• am
  • ru
  • en
Версия для печати
02.09.2015

ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

   

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս։

2015թ. հուլիսի 6-ին Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հայտարարեց, թե Հունաստանի դուրս գալը ԵՄ-ից և եվրոգոտուց կարող է ճգնաժամ առաջացնել Բալկանյան ամբողջ տարածաշրջանում, քանի որ հարևան երկրներում հունական բազմաթիվ բանկեր կան և բավական մեծ է նրանց տնտեսությունում հունական կապիտալի մասնակցությունը։ Նա հատկապես մտահոգ էր Բուլղարիայի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի հարցում։ Նրա կարծիքով՝ «հարավային հարևանի» դեֆոլտը և հանրաքվեի արդյունքները կարող են սոցիալական ցնցումներ առաջացնել այդ երկրներում։ Ըստ նրա՝ մոտ ապագայում Բալկաններում կարող է տեղի ունենալ Հարավից Հյուսիս շղթայական ռեակցիա։

Հունական ճգնաժամն անտարբեր չի թողել բալկանյան պետություններին։ Ինչպես և պետք էր սպասել, ամենակոշտ արձագանքը եղավ Բուլղարիայում։ Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևն ուղիղ եթերից հայտարարեց, որ «չի կարելի հանրաքվեներով վճարել պարտքերը»։ Հունական խնդիրների հանդեպ բուլղարական քաղաքական ընտրանու արհամարհական վերաբերմունքն ունի իր բացատրությունը. քառորդ դար բուլղար «գաստարբայթերներն» ապրել և աշխատել են Հունաստանում նվազագույն վարձավճարի դիմաց, իսկ հույն գործարարները, բուլղարական գործարանները գնելով (հիմնականում Թրակիայում, հունական սահմանից ոչ հեռու), աշխատողներին վերաբերվում էին ստրուկների պես։ Մյուս կողմից՝ տագնապ կա, թե հունական բանկերը Բուլղարիայում «կպայթեն» և ճգնաժամ կսկսվի։ Եվ որ գլխավորն է՝ 300 հազար բուլղարացիներ, որ աշխատում են Հունաստանում, կարող են վերադառնալ երկիր, ինչը կհանգեցնի սոցիալական ցնցման։ Սոցիալական համակարգն առանց այդ էլ կայուն չէ քրեածին գնչուական փոքրամասնության պատճառով։

Փոխվարչապետ, սոցիալական հարցերի նախարար Իվայլո Կալֆինը նույնպես կարծում է, որ «գաստարբայթերների» վերջնական վերադարձը գործազրկության շեմը 10-ից կհասցնի 15-16%-ի։ Նա, սակայն, հույս ունի, որ նրանց մեծամասնությունը, այնուամենայնիվ, կմնա հարևան երկրում և կհարմարվի նոր իրավիճակին։ Ուստի, նա սոցիալական փոխհատուցում վճարելու միջոցներ է փնտրում. կասկած չկա, որ վերադարձած բուլղարները, ԵՄ օրենքներին համապատասխան, սոցիալական նպաստներ ստանալու փաստաթղթեր են ներկայացնելու։ Առայժմ պարզ չէ, թե որտեղից են վերցվելու այդ միջոցները՝ նոր գործազուրկներին տալու համար։ Հայտնի տնտեսագետ, նախկին պատգամավոր Կրասեն Ստանչևը նշում է, որ կառավարությանն ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ լինելու՝ իրավիճակից դուրս գալու համար։ Նա կարծում է, որ հանրաքվեով հույները «կոլեկտիվ ինքնասպանություն» են գործել։

Բուլղարիայի իշխող կոալիցիայի քաղաքական գործիչները բացասական վերաբերմունք ունեն ՍԻՐԻԶԱ-ի և Ալեքսիս Ցիպրասի ու Յանիս Վարուֆակիսի հանդեպ։ «Դեմոկրատներ հանուն ուժեղ Բուլղարիայի» կուսակցության նախագահ և Բարեփոխական դաշինք կոալիցիայի համանախագահ Ռադան Կնևը օրերս եղել է Հունաստանում և ցանկություն հայտնել փրկել իր հույն բարեկամներին բուլղարական տարածքում։ Այդ կուսակցությունից եվրապատգամավոր, քաղաքագետ Սվետոսլավ Մալինովը Ալեքսիս Ցիպրասին և Յանիս Վարուֆակիսին անվանել է «ստախոսներ» և ընդգծել, որ ամենամեծ սուտը նրանց այն պնդումն է, թե Հունաստանի բանկերը 2015թ. հուլիսի 7-ին բաց կլինեն։ Ինչպես հետագայում պարզվեց, նա իրավացի էր։ Մեկ այլ եվրապատգամավոր՝ Անգել Ջամբազսկին, իր «Հաղթեցին կապիտալիզմին, հեղափոխություն բարձրացրին» հոդվածում հեգնում է հունական ծայրահեղ ձախերին և քննադատում այն հարուստ բուլղարացիներին (միջին դասի ներկայացուցիչներին), որոնք սնում են հունական տնտեսությունը՝ հայրենասիրություն չդրսևորելով և նախընտրելով հանգստանալ ոչ թե սեփական երկրում, այլ հարավային հարևանի հանգստավայրերում, քանի որ դրանք ավելի էժան են։ Ըստ նրա՝ ոչ մի ժողովուրդ որևէ տեղ և երբևէ չի քվեարկի հօգուտ աշխատավարձերի, թոշակների, սոցիալական նպաստների կրճատման, հօգուտ խնայողության և «գոտիները ձգելու»։ Ուրեմն, երբեք չի կարելի քվեարկության դնել նման հարցերը։ Այլապես, կխախտվի միջազգային տնտեսական և քաղաքական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Ջամբազսկին, Մալինովը, Կնևը, Կալֆինը և նախագահ Պլևնելիևը քննադատում են ՍԻՐԻԶԱ-ի ծայրահեղ ձախ գաղափարախոսությունը և քաղաքականությունը։

Հունական կառավարությանը, ոչ այդքան սուր, բայց քննադատում է նաև եվրաֆոնդերի գծով փոխվարչապետ Տոմիսլավ Դոնչևը։ Նա կարծում է, որ 2015թ. հունիսի 5-ին հույները «շատ թանկ սխալ» գործեցին։ Ըստ նրա՝ հաջորդ սերունդները ստիպված են լինելու վճարել նախնիների իմաստության պակասի պատճառով։

Սիմեոն Դյանկովը (վարչապետ Բոյկո Բորիսովի առաջին կառավարության ֆինանսների նախարար, հետո՝ Ռուսաստանյան տնտեսական դպրոցի ռեկտոր, ՎՏԲ բանկի տնօրենների խորհրդի անդամ) նույնպես քննադատել է Հունաստանի կառավարության ֆինանսական քաղաքականությունը։ Նա հիշեցրել է, որ ֆինանսատնտեսական օրենքները գոյություն են ունեցել և ունեն անկախ քաղաքական կարգախոսներից։ Ըստ նրա՝ ՍԻՐԻԶԱ-ի պոպուլիզմը երկիրն անդունդ է գլորում։

Հունաստանի իրավիճակի վերաբերյալ տագնապալի գնահատականներ է տվել Սոֆիայի Բաց հասարակության հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գեորգի Անգելովը։ Նա փաստել է, որ «եթե իշխանությունը բաժանված է ՍԻՐԻԶԱ-ի և եվրոպամետ կուսակցությունների միջև, ապա հստակ մեծամասնություն չկա ոչ այն բանի համար, որ մնան եվրոգոտում, ոչ էլ այն բանի համար, որ դրախմին մտցնեն։ Սա նշանակում է հոգեվարքի երկարաձգում և խնդրի խորացում»։ Նրա կարծիքով՝ «ինչ որոշում էլ որ կայացվի, այն ցավագին է լինելու»։ «Հունաստանը կշարունակի խորտակվել, և դա տարիներ կտևի։ Հունաստանը գրեթե դուրս է եկել եվրոգոտուց, թեև տեխնիկապես դեռ այդ գոտում է։ Այն արդեն արտաքին օգնություն չի ստանում, նրա բանկերը ոչ ոք չի ֆինանսավորում, ոչ թղթադրամ կա, ոչ մետաղադրամ»։ «Մենք գիտենք Յանիս Վարուֆակիսի (Հունաստանի ֆինանսների նախկին նախարար) փիլիսոփայությունը. այն ամենը, ինչ նա ժխտում է, հաջորդ օրը իրականություն է դառնում։ Ժխտում էր, թե բանկերը կփակի, և նույն օրը փակեց դրանք սեփական ստորագրությամբ։ Ժխտում էր, թե դեֆոլտ կլինի, և 2 օր անց դա պատահեց։ Եվ ամեն ինչում նա անամոթաբար ստում էր»,- ասում է Գեորգի Անգելովը։

Բուլղարիայում հազվադեպ հնչում են նաև պաշտպանական խոսքեր Հունաստանի կառավարության և ժողովրդի հասցեին։ Անկախ պատգամավոր, լրագրող, դիվանագետ, հետախուզության գնդապետ Վելիզար Ենչևը Ալեքսիս Ցիպրասին անվանել է «հերոս», իսկ այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ «սոցիալական հեղափոխություն»։

Հունական կառավարությանը պաշտպանում է նաև Գեորգի Պիրվանովի՝ ֆինանսատնտեսական հարցերով նախկին խորհրդական, ֆինանսիստ Կոնստանտին Պրոդանովը։ Նրա կարծիքով՝ «հանրաքվեից հետո ՍԻՐԻԶԱ-ն ավելի կայուն և պատասխանատու դիրքորոշում է որդեգրել։ Վարկատուների համար արդեն ավելի դժվար կլինի Ցիպրասի հետ»։ «Եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, այն գրեթե ոչինչ չի վերադարձնի... Կարող է դուրս գալ ԵՄ-ից և դրամատիկ անցում կատարել դեպի մեկ այլ ուղեծիր, որը ոչ մի կերպ ընդունելի չի լինի Արևմուտքի համար։ Ցիպրասը խաղեր է տալիս Պուտինի հետ, խոսում է չինացիների հետ, իսկ Եվրոպայի համար դժվար թե հաճելի լինի տեսնել, թե ուր են գնում հույները»,- ասում է Պրոդանովը։ «Հունական պարտքն այս ձևով չի մարվի։ Եվ որքան արագ դա գիտակցվի ու պարտքը հասցվի նորմալ մակարդակի, այնքան ավելի արագ տնտեսությունը կկարողանա բարձրանալ, ոտքի կանգնել ու զարգանալ՝ այն սպասարկելու համար»,- շարունակել է նա։ «Դա ընդունել է անգամ ԱՄՀ ղեկավարությունն իր վերջին զեկույցում։ Բացի այդ, հույները հսկայական սոցիալական գին են վճարել, ավելին չի կարելի»։

Մակեդոնիայի Հանրապետությունում նույնպես կոշտ քննադատություն է հնչում հունական ճգնաժամի առնչությամբ։ Այստեղ մինչև հիմա չեն կարողանում ներել հունական «վետոն» մակեդոնական եվրաինտեգրմանը։ Այստեղ եվրոգոտուց և ԵՄ-ից Հունաստանի դուրս գալը դիտում են որպես Մակեդոնիայի՝ ԵՄ և եվրոգոտի մտնելու հնարավորություն։ Դա արդեն իրական է թվում։

Երիտասարդ քաղաքական գործիչ Վլադկո Գյորչևը մի քանի հոդվածներում պարզապես ծաղրել է Հունաստանի ներկա իրողությունները և հույների կենսակերպը։ Նա մեղադրել է ոչ միայն քաղաքական գործիչներին, այլ նաև հույն ժողովրդին, որը չէր կարող չիմանալ, որ չի աշխատել ու չի վաստակել 13-րդ և 14-րդ աշխատավարձ, որն այդքան ուռճացրել է ձրիակեր չինովնիկական ապարատը, որն ուզում է թոշակի անցնել ծաղկուն տարիքում։ Նա պետք է հասկանա, որ իր բարձր կենսամակարդակն արհեստական է բալկանյան հարևան երկրների տնտեսական խնդիրների ֆոնին։ Նրա կարծիքով՝ հույներն իրենք են մեղավոր և իրենց պետք է մեղադրեն։

Մեկ այլ քաղաքական գործիչ՝ Իլիա Դիմովսկին, տարբերություն չի տեսնում, թե ով է կառավարում Աթենքում՝ աջերը, ծայրահեղ աջերը, ձախերը, թե ծայրահեղ ձախերը, ինչպես հիմա է։ Նա ընդգծում է, որ հունական բոլոր կառավարությունները թշնամաբար են վարվում Մակեդոնիայի Հանրապետության հետ՝ նրան պարտադրելով ՖԻՐՈՄ անունը և արգելափակելով նրա եվրաինտեգրումը։ Հիշեցնենք, որ մակեդոնական բուլղարների համար եվրատլանտյան կառույցներին ինտեգրումն առայժմ այլընտրանք չունի։ Ռուս վերլուծաբանների բոլոր ենթադրությունները մակեդոնական իշխող կուսակցության և անձամբ վարչապետ Նիկոլայ Գրուևսկու ռուսամետ կողմնորոշման մասին՝ ցանկությունների ոլորտից են։ Գրուևսկին քննադատել է իր այն կողմնակիցներին, ովքեր հանրահավաքում ռուսական դրոշներ են ծածանել և կրել Վ.Վ. Պուտինի պատկերով շապիկներ։ Ըստ նրա՝ Մակեդոնիայում իշխում է դեմոկրատիան, և ոչ մեկին չի կարելի արգելել թափահարել ցանկացած դրոշ կամ հագնել ցանկացած շապիկ։

Մակեդոնիայի վարչապետն ընդգծել է, սակայն, որ այդպիոսվ վարկաբեկվում է իր կուսակցության և պետության եվրատլանտյան կողմնորոշումը։ Այդ ժամանակ էլ նա հայտարարեց, որ Սկոպիեն կհամաձայնի «Թուրքական հոսքի» խողովակաշարն անցկացնել մակեդոնական տարածքով՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո միայն։ Կամ կարճ ասած՝ խողովակ չի անցկացվի։

Մակեդոնիայի Հանրապետության Կենտրոնական բանկի տնօրեն Դիմիտր Բոգովը հանգստացրել է մակեդոնական հասարակությանը՝ ասելով, որ ոչ մի օգնություն Եվրոպական Կենտրոնական բանկից չի պահանջվի մակեդոնական դենարի կայունացման համար։ Նա կարծում է, որ մակեդոնական ֆինանսական հաստատությունների համար դա պատվի հարց է։ Հունաստանն անհարմար վիճակի մեջ է դրել հարևան բալկանյան երկրներին իր էժան պոպուլիզմի և քաղաքական գործիչների անպատասխանատվության պատճառով, և դա կարագացնի Սկոպիեի եվրաինտեգրման գործընթացը։ Հունաստանի ձախողումը, ըստ նրա, էլ ավելի մեծ հնարավորություններ է տալիս Մակեդոնիային։

Մյուս կողմից՝ թե բուլղարական, թե՛ մակեդոնական տուրիստական ընկերությունները լուրջ վնասներ են կրում դեպի հունական հանգստավայրեր արտահոսքի պատճառով։ Սակայն հույս է հայտնվում, որ կատարվածը կխթանի նաև զբոսաշրջիկների փոխանակմանն ու ենթակառուցվածքի զարգացմանը Զոլոտիե պեսկիում և Օխրիդյան լճում։

Չեռնոգորիան և Խորվաթիան նույնպես վնասներ են կրում զբոսաշրջության հետ կապված։ Երկյուղները կապված են հունական հանգստավայրերում գների անկման հետ, որոնք դեպի իրենց կներգրավեն եվրոպացի զբոսաշրջիկներին։

Այստեղ պետք է նկատի ունենալ այն ժողովուրդների և ազգերի սոցիալական հոգեբանության առանձնահատկությունները, որոնք ապրում են ամառանոցային գոտիներում, ի հաշիվ հայրենական և արտասահմանյան զբոսաշրջիկների։ Բալկանյան թերակղզում նկատելի տարբերություններ կան այն համայնքների միջև, որոնք զբաղված են տուրիզմով՝ մի կողմից և գյուղատնտեսությամբ ու արդյունաբերությամբ՝ մյուս կողմից։ Այն փաստը, որ Չեռնոգորիայի բնակիչները հիմնականում զբաղվում են տուրիզմով, իսկ Սերբիայի բնակիչները՝ արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ, մտավոր և կրթական ոլորտներով (ինչը Չեռնոգորիայում երբեք էլ առանձնապես զարգացած չի եղել), նպաստել է այն բանին, որ ժամանակին միասնական սերբ ազգը բաժանվել է երկու անհավասար մասի։ Հիմա Սերբիայի բնակիչների մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում եվրաինտեգրմանը և փորձում է պահպանել Ռուսաստանի հետ բարեկամական կապերը՝ չհասկանալով այն քաղաքական գործիչներին, ովքեր շտապում են երկիրը գլորել եվրատլանտյան կառույց։

Մինչդեռ Չեռնոգորիայի բնակիչները հակված են մոռանալ 1999թ. գարնան ՆԱՏՕ-ական ռմբակոծումները և անգամ այն, թե ինչպես էին կրակում թշնամական ինքնաթիռների վրա ատրճանակներով ու որսորդական հրացաններով։ Այժմ նրանց հիմնական ազգային գաղափարը ԵՄ մտնելն է, եվրոպական երկրների զբոսաշրջիկների համար առավելագույն պայմաններ ստեղծելը և Եվրոպայում չեռնոգորցիների լիակատար ազատ երթևեկի ապահովումը։ Եվ եթե սերբերը, թեկուզև մասամբ, հույներին համերաշխություն են հայտնում, ապա չեռնոգորցիները չեն հասկանում հույներին, որոնք հակառակվում են այն կանոններին, որոնցով ապրում է ԵՄ-ը։ Հույսեր կան, որ հենց Չեռնոգորիան է դառնալու Բրյուսելի «երեսառած երեխան»՝ Հունաստանի փոխարեն։ Չեռնոգորցիները դա արդարացի են համարում՝ որպես բարբարոսական ռմբակոծությունների փոխհատուցում։ Երկրում տիրում են եվրալավատեսությունն ու գեդոնիզմը։ Քչերին է անհանգստացնում ռուս զբոսաշրջիկների և անշարժ գույքում ռուս ներդրողների ճակատագիրը, որոնք հեռանում են երկրից։

Բուլղարիայում նույնպես ամառանոցային գոտու և գյուղատնտեսա-արդյունաբերական շրջանների միջև հունական ճգնաժամի հանդեպ տարբերակված մոտեցում կա։ Բուլղարիայի գյուղատնտեսական շրջաններից Հունաստան շատերն են մեկնել արտագնա աշխատանքի։ Հյուսիսային և Հարավային Բուլղարիայի հարթավայրային հատվածներից շատ ընտանիքներ երկար տարիներ գոյատևել են Հունաստանից (ինչպես նաև Իսպանիայից, Իտալիայից, Պորտուգալիայից) դրամական փոխանցումների հաշվին։ Բայց նոր իրավիճակում, երբ այդ ընտանիքների անդամները ստիպված են վերադառնալ հայրենի եզերք, աճող գործազրկությունը կարող է հանգեցնել սոցիալ-տնտեսական աղետի։

Այս կարծիքին չեն, սակայն, Բուլղարիայի ծովային և լեռնային հանգստավայրերի բնակիչները։ Լեռնային ամառանոցներում միակ տագնապը կապված է հույն զբոսաշրջիկների արտահոսքի հետ։ Հույս կա, սակայն, որ վնասը կփոխհատուցվի Թուրքիայի Հանրապետությունից եկող զբոսաշրջիկների հաշվին։ Հնարավոր է նաև եվրոպացի զբոսաշրջիկների հոսք Բանսկո, Բորովեց և Պամպորովո դահուկային կենտրոններ։ Երկրի այս հատվածում ակնկալվում է զբոսաշրջային ենթակառուցվածքի զգալի բարելավում։

Հարավարևմտյան Բուլղարիայի (Ռիլո-Ռոդոպյան Մասսիվա, որտեղ կենտրոնացած են լեռնային և հանքային հանգստավայրերը) բնակիչները չեն պատրաստվում հեռանալ իրենց եզերքներից։ Գրեթե բոլորն այստեղ քրիստոնյա և մուսուլման բուլղարներ են։ Նրանք անտարբեր են հույների ներկա աղետալի դրության հանդեպ։

Բուլղարիայի ծովային բնակավայրերում հունական ծագմամբ շատ մարդիկ են ապրում։ Նրանց մի մասի համար հունարենը մայրենի լեզու է։ Նրանք փորձում են մեկնել արտագնա աշխատանքի զբոսաշրջային սեզոնի ավարտից հետո։ Հասկանալի է՝ հունարենին տիրապետողներն առաջին հերթին Հունաստան են մեկնում, և նրանց համար միևնույն չէ Հունաստանի ճակատագիրը։

Բուն Հունաստանում նույնպես տարածաշրջանային լուրջ տարբերություններ կան։ Էգեյան կղզիների և աշխարհամասային ծովափի բնակիչները հիմնականում եվրոպամետ են՝ այն հույսով, որ կկարողանան անհոգ ապրել ի հաշիվ հարուստ եվրոպացիների։ Իսկ գյուղական շրջաններում և հատկապես մուսուլմանաբնակ հյուսիսարևելյան հատվածում թերահավատ են Եվրոպայի հանդեպ։ Հարավային Ռոդոպիի և Արևմտյան Թրակիայի մուսուլման բնակիչները բնավ գոհ չեն էգեյան ծովափերից (մանավանդ նուդիստական, որոնք եվրոպացիները շատ են սիրում)։

Հունաստանի բնակչության զբաղվածության բնույթի այս տարբերություններով է բացատրվում երկրի ապագայի հանդեպ հույն քաղաքացիների այս տարբերակված մոտեցումը՝ ապրել Եվրոպայի ներսո՞ւմ, թե՞ Եվրոպայից դուրս։ Միևնույն ժամանակ, երկրի հյուսիում կարևոր է նաև էթնոկրոնական գործոնը։ Հյուսիս-արևմուտքի՝ Էգեյան Մակեդոնիայի բուլղար փոքրամասնությունը՝ մոտ կես միլիոն մարդ, ձգտում է դեպի բուլղարական երկու պետություններ։ Հյուսիս-արևելքի մուսուլման բնակչությունը (Արևմտյան Թրակիայում և Ռոդոպիում) բաղկացած է թուրքերից և մուսուլման բուլղարներից։ Թե՛ մեկը, թե՛ մյուսները ձգտում են դեպի իսլամիստական, տնտեսապես բարգավաճող Թուրքիա։

Ռումինիայում, որտեղ տուրիզմն սկսեց իրապես զարգանալ Չաուշեսկուի կլանի տապալումից հետո, տարածաշրջանային տարբերությունները կապված են էթնոկրոնական գործոնի հետ։ Պետք է նկատի ունենալ, որ երկրի բոլոր էթնոդավանական համայնքները եվրոպամետ կողմնորոշում ունեն։ Բացառություն են կազմում միայն ռուս հնադավանները, որոնք ապրում են Դանուբի գետաբերանին։ Ռուսաստանցի դիվանագետ, քաղաքական գործիչ Գեորգի Մուրադովը նշում էր, որ նրանց թիվը հասնում է 250 հազարի։ Նրանք չեն կարողանում հասկանալ հույների եվրաթերահավատությունը և այն, որ կարելի է վերակողմնորոշվել Բրյուսելից դեպի Մոսկվա։

Բալկանյան շատ երկրներում ապրող ալբանացիները նույնպես չեն ընկալում հույների ընդվզումը։ Նրանք տնտեսական զարգացում են ակնկալում նախևառաջ ԵՄ և Շվեյցարիայի շրջանակներում և թշնամաբար են տրամադրված բալկանյան բոլոր հարևանների հանդեպ։ Հունաստանի նրանց համայնքն իրեն վատ է պահում, հսկայական խնդիրներ է ստեղծում իրավապահ մարմինների համար և հրահրում է էթնոկրոնական հակասություններ և անգամ բախումներ։ Այն այդ երկրի մնացած բոլոր մուսուլմանական և այլ կարգի համայնքներից ամենաշատ քրեականացվածն է։

Թուրքիայի Հանրապետությունում հմտորեն են օգտվում հունական ճգնաժամից՝ հաստատելու համար երկրի չափավոր իսլամացման գծի, «նեոօսմանիզմի» ուսմունքի և եվրաինտեգրումից հեռանալու ճշմարտացիությունը։ Դա դժվար չէ անել երկրի տնտեսական հաջողությունների ֆոնին։

Թուրքիայում առկա են հակահունական (ինչպես և հակահայկական) դրսևորումներ։ Այստեղ բնավ չեն կարեկցում արևմտյան հարևանին։ Բայց Աթենքի և Անկարայի միջև բիզնես կապերի նվազումը չի կարող չանդրադառնալ թուրքական տնտեսության վրա։ Բայց, իհարկե, նկատի ունենալով նրա տնտեսության մասշտաբները, զարգացման անկումը նկատելի չի լինի։

Բալկանյան բոլոր երկրներում տարածաշրջանային արտաքին առևտրի մասնագետները երկյուղում են, որ Հունաստանի տնտեսության անկումը կարող է խափանել առևտրաշրջանառությունը Բալկաններում և «շղթայական ռեակցիա» առաջացնել։ Այդ պատճառով ինտենսիվորեն այլընտրանք են փնտրում։ Մտահոգություն կա՝ կապված Բալկաններում հունական բանկային ցանցի ճյուղավորվածության հետ։ Բայց և՛ Բուլղարիայում, և՛ Մակեդոնիայում, և՛ Ալբանիայում, և՛ Հունաստանում, և՛ Ռումինիայում ու Սերբիայում բանկային գործի մասնագետները միակարծիք են, որ բանկերի հույն սեփականատերերը կապված չեն պետության հետ և չեն կարող վնաս հասցնել ազգային տնտեսություններին։ Այսինքն՝ Բալկաններին ճգնաժամ չի սպառնում։

Ընդհանուր առմամբ, Հունաստանի բալկանյան հարևանները նրա հետ համերաշխ չեն և անտարբեր են նրա ֆինանսական ճգնաժամի հանդեպ։ Գործի է դրված «չարակամ և վրիժառու բալկանցիների» ստերեոտիպը. նրանք երկար տարիներ նախանձում էին հարուստ հույներին։ Հիմա վրեժ են լուծում...


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր