• am
  • ru
  • en
Версия для печати
04.04.2016

ԻՊ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉՔՈՂԱՐԿՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

Նախորդ հոդվածում ԻՊ-ին Թուրքիայի աջակցությունը պայմանականորեն բաժանել էինք երկու մասի՝ քողարկված և չքողարկված օգնություն, և անդրադարձել էինք միայն Թուրքիայից Սիրիա ուղղությանն ու ԻՊ-ին Թուրքիայի քողարկված օգնությանը՝ բացառությամբ Սիրիայից Թուրքիա նավթի, բամբակի, անտիկ իրերի և այլնի մատակարարումների։ Այս հոդվածում կանդրադառնանք այդ մատակարարումներին ու ԻՊ-ին Թուրքիայի չքողարկված օգնությանը։

Նավթի, բամբակի, անտիկ իրերի առևտուր – Թուրքական և միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Թուրքիայի՝ ԻՊ-ից նավթ գնելու և նման կերպ միջազգային ահաբեկչություն ֆինանսավորելու մասին։ ԻՊ-ից Թուրքիայի նավթ գնելու խնդիրը մեծապես արդիականացավ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» մարտական ինքնաթիռը խոցելուց հետո։ Դրան հաջորդած 2 ամսում Թուրքիային ԻՊ-ից նավթ գնելու համար մեղադրել է միանգամից 6 երկիր՝ Ռուսաստան, Սիրիա, Իրան, Իրաք, Իսրայել, Հունաստան։

Ռուսաստան - ԻՊ-ից Թուրքիայի նավթ գնելու մասին ռուսական կողմի հայտարարություններում նշվում էր, որ մի շարք թուրք պաշտոնյաներ ֆինանսական ուղիղ շահ ունեն ԻՊ նավթի մատակարարման համար (վարչապետ Դմիտրի Մեդվեդև), որ Թուրքիան սկսեց նյարդայնանալ այն բանից հետո, ինչ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում սկսեցին ռմբակոծել ԻՊ նավթային առաջին քարավանները (արտգործնախարար Սերգեյ Լավրով), որ ԻՊ-ը Թուրքիային նավթ է մատակարարում արդյունաբերական ծավալով, և դժվար է հավատալ, թե Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ չէ այդ մասին (նախագահ Վլադիմիր Պուտին), որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ կարծելու, թե իր ինքնաթիռը խոցելու Թուրքիայի որոշումը թելադրված էր ԻՊ-ի՝ նավթը թուրքական նավահանգիստներ հասցնելու ուղիների անվտանգությունն ապահովելու ցանկությամբ, և որ թուրքմեններին պաշտպանելը միայն պատրվակ է (Պուտին), որ ԻՊ-ը Թուրքիայի տարածքով օրական փոխադրում է 200.000 բարել նավթ, որի վաճառքից ստացված եկամուտները գնում են ոչ միայն Թուրքիայի ղեկավարությանը հարստացնելուն, այլև զենքի ու զինյալների տեսքով Սիրիա վերադառնալուն (ՌԴ ԳՇ)։

Ի դեպ, Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով նավթային բիզնեսի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի շահագրգռվածության մասին, ուշադրություն էր հրավիրել, որ Թուրքիայի նոր կառավարության կազմում էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը։ Իմիջիայլոց, Դավութօղլուն ցանկացել է այդ պաշտոնին վերադարձնել ավելի քան 6 տարի (2009-2015թթ.) էներգետիկայի նախարար հանդիսացած Թաներ Յըլդըզին, սակայն Էրդողանը պնդել է փեսայի թեկնածությունը։ Ուշագրավ է նաև, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարի պաշտոնում վերստին նշանակվեց Բինալի Յլդըրըմը, որն այդ պաշտոնում չնչին դադարներով գտնվել է 2002-2013թթ. և պաշտոնանկ էր արվել «Մեծ կաշառք» գործից հետո։

Ամփոփելով՝ կարելի է համաձայնել ռուսական կողմի պնդումների հետ, որ Թուրքիան խոցել է «Սու-24»-ը ԻՊ-ի հետ իր նավթային բիզնեսը պաշտպանելու համար, և որ Սիրիայի թուրքմեններին աջակցելը ծառայել է որպես պատրվակ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ցայժմ թուրքմեններին «մարդասիրական օգնություն» ուղարկելու պատրվակով շարունակ զենք է ուղարկել Սիրիա, ինչը երևաց նաև Ադանայի նահանգում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) բեռնատարների հայտնի գործով։ «Սու-24»-ը խոցվել է ԻՊ նավթը Թուրքիա հասցնելու արևմտյան երթուղու մոտ, և եթե արևելյան երթուղով (Իրաքյան Քրդստան) ԻՊ-ից նավթ ներկրող Թուրքիան կարողանում է «օրինականության երանգ» հաղորդել դրան՝ հայտարարելով, թե ներկրում է «քրդական» նավթ, ապա արևմտյան երթուղու (Ջեյհան) հարցում Թուրքիան ունակ չէ տալ խելամիտ բացատրություն։ Եվ պատահական չէր, որ ՌԴ ՊՆ-ի կողմից ԻՊ նավթը Թուրքիա հասցնելու երթուղիները հրապարակելուց հետո Իրաքի քրդերը հերքեցին, թե ներգրավված են ԻՊ նավթը Թուրքիա փոխադրելու գործընթացում։ Ընդ որում՝ թուրքական BOTAŞ պետական ընկերության տվյալներով՝ 2015թ. մոտ քառակի ավելացել է Իրաքից նավթի ներկրման ծավալը (48.6 միլիոնից մինչև 192.4 միլիոն բարել)1։

Իրան – Իրանական կողմի հայտարարություններում նշվել է, որ երկրի հետախուզությունը լուսանկարել է բոլոր այն երթուղիները, որոնցով ԻՊ-ը նավթ է մատակարարում Թուրքիային, և որ Իրանը պատրաստ է դրանք ներկայացնել Թուրքիայի կառավարությանը (Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաի), որ Թուրքիան խոցել է Էրդողանի որդու նավթային բիզնեսին սպառնացած ռուսական «Սու-24»-ը, որ թուրքական բանակը սպասարկում է ոչ թե թուրք ժողովրդի, այլ նախագահի անձնական շահերը (Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Նազար Շարիֆ), որ ԻՊ-ն օրական 800.000 բարել նավթ կես գնով վաճառում է Թուրքիային, ինչի համար էլ նա նվազեցրել է Իրանից նավթամթերքների ներկրումը (Իրանի նավթի, գազի ու նավթամթերքի արտահանողների միության նախագահ Հասան Տաջիկ)։ Իրանական կողմի այս հայտարարություններն էլ ավելի սրեցին Թուրքիայի հետ հարաբերությունները։

Սիրիա – Սիրիական կողմի հայտարարություններում նշվում էր, որ Թուրքիան «Սու-24»-ը խոցել է ի պատասխան ռուսական ավիացիայի կողմից Էրդողանի որդու BMZ Group ծովային տրանսպորտային ընկերությանը նավթ մատակարարող հարյուրավոր բեռնատարների ոչնչացման (տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբի), որ 5 տարի առաջ Սիրիայում արդյունահանվում էր մոտ 400.000 բարել նավթ, որի մի մասն արտահանվում էր, իսկ այժմ այդ նավթը հափշտակված է ԻՊ-ի կողմից և ուղարկվում է Թուրքիա (արտգործնախարար Վալիդ Մուալեմ)։ Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան սիրիական ճգնաժամի ժամանակ մեղադրվել է Սիրիան թալանելու համար. 2013թ. հունվարին Սիրիայի ԱԳՆ-ն հայտնեց, որ Հալեպի նահանգում թալանվել է ավելի քան 1000 գործարան, որոնց սարքավորումներն ուղարկվել են Թուրքիա։ Սիրիայի ԱԳՆ-ն դա որակեց ծովահենություն և տվյալ հարցով դիմեց ՄԱԿ գլխավոր քարտուղարին ու ՄԱԿ ԱԽ ղեկավարին՝ խնդրելով Թուրքիային ստիպել վերադարձնել գողացվածը, փոխհատուցել պատճառված վնասն ու պատժել մեղավորներին2։

Այն ժամանակ թուրքական մամուլը գրեց, թե Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի գործարանների թալանն իրականացվել է Էրդողանի հրամանով, ով դրանով ցանկացել է ծնկի բերել Սիրիայի տնտեսությունը և հատկապես ձերբազատվել Թուրքիայի համար արդյունաբերական մրցակցային մի շարք ոլորտներից՝ մանվածքի, տեքստիլ, սննդի, բժշկական պարագաների և ցեմենտի գործարաններից։ Տնտեսագետ Հայան Սուլեյմանի խոսքերով՝ դա Սիրիայի պատմության մեջ ակնհայտ հափշտակության երկրորդ դեպքն էր. առաջին դեպքը գրանցվել է 1865թ., երբ Օսմանյան կայսրությունը տարբեր մասնագիտություններով խմբերին, արհեստավորներին տեղափոխեց Ստամբուլ3։

Իրաք – Իրաքյան կողմի հայտարարություններում շեշտադրվում էր, որ ԻՊ-ը վերջին 8 ամսում Թուրքիայի «սև շուկայում» վաճառել է $800 մլն-ի նավթ, և որ նավթի առևտուրն ԻՊ-ի համար թթվածնի նման բան է, որը կտրելու դեպքում ԻՊ-ը կխեղդվի (ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մուվաֆաք ալ-Ռուբաի), ԻՊ նավթի մեծ մասն իրացվում է Թուրքիայով, և անհրաժեշտ է վերջ դնել նավթի մաքսանենգությանը (վարչապետ Հայդար ալ-Աբադի)։ Ուշագրավ է, որ Աբադիի հայտարարությունից օրեր առաջ (04.12.2015) Թուրքիան տանկային գումարտակ էր տեղակայել Մոսուլի մոտ, ինչն Իրաքը դիտարկեց ներխուժում և պահանջեց դուրս բերել այն։

Հունաստան, Իսրայել – 2016թ. հունվարի վերջերին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն Աթենքում Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ ԻՊ նավթի մեծ մասն անցնում է Թուրքիայով, որն այդպիսով ֆինանսավորում է ահաբեկչությանը, և լավ կլիներ, եթե Թուրքիան փոխեր իր պահվածքն ու չհամագործակցեր ահաբեկիչների հետ։ Պետք է նշել, որ Հունաստանը շարունակ դժգոհում է Թուրքիայի կողմից Կիպրոսը չճանաչելուց, Միջերկրական ծովի արևելքի էներգակիրների հարցում նրա քայլերից, թուրքական մարտական ինքնաթիռների կողմից իր օդային սահմանը բազմիցս խախտելուց, իսկ վերջին շրջանում այդ ամենին գումարվել էր նաև Թուրքիայից Հունաստան փախստականների մեծ հոսք ուղղելը։

Մոշե Յաալոնն, իր հերթին, հայտարարեց, որ ԻՊ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ նավթի արտահանման համար գումար է ստանում Թուրքիայից, և հույս հայտնեց, որ վերջ կտրվի դրան։ Ուշագրավ է, որ Յաալոնն այս հայտարարությունն արել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման փորձերի ֆոնին։ Ամեն դեպքում Յաալոնի այդ հայտարարությունը կարելի է անակնկալ համարել մասնակիորեն՝ հաշվի առնելով, որ նա «Մավի Մարմարայի» միջադեպից հետո կտրուկ դեմ է արտահայտվել Թուրքիայից ներողություն խնդրելուն (նա հայտարարել էր, որ եթե իրենք ներողություն խնդրեն, ապա Էրդողանն անգամ դրանից հետո հանգիստ չի թողնի Իսրայելին)։ Թուրքական մամուլում հրապարակումներ են եղել նաև Իսրայելի կողմից ԻՊ նավթը գնելու մասին, և Յաալոնի հայտարարությունը կարող է կապված լինել նաև այդ մեղադրանքներն Իսրայելից հեռացնելու փորձի հետ։ Բացի այդ, դրանից մոտ մեկ շաբաթ առաջ Իսրայելի արդարադատության նախարար Աեյլեթ Շակեդը միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Թուրքիային և Իրաքին սահմանակից տարածքում պետություն ունենալու քրդերի իրավունքը4։ Իսկ Յաալոնի հայտարարությունից գրեթե անմիջապես հետո հաղորդվեց, որ Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը ծրագրել են կառուցել գազատար, որը միմյանց կկապի այդ երկրները, և կիպրական ու իսրայելական գազը կհասցնի Եվրոպա5։ Դա նշանակում է, որ Թուրքիան, որը նախկինում շարունակ հայտարարում էր, թե կիպրական և իսրայելական գազը Եվրոպա հասցնելու ամենակարճ երթուղին անցնում է իր տարածքով, հայտնվում է «խաղից դուրս» վիճակում։ Իսրայելի այս քայլերը լուրջ ճնշում են հանդիսանում ներկայումս նրա հետ բանակցող Թուրքիայի վրա։

Թուրքիան ԻՊ-ից գնում է նաև մեծ քանակությամբ բամբակ։ 2015թ. վերջին հաղորդվեց, որ Թուրքիան երկու շաբաթում ԻՊ-ից գնել է 25.000 տոննա բամբակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է (Թուրքիայում բամբակի տարեկան սպառումը կազմում է 1.4 մլն տոննա)։ Թուրքիայի ամենամեծ տեքստիլ կենտրոններից մեկն էլ գտնվում է Սիրիային մոտ գտնվող Գազիանթեփում, որի ձեռնարկությունները շատ էժան գնում են ԻՊ բամբակը6։ Բամբակի միջազգային խորհրդակցական կոմիտեի տվյալներով՝ պատերազմից առաջ Սիրիան տարեկան արտահանում էր 600.000 տոննա բամբակ, ինչը 2014թ. նվազել է մինչև 70.000 տոննայի, և որ Թուրքիան իր բամբակի կարիքների 5%-ը բավարարում է Սիրիայից։ ԻՊ-ը Թուրքիայի միջոցով իր բամբակը վաճառում է նաև այլ երկրների (Ռաքքային ու Դեյր էզ Զորին բաժին է ընկնում Սիրիայի բամբակի դաշտերի 1/3-ը)7 ։ Բացի այդ, ԻՊ-ը Թուրքիայի տարածքով վաճառում է նաև անտիկ իրեր, պատմամշակութային արժեքներ։ ԱՄՆ միջազգային առևտրային հանձնաժողովի տվյալներով՝ ԻՊ-ը Թուրքիայի միջոցով միայն Ամերիկային վաճառել է ավելի քան $35 մլն-ի պատմամշակութային արժեքներ։ ԻՊ-ի կողմից անտիկ իրերի վաճառքի կազմակերպման հարցում առանցքային երկրներ են համարվում Թուրքիան և Լիբանանը8։

Չքողարկված աջակցություն - 2014թ. հունվարին Սիրիայի քրդերը հայտարարեցին երկրի տարածքում ինքնավար 3 կանտոնի (շրջան) ստեղծման մասին՝ շեշտադրելով, որ դրանք Սիրիայի տարածքի մի մասն են։ Խոսքը Թուրքիային սահմանակից Ջիզրեի (արևելք), Քոբանիի (կենտրոն) և Աֆրինի (արևմուտք) կանտոնների մասին է9։ Դա հարուցեց Թուրքիայի մտահոգությունը, որի համար Սիրիական հակամարտության մեկնարկից հետո գերխնդիր է եղել Սիրիայի քրդերի հնարավոր անջատողական շարժումները կանխելը, որպեսզի նրանք Հյուսիսային Իրաքի նման չստանան ինքնավարություն, և որպեսզի կանխվի Սիրիայի, Իրաքի ու հենց Թուրքիայի քրդերի միավորումը։

Թուրքիան շարունակ բարձրաձայնում էր Սիրիայի հյուսիսում անվտանգության և թռիչքազերծ գոտու ստեղծման «անհրաժեշտության» մասին՝ դա պատճառաբանելով փախստականների մեծ ներհոսքով։ Սակայն իրականում Թուրքիան դրանով իսկ ցանկանում էր սեպ խրել քրդերի միջև (Քամըշլըի շրջանում), կանխել նրանց միավորումը, ինչպես նաև ռազմական ներկայություն հաստատել Սիրիայի հյուսիսում։ Տեսնելով, որ այդ հարցում աջակցություն չի ստանում իր արևմտյան դաշնակիցներից, Թուրքիան սկսեց ուժգնորեն աջակցել ԻՊ-ին, որը Սիրիայում սկսեց զբաղվել նաև տեղի քրդերի հարցի լուծմամբ։ Թուրքիայի այդ պահվածքն ակնառու էր Քոբանիի պաշտպանության ժամանակ, երբ նա թույլ չտվեց, որ երկրում ապրող քրդերն օգնության հասնեն Քոբանիի պաշտպաններին։ Դրա հետ կապված՝ Թուրքիայում քրդերն անցկացրին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ժամանակ զոհվեցին տասնյակ անձինք։ Թուրքիան ԱՄՆ ճնշման ներքո համաձայնեց իր տարածքով Քոբանիի պաշտպաններին Իրաքի քրդերի ուժերի (Փեշմերգա) օգնության հասնելուն, սակայն, դրա հետ մեկտեղ, նվազեցրեց նրանց քանակը և ձգձգեց տվյալ գործընթացը10։ Այնուամենայնիվ, ԻՊ-ին չհաջողվեց գրավել Քոբանին։

Որքան աճում էին Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները, այնքան մեծանում էր ԻՊ-ին Թուրքիայի չքողարկված աջակցությունը։ 2015թ. գարնանը Սիրիայի քրդերի ուժերը (YPG/YPJ) Քոբանիի համար մոտ 4-ամսյա մարտերից հետո հասան Եփրատ գետին, իսկ ԻՊ զինյալները քաշվեցին Եփրատից արևմուտք11։ Արդեն 2015թ. հունիսի կեսին YPG-ը գրավեց Թել Աբյադը, որը սեպի նման խրված էր Քոբանիի և Ջիզրեի միջև և այդպիսով, Սիրիայի հյուսիսում՝ Իրաքի սահմանից մինչև Եփրատ գետն ընկած տարածքը, հայտնվեց Սիրիայի քրդերի ձեռքում։ Դա էլ ավելի հարուցեց Թուրքիայի զայրույթը, ինչն ունի մի քանի պատճառ. 1. Թուրքիային սարսափեցնում է այն, որ նրա խոշորագույն հարևան են դարձել Սիրիայի քրդերը, Թել Աբյադի գրավմամբ միավորվեցին Ջիզրեի ու Քոբանիի շրջանները՝ ապահովելով լոգիստիկ կապ, 2. Թել Աբյադի գրավմամբ կտրվեց Թուրքիայի և ԻՊ-ի միջև կապը տվյալ հատվածում, որտեղ գտնվում է Աքչաքալեի սահմանային անցակետը, որով ԻՊ-ը համալրումներ է ստացել Թուրքիայից, իսկ Թուրքիան նրանից ստացել է էժան նավթ, 3. հնարավորություն ստեղծվեց, որ Սիրիայի քրդերը զարգացնեն իրենց հաջողությունը դեպի Եփրատի արևմտյան ափ, փորձեն միավորել իրենց վերջին կանտոն Աֆրինը, 4. Թուրքիային մտահոգում է Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական պատկերի փոփոխումը (Էրդողանը վրդովմունք հայտնեց Թել Աբյադի գրավման համար՝ ընդգծելով, որ նրա բնակչության 95%-ը կազմում են արաբներն ու թուրքմենները, իսկ քրդերը կազմում են միայն 5%-ը)։

Դրա համար էլ զարմանալի չէ, որ Թուրքիան փորձել է ամեն կերպ խոչընդոտել Սիրիայի քրդերի կողմից Թել Աբյադի գրավմանը։ Հետագայում YPG-ը քանիցս հայտնեց, թե Թուրքիան Թել Աբյադի հատվածում հարվածել է իր դիրքերին։ 2015թ. հունիսի վերջին ԻՊ զինյալներն անսպասելիորեն 3 կողմից հարձակվեցին Քոբանիի վրա և մարտեր ծավալեցին քաղաքում, բայց վերստին ձախողվեցին12։ Այստեղ շատերին սկսեց հուզել այն հարցը, թե ինչպես է նրանց հաջողվել հասնել Քոբանի։ Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ԻՊ զինյալները Քոբանիում հայտնվել են Թուրքիայի տարածքից։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հերքեց դա, իսկ Սիրիային սահմանակից Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանի ղեկավար Աբդուլա Չիֆթչին հայտարարեց, թե ԻՊ զինյալները Քոբանիում հայտնվել են Եփրատի արևմտյան ափին ընկած Ջերաբլուս քաղաքից13։

Սակայն Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը դա բացառեց երկու պատճառով։ Նա նշեց, որ ԻՊ զինյալները դրա համար նախ պետք է հաղթահարեին Եփրատի խոչընդոտը, և բացի այդ՝ կոտրեին Եփրատի արևելյան ափին գտնվող YPG դիմադրությունը (Քոբանիի վրա ԻՊ առաջին հարձակման ժամանակ Մուսլիմը Թուրքիային մեղադրել էր ԻՊ-ի հետ համագործակցելու համար)14։ Թել Աբյադի անկումից և Քոբանիի դեմ նոր հարձակման ձախողումից օրեր անց Թուրքիայում գումարվում է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որում որոշվում է Սիրիայի քրդերի համար «կարմիր գիծ» սահմանել Եփրատի արևմտյան ափը, որի համար պատճառ է բերվում այն, որ Ջերաբլուսի ուղղությամբ Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում կմեծանա փախստականների ալիքը15։ Հետաքրքիր է, թե ինչու Թուրքիան նույնպիսի զգուշացում չէր արել (և ամենակարևորը՝ չէր հարվածել) ԻՊ-ին Քոբանիի վրա նրա հարձակվելուց առաջ, ինչի հետևանքով Քոբանիից Թուրքիա գաղթեց ավելի քան 130.000 մարդ16։ 2015թ. հոկտեմբերի վերջին, երբ YPG-ը երկու նավակով փորձել է անցնել Եփրատի արևմտյան ափը, Թուրքիայի F-16 ինքնաթիռները հարվածել են նրան17։ Չի բացառվում, որ YPG-ն այդ կերպ փորձել է ստուգել Թուրքիայի վճռականության աստիճանը` հաշվի առնելով, որ Եփրատի գետանցման փորձը կատարվել է միայն երկու նավակով։ Թուրքական մամուլն ընդգծեց, որ դա Սիրիական հակամարտության ընթացքում Թուրքիայից կողմից YPG-ին հարվածելու առաջին դեպքն է։ 2015թ. աշնանը Էրդողանը մի քանի անգամ հայտարարեց, որ իրենք վճռական են տրամադրված և թույլ չեն տա, որ Սիրիայի քրդերն անցնեն Եփրատի արևմտյան ափը18։

Թուրքիայի իշխանությունների այդ դիրքորոշման դրդապատճառները հասկանալի են. 1. նրանք առաջին հերթին ձգտում են այդպիսով կանխել YPG հաղթարշավը դեպի Աֆրին և Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար բոլոր կանտոնների միավորումը, թեև Աֆրինի մոտ գտնվող մի փոքր տարածք գտնվում է այլ ուժերի վերահսկողության ներքո (թուրքական մամուլն անգամ չի բացառել, որ YPG հաջորդ քայլը կարող է լինել մինչև Լաթաքիա (Միջերկրական ծով) հասնելը), 2. Թուրքիան այդպիսով կզրկվի ԻՊ-ին սահմանակից լինելուց, նրան օժանդակելուց, նրանից նավթ գնելուց և այլն, 3. Ջերաբլուս-Ազեզ հատվածին YPG-ի տիրելու դեպքում թուրք-սիրիական գրեթե ողջ սահմանին կհաստատվի կայունություն, և Թուրքիան կզրկվի Սիրիայի դեպքերից դժգոհելու, իր տարածքին սպառնացող վտանգների մասին ահազանգելու հնարավորությունից, 4. Թուրքիան նաև կզրկվի ահաբեկչական խմբավորման (ԻՊ) դեմ պայքարի պատրվակով ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկելու, Ջերաբլուս-Ազեզ հատվածում անվտանգության գոտի ձևավորելու հնարավորությունից, 5. Թուրքիան կզրկվի Սիրիայի հարցում լուրջ դերակատարում ունենալու հնարավորությունից՝ սահմանի գրեթե ողջ երկայնքով դեմ առնելով քրդական պատնեշին (քրդական միջանցք), 6. Թուրքիան ԻՊ-ին հնարավորություն ու ժամանակ ընձեռեց՝ համալրումներ ստանալու և Ջերաբլուսում ամրություններ կառուցելու համար, 7. Թուրքիան փորձում է կանխել ժողովրդագրական պատկերի փոփոխումը (թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Ջերաբլուսից Ազեզ ընկած տարածքի բնակչության 75%-ը կազմում են արաբները, իսկ 15%-ը՝ թուրքմենները), 8. և վերջապես, թուրքական մամուլը չէր բացառել, որ Ջերաբլուս-Ազեզ գոտին անցնելու է Թուրքիային՝ դառնալով նրա 82-րդ նահանգը19։

Այն բանից հետո, երբ Թուրքիան տեսավ, որ ԻՊ-ը սկսել է պարտություններ կրել և այլևս ունակ չէ զբաղվել «Քրդական հարցի» լուծմամբ, նա սկսեց ավելի մերձենալ ԱՄՆ-ի հետ։ Դրանում իր էական դերն ուներ նաև այն, որ երբ ԱՄՆ-ը ժամանակին Թուրքիային կոչ էր անում ակտիվորեն ներգրավվել ԻՊ-ի դեմ պայքարում, Թուրքիան չընդառաջեց նրան, ինչն էլ հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ը սկսեց ավելի շատ հենվել Սիրիայի քրդերի վրա։ Թուրքիայում փորձեցին հետ բերել կորցրածը։ Թել Աբյադի գրավումից մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի վերջին, Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրեց ԻՊ-ի դեմ պայքարում օգտվել Ինջիրլիքի ավիաբազայից, ինչին ընդդիմանում էր երկար ժամանակ՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ (որոնք առնչվում էին Սիրիայի քրդերին, Բաշար Ասադին, անվտանգության գոտուն)20, իսկ արդեն օգոստոսի վերջին Թուրքիայի մարտական ինքնաթիռներն առաջին անգամ ԱՄՆ գլխավորած դաշինքի հետ համատեղ Սիրիայում հարվածեցին ԻՊ օբյեկտներին21։ Եթե Պարսից ծոցի շրջանում գտնվող ամերիկյան կործանիչները Սիրիայում ԻՊ դիրքերին հարվածելու համար պետք է հաղթահարեին 1000 մղոն (1609 կմ), ապա Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու դեպքում դա կազմում էր 250 մղոն (մոտ 400 կմ)։ Այդ առումով կարելի է հիշատակել նաև, որ 2015թ. նոյեմբերին Թուրքիան հրաժարվեց զենիթահրթիռային հեռահար համալիրներ գնել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող չինական CPMIEC ընկերությունից, որը Թուրքիայի անցկացրած համապատասխան մրցույթի արդյունքներով հաղթել էր դեռևս 2013թ. աշնանը, ինչը հարուցել էր ԱՄՆ խոր դժգոհությունը։

Չնայած Թուրքիայի ուշացած այդ քայլերին՝ ԱՄՆ-ը շարունակեց աջակցել ԻՊ-ի դեմ պայքարում ազդեցիկ ուժ համարվող YPG-ին։ Եվ երբ ԱՄՆ-ը 2015թ. հոկտեմբերի 11-ին 50 տոննա զինամթերք օդից նետեց Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ պայքարող ուժերին, այդ թվում նաև Սիրիայի քրդերին, թուրքական մամուլը դա համարեց շոկային` նշելով, որ Պենտագոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է Սիրիայի քրդերին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին22, իսկ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը պարզաբանումներ տալու նպատակով կանչվեց Թուրքիայի ԱԳՆ23։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ եթե Սիրիայի քրդերին հասցված զենքը հետագայում ուղղվի Թուրքիայի դեմ, ապա իրենք կհարվածեն և կոչնչացնեն այդ զենքը24։ Նոյեմբերի կեսին ԱՄՆ-ը երկրորդ անգամ 50 տոննա զենք ու զինամթերք հասցրեց նույն ուժերին՝ ներառյալ Սիրիայի քրդերը։ Այս անգամ այն ուղարկվեց ոչ թե օդից, այլ ցամաքով: Թուրքական մամուլն այդ կապակցությամբ գրեց, որ չնայած Թուրքիայի զգուշացմանը՝ ԱՄՆ-ը երկրորդ անգամ Սիրիայի քրդերին օգնեց զենքով և չսեղմեց Թուրքիայի պարզած ձեռքը25։ Փաստորեն, Թուրքիան ակնհայտորեն փորձում էր կանխել ԻՊ-ի դեմ պայքարող ուժերի զորեղացումը և միաժամանակ խոչընդոտում էր ԻՊ-ին ծնկի բերելուն։

Նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի պարագայում, որի դեսպան Անդրեյ Կարլովը 2015թ. աշնանը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ, որտեղ զգուշացրին PYD-ին զենք մատակարարելու անթույլատրելիության մասին։ ՌԴ ԱԳՆ-ն, սակայն, հերքեց PYD-ին զենք մատակարարելու մասին լուրերը։ Երբ 2015թ. հոկտեմբերին ներկայացուցչություն բացելու համար Մոսկվա մեկնեց PYD պատվիրակությունը, Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ և կոչ արեց գործ չբռնել PYD-ի հետ՝ զգուշացնելով, որ իրենք PYD-ին համարում են ահաբեկչական կազմակերպություն, և որ նրա հետ գործ բռնելը կնշանակի Թուրքիայի հանդեպ թշնամական դիրքորոշում26։ 2015թ. աշնանը Սիրիայում ռուսական ռազմական կամպանիայի մեկնարկը և հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը Թուրքիայի համար էլ ավելի բարդացրին Սիրիայի քրդերին զսպելու գործը, քանի որ Սիրիայի քրդերին Ռուսաստանի աջակցությունը դարձավ ավելի ուժգին՝ դրսևորվելով նաև ավիաաջակցության և զենքի մատակարարումների տեսքով։ Թուրքիան արդեն անցավ բացահայտ գործողությունների և 2016թ. սկսեց հրետակոծել ու հրթիռակոծել27 Սիրիայի քրդերին, որոնք նրա համար, թերևս, անսպասելիորեն սկսեցին հարվածել ոչ թե Ջերաբլուսի, այլ Ազեզի շրջանում, որը կապող օղակ էր Թուրքիայի և Հալեպի միջև։ YPG-ը չէր պատասխանում Թուրքիային, որպեսզի արհեստական հիմք չստեղծի Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտության համար։ Բացի այդ, PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարեց, որ սահմանի այն կողմում (Թուրքիայում) բնակվում են քրդերը, ինչը զսպիչ գործոն է։

2016թ. մարտին Սիրիայի քրդերը հայտարարեցին Հյուսիսային Սիրիայի Դաշնություն հիմնելու մասին, ինչը դատապարտվեց Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի իշխանությունների կողմից28։ Ինչպես տեսնում ենք, այս հարցում համընկնում են այդ երկու երկրների շահերը, և պատահական չէ, որ Թուրքիան մշտապես հայտարարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին՝ վախենալով տեղի քրդերի ինքնավարությունից ու անկախությունից։

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ Թուրքիան ոչ միայն պարզապես գաղտնի աջակցել է ԻՊ-ին, այլև բացահայտորեն հանդես է եկել ԻՊ-ի դեմ պայքարող ուժերի և հատկապես Սիրիայի քրդերի դեմ՝ նրանց զորեղացումը թույլ չտալու և ԻՊ վախճանը չմոտեցնելու համար։ Սիրիայի քրդերին ԻՊ-ի միջոցով ծնկի բերելու Թուրքիայի խաղադրույքը չաշխատեց։ Ավելին, տեղի ունեցավ հակառակը, և իր արևմտյան դաշնակիցներից հիասթափված Թուրքիան սկսեց հույսն ամբողջովին դնել իր իսկ ուժի վրա։ Թեև Էրդողանը հայտարարում էր, թե իրենք թույլ չեն տա հարավային սահմանին (Սիրիայի հյուսիսում) «Նոր Ղանդիլի» առաջացում, այնուամենայնիվ, թուրքական մամուլը գրել է, որ այն արդեն ստեղծվել է29։ Ջերաբլուս-Ազեզ գոտին Թուրքիայի համար «վերջին հույսն» է, և նա ամբողջովին կառչելու է դրանից։ Հենց դրա համար էլ Թուրքիան համառորեն հրաժարվում է փակել Սիրիայի հետ սահմանային այդ գոտին՝ չնայած ԱՄՆ համառ պահանջներին։ Այն, որ Ջերաբլուս-Ազեզ գոտին դեռ գրեթե ամբողջովին գտնվում է ԻՊ վերահսկողության տակ, բացառապես Թուրքիայի շնորհիվ է, որը մարտական ինքնաթիռներով, հրետանային և հրթիռային համալիրներով հարվածել է Սիրիայի քրդերին՝ այդպիսով մեծ ծառայություն մատուցելով ԻՊ-ին, ինչպես նաև կոպտորեն միջամտելով հարևան երկրի ներքին գործերին։

1 Irak'tan Türkiye'ye petrol sevkiyatında rekor artış, Vatan, 26.01.2016.

2 'Bin fabrika Türkiye'ye kaçırıldı', Cumhuriyet, 11.01.2013.

3Halep’teki fabrikaları çalıp İstanbul’da hurdaya satmışlar, Aydınlık, 28.04.2013.

4 İsrail Adalet Bakanı: Kürt devleti kurulmasını destekleyelim, NTV, 20.01.2016.

5 Yunanistan, İsrail ve Rumlar anlaştı, Yeni Mesaj, 29.01.2016.

6 Türkiye, IŞİD'den rekor düzeyde pamuk alıyor! Sevkiyat Kilis'ten yapılıyor, Meydan, 14.12.2015.

7'IŞİD Türkiye üzerinden pamuk satıyor' iddiası, BBC Türkçe, 11.09.2015.

8Pelin Ünker, IŞİD, Türkiye üzerinden Amerika'ya antika satıyor, Cumhuriyet, 06.12.2015.

9Kürtler bugün Rojava'da özerklik ilan etti, Radikal, 21.01.2014.

10 Peşmerge sayısı 150'ye indirildi, Anadolu Ajansı, 24.10.2014.

11 Kürt Güçleri Kobani Batısında Fırat Nehrine Ulaştı, URFAHABERCİSİ, 07.03.2015.

12 IŞİD Kobani'ye saldırdı!, Milliyet, 25.06.2015.

13 IŞİD üyeleri Türkiye'den mi sızdı?, Gerçek Gündem, 25.06.2015.

14PYD'den Kobani saldırısı açıklaması!, Vatan, 25.06.2015.

15Yeni iddia: Suriye’de ‘Kırmızı çizgi’ artık Fırat’ın batısı…, Taraf, 01.07.2015.

16 Kobani'den Türkiye'ye girenlerin sayısı 130 bini aştı,T24, 22.09.2014.

17 Türkiye PYD'yi Fırat'ta vurdu, Sabah, 25.10.2015

18 Erdoğan: Kimse Fırat’ın batısına geçemez, çok kararlıyız, T24, 10.11.2015

19 O topraklar Türkiye'nin olacak, Akşam, 05.08.2015

20Türkiye ve ABD, İncirlik Üssü'nün kullanımı için anlaştı iddiası, Radikal, 23.07.2015

21 Türk Savaş Uçakları IŞİD'i Vurdu, Mynet Haber, 29.08.2015

22 ABD bunu ilk kez açıkladı!, Internet Haber, 17.09.2015.

23 ABD ve Rus Büyükelçileri Dışişleri Bakanlığı'na çağrıldı, Haber Turk, 14.10.2015.

24 ABD ile 'PYD'ye silah' krizi, Hürriyet, 14.10.2015.

25 ABD'den Türkiye'ye Rağmen Suriye'ye İkinci Silah Yardımı, Son dakika, 16.11.2015.

26 PYD ile iş tutmayın, Sabah, 22.10.2015.

27 YPG ilk kez füzelerle vuruldu!, Haber7, 19.02.2016.

28 Kürtler Suriye'de 'federasyon' ilan etti, Cumhuriyet, 17.03.2016.

29 Suriye'nin kuzeyi yeni 'Kandil' oldu, Posta, 18.03.2016.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր