• am
  • ru
  • en
Версия для печати
27.01.2010

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

   

Հայկ Գաբրիելյան

2009 թվականի դեկտեմբերի 21-ին թուրքական կառավարության նոր շենքում կայացած նախարարների խորհրդի նստաշրջանում որոշում ընդունվեց Արտասահմանում բնակվող թուրք քաղաքացիների հարցերով գերատեսչության ստեղծման մասին: Նախագիծը պատրաստվել է արտասահմանաբնակ թուրք քաղաքացիների իրավունքների պաշտպանության գծով պետնախարար Ֆարուք Չելիքի կողմից:

Նստաշրջանի ավարտին փոխվարչապետ եւ կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, որ եկել է թուրքական սփյուռքի նախարարության ստեղծման ժամանակը. «Շատ տարիների ընթացքում Թուրքիան ստիպված է եղել տարբեր խնդիրների շուրջ բախվել հայկական, հունական եւ այլ լոբբիների հետ, այժմ եկել է ժամանակը` ստեղծելու զորեղ թուրքական լոբբի, եւ համապատասխան նախարարությունը կնպաստի այդ գործընթացին: Ներկայում արտասահմանում բնակվող 220 միլիոն թյուրքերի հետ մեկտեղ, բնակվում է մոտ 5 միլիոն թուրք, եւ մենք անտարբեր չենք կարող լինել նրանց կենսակերպի ու խնդիրների նկատմամբ: Մեր պետությունը կօգնի նրանց` լուծելու իրենց խնդիրները»:

Այս նախագիծը հաստատման համար պետք է ուղարկվի թուրքական խորհրդարան: Կարելի է կարծել, որ խորհրդարանն անպայման կհաստատի դա, քանի որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները կաջակցեն այդ նախագծին: Պատճառն այն է, որ նմանատիպ հարցերում վերոնշյալ ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալիս առավել խիստ դիրքերից, քան իշխող ԱԶԿ-ն:

Արտասահմանաբնակ թուրքերի ու ազգակից համայնքների գերատեսչության ղեկավար կազմն ունենալու է հետեւյալ պատկերը. 1 ղեկավար, 7 բաժնի պետ եւ 50 մասնագետ: Գերատեսչության կառույցի մեջ են մտնելու Արտասահմանաբնակ քաղաքացիների հարցերով վարչությունը, Ցեղակից ու ազգակից համայնքների վարչությունը, Հասարակական կապերի վարչությունը, Ուսանողների միջազգային վարչությունը, Ռազմավարական զարգացման ու աջակցման վարչությունը: Որպես առանձին միավոր` գերատեսչության ենթակայության ներքո գործելու է անգլիախոս երկրներում բնակվող թուրքերի ենթավարչությունը: Դա պատահական չէ, քանի որ թուրքական լոբբիստական կազմակերպությունների հիմնական ուղղվածությունը հանդիսանում են հենց այդ երկրները (մասնավորապես` ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան): Նախատեսվում է նաեւ ստեղծել տարածաշրջանային բաժանմունքներ բոլոր այն երկրներում, որոնցում պետք է իր գործունեությունը ծավալի թուրքական սփյուռքի նախարարությունը:

Առաջին փուլում նախատեսված է աշխատանքներ տանել Ամերիկայում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում: Սա պայմանավորված է նրանով, որ այդ երկրներում առկա է թուրքական քիչ թե շատ հոծ բնակչություն:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Ամերիկայում թուրքական միությունների դաշինքի (ԱԹՄԴ, TADF) նախագահ Քայա Բոզթեփեի տվյալներով` այնտեղ բնակվում է շուրջ 500.000 թուրք: Բացի այդ, կան նաեւ 2 միլիոն թյուրքեր` ադրբեջանցիներ, թուրքմեններ, ուզբեկներ եւ այլն: Բոզթեփեն հայտարարել է, որ իրենք ձգտում են 2.5 միլիոնանոց այդ զանգվածը վերածել առավել համախմբված ու կազմակերպված ուժի: Այդ նպատակին է ծառայում նաեւ ԱՄՆ-ում բնակվող թուրքերին ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու համար ԱԹՄԴ-ի ձեռնարկած արշավը:

Թուրքական սփյուռքի նախարարության ստեղծման հիմնական նպատակներն են.

1. Արտասահմանում տարվող լոբբիստական աշխատանքների ուժեղացում:

2. Արտասահմանում բնակվող եւ ուսանող թուրքերի ու նրանց ազգակից համայնքների գործողությունների պլանավորում ու կոորդինացում, PR գործունեության ծավալում:

Թուրքական լոբբիստական կազմակերպությունների ծավալած գործունեությունը Թուրքիայի անվտանգության հայեցակարգի բաղկացուցիչ մասերից է: Թուրքական նորաստեղծ այս գերատեսչությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացնելու` ամեն գնով Հայաստանի ու Սփյուռքի միջեւ սեպ խրելու ուղղությամբ: Բացի այդ, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բացասական իմիջ ձեւավորելու աշխատանքներ են տարվում:

Իսկ ինչո՞ւ Արտասահմանաբնակ թուրքերի եւ ազգակից համայնքների գերատեսչության ստեղծման խնդիրն արդիականացավ հենց հիմա, ո՞ր հանգամանքները նպաստեցին դրա ստեղծմանը.

1. Թուրք-ամերիկյան հարաբերությունները: 2009 թվականի վերջին ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկեց ռազմական կոնտինգենտ ուղարկել Աֆղանստան, որպեսզի դրանով իսկ նվազեցնի իր զինուժի կորուստներն այդ երկրում: Սակայն Թուրքիան մերժեց այդ առաջարկը: Թուրքիայում կարծիքներ են հնչում, որ 2010 թվականի գարունը երկրի համար լինելու է ամենավճռորոշը: Մատնանշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայ-թուրքական արձանագրությունների առումով Էրդողանի համար որպես վերջնաժամկետ է սահմանել 2010 թվականի ապրիլի 24-ը: Եվ քանի մոտենում է այդ ժամկետը, այնքան մեծանում է թուրքական կողմի մտահոգությունը` կապված Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության արտաբերման հետ: Դրա համար էլ ԱՄՆ-ում ակնկալվում է հայկական ու թուրքական լոբբիների պատերազմի մի նոր փուլ: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով` 2008 թվականին Թուրքիան, մյուս երկրների համեմատ, ամենաշատն է ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգի ենթարկել իր շահերը (2268 անգամ): Միեւնույն ժամանակ, այդ գործունեության վրա ծախսած գումարի չափով օտար երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 4-րդ տեղը (4.2 միլիոն դոլար)` այդ ցուցանիշով զիջելով միայն ԱՄԷ-ին (11 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիային (6 միլիոն դոլար) ու Ճապոնիային (4.22 միլիոն դոլար): Թուրքական լոբբինգի գործունեության ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2007 թվականի վերջին, երբ Կոնգրեսը քննարկում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման փաստը: Այդ ժամանակ թուրքական լոբբիի ներկայացուցիչները մեկ ամսվա ընթացքում 673 հանդիպում են ունեցել ամերիկյան կոնգրեսականների ու հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ:

2. Թուրք-իսրայելական հարաբերությունները: Վերջին շրջանում զգալիորեն սրվել են թուրք-իսրայելական հարաբերությունները` կապված մերձավորարեւելյան տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության հետ: Պետք է նշել, որ ժամանակին Թուրքիան մահմեդական երկրներից առաջինը ճանաչեց Իսրայել պետությունը եւ ցայժմ տարածաշրջանի մահմեդական երկրներից միակն էր, որ հանդիսանում էր Իսրայելի դաշնակիցը, ինչը շատ կարեւոր էր հատկապես վերջինիս համար: Այս պատճառով էլ մինչ այժմ Հայկական սփյուռքի դեմ տեղեկատվական պայքարում թուրքական կողմին գործուն աջակցություն է ցուցաբերել հրեական լոբբին: Թուրք-իսրայելական լարված հարաբերությունների պատճառով թուրքական կողմը զրկվում է իր այդ հզոր դաշնակցից: Դա, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին: Այժմ իսրայելական կողմից Թուրքիայի հասցեին սպառնալիքներ են հնչում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ԱՄՆ-ում թուրքական լոբբիին աջակցելուց զերծ մնալու (կամ նախկինի նման չաջակցելու) շուրջ: Թուրքական սփյուռքի նախարարությունն այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ տանելու խնդիր ունի:

3. Ասորական խնդրի վերարծարծումը: Թուրքիայի համար վերջին շրջանում հայտնվեց մի նոր գլխացավանք, որը մինչ այդ գտնվում էր սառեցված վիճակում: Դա Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայի իրականացրած 750.000 ասորիների ցեղասպանության հիմնախնդիրն է: 2009 թվականի դեկտեմբերի 15-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնեցվեց Ասորիների ցեղասպանության հուշարձանը, ինչի կապակցությամբ ավստրալական իշխանություններին բողոք հղեց Թուրքիայի արտգործնախարարությունը: Փաստորեն, սրանով Թուրքիայի համար առավել երկարեց իր իրագործած ցեղասպանությունների շարանը: Դրա համար էլ Թուրքիան ամեն գնով պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ` քաջ գիտակցելով, որ հայերից հետո գալու է ասորիների, ինչու ոչ` նաեւ հույների հերթը:

4. Թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Վերջին շրջանում շարունակում են լարված մնալ թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչը պայմանավորված է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ ու հնարավոր մերձեցմամբ: «Մեկ ազգ, երկու պետություն» հասկացությունը սկսեց լուրջ ճեղքվածքներ տալ 2009 թվականի հոկտեմբերի կեսին` երկու երկրների միջեւ տեղի ունեցած «դրոշների պատերազմի» (թուրք-ադրբեջանական «սառը պատերազմ») ժամանակ: Սակայն սխալ կլինի կարծել, թե թուրք-ադրբեջանական ներկայիս հակասությունները պայմանավորված են միայն հայկական գործոնով: Մասնավորապես, երբ վերջերս Թուրքիան սկսեց մերձենալ Իրանի ու Սիրիայի հետ, Ադրբեջանն անմիջապես պատրաստակամություն հայտնեց միանալու ԱՄՆ գլխավորած հակաիրանական կոալիցիային, իսկ Սիրիայի հարցում էլ կողմնորոշվեց դեպի վաշինգտոնյան մոտեցումները: Ի տարբերություն թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման, ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները գտնվում են բավական լավ վիճակում: Ցայժմ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի պատճառով, չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը եւ նրա հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Որոշակի խնդիրներ առկա են նաեւ էներգետիկ ոլորտում:

5. Կիպրոսի խնդիրը: Այս խնդրի հարթումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմաններից մեկն է: Արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիան ձգձգում է կիպրական նավերի ու օդանավերի առջեւ իր նավահանգիստների ու օդանավակայանների բացման վերաբերյալ ստանձնած սեփական պարտավորությունների իրականացումը: Այժմ թուրքական կողմը որոշակի դժվարություններ է կրում` կապված ԱՄՆ-ում հունական լոբբիստական կազմակերպությունների ծավալած գործունեության հետ: Վերջիններս ԱՄՆ Կոնգրեսում ժամանակ առ ժամանակ առաջ են քաշում «Կիպրոսը թուրքական օկուպացիայից ազատելու» վերաբերյալ բանաձեւեր, ինչը մեծ անհանգստություն է պատճառում Թուրքիային: Այժմ Թուրքիան շտապում է մինչեւ 2010 թվականի ապրիլն ավարտին հասցնել Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ խաղաղության բանակցությունները, քանի որ այդ ժամանակ կղզում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:

6. Թուրք-քրդական հարաբերությունները: 2009 թվականի վերջերից զգալիորեն սրվել են թուրք-քրդական հարաբերությունները, հատկապես, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց թուրքական խորհրդարանում հայտնված Դեմոկրատական հասարակարգ (ԴՀԿ) քրդական միակ լեգալ կուսակցության փակման մասին: Բացի այդ, թուրք-քրդական հարաբերությունների վատթարացման գործում իրենց ուրույն տեղն ունեն Քրդական Բանվորական կուսակցության (ՔԲԿ) գործունեությունն ու Աբդուլա Օջալանի բանտային պայմանների փոփոխությունը, ինչի կապակցությամբ իրենց բուռն դժգոհությունն արտահայտեցին քրդերը: 2008 թվականին ԱՄՆ-ում թուրքական լոբբինգի գործունեությունում Հայոց ցեղասպանության հիմնախնդրից հետո երկրորդ տեղը զբաղեցրել է ՔԲԿ-ն: Թուրքական կողմն ամեն կերպ ձգտում է ներկայում իրեն հազար տարվա պատերազմով սպառնացող ՔԲԿ ահաբեկչական բնույթի վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը:

7. Թուրքական, ինչպես նաեւ թյուրքական աշխարհի համախմբումը: Վերոնշյալ խնդիրների (եւ ոչ միայն) ուղղությամբ գործուն քայլերի իրականացումն առավել դյուրին ու արդյունավետ կդառնա նորաստեղծ նախարարության շնորհիվ: Վերջինս պետք է նպաստի արտասահմանաբնակ թուրքերի իրավունքների պաշտպանությանն ու կենսակերպի բարձրացմանը, հայրենիքի հետ կապերի պահպանմանն ու զարգացմանը: Այս ամենի համար առաջ են քաշվել 200 տարբեր նախագծեր, որոնցով այժմ զբաղվում են մոտ 30 պետհիմնարկներ: Թուրքական սփյուռքի նախարարության ստեղծումը դրանց ջանքերը մեկ կազմակերպության մեջ միավորելու հնարավորություն կընձեռի: Այսուհետ առավել նպատակահարմար կծախսվեն նաեւ թուրքական սփյուռքի եկամուտները, ինչը գերազանցում է 40 միլիարդ եվրոյի սահմանագիծը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր