• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2007

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան

image (medium) Բաքվում ՀՀ և հայկական թեմաների առնչությամբ ապատեղեկատվական աշխատանքն ստացել է հիմնավոր և համակարգված բնույթ, առկա է պետական մոտեցում, երկրում աստիճանաբար ձևավորվում է «տեղեկատվական պետական քաղաքականություն», որի բաղկացուցիչն է Ղարաբաղյան հարցում և ՀՀ-ին առնչվող այլ թեմաներում զանգվածային ապատեղեկատվությունը: Հնարավոր է, որ այս ուղղությամբ աշխատանքները համակարգվում են Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում, քանի որ այն կոչվում է մամուլի և տեղեկատվական քաղաքականության վարչություն (ընդգծումը- հեղ.): Պետք է ենթադրել, որ աշխատանքին կցված են նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, երկրի հատուկ ծառայությունները: Ակնհայտորեն աշխատում են նաև մի շարք ոչ կառավարական հասարակական կառույցներ, որոնք վերահսկվում են: Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Բանկ ինֆորմացիա» կազմակերպությանը, որի ղեկավարն է Ռովշան Նովրուզօղլուն:

Բերենք հետևյալ օրինակները. 2005թ. փետրվարի 17-ին ադրբեջանական «Էխո» թերթը հաղորդել է, որ Հունգարիայում գործող «Հայաստան» միության անդամները պահանջում են, որպեսզի Ռամիլ Սաֆարովը մահապատժի ենթարկվի Երևանում: Իրականում Հունգարիայում «Հայաստան» անվամբ համայնքային հաստատություն ընդհանրապես գոյություն չունի: Նույն շրջանում ադրբեջանական մամուլը բազմիցս գրել է, թե Հունգարիայի հայերը Գ.Մարգարյանի իրավահաջորդների շահերը դատարանում ներկայացնելու համար հավաքել են €140 հազար, ինչը ևս կեղծիք էր: Դրանք հասարակական կարծիքն ուղղորդելուն, Սաֆարովի շուրջ երկրում աջակցություն ձևավորելուն ուղղված նպատակային քայլեր էին: Ադրբեջանական բանկերից մեկում բացվել էր հաշվեհամար, և կոչ էր արվում դրամական փոխանցումներ կատարել ի նպաստ Ռամիլ Սաֆարովի: Հունգարահայերի կողմից «€140 հազարի հավաքման» մասին սուտն ակնհայտ նպատակ ուներ դրդել տեղի հասարակությանը «հետ չմնալ» հայկական կողմից: Ըստ Բաքվի մամուլի, այս հաշվեհամարում ընդհանուր առմամբ հավաքվել էր մոտ $25 հազար: Ավելի ուշ Սաֆարովի գործի հետ կապված հրապարակ նետվեցին տեղեկություններ այն մասին, թե Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց առաջ Սաֆարովը նրան արթնացրել է, ինչը ևս չէր համապատասխանում իրականությանը: Բուդապեշտյան դատավարության ընթացքում մամուլ են նետվել նաև այլ կեղծ տեղեկություններ:

Բաքվի «Зеркало» թերթը 2006թ. նոյեմբերի 25-ին գրեց ոմն Սաֆա Բաբաևի և Կնյազ Հասանովի մասին: «Բանկ ինֆորմացիա» կենտրոնի ղեկավար Նովրուզօղլուի տվյալներով՝ Բաբաևը 1991թ. պարզ չէ, թե ինչպես Բաքվից մեկնել է Ստեփանակերտ և աշխատել որպես թարգմանիչ հայկական անվտանգության մարմինների համակարգում, ապա նույնիսկ դարձել ԼՂՀ նախագահի խորհրդականը(!): Կնյազ Հասանովը, Ռ.Նովրուզօղլուի երևակայությամբ, աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում և նույնիսկ ՀՀ ԱԺ-ում պատգամավորների խորհրդականն է ԼՂ գծով: Այնուհետև Նովրուզօղլուն նոր «մանրամասներ» է ներկայացնում վերջիններիս Երևանում բնակվելու, թալիշական անջատականությանը սատարելու մասին և այլն: Ընթանում է հասարակական տրամադրությունների վրա ներազդելու, հայատյացությունը խորացնելու, դավաճանների հանդեպ ատելություն բորբոքելու բացահայտ գործընթաց: Ռ.Նովրուզօղլուի հոդվածի պարբերություններից մեկը հնարավորություն է տալիս կռահել այս քարոզչական «բադիկի» ստեղծման մեկ այլ նպատակի մասին: «Կարծում եմ, փաստերին ծանոթանալով՝ յուրաքանչյուր ազերի կհասկանա, որ դավաճանները թեկուզ անուղղակի, բայց մեծ դեր ունեցան մեր 20%-ի կորստի գործում»,- գրում է «Բանկ ինֆորմացիայի» ղեկավարը: Ինչպես հայտնի է, Բաքվում որպես ռազմական անհաջողությունների պատճառ հիմնականում նշվում էր ՌԴ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերված ռազմական օգնության մասին, սակայն ազերի «փորձագետը» փաստորեն հայտնագործել է ևս մեկ արդարացում ռազմաճակատում տեղի ունեցածի համար:

Նովրուզօղլուն «հայտնագործել» է նաև հայ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հարություն» խորագրով գիրքը, որի 260-րդ էջում հայ հեղինակը ներկայացնում է հայ զինվորականների կողմից ադրբեջանցիներին խոշտանգելու մանրամասներ: «Зеркало»-ի 2006թ. հունիսի 2-ի համարում Նովրուզօղլուն նշում է նաև գրքի տպագրության տարեթիվը՝ 1996 և հրատարակչությունը՝ «Վանաձոր»: Նշենք, որ հայ մտավորականը նման խորագրով գիրք ընդհանրապես չունի և ՀՀ-ում չի գործում և որքան ինձ հայտնի է՝ երբևէ չի գործել «Վանաձոր» հրատարակչություն:

Ռ.Նովրուզօղլուն նաև 1918թ. Ղուբայի շրջանում իբրև թե հայերի կողմից իրականացված հրեաների ջարդի մասին գիտաֆանտաստիկ պատմության հեղինակներից է: Նշենք, որ Ադրբեջանում շուրջ մեկ տարի հետևողականորեն շրջանառվող այս կեղծ վարկածը նաև Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում է, տարվում է հետևողական աշխատանք հարցը միջազգայնացնելու, մասնավորապես՝ քարոզչական այս աղմուկը բուն Իսրայելում տարածելու ուղղությամբ:

Ռ.Նովրուզօղլուն նաև տեղյակ է, որ Ղարաբաղյան պատերազմին ստորաբաժանումներ են մասնակցել ոչ ավելի, ոչ պակաս… Վատիկանից: Ըստ նրա, այս մասին «Վատիկանի ձայն» ռադիոկայանը 2004թ. ապրիլի 24-ին հատուկ թողարկում է պատրաստել: Ընդ որում, ռադիոկայանում 2007-ից պետք է բացվեր «Ղարաբաղյան լուրերի բյուրո» (տե՛ս «Зеркало» օրաթերթ, 27.10. 2006թ. «Радио «Голос Ватикана» оказывает помощь Карабахским сепаратистам»): Այս տարի Ռ.Նովրուզօղլուն դեռ չի մանրամասնել՝ բացվե՞լ է Ղարաբաղյան լուրերի բյուրոն, թե՞ ոչ: Վերոհիշյալ բոլոր փաստերի համատեքստում «Բանկ ինֆորմացիա» կազմակերպության համար, թերևս, շատ ավելի տեղին կլիներ «Բանկ դեզինֆորմացիա» անվանումը:

2004թ. օգոստոսին Ադրբեջանի ՊՆ այդ ժամանակվա խոսնակ Ռամիզ Մելիքովը հրապարակեց տվյալներ ՀՀ-ից արտագաղթի տեմպերի մասին՝ նշելով, որ դրանք վկայում են, թե նման տեմպերի պահպանման պարագայում 25-30 տարի անց ՀՀ-ում բնակչություն չի լինի («Зеркало» օրաթերթ, 14 օգոստոսի 2004թ., «Проведенные в Карабахе военные учения нанесли «смертельный» удар процессу мирного урегулирования конфликта»)։

Ռ.Մելիքովը վկայակոչում էր «Վաշինգտոն Պոստ» թերթում հուլիսի 14-ին հրապարակված հայ լրագրող Հարություն Խաչատրյանի մի հոդվածը ՀՀ-ում արտագաղթի տեմպերի աճի մասին: Լրագրող Հ.Խաչատրյանն այդպիսի հոդված «Վաշինգտոն Պոստում» չի տպագրել: Նման թեմայով հոդված «Վաշինգտոն Պոստում» ընդհանրապես չկա:

Այս օրինակները կարելի է շարունակել: Խնդիրն այն է, որ գործ ունենք ադրբեջանական ապատեղեկատվության ծավալման հետ: Ապատեղեկատվական աշխատանքը նպատակ ունի երկրում սրել հակահայ տրամադրությունները և հայերի դեմ զայրույթի ու անգամ ատելության հենքի վրա միավորել հասարակայնությանը: Տեղեկությունների կեղծ լինելու մասին հարևան երկրում տեղյակ են լինում խիստ սահմանափակ թվով անձինք, քարոզչական «բադիկները» կլանվում են հասարակության կողմից և տարածվում: Բորբոքվում են նաև հայրենասիրության, անձնազոհության զգացումներ: Պետք է հաշվի առնել, որ խորհրդային շրջանում Բաքուն ինտերնացիոնալ քաղաք էր, բուն ադրբեջանական էթնոսի ձևավորումը դեռևս չէր ավարտվել: Արդյունքում՝ ԽՍՀՄ ժամանակահատվածում Ադրբեջանում հայրենասիրական, ազգայնական զգացումները, այլախոհությունն ու անկախության ձգտումները տարածված չէին: Ինտերնացիոնալ Ադրբեջանում հայրենիքի, ինչպես նաև «հողը պաշտպանելու» գաղափարները լիարժեքորեն ձևավորված չէին, և ներկայումս զանազան քարոզչական հնարքներով, տեղեկատվական աշխատանքով, ապատեղեկատվությամբ և հակահայ հիստերիաներով ստեղծվում է «ադրբեջանական ազգայնականությունը»՝ որպես ոչ թե սոսկ անհատների, այլ զանգվածային հասարակական երևույթ:

Ադրբեջանական նոր ինքնության ձևավորման, ազգային նկարագրի փոփոխության ու ազգայնականության աճի թեման այլ քննարկման առարկա է և ունի որոշակի հրատապություն՝ հակառակորդ երկրում հատկապես երիտասարդության շրջանում տիրող տրամադրությունները պատկերացնելու համար:

Առայժմ նշենք, որ, ցավոք, երբեմն ադրբեջանական հրապարակումները թարգմանաբար ներկայացվում են ՀՀ լրատվամիջոցներում՝ առանց ստուգման: Նպատակահարմար է, որ ադրբեջանական աղբյուրների հետ աշխատելիս թե՛ լրագրողների ու վերլուծաբանների և թե՛ ընթերցողների դիրքորոշումը լինի առավելապես քննողական: Պետք է հաշվի առնել, որ նավթային եկամուտների հաշվին Բաքվում առանց լուրջ բարդությունների կարող են հրապարակումներ պատվիրել նաև երրորդ պետությունների լրատվամիջոցներում: Մասնավորապես, փաստերը վկայում են, որ ՌԴ-ում ադրբեջանական դեսպանատունն այդպիսի պատվերներ է տալիս ռուսական որոշ թերթերի՝ «Կոմերսանտ», «Վրեմյա նովոստեյ» և այլն: Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը «Հայաստանի վրա բոլոր ուղղություններով, այդ թվում նաև քարոզչական աշխատանքում գրոհելու մասին»՝ միանշանակ պետք է սպասել, որ այդ աշխատանքը կակտիվանա:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր