստեղծումը և բազմաթիվ զոհերը, ուղիղ հեռարձակման հետ մեկտեղ, անհրաժեշտ էֆեկտ էին ապահովելու իրենց նպատակին հասնելու համար: Թուրքական մի շարք փորձագետներ կարծում են, որ 2003թ. կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը:

Պլանավորված միջոցառումների թվում հատկապես առանձնանում էին հետևյալները. ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկչական գործողությունների կազմակերպում (մարտական ինքնաթիռի պայթեցում հավաքված ամբոխի վրա) ստամբուլյան այնպիսի խոշոր մզկիթներում, որպիսիք են Ֆաթիհը և Բեյազըթը, իմամի հագուստով սեփական գործակալների ներառմամբ Ռազմական ավիացիայի թանգարանի վրա հարձակման կազմակերպում` «Մոլոտովի կոկտեյլներ» նետելով, ոչնչացնել թուրքական կործանիչ ու դրանում մեղադրել Հունաստանին: Այս գործողությունների իրականացման արդյունքում ԱԶԿ-ին մեղադրելու էին սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ, ինչը վերջին հաշվով հանգեցնելու էր ռազմական հեղաշրջման:

Այս պլանը մշակվել է այն ժամանակ Առաջին բանակի (շտաբ-կայանը` Ստամբուլում) հրամանատար, ներկայում պաշտոնաթող գեներալ Չեթին Դողանի ղեկավարությամբ: Անմիջական մասնակցություն են ցուցաբերել նաև Ռազմական ակադեմիայի հրամանատար, ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթընան և այն ժամանակ նավատորմի հրամանատար, պաշտոնաթող ծովակալ Օզդեն Օրնեքը:

ԱԶԿ-ին համակրող թուրքական լրատվամիջոցների կարծիքով` «Բալյոզի» շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման մասին վկայում են մի շարք գրավոր և աուդիոապացույցներ: «Բալյոզի» նպատակներին հասնելու համար մշակվել էին «Չարշաֆ», «Սաքալ», «Օռաժ» և «Սուգա» գործողությունները: Դրանք նախապատրաստել էին ռազմական ղեկավարության բարձրաստիճան չինովնիկները: «Չարշաֆ» գործողության պլանում առկա է Ժանդարմերիայի կապիտան Հյուսեյին Թոփուզի, իսկ «Սաքալ» պլանում` Ժանդարմերիայի մայոր Հյուսեյին Օզչոբանի ստորագրությունը: Այս երկու գործողությունները նախատեսում էին հարձակումներ իրականացնել ստամբուլյան մզկիթների վրա: Ընդ որում՝ «Չարշաֆը» դա պլանավորել էր Ֆաթիհ մզկիթի, իսկ «Սաքալը»` Բեյազըթի դեմ: Ինչ վերաբերում է «Օռաժ» գործողությանը, ապա դա ստորագրել է Իբրահիմ Ֆըրթընան: Դրա համաձայն` թուրքական կործանիչը պետք է ներխուժեր հունական օդային տարածք` դրանով իսկ օդային մարտ հրահրելով այդ երկրի ռազմաօդային ուժերի հետ: Մարտի արդյունքում հունական ռազմաօդային ուժերը պետք է ցած գցեին թուրքական կործանիչը: Եթե չհաջողվեր նման կերպ Հունաստանին դրդել դիմելու ուժային քայլերի, ապա թուրքական «հատուկ նշանակության նավատորմն» ինքը պետք է վայր գցեր իր կործանիչը և դրանում մեղադրեր Հունաստանին: Դա ի ցույց կդներ ԱԶԿ անզորությունը տվյալ խնդրում:

Թուրքական մամուլը մեծ ուշադրություն է հատկացրել «հատուկ նշանակության նավատորմ» տերմինին: Այսօր հայտնի չէ` այն գոյություն ունի՞, թե՞ ոչ: Սակայն, ամենայն հավանականությամբ, այն գոյություն է ունեցել առավել վաղ, քանի որ փաստաթղթում խոսվում էր ոչ թե դրա ստեղծման, այլ վերստեղծման մասին: «Սուգա» պլանը ստորագրել է ռազմածովային ուժերի հրամանատար Օզդեն Օրնեքը: Սա նույնպես առնչվում էր Էգեյան ծովում ստեղծվելիք լարվածությանը:

Նախատեսվում էր պլանում ներառել ոչ միայն զինվորականներին, այլև ահաբեկչական «Ալ-Քաիդա» և ՔԲԿ կազմակերպություններին: Մի շարք արյունահեղ ահաբեկչական գործողությունները քաղաքացիական կազմակերպությունների և ուսանողների զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էին հանդիսանալու, որոնցում ԱԶԿ-ին մեղադրելու էին իրավիճակին տիրապետելու անկարողության մեջ: «Բալյոզ»-ում նշված էր այն մասին, որ ԶՈՒ-ն նպատակին հասնելու համար պետք է ահաբեկչական գործողություններն օգտագործեր ոչ միայն որպես «միջոց», այլև` «երաշխիք»:

Զինվորականները պլանավորել էին նաև իրենց վերահսկողության տակ առնել ոստիկանությանը: Ազգային հետախուզական կազմակերպությունն (MIT) ազատ էր արձակվելու, դրա փոխարեն ստեղծվելու էր նոր կառույց, որը գլխավորելու էր գործող ռազմական գեներալը:

Օգտագործվելու էին նաև «պաշտոնական և ոչ պաշտոնական հայրենասերները»: «Պաշտոնական հայրենասերներ» ասելով նկատի էին առնվում արդարադատության ոլորտի աշխատակիցները և այն պետծառայողները, որոնք համաձայն են համագործակցելու ԶՈՒ-ի հետ: «Ոչ պաշտոնական հայրենասերներ» ասելով հասկացվում էին լրագրողներն ու աշխարհիկ կազմակերպությունների քաղաքացիական անձինք: «Բալյոզի» հրահանգներում նշված էր 137 լրագրողի անուն, որոնք պետք է հասարակական կարծիք ձևավորեին, ինչպես նաև ԶԼՄ 36 աշխատակցի անուն, որոնց պլանավորված էր ձերբակալել իրենց հակառազմական հայացքների համար:

Ռազմական հեղաշրջման ընթացքում նախատեսվում էր փակել մի շարք լրատվամիջոցներ: Հեղաշրջման պլանում նշված էր հետևյալը. «Ոչ մի իրավունք կամ ազատություն չի լինի բացարձակ կամ անսահման: Երբ մենք բախվում ենք աշխարհիկ պետության գոյատևման խնդրին, հասարակությանն իրազեկելու իրավունքը և ազատ մամուլը չպետք է լինեն բացարձակ ազատ: Բոլոր լրատվամիջոցները վերահսկողության տակ կառնվեն, իսկ ԱԶԿ-ին աջակցող թերթերն անմիջապես կփակվեն»:

Դավադրության պլանի համաձայն` հեղաշրջումից հետո ԶՈՒ-ն պլանավորում էր ձերբակալել նվազագույնը 200.000 մարդու, որոնք մեղադրվելու էին արմատականության մեջ: Հալածանքների էր ենթարկվելու 16 միլիոն մարդ: Արմատականության մեջ կասկածվող անձանց ունեցվածքը բռնագանձվելու էր թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: 81 նահանգապետերից 23-ը պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից: Նախատեսված էր նաև զինվորական ղեկավարության այն ներկայացուցիչների գործողությունների վերահսկումը, որոնք չեն աջակցում հեղաշրջման գաղափարին և քաղաքականությանը զինվորականների միջամտելուն: Հայտնի է, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ Հիլմի Օզքյոքը դեմ էր պետական հեղաշրջմանը: Դրա համար էլ նախատեսվում էր Օզքյոքի հրաժարականը:

«Թարաֆ» թերթը վստահեցնում է, որ հայտնաբերվել է այն անձանց ցուցակը, որոնց, հեղաշրջման արդյունքում, պլանավորված էր նշանակել վարչակազմի ղեկավարության կազմում: Դա պետք է տեղի ունենար այդ պաշտոններում իշխող կուսակցության համակիրների վտարումից հետո:

Ներկայում թուրքական լրատվամիջոցները զուգահեռներ են անցկացնում «Բալյոզ» պլանի և նախկինում բացահայտված ռազմական հեղաշրջումների փորձերի միջև: «Բալյոզ» պլանում օգտագործվում են գաղտնագրային անվանումներ, ինչին կարելի էր ականատես լինել նաև 20-րդ դարի պետական հեղաշրջումների և վերջին շրջանում բացահայտված միջոցառումների պլաններում: Մինչ այս Թուրքիայում հաջողվել է բացահայտել ներկայիս իսլամամետ կառավարության պաշտոնանկության հետևյալ գործողությունները. «Ayışığı», «Sarıkız», «Yakamoz», «Eldiven», «Kafes» և «Արմատականության դեմ պայքարի գործողության պլանը»:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` բանակի գեներալ Չեթին Դողանը, որի ստորագրությունն առկա է «Բալյոզ» պլանում, «www.t24.com» կայքում արած հայտարարությունում նախ խոստովանել և նույնիսկ փորձել է արդարացնել պլանի նպատակներն ու առաջադրանքները, ապա «Սթար TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է ասածները` դավադրության մեջ մեղադրելով «ոչ բարեկամ» լրատվամիջոցին: Դողանի խոսքերով` պլանը մշակվել է զորախաղերի անցկացման ուսումնական նպատակներով, և դա տեղի է ունեցել Հասարակական կարգուկանոնի ու անվտանգության համագործակցության արձանագրության (Protocol on Cooperation for Security and Public Order) համապատասխան:

Դողանի հայտարարության համաձայն` թուրքական բանակն իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում իրավասու է արտաքին ու ներքին սպառնալիքներից պաշտպանելու կառավարման հանրապետական ձևի հիմքերը: Ըստ նրա` Թուրքիայի ԳՇ-ը նախապես իրազեկվել է պլանավորված բոլոր միջոցառումների մասին: Սակայն շուտով` այդ հայտարարություններից հետո, Դողանը հանդես է եկել կրկնակի հայտարարությամբ, որում վստահեցրել է, որ այդպիսի սցենարներ մշակում ու իրենց թերթերում հրապարակում են հիվանդ անձինք: Անհնար է մտածել, թե բանակն ընդունակ էր այդպիսի քայլերի, առավել ևս թուրք ժողովրդի համար այդքան սուրբ վայրերում: Նա «Թարաֆ» թերթի հրապարակածն անվանել է «կատարյալ անհեթեթություն» և «կեղծիք»: Նրա խոսքերով` թերթը, վիրտուալ զորավարժությունների ու սեմինարների իրագործման պլանն իրականի տեղ ընդունելով, լիովին խեղաթյուրել է այն ու ներկայացրել որպես հեղաշրջման պլան:

Համանման հայտարարությամբ հունվարի 21-ին հանդես եկավ նաև Թուրքիայի ԳՇ-ը` մամուլի համար նշելով, որ թերթի նշած սեմինարը ԳՇ 2003-2006թթ. զորավարժությունների ծրագրի մի մասնիկն է, և որ դա ուղղված է եղել ուսումնական առաջադրանքների լուծմանը, որոնք Առաջին դաշտային բանակի պատասխանատու գոտում ուղեկցվել են արտաքին հավանական սպառնալիքի հետմղմամբ: Թուրքական ԳՇ հայտարարության համաձայն` թերթերի պնդումներն ու մեկնաբանություններն առաջին հերթին հասարակության մեջ լարվածություն ստեղծելու նպատակ են հետապնդում:

Դողանի անվան հետ է կապված ոչ միայն «Բալյոզ» պլանը, այլև 1997թ. փետրվարի 28-ի իրադարձությունները, երբ թուրքական բանակը պլանավորել էր հետմոդեռնիստական միջամտություն, ինչպես նաև 2007թ. մեծ աղմուկ հանած «Էրգենեքոն» կազմակերպության գործունեությունը, որը պլանավորել էր տասնյակ մահափորձեր իրագործել ու սրել իրավիճակը սուննիների ու ալավիների, թուրքերի ու քրդերի միջև: Այդ մահափորձերի արդյունքում նախատեսվում էր երկրի ներքաղաքական անկանոնության (որն առաջանալու էր ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումից) վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` «Թարաֆ» թերթի առաջադրած մեղադրանքն արդեն դիտարկվում է Թուրքիայի դատախազության մարմինների կողմից: «Թարաֆը» հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել «Բալյոզ» պլանի բոլոր մանրամասները: Սպասվում է, որ դատական մարմինների հետ մեկտեղ հետաքննության մեջ կներգրավվի նաև երկրի խորհրդարանը, ինչը, զգալի թվով պաշտոնատար անձանց ու փաստաթղթերի ներգրավմամբ, լայնամասշտաբ խորհրդարանական հետաքննություն անցկացնելու հնարավորություն կընձեռի:

Աղմկահարույց տեղեկատվության հրապարակումից հետո «Թարաֆ» թերթի թղթակից Մեհմեթ Բարանսուն կանչվեց Ստամբուլի դատախազություն` հանդիպելու գլխավոր դատախազի տեղակալ Տ.Ջոլակադայի հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ գլխավոր դատախազի տեղակալը ցանկանում էր ծանոթանալ ենթադրյալ դավադրության պլանների մանրամասներին: Բարանսուն իշխանափոխության ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը 4 խտասկավառակներով (CD) հանձնել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը: Մյուս կողմից` անհասկանալի է մնում այն հանգամանքը, թե որտեղից հանկարծ ի հայտ եկան 5000 էջ նյութ պարունակող այդ խտասկավառակները:

Հունվարի 20-ին Ստամբուլի դատախազությունը «Ռազմական հեղաշրջումների դեմ 70 միլիոն քայլ» կազմակերպության պահանջով սկսեց գործի հետաքննությունը: Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է. «Թող ոչ ոք չփորձի մոլորեցնել մեզ: Մենք երբեք չենք վախեցել այդպիսի սև պլաններից ու սցենարներից, չենք վախենա նաև այսուհետ»:

Այս ամենից հետո թուրքական «Today’s Zaman» թերթը հարցնում է, թե արդյոք ԶՈՒ-ն ոչ մի կապ չունի 2003թ. Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետ, որին զոհ գնաց 50-ից ավելի և վիրավորվեց ավելի քան 700 մարդ: Այն ժամանակ դրա պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Ալ-Քաիդան»:

Միաժամանակ «Today’s Zaman» թերթը նշում է, որ ԳՇ-ը չկարողացավ բացատրել ենթադրյալ ռազմական հեղաշրջման պլանի հետևյալ մանրամասները.

  1. ինչո՞ւ էին ահաբեկչական գործողություններ պլանավորվում Ստամբուլի մզկիթներում,
  2. ինչո՞ւ էր պետք լարվածություն ստեղծել Թուրքիայի ու Հունաստանի միջև` երկու երկրների միջև օդային մարտ հրահրելու ճանապարհով:

Ի տարբերություն Թուրքիայում նախկինում տեղի ունեցած հեղաշրջումների ու հեղաշրջման փորձերի, այս պարագայում միանգամից աչքի է զարնում արտաքին գործոնը` Հունաստանը: Ստացվում է, որ, հանուն Էրդողանի կառավարության վտարման, զինվորականները պատրաստ էին Թուրքիայի ու Հունաստանի միջև պատերազմ սանձազերծել, ինչը խիստ կասկածելի է թվում: Թուրք զինվորականների կողմից ներքաղաքական խնդիրների լուծման համար Հունաստանի անվանման շոշափումը վտանգավոր քայլ է և կարող է լրջորեն վնասել երկու երկրների հարաբերություններին:

Այժմ դժվար է ասել, թե արդյոք ճշմարիտ են թուրք զինվորականների հասցեին ուղղված մեղադրանքները, մյուս կողմից էլ` այս աղմուկն ԱԶԿ-ի համար անհրաժեշտ է զինվորականների վրա ճնշում գործադրելու, նրանց հեղինակությունն ու դիրքը սասանելու համար: Դա հատկապես կարևոր է «Քրդական նախաձեռնությունների» իրագործման կտրվածքով:

Կարելի է կարծել, որ «Բալյոզ» պլանի մասին «Թարաֆի» բարձրացրած աղմուկը վերջին շրջանում թուրք զինվորականների դիրքերի թուլացման ուղղությամբ ԱԶԿ-ի կողմից տարվող քայլերի տրամաբանական շարունակությունն է: Հարկ է նշել, որ «Թարաֆ» թերթը ԱԶԿ կողմնակիցն է և բավական հաճախ է տպագրում զինվորական ղեկավարության կողմից կառավարության տապալման պլանների մասին նյութեր:

Հատկանշական է, որ 2009թ. հունիսին «Թարաֆ» օրաթերթն արդեն հրապարակել է ԱԶԿ-ին գահընկեց անելու ռազմական հեղաշրջման ենթադրյալ պլանը` 1-ին կարգի կապիտան Դ.Չիչեքի ստորագրությամբ, սակայն այս կապակցությամբ ձեռնարկված հետաքննությունը ոչինչ չտվեց, քանի որ չհայտնաբերվեց հրապարակված հեղաշրջման պլանի բնօրինակը: Այդ ժամանակ ԳՇ-ն այն անվանեց «թղթի կտոր»: ԳՇ պետ Իլքեր Բաշբուղի խոսքերով` այդ դավադրության նպատակը Թուրքիայի զինված ուժերի հեղինակազրկումն էր:

2009թ. հոկտեմբերի վերջին թուրքական լրատվամիջոցները հրապարակեցին Ստամբուլի դատախազությանը հասցեագրած (հոկտեմբերի 15) Թուրքիայի ԶՈՒ սպայի անանուն նամակը, որում առկա էր նաև ԱԶԿ-ին պաշտոնանկ անելու հերթական պլանը: Փաստաթուղթը կրում էր «Արմատականության դեմ պայքարի պլան» անվանումը: Էրդողանի խոսքերով` այն 4 էջանոց փաստաթուղթ է, համաձայն որի` Թուրքիայի ԶՈՒ-ն պետք է վարկաբեկեր ԱԶԿ-ին: Սպայի խոսքերով` երկու բարձրաստիճան զինվորական Դ.Չիչեքին հանձնարարել են նախապատրաստել ռազմական հեղաշրջման պլանը, որը պատրաստ էր 2007թ. սեպտեմբերին: Նամակում վստահեցվում էր, որ իշխանափոխության պլանավորմանը մասնակցել են նաև գեներալներն ու Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) մի շարք անդամներ: Անանուն նամակում նաև նշված էր, որ ԳՇ պետի տեղակալ Հ.Ըքսըզի հրամանի համաձայն` անհրաժեշտ աշխատանքը նախապատրաստել են գեներալ-լեյտենանտ Մ.Էրոզը և գեներալ-մայոր Մ.Բաքըջըն, իսկ մանրամասն պլանը մշակել է առաջին կարգի կապիտան Դ.Չիչեքը:

Ստամբուլի դատախազությունը հարցաքննեց վեց զինծառայողի, ինչպես նաև փորձաքննության անցկացման համար ԳՇ-ից պահանջեց իրեն տրամադրել 35 համակարգիչ:

2009թ. դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Անկարայի ոստիկանությունը Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի տան մոտ ձերբակալել է ԶՈՒ երկու սպայի, որոնք կասկածվում էին փոխվարչապետի սպանության նախապատրաստման մեջ: Հարցաքննությունից հետո նրանք ազատ արձակվեցին, սակայն հետաքննությունը դրանով չավարտվեց: Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ը անմիջապես հերքեց այն պնդումը, որ այդ երկու սպաները պլանավորել են փոխվարչապետ Արընչի սպանությունը: Ոստիկանության հավաստմամբ` ձերբակալված սպաների մոտ չհայտնաբերվեց գաղտնալսման համար նախատեսված և ոչ մի սարքավորում: Ոստիկանությունը խուզարկեց նրանց տները, սակայն ապացույցներ հայտնաբերել չհաջողվեց: Ոչինչ չտվեց նաև առգրավված համակարգիչների փորձաքննությունը: Դրանից հետո ԺՀԿ առաջնորդ Դենիզ Բայքալն իշխանություններին մեղադրեց կեղծիքի մեջ` նշելով, որ այդ կերպ նրանք փորձում է բարձրացնել իրենց իմիջը. «Դժվար է հավատալ, որ երկու սպա ի վիճակի չեն եղել հիշելու այն հասցեն, ուր նրանք, իբրև թե, պլանավորել էին սպանություն իրականացնել: Սիլվիո Բեռլուսկոնիին հարվածեցին, և դրանից հետո նրա վարկանիշը բարձրացավ»:

Որոշ ժամանակ անց թուրքական մամուլը հայտնեց, որ ձերբակալված սպաների տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մի շարք թղթեր, որոնցից հետևում է, որ Բյուլենթ Արընչը նրանց նշանառության տակ էր հայտնվել դեռևս 2009թ. մարտից: Սակայն գործը միայն Արընչով չէր ավարտվում: Թիրախի դերում էին հայտնվել նաև վարչապետ Էրդողանը, նախագահ Գյուլը և խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Շահինը: Հաղորդվեց նաև, որ հայտնաբերված փաստաթղթերը հանձնվել են փորձաքննության` դրանց հավաստիությունը պարզելու համար: Սակայն ցայժմ այդ փորձաքննության արդյունքներն անհայտ են մնում, իսկ սպաները, որոնց մոտ հայտնաբերվել էին այդ թղթերը, կրկնակի ձերբակալությունից հետո նորից ազատ են արձակվել: Այդ ժամանակ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրին, որ մահափորձը կանխելու գործում իշխանություններին օժանդակել ու իրազեկել է MIT-ը` գաղտնալսելով Հատուկ նշանակության ուժերի հրամանատարության (ՀՆՈՒՀ) սպաների խոսակցությունը: Սակայն MIT-ը կտրականապես հերքեց այդ հայտարարությունը: Դրանից հետո Թուրքիայի ԳՇ-ում, ՀՆՈՒՀ շտաբում ստուգումներ անցկացվեցին` հանցանշաններ հայտնաբերելու ակնկալիքով, որոնք լույս կսփռեին Արընչի մահափորձի նախապատրաստության վրա: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դա Թուրքիայի ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրադարձություն էր այն, որ քաղաքացիական քննիչները խուզարկություն անցկացրին ԶՈՒ հենց սրտում` ԳՇ-ում: Նախկին զինվորական դատախազ Ֆ.Թարըմջըօղլուն նշում է. «Այդ ստուգումները վկայում են, որ Թուրքիան վերածվում է դեմոկրատական պետության: 4 ռազմական հեղաշրջում1 վերապրած երկրի համար դա շատ կարևոր իրադարձություն է»:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ձգտում է հանգստացնել հասարակությանը, զինվորականներին և ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին: Թուրքական ԶԼՄ-ում մտահոգություններ են արտահայտվում այն կապակցությամբ, որ Թուրքիայի պետմարմիններում դեռևս կան չինովնիկներ, որոնք ունակ են իրականացնելու «հակադեմոկրատական նախաձեռնություններ»:

Թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը դատապարտում էին ԶՈՒ հասցեին արված քննադատությունները և նշում, որ որևէ խնդիր գոյություն չունի Թուրքիայի քաղաքական ղեկավարության ու զինվորականության միջև: «CNN Türk»-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նշել է. «Թուրքիայում անհնար է ռազմական հեղաշրջում իրականացնել: Մի շարք անձանց սխալները չի կարելի վերագրել ամբողջ կազմակերպությանը: Յուրաքանչյուր հաստատությունում կգտնվեն անձինք, որոնք կչարաշահեն իշխանությունը: Մի շարք օտար ուժերի ձեռնտու է ռազմական հեղաշրջման իրականացումը, սակայն նույնիսկ միայն այդպիսի հնարավորության մասին մտածելն անհարգալից վերաբերմունք կլիներ թուրքական բանակի հանդեպ: Հեղաշրջումն անհնար է, քանի որ ժողովրդավարությունը երկրում ծաղկում է օրեցօր, ինչի արդյունքում մյուս երկրների մոտ մեծանում է Թուրքիայի հանդեպ վստահությունը: Անկարան քաղաքական կշիռ ունի տարածաշրջանում, իսկ բանակի ու իշխանությունների միջև տարաձայնություններ չկան»:

2009թ. դեկտեմբերի 31-ին ԳՇ-ն դատարանին նամակ ուղարկեց, որում նշված էր գաղտնի փաստաթղթերով լի հաստատություններում խուզարկությունների դադարեցման խնդրանքի մասին: ԳՇ-ն իր այդ քայլը հիմնավորվում էր նրանով, որ այդ ամենը քայքայում է պետական անվտանգությունը և կարող է հանգեցնել գաղտնի տեղեկատվության արտահոսքի: Սակայն դատարանը վճռեց, որ դատական իշխանությունն իրավասու է ապացույցներ գտնելու` անկախ դրանց գտնվելու վայրից, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինի ստուգելու ամենագաղտնի փաստաթղթերը: Դատավճռում ասվում էր. «Որոնումների դադարեցումը կարող է կասկած առաջացնել, որ ԳՇ-ն փորձում է թաքցնել մեղավորության ապացույցները և հետաքննությունից պաշտպանել իր անձնակազմին»:

Թուրքական «Today’s Zaman» թերթը վերջերս հրապարակեց վերլուծական մի նյութ այն մասին, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԳՇ-ն ավելացրել է ՀՆՈՒՀ2 Տակտիկական մոբիլիզացիոն խմբին (TMG) ենթարկվող տարածաշրջանային բաժանմունքների քանակը: Հաշվի առնելով 2010թ. ստեղծվելիք երկու բաժանմունքները` դրանց ընդհանուր թվաքանակը վերջին 4 տարիների ընթացքում կրկնակի աճել է:

Նույն աղբյուրը հայտնում է, որ TMG-ն 2006թ. ողջ Թուրքիայում ուներ 12 բաժանմունք (Անկարայում, Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում, Մուղլայում, Մերսինում, Գազիանթեփում, Դիարբաքըրում, Վանում, Մալաթիայում, Կարսում ու Տրապիզոնում): 2007թ. ԳՇ-ն հավելեց ևս երեք բաժանմունք` Բուրսայում, Սամսունում, Աղրըում: 2008թ. երկու բաժանմունք ստեղծվեց Քոնիայում ու Ամասիայում, իսկ 2009թ.` 5 բաժանմունք` Բոլուում, Դենիզլիում, Իսքենդերունում, Սվազում և Երզնկայում: 2010թ. ԳՇ-ն մտադիր է երկու նոր բաժանմունք բացել Անթալիայում ու Մարդինում: Եթե դա տեղի ունենա, ապա TMG-ի տարածաշրջանային բաժանմունքների թվաքանակը, 2006թ. 12-ի փոխարեն, 2010թ. կկազմի 24: Դրանց այսօրինակ աճը արդեն իսկ դրդում է մտածելու նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին: Հարկ է նշել, որ դրանց թվաքանակը 1954թ. կազմում էր 14, սակայն 1960թ. ռազմական հեղաշրջումից առաջ այն հասել էր 35-ի: Հեղաշրջումից քիչ անց դրանց թիվը նորից կրճատվեց, սակայն 1980թ., երբ Թուրքիայում տեղի ունեցավ հերթական ռազմական հեղաշրջումը, դրանց թվաքանակը հասավ 27-ի: Այն բանից հետո, երբ Թուրգութ Օզալը3 դարձավ Թուրքիայի վարչապետ, ապա նաև նախագահ, TMG-ի բաժանմունքների քանակը 1988թ. դրությամբ նվազեց 13-ի:

TMG-ի առջև դրված առաջադրանքները (մասնավորապես` սպառնալիքի պարագայում ոչ կանոնավոր ուժային գործողություններ) զինվորականներին հնարավորություն են ընձեռում գործելու դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության դեմ: Հնարավոր է, որ սա «Էրգենեքոնի» գործունեության բաղկացուցիչ մասերից է: ԳՇ-ն փաստորեն ողջ Թուրքիայում ստեղծել է օպերատիվ ստորաբաժանումների ցանց, որոնց օգնությամբ կարելի է իշխանափոխություն իրականացնել:

Այսպիսով, հակամարտող երկու կողմի` զինվորականության ու իշխանության համար էլ գոյություն ունեն ծանրակշիռ դրդապատճառներ ու նպատակներ` համապատասխանաբար ռազմական հեղաշրջում իրականացնելու ու դրա իմիտացիան ստեղծելու համար: Թուրքիայում զինվորականներն ունեն հատուկ կարգավիճակ և երկրի աշխարհիկ ռեժիմի պահապանն են հանդիսանում: Երկրի իսլամականացմանն ուղղված կառավարության ցանկացած փորձ կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման: Թուրք զինվորականներին սովորեցնում են, որ հնարավոր բոլոր մեթոդներով պետք է պաշտպանեն պետության շահերը, որոնց հիմքերը դրել է Քեմալ Աթաթուրքը: Թուրքական պետության աշխարհիկ բնույթը կանխորոշել է նրա հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, որի հռչակած վեց սկզբունքներից մեկը լաիցիզմի գաղափարն է: Վերջինս կրոնն անջատում է պետությունից, սահմանափակում է իսլամի դերը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և հետևում նրան, որ իսլամը դուրս չգա մզկիթի դարպասներից: Մինչդեռ ԱԶԿ-ն վարում է իսլամամետ ներքին ու արտաքին քաղաքականություն, ինչը բնավ դուր չի գալիս զինվորականներին:

Ռազմական հեղաշրջումների հետ կապված այս ողջ խառնաշփոթում աչքի է զարնում այն հանգամանքը, որ ԶՈՒ-ի դեմ բոլոր բարձրահունչ մեղադրանքները հնչեցվում են ԱԶԿ-ի հետ կապված լրատվամիջոցներում, ինչը կասկած է առաջացնում դրանց ճշմարտացիության վերաբերյալ:

Իր հերթին ԱԶԿ-ն ձգտում է ամեն գնով երկրում նվազեցնել զինվորականների դերը: 2010թ. հունվարի սկզբին Թուրքիայի արտգործանախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ մինչև 2023թ. Թուրքիան անդամակցելու է ԵՄ-ին: Այդ տարեթիվն ամենևին էլ պատահական չի ընտրված, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը կդառնա հարյուր տարեկան: Սակայն ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի, որպեսզի համապատասխանի եվրոպական չափորոշիչներին: ԵՄ անդամակցության ճանապարհին ընկած արգելքներից մեկն էլ, մասնավորապես, ԶՈՒ խնդիրն է: Դրա համար էլ ԱԶԿ-ն մտադիր է ԶՈՒ-ին հատկացնել այնպիսի դեր, ինչպիսին եվրոպական երկրներում է, այսինքն, որ այն գտնվի քաղաքացիական վերահսկողության ներքո: Այս ուղղությամբ ձեռնարկված քայլերից մեկը տեղի ունեցավ 2009թ. ամռանը, երբ փոփոխությունների ենթարկվեց Քրեական օրենսգիրքը, ինչի արդյունքում քաղաքացիական դատարանները կարող են դատել խաղաղ ժամանակ սահմանադրական հանցագործություններ կատարած զինվորականներին: Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական դատավորները հետաքննության շրջանակներում իրավասու են ստուգելու զինվորականների գաղտնի փաստաթղթերը, ինչին այսօր ականատես ենք դառնում Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ:

1Վերջին 50 տարիների ընթացքում ԳՇ-ը Թուրքիայում 3 անգամ (1960, 1971, 1980) տապալել է գործող կառավարությունները: Բացի այդ, 1997թ. հունիսին զինվորականների ճնշմամբ հարկադրված հրաժարական տվեց Նեջմեթթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը: Եվ պատահական չէ, որ հենց նրանք են հանդիսանում քեմալիզմի 4 առանձին տիպերի ջրբաժանը (1933-1960, 1960-1980, 1980-1998, 1998-ցայժմ):

2ՀՆՈՒՀ-ը ստեղծվել է 1950-ական թթ. ԱՄՆ ակտիվ աջակցությամբ: Հրամանատարությունը պետք է ակտիվ դիմակայություն (պարտիզանական պատերազմ) կազմակերպեր Խորհրդային Միության կողմից Թուրքիայի հնարավոր օկուպացիայի պարագայում: Սակայն «սառը պատերազմի» ավարտից հետո այն չկազմացրվեց: Թուրքական ԶԼՄ-ը այժմ նշում են, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում հենց ՀՆՈՒՀ ակտիվ մասնակցությամբ կազմակերպվեցին ոչ մահմեդական փոքրամասնությունների (հիմնականում հույների) ջարդերը:

3Կարծիքներ կան, որ նրա մահվան մեջ իրենց մասնակցությունն են ունեցել թուրքական հատուկ ծառայությունները:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր