• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2005

Թալիշական ազգային շարժման հեռանկարները

   

Արսեն Հակոբյան

Վերջին ժամանակներս տարածաշրջանային գործընթացների համատեքստում սկսում են շրջանառվել կարծես թե «մոռացված» խնդիրներ` կապված թալիշական, լեզգիական և այլ էթնիկ գործոնների հետ: Այս առումով, Հայաստանում վերջերս կայացած թալիշագիտական առաջին գիտաժողովը` Թալիշական ազգային շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ, բավական խոսուն է:

Ըստ էության, Թալիշական ազգային շարժումն իր գաղափարական ուղղվածությամբ և նպատակների քիչ թե շատ հստակությամբ սկզբնավորվում է 1993թ., երբ Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում հռչակվեց Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը: Մինչ այդ երբևէ ազգային-ազատագրական պայքարի փորձ չունեցած թալիշները 1993թ. ամռանը փորձեցին ինքնակազմակերպվել: Ճիշտ է, նրանց միջավայրում միշտ էլ արտահայտվել են դժգոհություններ և մտահոգություններ` կապված Ադրբեջանում թալիշների ազգային իրավունքների ոտնահարումների հետ, սակայն այդ ամենը մի շարք պատճառներով չի հանգեցրել քաղաքական հստակ նպատակների առաջքաշմանը և դրանց իրականացմանն ուղղված պայքարի կազմակերպմանը:

1993թ. ամռան իրադարձություններն առաջին փորձն էին` ազգային շարժում կազմակերպելու, այդ իսկ պատճառով ասպարեզ իջած գործիչների մոտ կային լուրջ տարաձայնություններ` կապված ազգային նպատակների ձևակերպման հետ. օրինակ` անկախությո՞ւն, թե՞ ինքավարություն: Ըստ էության, շարժման ծնունդն Ադրբեջանի պետական կազմալուծման հետևանք էր, որի արդյունքում ի դերև ելան տևական ժամանակ թաքնված ականներն ու սպառնալիքները, որոնք լուրջ մարտահրավերների առջև կանգնեցրին այդ հանրապետությանը:

Ազգությամբ թալիշ գործիչների առջև, որոնք մինչ այդ ակտիվ գործում էին Ադրբեջանի հասարակական-քաղաքական դաշտում, 1993թ. ամռանը ծառացավ ի՛նչ անել խնդիրը` կապված այդ երկրի համակարգային փլուզման հետ. իշխանության կազմալուծում, պարտություններ ղարաբաղյան ճակատում ևն: Այս իրավիճակում որոշակիության և ինքնակազմակերպման լուրջ ռեսուրսի հնարավորություն էր ապահովում ազգային շարժումը, որը սնվում էր էթնիկ ինքնապահպանման ակունքներից` շաղախված ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված դիրքորոշմամբ և երկար տարիներ ազգային հենքի վրա կուտակված դժգոհության լիցքերով: Ակտիվ գործունեության մեջ գտնվող թալիշ գործիչների համար շրջադարձը դեպի ազգային ակունքներ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ վերջիններս խոր հիասթափություն ապրեցին 1990-ական թթ. Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձություններից, երբ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ պաշտոնապես թուրքամետ ուղեգիծ որդեգրվեց:

Համընդհանուր տագնապի ու անորոշության այս պայմաններում սրվում էր ազգային համախմբման, ինքնապահպանության անհրաժեշտության գիտակցումը, որը հնարավորություն կտար միասնական ուժերով ապահովություն ձեռք բերել։ Ահա այս պայմաններում էլ առաջ եկավ թալիշական «ազգային գաղափարը», որն իր մարմնավորումը ստացավ Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակմամբ:

Թալիշական շարժման սկզբնավորումն իր հետ ասպարեզ բերեց «ազգային գործիչների», որոնց կազմը բավական խայտաբղետ էր և արտացոլում էր 1990-ական թթ. Ադրբեջանում տեղի ունեցած գործընթացների ողջ հակասականությունը: Ազգային շարժման շարքերը համալրեցին մինչ այդ Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալած գործիչներ (օր. Ալաքրամ Գումբատովը), Բաքվին հլու ծառայած նախկին չինովնիկներ ու պաշտոնյաներ, ինչպես նաև ազգային հիմքի վրա քաղաքական ասպարեզ իջած մտավորականներ (օր. Ֆարհադին Աբոսզոդեն): Կան հիմքեր կարծելու, որ շարժման գործիչների հետ բավական սերտ հարաբերությունների մեջ է եղել նաև Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ Շուքուր Փաշազադեն: Հետագայում նա մի քանի անգամ միջնորդել է Հեյդար Ալիևի առջև` ազատելու բանտում գտնվող Գումբատովին:

Ուշագրավ է այն փաստը, որ այս շրջանում ինքնավարության ղեկավարները և շարժման ակտիվիստները շրջում էին գյուղ առ գյուղ, հանդիպում բնակչության հետ` բացատրելով իրենց նպատակներն ու խնդիրները: Ինչպես վկայում են շարժման գործիչները, ավագ սերունդը, ի տարբերություն երիտասարդների, պահպանողական կեցվածք ուներ և բավական սառն էր ընդունում «ազգային հեղափոխականներին»: Սակայն շարժման գործիչների համար էլ անսպասելի էր, որ Լենքորան էին գալիս վաղուց արդեն թրքախոս դարձած և մեծ չափով ձուլման ենթարկված Ջալիլաբադի թալիշները, որոնք պահանջում էին իրենց ևս հաշվի առնել ինքնավարության կազմավորման աշխատանքներում:

Թալիշական շարժման հեռանկարները գնահատելու առումով պետք է նկատել, որ այն բավական ռեսուրս է պարունակում, և ազգային գաղափարների քարոզչությունն ու այդ ուղղությամբ հնարավոր գործընթացները կարող են ակտիվացնել մեծ չափով ձուլման ենթարկված զանգվածների:

Թալիշական ինքնավարությունը, սակայն, երկար կյանք չունեցավ: Բաքվում նոր իշխանության եկած Հեյդար Ալիևի հետ ինքնավարության ղեկավար Ալաքրամ Գումբատովի բանակցությունները` թալիշներին ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ, անհաջողությամբ են պսակվում, և շուտով «խռովարար» թալիշաբնակ շրջաններ զորակազմեր են մտցվում: Ազգային շարժումը գիտակցաբար դիմադրություն ցույց չի տալիս` հիմնավոր մտավախություն ունենալով, որ նույնիսկ մեկ կրակոցը կարող է հանգեցնել թալիշների ցեղասպանությանը:

Բաքվի կողմից շարժումը դաժանորեն ճնշվում է, ղեկավար-գործիչների մի մասը ձերբակալվում, մի մասն էլ տարագրվում է: Ինքնավարության ղեկավար Գումբատովը դատապարտվում է մահապատժի, որը հետագայում միջազգային ճնշման տակ փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ. 2004թ. Ադրբեջանի իշխանությունները եվրոպական կառույցների ճնշման տակ ազատ են արձակում նրան, որը հեռանում է Հոլանդիա, ավելի վաղ այնտեղ տարագրված կնոջ մոտ: Ի պատիվ Գումբատովի նկատենք, որ վերջինս երբևէ չզղջաց իր գործունեության համար և Բաքվում տեղի ունեցող դատավարություններում հանդես էր գալիս քաղաքական կոշտ հայտարարություններով` ընդդեմ Ադրբեջանում իր ժողովրդի իրավունքների ոտնահարման:

Շարժման շարքերում տարագրության ալիքը շարունակական բնույթ է ձեռք բերում, և 1990-ական թթ. կեսերին նույնիսկ միջին շերտի շատ ներկայացուցիչներ լքում են Ադրբեջանը:

Ներկայումս Թալիշական ազգային շարժման հիմնական կառույցները գտնվում են Ռուսաստանում, ուր գործում են մի շարք կազմակերպություններ, ինտերնետային կայքեր, տպագիր մամուլ և այլն: Շարժումն իր միավորներն ունի նաև Բելառուսում, Հոլանդիայում, ինչպես նաև Ադրբեջանում, որտեղ, հասկանալի պատճառներով, այն գործում է ընդհատակում: Նկատենք, որ Ադրբեջանի ԱԱՆ կազմում գործում է հատուկ բաժին, որը զբաղվում է հենց թալիշական խնդրով:

Այս ամենը վկայում է, որ շարժման հանդեպ չափազանց մեծ հետաքրքրություն ունի ՌԴ-ն, որն, ըստ էության, դարձել է շարժման «ինտելեկտուալ» և «տեղեկատվական» հովանոցը:

Թալիշական խնդրի համատեքստում չափազանց կարևոր նշանակություն ձեռք բերեց այս տարվա մայիսին Հայաստանում տեղի ունեցած թալիշագիտական առաջին գիտաժողովը, որին մասնակցեցին Թալիշական ազգային շարժման ներկայացուցիչներ:

Անշուշտ, այս ամենը քաղաքական որոշակի տրամաբանության և գործընթացների արտահայտություն է: Այս կապակցությամբ կարող ենք ընդգծել, որ շարժման գործիչների այցելությունը Երևան, այստեղ Ադրբեջանի հասցեին հնչած կոշտ հայտարարությունները նրանց` երբևէ Բաքու վերադարձի տեղ այլևս չեն թողնում, և ինքնըստինքյան շարժման «արմատականացումը» խորանում է, որից այն կողմ, թերևս, զինված պայքարն է:

Ինքնին շարժման համար հայաստանյան այցելությունը տեղեկատվական-քաղաքական մեկուսացումից դուրս գալու և նոր հնարավորությունների ձեռքբերման կարևոր խնդիր էր լուծում: Հետաքրքրական է, որ շարժման ներկայացուցիչներն այստեղ էին եկել քաղաքական հստակ ու որոշակի մոտեցումներով: Շարժման մոտակա նպատակն է ինքնավարության ձեռքբերումը Ադրբեջանի կազմում, իսկ որոշակի գործընթացների պարագայում այն չի բացառում նաև անկախության հռչակումը:

Եթե խնդիրը դիտարկելու լինենք աշնանը Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների և Ադրբեջանին «ֆեդերալիզացիա» կամ «դեմոկրատիա» պարտադրելու որոշակի գործընթացների համատեքստում, ապա թալիշական շարժման արմատականացումը և հայկական գործոնի օգտագործման միջոցով ձեռնարկվելիք հնարավոր քայլերը կարող են այդ երկրի փաստացի կազմալուծմանը հանգեցնել:

Ավելացնենք, որ Թալիշական ինքնավարության հնարավոր ձևավորումը կարող է ազգային ինքնագիտակցության պոռթկում առաջացնել նաև Ադրբեջանում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների, մասնավորապես` լեզգիների պարագայում:

Միաժամանակ, նկատենք, որ Ադրբեջանի ֆեդերալացման ուղին կարող է ընթանալ համեմատաբար մեղմ` ներքաղաքական կամ ներհամակարգային զարգացումների ճանապարհով` որևէ կերպ չշոշափելով էթնիկ խնդիրներ: Սա նշանակում է, որ տվյալ դեպքում այն կարող է տեղի ունենալ Բաքվի քիչ թե շատ վերահսկողության ներքո: Միգուցե այս համատեքստում է տեղավորվում Միլի մեջլիսի պատգամավորի վերջերս հնչեցրած հայտարարությունը` Ադրբեջանի «ֆեդերալացման» անհրաժեշտության կապակցությամբ:

Ինչևէ, տարածաշրջանային գործընթացներում հեռանկարային առումով չափազանց կարևոր դերակատարում են սկսում ձեռք բերել «չճանաչված ժողովուրդները»: Քաղաքական որոշակի պլանավորման և գործուն քայլերի պայմաններում այս գործոնի առկայությունը բավական խոցելի է դարձնում Ադրբեջանին ու Վրաստանին, ուր ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումները շարունակական բնույթ են կրում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր