
ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՋՈՐԴԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ (Հայացք Բուլղարիայից)

Քաղաքագիտության թեկնածու, դասավանդում է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և Վառնայի (Բուլղարիա) Տնտեսագիտական համալսարանում
2014թ. ապրիլի 9-ին Մակեդոնիայի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ (առաջին փուլ)։ Կառավարող՝ Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնական ազգային միաբանության դեմոկրատական կուսակցությունից (ՄՆՀԿ ՄԱՄԴԿ) նախագահի թեկնածու և հանրապետության նախագահ Գեորգի Իվանովը գրեթե շահել էր երկրորդ մանդատը. սոցիոլոգիայի պրոֆեսորին մի քանի տոկոս չէր բավականացրել՝ 50% հավաքելու և առաջին փուլում հաղթելու համար։ Նրա մրցակից Ստևո Պենդարովսկին՝ Մակեդոնիայի ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական միության (ՄՍԴՄ, նախկին տիտոյականներ) ներկայացուցիչը, հավաքեց ձայների մոտ 36%-ը և չկարողացավ 2014թ. ապրիլի 27-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում առաջ անցնել գործող նախագահից։ Թեև չէր կորցնում հույսը՝ հորդորելով առաջին փուլում չքվեարկած ալբանացի բնակչությանը՝ երկրորդ փուլում աջակցել իրեն։ Ընտրական ակտիվությունը համեմատաբար բարձր էր բուլղարական ծագմամբ մակեդոնացիների և շատ ցածր էր էթնիկ ալբանացիների շրջանում։ Վերջինները չկարողացան միասնական թեկնածու առաջադրել, որը կկարողանար պաշտպանել ալբանական փոքրամասնության (երկրի 2,1 մլն բնակչության 25%-ը) շահերը, այդ պատճառով էլ հետաքրքրված չէին ընտրություններով։
Երկրորդ փուլը կայացավ 2014թ. ապրիլի 27-ին՝ «երկուսը մեկում» համակարգով. այդ ժամանակ Մակեդոնիայի քաղաքացիներն ընտրեցին նաև նոր խորհրդարան (հինը լուծարվել էր)։ Նախագահ Գեորգի Իվանովը երկրորդ անգամ համոզիչ հաղթանակ տարավ՝ 55.25%։ ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ն 61 պատգամավոր ունի 123 տեղանոց խորհրդարանում։
Պարտություն կրած Ստևո Պենդարովսկին (որը հավաքեց ձայների 41.17%-ը) ներկայացնում է նոստալգիական, ամորտիզացված, նորաձևությունից դուրս եկած բյուրոկրատական-հարավսլավամետ ՄՍԴՄ-ն՝ թարմացված եվրոպական գաղափարներով։ Նրա կուսակցությունը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները, և 2014թ. մայիսի 10-ին ՄՍԴՄ նորընտիր պատգամավորները ներկա չեն եղել նոր խորհրդարանի բացմանը։ Ըստ երևույթին, նրանք դեռ չեն պատրաստվում աշխատել այնտեղ, ընդհակառակը՝ նոր ընտրություններ անցկացնելու կոչ են անում։
ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ն անկախ մակեդոնական պետության գոյության ամենասկզբում փոխել էր քաղաքական խաղի կանոնները, որը մինչ այդ գտնվում էր Բելգրադի անվտանգության հին ծառայությունների վերահսկողության ներքո։ Գեորգի Իվանովը և վարչապետ Նիկոլայ Գրուևսկին հույզերից զուրկ քաղաքական պրագմատիկներ են։ Վերջինը գրեթե ամբողջովին իր ձեռքում է կենտրոնացրել իշխանությունը (Մակեդոնիան խորհրդարանական հանրապետություն է)։ Նրա անձնային հատկանիշները՝ երկաթյա պրագմատիզմը, հետևողականությունը և անզիջում բնավորությունը, նրան հնարավորություն են տվել շատ երիտասարդ տարիքում մտնել քաղաքականություն և դառնալ ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ի առաջին կառավարության (վարչապետ՝ Լյուբչո Գեորգիևսկի) ֆինանսների նախարարը։ Նրա ղեկավարությամբ կուսակցությունը նախագահական ընտրություններին 500.000 ձայն ավելի հավաքեց, քան մրցակիցները և զբաղեցրեց Մակեդոնիայի խորհրդարանի տեղերի գրեթե կեսը։ Եվ սա ուժերի բաշխման իրական պատկերն է հասարակությունում՝ Մակեդոնիայի Հանրապետության զարգացման սույն փուլի համար։
