• am
  • ru
  • en
Версия для печати
28.07.2005

Լեզգիական գործոն

   

Արսեն Հակոբյան

Կովկասյան ժողովուրդների խմբին պատկանող լեզգիները բնակվում են Դաղստանի հարավում (Ռուսաստան) եւ Ադրբեջանի հյուսիսարեւելյան շրջաններում:

1989թ. խորհրդային վերջին մարդահամարի տվյալների համաձայն, Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվում էր 171 հազար լեզգի բնակչություն: Միեւնույն ժամանակ, այս տվյալներն ակտիվորեն վիճարկվում էին լեզգիական աղբյուրների կողմից, որոնք նշում էին Ադրբեջանում 600-800 հազար լեզգիների գոյության մասին:

1999թ. Ադրբեջանի Հանրապետության մարդահամարը, ըստ էության, անփոփոխ տվյալներ է հաղորդում լեզգիների թվաքանակի վերաբերյալ` փաստելով 178 հազար բնակչության գոյության մասին: Ըստ այդ նույն տվյալների, Ադրբեջանում թվաքանակի առումով լեզգիներն ամենամեծ ազգային փոքրամասնություններից են համարվում` կազմելով ամբողջ բնակչության 2,2%-ը: Սակայն նույն ադրբեջանական փորձագիտական տվյալները նշում են Ադրբեջանում 205-260 հազար լեզգիների գոյության մասին` ընդգծելով նրանց միջավայրում ժողովրդագրական աճի միտումների առկայությունը:

Հարավային Դաղստանում 1990-ական թթ. վերջերին պաշտոնական տվյալները վավերացնում էին ավելի քան 250 հազար լեզգիների գոյության մասին` միեւնույն ժամանակ նույնպես շեշտելով նրանց աճի բարձր տեմպերը:

1813թ. Գյուլիստանի պայմանագրով Դաղստանի եւ Արեւելյան Այսրկովկասի լեզգիաբնակ տարածքները հայտնվեցին Ռուսական կայսրության կազմում:

Մինչեւ 1918թ. լեզգիները բնակվում էին Դաղստանյան շրջանում, Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում, եւ, ըստ էության, նրանց տարածական եւ հավաքական միասնությունը պահպանվում էր:

Ադրբեջանական Հանրապետության ձեւավորումից հետո, սակայն, դա խախտվեց, եւ կովկասյան խայտաբղետ խճանկարում հայտնվեց եւս մեկ «բաժանված ժողովուրդ»: Դա չփոխվեց նաեւ տարածաշրջանի խորհրդայնացումից հետո. խորհրդային տարիներին լեզգիները բնակվում էին ՌԴ ենթակայության տակ գտնվող Դաղստանի Ինքնավար Հանրապետությունում եւ Ադրբեջանական ԽՍՀ-ում:

1938թ. Խորհրդային մեծ հանրագիտարանը «խոստովանում» է, որ դրանով իսկ խախտվեց այս հանրության ազգային միասնականությունը, որը հանգեցրեց Ադրբեջանի տարածքում նրանց մասնակի թրքացմանը: Այնուամենայնիվ, մինչեւ 1930-ական թթ. վերջը, այսինքն` մինչեւ «սովետական միասնական ժողովուրդ» ձեւավորելու պաշտոնական գործընթացի մեկնարկը, որին գումարվում էր «ազգ-պետություն» կառուցելու Ադրբեջանի ձգտումը, լեզգիների վիճակը համեմատաբար բարվոք էր: Ադրբեջանաբնակ լեզգիների մոտ գործում էր դեռեւս 1906թ. հիմնադրված թատրոնը, կային լեզգիական դպրոցներ, թերթ: Սակայն շուտով դրանք փակվում են: Ավելին, լեզգիները հայտարարվում են «ոչ տեղաբնիկներ», եւ նրանց ուսման համար սկսում են կիրառվել նվաստացուցիչ մեթոդներ. լեզգիներից կաշառք էին վերցնում ուսումնական հաստատություններում սովորելու դիմաց, իսկ նրանց համար, ովքեր ազգությամբ «ադրբեջանցի» էին գրվում, նման «հարկ» չէր գործում:

Այդ տարիներին լեզգիաբնակ շրջաններում ակտիվ քարոզչություն է ծավալվում երեխաներին ադրբեջանական դպրոցներ տալու ուղղությամբ. դրան ընդդիմացող մտավորականների եւ ուսուցիչների հետ «աշխատում» էր պատժիչ մեքենան, որի հետեւանքով ավելի քան 2000 լեզգի ուսուցիչներ աքսորվում են:

Այնուամենայնիվ, ստալինյան ամբողջատիրությունը չի ընկճում ազատատենչ լեռնականներին, եւ «ժողովուրդների հոր» մահից հետո, «ձնհալի ժամանակները» հույսեր են արթնացնում նաեւ նրանց մեջ: 1959թ. ձեւավորվում են լեզգիների իրավունքների համար պայքարող միություններ, որոնք նույնիսկ առաջ են քաշում ինքնավարության պահանջներ: Այս միությունների հիմքը Կուսարիում գործող «Սրտի խոսք» գրական միավորումն էր, որը համախմբում էր լեզգի նշանավոր մտավորականների, սակայն վերջիններս առեղծվածային հանգամանքներում սպանվում են, ուղարկվում հոգեբուժարան կամ էլ ձերբակալվում` ենթարկվելով կտտանքների:

Ազգային իրավունքների համար պայքարը ոգեկոչում է նաեւ Դաղստանի լեզգիներին, եւ 1970-ական թթ. Մախաչկալայի համալսարանում կազմավորվում է ուսանողական միություն: Սակայն շարժման ակտիվիստները հեռացվում են ուսանողական նստարաններից:

Այնուամենայիվ, ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին ազգային իրավունքների պաշտպանության համար ելույթները ուժեղացան: 1989թ. ստեղծվեց «Սադվալ» (Միասնություն) կազմակերպությունը, որի նպատակն էր Լեզգիստանի Հանրապետության կազմավորումը Հյուսիսային Ադրբեջանի եւ Հարավային Դաղստանի լեզգիաբնակ տարածքների միավորմամբ: Շարժման ղեկավարներից էր պոետ Իզեթ Շարիֆովը, որը 1960-ական թթ. լեզգիական շարժման ակտիվիստներից էր, «Սրտի խոսք» գրական միավորման հիմնադիրներից: 1991թ. սեպտեմբերի 28-ին Դաղստանի Կասումքենդ ավանում տեղի ունեցած համալեզգիական երրորդ համագումարը հռչակեց Լեզգիստանի Հանրապետության ստեղծումը Ադրբեջանի հյուսիսի եւ Դաղստանի հարավի լեզգիաբնակ տարածքներում, Ռուսաստանի Դաշնության կազմում: Համագումարն ընտրեց նաեւ Ազգային խորհուրդ` Նարիման Ռամազանովի գլխավորությամբ: 1992թ. լեզգիները շրջափակման ենթարկեցին Բաքու–Ռոստով մայրուղին` իրենց պահանջների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Նույն թվականին, ի պաշտպանություն իրենց իրավունքների` լեզգիական ազգային շարժումը Մոսկվայում ցույց կազմակերպեց:

1990-ական թթ. սկզբների այդ հուզումներին կտրուկ արձագանքեց Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որը սպառնաց, թե այդպես շարունակվելու դեպքում իրենց երկիրը տարածքային հավակնություններ կդրսեւորի Հարավային Դաղստանի, ներառյալ Դերբենտի նկատմամբ: Դերբենտի հայերի նկատմամբ տեղի ադրբեջանցիների միջոցով փորձ կատարվեց հալածանքներ հրահրել, սակայն լեզգիների ջանքերով դրանք կանխվեցին:

1990-ական թթ. հուզումներ սկսվեցին նաեւ Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններում, սակայն Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո Ադրբեջանի եւ ՌԴ հատուկ ծառայություններն սկսեցին ակտիվորեն հետապնդել շարժման ակտիվիստներին, որոնց մի մասը ձերբակալվեց: Միեւնույն ժամանակ, քայլեր կատարվեցին շարժմանն առավել «չափավոր» բնույթ հաղորդելու համար:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններն այժմ էլ համարվում են երկրի ապակայունացման հնարավոր օջախ, որտեղ մշտապես առկա են «անջատողական» շարժումների աշխուժացման վտանգ եւ սպառնալիք` ուղղված «միջէթնիկ կայունությանը»: Մտավախություն կա նաեւ, որ Ռուսաստանը կարող է օգտագործել լեզգիական գործոնն իր կովկասյան քաղաքականության մեջ:

Նման մտավախությունների եւ իրավիճակի գնահատման արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը դեռեւս 1990-ական թթ. վերջերին այդ տարածքներում տեղաբաշխել էր բանակային 4 բրիգադ եւ ՆԳՆ հատուկ նշանակության մեկ ստորաբաժանում: Օպերատիվ պլանավորման համաձայն` անհրաժեշտության դեպքում դրանց օգնության պետք է հասնեն Բաքվում եւ Ապշերոնում առկա զինվորական միավորումները:

Իրավիճակի բարդությունը Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններում աճում է նաեւ այն հանգամանքով, որ չնայած տեղական բնակչության դժգոհությանը, իշխանություններն այդ տարածքներում բնակեցնում են թուրք մսխեթցիների եւ հայ-ադրբեջանական հակամարտության գոտուց տարհանվածների:

Չնայած 1990-ական թթ. լեզգիական ազգային շարժման լուրջ կորուստներին (ձերբակալվածներից 7-ը մահանում են Բաքվի բանտում), պայքարը նոր դրսեւորումներ ու մարտավարություն է որդեգրում: Գիտակցվում է այն հանգամանքը, որ ազգային շարժման հաջողությունը կախված է հետեւողական եւ շարունակական աշխատանքից:

Համարվում է, որ ներկայումս «Սադվալ» շարժումը հանդես է գալիս երեք թեւերով` քաղաքական, ռազմական եւ դիվերսիոն-ահաբեկչական: Որոշ գնահատականների համաձայն, լեզգիական ռազմական կազմավորումների թվակազմը հասնում է մինչեւ 10-12 հազար մարդու, շարժման ներկայացուցիչների կարծիքով` անհրաժեշտության դեպքում մինչեւ 20-22 հազար մարդ կարող է զենքի կոչվել:

Այնուամենայնիվ, լեզգիական շարժումն իր առանձնահատկություններն ունի` կապված պատմական փորձի, քաղաքական պահանջների ձեւակերպումների հետ: Օրինակ` որպես խնդրի լուծման միջանկյալ տարբերակ 1990-ական թթ. վերջերին առաջ քաշվեց Ադրբեջանում եւ ՌԴ-ում ինքնավարությունների կազմավորման խնդիրը: Միեւնույն ժամանակ, ակտիվ գործընթացներ են տեղի ունենում հենց Հարավային Դաղստանի լեզգիաբնակ շրջաններում: Մասնավորապես, տվյալները ցույց են տալիս, որ այստեղ լեզգի բնակչության թվաքանակն աճում է, օրինակ, ադրբեջանցիների համեմատ: Նույնիսկ խնդիր է դրվել Դերբենտը դարձնել ազգային-մշակութային, քաղաքական կենտրոն, եւ ինտենսիվորեն ընթանում է քաղաքի բնակեցումը լեզգիներով:

Որոշ տվյալների համաձայն, չի բացառվում անգամ Դաղստանի տրոհումը երեք հատվածների, որտեղ հարավային գոտին կգլխավորեն լեզգիները: Նկատենք, որ այս սցենարներն ուրվագծվում էին դեռեւս 1990-ական թթ. վերջերին, սակայն վերջերս, կապված Դաղստանում հայտնի իրադարձությունների հետ, կրկին սկսել է քննարկվել այդ գաղափարի իրագործման հնարավորությունը: Խնդիրն այն է, որ դեռեւս խորհրդային տարիներին Դաղստանում կայունություն ապահովելու համար իշխանությունը բաժանվում էր 3-4 խոշոր էթնոսների միջեւ` ավարներ, դարգիններ, լեզգիներ եւ կումիկներ: Վերջին տարիներին լեզգիները դուրս էին մղված այս համակարգից, սակայն նրանց թվաքանակի անշեղ աճը նման հավակնությունների իրական նախադրյալներ է ստեղծում:

Նկատենք, որ 1990-ական թթ. վերջերից ՌԴ վերաբերմունքը լեզգիական շարժման նկատմամբ որոշ առումով փոխվեց` կապված աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային որոշակի զարգացումների հետ: Մասնավորապես, շարժման ղեկավարությունը, թերեւս, ոչ առանց ՌԴ հատուկ ծառայությունների մասնակցության, ստանձնեցին առավել վճռական եւ երիտասարդ գործիչներ: Ակտիվացավ շարժման արտասահմանայն գործունեությունը (Հաագայում նրանք գրանցված են որպես «չճանաչված ժողովուրդ»): Համարվում է, որ ՌԴ-ն նպատակ ունի լեզգիական գործոնի միջոցով Ադրբեջանի նկատմամբ ազդեցության խոշոր լծակ ձեռք բերել, ինչպես եւ` իր փաստացի վերահսկողության ներքո ունենալով լեզգիական կազմակերպված խմբավորումներ, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործել ոչ ստանդարտ իրավիճակներում:

«Հանրապետական», թիվ 7 (27), 2005թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր