
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՆԵՐԿԱ ՓՈՒԼԸ
2009 թվականի հունիսի 26-ին Թուրքիայի խորհրդարանն ընդունեց թիվ 5918 օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրանից երեք օր անց նախագիծը, հաստատման համար, ուղարկվեց երկրի նախագահ Գյուլին, որն էլ հուլիսի 8-ին հաստատեց այն` չնայած այդպես չվարվելու զինվորականների կոչերին: Այս փոփոխության արդյունքում սահմանադրական կարգը խախտած զինվորականների գործերը հանձնվեցին համաքաղաքացիական դատարաններին: Իսկ դա նշանակում էր, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական քննիչները հետաքննության շրջանակներում պետք է ստուգումների ենթարկեին թուրք զինվորականների գաղտնի փաստաթղթերը:
Բացի այդ, թիվ 5918 օրենքը նախատեսում էր փոփոխություններ կատարել Թուրքիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 250-րդ հոդվածում. համաքաղաքացիական դատարաններում զինվորականների նկատմամբ դատական գործընթացներ իրականացնել այնպիսի դեպքերում, երբ նրանք կատարած լինեն հանցագործություններ, որոնք կապված չեն իրենց պաշտոնական լիազորությունների հետ եւ դուրս են գալիս զինվորական ծառայության շրջանակներից:
1952թ. ընդունված թիվ 5918 օրենքում փոփոխություններ կատարելու կապակցությամբ ընդդիմադիր կուսակցություններն արտահայտեցին իրենց բուռն դժգոհությունը: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարեց, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ), քանզի գործող Սահմանադրությամբ հստակ ուրվագծված են ռազմական դատարանների լիազորությունները, մինչդեռ օրենսդիրը, փոփոխության չենթարկելով համապատասխան սահմանադրական դրույթները, փորձել է ամրապնդել վերոնշյալ նորմերը «սովորական» օրենքի ընդունման ճանապարհով:
2010 թվականի հունվարի 21-ին սկսվեց ՍԴ նիստը, ուր քննվեց թիվ 5918 օրենքի փոփոխությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ՍԴ հիմնական անդամները (ՍԴ-ն կազմված է 11 հիմնական ու 4 պահեստային անդամներից) միաձայն հանգեցին այն եզրակացության, որ դրա որոշ դրույթներ չեն համապատասխանում Սահմանադրությանը: ՍԴ-ն գտավ, որ անթույլատրելի է օրենքներով սահմանադրական դրույթների սահմանափակումը:
Պետք է նշել, որ ՍԴ-ն մեկ ամիս առաջ էր քննել ԺՀԿ-ի միջնորդությունը, սակայն վճիռը կայացրեց միայն 2010 թվականի հունվարի 21-ին: Թուրք վերլուծաբանները ՍԴ այդ որոշումը կապում են գերագույն դատարանի անդամների «սպասողական դրության» հետ, քանի որ ՍԴ-ն վճիռը կայացրեց այն նույն օրը, երբ ավարտին մոտեցավ Գլխավոր շտաբի (ԳՇ) Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունում 26 օր տեւած խուզարկությունը, ինչն աննախադեպ էր Թուրքիայի ողջ պատմության մեջ:
Այժմ ՍԴ կայացրած վճռով մեջտեղ եկավ համաքաղաքացիական դատարաններում զինվորականների` դեռեւս չավարտված դատական գործերի հարցը, որոնցից շատերը մեղադրվում են «Էրգենեքոն» ընդհատակյա խմբավորմանն աջակցելու մեջ: Թուրքական օրենսդրության համաձայն, եթե դատական գործընթացի ժամանակ ընդունվում է նոր օրենք, ապա դրա համապատասխան դրույթները տարածվում են բոլոր չավարտված գործընթացների վրա: Սակայն այս պարագայում խոսքը ոչ թե նոր օրենքի ընդունման, այլ` միայն ոչ վաղ անցյալում ընդունված նորմային ակտի չեղյալ հայտարարման մասին է:
Ներկայիս Թուրքիայում կարծիքներ են հնչում այն մասին, որ ընդհանրապես անհրաժեշտ է վերացնել ռազմական դատարանները, քանի որ դրանք չեն կայացնում «օբյեկտիվ ու անկախ» վճիռներ: Այս մասին բազմիցս նշել է նաեւ Մարդու իրավունքների գծով եվրոպական դատարանը: Կարելի է հեշտությամբ գլխի ընկնել, որ «Էրգենեքոնի» գործով քաղաքացիական դատարանները կկայացնեն մեղադրական, իսկ ռազմական դատարանները` արդարացնող վճիռներ: Չպետք է նաեւ մոռանալ, որ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունն ընդունվել է ռազմական խունտայի ժամանակ` 1982 թվականի նոյեմբերին, ինչը լայն լիազորություններ է շնորհել ռազմական դատարաններին: Միեւնույն ժամանակ, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) գործադրած ջանքերի շնորհիվ, 2006 թվականից սկսած, թուրքական ռազմական դատարաններն իրավունք չունեն դատել քաղաքացիական անձանց:
Ներկայում չի բացառվում, որ քաղաքացիական ու ռազմական դատարանների իրավասության շրջանակների խնդրի լուծումը տեղի ունենա հանրաքվեի միջոցով: Այս կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է. «Թուրքիան պետք է համակերպվի հանրաքվեների հետ: Մեզ մոտ դժվար են անցկացվում հանրաքվեները, քանի որ նախկինում դրանց թվաքանակը մեծ չի եղել»:
Մինչդեռ, ԱԶԿ կողմնակիցների կարծիքով, ՍԴ որոշման այսօրինակ հապճեպությունը պայմանավորված է վերջին շրջանում երկրում ընթացող մի շարք գործընթացներով, որոնցում ներգրավված է երկրի զինվորական ղեկավարությունը. մասնավորաբար, այդ են վկայում Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի դեմ մահափորձի եւ «Բալյոզ» ռազմական հեղաշրջման պլանի հետաքննությունները: Ըստ ԱԶԿ կողմնակիցների` ՍԴ-ն գտնում է, որ պետական հեղաշրջմանը մասնակցելը ռազմական հանցագործություն է, եւ դրա քննումը պետք է տեղի ունենա ռազմական դատարաններում, մինչդեռ, իրենց կարծիքով, սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործությունները պետք է քննվեն միայն համաքաղաքացիական դատարաններում:
Հարկ է նշել, որ սահմանադրական կարգի դեմ կատարված հանցագործություններ ասելով հասկացվում են «ահաբեկչությունը», «կազմակերպված հանցավորությունը», «հեղաշրջումն» ու «խռովությունը»: Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը, ԱԶԿ համակիրների կարծիքով, Սահմանադրության փոփոխումն է:
Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր ԺՀԿ-ի կողմնակիցները կարծում են, որ ՍԴ-ն իր արդարացի վճռով հավասարակշռություն հաստատեց թուրքական դատական համակարգում: Նրանց կարծիքով, վերջին շրջանում հաճախակի են դարձել իսլամամետ լրատվամիջոցների հարձակումները թուրք զինվորականների վրա: ԺՀԿ-ն կարծում է, որ ԱԶԿ-ն դիտավորյալ է վարկաբեկում զինվորականներին, որպեսզի կարողանա վերահսկել նրանց, եւ ԱԶԿ-ից պահանջում է վերջ դնել «քաղաքացիական բռնապետությանը» (հիշեցնենք, որ ԺՀԿ-ի ու զինվորականության միջեւ սերտ կապեր հաստատվել են դեռեւս հանրապետության հիմնադրման ժամանակ):
Ինչ վերաբերում է Եվրամիությանը (ԵՄ), ապա հարկ է նշել, որ այն մեծ տեղ է հատկացնում Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին: Թիվ 5918 օրենքի փոփոխությունների չեղյալ հայտարարման կապակցությամբ ԵՄ-ը հայտնեց իր մտահոգությունը: Եվրախորհրդարանի անդամները նշեցին, որ Թուրքիայում տիրող իրավիճակը լուրջ խոչընդոտներ է առաջացնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Հարկ է նշել, որ ժամանակին Եվրահանձնաժողովն ու Եվրախորհրդարանը դրականորեն վերաբերվեցին թիվ 5918 օրենքի փոփոխությունների ընդունմանը: ԵՄ-ը ներկայում ողջունում է թուրքական նոր սահմանադրության ընդունման գաղափարը` գտնելով, որ այլ կերպ անհնար է Թուրքիայում նախկինում ընդունված բարեփոխումների կենսագործումը:
Անսալով եվրոպական քննադատություններին` Էրդողանը նշել է, որ իրենք մտադիր են վերացնել թուրք զինվորականներին երկրի հանրային կյանքը վերահսկելու հնարավորություն ընձեռող «Անվտանգության, հասարակական կարգի ու օժանդակության» արձանագրությունը (թուրքերեն հապավումով` EMASYA): Բացի այդ, պլանավորվում է փոփոխությունների ենթարկել «Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը» (MGSB): Վերջինս ընդունվել է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին` երկրի նախագահ Ահմեթ Սեզերի նախագահությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում: Այս փաստաթղթի նախագծի վրա տարվող աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի: Դրանց մասնակցել են Թուրքիայում քաղաքականություն ձեւավորող բոլոր գերատեսչությունները: Սակայն փաստաթղթի նախապատրաստման մեջ վճռորոշ դերը խաղացել է ԳՇ-ը: Թուրքիայում այն անվանում են նաեւ «գաղտնի սահմանադրություն», «կարմիր գիրք», «կարմիր սահմանադրություն»:
Տեղեկատվություն ստանալու վերաբերյալ համապատասխան օրենքի համաձայն` տվյալ փաստաթղթի բովանդակությունը համարվում է գաղտնի եւ հրապարակման ենթակա չէ, քանի որ այն պետական գաղտնիք է ներկայացնում: Այս օրենքը խախտած անձինք ՔՕ համապատասխան հոդվածներով պատժվում են տարբեր ժամկետներով բանտարկությամբ:
MGSB-ում փոփոխություններ կատարելու Էրդողանի նախաձեռնությունը պայմանավորված է արտաքին եւ ներքին ասպեկտներով: Առաջինի էությունն այն է, որ Անկարան սկզբունքորեն փորձում է փոխել իր աշխարհաքաղաքական «դիրքավորվածությունն» ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Մինչդեռ 2005 թվականին ընդունված «կարմիր գրքում» խոսքը միայն Թուրքիայի տարածաշրջանային կարգավիճակի ամրապնդման մասին էր:
2010թ. հունվարի 4–8-ը Ստամբուլում տեղի ունեցած դեսպանների կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին 200 թուրքական դեսպաններ, Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիայի ռազմավարական նպատակը ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային պետության դերն է, ինչին նպաստում են նրա եզակի աշխարհագրական դիրքը, պատմական ու դիվանագիտական փորձը:
Ինչ վերաբերում է ներքին ասպեկտին, ապա «գաղտնի սահմանադրության» մշակման գործում Էրդողանն առաջնահերթությունը, բնականաբար, տալիս է ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ինստիտուտներին: Այսինքն` այս հարցում զինվորականներին հատկացվում է երկրորդական դեր, ինչը համապատասխանում է Թուրքիայի քաղաքական կյանքում բանակի դերի նվազման ԵՄ պահանջներին: Բացի այդ, փոփոխված տարբերակում վերացվելու է ներքին սպառնալիքի մասին դրույթը: Ներքին սպառնալիք ասելով հասկացվում են ձախ արմատականությունը, ֆունդամենտալիզմն ու ծայրահեղականությունը: Այս կապակցությամբ Էրդողանը նշել է. «Չի կարելի սեփական քաղաքացիներին դիտարկել որպես սպառնալիք, լոյալության սկզբունքի հիման վրա նրանց դասակարգել խմբերի: Չի կարելի մտածել անցյալ հարյուրամյակի նման»:
Ինչ վերաբերում է EMASYA-ին, ապա այն կնքվել է 1997 թվականի հուլիսի 7-ին` ԳՇ-ի ու Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միջեւ եւ «կարմիր գրքի» բաղկացուցիչ մասերից է: ԳՇ-ի կողմից արձանագրությունը ստորագրել է Չեթին Դողանը, որի անունը շոշափվում է «Բալյոզ» անվանումը ստացած ռազմական հեղաշրջման պլանի մշակման մեջ: 27 հոդվածից բաղկացած այս արձանագրության համաձայն` ռազմական ստորաբաժանման հրամանատարն արտակարգ դրության (հասարակական անկարգությունների) ժամանակ կարող է զինվորներ ուղարկել նահանգ` առանց նահանգապետի նախնական համաձայնության: Այսինքն` թուրքական բանակը ներքաղաքական ճգնաժամի պարագայում իրավասու է դիմելու վճռորոշ միջոցների կիրառմանը` առանց քաղաքացիական կառույցների թույլտվության:
ԵՄ-ը բազմիցս քննադատության է ենթարկել այս արձանագրությունը, քանի որ այն զինված ուժերին հատկացնում է եվրոպական նորմերին հակասող ներքաղաքական դեր: Այս կապակցությամբ Էրդողանը նշել է. «EMASYA-ի նման փաստաթուղթ չի կարող գոյություն ունենալ, եւ մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում` այն վերացնելու ուղղությամբ: MGSB-ի վերանայման հարցն էլ բարձրացվելու է ԱԱԽ-ում, ինչից հետո կկայացվեն համապատասխան վճիռներ»: Մի շարք քաղաքական դիտորդներ երկրի անվտանգության ռազմավարության փոփոխության Էրդողանի մտադրությունն անվանել են «պատմական», քանի որ Էրդողանն իր բարեփոխումների նախաձեռնությամբ ձգտում է վերացնել շուրջ 90 տարի երկրում տիրող դրվածքը եւ Թուրքիայի պատմության մեջ նոր էջ բացել:
Իր հերթին նախագահ Գյուլն ասել է. «Ես կարծում եմ, որ մենք EMASYA արձանագրության կարիքը չունենք»: Եվ եթե դա տեղի ունենա, ապա այսուհետ թուրք զինվորականներն իրավունք չեն ունենա ուժ կիրառելու` առանց քաղաքացիական մարմինների թույլտվության:
Բնականաբար, ԱԶԿ-ի հակառակորդները քնած չեն եւ բոլոր ջանքերը գործադրում են նրա պլանները խափանելու համար: Այդ մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ 2010 թվականի հունվարի 28-ին Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան գաղտնի հանդիպում ունեցավ ՍԴ նախկին նախագահ Մուսթաֆա Բումինի հետ: Վճռաբեկ դատարանում մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել է ԱԶԿ-ի փակման հարցը, ինչի արդյունքում քաղաքական գործունեությամբ զբաղվելուց պետք է զրկվեն վարչապետ Էրդողանը, նախագահ Գյուլը եւ այլ անվանի ԱԶԿ-ականներ: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է օգտագործել ԱԶԿ-ի կողմից ապօրինաբար թուրք զինվորականների հեռախոսային գաղտնալսումների խնդիրը, ինչը վերջին շրջանում Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել:
Այսպիսով, մենք ականատեսն ենք թուրքական զինվորականության եւ քաղաքական իշխանության պայքարի հերթական փուլին, ինչը շիկանալու մեծ հավանականություն ունի:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]