Լյուբչո Գեորգիևսկին ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ում բացահայտորեն բուլղարամետ ուղղությունն էր ներկայացնում։ Մինչ այդ, 26 տարեկանում, նա աշխատանքային գործունեությունն սկսել էր փոխնախագահի պաշտոնում։ Մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո բուլղարական քաղաքացիություն է ընդունել և այժմ ապրում է Բուլղարիայի Հանրապետության Բլագոևգրադ քաղաքում։ Գլխավորում է ՄՆՀԿ-Ժողովրդական կուսակցությունը։
Նիկոլայ Գրուևսկու քեռին՝ Յորդան Միալկովը, եղել է ՄՆՀԿ ՄԱՄԴԿ-ի առաջին կառավարության ներքին գործերի նախարարը, կուսակցությունը գլխավորում էր այժմ արդեն հանգուցյալ ակադեմիկոս, իսկական բուլղարացի հայրենասեր Նիկոլայ Կլյուսևը։ Յորդան Միալկովը չկարողացավ առանձնապես օգնել զարմիկին քաղաքական կարիերայում. պատասխանատու այդ պաշտոնին նշանակվելուց շատ չանցած նա զոհվում է առեղծվածային ավիավթարում։ Այդ ժամանակվանից ի վեր Սկոպիեում համառ լուրեր են պտտվում, թե վթարը կազմակերպվել էր Բելգրադի հատուկ ծառայությունների պատվերով։
Նիկոլայ Գրուևսկու պրագմատիզմը ակնառու է նաև արտաքին քաղաքականությունում։ Մի կողմից՝ նա ոչ մեկին հնարավորություն չի տալիս վիճարկել Տիտոյից ժառանգություն ստացած իդեոլոգեմը մակեդանցի ազգի, բուլղարականից տարբեր լեզվի և ինքնության մասին։ Մյուս կողմից՝ ջանում է չփչացնել հարաբերությունները Բուլղարիայի հետ՝ պնդելով, որ «մեր ճգնաժամը Սոֆիայի հետ արհեստածին է, ստեղծված նրանց կողմից»1։ Նա նույնիսկ բարեկամություն է անում Բուլղարիայի Հանրապետության երկրորդ անգամ ընտրված նախագահ Գեորգի Պիրվանովի հետ։ Թեև վերջինը դասական է համարվում մակեդոնական հարցի և ՄՆՀԿ-ի քաղաքական պատմության վերաբերյալ հետազոտություններ կատարած բուլղարացի մասնագետների մեջ։
Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ շատ կուսակցություններ թե՛ Բուլղարիայի Հանրապետությունում և թե՛ Մակեդոնիայի Հանրապետությունում ՄՆՀԿ են անվանվում, որպեսզի հետևորդներ ներգրավեն։ Նրանք սահմանի երկու կողմում ապրող բուլղարացիների վերամիավորման նոստալգիա են արթնացնում։
Երբ Նիկոլայ Գրուևսկին գլխավորում էր կուսակցությունը, նրա «անտիկ մակեդոնացիների» խմբակցությունը երկրորդ պլան մղեց բուլղար հայրենասերներին։ Այն ժամանակ կադրային Վոյո Միխայլովսկին աջ ու ձախ բղավում էր, թե «բուլղարացիների համար մեր կուսակցությունում տեղ չկա» և ազատում էր իրենց բուլղար գիտակցող ֆունկցիոներներին։ Այն ժամանակ որդեգրվել էր մակեդոնացիների անտիկ ծագման դոկտրինը։ Այն դժվար է հերքել Ֆիլիպ Երկրորդի և Ալեքսանդր Մակեդոնացու պետությունների գոյության ժամանակային հեռավորության պատճառով։ Երկրի մեծ քաղաքներում աննախադեպ ծավալում ստացավ երկու միապետների արձանների կառուցումը։ Նրանք սկսեցին Սկոպիեն վերածել տոտալիտարիզմի թանգարանի։ Քաղաքի կենտրոնը նման է քանդակագործի արհեստանոցի. այն լի է բուլղարական պատմության պերսոնաժներով։ Նրանք, իհարկե, կենդանության օրոք չէին էլ կասկածում, որ դառնալու են մակեդոնական պետության հերոսներ։
Բուլղարական և հունական պատմական ժառանգության թալանը Սոֆիային և Աթենքին ստիպեցին արգելափակել Մակեդոնիայի Հանրապետության եվրաինտեգրումը։ Իհարկե, բուլղարական արձագանքը խիստ չափավոր է և կշռադատված։ Բուլղարներն անկեղծորեն մակեդոնացիներին համարում են իրենց հայրենակցիները, որոնց ներվում է շատ բան։ ՅՈւՆԵՍԿՕ-ն (բուլղարացի դիվանագետ Իրինա Բոկովայի նախագահությամբ, որը հյուսիսարևելյան Մակեդոնիայից է, ծնվել է Յակորուդա քաղաքում) արդեն քննադատել է մակեդոնական իշխանություններին շինարարական խելահեղության համար, որն ամբողջովին փոխել է Վարդար գետի երկու ափերի (քաղաքի բուլղարական և մահմեդական մասերը միացնող «Քարե կամրջի» շուրջ) ճարտարապետական նկարագիրը։
Հունաստանում հակամակեդոնական ցույցերը միլիոնի հասնող մարդիկ են հավաքում։ Բանն այն է, որ հույները բուլղարական ծագմամբ մակեդոնացիներին ոխերիմ թշնամի են համարում, որոնք միմյանց կոտորել են 60 տարվա ընթացքում՝ 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի կեսը։ Այդ կարճ ժամանակաընթացքում հունա-բուլղարական չորս արյունալի պատերազմ է տեղի ունեցել։
Բուլղարիայի նախկին արտգործնախարար, այժմ՝ եվրապատգամավոր Իվայլո Կալֆինը Մակեդոնիայի Հանրապետությունն անվանում է «խնդրահարույց երեխա»2, Սոֆիայի «Բուլղարիա Մակեդոնիա» ամսագրի գլխավոր խմբագիր Իվան Նիկոլովը՝ «քմահաճ թոռ»3, իսկ Խորվաթիայում Բուլղարիայի նախկին դեսպան Լյուբչո Տրոխարովն ընդգծում է, որ «հակաբուլղարական քարոզչությունը ինչպես նախկին Հարավսլավիայի, այնպես էլ անկախ Մակեդոնիայի Հանրապետության պաշտոնական պետական քաղաքականության տարրն է», և որ «այդ քարոզչությունը վարվում է մշտապես, անկախ այն բանից՝ արդյո՞ք Բուլղարիան առիթ տալիս է, թե՞ ոչ»4։ Կեղծ մակեդոնական ինքնությունը կարելի է հաստատել միայն հակաբուլղարական հենքի վրա։ Սկոպիեն աշխարհով մեկ ամեն տեսակ վարձու քարոզիչներ է հավաքում, որոնք տարածում են մակեդոնիզմի դոկտրինը։ Հատկապես սլավոնական և եվրոպական երկրներում. Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի (ՄԳԱԱ) հիմնադրման 45-ամյակի առիթով 2012թ. սեպտեմբերի 10-ին պարգևատրվել են. Օլգա Պանկիան Ռուսաստանից («մակեդոնական գրականության և մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար»), Պետեր Ռաուն Գերմանիայից («իր երկրում մակեդոնական պոեզիայի տարածման համար»), Զդենկա Ռիբարովան Չեխիայից («մակեդոնական լեզվի ուսումնասիրման և հաստատման համար»)։ Այդ միջոցառումների և պարգևների վրա մակեդոնական իշխանությունները հսկայական միջոցներ են ծախսում իրենց սուղ բյուջեից՝ այդ կերպ էլ ավելի իջեցնելով բնակչության կենսամակարդակն ու պարազիտ, կեղծ գիտական շերտ ստեղծելով, որը «մակեդոնական պատմության» և «մակեդոներենի» վերաբերյալ հրապարակումների համար մրցանակներ է ստանում և ամռանը հանգստանում Օխրիդյան լճում (ամենահանրահայտ հանգստավայրը երկրում, որտեղ ամեն տարի սեպտեմբերին «պատմական» և «բանասիրական» սեմինար-արձակուրդներ են անցկացնում)։ Այնտեղ հավաքվածներին բոլորից ճիշտ բնութագրում է Սոֆիայի Պատմության ազգային թանգարանի տնօրեն, սփյուռքի նախկին նախարար, պրոֆեսոր, պ.գ.դ. Բոժիդար Դիմիտրովը՝ նրանց համարձակորեն անվանելով «ֆանտաստ-գրողներ»։ Մինչդեռ, իսկական գիտնական սլավոնագետները՝ ավստրիացի պրոֆեսոր Օտտո Կրոնշտայների (Զալցբուրգ) գլխավորությամբ, ողջ աշխարհին ի ցույց են դնում ճշմարտությունը մակեդոնացիների ծագման մասին, և նրանց հետ համաձայնում է գործընկերների ճնշող մեծամասնությունը։
Այն, որ մակեդոնացիները բուլղարացիներ են, գիտեն նաև հարևան երկրների քաղաքական գործիչները, օրինակ՝ Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը։ Նա ժամանակին դիվանագիտական սկանդալ էր հրահրել՝ ասելով, որ Մակեդոնիայի Հանրապետությունում հիմնականում բուլղարներ են ապրում։ Այդ մասին գիտեն նաև երկրի մահմեդական երեք փոքրամասնությունների՝ ալբանական, թուրքական և պոմացական (մահմեդական բուլղարներ), ոչ այնքան ուսյալ ներկայացուցիչները։ Ինչպես ընդգծում էր Սկոպիեում ծնված, արդեն հանգուցյալ բուլղար հայտնի գրող Վենկո Մարկովսկին, «թուրք օկուպանտի համար մակեդոնացիները «բուլղար միլլեթ» են (բուլղար ժողովուրդ- հեղ.)»5։
Գաղտնիք չէ, որ ալբանացիներն Արևմտյան Բալկաններում թուրքական հովանավորությունից են օգտվում։ Ալբանական ազգը ժողովրդագրական և «պասիոնարական» (ըստ Լ.Ն. Գումիլյովի) վերելք է ապրում։ Ալբանական փոքրամասնությունն ավելի ու ավելի շատ է դուրս մղում բուլղարական մեծամասնությանը մակեդոնական տարածքից։ Երբ բարձրաստիճան ալբանացի և կոսովցի դիվանագետներն ու քաղաքական գործիչները հանդիպում են իրենց բուլղարացի գործընկերների հետ, անմիջապես կտրուկ դնում են «Ե՞րբ ենք բաժանելու Մակեդոնիան» հարցը։ Եվ պատասխան են պահանջում։
Տողերիս հեղինակը բուլղարական ТОП ТВ հեռուստատեսության թղթակիցն էր Մակեդոնիայիում 2001թ. գարնան պատերազմի ժամանակ (այն ժամանակ ստիպված էի հարմարվել 40 աստիճան փոփոխությանը. մերձմոսկովյան Լեսնոյե ամառանոցում -20 աստիճան էր, Սկոպիեում՝ +20)։ Պատերազմն անվերապահորեն շահեցին ալբանացիները, հակառակ այն լուրջ ռազմական օգնությանը, որը ցուցաբերվեց մակեդոնական բանակին Ուկրաինայի կողմից։ Դրանից հետո երկիրը փաստորեն բաժանվեց ալբանական հյուսիս-արևմուտքի և բուլղարական հարավ-արևելքի ու կենտրոնի։ Ալբաներենը ստացավ պետական լեզվի կարգավիճակ այն շրջաններում, որտեղ ալբանացիները մեծամասնություն են։ Դա, իհարկե, նրանց ձեռնտու չէ։ Նրանք պայքարում են հանուն Կոսովոյի հետ վերամիավորման և Մեծ Ալբանիայի ստեղծման (իհարկե՝ դեռ ԵՄ շրջանակներում)։ Նկատի ունենալով, որ Արևելյան Եվրոպայում սկսվել է սահմանների վերաձևաչափման գործընթացը, դրանք հազիվ թե որևէ մեկը կարողանա կանգնեցնել։
Սոֆիայի ՄՆՀԿ նախկին նախագահ, լրագրող և դիվանագետ Եվգենի Եկովը կարծում է, որ «Գրուևսկու իշխանության տապալումը, որքան էլ որ այժմ աբսուրդ է հնչում, վերածվում է ալբանական միավորման կողմնակիցների հիմնական խնդրի։ Եվ նրանք դրան կհասնեն կարճ ժամկետում՝ միջոցների ընտրության առջև կանգ չառնելով»6։ Նրա կարծիքով՝ «նա հասել է իր փառքի զենիթին» և «հազիվ թե ավարտի իր այդ մանդատը»։ Կանխատեսումը շատ վատատեսական է։
Իսկ էթնիկ բուլղարացիները զանգվածաբար բուլղարական անձնագրեր և քաղաքացիություն են վերցնում։ Արդեն հարյուր հազարավոր էթնիկ մակեդոնացի բուլղարներ ունեն երկուսից էլ։ Բոլորը չէ, որ պատրաստվում են հեռանալ։ Շատերը պատրաստ են օտարերկրյա ագրեսորի կամ տեղի խուլիգան ալբանացու դեմ մարտնչել մինչև արյան վերջին կաթիլը...
Եթե դաշնայնացումը տեղի չունենա, Մակեդոնիան կարժանանա Ուկրաինայի ճակատագրին...
1 България Македония, София, 2013, №1, с. 12.
2 Նույն տեղում, с. 16.
3 Նույն տեղում, с. 5.
4 Նույն տեղում, с. 17.
5 Նույն տեղում, с. 30.
6 http://news.ibox.bg/columnist/id_248681598.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ» ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԸ[08.12.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[03.10.2017]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[10.07.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ[24.01.2017]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ[08.12.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ[04.11.2015]
- ՍՈՖԻԱՅԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ[01.10.2015]
- ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ[02.09.2015]
- ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[11.06.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ[03.04.2015]
- ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ[27.03.2015]